Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած ժամանկահատվածում մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը: Սենատի նախագահը նշել է, որ Նիդերլանդներում հիացած են այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-նիդերլանդական օրակարգի առաջխաղացման վերաբերյալ: Ավելի ուշ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիդերլանդների Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զարգացման համագործակցության հանձնաժողովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, մարդու իրավունքներին եւ միգրացիային առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Արցախյան հիմնախնդրին եւ Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին հնարավոր աջակցությանը:
12:55 - 10 հոկտեմբերի, 2019
«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով մեղավորները կպատժվեն. Արարատ Միրզոյան |lragir.am|

«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով մեղավորները կպատժվեն. Արարատ Միրզոյան |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովում ընթացող «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ քայլեր կիրականացվեն իրացման գոտիների բնակիչների իրավունքների վերականգնման ուղղությամբ, իսկ մեղավորները պետք է պատժվեն: «Մեր ջանքերը՝ իրավական պետություն կառուցելու, թերի կլինեն, եթե մենք չանդրադառնանք ժամանակին գերակա հանրային շահի անվան տակ տեղի ունեցած քաղաքացիների ունեզրկման գործընթացին և սեփականության իրավունքի զանգվածային խախտումներին: Խնդիրը, իմ կարծիքով, բազմաշերտ է, ես կանդրադառնամ դրանցից երեքին: Նախ, բազմաթիվ դիտարկումների համաձայն՝ այդ գործընթացում դրսևորվել են գործադիր իշխանության տարբեր օղակների, զանազան բարձրաստիճան պաշտոնյաների ինքնիրավչությունը, կամայականությունը, իսկ գուցե նաև սեփական բիզնես և սեփական շահերը: Այսինքն՝ մենք խոսում ենք կոռուպցիոն հանցագործությունների մասին: Եվ ահա, անցումային արդարադատության շրջանակներում մենք պետք է անպայման կարողանանք անդրադառնալ այս խնդիրներին, վերաքննել դրանք և փաստերի հաստատման դեպքում գտնել և պատժել մեղավորներին»,- ասաց Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ երկրորդ բաղադրիչը հետևյալն է: Բացի գործադիր իշխանության տարբեր ներկայացուցիչների այս շահերից ու մասնակցությունից, դրսևորվել է նաև դատական իշխանության ուժեղ կախվածությունը գործադիր իշխանության այս շահագրգիռ ներկայացուցիչներից: Սրա վառ ապացույցն, ըստ ԱԺ նախագահի, այն է, որ բազմաթիվ կայացված վճիռներ այսօր հակառակ ավարտն են ունենում ՄԻԵԴ-ում: Եվ այն պայմաններում, երբ մի քանի տասնյակ մարդիկ այս գործընթացի արդյունքում դոլարային միլիոնատերեր են դարձել, այսօր ՄԻԵԴ վճիռների պայմաններում ՀՀ-ն արդեն ավելի քանի 2 մլ եվրո դոլարի փոխհատուցում է տվել տուժածներին: «Եվ երրորդ, իմ կարծիքով, ամենակարևոր կոմպոնենտը տուժողների իրավունքների վերականգնումն է: Այս քննությամն կամ վերաքննության արդյունքում փաստերի հաստատման դեպքում մենք պետք է գործնական քայլեր ձեռնարկենք տուժողների իրավունքների վերականգնման ուղղությամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ այսօրվա լսումների ժամանակ հնչեցված ելույթներում արդեն իսկ նշվեցին հանգամանքներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն են արժանի: «Եվ ես այս ելույթների ձայնագրությունը լսումներից հետո ուղարկելու եմ իրավապահ մարմիններին: Նաև ուզում եմ ասել, որ մենք՝ որպես քաղաքական թիմ, մեր իշխանությունը բացարձակապես որևէ կաշկանդվածություն չունի նշածս ուղղություններով քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
11:22 - 07 հոկտեմբերի, 2019
Կոչ եմ անում քաղաքական բանավեճի ընթացքում պահպանել կոռեկտության սահմանները. Արարատ Միրզոյանը՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված Անդրանիկ Քոչարյանի արտահայտության մասին |tert.am|

Կոչ եմ անում քաղաքական բանավեճի ընթացքում պահպանել կոռեկտության սահմանները. Արարատ Միրզոյանը՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված Անդրանիկ Քոչարյանի արտահայտության մասին |tert.am|

tert.am: ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ձևակերպումը՝ ուղղված ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին, գեղեցիկ չէր. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Բայց վերջին ամիսներին մենք Հայաստանում տեսնում ենք բանավեճների, քննարկումների մեջ ոչ վայելուց ձևակերպումներ, որոնց կարիքը չկա: Կարելի է բովանդակալից խոսել, ես կոչ եմ անում բոլորին քննադատության, քաղաքական բանավեճի ընթացքում պահպանել կոռեկտության սահմանները»,- ասաց Միրզոյանը: Նա հավելեց. «Իմ մասնավոր կարծիքով՝ Արփինե Հովհաննիսյանի կողմից Դանիել Իոաննիսյանին վիրավորելը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին «անուղեղ» անվանելը կամ որևէ նման այլ որակումներ տալը որևէ մեկին հիմք չեն տալիս նույն բառապաշարով, նույն կերպ հակադարձել նրան, տգեղ է»: Ինչ վերաբերում է Էթիկայի հանձնաժողով դիմելու հարցին՝ Միրզոյանն ասաց, որ կարծում է՝ Էթիկայի հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերի համար է, չնայած, ըստ նրա, սա էլ է լուրջ դեպք: 
09:14 - 04 հոկտեմբերի, 2019
ԱԺ-ն կընդունի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ի ցանկացած որոշում. Արարատ Միրզոյան |tert.am|

ԱԺ-ն կընդունի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ի ցանկացած որոշում. Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am։ Եթե ԱԺ քվեարկության արդյունքներով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվի, մենք կմտածենք՝ ինչ քայլերի դիմենք, իմ մտքում շատ քայլեր կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը ՍԴ ուղարկելու հարցին: «Ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց պիտի հասկանանք` պրոցեսը հիմա ինչպիսին պիտի լինի», - ասաց նա: Հարցին՝ իրավական քայլեր կա՞ն, նա պատասխանվեց. «Մենք ընդհանրապես որևէ բան որ անում ենք, իրավական կարգավորումների շրջանակում է, բացառվում է իրավական կարգավորումների շրջանակից դուրս որևէ քայլ, ցանկացած հարցի պարագայում»: Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը կարծում է, որ ցանկանում են ՍԴ-ին քաղաքական որոշումներ ընդունելու ճանապարհին լռեցնել, Միրզոյանը արձագանքեց, որ իշխող քաղաքական ուժը որևէ մտադրություն չունի և երբեք չի ունեցել իր համար ենթադրյալ անցանկալի մարդկանց դատական համակարգից հեռացնելու մտադրություն: «Ճիշտ հակառակը՝ մենք միշտ հանդես ենք եկել օբյեկտիվ, արդար, անաչառ դատական համակարգ ունենալու օգտին, և մեր մոտիվացիան մշտապես եղել է դա: Կարծում եմ՝ եթե մենք այդպիսի մտադրություն ունենայինք, այս կամ այն կերպ այս ամիսների ընթացքում դա դրսևորված կլիներ»,- ասաց նա: Անդրադառնալով ԲՀԿ-ի որոշմանը՝ չմասնակցել նախագծի քվեարկությանը՝ Արարատ Միրզոյանը նկատեց, որ ԱԺ երեք ուժերից մեկը այսպիսի կարևոր հարցի շուրջ չի կարող դիրքորոշում չունենալ: «Ես հարգում եմ ԼՀԿ-ի դիրքորոշումը՝ այս նախագծին պաշտպանելը, նույնքան կգնահատեի և կհարգեի ԲՀԿ-ի դիրքորոշումը, եթե նրանք որոշեին դեմ քվեարկել նախագծին»,- ասաց նա: Հարցին էլ՝ կընդունե՞ն ՍԴ որոշումը, ինչպիսին էլ այն լինի, Արարատ Միրզոյանն ասաց՝ այո:
08:51 - 04 հոկտեմբերի, 2019
ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը, որի ցայտուն օրինակ է Լիտվայի խորհրդարանի խոսնակի սպասվող այցը Հայաստան: Ազգային Ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքի համար: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Լիտվայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում իր երկրի մշտական աջակցության համար: Ստանիտե-Տոլոչկիենեն գոհունակությամբ նշել է, որ իր պաշտոնավարումը համընկել է Հայաստանի համար նման պատմական ժամանակաշրջանի հետ եւ ընդգծել, որ Հայաստանի ու Լիտվայի միջեւ ավանդաբար ձեւավորված բարեկամական կապերը առանձնահատուկ դրական միջավայր են ստեղծում քաղաքական երկխոսության համար: Դեսպանի խոսքով՝ Լիտվայում հետաքրքրությամբ են հետեւում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Նա իրենց պատրաստակամությունն է հայտնել աջակցելու այդ օրակարգին, ինչպես նաեւ կիսվելու փորձառությամբ վերականգնվող էներգիայի, պլաստիկի վերամշակման եւ այլ ոլորտներում: Կողմերը համաձայնություն են հայտնել ակտիվացնել միջխորհրդարանական կապերն ինչպես բարեկամական խմբերի, այնպես էլ Եվրաինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժողովների մակարդակում:
10:28 - 27 սեպտեմբերի, 2019
Գլոբալ քաղաքականությունը շատ նման է մեգապոլիսի բազմակողմանի ավտոմոբիլային երթեւեկությանը. Արարատ Միրզոյան

Գլոբալ քաղաքականությունը շատ նման է մեգապոլիսի բազմակողմանի ավտոմոբիլային երթեւեկությանը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովում․ Հարգելի պարոն Վոլոդին, հարգելի պարոն Մուն Հի Սան, հարգելի պարոն Նիգմատուլին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովին: Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ Կորեայի խորհրդարանների ղեկավարներին՝ համաժողովը նախաձեռնելու համար, ինչպես նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել պարոն Նիգմատուլինին, ղազախական կողմին՝ ջերմ ընդունելության եւ ավանդական հյուրընկալության, ինչպես նաեւ միջոցառման հիանալի կազմակերպման համար: Հարգելի գործընկերներ, այս ձեւաչափը եզակի է բազմաթիվ առումներով. նախ` աշխարհագրական ծածկույթով: Այս հարթակը մեզ հնարավորություն է տալիս քննարկելու ամենամեծ մայրցամաքի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության հեռանկարները, ինչն իր հերթին նպաստում է ինտեգրացիոն նախագծերի հաջող զարգացմանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Պատմությունն ապացուցում է, որ սերտ համագործակցությունն ու մարդասիրական հարաբերությունները մարդկության համար խաղաղության եւ առաջընթացի հիմքն են: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ այն գլոբալ մարտահրավերները, որոնք առկա են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ եվրասիական տարածքում: Եվ այս խնդիրների լուծման բանալին շատ պարզ է եւ, միեւնույն ժամանակ, շատ բարդ՝ երկխոսություն, վստահություն եւ գործընկերություն: Հենց այս բանաձեւն է այն խնդիրները լուծելու ճանապարհը, որով մենք, հարգելի գործընկերներ, բախվում ենք բոլորս միասին եւ, բնականաբար, միայն համատեղ ջանքերով կկարողանանք լուծել այդ խնդիրները: Գլոբալ քաղաքականությունը շատ նման է մեգապոլիսի բազմակողմանի ավտոմոբիլային երթեւեկությանը, եւ միայն համակարգված գործողությունները թույլ կտան վարորդներին խուսափելու դժբախտ պատահարներից եւ հասնելու իրենց նպատակակետին՝ արտակարգ իրավիճակներ չստեղծելով ինչպես իրենց ուղեւորների, այնպես էլ այս երթեւեկության մյուս մասնակիցների համար: Չեմ բացահայտի մեկ այլ գաղտնիք, եթե ասեմ, որ այս որոշումը արդիական էր բոլոր ժամանակներում: Եվ պատմության մեջ դուք կարող եք գտնել երկխոսության, վստահության եւ գործընկերության նախագծեր, որոնք ժամանակին ապահովում էին ողջ տարածաշրջանի բարգավաճումը: Որպես ամենավառ օրինակներից մեկը՝ կցանկանայի նշել Մեծ Մետաքսի ճանապարհը: Մեծ Մետաքսի ճանապարհը, լինելով ողջ մարդկության պատմամշակութային ժառանգությունը, կարեւոր դեր ունեցավ Արեւմուտքի եւ Արեւելքի երկրների եւ ժողովուրդների միջեւ տնտեսական կապերի զարգացման գործում: Հայկական լեռնաշխարհում հատվում էին առեւտրային մայրուղիները, հետեւաբար պատմականորեն Հայաստանը դարեր շարունակ Մետաքսի ճանապարհի ամենակարեւոր տարանցիկ կետն էր՝ միացնելով Եվրոպան եւ Ասիան: Այսօր անհրաժեշտ է բարձրացնել ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը, խթանել կապերի զարգացումը: Որպես Եվրասիական տնտեսական միության նախագահող երկիր՝ Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ինչպես կազմակերպության անդամների, այնպես էլ այլ գործընկերների միջեւ: Մեր առաջնահերթությունները ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկ արդյունաբերությունը, եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների տարանջատումը, տնտեսության բարձր տեխնոլոգիաների բնագավառի զարգացումը եւ միության թվային օրակարգի լիարժեք իրականացումը, ֆինանսական հատվածի աճի եւ կայունության ապահովումը: Հայաստանը ջանքեր է գործադրում Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի եւ Հնդկաստանի հետ բանակցություններն արդյունավետ ավարտելու ուղղությամբ՝ համագործակցության առավել փոխշահավետ տնտեսական հարթակներ ձեռք բերելու համար: Իրանի եւ Չինաստանի հետ համաձայնագրերն արդեն վավերացվել են Հայաստանի Ազգային ժողովի կողմից: Հարգելի գործընկերներ, գլոբալիզացիայի դարաշրջանում անթույլատրելի են բաժանարար գծերը եւ փակ սահմանների առկայությունը: Փակ սահմանները, շրջափակումները ամբողջ Եվրասիական տարածաշրջանի խնդիրներն են, քանի որ բաժանարար գծերի պայմաններում անհնար է լիարժեք տնտեսական զարգացում, քաղաքական, մշակութային երկխոսություն: Միջոցների ազատ տեղաշարժը, անխափան շփումները ժամանակակից տնտեսական եւ հումանիտար հարաբերությունների զարգացման ամենակարեւոր պայմաններն են: Եվրասիական տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Հակամարտությունների առկայությունը Հարավային Կովկասում խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը: Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ոտնձգություն է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ խաղաղության համար: Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության անհերքելի իրավունքի հարգումը: Գործընկերներ, այսօր մենք ներկա ենք բաց քննարկման հարթակում՝ հավասար երկխոսության համար: Մենք ցանկանում ենք հարստացնել մեր փորձը եւ գտնել փոխգործակցության առավել արդյունավետ ուղիներ եւ ձեւեր: Համոզված եմ, որ այս իրադարձությունը կնպաստի բարեկամության ամրապնդմանը` բացահայտելով փոխշահավետ համագործակցության նոր ուղիներ՝ հանուն Եվրասիայի ժողովուրդների բարօրության:
13:17 - 24 սեպտեմբերի, 2019
Հրայր Թովմասյանի մինչև 2035թ պաշտոնավարումը՝ ոտնձգություն ՍԴ դատարանի ինքնավարության դեմ. Արարատ Միրզոյան |news.am|

Հրայր Թովմասյանի մինչև 2035թ պաշտոնավարումը՝ ոտնձգություն ՍԴ դատարանի ինքնավարության դեմ. Արարատ Միրզոյան |news.am|

news.am։ Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակին:Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ.«Հետեւելով ՍԴ-ում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակին, չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած մտահոգությունները:1-ին. Այս տարվա սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս եւ իր որոշումը կայացնելիս, ՍԴ-ն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել եւ կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմորդն ունեցած առերեւույթ կողմնակալության հիմքով ՍԴ երեք անդամի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:Ի հավելումս, ՍԴ որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործի համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվե է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում եւ ըստ էության արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդպիսի շտապողականություն:Նույն կարծիքում արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունն ու հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիրոնե բարձրացրել է ՍԴ մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը սակայն տեղի չի ունեցել: Ընդ որում, ես զերծ եմ մնում անփութության կամ դիտավորության վերաբերյալ գնահատականներից, բայց այս ճանապարհով կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին եւ դրանով իսկ պատմական ու քաղաքական կարեւորություն ունի Հայաստանի համար:Ինչ վերաբերում է ՍԴ որոշման բովանդակությանը, ապա վստահաբար կարելի է նշել, որ առանց որեւէ առերեւույթ հիմնավորման, ՍԴ-ն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից:2-րդ. Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ ուղղված ՍԴ դիմումների մասով.Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով՝ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի ՍԴ ԱՈ-81 եւ ՍԴ ԱՈ-82 աշխատակարգային որոշումներով ՍԴ-ն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը: ՍԴ-ն մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված ՀՀ ԱԺ-ն, առ այսօր չի տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը:Ի պատասխան ԱԺ աշխատակազմի կողմից ՍԴ աշխատակազմին ուղղված գրության, ստացվել է ֆորմալ գրություն, որ սույն գործով պատասխանող կողմն ԱԺ աշխատակազմը չէ, եւ դիմումի հայերեն տարբերակը ԱԺ-ին տրամադրվել չի կարող:3-րդ. ՍԴ-ի ինքնավարության եւ քաղաքական ազդեցության մասով.2018 թվականի ապրիլին ուժի մեջ մեջ մտած սահմանդրական կարգավորումներով, ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել, մինչդեռ այդ կարգավորումների ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018-ի մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաեւ այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի մինչեւ 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության, ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական ուժի կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաեւ ոտնձգություն ՍԴ ինքնավարության դեմ:Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ ԱԺ-ն որպես Հայաստանի ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ եւ առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նկարագրված խնդիրների եւ իրավիճակի կապակցությամբ»:
08:06 - 16 սեպտեմբերի, 2019
Ընդդիմադիր խմբակցություններին կվերապահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամից 2-ին առաջադրելու իրավունք. Միրզոյան |aysor.am|

Ընդդիմադիր խմբակցություններին կվերապահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամից 2-ին առաջադրելու իրավունք. Միրզոյան |aysor.am|

aysor.am: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացրած նախագծերի փաթեթը: Փաթեթի հեղինակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են փոփոխություններ՝ մասնավորապես թվարկելով 3 առաջարկ, որոնք կնպաստեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավելի թափանցիկ և անկախ դարձնելուն: «Ընդդիմադիր ֆրակցիաներին կվերապահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամից 2-ին առաջադրելու իրավունք: Այսպես՝ կլինեն երկու ընդդիմադիր թեկնածու, մեկին կառաջադրի կառավարող ֆրակցիան, մեկին կառավարությունը, մեկին էլ ԲԴԽ-ն: Սա հնարավոր տարբերակ է, որ կառավարող քաղաքական ուժը որևէ վերահսկողություն չունենա ոչ միայն ընթացիկ գործունեության առումով, այլև կազմի ձևավորման հարցում: Սա չափազանց ժողովրդավարական առումով մեծ ձեռքբերում է»,- ասաց ԱԺ նախագահը: Մյուս փոփոխությունը վերաբերում է հանձնաժողովում նախագահի թեկնածու առաջադրելուն: Առաջին ընթերցման ժամանակ այդ իրավունքը վերապահվել էր կառավարությանը, մինչդեռ երկրորդ ընթերցմամբ այս դրույթը փոփոխությունների է ենթարկվել. «Նոր մշակված տարբերակով հանձնաժողովի 5 անդամներն իրենց կազմից կընտրեն նախագահ: Սա ևս կորված է մարմնի անկախության բարձրացնելուն», - ասաց նա: Միրզոյանը նաև նշեց, որ խմբակցություններն իրենց առաջադրած և արդեն իսկ ընտրված անդամների հետկանչի հնարավորություն չեն ունենա: «ԱԺ-ն նոր թեկնածու կարող է առաջադրել և ընտրել միայն տվյալ հանձնաժողովի անդամների ընդհանուր եզրակացության հիման վրա», - ասաց Միրզոյանը:
12:22 - 12 սեպտեմբերի, 2019
Հայաստանում փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականություն վարելու ոճը. Արարատ Միրզոյան

Հայաստանում փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականություն վարելու ոճը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ելույթով: «Սիրելի՛ գործընկերներ, ուրախ ենք հյուրընկալել ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին Ազգային ժողովի հարկի տակ: Այս հավաքն առաջինն է, որն անց է կացվում նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունից հետո, երբ մեր պետության քաղաքացիները ոտքի կանգնեցին կյանքի կոչելու մեր հավաքական իղձերը՝ ապրելու ինքնիշխան, ժողովրդավարական, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող երկրում: Եւ սա այն պատգամն է, որ բոլորս՝ յուրաքանչյուր հանրային ծառայող, պարտավոր ենք կյանքի կոչել: Սա անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետության զարգացման կարեւորագույն հանգրվաններից մեկն է: Այն պիտի առիթ դառնա, որպեսզի վերանայվեն, վերաիմաստավորվեն եւ արդյունքում վերահաստատվեն կամ անհրաժեշտության դեպքում էականորեն փոփոխվեն պետական ոլորտային քաղաքականությունները, այդ թվում արտաքին քաղաքականությունը: Այս ուղղությամբ, ինչպես եւ հայտարարվել էր, չեն եղել եւ չեն նախատեսվում աշխարհաքաղաքական ուղենիշների փոփոխություններ, բայց փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականություն վարելու ոճը թերեւս, առնվազն որովհետեւ եթե դեսպանները, օրինակ, մի յուրօրինակ առաջնագծում առանց զենքի պաշտպանում են երկիրը, նրանք չեն կարող նույն փաստարկային բազայով կամ նույն դիրքերից հանդես գալով կամ նույն մեթոդով ու բառակազմով պաշտպանեն այն, ինչն էականորեն փոխվել է: Իսկ Հայաստանն, արդեն ասացի, էականորեն փոխվել է: Փոխվել է, դեռեւս գուցե ոչ բոլոր ուղղություններով վերջնական արդյունքների առումով, բայց հաստատապես այն արժեքների, այն գաղափարական, փիլիսոփայական հենքի առումով, որի վրա կառուցվում է պետությունը եւ նրա բոլոր ինստիտուտները, այն հենքի առումով, որի վրա կառուցվում են հասարակական հարաբերությունները: Ըստ այդմ՝ Հայաստանն աշխարհին պիտի ներկայանա որպես ինքնիշխան, սեփական շահերը գիտակցող եւ համարձակորեն պաշտպանող, միեւնույն ժամանակ գործընկերային եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետեւ Հայաստանում արդեն ամրագրվել են ժողովրդավար պետություն կառուցելու երաշխիքները. Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտակցում է, որ հանդիսանում է իշխանության միակ աղբյուրը: Օգտագործեք այս օրերին Հայաստանում գտնվելու փաստը եւ շփվեք փողոցում մեր քաղաքացիների հետ, այն քաղաքացիների հետ, որոնց ներկայացնում եք արտերկրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է, քան երբեւէ, զգում է իր` իշխանության աղբյուր լինելն ավելի, քան երբեւէ, պահանջատեր է, քան երբեւէ, հաստատակամ է, քան երբեւէ: Սա մեր աշխատանքում պիտի լինի առաջ մղող եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող կարեւորագույն գործոնը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին յուրաքանչյուրիցս ակնկալում է ամբողջապես այլ արժեքների վրա հիմնված գործողություններ: Այս առումով գտնում եմ, որ շատ խորհրդանշական է ընտրված դեսպանաժողովի անունը՝ «Արժեքներ գործողության մեջ: Հայաստանի շահերը արագ փոփոխվող աշխարհում»: Եվ իսկապես, այս արագ փոփոխվող աշխարհագրական փոփոխությունների համատեքստում Հայաստանի ինքնիշխանության շահերն առաջ մղելու համար անհրաժեշտ է անշեղորեն հետեւել ազգային եւ ժողովրդավարական արժեքներին եւ չհապաղել մեր գործողություններում: Իսկ դիպուկ եւ տեղին գործելու համար անհրաժեշտ է զգալ մեր պետության զարկերակը, ինչպես նաեւ արձանագրել այն կարեւորագույն իրադարձությունները, որոնք պայմանավորել են հայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների ողջ տրամաբանությունը: Այս համատեքստում կցանկանայի եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հանգրվանային երկու այլ իրադարձությունների, որոնք անկյունաքարային են հայկական ժողովրդավարության համար, որն արդարացիորեն ձեր դիվանագիտական զինանոցում գտնվող կարեւորագույն գործիքներից մեկն է: Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության անցումն է կառավարման խորհրդարանական մոդելին: Երկրորդը՝ 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որոնք ոչ միայն բարձրագույն լեգիտիմություն ունեցան Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում, այլ նաեւ արժանացան ամենաբծախնդիր միջազգային գործընկերների ամենաբարձր գնահատականին: Կարծում եմ՝ վերոնշյալ երկու իրադարձությունները պայմանավորում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` որպես ինստիտուտի եւ Ազգային ժողովի պատգամավորների` որպես այս ներկայացուցչակական մարմնի անդամների դերակատարությունը ոչ միայն Հայաստանի ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական կյանքում: Պատահական չէ, որ ելույթս սկսեցի հենց «հարգելի գործընկերներ» բառերով, որովհետեւ դահլիճում հավաքված թե՛ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, թե՛ Ազգային ժողովի պատգամավորները արտաքին քաղաքականության համատեքստում միեւնույն գործն են անում՝ արտերկում ներկայացնելով մեր հայրենիքի շահերը: Վստահաբար տեղյակ եք, թե ինչ ծավալի աճ ունի եւ որքան է ինտենսիվացել խորհրդարանական դիվանագիտությունը, որն արդեն իսկ, թույլ տվեք ասել, մի քանի շոշափելի արդյունքներ է արձանագրել: Փոխըմբռնում, փոխլրացում եւ փոխօգնություն: Ահա այն բանաձեւը, որն, ըստ իս, մեր համատեղ արդյունավետ աշխատանքի գրավականն է: Այստեղ հավաքված պատգամավորներն իհարկե պետք է հետեւեն արտգործնախարարության կողմից մշակված ուղենիշներին, առաջարկվող բանաձեւերին ու զանազան ձեւակերպումների իմաստային նրբություններին, բայց նրանք նաեւ պիտի մասնակից լինեն այդ ուղենիշների մշակմանը: Նրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Կարող եմ վերաձեւակերպել՝ նրա՛նք են իրենց առաջնային մանդատով ներկայացնում Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այս ամիսների ընթացքում արդեն իսկ ունենք արդյունավետ համագործակցության հաջողության պատմություններ եւ վստահ եմ, որ այսօրվա քննարկումը նույնպես կտա իր պտուղները: Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել ձեզ, հարգելի գործընկերներ, եւ բոլորիս այսօր մաղթել բեղմնավոր քննարկումներ՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության ազգային շահերի»,-ասել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:
10:29 - 29 օգոստոսի, 2019
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ

Օգոստոսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել դեսպանին, ով այս տարիների ընթացքում իր գործունեությամբ ապացուցել է, որ Հայաստանի իրական բարեկամն է: Արարատ Միրզոյանը հավելել է, որ իր համար շատ հաճելի էր համագործակցել դեսպան Սվիտալսկու հետ:ԵՄ դեսպանի խոսքով՝ իր համար պատիվ էր աշխատանքը Հայաստանի համար կարևոր զարգացումների այս փուլում և ընդգծել է, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում, ինչում իր դերն ունի նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգը:Հանդիպման ավարտին Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է, որ ԵՄ-ը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և մենք պիտի շարունակական ջանքեր գործադրենք ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացման և համատեղ օրակարգի մնացյալ ուղղություններով նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:
13:49 - 23 օգոստոսի, 2019