2023 թվականին ավարտվել են 30 դպրոցի, 51 նախակրթարանի, 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները
 |armenpress.am|
15:29 - 22 դեկտեմբերի, 2023

2023 թվականին ավարտվել են 30 դպրոցի, 51 նախակրթարանի, 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am:  2023 թվականին ավարտվել է 30 դպրոցի կառուցման շինարարությունը: Կառուցված բոլոր դպրոցներն ապահովվել են գույքով: Շինարարական աշխատանքներ դեռևս ընթանում են 39 դպրոցում:

Այս մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ 2024 թվականին մեկնարկելու է ևս 168 դպրոցի շինարարություն:

«Կառուցվել և  հիմնանորոգվել է 24 մարզադահլիճ. ևս 5 մարզադահլիճի շինարարություն գտնվում է ավարտական փուլում: 29 մարզադահլիճի համար ձեռք է բերվել գույք, և շինարարությունն ավարտված 24 մարզադահլիճ արդեն կահավորված  է համապատասխան գույքով»,- ասաց նախարարի տեղակալը:

Սվաջյանը նշեց, որ ՀՀ 107 ավագ դպրոցներ, ինչպես նաև հանրակրթական պետական չափորոշչի ներդրման շրջանակում՝ Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցները համալրվել են ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Արմավիրի մարզի 100 դպրոց, Արագածոտնի մարզի 4 դպրոց համալրվել է անհրաժեշտ գույքով և ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Համաձայն ժամանակացույցի՝ 2024 թվականին ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով կհամալրվեն Արագածոտնի մարզի մնացած  դպրոցները:

Անդրադառնալով  մանկապարտեզներին՝  նախարարի տեղակալն  ասաց, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցվել, հիմնանորոգվել և վերակառուցվել է 46 մանկապարտեզ: Այս տարի ավարտին է հասցվել 51 նախակրթարանի և 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Մինչև 2023 թվականի ավարտը շինարարական աշխատանքները կավարտեն 4 նախակրթարանում և 38 մանկապարտեզում: Շինարարության փուլում է գտնվում 14 նախակրթարան և 48 մանկապարտեզ: Նախագծանախահաշվային փուլում է գտնվում 3 նախակրթարան և 31 մանկապարտեզ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել