Փաստերի ստուգում

Փոխոստիկանապետն ու ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենը պարետի որոշմանը հակասող մեկնաբանություն են արել․ լրագրողները եւս պարտավոր են լրացնել հատուկ ձեւաթուղթը

Փոխոստիկանապետն ու ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենը պարետի որոշմանը հակասող մեկնաբանություն են արել․ լրագրողները եւս պարտավոր են լրացնել հատուկ ձեւաթուղթը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոնյանը երեկ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով պարետի որոշմամբ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման առանձնահատկությունները, նշեց, որ սահմանված նորմերը վերաբերում են բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին։ Նա, մասնավորապես, ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի տնից դուրս գալիս պետք է լրացնի արտակարգ դրության ժամանակ իր տեղաշարժի մասին հատուկ ձեւաթուղթ, որի վրա պետք է նշված լինի անձի անունը, ազգանունը, հայրանունը, ելքի հասցեն, ելքի ժամը, այցելության վայրի հասցեն ու անվանումը, այցելության նպատակն ու վերադարձի ակնկալվող ժամը։ Սուրեն Քրմոյանը, պատասխանելով armeniasputnik.am կայքի լրագրողի ճշտող հարցին, թե՝ այդ սահմանափակումները նաեւ լրագրողների՞ն են վերաբերում, նախ նշեց, որ ցանկացած քաղաքացու պարագայում ցանկալի է նվազագույն տեղաշարժ։ Այնուհետեւ նա ընդգծեց, որ այս օրերին բոլոր պետական մարմինները չեն աշխատելու, ողջ ինֆորմացիան մաքսիմալ հասանելի է լինելու առցանց հարթակներում, եւ բոլոր սահմանափակումները կիրառվելու են նաեւ լրագրողների պարագայում։ Հարկ է նշել, որ սա ոչ թե Քրմոյանի անձնական մեկնաբանությունն է, այլ Պարետ Տիգրան Ավինյանի՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ N 16 որոշման հիման վրա արված պարզաբանում։ Նշյալ որոշման առաջին կետի համաձայն՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանված է անձանց պարտադիր ինքնամեկուսացում՝ իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։   Որոշմամբ լրագրողների համար որեւէ բացառություն սահմանված չէ։ Մնացած բացառություններին կարող եք ծանոթանալ փաստաթղթում։ Փոխվարչապետի խորհրդականի ասուլիսից հետո՝ երեկ երեկոյան, վարչպետի աշխատակազմին կից Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարեց գրառում՝ նշելով, որ առաջիկա օրերին աշխատելու ընթացքում լրագրողների տեղաշարժը չի սահմանափակվի, եթե նրանք ունենան բեյջեր։ Մովսիսյանը գրառման մեջ հավելել է, որ լրացրած ձեւաթուղթ, կամ ձեւաթղթի տրամաբանությամբ ձեռագրով գրված թուղթ պետք է լինի քաղաքացիների դեպքում։ Այսօր էլ ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, ի պատասխան լրագրողի հարցի, ասաց, որ եթե լրագրողները ցույց տան աշխատանքային բեյջերը, ձեւաթուղթը պարտադիր չէ․ իրենք այդպես են հրահանգավորել ոստիկաններին։ Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի հայտնած տեղեկությունները հակասում են պարետ-փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմանն ու վերջինիս խորհրդական Սուրեն Քրմոյանի մեկնաբանությանը։ Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք պարետատան մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանի հետ։ Վերջինս Infocom-ի հարցին ի պատասխան՝ հաստատեց Սուրեն Քրմոյանի մեկնաբանությունն ու եւս մեկ անգամ նշեց, որ Պարետի որոշման համաձայն՝ սահմանափակումները եւ հատուկ ձեւաթուղթը լրացնելու պարտադիր պահանջը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, անկախ նրանից՝ աշխատանքային բեյջ կա, թե ոչ։ Հովհաննես Մովսիսյանից եւ ոստիկանությունից այս պահին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Փաստացի ստացվում է, որ պաշտոնյաները կամայական մեկնաբանություններով են հանդես եկել։ Սակայն պաշտոնական փաստաթուղթն այս պարագայում Պարետի համապատասխան որոշումն է։ Ըստ այդմ՝ հիմնվելով այդ որոշման վրա՝ լրագրողները եւս պետք է լրացնեն արտակարգ դրության ժամանակ տանից դուրս գալու համար նախատեսված հատուկ ձեւաթուղթը։ Հետգրություն․ Ավելի ուշ Հովհաննես Մովսիսյանը մեր գրավոր հարցին, թե որ պաշտոնական աղբյուրի հաղորդած տվյալների հիման վրա է նման գրառում կատարել, պատասխանեց, որ քանի որ սահմանափակումների մասին հայտնի դառնալուց հետո բազմաթիվ լրատվամիջոցներից հարցնում էին՝ ինչպես են աշխատելու, այդ պահին որոշեցին լրագրողների աշխատանքը չխոչընդոտելու համար նրանց հնարավորություն տալ։ Բայց, Մովսիսյանի խոսքով, քանի որ պարզվեց վերջնական որոշումով նման առավելություն չի կարող լինել, հիմա լրագրողները նույնպես պետք է լրացնեն ձևաթուղթը։ Հայարփի Բաղդասարյան
18:28 - 25 մարտի, 2020
 «Մոգո» վարկային կազմակերպությունը չի ընդառաջում հաճախորդներին

«Մոգո» վարկային կազմակերպությունը չի ընդառաջում հաճախորդներին

Այսօր «Մոգո» վարկային կազմակերպության հաճախորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ երեկ «Մոգո» ՈՒՎԿ-ի աշխատակիցներից մեկը զանգել է իրեն և  սպառնացել, որ վարկը ժամանակին չմարելու դեպքում տույժ/տուգանք կկիրառվի, ավելին՝ էլեկտրոնային փոստով ծանուցել են՝ առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին։ Ծանուցումը ներկայացնում ենք ստորև․ Հաճախորդը նշեց, որ օգտվում է «Մոգո» ՈւՎԿ-ի ավտովարկից։  Տեղեկացրեց, որ երբեք ուշացում չի ունեցել։ Ուշացված գումարը միայն այս ամսվա հերթական մարման գումարն էր։ Նշենք, որ «Մոգո» ՈւՎԿ-ի գլխավոր տնօրենը վարչապետի հասարակական հիմուքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանն է։ Դեռ ս/թ մարտի 13-ին banks.am կայքում տեղադրվել էր վերոնշալ վարկային կազմակերպության հաղորդագրությունը, ըստ որի «Մոգո» ՈՒՎԿ-ն, կարեւորելով սոցիալական պատասխանատվությունը, ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է անհրաժեշտության դեպքում վերանայել վարկերի գրաֆիկները՝ մարտ ամսվա մարումները տեղափոխելով ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: Ընդ որում՝ հաղորդագրության մեջ նշվում էր, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները՝ վերակառուցումը հնարավոր է իրականացնել հեռախոսազանգի միջոցով։ Այս հայտարարությունը մարտի 17-ին հեռացվել է վարկային կազմակերպության ֆեյսբուքյան էջից, սակայն ոչ banks.am կայքից։ Մեզ հետ զրույցում ահազանգող հաճախորդն ասաց, որ ինքը չի իմացել վերոնշյալ հայտարարության մասին, իսկ աշխատակիցներն իր հետ զրույցում չեն տեղեկացրել, որ կարող է դիմում գրել և հետաձգել վարկի մարումը։ «Մոգո» վարկային կազմակերպությունից այս օրերին բազմաթիվ բողոքներն են գրանցվել։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մարտի 19-ին և 20-ին անդրադարձել էր այս վարկային կազմակերպության վարքագծի վերաբերյալ ահազանգերին։ Մարտի 20-ին նշել էր, որ «Մոգո» վարկային կազմակերպության հաճախորդների սպասարկման վարչության բաժնի ղեկավարի հետ է խոսել, իրեն հավաստիացրել է, որ  բոլոր դիմումներին անդրադառնում են։ Նշենք, որ դեռևս մարտի 20-ին «Մոգո» ՈւՎԿ-ի աշխատակիցը Infocom-ի զանգին ի պատասխան նշեց, որ համարը կփոխանցի իրավասու անձին և մեզ հետ կապ կհաստատեն։ Այսօր կեսօրին և մինչև աշխատանքային ժամի ավարտը վարկային կազմակերպության աշխատակիցները մեզ տվեցին նույն պատասխանը, սակայն այդպես էլ լրատվամիջոցների հարցերին պատասխանող իրավասու անձը մեզ հետ կապ չհաստատեց։ Կազմակերպության գլխավոր տնօրեն, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ևս չպատասխանեց մեր զանգերին։ Արփի Ավետիսյան
19:46 - 24 մարտի, 2020
 COVID-19-ը կարո՞ղ է նվազել մարտի վերջից․ մի հրապարակման պատմություն

COVID-19-ը կարո՞ղ է նվազել մարտի վերջից․ մի հրապարակման պատմություն

Մարտի 21-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի կայքում հրապարակվել էր «Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից» վերտառությամբ հոդված։ Հոդվածում մասնավորապես նշվում է․ «Մերիլենդի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման դեմ միջոցների մշակման գործում խորհուրդ են տալիս հաշվի առնել եղանակային կանխատեսումները։ Հետազոտողները ուշադրություն են դարձրել, որ COVID-19-ի ամենախոշոր համաճարակները բռնկվում են այն երկրներում, որոնք գտնվում են մոլորակի հյուսիսային կիսագնդի բավականին նեղ լայնության գոտիներից մեկում: Հենց այստեղ են տեղակայված Իտալիան, Իսպանիան, Իրանը, Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան, ինչպես նաև Չինաստանը»։ Վերոնշյալը վերցված էր ռուսական Vesti.ru կայքից։ Ո՛չ «Լուրեր»-ի կայքում, և ո՛չ էլ vesti.ru-ում հղում տրված չէր հետազոտողների զեկույցի բնօրինակին։ Infocom-ը որոշեց պարզել, թե արդյոք ճշգրիտ է ներկայացված այս տեղեկությունը։ Նախ նշենք, որ զեկույցը միայն Մերիլենդի համալսարանի հետազոտողների կողմից չէ պատրաստվել։ Ուսումնասիրությանը մասնակցել են նաև ամերիկյան երկու կազմակերպություններ (Global Virus Network, The Nature Conservancy), ինչպես նաև երկու հետազոտողներ Թեհրանից (Իրան)։ Զեկույցը պատրաստողների կազմը կարող եք տեսնել ստորև․ Զեկույցի բնօրինակի հենց սկզբում նշվում է, որ վիրուսի վրա ջերմաստիճանի ազդեցության վերաբերյալ իրենց ներկա ընկալումը դեռևս թերի է։ Բացի այս, այն քարտեզը, որում պատկերված է ջերմաստիճանային գոտիները, պատրաստվել է փետրվար ամսին, երբ կորոնավիրուսի տարածումը ներկայիս մակարդակի վրա չէր գտնվում։ Հետազոտության համահեղինակ Էնթոնի Ամորոսոն Մերիլենդի համալսարանին տրված հարցազրույցում ասել է․ «Կարևորն այն է, որ սա ստուգելի վարկած է։ Եթե ճիշտ լինի, ապա այն կարող է շատ օգտակար լինել առողջապահական համակարգի պատրաստվածության, հսկողության, և վիրուսի զսպման համար»։ Այսպիսով, հանրայինի «Լուրեր»-ի  կայքում հրապարակված հոդվածն ընդամենը որոշ հետազոտողների կողմից առաջ քաշված վարկած է, որը դեռևս, հենց նույն հետազոտողների կարծիքով, ունի կատարելագործման, ճշտման կարիք։ Նշենք, որ ըստ topuniversities.com կայքի՝ Մերիլենդի համալսարանն աշխարհի համալսարանների շարքում 136-րդ տեղում է։
18:22 - 23 մարտի, 2020
«Հայէկոնոմբանկ»-ի աշխատակիցները զանգում են հաճախորդներին, սակայն չեն պարտադրում մարել վարկերը․ տույժերի չկիրառումն ուժի մեջ է

«Հայէկոնոմբանկ»-ի աշխատակիցները զանգում են հաճախորդներին, սակայն չեն պարտադրում մարել վարկերը․ տույժերի չկիրառումն ուժի մեջ է

Այսօր mamul.am կայքում տեղ է գտել «Գռզոյի «Հայէկոնոմբանկ»-ը քաղաքացիներից պահանջում է վարկերը վճարել ժամանակին» վերնագրով հրապարակում, որում նշվում է, որ, չնայած «Հայէկոնոմբանկ»-ը սույն թվականի մարտի 16-ին հայտարարել է, որ  մարտի 16-ից մինչև մայիսի 17-ը  վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից  նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունը չկատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չի կիրառի և չի համարի պայմանագրային պարտավորությունների չկատարում, այնուամենայնիվ բանկի աշխատակիցները զանգում են վարկառուներին և հիշեցնում, որ վարկերի վճարումների օրն է և պետք է կատարել վճարումները։ Վերոնշյալ տեղեկությունը պարզելու համար կապ հաստատեցինք «Հայէկոնոմբանկ»-ի հետ։ Բանկի աշխատակիցն ասաց, որ համապատասխան մասնաճյուղի համապատասխան աշխատակիցներ զանգում են իրենց հաճախորդներին՝ համենայն դեպս ստուգելու՝ արդյոք հնարավորություն ունեն։  «Եթե հնարավորություն ունեն, թող վճարում կատարեն, եթե ոչ՝ ուշացում չի համարվում»,-մասնավորապես նշեց աշխատակիցը։ Նա նաև հավելեց, որ կորպորատիվ հաճախորդների դեպքում իրականացվում է անհատական մոտեցում։ Նշենք նաև, որ բանկն իր մարտի 16-ի հայտարարության մեջ ևս անդրադարձել էր հնարավորության դեպքում վճարումներ կատարելուն՝ նշելով հետևյալը․ «Այդուհանդերձ, եկամուտ ունեցող վարկառուներին հորդորում ենք կատարել վարկերի հերթական մարումները՝ համաձայն գործող ժամանակացույցի՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից»: Այսպիսով, չնայած նրան, որ mamul.am-ի հրապարակումը՝ բանկի աշխատակիցների կողմից իրականացվող զանգերի մասով ճիշտ է, սակայն այն, որ բանկը չի կատարում իր հայտարարածը սխալ է, քանի որ չվճարելու դեպքում մինչև 17-ը տույժեր չեն կիրառվելու, իսկ աշխատակիցների կողմից իրականացվող զանգերը պարտադրանքի համատեքստում չեն։
17:29 - 23 մարտի, 2020
Hraparak.am-ի պնդումները՝ Չարենցավանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, մանիպուլյատիվ են

Hraparak.am-ի պնդումները՝ Չարենցավանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, մանիպուլյատիվ են

Hraparak.am կայքում երեկ հրապարկվել է «Պարետատունը չգիտի՞, թե՞ չի ուզում ասել՝ քանի վարակված կա Չարենցավանում» վերտառությամբ մի հոդված, որտեղ որոշ խնդրահարույց պնդումներ կան։ Մասնավորապես, հրապարակման մեջ նշված է, որ եթե մինչեւ երկու օր առաջ օրական երկու անգամ էին թարմ թվեր հրապարակում, ապա արդեն երկու օր է՝ կառավարությունը որոշել է օրը մեկ անգամ ինֆորմացիա տալ, կայքի համոզմամբ՝ «երևի, որ խուճապ չտարածվի բնակչության շրջանում»: Այնինչ, առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Infocom.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ հաստատված նոր դեպքերի մասին ինֆորմացիան այսուհետ հրապարակվելու է մեկ անգամ՝ միայն տեխնիկական հարմարությունից ելնելով։ Բանն այն է, որ նախորդ օրերին հաստատված նոր դեպքերի մասին մի քանի անգամ տեղեկություն էր հրապարակվում, լաբորատորիան տվյալներն ամփոփում էր օրը մի քանի անգամ, ինչը լրացուցիչ աշխատանք է։ Իսկ հիմա ողջ օրվա թեստերի քանակն ու նոր դեպքերի մասին տվյալները հավաքում են, հաջորդ օրն առավոտյան հայտարարում ընդհանուր թիվը։ Այնուհետեւ, հոդվածում նշված է․ «Բնավ ոչ խուճապ տարածելու նպատակով նկատենք, սակայն, որ ակնհայտ է՝ այս թվերն աճելու են, ինչպես աճեցին այս օրերի ընթացքում, երբ մի քանի հաստատված դեպքերը օր-օրի շատացան ու դարձան 190»: Նշենք, որ մինչ այս պահը Պարետը, պարետատան ներկայացուցիչները, պաշտոնական հաղորդագրությունները երբեւէ չեն նշել, թե դեպքերը նվազելու են։ «Հրապարակ»-ը գրել է, որ, ըստ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ հանրագումարով հաստատված այդ 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների՝ Էջմիածնի ու Շենգավիթում գործող արտադրամասի հետ: Միեւնույն ժամանակ, տեքստում նշված է․ «Սակայն ամբողջ հարցն այն է, որ մեզ չեն ասում, թե այդ 157 դեպքից քանիսն են Էջմիածնից, քանիսը՝ Չարենցավանից, որտեղից տասնյակ քաղաքացիներ կան, որ աշխատում են Շենգավիթի այդ հայտնի կարի արտադրամասում, և քանիսն են այլ քաղաքներից»: Նախ նշենք, որ հոդվածում ոչ մի հղում չի արվում որևէ աղբյուրի (պաշտոնական կամ ոչ պաշտոնական), ինչն էլ հենց սկզբից ստեղծում է լուրի ոչ հավաստիության տպավորություն։ Որևէ աղբյուրին հղում չանելով՝ հոդվածագիրը կամայականորեն նշում է թվային տվյալներ՝ Չարենցավանում վարակակիր անձանց մասին։ «Հրապարակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, գրում է, թե Չարենցավանում ոչ թե երկու վարակված կա, այլ մոտ երկու տասնյակ, եթե ոչ ավելի: Նույն տեղեկություններին հղում անելով՝ տեքստում գրված է, թե նաև այլ քաղաքներից կան վարակվածներ՝ Գյումրիից, Սյունիքի մարզի քաղաքներից, այդ թվում՝ Մեղրիից․ «Բայց պարետատունը որևէ կերպ որևէ տվյալ չի ցանկանում այս մասով հաղորդել, որ իմանանք՝ որ քաղաքում քանի վարակակիր կա, որպեսզի նաև զգուշանան մարդիկ»: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Հայաստանի բոլոր ինֆեկցիոն հիվանդանոցներում կան տարբեր բուժումներ ստացող անձինք, այդ թվում՝ կորոնավիրուսով, դրա համար տարածաշրջանների բաժանելը որեւէ իմաստ չունի։ Ալինա Նիկողոսյանն ընդգծեց՝ որ պահին զգան, որ որեւէ տեղ կա ինչ-որ օջախ, ինչպիսին էջմիածնում էր, անպայման դրա մասին հանրությանը կտեղեկացնենք։ Բայց, նրա վստահեցմամբ, այս պահին Էջմիածնի օջախը փակել են ամբողջությամբ, այնտեղ դեպքեր չեն ավելանում, իսկ վիրուսի նման տարածում որեւէ այլ մարզում չկա, որ կարիք լինի առանձնահատուկ հրապարակելու եւ մարդկանց զգուշացնելու․ «Բոլոր բնակավայրերում հնարավոր է մեկ-երկու դեպք, բայց ոչ օջախներ, որոնք առնաձնհատկություն ունեն։ Այդ թվում Չարենցավանում որեւէ օջախ չկա»,- շեշտեց առողջապահության մամուլի խոսնակը։ «Բայց պարետատունը որևէ կերպ որևէ տվյալ չի ցանկանում այս մասով հաղորդել, որ իմանանք՝ որ քաղաքում քանի վարակակիր կա, որպեսզի նաև զգուշանան մարդիկ»․ «Հրապարակ»-ի հոդվածի այս հատվածը մանիպուլյատիվ է, քանի որ վարակվածների մասին նոր տվյալներ հաղորդելուն զուգընթաց՝ պաշտոնական աղբյուրները, պաշտոնյաները քաղաքացիներին պարբերաբար կոչ են անում վիրուսից պաշտպանվելու ու վիրուսակիր անձանց հետ շփումից խուսափելու համար կատարել անհրաժեշտ միջոցառումներ, պահպանել արտակարգ դրության ռեժիմով սահմանված կանոնները։  Բացի այս, եթե նախարարությունն ու պարետատունը հայտնել են վիրուսի երկու խոշոր օջախների՝ Էջմիածնի ու Երեւանի արտադրամասի մասին, նշել են, որ Չարենցավանում արձանագրված դեպքեր կան, ապա անտրամաբանական կլինի մեկ այլ օջախի առկայության պարագայում դրա մասին տեղեկություն չհաղորդնելն ու, ինչպես հոդվածագրի մտահոգությունն է, «մարդկանց չզգուշացնելը»։ Հետեւաբար, հոդվածում առկա պնդումը, թե հաստատված դեպքերի թիվը այսուհետ օրական մեկ անգամ ներկայացնելը խուճապ չառաջացնելու համար է, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, որոշումն աշխատանքային գործընթացը արդյունավետ դարձնելու համար է։  Պնդումը, թե Պարետատունը չի ցանկանում Չարենցավանի վարակակիրների թվի մասին տեղեկություն տալ, որ մարդիկ նաեւ զգուշանան, քանի որ այնտեղ արդեն 2 տասնյակ վիրուսակիր կա, դարձյալ անհիմն է, որովհետեւ հստակ ցուցում կա՝ մարդիկ ցանկացած պարագայում պետք է զգուշանան, քանի դեռ չի հայտարարվել, որ երկրում վտանգը չեզոքացված է։ ՀայԱրփի Բաղդասարյան
16:26 - 23 մարտի, 2020
ԱՀԿ հայաստանյան գրասենյակը չի հաստատում մեծ հիվանդանոցներում մոնիթորինգի մասին «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը

ԱՀԿ հայաստանյան գրասենյակը չի հաստատում մեծ հիվանդանոցներում մոնիթորինգի մասին «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը

Այսօր «Հրապարակ» օրաթերթում գրվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) ներկայացուցիչները մի քանի օր է, ինչ Հայաստանում են և մոնիթորինգ են իրականացրել Հայաստանի մեծ հիվանդանոցներում: Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ մեծ հիվանդանոցներից մեկի պատասխանատուն ԱՀԿ-ի իրականացրած մոնիթորինգի մասին իրենց հայտնել էր հետևյալը․ «Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը։ Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա… բուն էպիդեմիան սկսվելու դեպքում չի լինելու 2-4 դեպք, կարող են լինել 100-200-ից ավելի։ Որոշել ենք, որ հիվանդանոցներն արտակարգ իրավիճակի ռեժիմով են աշխատելու՝ ինչպես պատերազմների ժամանակ»: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնից Infocom-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ եթե մոնիթորինգ լիներ, ապա պաշտոնական հաղորդում կներկայացվեր։  Այնուամենայնիվ, խնդրեցին պաշտոնական հարցում ուղարկել՝ տեղեկատվությունը վերջնական ստուգելու համար, որի պատասխանը կներկայացնենք առաջիկա օրերին։
18:20 - 13 մարտի, 2020
Հանրային հեռուստաընկերությունը, կուրթանցի ընտանիքն ու Նիկոլ Փաշինյանը․ առանց եզրակացության

Հանրային հեռուստաընկերությունը, կուրթանցի ընտանիքն ու Նիկոլ Փաշինյանը․ առանց եզրակացության

Այս տարվա մարտի 7-ին սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Գյուլագարակ գյուղ, որտեղ նրան մոտեցավ Մեխակ Առաքելյանը՝ նշելով, որ երկրաշարժի ժամանակ տուն են կորցրել և հիմա բնակվում են վագոն-տնակում։ Նիկոլ Փաշինյանը բնակչին պատասխանեց հետևյալը․ «Զբոսաշրջության աճ ենք ապահովել, ճանապարհ ենք կառուցել, հետն էլ բնակարան երիտասարդ ընտանիքին ծրագիր ենք դրել, եկամտահարկի վերադարձման ծրագիր ենք դրել, աշխատիր Հայաստան ծրագիր ենք դրել: Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, մի հատ բան ստեղծի, աշխատի, գնա տունդ սարքի, վարչապե՞տն է քո տունը սարքելու: Բա քեզ նման տղեն բա՞ն է, կներես, մի քիչ էլ արժանապատվության հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդուն կասի՝ արի իմ տան հարցը լուծի, իմ հացի հարցը լուծի՞, բա մեր հացի հարցը ո՞վ է լուծել, լուծել ենք՝ չարչարվելով»: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց այցի տեսանյութը հետևյալ վերտառությամբ՝ «Անակնկալ կանգառ Գյուլագարակում եւ շատ կարեւոր խոսակցություն վերջում»: Մեխակ Առաքելյանի սոցիալական անապահովության խնդրի վերաբերյալ մարտի 7-10-ը հրապարակումներ չեղան։ Կառավարող ուժի ներկայացուցիչները ևս չանդրադարձան տեղի ունեցածին։ Երեկ՝ մարտի 10-ին news.am լրատվականը հրապարակեց ռեպորտաժ Մեխակ Առաքելյանի ընտանիքի, սոցիալական պայմանների, առողջական խնդիրների վերաբերյալ, ինչը մեծ տարածում գտավ և  խնդրի վերաբերյալ հանրային քննարկում առաջ բերեց։ Արդեն այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ այցելելու է Կուրթան գյուղ՝ Մեխակ Առաքելյանի ընտանիքին։ Ժամը 13։43-ին Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Կուրթան գյուղի ճանապարհին է և հավելեց, որ Մեխակ Առաքելյանի ընտանիքի համար լավ լուր ունի․ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները պատրաստվում են օգնել ընտանիքին՝ այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ Մեխակ Առաքելյանն առողջական խնդիր ունի։ Սիփան Փաշինյանի ուղիղ եթերից րոպեներ անց՝ 13։55-ին, Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ընթացող հանրահավաքի ելույթի ժամանակ ներողություն խնդրեց Մեխակ Առաքելյանից՝ մարտի 7-ին Գյուլագարակում տեղի ունեցած խոսակցության համար։ Ժամը 14։10-ին Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը Սիսիանում ընացող քարոզարշավց հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ներողության հատվածը։ Ժամը 14։26-ին 1lurer.am-ը հրապարակեց Մեխակ Առաքելյանի մասին պատմող ռեպորտաժ՝ 2 րոպե 14 վայրկյան տևողությամբ։ Ռեպորտաժի ընթացքում 33 վայրկյան խոսվում է ընտանիքի կենսապայմանների մասին, 13 վայրկյան՝ Մեխակ Առաքելյանի առողջական խնդիրների, 16 վայրկյան՝ հանրության կողմից առաջարկվող օգնության մասին, իսկ մնացած 72 վայրկյանը նվիրված է Նիկոլ Փաշինյանին ճշմարտացիության հիմնավորմանը, խոսակցությունից հետո Փաշինյանից չհիասթափվելուն, «Այո»-ի քարոզչական բուկլետը հանդիսացող «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր»-ը խնամքով պահելուն ու նորից Նիկոլ Փաշինյանին ընտրելու պատրաստակամությանը։  Ժամը 14։56 - ին 1lurer.am-ը  լուսաբանում է Սիփան Փաշինյանի այցը Կուրթան գյուղ՝ «Կուրթանցի Մեխակի խնդիրները կլուծվեն» վերտառությամբ։ Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին։
19:07 - 11 մարտի, 2020
Կառավարության սխալ որոշում, չկայացած գործուղում և անձնական օգնականի օբյեկտիվ անհրաժեշտություն

