ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

2023 թվականին ավարտվել են 30 դպրոցի, 51 նախակրթարանի, 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները
 |armenpress.am|

2023 թվականին ավարտվել են 30 դպրոցի, 51 նախակրթարանի, 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am:  2023 թվականին ավարտվել է 30 դպրոցի կառուցման շինարարությունը: Կառուցված բոլոր դպրոցներն ապահովվել են գույքով: Շինարարական աշխատանքներ դեռևս ընթանում են 39 դպրոցում: Այս մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ 2024 թվականին մեկնարկելու է ևս 168 դպրոցի շինարարություն: «Կառուցվել և  հիմնանորոգվել է 24 մարզադահլիճ. ևս 5 մարզադահլիճի շինարարություն գտնվում է ավարտական փուլում: 29 մարզադահլիճի համար ձեռք է բերվել գույք, և շինարարությունն ավարտված 24 մարզադահլիճ արդեն կահավորված  է համապատասխան գույքով»,- ասաց նախարարի տեղակալը: Սվաջյանը նշեց, որ ՀՀ 107 ավագ դպրոցներ, ինչպես նաև հանրակրթական պետական չափորոշչի ներդրման շրջանակում՝ Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցները համալրվել են ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Արմավիրի մարզի 100 դպրոց, Արագածոտնի մարզի 4 դպրոց համալրվել է անհրաժեշտ գույքով և ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Համաձայն ժամանակացույցի՝ 2024 թվականին ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով կհամալրվեն Արագածոտնի մարզի մնացած  դպրոցները: Անդրադառնալով  մանկապարտեզներին՝  նախարարի տեղակալն  ասաց, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցվել, հիմնանորոգվել և վերակառուցվել է 46 մանկապարտեզ: Այս տարի ավարտին է հասցվել 51 նախակրթարանի և 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Մինչև 2023 թվականի ավարտը շինարարական աշխատանքները կավարտեն 4 նախակրթարանում և 38 մանկապարտեզում: Շինարարության փուլում է գտնվում 14 նախակրթարան և 48 մանկապարտեզ: Նախագծանախահաշվային փուլում է գտնվում 3 նախակրթարան և 31 մանկապարտեզ:
15:29 - 22 դեկտեմբերի, 2023
Ակադեմիական քաղաքի ներկայիս քննարկումներն 90-95%-ով շինարարական նախագծի մասին են. ՀՊՏՀ ռեկտորի գլխավոր խորհրդական

Ակադեմիական քաղաքի ներկայիս քննարկումներն 90-95%-ով շինարարական նախագծի մասին են. ՀՊՏՀ ռեկտորի գլխավոր խորհրդական

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի գլխավոր խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ։   Պարո՛ն Կարաբեկյան, երբ խոսում ենք բուհերում հետազոտական բաղադրիչից, գիտական ինստիտուտների տնօրեններն, օրինակ, նշում են դասախոսների ծանրաբեռնվածությունը՝ որպես առաջին խնդիր։ Մասնավորապես, ասում են, որ դասախոսներն արժանապատիվ աշխատավարձ ստանալու համար 600-700 դասաժամ են պարապում, խիստ ծանրաբեռնված են և հետազոտությամբ զբաղվելու ժամանակ չունեն։ ՀՊՏՀ-ում ի՞նչ իրավիճակ է այս համատեքստում, դասախոսների քանի՞ տոկոսն է բացառապես դասախոսությամբ զբաղվում։ Ես սովորաբար սաստիկ շեշտ չեմ կատարում թվերի վրա։ Մենք սիրում ենք թվերով ինչ-որ բան ներկայացնել․ երբեմն դա տպավորիչ է, երբեմն՝ ոչ։ Կարծում եմ՝ ճիշտ է ավելի շատ որակական գործընթացների մասին խոսել։ Ամեն դեպքում, վերին աստիճանի արդիական և կարևոր հարց բարձրացրիք։ Ես լիովին չէի համաձայնի, որ հետազոտական բաղադրիչի բացակայությունը կամ սակավությունը պայմանավորված է միայն ծանրաբեռնվածությամբ։ Ինչո՞ւ։ Եկեք հասկանանք՝  հետազոտությունն ինչ է։ Մենք շատ դեպքերում, երբ ասում ենք հետազոտական բաղադրիչ, նկատի ունենք բարձր գիտությունը։ Գիտություն, հետազոտություն տերմինները բավական ընդարձակ են. որոշ դեպքերում ծածկում են մեկը մյուսին, իսկ որոշ դեպքերում նշում են հետազոտական ստեղծագործական գործունեության բավական սպեցիֆիկ ոլորտներ։ Բանն այն է, որ եթե դու դասավանդում ես, ապա կամա թե ակամա պետք է հետազոտություն անես․ խոսքը պարտադիր միայն գիտական հետազոտության մասին չէ, որովհետև դասընթաց պատրաստելը, դասընթաց վարելը հետազոտական գործունեություն է։  Եթե ստույգ տերմիններով խոսենք, հետազոտական բաղադրիչ ոչ թե բուհը պետք է ունենա, այլ կրթական ծրագիրը։ Բուհը պետք է ունենա գիտության ոլորտում որոշակի ռազմավարություն, վարի այն, բայց այդ բոլորը, վերջիվերջո, կապված են կրթական ծրագրերի հետ։  Ինչ վերաբերում է Տնտեսագիտական համալսարանին և դասախոսների ընդհանուր ծանրաբեռնվածությանը, ապա այստեղ շատ ավելի բարվոք է վիճակը, որովհետև  մեկ դրույքի հաշվարկը, արդեն մի քանի տարի է, մոտավորապես 350  ժամ է։ Այդ առումով, իհարկե, կա հնարավորություն, որ դասախոսների համար ապահովվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ նաև գիտահետազոտական գործունեությամբ զբաղվելու։ Ամենագլխավորը գիտության և կրթության ինտեգրումն է։ Այն, ինչը շատ դեպքերում մենք անվանում ենք հետազոտական բաղադրիչ, բայց, կարծում եմ, այդպիսով նեղացնում ենք շրջանը։ Գիտության և բարձրագույն կրթության ինտեգրումը բազմակողմ գործընթաց է։ Մի կողմից, ցանկալի է, որ  մասնագիտական դասընթացներ վարող դասախոսները նաև այդ լորտում որոշակի հետազոտություններ իրականացնեն. ոչ միայն գիտամեթոդական բնույթի, որոնք կապված են դասընթացի պատրաստման և դասընթացի ընդհանուր որակի հետ։ Պետք է հասկանալ, որ այդ դասընթացի որակը մեծապես կախված է նաև այն բանից, թե որքանով է այն հիմնված տվյալ ոլորտում դասախոսի ինքնուրույն ներդրման վրա։  Երկրորդ ասպեկտն այն է, որ, միևնույն ժամանակ, դասախոսի դերակատարությունն է փոխվում ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում․ որևէ անձ, անգամ լավագույն գիտնականը կամ դասախոսը, չի կարող տիրապետել ամբողջական ինֆորմացիայի այս կամ այն ոլորտում։ Բաց աղբյուրներ կան, ինֆորմացիան տարածվում է այնպիսի արագությամբ, որ դու չես կարող ամեն ինչից տեղյակ լինել։ Հետևապես՝ դասախոսի դերակատարությունը ժամանակակից կրթական պրոցեսում ուսանողների ուսումնառության գործընթացը կազմակերպելն է, իրենց իսկ ուսանողների հետազոտական (ուսումնառությունը նույնպես հետազոտություն է, իմացաբանական գործընթաց է) աշխատանքը կազմակերպելը և այդ հետազոտական աշխատանքի միջոցով նրանց պատրաստելը որպես մասնագետներ։ ՀՊՏՀ պրոռեկտորն «Ինֆոքոմի» իմ գործընկերոջ հետ հարցազրույցում մի քանի ամիս առաջ պատմել էր համալսարանում իրականացվելիք երկու ծրագրի մասին․ առաջինը դասախոսների հրապարակած գիտական հոդվածների համար լրավճարների տրամադրման կարգի ներդրումն էր, երկրորդը՝ գիտական ամսագրերում հրապարակումների ներառումը դասախոսական անհատական ծանրաբեռնվածության մեջ։ Այս ծրագրերն ի վերջո կյանքի կոչվեցի՞ն, այժմ գործարկվա՞ծ են։ Այդ գործընթացը սկսված է։ Այն շատ ճիշտ ուղղությամբ տանող գործընթաց է: Ավելին ասեմ՝ ՀՊՏՀ-ի՝ դասախոսների գործունեության գնահատման համակարգը, որը բազմագործոն համակարգ է, ներառում է նաև դասախոսների, այսպես ասեմ, ինքնավերլուծական աշխատանքը։ Դասախոսի՝ հաջորդ տարվա պլանավորումը նույնպես հաշվի է անռվում այդ համակարգում, հաշվի է առնվում, թե որքանով է իր իսկ պլանավորածը նա կատարել։ Այսինքն դասախոսների համար կա՞ հնարավորություն ընտրելու, թե աշխատանքի որ մասն են տրամադրելու դասավանդմաը, որ մասը՝ գիտական գործունեությանը։ Հիմա պիլոտային փորձարկում է գնում, որովհետև, ամեն դեպքում, դա նաև մշակույթի փոփոխության հարց է։ Իսկ մշակույթի փոփոխությունը, հասկանում եք, որ բավական բարդ գործընթաց է։ Պիլոտային ծրագրի ընթացքը գոհացնո՞ւմ է, դասախոսների մոտ շահագրգռվածություն կա՞։ Դեռ, իհարկե, վաղ է խոսել, բայց, անշուշտ, շահագրգռվածություն կա․․․ Եթե դեռևս ոչ բոլորի մոտ, դա անխուսափելի է։ Գիտեք, մենք շատ անգամ, երբ խոսում ենք փոփոխությունների մասին, միշտ մոռանում ենք, որ ցանկացած ոլորտում, այդ թվում, բնականաբար, բարձրագույն կրթության մեջ մարդու շահագրգռվածությունն առաջանում է այն ժամանակ, երբ նա արդյունք է տեսնում։ Ներգրավվածության ծավալները որքան մեծ լինեն, որքան շատ մարդիկ մասնակցեն բուհի՝ տարբեր ոլորտներում գործունեությանը, այնքան, իհարկե, հաջողությունն ավելի մեծ կլինի։  Որպես բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում որոշակի տարիների փորձ ունեցող մարդ՝ կարող եմ ասել, որ լավատեսորեն եմ մոտենում այս գործըթացների հաջողությանը, որովհետև տեսնում եմ, որ ՀՊՏՀ ղեկավար կազմը երիտասարդ և աշխատունակ, շատ բանիմաց թիմ է։ Գիտական հոդվածների համար լրավճարների տրամադրման համակարգն, ինչպես հասկացա, դեռ գործարկված չէ, բայց առաջիկայում կգործարկվի։ Այն ընթացքում է արդեն։ ՀՊՏՀ-ում գիտական տարբեր թեմաներով հետազոտություններ են իրականացվում, գործում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որը ևս հրապարակումներ է անում․․․ Եվ նաև տարբեր ծրագրեր է իրականացնում պետական կառույցների պատվերով, այդ թվում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Թեմայից դուրս մի հարց․ պատվերի մեխանիզմը լա՞վ է աշխատում։ Երբեմն խոսակցություններ են լինում, որ գերատեսչություններն այնքան էլ լավ չեն կարողանում պատվերներ ձևակերպել։ Իմ տպավորությամբ այստեղ այդ առումով շատ դինամիկ համագործակցություն է։ Նախ, գերատեսչություններում ներգրավված մասնագետները մեծ մասամբ դասավանդում են ՀՊՏՀ-ում: Եթե կապը կա առօրեական գործունեության մեջ, ապա դա լուրջ հիմք է  երկխոսության համար։ Եվ նրանք էլ գիտեն՝ ում են պատվեր ձևակերպում և ինչ ակնկալիքներ կարող են ունենալ։ Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք պահանջարկ և առաջարկ հարաբերության մասին, չպետք է մոռանալ, որ դրանք առանձին վերցված և բոլորովին մեկը մյուսի նկատմամբ դոմինանտ բաներ չեն, որովհետև, մի կողմից, ասում են՝ պահանջարկն է ձևավորում առաջարկը, բայց, մյուս կողմից, շատ դեպքերում հենց առաջարկն է ձևավորում պահանջարկի որոշակի դաշտ։ ՀՊՏՀ-ի դեպքում կարծես հատվել են առաջարկն ու պահանջարկը։ Բալանսավորված է, և դա, բնականաբար, կոլեգիալ մթնոլորտ է ապահովում, որտեղ այդ բոլոր գործընթացները շատ սահուն են։ «Ամբերդ»-ի գործունեությունից բացի՝ մեկ այլ հարցի անդրադառնանք։ Վերջերս «Ինֆոքոմը» ծավալուն հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացվել էր, թե ինչիպին է գիտությունը հայաստանյան բուհերում։ Մենք վերցրել էինք Web of Science շտեմարանում ինտեքսավորված ամսագրերում բուհերի հրապարակումները, և ՀՊՏՀ-ն 2021-2022 թթ․ տվյաներով 7-րդն էր 20 հրապարակմամբ։ Բացի այդ, երբ նայում ենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) տարբեր դրամաշնորհային մրցույթների արդյունքները, տեսնում ենք, որ այլ բուհերի և գիտական կազմակերպությունների հետ համեմատած՝ Տնտեսագիտական համալսարանն ամենաակտիվներից չէ։ Միջազգային հրապարակումների թիվն ավելացնելու և ԲԿԳԿ-ի մրցույթներին ավելի ակտիվորեն մասնակցելու ուղղութամբ ՀՊՏՀ-ում ի՞նչ քայլեր են իրականացվում։ Եկեք էլի ոչ բացարձակ թվերով խոսեմ։ Հայաստանի բուհական և ընդհանրապես ակադեմիական համակարգի համար հիմա կարևոր է նաև գործընթացի դինամիկան․ կա՞ աճ, թե՞ չկա աճ, և որչա՞փ է այդ աճը։ Օրինակ՝ միջազգային պարբերականների մասով, Scopus կամ Web of Science շտեմարաններում եղած հրապարակումների մասով ինձ համար շատ կարևոր ցուցանիշ է ոչ թե բացարձակ թիվը, այլ այն հանգամանքը, որ նախորդ տարվա համեմատությամբ 30%-ով տոկոսով աճել են [ՀՊՏՀ–ի հրապարակումները]։ Գուցե, եթե մենք վերցնենք շատ կոնկրետ թիվ կամ եթե համեմատենք, օրինակ, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կամ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետի հետ, դա, ինչպես Դուք եք ասում, ոչ ամենաակտիվը կլինի, որովհետև դրանք թվեր են, որոնք տարբեր մասնագիտությունների համար էլ տարբեր են։ Կարևորը դինամիկան է, որովհետև այդ 30%-ի աճը պայմանավորված է թե՛ այն հանգամանքով, որ դասախոսների համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել, թե՛ երիտասարդ դասախոսների ակտիվացմամբ և ներգրավմամբ։ Բազմաթիվ գործոններ կան․ միջավայրը փոխում ես, շահագրգռվածությունը բարձրացնում ես, և սկսվում է գործընթաց։ Հասկանալի է, որ դու չես կարող մեկ, երկու, նույնիսկ երեք տարվա ընթացքում բացարձակ թվերով միջազգային մրցակցություն ունենալ, բայց եթե ապահովում ես տևակայուն աճ, դա նշանակում է, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես և վաղ թե ուշ կհասնես այդ հաջողություններին։ Իսկ ի՞նչ կասեք դրամաշնորհային ծրագրերին մասնակցության մասին։ Հոկտեմբերին ավարտվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ֆինանսավորմամբ մի ծրագիր, մեկնարկել է դրամաշնորհային մեկ այլ ծրագիր։  Վերջերս շատ է խոսվում նաև բարձրագույն կրթություն-գիտություն տարանջատվածության մասին: ՀՊՏՀ-ն փորձե՞լ է համագործակցել գիտական կազմակերպությունների հետ։ Հայաստանում գործում է, օրինակ, Գիտությունների ագային ակադեմիայի (ԳԱԱ)՝ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը։ Բնականաբար: Երբեմն մենք մոռանում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է, և մասնագիտական շրջանակներն էլ այդքան մեծ չեն։ Անգամ տնտեսագիտության կամ կառավարման ոլորտում, որը շատ մեծ համայնք է մեր մասշտաբներով, այնուամենայնիվ, այնքան մեծ չէ, որ դու կարողանաս ունենալ երկու կամ երեք ոչ համագործակցող կառույց։ Չմոռանանք նաև, որ բացի գիտական կազմակերպությունից, տվյալ դեպքում՝ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտից՝ նաև տարբեր այլ բուհերում կան տնտեսագիտության գծով մասնագիտություններ, բաժիններ, ֆակուլտետներ։  Այսինքն, սա հստակ, որոշակիորեն սահմանափակված համայնք է, և անշուշտ, Տնտեսագիտության ինստիտուտի գիտական կազմը դուրս չէ այդ համագործակցությունից։ Կենտրոնական, ակտիվ դերակատարությունը տվյալ ոլորտում պատկանում է հենց Տնտեսագիտական համալսարանին, որտեղ, քիչ առաջ Ձեզ ասացի, ներգրավված են ոլորտի գործնական մասնագետներ և հետազոտողներ։ Կարո՞ղ եք համագործակցության կոնկրետ օրինակներ հիշել։ Ես հիմա կդժվարանամ որևէ կոնկրետ օրինակ բերել։ Ներկա վիճակում, ընդհանրապես, դժվար թե ճիշտ կլինի, որ շատ կոնկրետ օրինակների մասին խոսենք, որովհետև համակարգը հիմա  կտրուկ փոփոխությունների առաջ է կանգնած։ Այդ ժամանակ պետք է հաշվի առնեք, որ ինչ-որ մի բան, որը համակարգի գոյության մեկ փուլում կարող է գնահատվել որպես դրական կամ բացասական, կարող է բացարձակապես նշանակություն չունենալ վաղվա գործընթացների տեսանկյունից, երբեմն կարող է նաև հաշվի էլ չառնվել։ Գանք այն թեմային, որի համար սկսել ենք այս զրույցը։ Ո՞րն է ՀՊՏՀ դիրքորոշումը մի կողմից՝ բուհերի խոշորացման, Ակադեմիական քաղաքի կառուցման, մյուս կողմից՝ գիտական կազմակերպությունների՝ բուհերին ինտեգրվելու վերաբերյալ։ Շատ կարևոր, բայց նաև հակասական գործընթաց է։ Խոշորացումից սկսենք։ Նախ, Ձեզ անկեղծորեն ասեմ, որ խոշորացումը կարևոր գործընթաց է, որը տեղի է ունենում բազմաթիվ երկրներում, կան բազմաթիվ օրինակներ, և որը անհրաժեշտություն է մեր բուհական համակարգի համար։ Մենք այս պահին ունենք, եթե կոպիտ հաշվարկ անեմ, մոտ 80 հազար ուսանող ամբողջ Հանրապետությունում։ Խոսքը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) տիրույթում գործող բուհերի մասին է։ Դա մոտավորապես եվրոպական երկու-երեք միջին մեծության համալսարանների ուսանողների թիվ է։ ԿԳՄՍ նախարարության տիրույթում գործող բուհերի թիվը 23 է։ Դրան գումարած՝  այդ բուհերն ունեն մասնաճյուղեր, և այդ թիվն էապես աճում է։ Մենք գործ ունենք այդպիսի մի քանակի հետ, որի բաղադրիչները կազմված են այնպիսի բուհերից, որոնք կարող են ունենալ 700, 800, 1000 ուսանող։ Ես կարող եմ ասել, որ, օրինակ, 2020 թվականից մինչև 2023 թվականը ավելի քան 1400-ով աճել է Տնտեսագիտական համալսարանի ուսանողների թիվը։ Այս պահին քանի՞ ուսանող ունեք։ 8915, իսկ 2020 թ․ եղել է 7442։ Ես ինչո՞ւ հիմա բերեցի այդ թիվը, որովհետև միայն կոնկրետ տարվա ընդունված ուսանողների թիվը կարող է համադրելի լինել ինչ-որ մի բուհի ուսանողների ընդհանուր քանակին։ Ե՛վ ռեսուրսների կառավարման, և՛ միջազգային մրցունակության բարձրացման համար,  բնականաբար, խոշորացումը կարևորագույն գործընթաց է։ Մյուս կողմից, խոսում են Ակադեմիական քաղաքի մասին, ընդ որում՝ շատ ակտիվ են խոսում, և կարծես թե խոշորացումը, դրա մեխանիզմները շատ քիչ են քննարկում։ Իրականում դրանք, թեկուզ և փոխկապակցված, բայց տարբեր գործընթացներ են։ Բուհերի խոշորացումը ոչ միշտ և ոչ պարտադիր է նշանակում, որ դրանք պիտի ֆիզիկապես որևէ տեղ տեղափոխվեն։ Ֆիզիկապես տեխափոխելը բացատրվում է նրանով, որ ավելի լավ միջավայր է ստեղծվում բուհերի համար։ Ես գիտեմ այդ բոլոր փաստարկները։ Ուզում եմ պարզապես ֆիքսել, որ մենք հասկանանք՝ դրանք տարբեր գործընթացներ են։ Եվ եթե մենք ինչ-որ տեղ դա արհեստականորեն մեկը մյուսով ենք պայմանավորում, կարող են առաջանալ որոշակի թյուրիմացություններ, որոնք, ի վերջո, կարող են վատ անդրադարձ ունենալ համակարգի զարգացման վրա։ Շատ կարևոր է ոչ միայն «ինչը» («ինչի» կարևորության մասին ես ասացի` բուհերի խոշորացումը), այլև «ինչպեսը». ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս գնահատել տարբեր բուհերի ռեսուրսների բնույթը, որակական և քանակական բնութագրերը, մասնագիտական ուղղվածությունները։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ ինչպիսի՞ նպատակ դնել, ի՞նչ ուղով շարժվել, համալսարանակա՞ն մոդելներով, որտեղ կարող են լինել տարբեր բնույթի կրթական ծրագրեր և ֆակուլտետներ, թե՞ պրոֆիլային բուհերի։ Եվրոպական բարձրագույն կրթության ընդհանուր տարածքում, որի մաս ենք մենք կազմում, դոմինանտը կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, թրենդն այն է, որ մենք գործ ունենք պարզապես համալսարանների հետ։ Անշուշտ, կան նաև որոշ պրոֆիլային բուհեր, բայց դրանք փոքրամասնություն են կազմում։ Օրինակ, Դանիայում խոշորացման գործընթացի արդյունքում առաջացան մի քանի համալսարաններ, որոնց մեջ կան տարբեր տեսակի կրթական ծրագրեր, մասնագիտություններ, և որոնք տեղակայված են կոնկրետ քաղաքներում (ինչպես հիմա մենք ունենք, օրինակ, Շիրակի պետական համալսարան, Երևանի պետական համալսարան)։ Այդ թվում և գիտական կազմակերպությունների խոշորացման տեսանկյունից այսպես է կազմակերպված։ Դա երկու դրական կողմ ունի․ համենայն դեպս, պահպանվում է մրցակցությունը, մրցունակությունը: Եվ բացի դրանից՝ համալսարանի կամ բուհի առկայությունը այս կամ այն վայրում միջավայրատեղծ հանգամանք է: Իսկ ի՞նչն է խանգարում, որ բոլոր համալսարանները լինեն մի միջավայրում։ Ես նկատի ունեմ տվյալ համայնքի, տվյալ քաղաքի  զարգացման համար միջավայրաստեղծ հանգամանք։ Եթե պրոյեկտենք Հայաստանի վրա, արդյո՞ք նկատի ունեք, որ մի համալսարանը լիներ, օրինակ, Գյումրիում, մյուսը՝ Կապանում։ Մեկը լիներ Գյումրիում, մեկը կամ երկուսը լիներ Երևանում, մեկը լիներ անպայման հարավում, որտեղ կա հիմա Գորիսի պետական համալսարանը։ Խոշոր քաղաքներում, ամեն դեպքում, պետք է լինեին։ Ի վերջո, եթե մենք գնայինք, այսպես ասած, աշխարհագրորեն տեղակայված համալսարանների ուղով, ապա մենք կունենայինք 4-5 համալսարան։ Այնուամենայնիվ, այս տարբերակը չընտրվեց։ Շատ համալսարաններ արտասահմանում  ունեն իրենց կամպուսները, ունեն և քաղաքում տարբեր շենքեր, բայց նաև կառուցում են իրենց կապմուսները, որտեղ ուսանողները սովորում և ապրում են։ Հիմա [Հայաստանում] ընտրվել է «ազգային կամպուսի» գաղափարը, այսինքն՝ բոլորը պետք է լինեն մի տեղում։ Կարևորն այն է, որ մենք դեռևս չգիտենք՝ դա ինչ կառուցվածք է ունենալու։ Մենք գործընթացին հետևում ենք զուտ լրատվության միջոցով։ Դա, ցավոք, երևի թե չի նպաստում այդ գաղափարի իրական քննարկմանը կամ բոլոր տեսակի ռիսկերի և հնարավորությունների  