Ինֆոքոմ

Խորհրդարանը ձեռք չի բերի ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող ամենագնացներ․ պատճառը ներկրման խոչընդոտներն են

Խորհրդարանը ձեռք չի բերի ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող ամենագնացներ․ պատճառը ներկրման խոչընդոտներն են

Կառավարությունն այսօր ուժը կորցրած ճանաչեց ապրիլի 7-ին ընդունված որոշումը, ըստ որի ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսում էր որպես ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենգնաց ավտոմեքենաներ՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահին սպասարկող ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար։ Պատճառը արտաքին գործոններով է պայմանավորված․ մասնավորապես՝ ներկրող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային Ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ Ուստի, ՀՀ Ազգային Ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից։ Այս նպատակով ՀՀ Ազգային Ժողովի 2022 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին վերաբաշխված 54 միլիոն դրամի չափով ֆինանսը  կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։  
12:36 - 04 օգոստոսի, 2022
Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և Ադրբեջանը դա նույնպես պետք է կատարի։ Եթե ոչ, մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները։  «Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Ընդգծեմ, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով ՀՀ-ն կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»,- նշեց նա։  Փաշինյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը ապահովելու պայմանավորվածությանը․ «Մենք ամեն օր պատրաստ ենք այդ կապը ապահովել, Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից։ Մենք այսօր էլ ասում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան։ Հենց այսօր։ Նախորդ տարվանից ունենք ՀՀ մաքսային ծառայության կետ և սահմանապահ ծառայության կետ․ և մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի, ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ։ Ընդ որում՝ ինչ վերաբերվում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ, և մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին քննարկելը համարում ենք երկրորդ հարցը, առաջինը՝ իրավական ընթացակարգերի ամրագրումից և գործարկումից հետո»,- ասաց Փաշինյանը։  Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը․ «Պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանը կարող է հենց մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Եթե բառացի և տառացի, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք ապահովում ենք երթևեկության անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Միայն Ղազախով չէ, Ղախազ-Իջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, մենք դա կարող ենք ապահովել Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ մենք վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք, և մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել»,- եզրափակեց Փաշինյանը։  Փաշինյանը ընդգծեց՝ բոլոր գործողությունները ուղղված են խաղաղության օրակարգի դեմ։ 
12:16 - 04 օգոստոսի, 2022
Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա

Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա

Որքան էլ քննադատվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ-ի անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը։  «Նախ, ԼՂ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե ԼՂ գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, և երրորդը Լաչինի միջանցք, որը ապահովում է ԼՂ կապը ՀՀ-ի հետ։ Ըստ էության, այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն  չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»,- նշեց Փաշինյանը։  Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը այսօր անընդհատ խոսում է ԼՂ ՊԲ-ի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը, և շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է։  Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ զինծառայող չկա։  «Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում Հայաստանում Զինված ուժերի ներկայությունը։ Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,- ասաց նա։  «Ընթացիկ էսկալացիայի համար որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են և ահա թե ինչու։ Նշված հայտարարության վեցերորդ կետում ասվում է․ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»։Այս պահի դրությամբ ՌԴ, ՀՀ-ի Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել։ Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան։ Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է։ Այս պահի դրությամբ մենք որևէ պլանի համաձայնություն չենք տվել, քանի որ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել, չնայած պիտի ընդգծեմ, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ-12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։ Խոսքը այստեղ միայն ճանապարհի կառուցման մասին չէ, պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ի էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»,- նշեց վարչապետը։  Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից. «Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հրապարակային հայտարարել եմ դեռևս 2022 թ․-ի հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում, և, ավելին, Ադրբեջանը ԼՂ-ում սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ-12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգեր տեղի էին ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով։ Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի․ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։ Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի․ վերացնել այդ հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 
11:47 - 04 օգոստոսի, 2022
Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից․ Փաշինյանը անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին

Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից․ Փաշինյանը անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։  Նիտի սկզբում կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Արցախում զոհված զինծառայողների հիշատակը։ «Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցաքային գործոն են արցախահայության անվտանգության ապահավոման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում։ 2020 թ․-ի նոյեմբերից ի վեր՝ ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։  2020 թ․-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թ․-ի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։  Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թ․-ի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով։ Բացի այդ գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր։ Մասնավորապես, 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղպահները։ Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։ Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։ Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020 թ․-ի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար և հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել»։ 
11:21 - 04 օգոստոսի, 2022
Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։  Infocom-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ (առավոտյան 10։30-ի սահմաններում) ՀՀ սահմանին լարվածություն չկա։  «ՀՀ զինված ուժերը աչալրջորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և լիարժեք տիրապետում են իրավիճակին, այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն իրավիճակ է»,- ասաց նա։ Ի պատասխան ճշտող հարցի, թե արդյոք Տավուշի սահմանին ադրբեջանական զորք կամ տեխնիկա է կուտակված, Պն խոսնակը նշեց՝ իր մեկնաբանությունը վերաբերում էր հենց Տավուշի սահմանին տիրող իրավիճակին։ Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ըստ վերջին տվյալների՝ հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ ՊԲ-ի փոխանցմամբ՝  ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:      
11:08 - 04 օգոստոսի, 2022
Դատախազությունը բողոքարկել է «Ռեստարտ»-ի գործով արդարացման դատավճիռը

Դատախազությունը բողոքարկել է «Ռեստարտ»-ի գործով արդարացման դատավճիռը

«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամների՝ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի, Հրաչյա Խլղաթյանի եւ Յուրի Ավագյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Բողոքը ներկայացրել է գործով հանրային մեղադրող (դատախազ) Սեւակ Պողոսյանը։ Վերջինս պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել տղաների վերաբերյալ արդարացման դատավճիռը՝ առեւանգման փորձի մեջ նրանց մեղավոր ճանաչելով, դատապարտելով 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 3 տարի ժամկետով եւ նրանց վրա մշտական բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով : Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը Վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է։ Ըստ այդմ, նախագահող դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը, կազմում են դատավորներ Արսեն Նիկողոսյանը եւ Վազգեն Ռշտունին։ Հիշեցնենք՝ Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի մեջ շուրջ երեք տարի մեղադրվելուց հետո` հունիսի 20-ին, տղաներն արդարացվել էին հանցակազմի բացակայության հիմքով։ Դատավճիռը կայացրել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։ Դատարանն արձանագրել էր, որ ապացուցված չէ ամբաստանյալներին ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը՝ մասնավորապես, նշելով, որ անձի, տվյալ դեպքում՝ նաեւ տուժողի ամեն տեղաշարժ կամ տեղափոխում՝ լինի բռնությամբ թե խմբակային, բացահայտ թե թաքուն, խաբեությամբ թե այլ եղանակով, չի կարող դիտվել որպես առեւանգում: Դատարանը նշել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ առեւանգման օբյեկտիվ կողմն են կազմում այն գործողությունները, որոնք դրսեւորվում են մարդուն՝ նրա կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով եւ մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելով ու այնտեղ պահելով, այնինչ մեղադրական եզրակացությունում, առավել եւս մեղադրանքի որոշման մեջ որեւէ խոսք չկա այն մասին, թե «բացահայտ առեւանգումը» ինչպես է դրսեւորվել, մասնավորապես, ուր պետք է տարվեր տուժողը կամ որտեղ պետք է պահվեր, մինչդեռ գործով ի սկզբանե հաստատված է եղել վերջինիս դիմացի մայթում գտնվող աղբարկղ նետելու կամ այնտեղ տեղափոխելու դիտավորությունը։ Մեղադրանքի նման անհստակ կամ թերի ձևակերպումն ինքնին, ըստ Դատարանի, հիմք է արձանագրելու, որ խախտվել է ամբաստանյալների պաշտպանության իրավունքը, իսկ այդ իրավունքի խախտմամբ մեղադրանքի անհստակությունը կամ անորոշությունն ինքնին բավարար հիմք է այն հաստատված չհամարելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար։ Դատարանը նաեւ արձանագրել էր, որ մեղադրանքում հիշատակում չկա գործով ապացուցված աղբարկղի մասին, ինչը, հնարավոր է, պայմանավորված լինի հենց արարքի սխալ որակումը քողարկելու անհրաժեշտությամբ, այլապես աղբարկղերի առկայության փաստի արձանագրումը կչեզոքացներ կամ անհնարին կդարձներ մեղադրանքի կիսատ ձևակերպումը՝ օբյեկտիվ կողմի նկարագրության մասով: Հակառակ դիրքորոշում ունենալու դեպքում պետք է փաստել, թե անձի բռնի ցանկացած մինիմալ տեղաշարժ առեւանգում է, ինչը, Դատարանի գնահատմամբ, ողջամիտ դիտարկվել չի կարող․ «Այն դեպքում, երբ տեսականորեն հիմք ընդունվի, թե բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելն ու աղբամանում տեղավորելը կապված չէ տարածություն անցնելու (տեղափոխելու) հատկանիշի հետ, եւ աղբամանը դիտարկվում է այլ բնական միկրոսոցիալական միջավայր, ապա կստացվի, թե աղբամանի մոտ գտնվող անձին աղբաման նետելը, հրելը, տեղադրելը պետք է որակվի որպես առեւանգում, եւ եթե նույնիսկ որեւէ մեկը սա դիտի ողջամիտ, ապա պետք է նշել, որ նման մեղադրանք առադրված չէ (մեղադրանքում աղբամանի նկարագրություն, հիշատակում առկա չէ)»,- նշել է դատավոր Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ դատական պրակտիկայում չկա գեթ մեկ հայտնի դեպք (datalex.am համահասանելի տեղեկատվական կայքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով օրինական ուժի մեջ մտած հարյուրավոր դատավճիռներ), երբ անձի՝ նման կարճ տարածության մեջ տեղափոխումը որակված լինի որպես առեւանգում: Դատարանն արձանագրել էր նաեւ, որ առեւանգման մասին հիշատակում, հարցադրում կամ ենթադրություն պարունակող դատողություն առկա է բացառապես տուժողի ցուցմունքում․ «Իսկ եթե վարույթն իրականացնող մարմինը հիմք է ընդունել տուժողի չփաստարկված դատողությունն իրեն առեւանգելու մասին, թերեւս նույն հավանականությամբ հնարավոր կլիներ մեղադրանք առաջադրել կողոպուտի, սպանության եւ վկայակոչած այլ ենթադրությունների համար»,- նշել է դատավորը։ Ինչ վերաբերում է արարքի վերաորակում կատարելու հնարավորությանը, վերջինս արձանագրել էր, որ վերաորակում իրավասու է կատարել բացառապես մեղադրանքի սահմաններում՝ երաշխավորելով պաշտպանության իրավունքի պատշաճ իրացումը․ «Այլ կերպ ասած՝ եթե նույնիսկ ընդունենք, թե դատաքննությամբ հիմնավորվել է ամբաստանյալների կողմից կատարված մեկ այլ ենթադրյալ հանցագործություն, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը (անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), ապա Դատարանն իրավասու չէ կատարել արարքի վերաորակում, քանի որ կաշկանդված է մեղադրանքի ծավալով: Հակառակ մոտեցումը կնշանակի, թե դատարանն իրականացնում է ոչ թե արդարադատության, այլ հանդես է գալիս մեղադրանքի կողմում, ինչն անթույլատրելի է»,- ասված է դատավճռում։ Այնուհանդերձ, դատարանը նշել էր, որ մեղադրանքում չկա նկարագրություն նաեւ անձին ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ենթադրյալ հանգամանքների վերաբերյալ։ Բողոքը վարույթ ընդունելու եւ նիստ նշանակելու վերաբերյալ տեղեկություն դատական տեղեկատվական համակարգում առայժմ առկա չէ։   Միլենա Խաչիկյան
14:45 - 02 օգոստոսի, 2022
«FemInno» կոնֆերանսը լուսանկարներով

«FemInno» կոնֆերանսը լուսանկարներով

Հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի ընթացքում ելույթներ ունեցան և պանելային քննարկումների մասնակցեցին ավելի քան 30 խոսնակներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Խոսնակները ներկայացրին իրենց հաջողության պատմությունները, խոսեցին բիզնեսում, ՏՏ ոլորտում և գիտության մեջ կանանց ներգրավվածության, կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև խնդիրների մասին։ Ներկայացնում ենք «FemInno»-ն լուսանկարներով։ «FemInno»-ի հիմնադիրն է Սեդա Պապոյանը։ Կոնֆերանսի գործընկեր կազմակերպությունները մասնակցում էին աշխատանքի տոնավաճառին։ Կոնֆերանսի խոսնակներից էր կանադացի նորարար և գրող Էնն Մակոսինսկին։ Կոնֆերանսի հյուրերն իրենց ուժերն էին փորձում շախմատի չեմպիոն աղջիկների հետ։ Կոնֆերանսը չէր անցնում առանց երաժշտական դադարների։   Լուսնկարները՝ Գարեգին Խարազյանի  
10:32 - 02 օգոստոսի, 2022
Օգոստոսի 1-ին ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Օգոստոսի 1-ին ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում այսօր երեկոյան 20:00-ի մոտակայքում հրապարակվել է հաղորդագրություն՝ օգոստոսի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։ Հաղորդագրության մեջ ասված է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում․ «27 դիտակետերում ռուսական խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ՝ նշումով, թե ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները 74 ուխտավորների ուղեկցել են Ամարասի եւ Գանձասարի վանքեր։ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում չորս երթուղիներով իրականացվել է պարեկություն։ Ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի երկու ավտոշարասյան ուղեկցում, մեկը՝ Մատաղիս-Գետավան-Վանք, մյուսը՝ հակառակ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ 2020թ․ նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2441,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1939 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26587 պայթուցիկ առարկա։ Ռուսական խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար անընդմեջ փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նշենք, որ այսօր երեկոյան ժամը վեցին Արցախի նախագահի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ նախագահ Հարությունյանը ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, ապա ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել: Այս հաղորդագրությունից հետո՝ երեկոյան ժամը ութի շրջանակներում Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այս հաղորդագրության մեջ ԱՀ ՊՆ-ն այդ ժամին նշել է, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, իսկ կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
23:24 - 01 օգոստոսի, 2022
«Սա կանանց առաջ տանելու, նրանց պոտենցիալը գնահատելու նախաձեռնություն է»․ Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը

«Սա կանանց առաջ տանելու, նրանց պոտենցիալը գնահատելու նախաձեռնություն է»․ Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը

«Սա կանանց ակումբ չէ, սա կանանց առաջ տանելու, նրանց պոտենցիալը գնահատելու նախաձեռնություն է, որը չի կարող գոյություն ունենալ առանց տղամարդկանց մասնակցության ու որոշումների,- ասում է «FemInno» կոնֆերանսի հիմնադիր Սեդա Պապոյանը։ Հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանում անցկացվեց «FemInno» միջազգային կոնֆերանսը, որը միավորել էր ավելի քան 30 խոսնակների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Խոսնակները կոնֆերանսի ընթացքում ներկայացրին իրենց հաջողության պատմությունները, ինչպես նաև խոսեցին բիզնեսում, ՏՏ ոլորտում և գիտության մեջ կանանց ներգրավվածության, կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև խնդիրների մասին։ Սեդա Պապոյանը պատմում է, որ կոնֆերանսի գաղափարը կար դեռ 2020-ին․ «Մենք հինգ տարի շարունակ «Girls in Tech» Հայաստանն ենք ներկայացնում և շատ բան ենք սովորել ու հասկացել Հայաստանում էկոհամակարգի մասին։ Դեռ 2020-ին որոշել էինք, որ ժամանակն է ունենալ  կանանց շուրջ  և նորարարության, տեխնոլոգիաներում նրանց մասնակցության շուրջ միջազգային կոնֆերանս։ Բայց 2020 թ․ իրադարձությունները՝ COVID-ը, հետո պատերազմը, թույլ չտվեցին իրագործել, ու հետաձգվեցին մեր պլանները։ Հիմա վերջապես հասանք դրան»։ Սեդա Պապոյանը Կանադացի նորարար և գրող Էնն Մակոսինսկին (Ann Makosinski) կոնֆերանսի խոսնակներից էր։ Նա իր ելույթում պատմեց, թե ինչպես էր փոքր տարիքում ձեռքն ընկած իրերից խաղալիքներ պատրաստում և ինչպես ավագ դպրոցում ստեղծեց լապտեր, որն աշխատում է՝ օգտագործելով մարդու մարմնի ջերմային էներգիան։ Էնն Մակոսինսկին նշում է՝ ֆենոմենալ է, որ «FemInno»-ի շրջանակում միասին հավաքվել են այդքան երիտասարդ կանայք Հայաստանից և աշխարհից․ ««FemInno»-ն կհամախմբի շատ երիտասարդ կանանց, որոնք հետաքրքրված են գիտությամբ՝ ցույց տալով, որ նրանք մենակ չեն, կան նաև այլ աղջիկներ, որոնք աշխատում են ՏՏ ոլորտում, գիտությամբ են զբաղվում։ Հուսով եմ [կոնֆերանսը] նաև կօգնի կոտրելու գիտությամբ զբաղվող կանանց մասին կարծրատիպերը»։ Էնն Մակոսինսկին Մինչև կոնֆերանսի մեկնարկը հյուրերը հասցրել էին այցելել «PMI Science»-ի գիտահետազոտական կենտրոն և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ «Ես իսկապես տպավորված եմ նրանով, ինչ տեսել եմ Հայաստանում։ Մենք եղանք «Թումոյում»․ ես կցանկանայի փոքր ժամանակ այպիսի ծրագրի մասնակցած լինել։ Ես նաև շատ ոգևորված եմ, որ այստեղ ինձ հանդիպած բազմաթիվ երիտասարդ մարդիկ ցանկանում են մնալ Հայաստանում և դարձնել այն ավելի լավ պետություն»,- նշում է Էնն Մակոսինսկին։ Կոնֆերանսի ընթացքում, բացի հյուրերի ելույթներից և պանելային քննարկումներից, անցկացվում էին դասընթացներ։ Մարզահամերգային համալիրում, որտեղ անցկացվում էր կոնֆերանսը, կարելի էր հանդիպել  շախմատի պատանի չեմպիոն աղջիկների, ինչպես նաև աղջիկ ֆուտբոլիսների, որոնց հետ իրենց ուժերն էին փորձում կոնֆերանսի մասնակցիները։ Կար նաև գիտական անկյուն, որտեղ աղջիկները գիտական փորձեր էին անցկացնում։ «Մենք փորձել ենք ցույց տալ աղջիկների ու կանանց ուժը, ոչ միայն ներուժը։ Այս բոլոր բաղադրիչները գալիս են նորից ցույց տալու, որ ոչինչ սեռերի շուրջ չէ․ խոսքը մասնագիտության և կարողությունների մասին է՝ անկախ սեռից»,- ասում է Սեդա Պապոյանը։ «FemInno»-ին աջակցում են մի շարք կազմակերպություններ, որոնք կոնֆերանսի ընթացքում մասնակցում էին աշխատանքի տոնավաճառին։  «Աշխատանքի տոնավաճառի շուրջ բավական հետաքրքիր նախաձեռնություն ենք