Կառավարության սխալ որոշում, չկայացած գործուղում և անձնական օգնականի օբյեկտիվ անհրաժեշտություն

Լուսանկարը՝ Զարուհի Բաթոյանի քրոջ՝ Սյուզաննա Բաթոյանի ֆեյսբուքյան էջից «Իրականում» լրատվականն այսօր հրապարակել է նյութ, որտեղ նշված է, որ Կառավարության e-gov.am կայքում հրապարակված վարչապետի որոշման համաձայն՝ 2020 թվականի մարտի 8-15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներ է գործուղվելու կառավարական մի պատվիրակություն, որի կազմում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նրա ռեֆերենտ Անի Ավետիսյանը, Աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, եւ նախարար Բաթոյանի քույրը՝ Սյուզաննա Բաթոյանը: Ինչպես նշել է կայքը՝ վարչապետի որոշումից տեղեկանում ենք, որ Սյուզաննա Բաթոյանի ԱՄՆ գործուղման ծախսերը՝ օրապահիկ, գիշերակաց եւ ճանապարահածախս, հոգացել են ՀՀ պետական բյուջեի հաշվին: Պաշտոնյաներն ու Բաթոյանի քույրը, սակայն, գործուղման չեն մեկնել։ Նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանի պատվիրակությունը ԱՄՆ չի մեկնել հայտնի վիրուսի պատճառով: ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ նշված է, որ նախարար Զարուհի Բաթոյանի գործուղման ճանապարհածախսը հոգալու էր հրավիրող կողմը՝ ՄԱԿ-ի գրասենյակը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ նախարարի եւ նրա անձնական օգնականի համար միեւնույն չվերթի համար տոմսերի ամրագրման գործընթացում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամություն է հայտնել հոգալու նաեւ Սյուզաննա Բաթոյանի ճանապարհածախսը, իսկ պետական բյուջեի հաշվին նախատեսված էր միայն գիշերավարձը եւ օրապահիկը: Նա նշեց, որ Զարուհի Բաթոյանը ճամփորդելիս ունի անձնական օգնականի կարիք, հատկապես, եթե խոսքը գործուղումներին է վերաբերում․ «Նախարարին ուղեկցող անձանց ծախսերը, հիմնականում, հոգացել են միջազգային կազմակերպությունները կամ հրավիրող կողմը, թեեւ պետությունն ի վիճակի է հոգալ կառավարության անդադմների գործուղման ծախսերը եւ ապահովել անհրաժեշտ պայմաններ։ Ինչ վերաբերում է պնդմանը, թե նախարարի հետ կարող էին գործուղվել նրա օգնականները, ովքեր աշխատում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ապա ակնյատ է, որ ի պաշտոնե օգնական համարվող անձը չի կարող հոգալ նախարարի անձնական կարիքները»,- նշեց Սոնա Մարտիրոսյանը: Սակայն վարչապետի որոշման մեջ Սյուզաննա Բաթոյանի անվան դիմաց նշված է եղել, որ նրա ծախսերն արվելու են ՀՀ պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։ Զարուհի Բաթոյանի դեպքում հստակեցված է եղել, որ ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին, ինչը նշված չի եղել նրա քրոջ անվան դիմաց։  Ըստ այդմ, «Իրականում» կայքի հրապարակումը ճիշտ է՝ վարչապետի համապատասխան որոշումը եղել է, սակայն այցը չեղարկվել է, հետեւաբար որոշումը պետական բյուջեի հաշվին չի իրագործվել։ Infocom.am-ին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այցի չեղարկման վերաբերյալ որոշումը առաջիկայում կհրապարակվի կառավարության կայքում։ Բացի այս, Սոցապ նախարարության մամուլի խոսնակի պնդմամբ՝ վարչապետի որոշման մեջ տեխնիկական սխալ է եղել եւ «նախարարի անձնական օգնական» բառակապակցության փոխարեն Սյուզաննա Բաթոյանը ներկայացվել է որպես օգնական։ Սակայն Սյուզաննա Բաթոյանն ի պաշտոնե նախարարության աշխատակից եւ նախարարի օգնական չի հանդիսանում, իսկ Զարուհի Բաթոյանն, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, առանց անձնական օգնականի չի կարող մեկնել արտերկիր․ նախարարությունում Բաթոյանի աշխատանքային օգնականը նրա կարքիները չի կարող հոգալ, նրա փոխարեն էլ մեկնում է աձնական օգնականը։ Կառավարության տեղեկավտվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եւս նշեցին, որ վարչապետի որոշման մեջ տեխնիկական սխալ է եղել՝ անձնական «օգնական»-ի փոխարեն նշվել է օգնական։ Սակայն, վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պնդմամբ, այդտեղ ընթացակարգերի խախտում չկա։ Ի դեպ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սույն թվականի փետրվարի 25-ին շրջանառության մեջ է դրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որով սահմանվում է «անձնական օգնական» հասկացությունը․ «Անձնական օգնական՝ ֆիզիկական անձ, որը տվյալ պահին գտնվում է հաշմանդամություն ունեցող անձի հետ եւ անհատույց կամ դրամական վճարումների դիմաց իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կամ աջակցում (օգնում է) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները կամ տեղաշարժվելու (այդ թվում՝ փոխադրամիջոցը վարելու միջոցով) կամ հաղորդակցվելու»։  Քիչ առաջ թեմայի վերաբերյալ պարզաբանում տարածեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։   ՀայԱրփի Բաղդասարյան
16:56 - 11 մարտի, 2020
«Տիեզերական գործունեության մասին» օրենքը Արմեն Սարգսյանի երազանքի հետ կապ չունի