բացահայտմանը, վերլուծմանը։ Դա մասնակցության լուրջ պակասն է, որովհետև այն, ինչ քննարկվում է, ինչին մենք ականատես ենք, 90-95%-ով շինարարական նախագիծ է։ Ոչ միայն բուհերն են խոշորացվում, այլ նաև գիտական կազմակերպություններն են իրենց հերթին խոշորացվում և միացվում բուհերին։ Այս համակարգերի ինտեգրման համար պարտադի՞ր պայման է, որ երկուսը միասին գործեն, թե՞ կարող էին նաև առանձին գործել ու սերտ համագործակցել։ Ես համաձայն եմ, որ խոշորացման գործընթացը, բնականաբար, երկուսին էլ պետք է, բայց կարծում եմ՝ դա առնվազն նշանակում է, որ փուլերով այդ գործընթացը պետք է տեղի ունենա։ Նախ, պիտի խոշորացվեն գիտական կազմակերպությունները, զուգահեռաբար պետք է գնա բուհերի խոշորացման գործընթաց, որպեսզի մենք իմանանք՝ ինչը ինչի հետ է ինտեգրվում։ Երբ քիչ առաջ ասում էի, որ հիմա շատ դժվար է այս կամ այն օրինակի մասին խոսելը, հենց դրա համար էի ասում, որ մենք չգիտենք՝ այս մեկը և այն մյուսը ինչպիսի սխեմաներով պիտի ինտեգրվեն։ Երկրորդ հանգամանքը խոշորացման առումով, որի մասին ես մտմտում եմ․ հիմա ես և Դուք խոսում ենք, և ես նույն հարցերը կարող էի Ձեզ տալ, որովհետև, գուցե ինչ-որ մի այլ ռակուրսով, բայց գրեթե նույն քանակի ինֆորմացիա ունեմ, որքան Դուք, որովհետև չեմ մասնակցում այդ քննարկումներին։ Խոշորացրինք գիտական կազմակերպությունները և բուհերը, X գիտական կազմակերպությունը միավորեցինք Y բուհի հետ։ Արդյո՞ք դա նշանակում է բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում։ Կառավարությունն ասում է, որ մեխանիզմներ են մտածելու, բուհերի կառավարման համակարգն են լավացնելու։ Ինչպե՞ս, ո՞վ է դա անելու։ Ասում են՝ եկեք բոլորով անենք։ Եկե՛ք։ Ոչ մի հրավեր մենք դեռ չենք ստացել, և ոչ մի բուհ դեռ չի ստացել։ Բուհերին ասել են մինչև փետրվարի 15-ը ներկայացնել առաջարկներ։ Մեկ ամիս առաջ Տնտեսագիտական համալսարանը ներկայացրել է առաջարկներ, դրա մասին հավանաբար մենք դեռ կխոսենք։ Բայց ես կուզենայի ավարտել միտքս․ միավորումն ավտոմատ կերպով չի նշանակում բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում, որովհետև եթե գիտական կազմակերպությունը մտնի բուհի կազմ և գոյություն ունենա այնտեղ որոշակի ավտոնոմ կարգավիճակով  (դրա մասին էլ են խոսում), խնդիրը չի լուծվի։ Դա կլինի ընդամենը ծածկի փոփոխություն։ Ի՞նչ տարբերություն՝ լինի ԳԱԱ ինստիտո՞ւտ, թե՞, օրինակ, ԵՊՀ։ Կարո՞ղ եք ասել։ Ճիշտ է, պետք է բուհերում, բացի կառավարման համակարգից, փոխվի կրթական ծրագրերի ամբողջ փիլիսոփայությունը։  Ուզում են փոխել։ Ո՞վ է ուզում։ Երբ Կառավարությունն ասում է՝ ներկայացրեք հայեցակարգային առաջարկներ, չի՞ նշանակում արդյոք, որ այդպիսով կրթական և գիտական հանրությանը հրավիրում է միասին բոլոր խնդիրների, հարցերի լուծումները գտնել։ Դուք չունե՞ք այդպիսի տպավորություն։ Ես դեռ չեմ կարող ունենալ այդպիսի տպավորություն, որովհետև ինֆորմացիայի պակաս ունեմ․ ես չգիտեմ՝ ինչ է լինելու հետո, ինչն է քննարկվելու:  Երբ այդ նույն հարցերը տալիս եմ որոշում կայացնողներին, ասում են՝ իրենք սևով սպիտակին չեն գրել, որ պարտադիր այս կազմակերպությունը պիտի  միանա այն մեկին, որ հենց այսպես պիտի լինի․ իրենք ասում են՝ ներկայացրեք ձեր առաջարկները, միասին քննարկենք։ Շատ ճիշտ մտադրություն է, այո՛։ Ես ինքս, մոտավորապես արդեն մեկ տարի է, սպասում եմ որևէ այդպիսի քննարկման այդ թեմայով և մեծ սիրով կմասնակցեմ, որովհետև ուզում եմ իմանալ այն բոլոր հարցադրումների պատասխանները, որոնց մասին խոսեցինք։ Իհարկե, այդ ամբողջ քաղաքաշինական նախագիծը շատ գրավիչ է (նկատի ունի «Ակադեմիական քաղաք» ծրագիրը), բայց, օրինակ, որևէ կլաստերում խոշորացված բուհերն ինչպիսի՞ն պիտի լինեն։ Կա, այսպես կոչված, Կրթական կլաստեր։ Ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե ինչ է նշանակում Կրթական կլաստեր։  Ենթադրվում է, որ Մանկավարժական համալսարանը պիտի լինի հիմքում։ Այո՛, ճիշտ ասացիք, «ենթադրվում է»․․․ Բազմաթիվ ուղղություններ են մնում, որոնք, հայտնի չէ, որ կլաստերում կհայտնվեն։ Կլաստերն ի՞նչ է, համալսարա՞ն է, ինչպիսի՞ աֆիլյացիաներ կամ կապակցումներ պիտի ունենան նույն կլաստերում տեղակայված գիտական կազմակերպությունները։ Բազմաթիվ հարցեր կան, առանց որոնց պատասխաննների, ես էլ չեմ ասում` քննարկման, շատ դժվար է այս պահին որևէ գնահատական տալ։ Այս գործընթացը մոդելի փոփոխություն է: Հայաստանն ավանդաբար ունեցել է ակադեմիական գիտություն, հիմա լինելու են համալսարաններ, որոնցից դուրս գիտական անկախ կազմակերպություններ, մեկ-երկու բացառություններով, չեն գործելու։ Արդյո՞ք նպատակահարմար է գիտական ու կրթական բոլոր կառույցները մի հովանու տակ հավաքել (նկատի ունեմ Ակադեմիական քաղաքը): Շատ դժվար կացության մեջ ենք։ Մենք քննարկում ենք այն, ինչի մասին հստակ պատկերացում մեզ տրված չէ։ Որպես ակադեմիական կենսագրություն ունեցող մարդ եմ Ձեզ ասում․ մինչև չհասկանաս՝ սա ինչ է, չես կարող դրա վերաբերյալ կարծիք հայտնել կամ ասել՝ ավելի լավ է այսպես կամ այնպես: Եթե մենք խոսում ենք խոշորացման գործընթացի մասին, եկեք պատկերացնենք հետևյալը. մենք ուզում ենք գիտությունը բերել բուհեր, մենք մոդել ենք փոխում, այդ մոդելը պարզ միավորմամբ չի փոխվի։ Դու պիտի ուժեղացնես և փոխես բուհն առաջին հերթին, որովհետև այդ գիտական կազմակերպությունը գալու է այդտեղ, ունենաս համապատասխան կրթական ծրագրեր, որպեսզի այդ միավորվող գիտական կազմակերպության մասնագետները ներգրավվեն այդ ծրագրում։ Որոշ դեպքերում գուցե և չդասավանդեն․ դասավանդումն էլ տարբեր մակարդակի կարող է լինել։ Եթե խոսքը հետազոտության մասին է, ուրեմն ուսանողը կարող է ներգրավվել հետազոտության մեջ։ Հենց այդպես էլ լինելու է։ Այդպես լինելո՞ւ է։ Կառավարությունն ասում է, որ լինելու է։ (Ժպտում է) Երբ Դուք ասում եք՝ «այդպես լինելու է», չի նշանակում, որ ես չեմ ուզում՝ ադպես լինի։ (Շարունակում է նախորդ միտքը) Այսինքն՝ դու պիտի ապահովես նախադրյալներ, մեխանիզմներ, որ գործընթացը չլինի մեխանիկական։ Դրա համար առաջին հերթին պիտի փոխես բուհի ներքին գործունեության մեխանիզմը։ Ի՞նչ է նշանակում ինտեգրվել, եթե մենք այս պահին նույնիսկ չունենք դասական իմաստով կրթական ծրագրեր։ Ունենք որոշակի ուսումնական պլաններով աշխատող [ծրագրեր], որոնք կոշտ են, չեն ապահովում բավարար ճկունություն, չեն ապահվում ուսանողների համար որոշակի անհատական հետագծեր ստեղծելու հնարավորություն, այդ թվում՝ հետազոտական։ Կրեդիտային համակարգը դեռևս կիսատ է աշխատում, միայն կուտակային ուղղությամբ, շա՜տ քիչ, համարյա աննշան աշխատում է, այսպես ասած, կրեդիտների փոխանցման իր ֆունկցիայով և բացարձակապես չի աշխատում ներքին շարժունության ֆունկցիայով: Պիտի խոշորացվեն նաև կրթական ծրագրերը, բայց դրա հետ մեկտեղ այդ խոշորացվածների մեջ պիտի ապահովվի ուսանողների՝ տարբեր մասնագիտացումների հնարավորությունը։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոշ տեղեր ինչ-որ քայլեր են անում դրանց լուծման ուղղությամբ, որոշ դեպքերում դրանց խանգարում է մեր նորմատիվ դաշտը։ Մոտավորապես 7-8 (եթե ոչ ավելի) տարի է` աշխատանք է տարվում «Բարձրագույն կրթության», իսկ հետո՝ արդեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ուղղությամբ։ Հիմա այս գործընթացը, որը սկսվել է՝ խոշորացումը, բուհերի և գիտական կազմակերպությունների միավորումը, մնացած բոլոր խնդիրները երբեք չեն կարող լուծվել, եթե զուգահեռաբար և որպես նախադրյալ նաև չընդունվի այդ օրենքը։ «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրի» շրջանակներում հստակ դրված է բուհերի և գիտական կազմակերպությունների կազմակերպաիրավական նոր ձևի ստեղծումը։ Դա նշված է որպես խնդիր, որպես նպատակ, և շատ ճիշտ նպատակ է, որովհետև «պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)»  կամ «հիմնադրամ» ձևերը չեն համապատասխանում ակադեմիական հաստատության նպատակներին և գործունեության հիմնական կերպին (Հայաստանում բուհերն ու գիտական կազմակեպրությունները կա՛մ ՊՈԱԿ-ներ են, կա՛մ հիմնադրամներ,- խմբ․)։ Արդյո՞ք այդ խնդիրը պիտի լուծվի հետո։ Ո՛չ, ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է առաջնահերթ լինի կամ գոնե գնա խոշորացված համալսարանների կամ կլաստերների ստեղծմանը զուգահեռ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ առաջարկում եք բարձրագույն կրթության և գիտութան համակարգերում եղած խնդիրները փուլ առ փուլ լուծել, հետո մտածել խոշորացման կամ միավորման մասին։ Այդ փուլերն այդ աստիճան տարանջատված չեն։ Կարելի է երկու խոշոր փուլ առանձնացնել։ Առաջին փուլում՝ մինչև 2027 թվականը, մշակել և ընդունել գիտակրթական հաստատությունների կազմակերպաիրավական նոր ձևերը, խոշորացման մեթոդաբանությունը որոշել և մինչև 2026 թ․ ավարտը կազմակերպել այդ գործընթացը։ Երկրորդ փուլում (նկատի ունի՝ 2027-ից հետո,- խմբ․) արդեն խթանել խոշորացված բուհերի և գիտական կազմակերպությունների տարբեր տեսակի, տարբեր աստիճանի համագործակցություններ, ալյանսներ, ապա նախաձեռնել ինտեգրումը բուհերին և ստանալ երկրի գիտակրթական լանդշաֆտը։ Այս վերջին հայտարարությունները ես լավ չեմ ընկալում՝ կապված այն բանի հետ, որ միջանկյալ հեռանկարում մենք ոչ մի տեղ ոչ մի բուհ չենք ունենալու՝ բացի Ակադեմիական քաղաքից։ Այս ամենը Տնտեսագիտական համալսարանի հայեցակարգային առաջարկներում ներկայացվե՞լ է։ Այս փուլայինն իմ անձնական առաջարկն է, որը, որպես մասնագետ, դեռևս գարնանն ուղարկել եմ պարոն Հայոցյանին և տիկին Անդրեասյանին (ԲԿԳԿ նախագահին և ԿԳՄՍ նախարարին,- խմբ․)։ Որպես փորձագե՞տ եք ուղարկել։ Նաև որպես  մարդ, որը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի համակարգողն է եղել և մինչև հիմա փորձում է ինչ-որ ձևով ջատագովություն անել այս օրենքին։ Նրանցից արձագանք եղե՞լ է։ Ընդհանուր բնույթի։ Իսկ Տնտեսագիտական համալսարանի առաջարկը խոր վերլուծած, 40 էջանոց փաստաթուղթ է։  Վերջերս ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստի ընթացքում հայտարարվեց, որ ԿԳՄՍՆ-ին «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությամբ համալսարան ունենալու հայեցակարգ է ներկայացվելու։ Ճի՞շտ եմ հասկանում, որ սա հենց ՀՊՏՀ հայեցակարգային առաջարկի մի մասն է։  Դրա մի մասն է․ փաստաթուղթը մի քանի հատված ունի։ Նախևառաջ, վերլուծության է ենթարկվում համալսարանական պատկերը, այդ թվում՝ տարբեր տեսակի ուղղությունների հիման վրա ստեղծվող կամ խոշորացված բուհերի։  Երկրորդ հատվածն ինչ-որ տեղ բխում է այն բանից, ինչի մասին մենք արդեն խոսեցինք․ հայտնի չէ ոչ միայն այն, թե որ կլաստերի մեջ պիտի մտնի Տնտեսագիտական համալսարանը, այլև այն, թե, ընդհանրապես, ինչպես է խոշորացվելու․ [տնտեսագիտության և կառավարման ուղղությունն] արդյո՞ք գնալու է Տեխնոլոգիական կլաստեր Ագրարային համալսարանի համապատասխան կրթական ծրագրի հետ, թե՞ լինելու է որևէ կլաստերում առանձին ուղղություն։ Եթե ԵՊՀ-ն ունի կլաստերի կարգավիճակ, արդյո՞ք այդ ուղղությունը պիտի միավորվի դեռևս այստեղ մնացող կլաստերին (ԵՊՀ հիմքի վրա ստեղծվող Դասական կլաստերը մնալու է Երևանում և ավելի ուշ  է տեղափոխվելու Ակադեմիական քաղաք,- խմբ․)։  [ՀՊՏՀ առաջարկներում] շատ տրամաբանված հիմնավորումներ են բերվում, որոնք վերաբերում են անպայման «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղություն ունենալուն, որովհետև այն՝ որպես ուղղություն, նշված չէ (նկատի ունի՝ այդ ուղղությունը չկա «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում)։ Ասում էին մինչև 8, հիմա մենք ունենք ընդամենը 6 (նկատի ունի, որ Ակադեմիական քաղաքում կարող է տեղավորվել մինչև 8 համալսարան, բայց Կառվարությունը հայտարարել է 6-ի մասին,- խմբ․)։ ՀՊՏՀ-ն առաջարկում է, որ «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությամբ մի առաձին համալսարա՞ն լինի։ Կառույց, որը, հավանաբար, կլինի որևէ կլաստերում։ Բայց մյուս խնդիրն այն է, որ երբ կլաստերների նկարագրությունը նայում ես, նրանք արդեն իսկ սահմանափակ են։ Օրինակ՝ Կրթական կլաստերից խոսեցինք, դրա մի մասը հասկանալի է: Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, բազմաթիվ այլ ուղղությունների, որոնք կապված են, հասարակագիտության կամ հումանիտար ուղղության հետ․․․  Գուցե հումանիտար ուղղությունը գնալու է Արվեստի՞ կլաստեր։ Այսինքն՝ մի շարք անորոշություններ կան, և այդ անորոշություններն, ինչպես հիմա ընդունված է ասել, հասցեավորելու շատ պատճառաբանված առաջարկություններ են արվում ՀՊՏՀ փաստաթղթում։ Ես կարծում եմ, որ հավանաբար կլինեն էլի առաջարկություններ տարբեր բուհերից, և շատ կարևոր է, թե ինչ հարթակում դրանք կքննարկվեն։  Պատկերացրեք, որ բոլոր տնտեսագիտական ուղղությունները (նկատի ունի՝ տարբեր բուհերի բաժիններն ու ֆակուլտետները,- խմբ․) պետք է միավորվեն, ենթադրենք, որևէ համալսարանում, օրինակ՝ ԵՊՀ-ում։ Պատկերացնո՞ւմ եք՝ [ուսանողների թվի] ինչպիսի կտրուկ աճ է լինելու, եթե այսպես խոշորացնենք։ Իսկ կա՞ անհրաժեշտություն այդ բոլորն ուղիղ ձևով խոշորացնելու, կա՞ անհրաժեշտություն, որ բոլորը մի տեղ միավորվեն, եթե միավորվեն, ո՞րն է այդ կլաստերը։ Տնտեսագիտություն կամ տնտեսություն ասվածն անմիջականորեն կապված է ամեն ինչի հետ. չեք կարող Տեխնոլոգիական համալսարանում, եթե ցանկանում եք այնտեղ առևտրայնացման որոշակի գործողություններ կատարել, չունենալ այդ ուղղությունը։ Այսինքն, անհրաժեշտություն կա, որ ոչ թե կրթական նույնատիպ ծրագրերը մի համալսարանում լինեն, այլ ամեն համալսարանն իրե՞նն ունենա։ Մրցունակության հարցն է այդպես բարձրացվում։ Հիմա ես ասում եմ այն պատկերացումները, որոնց վերաբերյալ կան վերլուծություն և որոշակի առաջարկներ ՀՊՏՀ փաստաթղթում։ Բայց նաև ես ինքս եմ հարցադրումներ անում։ Ես և Դուք միասին հիմա մտածում ենք, որ կարող է լինել այսպես, կարող է լինել այնպես, ոչ թե՝ այսպես և վերջ։ Որովհետև եթե դու առանց նախապես գնահատելու ասում ես՝ այսպես ենք որոշել, այսպես սիրուն է, ճիշտ է, հարմար է կամ հեշտ է, բայց հետո ի՞նչ է լինելու, դա խնդիր չի՞ առաջացնելու։ Օրինակ, երբ Վրաստանում միավորվեցին գիտական կազմակերպությունները և համալսարանները՝ առանց համալսարանները նախապատրաստելու այդ միավորմանը, մեծ խնդիրներ առաջացան։ Թբիլիսիի նախկին Մանկավարժական ինստիտուտին, որը վերածվել էր համալսարանի, միացրին Վրաստանի Ակադեմիայի՝ Ուզնաձեի անվան հոգեբանության ինստիտուտը, որը հայտնի հոգեբանական դպրոց էր նույնիսկ նախկին Խորհրդային միության տարածքում։ Այնպես ստացվեց, որ այդ  համալսարանը պարզապես պատրաստ չէր դրան նույնիսկ  ֆինանսապես․ մարդիկ 6 ամիս աշխատավարձ չէին ստանում։ Ինստիտուտի՞ աշխատակիցները։ Այո՛։ Շատերը գնացին։ Բնականաբար, հետո հասկացան, որ այդ ձևով միացնելը ճիշտ չէր, առանձնացրին, բայց արդեն կոտրված էր։ Սա վատ փորձ է, ընդ որում՝ ասեմ Ձեզ, որ ի պատիվ վրացի մասնագետների՝ [քննարկումներից մեկի ժամանակ] նրանք պատմում էին այդ փորձից և շեշտում էին, որ ուղղությունը ճիշտ է, բայց դրա իրականացման ձևը շատ կարևոր է․ «Արե՛ք այդպես, բայց մե՛զ պես չանեք»։ Ես, իհարկե, հույս ունեմ, որ այդ նույն ուղղությամբ չի գնա գործընթացը, բայց դա նաև քննարկման ընդհանուր բովանդակային մակարդակի հետ է կապված։ Շատ մեծ հույս ունեմ, որ խոշորացման գործընթացը կիրականանա թեկուզ այն փուլային տարբերակով, որի մասին ես Ձեզ ասացի։ Որպես 15 տարի բարձրագույն կրթության կազմակերպման խնդիրներով զբաղվող և որոշակի փորձ ունեցող մարդ՝ ասեմ՝ ինչու եմ գնահատում ՀՊՏՀ փաստաթուղթը, որին ծանոթացել եմ, նաև մի երկու առաջարկություն էլ ես եմ արել։ Որովհետև այնտեղ կա վերլուծություն, այնտեղ կա գնահատական, այսինքն՝ դա ակադեմիական բնույթի առաջարկ է։ Եթե ամբողջացնենք ՀՊՏՀ առաջարկները, արդյո՞ք ՀՊՏՀ-ն ուզում է գոյություն ունենալ որպես մի առանձին կառույց՝ «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությամբ։  Կառավարությունն առանձնացրել է 6 ուղղություն, հայտարարել է մինչև 8 ուղղության կամ բուհի մասին։ Մենք հիմնավորում ենք, որ «Տնտեսագիտություն և բիզնես վարչարարություն» ուղղությունը նույնպես պետք է ընդգրկվի դրա մեջ։ Մնացած հարցերն արդեն քննարկելի են։ Ես, իհարկե, որևէ վտանգ չեմ տեսնում այն բանում, որ արդեն մեկ ամիս է՝ ոչ մի առանձնահատուկ արձագանք չկա (նկատի ունի՝ Կառավարությունից,- խմբ․)։ Հավանաբար դա կապված է նրա հետ, որ սպասում են [այլ առաջարկների], որ շրջանակ լինի։ Չնայած, ըստ իս, որոշակի արձագանքները միշտ կարևոր են հենց այն նկատառումով, որ ակադեմիական մարդկանց յուրահատկությունը պիտի կարողանաս օգտագործել։ Բացի այդ՝ այսպիսի մի կարևոր, շատ պարզ հոգեբանական բան էլ կա․ եթե դու ուզում ես հաջողությունների հասնել քո բռնած գործում, և, միևնույն ժամանակ, կանխել ոչ հիմնավորված, բայց շատ բնական դիմադրությունը, խոսի՛ր մարդկանց հետ, բե՛ր քո կողմը, դարձրո՛ւ մասնակից գործընթացին, քանի որ եթե նա առարկի կամ դիմադրի, կդիմադրի արդեն ինքն իրեն։ Եվ ես կարծում եմ, որ դա պետք է լինի մեր թե՛ բոլոր բուհական կառույցների, թե՛ գիտական կազմակերպությունների, թե՛, առավել ևս, այդ գործընթացը տանող գերատեսչությունների հիմնական մտահոգությունը՝ գործը գլուխ բերելու հարցում։  Գլխավոր լուսանկարը՝ ՀՊՏՀ Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի Աննա Սահակյան
20:23 - 21 դեկտեմբերի, 2023
Հայտնի են 2023 թվականի տարվա 10 լավագույն մարզիկները