սկսել, որը կդառնա օնլայն հարթակ՝ կանանց տարբեր աշխատանքներ առաջարկելու և ոլորտում ներգրավված կանանց գտնելու»,- նշում է Սեդա Պապոյանը։ «FemInno»-ին պիտի մասնակցեր ու ելույթ ունենար նաև Սոնա Մնացականյանը, որն ապրիլին զոհվեց ավտովթարից։ Նրա մահից հետո հարազատները որոշեցին Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ սահմանել։ Կրթաթոշակները տրամադրելու համար դրամահավաք էր կազմակերպվել, որին այժմ էլ հնարավոր է միանալ։ Կոնֆերանսի առաջին օրը Սոնա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը, հայտարարեց այն տասը աղջիկների անունները, որոնց կրթաթոշակ կտրամադրվի։  «FemInno»-ի շրջանակում նաև ստարտափ մրցույթ էր հայտարարվել։ Մրցույթին կարող էին մասնակցել հայաստանյան և արտասահմանյան այն ստարտափները, որոնց հիմնադիրներից առնվազն մեկն իգական սեռի ներկայացուցիչ է։ Կոնֆերանսի երկրորդ օրը ժյուրին ամփոփեց մրցույթի արդյունքները և հայտարարեց հաղթողների անունները։ «FemInno»-ի խոսնակների թվում էին ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ։ Կոնֆերանսին ներկա էին նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, իսկ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդես եկավ բացման խոսքով։ Կոնֆերանսի խոսնակներից էր Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը։ «Վերջին տարիներին կանայք շատ ակտիվ ներգրավված են տարբեր ոլորտներում։ Երբ ԱՄՆ-ից, տարբեր երկրներից պրոֆեսորներ են գալիս, շատ հետաքրքրված են, որ բուհերի ինժեներական, գիտական [բաժիններում] շատ կանայք են ներգրավված։ Բայց վերջերս կառավարությունը շեշտը դնում է մարզերի զարգացման վրա, որ մարզերում կանայք ավելի ակտիվ ներգրավված լինեն»,- նշում է նա։ Հայկ Մարգարյանը Հայկ Մարգարյանի խոսքով՝ կառավարությունը պիլոտային ծրագիր է սկսել և դասընթացներ է կամզակերպում Երևանի ու մարզերի կին ձեռներեցների համար։ Այժմ նախագիծն են ամբողջացնում, որ ծրագիրը ավելի լայն մասշտաներով իրականացնեն։ Խոսելով «FemInno» կոնֆերանսի նպատակների մասին՝ Սեդա Պապոյանը նշում է․ «Ուզում ենք ստանալ համերաշխ ու համագործակցային մթնոլորտ, ուզում ենք, որ մարդիկ նորովի սկսեն վերաբերվել կանանց մասնակցությանը ոչ կանացի ոլորտներում, թեև պիտի հպարտությամբ ասեմ, որ Հայաստանում մենք բավական լավ ցուցանիշներ ունենք։ ․․․․ Պարզապես այստեղ մի շատ կարևոր բան կա․ շարունակաբար կանանց նկատմամբ վստահությունը, միևնույնն է, շատ ցածր մակարդակ ունի, շատ դժվար են կանանց տալիս առաջնորդող դերեր, շատ դժվար են թույլ տալիս միանգամից անցնել գործի։ Կանայք ստիպված են լինում ապացուցել շատ բան, որ կարող են, և հետո նոր պիտի անցնեն գործի»։ Նրա խոսքով՝ կոնֆերանսի գլխավոր նպատակներից մեկը ձևավորելն է մի միջավայր, որի շուրջ կարող են հավաքվել տարբեր խաղացողներ՝ կազմակերպություններ, անհատներ, հասարակական նախաձեռնություններ, ինչպես նաև պետությունը․ «Միանգամից ոչինչ չի փոխվում, իհարկե, բայց մենք կոնֆերանսի շուրջ էս բոլոր կողմերին հանդիպելու, իրար հետ խոսելու, թեմաներ քննարկելու հնարավորություն ենք տալիս, ինչը միանշանակ իր արդյունքները տալու է եթե ոչ առաջիկայում, ապա երկարաժամկետ ապագայում»։ «FemInno»-ն դառնալու է ամենամյա կոնֆերանս․ յուրաքանչյուր տարի ամռանը միջազգային կոնֆերանսի շրջանակում հավաքվելու են կանայք, ինչպես նաև տղամարդիկ։ Իսկ մինչև հաջորդ կոնֆերանսը իրականացվելու են տարբեր նախաձեռնություններ, որոնք կկապեն մի կոնֆերանսը մյուսին։ Աննա Սահակյան
11:48 - 01 օգոստոսի, 2022