Հայտնի են 2023 թվականի տարվա 10 լավագույն մարզիկները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր անցկացրել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը: Նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ ազգային հավաքականների մարզիչների բաց քվեարկության արդյունքում ձևավորվել է տարվա տասը լավագույն մարզիկների հետևյալ տասնյակը՝ Ալեքսանյան Արթուր/ 2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. Ամոյան Մալխաս/ 2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Անդրեասյան Արման/ 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Բաչկով Հովհաննես/ 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Դավթյան Արթուր/ 2023 թ.՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր. Թևանյան Վազգեն / 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Լալայան Վարազդատ / 2023 թ.՝ ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր. Հարությունյան Արսեն/ 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Մանասյան Նարեկ/ 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Սահակյան Գոռ / 2023 թ.՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
19:09 - 21 դեկտեմբերի, 2023
Գիտնականները կատեստավորվեն գնահատման նոր մեխանիզմներով
 |armenpress.am|

Գիտնականները կատեստավորվեն գնահատման նոր մեխանիզմներով |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ինչպես գիտեք, էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է նաև դրա որակի և արդյունավետության մասին մտածելը։ Ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություն է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 1-ից, և դրա արդյունքում արդեն իսկ էական բարձրացում է գրանցվել՝ միջինում 174 տոկոսով 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ընդ որում, վարձատրության բարձրացումը իրականացվում է ատեստավորման գործընթացի արդյունքում, որի նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա ստացած գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ատեստավորման գործընթացը կարգավորվում էր 2001 թվականի կառավարության որոշմամբ, որը բավական հնացած էր և լիարժեքորեն չէր համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաև չէր սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ»,- ասաց Անդրեասյանը։ Ըստ նախարարի՝ ներկայացվող նախագծով կառավարությունը կարող է հաստատել գիտական պաշտոնների տարակարգերը, դրանցից յուրաքանչյուրի համար արդյունավետության նվազագույն պահանջները, որոնք խարսխված են գիտական կադրերի պատրաստման մեջ գիտնականների ներգրավվածության, միջազգային հեղինակավոր պարբերականներում հրապարակումների որակի և քանակի, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության և դրանց ղեկավարման պայմանների վրա։ «Այսպիսով՝ դրանք ամբողջությամբ համահունչ են մի կողմից գիտության և բուհական կրթության համադրման քաղաքականությանը, մյուս կողմից՝ գիտության միջազգայնացման քաղաքականությանը, ինչպես նաև գիտության ոլորտում պետության և մասնավոր գործակցության խթանմանը, որովհետև այդ դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության պահանջներից է նաև, որ այնտեղ չլինի միայն ֆինանսավորման պետության մասնաբաժին, այլ նաև հաշվի առնվի այլ ֆինանսավորման առկայությունը։ Արդյունավետության պահանջներից բացի, կարգով նկարագրվում են նաև տարակարգի համար պաշտոնեական պարտականությունները՝ այդպիսով նաև սահմանելով ակնկալիքների այն շրջանակը, որը պետությունը և հասարակությունը կարող է ունենալ գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգից»,- ասաց Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ գիտական աշխատողների արդյունավետության նոր պայմանների հաստատումը հիմք է դառնալու 2024 թվականին համապետական ատեստավորման ծրագրի իրականացման հաստատման համար։ «Ամբողջական ատեստավորումը այս մեխանիզմով կիրականացվի 2026 թվականին, որովհետև նախորդ ատեստավորումը 2021 թվականին է եղել, և հնգամյա շրջափուլը կավարտվի այդ ժամկետում։ Դա արդեն կհանդիսանա հիմք արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և արդեն իսկ այդ ֆինանսավորման վերանայման համար»,- նշեց Անդրեասյանը։ Նախարարը հայտնեց, որ նախագծով սահմանվել են նաև պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոններ, որոնց կարող են հավակնել տարիքային կենսաթոշակի իրավունք ստացած և այդ պաշտոններին համապատասխանող աշխատողներն՝ իրենց կամքով։ «Սա հնարավորություն է ընձեռում ավելի բարձր պաշտոններում գտնվող և նախորդող տարիներին ձեռքբերումներ ունեցող կադրերի համար, որոնք կուզեն ավելի հանգիստ պայմաններում շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը ։ Սա շատ նման է եվրոպական և ամերիկյան գիտակրթական համակարգերում այսպես կոչված «emeritus professor»-ների կարգավիճակին, երբ վաստակաշատ պրոֆեսորները իրենց աշխատավարձի որոշակի մասի պահպանմամբ ձերբազատվում են նաև հիմնական պաշտոններին կցորդված պարտականությունների մի մասից։ Ատեստավորման ենթակա են դառնում գիտական ղեկավար պաշտոնները, որոնք մինչև այժմ որևէ իրավական ակտով սահմանված չէին, և դրանց ներկայացվող պահանջները անորոշ էին»,- եզրափակեց Անդրեասյանը։
12:49 - 21 դեկտեմբերի, 2023
Գիտական կենտրոնները սարքավորումներով վերազինելու համար պետությունն ավելի շատ գումար է ներդնելու
 |armenpress.am|

Գիտական կենտրոնները սարքավորումներով վերազինելու համար պետությունն ավելի շատ գումար է ներդնելու |armenpress.am|

armenpress.am:  2023 թվականին պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ հատկացվել են միջոցներ կապիտալ բնույթի ծախսային միջոցառումների համար․ գումարի չափը կազմել է 4.2 մլրդ դրամ: 2024 թվականին  սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվում է ավելի շատ գումար ներդնել:  Այս մասին նշեց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն՝ ամփոփելով 2023 թվականին կատարված աշխատանքները:  «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացման և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվել: 2023 թվականին առաջին անգամ ենթակառուցվածքների համալրման ծրագիրը իրականցվել է որպես կապիտալ բնույթի ծախսային ծրագիր: Այսինքն՝ պետությունն է հանդես գալիս որպես սարքավորումները ձեռք բերող ու հետո բաշխող: Այս տարի  դրան հատկացված էր 4.2 միլիարդ դրամ բյուջե»,- ասաց Հայոցյանը՝ հավելելով, որ 2013-2022 թթ այս նպատակով ծախսվել էր 5.9 միլիարդ դրամ:  Նա տեղեկացրեց՝ 7.1 մլրդ դրամի գիտական սարքավորումների գնման երաշխավորված հայտեր կան: 2024 թվականին գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման նպատակով պետությունն ավելի շատ գումար է ներդնելու: 
16:41 - 20 դեկտեմբերի, 2023
ԿԳՄՍՆ-ն պլանավորում է մինչև հաջորդ տարվա վերջ ներդնել երիտասարդության ազգային ինդեքսը
 |armenpress.am|

ԿԳՄՍՆ-ն պլանավորում է մինչև հաջորդ տարվա վերջ ներդնել երիտասարդության ազգային ինդեքսը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել ընդհանուր 25 երիտասարդական կենտրոն: Այս մասին նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ամփոփելով 2023 թվականը և անդրադառնալով տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին:  «Մինչև այս տարվա վերջ Հայաստանում պետական բյուջեի միջոցներով կստեղծվեն ևս երկու երիտասարդական կենտրոններ՝  Տավուշի մարզի Դիլիջան և  Արագածոտնի մարզի Ապարան համայնքներում։ Երկու կենտրոններում էլ ավարտվել են շինարարական աշխատանքները․ կենտրոնների գործունեությունը կսկսվի 2024 թվականի հունվարից: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ»,- մանրամասնեց նա:   Նա տեղեկացրեց՝ ԿԳՄՍ նախարարությունը շարունակական ջանքեր է գործադրել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջազգային համագործակցության ընդլայնման և զարգացման ուղղությամբ։ Ստորագրվել են շուրջ 14 փաստաթղթեր, որոնցից 9-ը գործընկեր երկրների, 5-ը՝ միջազգային տարբեր կառույցների հետ։ Ներկայում մշակվում են միջազգային համագործակցության շուրջ չորս տասնյակ փաստաթղթեր։ Շարունակվել է համագործակցությունը ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա», կրթության ոլորտում «Էրազմուս+» և գիտության ոլորտում «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրերով։ «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրով ունենք թիրախ, որ պետք է կրկնապատկենք Հայաստանում սովորող օտարերկրյա ուսանողների թիվը: 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններում և բուհերում սովորում է  8333 օտարերկրացի, որից` 4229-ը սփյուռքահայ, սփյուռքահայերից 330-ը՝ պետական պատվերով»,- նշեց նա:  Նա նաև տեղեկացրեց, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում՝  2023-24 ուստարում օտարերկրյա բուհերում ուսանելու է մեկնել 264 ՀՀ քաղաքացի, իսկ ՀՀ բուհերում ուսանելու համար դիմել է 76 օտարերկրյա քաղաքացի։ Խոսվեց նաև հայագիտության զարգացման մասին: Նշվեց, որ հայոց լեզու և հայագիտական առարկաներ են դասավանդվում 13 երկրի 15 համալսարաններում, որոնցից 9-ը եվրոպական բուհեր են։ «ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով այս տարի հաստատվել է «Համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը», որով սահմանվում են ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող համագործակցության քայլերի շրջանակը և զարգացման ապահովման սկզբունքները»,- հիշեցրեց փոխնախարարը։ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ շարունակվում է սփյուռքին դասագրքերի տրամադրումը: Հայտերի թիվը՝ 95 հազար 220 է եղել,  տրամադրվել է 38 հազար 570 կտոր ուսումնական նյութ, որից 21 հազար 970-ը՝ 57%-ը, Վրաստանին: «Մի շարք այլ երկրների կրթօջախներին դասագրքերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին: Ձևավորվել է սփյուռքում կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանը, որը հրատարակչությունների հետ սոցիալական գործընկերության շնորհիվ աստիճանաբար համալրվում է նոր դասագրքերով և ուսումնաօժանդակ էլեկտրոնային նյութերով»,- թեմային անդրադառնալով՝ եզրափակեց նախարարի տեղակալը:  Փոխնախարարը տեղեկացրեց՝ աշխատանքներ են իրականացվում «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ:  «ԿԳՄՍՆ-ի կողմից նախաձեռնվել է երիտասարդության ազգային ինդեքսի մշակումը՝ որպես գործիք, որը կօգնի արդյունավետ պետական քաղաքականության մշակմանը՝ միջնաժամկետ կտրվածքով մշտադիտարկելով և գնահատելով երիտասարդությանը բնութագրող տվյալները։ Երիտասարդության ինդեքսը չափելու և գնահատելու է Հայաստանի երիտասարդների առաջընթացը նրանց բարեկեցության վրա ազդող հիմնական 6 ոլորտներում՝ առողջություն, կրթություն, զբաղվածություն, գենդերային հավասարություն, անվտանգություն և պաշտպանություն, մասնակցայնություն։ Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ երիտասարդության ազգային ինդեքսը կներդրվի մինչև 2024 թվականի վերջ»,- մանրամասնեց նա։ Մարտիրոսյանը խոսեց նաև Երիտասարդության ոլորտում իրականացվող խոշոր միջոցառումներից մեկի՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրից, որն իրականացվում է 2010 թվականից։  «2010-ից մինչ այժմ ծրագրի շահառու է դարձել և երկրորդային շուկայից բնակարան/բնակելի տուն ձեռք բերել 8140 ընտանիք, որոնցից 193-ը զրկվել է պետական սուբսիդավորման հնարավորությունից և դադարել օգտվել ծրագրից՝ վերջինիս պահանջներին չհետևելու պատճառով։ 2023-ի 12 ամսվա ընթացքում բնակարանային պայմանների բարելավման համար 733 ընտանիք դարձել է ծրագրի շահառու՝ օգտվելով պետական սուբսիդավորումից և ձեռք բերելով բնակարան երկրորդային շուկայից, ընդ որում՝ 179-ը Երևանից, 554-ը՝ ՀՀ մարզերից»,- եզրափակեց նա:  
16:35 - 20 դեկտեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցին

ԿԳՄՍ նախարարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ինչպես ոլորտային ծրագրերին, այնպես էլ բարդ ժամանակներում առաջացած լրացուցիչ մարտահրավերներին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է կազմակերպության դերը «ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի» մշակման և այդ աշխատանքների իրականացման գործում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը շեշտել է ակտիվ համագործակցությունը «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education») ծրագրի շրջանակում և ընդգծել կազմակերպության ջանքերը «Մարդասիրական արձագանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքների» աշխատանքային խմբի համանախագահությունում: «Պատրաստ ենք խորացնելու համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որտեղ դրա կարիքը կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել կրթության ոլորտում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը: Նա ողջունել է ՀՀ կառավարության կողմից կրթական բոլոր մակարդակներում իրականացվող լայնածավալ բարեփոխումները: Ռեգինա Դե Դոմինիկիսը, մասնավորապես, առանձնացրել է ներառական և նախադպրոցական կրթության, թվայնացման ռազմավարության, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, ինչպես նաև «Երիտասարդության մասին» օրենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի ապահովմանն ու հանրակրթական դպրոցներում նրանց ներգրավվածությանը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող է ընդգրկվել, իսկ ավելի քան 1000 սովորողներ իրենց կրթությունը շարունակում են քոլեջներում և ուսումնարաններում: Բուհերը ևս, ըստ համապատասխան մասնագիտությունների, կազմակերպում են բռնի տեղահանված ուսանողների կրթությունը: «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգերում եղած տարբերությունները որոշակի հարցեր են առաջացնում: Հայաստանում պարտադիր է 12-ամյա կրթությունը, իսկ ԼՂ-ում պարտադիր է եղել 9-ամյա կրթությունը: Հիմա մենք խնդիր ունենք դպրոցներում ներգրավելու նաև այդ տարիքային խմբի երեխաներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու առումով կարևորելով նաև սոցիալական աշխատողների դերակատարությունը: ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նաև երիտասարդության ոլորտի աշխատանքներին ցուցաբերվող  աջակցության համար՝ հատկապես կարևորելով «Երիտասարդության մասին» օրենքի մշակման հարցում այլ երկրների օրենսդրական փորձի փոխանակման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրելու ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
15:47 - 20 դեկտեմբերի, 2023
Հայաստանում «NETFLIX»-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան

Հայաստանում «NETFLIX»-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն. Սիսակ Գաբրիելյան

Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: «Ինչպես և ակնկալում էի, Կինոյի օրենքում վերջերս կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար: Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ այսօր ԿԳՄՍ նախարարությունում ստորագրեցինք համագործակցության հուշագիր: Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասանոց ֆիլմ), որոնք կնկարահանվեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին: Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը: Հիշեցնեմ. սահմանված նորմերի պահպանման դեպքում, պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը: Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների և դրանցից օգտվելու կարգն ու պայմանները: ՀԳ. Ըստ մասնագետների` լոկացիոն առումով մեր երկիրը բավականին հարմար է ֆիլմարտադրության համար: Տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում միաժամանակ կարելի է և ձյունոտ սարեր ունենալ, և շոգից հալվող ասֆալտ, և գեղեցիկ ժամանակից շինություններ, փողոցներ, և լքված ու անմարդաբնակ գյուղեր ու գործարաններ»,- գրել է նա: Ավելի վաղ հայտի էր դարձել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ օֆ Ար» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
10:37 - 19 դեկտեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի կողմնորոշիչ խորհրդի նիստին

Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի կողմնորոշիչ խորհրդի նիստին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով Հայաստանի հայտը ներկայացնելու համար գտնվում է Փարիզում․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել է ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով Հայաստանի կողմից ներկայացված թեկնածության հայտը։ ՀՀ պատվիրակության կազմում են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ելույթում մեծապես կարևորել է Ֆրանկոֆոնիայի խաղերի՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի  և արժեքների  տարածմանն և ֆրանսերեն  լեզվի  զարգացմանը նպաստող կարևոր միջոցառման անցկացումը և վերահաստատել համապատասխան որոշման կայացումից հետո դրանք լավագույնս կազմակերպելու ՀՀ կառավարության հանձնառությունը։ Կողմնորոշիչ խորհրդի անդամները ՀՀ պատվիրակության անդամներին ուղղել են Խաղերի կազմակերպման նպատակով տարբեր ոլորտներում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ իրենց հուզող մի շարք հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ։ Մի շարք երկրներ գոհունակությամբ արձանագրել են ՀՀ կողմից ներկայացված հայտի մշակման ուղղությամբ գործադրված զգալի ջանքերը և Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման համար անհրաժեշտ նախադրյալների և պայմանների առկայությունը։ ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի կողմից նիստի արդյունքներով նախապատրաստվող եզրակացությունից հետո Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի վերաբերյալ կայացված որոշումը պաշտոնապես կհրապարակվի Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի առաջիկայում կայանալիք նիստի ժամանակ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց էր ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։
14:15 - 15 դեկտեմբերի, 2023
Կառավարությունը Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան

Կառավարությունը Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-֊րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը: Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր իրադարձության առիթով: «15-րդ դարի մատյանը, ինչպես Մատենադարանի տնօրենն ասաց` վերադառնում է տուն։ Պարոն Խզմալյանը շնորհակալություն հայտնեց ինձ, ես ուզում եմ իմ շնորհակալությունը վերահասցեագրել Հայաստանի բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որոնց վճարած գումարներից է, ահա, կառավարությունը հնարավորություն ստանում այսպիսի խնդիրներ լուծել։ Ես կարևոր համարեցի սա ընդգծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության հարկ վճարողները տեսնեն, որ իրենց կատարած վճարումները ծախսվում են ահա նաև այսպիսի նպատակների համար։ Իհարկե, չեմ կարծում, թե պետական բյուջեի ծախսումներն իրենց արդյունավետությամբ հասել են կամ հասցրել ենք կատարյալի, բայց սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ընդհանրապես մեր քաղաքականությունը հանգում է նրան, որ մենք բարերարության տրամաբանությունը պիտի փոխարինենք օրինապահ հարկ վճարման տրամաբանությամբ, որովհետև ամենամեծ բարերարներն իրենց հարկերը պարտաճանաչ վճարողներն են, որոնք միևնույն ժամանակ ուժեղացնում են պետությունը, պետական ինստիտուտները, և պետությունն էլ իր հերթին հնարավորություն է ստանում ուժեղացնել պետության հոգևոր հիմքերը, արժեքային հիմքերը, մշակութային հիմքերը։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է։ Իհարկե, մենք նաև նպատակադրվել ենք, որ սա առանձին վերցրած իրադարձություն կամ քայլ չլինի: Հաջորդ տարվա պետական բյուջեում միջոցներ ենք նախատեսել նման ձեռքբերումների համար, որովհետև իսկապես սա այն դեպքն է, երբ կառավարությունը Մատենադարանի դրդմամբ և հուշումով շատ արագ արձագանքեց: Կարևոր է, որ այս արագ արձագանքման օրինակն ունենանք որպես գործելակարգ բոլոր այն դեպքերի համար, երբ ունենք հնարավորություն մեր հոգևոր, մշակութային արժեքները պահպանելու, պաշտպանելու, վերադարձնելու։ Սա մեր կարևոր քաղաքական ուղղվածություններից մեկն է, որը մենք պետք է զարգացնենք։ Նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ շատ մեծ միջոցներ ենք տրամադրում Հայաստանում մշակութային, պատմական հուշարձանները պահպանելու, վերականգնելու համար, նաև գիտության ֆինանսավորումն ենք մեծացնում, որպեսզի այդ հուշարձանների հետազոտումը, պահպանումը, ուսումնասիրությունն ավելի ինստիտուցիոնալ հենքերի վրա դրվի։ Ինչ վերաբերում է բուն ձեռագրին, անկեղծ ասած, չեմ կարող շատ բան ասել ձեռագրի մասին։ Ես այստեղ եմ ավելի շատ այն սեփական աչքերով տեսնելու և այդ առումով կարծում եմ` կիսում եմ շատերիդ առաքելությունը, իսկ մատյանի արժեքի, պատմության մասին թերևս մասնագետներն իրենք ավելի լավ կխոսեն, և ուրախ եմ, որ կարողացել ենք նրանց այդ ուղիղ առիթն ընձեռել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Մատենադարանին ընծայաբերվող ձեռագիրը գրվել է Վասպուրականի Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում, որը գտնվում է Նարեկավանքից ոչ հեռու և բացառիկ է այն հանգամանքով, որ Առբերդի հռչակավոր վանքից պահպանված եզակի ձեռագիր է ու հարուստ է նաև նկարազարդումներով՝ ավետարանիչների պատկերներ, կիսախորաններ, լուսանցազարդեր: Այժմ ավերակ այս վանքում գրված ու ծաղկված մատյանը միակ վկան է այդ վանքում հայ ժողովրդի կերտած մշակույթի և զարգացած գրչական ավանդույթների: Ձեռագիրը գրել է Իզիտ անունով գրիչը 1405 թ., որից մեզ մինչ օրս հայտնի է եղել միայն մեկ Ավետարան՝ ընդօրինակված Նարեկավանքում 1420 թ., և որը պահվում է Մատենադարանում: Եվ այսօր, հարյուրավոր տարիներ անց, նույն գրչի երկու ձեռագրերը գտնվում են Մատենադարանում: Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է նաև Ծննդյան տոներին ընդառաջ Մատենադարանի թանգարանում բացված «Սուրբ Ծնունդ․ մանրանկարչական ներշնչումներ» խորագրով ցուցադրությանը, որին ներկայացված են հայ մանրանկարչության բացառիկ նմուշներ, որոնցից շատերը առաջին անգամ են ցուցադրվում:  
20:48 - 14 դեկտեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների քննարկում

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնների ղեկավարները, պատմագետները։ Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև դասագրքի հեղինակը և «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրենը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատմաբան գիտնականներին թեմայի շուրջ հետաքրքրվածության և մտահոգությունների համար՝ շեշտելով, որ մասնագիտական քննարկումներն անչափ կարևոր են նախարարության համար։ «Փորձել ենք միավորել բոլոր այն մասնագետներին, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևաչափով նախարարությանն են փոխանցել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումներ: Ակնկալում եմ, որ մեր քննարկումները կընթանան մասնագիտական դաշտում՝ առավելագույնս ապահովելով մասնագիտական կարծիքի ներկայացումը։ Սա շատ կարևոր քննարկում է մեզ համար՝ մասնագիտական տեսանկյունից ճիշտ որոշում կայացնելու առումով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և վերահաստատել նախարարության պատրաստակամությունը՝ անհրաժեշտ փոփոխությունների գնալ մասնագիտական կոնսենսուսի ճանապարհով՝ հաշվի առնելով պատմագետների կարծիքը և դասագրքի լավարկման անհրաժեշտությունը։ Հանդիպման սկզբում գիտնականները նշել են, որ նախարարի հետ հանդիպումից առաջ Պատմության ինստիտուտի, ԵՊՀ-ի և ՀՊՄՀ-ի համապատասխան ամբիոնների մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որին ներկա է եղել նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը: Այդ քննարկման ժամանակ ներկայացվել են մասնագիտական մի շարք մոտեցումներ և դիտարկումներ, որոնց հետ դասագրքի հեղինակը մեծամասամբ համաձայնել է, քանի որ դրանք առավելապես առնչվել են դասագրքի փաստական բովանդակությանը: Նախարարի հետ հանդիպման ընթացքում ծավալվել է մասնագիտական քննարկում, որի ընթացքում պատմաբանները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մասնագիտական կարծիքները։ Ներկաների դիտարկմամբ՝ հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի առնչությամբ մասնագիտական շրջանակների անհանգստությունն առավելապես վերաբերում է փաստական անճշտություններին, որոնցից որոշները, ըստ գիտնականների, սկզբունքային խնդիրներ են պարունակում։ Նրանք միաժամանակ ընդգծել են, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած նոր դասագիրքն ունի հաջողված մեթոդական և մանկավարժական նորարարություններ, որոնք կարող են նպաստել ուսուցման որակի բարելավմանը։ Պատմաբանների խոսքով՝ հեղինակը ցուցաբերել է մասնագիտական խիզախություն՝ հանձն առնելով գրքի ստեղծման պատասխանատվությունը։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր դիտարկումներում անդրադարձել է դասագրքում առկա փաստական անճշտություններին՝ նշելով, որ այն որոշակի անհամապատասխանություն ունի նաև հանրակրթության պետական և «Պատմություն» առարկայի չափորոշիչներին։ Նրա խոսքով՝ դասագրքի վերախմբագրման դեպքում կարող են հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ առաջանալ, հետևաբար պետք է ստեղծել նոր դասագիրք՝ հեղինակային և խմբագրական ընդլայնված կազմով: Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի դիտարկմամբ՝ «Հայոց պատմություն» առարկայի՝ մինչև այս եղած դասագիրքը ևս խնդիրներ ուներ և նոր դասագրքի հրատարակումն անհրաժեշտություն էր, սակայն դասագրքում կան անհապաղ վերանայման կարիք ունեցող անճշտություններ։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հնագետ Պավել Ավետիսյանն անդրադարձել է դասագրքում զետեղված հնագույն շրջանին և նշել՝ դրան առնչվող որոշակի անճշտությունների և բացթողումների շտկման ուղղությամբ պատրաստ է գրքի հեղինակի հետ աշխատել՝ ներկայացնելով իր մասնագիտական դիտարկումներն ու օժանդակությունը: Պավել Ավետիսյանի կարծիքով՝ գրքում առկա են Սմբատ Հովհաննիսյանի մեթոդաբանական մոտեցումները, որոնք նորարար են և ողջունելի: Ըստ անվանի հնագետի՝ գրքի անճշտությունների և բացթողումների շտկումից հետո այն պետք է շարունակի գործածվել դպրոցներում: Ուրարտագետ, Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի կարծիքով՝ ուրարտական շրջանին առնչվող փաստական անճշտությունների շտկման, ինչպես նաև հետագայում դասագրքերի ստեղծման գործընթացի բարելավման առումով ցանկալի է գրախոսության ինստիտուտի ներդրումը։ Իրենց մասնագիտական դիտարկումներն են ներկայացրել նաև հանդիպմանը ներկա մյուս գիտնականները։ Դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը նշել է, որ ժամանակի սղության պատճառով դասագիրքը մասնագիտական կառույցների գրախոսմանը ներկայացնելու հնարավորություն չի եղել։ Նրա խոսքով՝ մասնագիտական դիտարկումների ընթացքում մի շարք բարձրացված հարցեր արդեն իսկ ընդունվել են, որոնք անպայման շտկվելու են։ Ըստ հեղինակի՝ նա կիրառել է մեթոդաբանական և կառուցվածքային մի շարք նորարարություններ, և խմբագրման ու լրամշակման դեպքում դասագիրքը կարող է կիրառվել՝ ապահովելով կրթության որակի բարելավում, որը, ըստ հանրակրթության չափորոշչի, առաջնային խնդիր է։ «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը ևս նշել է, որ արձանագրված վրիպակների շտկման ուղղությամբ հեղինակի կողմից տարվել են աշխատանքներ, որոնք կրելու են շարունակական բնույթ։ Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պատմաբանների ներկայացրած բոլոր դիտողություններն ու առաջարկները փոխանցվելու են հեղինակին՝ մանրակրկիտ ուսումնասիրման նպատակով։ Նախարարը խնդիր է դրել, որ հեղինակը կազմի և ներկայացնի ամբողջական ամփոփաթերթ, որում ներառված կլինեն մասնագիտական բոլոր դիտարկումները, դրանց ընդունելու, մասնակի ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հեղինակի հիմնավորված դիրքորոշումը։ Նախարարություն ներկայացված ամբողջական ամփոփաթերթը պետք է հասանելի լինի նաև քննարկման մասնակիցներին՝ հավաստիանալու, որ բոլորի դիտարկումները ներառված են։ Ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ փորձաքննությունն իրականացնող պատմաբան գիտնականների անունները հրապարակվելու են, նախարարը նշել է՝ առաջնայինն անաչառ և որակյալ մասնագիտական կարծիք ունենալն է, որի ապահովման հիմնական պայմանը նաև այդ փորձագետների անանունության ապահովումն է՝ զերծ մնալու որևէ ճնշումներից և ի սկզբանե կողմնակալ դիրքորոշման ներկայացումից։ Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ փոփոխություն է իրականացվելու դասագրքերի փորձաքննության կարգում, համաձայն որի՝ կարևորվելու է մասնագիտական կառույցների դերակատարումը։ Նախագծի հանրային քննարկումն արդեն ավարտվել է և առաջիկայում կհաստատվի։ Նա նաև կոչ է արել մասնագիտական և գիտական հանրույթին՝ ակտիվորեն մասնակցել ԿԳՄՍՆ-ի կողմից արդեն իսկ հայտարարված դասագրքերի ստեղծման մրցույթներին՝ ապահովելով դասագրքերի ընտրության հնարավորությունների ընդլայնում թե՛ նախարարության, թե՛ դպրոցների համար՝ բոլոր առարկաների ուղղությամբ։
17:03 - 14 դեկտեմբերի, 2023
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ

2023 թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը: Նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, Պաշտպանության, ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՀՀ ներկայացուցչության աշխատակիցներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին: Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ բազմաթիվ վկայություններ կան հայկական  մշակութային ժառանգության ոչնչացման և հայկական հետքերի վերացման մասին ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Նախիջևանի շրջանում և Ադրբեջանի այլ հատվածներում։ Նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկած և երկրորդ արձանագրության կոմիտեի կողմից աջակցվող առաքելությունը վերջին 3 տարում մերժվում է Ադրբեջանի կողմից: Ալֆրեդ Քոչարյանը հավելել է, որ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակության վայրերի և առարկաների շարունակական ոչնչացման ու յուրացման օրինակների մասին, որոնք մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտում են:
09:40 - 13 դեկտեմբերի, 2023
ԼՂ-ից տեղահանված 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է դպրոցներում. ԿԳՄՍ փոխնարարար

ԼՂ-ից տեղահանված 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է դպրոցներում. ԿԳՄՍ փոխնարարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը դեկտեմբերի 12-ին Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ ներկայացնելով ուսուցիչների աջակցության ծրագիրը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար գործարկվել է հարթակ, որտեղ ներկայացված են ՀՀ հանրակրթական դպրոցներում առկա թափուր տեղերը: «Բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են ընտրել իրենց բնակության վայրում հարմար դպրոց, արտամրցութային կարգով անցնել աշխատանքի և ունենալ 30 տոկոս հավելավճար: Իսկ որոշ մարզերի, մասնավորապես՝ Սյունիքի և Վայոց ձորի բոլոր դպրոցներում, իսկ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքների ուսհաստատություններում ունենալ ևս 50 հազար դրամ հավելավճար: Այս պահի դրությամբ՝ 200 ուսուցիչ դիմել է գործուղման կարգով աշխատելու համար. նրանցից 12-ը հրաժարվել է, ինչը պայմանավորված է բնակության վայրի փոփոխությամբ: 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է հանրակրթական դպրոցներում», - տեղեկացրել է նախարարի տեղակալը: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ առաջիկայում այդ ուսուցիչները Համաշխարհային բանկի աջակցությամբ կվերապատրաստվեն, որպեսզի պատրաստ լինեն Հանրակրթության պետական նոր չափորոշչով դասավանդելուն: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ արդեն կազմվել են խմբերը և ժամանակացույցը, և մինչև դեկտեմբերի վերջ կիրականացվի վերապատրաստման դասընթացը: Ինչ վերաբերում է Երևանում աշխատանք փնտրող ուսուցիչներին, ապա Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նրանք աշխատանքի կարող են անցնել ընդհանուր ընթացակարգով՝ մասնակցելով մրցույթի: ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ անդրադառնալով քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում կրթությունը շարունակող ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրերին՝ Արաքսիա Սվաջյանը հայտնել է, որ, վերջին տվյալներով, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում սովորում է 1231, իսկ բուհերում՝ 1844 ուսանող: «Այս ուսանողների ուսման վարձի փոխհատուցումն իրականացվում է կրթաթոշակի տեսքով: Ցանկանում եմ ընդգծել, որ առաջիկա օրերին Կառավարության կողմից կհաստատվի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբերի 19-ը ՀՀ պետական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ևս ներդնել: Այդ ուսանողները երկու հիմնական խմբի են բաժանվում. մի խումբն այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցում էր ԼՂ կառավարությունը, իսկ երկրորդ խմբի ուսանողների ուսման վարձը վճարել են նրանց ընտանիքները, որոնք հայտնվել են ֆինանսական դժվար իրավիճակում: Նոր որոշման ընդունման պարագայում կկարողանանք փոխհատուցել նաև նրանց ուսման վարձը»,- ամփոփել է Արաքսիա Սվաջյանը:
19:48 - 12 դեկտեմբերի, 2023
ՀՀ-ում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար |1lurer.am|

ՀՀ-ում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ երեկվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է գործընթացի մանրամասները: Ըստ այդմ՝ նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով): Փոխնախարարն անդրադարձել է նաև այդ գործընթացով պայմանավորված հերթերի հետ կապված դժգոհություններին և նշել, որ համապատասխան բաժիններն աշխատում են նաև շաբաթ օրերը՝ սպասարկելով բացառապես ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Հաջորդիվ անհրաժեշտ է https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի առցանց դիմումներ» պատուհանը՝ սեղմելով «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» դաշտի վրա։ Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ ընդունվել է ավելի քան 5000 դիմում, որից արդեն հաստատվել է 2118-ը: Նրա խոսքով՝ մերժվել է ավելի քան 2000 դիմում մի շարք պատճառներով. ամենաշատ դիմումները մերժվել են ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառում չունենալու հիմքով, եղել նաև դեպքեր, երբ շահառուն չի հանդիսացել կենսաթոշակառու, ԼՂ կենսաթոշակային բազայում կենսաթոշակի վճարումը դադարեցված է եղել և այլն: Նշվել է նաև, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով: Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում քաղաքացիները կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին: ՀՀ կառավարության 2023 թ. հոկտեմբերի 12-ի «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» որոշման համաձայն՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործարկվել է ուսուցիչների աջակցության հարթակ՝ kadrer.emis.am հղումով: Ըստ փոխնախարարի՝ այսօրվա դրությամբ աշխատանքի համար դիմել է 200 անձ, որից 188 ուսուցիչ գործուղվել է հանրակրթական ուսումնական հաստատություններ: «Հաշվի առնելով ներկայումս կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մինչև ամսվա վերջ ՀԲ-ի աջակցությամբ կիրականացնենք այս ուսուցիչների վերապատրաստում, որն ուղղված կլինի նոր չափորոշիչների տրամաբանությանը համապատասխան ուսուցման գործընթաց կազմակերպելուն»,- ասել է փոխնախարարը: Նա հիշեցրել է, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար: Արաքսիա Սվաջյանը նշել է նաև, որ նախնական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է 1231 ուսանող, իսկ բուհերում՝ 1844 ուսանող: Վերջիններիս կրթության համար փոխհատուցումը կրթաթոշակի տեսքով իրականացվում է: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ առաջիկա օրերին Կառավարությունը կհաստատի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբների 19-ը ՀՀ ուսումնական հաստատություններում՝ թե՛ ՄԿՈՒ, թե՛ բուհերում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ևս ներդնել: Այդ ուսանողները հիմնականում 2 խմբի են բաժանվում՝ այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցել է ԼՂ կառավարությունը և այն ուսանողները, որոնց ուսման վարձը վճարել են ծնողները, սակայն ներկայումս դժվարություններ ունեն:
17:35 - 12 դեկտեմբերի, 2023
Հաստատվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը

Հաստատվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը։ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 28-ի N 696-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի վերոնշյալ հրամանի նախագիծը ներկայացվել է փորձաքննության և շահագրգիռ մարմիններին կարծիքի, ինչպես նաև դրվել է հանրային քննարկման։ Ստացված կարծիքների և փորձագիտական եզրակացության հիման վրա նախագիծը, մինչ հաստատվելը, լրամշակվել է։ Հիշեցնենք, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի թ) կետի՝ «հուշարձանների պահպանական գոտիներում հողի, համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերի և շինությունների սեփականատերերի և օգտագործողների հետ կնքում են հուշարձանների պահպանության պայմանագիր (պարտավորագիր), որի մեկ օրինակը ներկայացնում են լիազորված մարմնին»: Համաձայն նույն օրենքի 36-րդ հոդվածի բ) կետի՝ հուշարձանի սեփականատերը պարտավոր է «սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին` տեղական նշանակության հուշարձանի դեպքում»։
16:24 - 12 դեկտեմբերի, 2023
Կստեղծվի Ցանցային հայագիտական համալսարան․ ԿԳՄՍՆ

Կստեղծվի Ցանցային հայագիտական համալսարան․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը, որով սահմանվում են համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող քայլերի շրջանակը և զարգացման սկզբունքները:  Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծմամբ հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակ: Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման համար հիմք են հանդիսանում՝ օտարերկրյա պետություններում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը, հայկական սփյուռքի ջանքերը՝ ուղղված օտարերկրյա պետություններում հայ ինքնության պահպանմանը, Հայաստանի ջանքերը՝ ուղղված ամբողջ աշխարհում հայագիտության զարգացմանը և հայկական մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը։ Ցանցային հայագիտական համալսարանի գործունեությամբ հնարավոր կլինի իրականացնել հայագիտության միասնական և համակարգված քաղաքականություն, սահմանել գերակա ուղղություններ։ Մասնավորապես՝ Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական հաստատությունների համագործակցությամբ մշակել և իրականացնել կրթահետազոտական նպատակային ծրագրեր, էլեկտրոնային կայքի միջոցով ձևավորել միասնական տեղեկատվական հարթակ՝ հետազոտվող թեմաների և նյութերի մասին տեղեկությունն առավելագույն չափով հասանելի դարձնելու նպատակով, ընդլայնել հայագիտական լավագույն աշխատանքների հանրային հասանելիության շրջանակը՝ ապահովելով դրանց տարածումը տարբեր լեզուներով: Ցանցային հայագիտական համալսարանի կառավարումը կիրականացվի մեկ կենտրոնից՝ համակարգող մարմնի միջոցով։ Նման մարմին կարող է հանդիսանալ Հայաստանում գործող որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն կամ գիտահետազոտական կենտրոն: Համալսարանի գործունեության համակարգումը կիրականացվի կառավարման խորհրդի միջոցով, որը կձևավորվի համալսարանի մասնակից հանդիսացող կրթագիտական հաստատությունների ներկայացուցիչներից: Համալսարանի գործունեությունը կառուցված է լինելու կրթական ծրագրերի իրականացման ցանցային ձևի հիման վրա, ինչը հնարավորություն կտա ուսանողներին և հետազոտողներին ընդգրկվելու կրթահետազոտական համատեղ ծրագրերում՝ օգտագործելով համալսարանում ընդգրկված կառույցների հնարավորությունները: Օտարերկրյա պետությունների բուհերը կամ գիտահետազոտական կազմակերպությունները, որոնք ցանկանում են միանալ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման համընկերության (կոնսորցիումի) մասին հուշագրին և մասնակիցների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին, կգնահատվեն նախապես մշակված և հաստատված չափանիշներով: Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման առաջին փուլում կդիտարկվի ՀՀ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում ներառված 13 պետությունների 15 կրթագիտական կառույցների ընդգրկումը: Երկրորդ փուլում հնարավորություն կընձեռվի ընդլայնելու Ցանցային հայագիտական համալսարանի գործունեության շրջանակը՝ ներգրավելով կրթագիտական նոր կառույցներ: Կդիտարկվի կրթաթոշակներ տրամադրելու հնարավորությունը ինչպես կարճաժամկետ հատվածում, այնպես էլ ամբողջական կրթական ծրագրի յուրացման համար: Դրանք կտրամադրվեն Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված ուսանողներին և հետազոտողներին՝ սովորելու և հետազոտություններ իրականացնելու ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա պետությունների բուհերում և կրթագիտական կառույցներում: Հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացներն արդյունավետ դարձնելու նպատակով կարող է դիտարկվել հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող մարմնի ստեղծում, օրինակ՝ հիմնադրամ: Համաձայն հայագիտության զարգացման ռազմավարության թիրախային ուղղությունների՝ կմշակվի Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ռազմավարությունը, որում կներկայացվեն ծրագրային միջոցառումները և ֆինանսավորումը՝ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման գործընթացն ապահովելու համար: Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանալու ՀՀ պետական բյուջեն, Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված կրթագիտական կառույցների, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների ներդրումային ֆինանսական միջոցները: Նշենք, որ 2012 թվականից ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը: 2023 թվականին ծրագիրն իրականացվել է 13 պետությունների 15 կառույցներում։ Ծրագիրը, որում ընդգրկված է շուրջ 200 ուսանող, իրականացվում է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և կրթագիտական համապատասխան կառույցի միջև ստորագրված՝ դասավանդման և հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ պայմանագրերի հիման վրա: Օտարերկրյա պետությունների համալսարանների, թանգարանների և գիտահետազոտական կառույցների հենքի վրա ներկայում գործում են 100-ից ավելի հայագիտական կենտրոններ, որոնք կարող են դիտարկվել որպես առանձին հաստատություններ կամ միավորվելով կազմել կրթագիտական համընդհանուր ցանցային կառույց՝ մեկտեղելով կրթագիտական կարողությունը։
15:54 - 11 դեկտեմբերի, 2023