«Տիեզերական գործունեության մասին» օրենքը Արմեն Սարգսյանի երազանքի հետ կապ չունի

Այս տարվա մարտի 6-ին «Իրավունք» թերթը հրապարակել է «Նախագահ Արմեն Սարգսյանի թռնելու թեման լրջանում է» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, գրել է, որ նույն օրը Ազգային ժողովում ընդունված «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենքների փաթեթի նպատակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին «տիեզերք ուղարկելն է»։ Այս հոդվածը մի շարք կայքեր սկսեցին ակտիվորեն շրջանառել՝ «Նախագահ Արմեն Սարգսյանի թռնելու թեման լրջնում է․ գործի է անցել ԱԺ-ն» վերնագրով։ «Իրավունք»-ի հոդվածի մեջ հիշատակվում է Արմեն Սարգսյանի՝ հունվարի 12-ին ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի ժամանակ ունեցած ելույթի հետեւյալ հատվածը. «Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք»: Նշելով, որ ԱԺ-ն մարտի 6-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց վերոնշյալ նածագծերի փաթեթը՝ թերթը գրել է, որ, պարզվում է, ԱԺ-ն ամենայն լրջությամբ լծվել է Ա. Սարգսյանին տիեզերք ուղարկելու գործընթացին: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից՝ e-draft.am-ից, տեղեկանում ենք, որ նախագծերի փաթեթը քննարկման է դրվել դեռեւս 2019 թվականի մարտի 14-ին։ Այն Ազգային ժողովի լիագումար նստաշրջանի օրակարգ է մտել 2020 թվականի հունվարի 20-ին։ Իսկ Արմեն Սարգսյանը տիեզերք թռչելու իր երազանքի մասին խոսել է հունվարի 12-ին՝ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում՝ ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։  Ազգային ժողովում փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է հունվարի 24-ին, երկրորդ ընթերցմամբ՝ մարտի 6-ին։ Հաշվի առնելով փաթեթի շրջանառման ամսաթիվը՝ կարող ենք ենթադրել, որ այն Արմեն Սարգսյանին «տիեզերք ուղարկելու» համար չի գրվել, նախագծի հեղինակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Սարգսյանի երազանքի բարձրաձայնումից շատ ավելի առաջ է սկսել աշխատել օրենքի շուրջ։ Բացի այս, «Տիեզերական գործունեության մասին» օրենքի առաջին հոդվածում նշված է, որ օրենքի նպատակն է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնումը: Օրենքը կարգավորում  է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները: Օրենքում հիմնականում օգտագործվում են «տիեզերական օբյեկտների եւ/կամ տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում,  տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների եւ/կամ փորձարկումների իրականացում, երկրի հեռակա դիտարկման արբանյակային  տվյալների ընդունում եւ մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծումը եւ շահագործումը» հասկացությունները: Օրենքի հինգերորդ հոդվածում նշված է, որ տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներ են՝ ա) տիեզերական գիտության ձեռքբերումների եւ տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության եւ խաղաղության պահպանման աջակցումը, բ) տիեզերական գործունեության անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանման ապահովումը, գ) տիեզերական գործունեության բնագավառում ՀՀ-ի համար հավասար եւ փոխշահավետ համագործակցության ապահովումը, դ) տիեզերական գործունեության ոլորտում ՀՀ-ի միջազգային պատասխանատվության ապահովումը, ե) գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության եւ հավասարակշռված զարգացման ապահովումը: Այս սկզբունքները, ըստ էության, կապ չունեն Արմեն Սարգսյանի անձնական երազանքի հետ։ Օրենքի համաձայն՝ տիեզերական գործունեությունը իրականացվելու է լիցենզիայի հիման վրա: ՀՀ-ի կողմից իրականացվող տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվելու է ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Փաթեթի հիմնավորման մեջ նշվում  է, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների զարգացումը, մասնավորապես` տիեզերական տարածությունում առկա տիեզերական օբյեկտների միջոցով մի շարք գործառույթների իրականացումը առաջ է բերել այդ ոլորտի ձևակերպման, դրա հստակեցման, հսկողության ամրագրման, իրականացման համար օրենսդրական կարգավորումներ մշակելու անհրաժեշտություն: «Տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտավորապես 270 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական արդյունաբերություն, որպես այդպիսին, գոյություն չունի, չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք, կամ մատուցում համապատասխան ծառայություններ։ Հետևաբար, տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 (զրո) ՀՀ դրամ»,- ասվում  է հիմնավորման մեջ՝ հավելմամբ, որ տիեզերական զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում առկա է մեծ մրցակցություն մասնավոր ընկերությունների միջև։  Նշված ընկերությունները որոնում են ազատական և մեղմ հարկային դաշտ ունեցող նոր երկրներ, որտեղ կարող են գործունեություն ծավալել։ Այն երկրները, որոնք խնդիր են դնում զարգացնել տիեզերական արդյունաբերությունը սեփական տարածքում օրենսդրական փոփոխություններ են կատարել ներպետական օրենսդրության մեջ կամ ներկայումս գտնվում են այդ գործընթացում։ Օրինակ՝ Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆրիկյան հանրապետությունը և այլն։ Միևնույն ժամանակ, հիմնավորման մեջ նշվում է, որ նույնիսկ զարգացած արդյունաբերությամբ երկրները փորձում են հարկային արտոնություններ սահմանել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները շարունակեն տնտեսական գործունեություն ծավալել իրենց տարածքում և չփնտրեն նոր, ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ, որտեղ կկարողանան ավելի շահավետ  գործունեություն ծավալել։ ՀՀ կառավարության համոզմամբ՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ-ն կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։ Հայարփի Բաղդասարյան
19:38 - 09 մարտի, 2020
Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է

Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովում նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին։ «ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները եւ պոպուլիստական հայտարարությունները ցույց տվեցին` որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքներ տիրապետելուց»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ հայտարարություններին չի անդրադառնա, այլ մի քանի բովանդակային դիտարկում-առաջարկներ կանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ Հովհաննիսյանը, նշելով, որ նախագծի հիմնավորման մեջ շատ է հղում կատարվում ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, գրել է, որ այստեղ էլ պետք է դրսեւորել չափազանց զգույշ մոտեցում` խորամուխ լինելով գործի բոլոր հանգամանքներին․ «Օրինակ` Եվրոպական դատարանը որոշ դեպքերում սահմանել է, որ վարույթի շրջանակում մի երկրում չկա օրենքի հետադարձության ուժի խնդիր կամ անմեղության կանխավարկածը չի խախտվում, սակայն դրանք պայմանավորված են եղել քննարկվող պետությունում մի շարք այլ պայմանների միաժամանակյա առկայությամբ: Քննարկենք մի շատ կարեւոր օրինակ. նախագծի հիմնավորման մեջ որպես դրական օրինակ նշվում է «Գոգիթիձեն եւ մյուսները՝ ընդդեմ Վրաստանի գործը»: Այս գործով թեեւ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ վարչական կարգով գույքի բռնագանձումը իրավաչափ է, բայց կատարել է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ շեշտադրում: Այսպես` դատարանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր Վրաստանում հետադարձ ուժ տալը գույքի բռնագանձման օրենքին, հատուկ ընդգծել էր, որ գույքի բռնագանձման օրենքը պաշտոնատար անձանց հաշվետու վարքագծին վերաբերող առաջին օրենքը չէր, քանի որ դեռ 1997 թվականին Վրաստանում ընդունվել էր օրենք, որը սահմանում էր գույքը պաշտոնատար անձանց գույքը հայտարարագրելու պահանջ, այդ իսկ պատճառով դատարանը եկել է այն եզրակացության, որ 2004 թվականի օրենքը ուղղակի 1997 թվականի օրենքի շարունակական զարգացումն էր»: Նախկին նախարարը հարց է հնչեցրել՝ ի՞նչ է սա նշանակում մեզ համար․ «ՀՀ-ում «Հանրային ծառայության մասին օրենքը», այսինքն` հայտարարագրման պահանջ սահմանող օրենքը, ընդունվել է 2011 թվականին։ Այսինքն` մինչ այդ պահը չի եղել գույքի եւ եկամուտների հայտարարագրման հստակ համակարգ մեր երկրում, եւ հստակ չկա այն սանդղակը, որի հետ պետք է համեմատել պաշտոնյայի գույքը եւ եկամուտները»։ Արփինե Հովհաննիսյանը ՄԻԵԴ-ի վերոնշյալ մեկնաբանությունը ներկայացնում է որպես գնահատական, այնինչ ՄԻԵԴ-ն ընդամենն արձանագրում է, որ Վրաստանում 2004-ին գրված օրենքը 1997-ի որոշ իրավական ակտերի շարունակությունն է՝ առանց դրան դրական կամ բացասական գնահատական տալու (B merits 1․ 84 «Այդ փոփոխություններից յոթ տարի առաջ՝ 1997 թվականին, արդեն գոյություն ուներ համապատասխան օրենք):  Նախկին նախարարը նաեւ գրել է, թե հայտարարագրերի բացակայության պայմաններում դատախազությունը իրավական ճանապարհով դժվար թե կարողանա պատշաճ կերպով հիմնավորել անհամապատասխանությունը օրինական եկամուտների եւ ձեռք բերված գույքի արժեքի միջեւ, ինչի դեպքում էլ, նրա համոզմամբ, ստեղծվում է իրավիճակ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 1991թ․-ից սկսած ժամանակահատվածի վրա, բայց փաստացի հնարավոր է լինելու իրացնել 2011թ․-ից սկսած ժամանակահատվածի առումով միայն։ Նախկին պաշտոնյան նկատի է ունեցել այն, որ ՀՀ-ում հայտարարագրման պահանջ սահմանող օրենքն, ըստ էության, ներդրվել է 2011 թվականից։ Սակայն ՀՀ-ն եւս, նախքան 2011-ի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի ընդունումը ունեցել է իրավական կարգավորումներ։  Այսպես, 1995 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը ստորագրել է N 353 որոշումը՝ ՀՀ կառավարության անդամների կողմից տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման մասին․  «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության եւ նրա անդամների եկամուտների մասին տեղեկատվության հրապարակայնությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները 1996 թվականի փետրվարի 1-ից ոչ ուշ ներկայացնում են իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի եւ հայտարարագրերի ձեւերի հաստատման մասին» N 342 որոշմամբ սահմանված կարգով»,- ասված է որոշման մեջ:  Սրանից զատ՝ 2001 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքը, որի նպատակը եղել է հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումը։ Վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ եւ գույքը ու եկամուտները հայտարարագրող են համարվել Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ պատգամավորները, ՍԴ նախագահը եւ անդամները, ԿԲ նախագահը եւ խորհրդի անդամները. ՀՀ դատավորները,  գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները, նախարարները եւ նրանց տեղակալները, նախարարությունների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարները, մարզպետները, Երեւանի քաղաքապետը եւ նրանց տեղակալները եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք։ Նույն օրենքի համաձայն` փոխկապակցված անձինք են համարվել` հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը (զավակները), հայտարարատուի ամուսնացած չլինելու եւ զավակ չունենալու դեպքում համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրը (քույրերը) եւ եղբայրը (եղբայրները):  Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտոնյաները հայտարարատու են եղել նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 5 տարվա ընթացքում, իսկ նրանց փոխկապակցված անձինք` իրենց փոխկապակցված անձանց զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 2 տարվա ընթացքում: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն էլ՝ հայտարարագրման ենթակա է եղել անշարժ գույքը` հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, շենքերը եւ շինությունները, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու, փոխադրամիջոցները, դրամական միջոցները, արժեթղթերը, մշակութային արժեքներն ու հնաոճ իրերը։  Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատուները պարտավոր էին հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները հայտարարագրել պաշտոնի նշանակման (կամ ընտրման) դեպքում` սկսած պաշտոնի նշանակման (կամ ընտրման) ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչեւ այդ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար. եւ հայտարարատու համարվելու ընթացքում` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար:   «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը խախտելու համար սահմանվել է նաեւ պատասխանատվություն։ Ըստ այդմ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում լիազորած մարմին կամ լիազորած տարածքային մարմին հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքը նշանակելուց հետո` երեսուն օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»։  3-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները կամ ՀՀ կառավարության սահմանած հայտարարագրի ձեւերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները թաքցնելը կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով», «Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար տուգանվել է մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»։ Այս օրենքը գործել է մինչեւ 2009 թվականը, հետադարձ ուժ չի ունեցել։  2001 թվականի նոյեմբերի 5-ին էլ վարչապետ Ա․ Մարգարյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքով նխատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին  N1067 որոշումը։ Ըստ որոշման՝ լիազոր մարմնի իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:  Այսպիսով, քանի որ ՀՀ-ում եւս մինչեւ 2011-ը գործել է պաշտոնատար անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրման համակարգ, ապա սա ենթադրում է, որ գործողությունը հնարավոր է իրացնել առնվազն 2001 թվականից սկսած, ըստ այդմ՝ Արփինե Հովհաննիսյանի պնդումները թերի են։ Ազգային ժողովը նախօրեին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը։ Ըստ նախագծի՝ եթե կոռուպցիոն որեւէ գործով անցնող որեւէ քաղաքացու մոտ իրավապահները կնկատեն ստացած եկամուտների եւ ունեցած գույքի 25 միլիոն դրամից ավելի տարբերություն, ապա կարող են քաղաքացիական հայցով գույքը բռնագանձելու համար դիմել դատարան:
12:07 - 07 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ ուղիղ եթերների ժամանակ

Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ ուղիղ եթերների ժամանակ

Սույն թվականի օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսում էր Ամուլսարի հանքի շահագործման խնդիրների մասին։ Եթերի սկզբում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Ամուլսար հանքի վերաբերյալ իր կողմից հնչեցված հայտարարությունները՝ 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո։ Նա մասնավորապես նշում է․ «․․․ես ինչ սկզբունքով եմ ընտրել հայտարարությունները, որպեսզի դրանք ներկայացնեն էն կոնտեքստը, որը ձևավորվել ա իմ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո և, ըստ էության, սա հրապարակային հաղորդակցության թեմա է։ Այսինքն շատ պարզ պայման է արդեն․ հանքի շահագրծվելու-չշահագործվելու խնդիրը պետքա լուծվի բացառապես փաստերի հիման վրա, և հիմնական առանցքային հարցը հետևյալն ա․ Ջերմուկի ջրային համակարգին վնասելու ա թե չի վնասելու, Սևանին վնասելու ա թե չի վնասելու, հետագայում արդեն, հեսա կտեսնենք, քրեական գործի փորձաքննության արդյունքներով ավելացել է ևս մի հարց՝ Արփա-Որոտան գետերի ջրահավաք համակրգը։ Այսինքն, երրորդն կոմպոնենտն էլ էս տրամաբանությունից բխող ավելացել ա։ Եվ սա եղել ա մեր պայմանը, հանրայնորեն՝ ընդ որում։ Սա կարևոր ա ընդգծել, որ էս հայտարարությունը, էս տրամաբանությունը մենք զարգացրել ենք, հանրայնորեն ենք զարգացրել։ Մի հատ էլ գնացել ենք, սրանից հետո տեղի են ունեցել ընտրություններ Ազգային ժողովի։ Էդ Ազգային ժողովի ընտրություններում, իհարկե, ոչ միայն այս հարցի, այլ նաև բոլոր հարցերի համար ստացել ենք վստահությանը քվե։ Եվ, ըստ էության, սա մենք քաղաքական առումներով, բոլոր առումներով արձանագրել ենք որպես պայման Ամուլսարի հանքի հետագա շահագործման հետ կապված մեր դիրքորոշումները պարզելու համար․․․» (00:11:00-00:12:30): Վերոնշյալ հայտարարությունը տպավորություն է ստեղծում, որ Նիկոլ Փաշինյանի և հանքի շահագործմանը դեմ հանդես եկող կողմերի միջև եղել է կոնսենսուս, որ հանքի շահագործման որոշման հիմքում պետք է դրվեն ընդամենը 2-3 առանցքային հարցեր։ ժամանակագրական շարքերի միջոցով դիտարկենք, թե Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը որքանով է արտացոլում իրականությունը։ 2018 թվականի հունիսի 6 2018 թվականի հունիսի 5-ին Ամուլսարի հանքի դեմ պայքարող քաղաքացիները Ջերմուկից եկան Երևան։ Փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո՝ հունիսի 6-ին, Ջերմուկի  բնակիչ Վազգեն Գալստյանը հայտնեց. «Փաստացի, քանի որ ստուգումների ձևաչափը հստակեցված է և մեր պատկերացրած հանրային ու մասնագիտական լայն ներգրավվածությունն այդ հանձնաժողովում երաշխավորված է, ուստի, Ջերմուկի բնակիչները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները: Դաշտամիջյան ճանապարհներ փակելու մեր «գործիքները» միշտ մեզ հետ են և կառավարությանը 1-1.5 ամիս ժամանակ տալը լիովին տրամաբանված համարելով ու վստահելով անցնում ենք մեր առօրեական գործերին»: Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը  նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած մետաղական հանքերում ստուգումները մեկնարկելու են հենց Ամուլսարի հանքից: Բնապահպանների հստակեցումների և ծավալված քննարկումների արդյունքում պարզ էր դարձել, որ տեսչական ստուգումները հնարավոր է իրականացվեն այլ ձևաչափով, քանի որ այդ ստուգումները նախատեսված էին արդեն իսկ գործունեություն ծավալող հանքարդյունաբերական տարածքների համար, իսկ Ամուլսարի հանքի տարածքում դեռ ընթանում էին շինարարական աշխատանքներ:  2018 թվականի հունիսի 22 Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները փակեցին Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, քանի որ վերոնշյալ խոստումը, որը տրվել էր գործադիրի կողմից չէր կատարվել․ հանձնաժողով չէր ստեղծվել և ստուգումներ չէին իրականացվել։ Վերոնշյալ երկու դրվագները ցույց են տալիս, որ ի սկզբանե գործադիրի կողմից խոստումների և վերջիններս իրագործելու մասով թերացումներ են եղել։ 2018 թվականի հունիսի 25 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հորդորեց Ամուլսարի հանքի դեմ պայքարողներին դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և հնարավորություն տալ կառավարությանը, որպեսզի փաստերի հիման վրա որոշում կայացնեն։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի հասկանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների նպատակը, որը կարող է երկակի մեկնաբանություն ունենալ։ Նա հավելեց, որ 100 տոկոսով ինֆորմացված չեն Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Միաժամանակ ավելացրեց, որ կաշկանդվածություն չունեն Ամուլսարի հարցով և կապեր չունեն որևէ մեկի հետ, սակայն ուզում են փաստերի հիման վրա որոշում կայացնել։ 2018 թվականի հունիսի 26 Չնայած Նիկոլ Փաշինյանի հորդորներին՝ Վայոց Ձորում Ամուլսարի հանքի դեմ պայքարող քաղաքացիները շարունակեցին փակ պահել ճանապարհները։ Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանն այդ օրը նշել է․ «․․․մենք վստահում ենք կառավարությանը, բայց «Լիդիան Արմենիա»-ն պետք է դադարեցնի շինարարական աշխատանքները, քանի որ շինարարական աշխատանքների ամեն օրը օրհասական է։ Աշխատողները ասում են՝ տղեք, սարից թարխունի լիմոնադի գույնի ջուր է դուրս գալիս։ Ես այն մարդն եմ, ով նկարել է Արփա գետ լցվող ջրերը։ Սկզբում «Լիդիանն», իրենց որդեգրած քաղաքականության համաձայն,փորձում էր հերքել։ Մենք ստեղծեցինք մի տեսանյութ, որտեղ փաստերով ապացուցեցինք՝ ինչ է կատարվում․․․»։  Հետևյալ երկու դրվագներից պարզ է դառնում, որ Ամուլսարի հանքի դեմ պայքարողները խնդրի շահառու են և դեռ շինարարական աշխատանքների ժամանակ են կրել Ամուլսարի հանքի շահագործման վնասները (ջրերի աղտոտում, պայթեցում)։ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հունիսի 25-ի հորդորին չեն հետևել, քանի որ ուղիղ եթերի ժամանակ չի հնչել ուսումնասիրության և փաստերի ձեռքբերման ընթացքում ժամանակավորապես հանքի շահագործումը դադարեցնելու խոստում։ Այսպիսով, այս օրերին ևս կոնսենսուս չի ձևավորվել կառավարության և Ամուլսարի հանքի դեմ պայքարող քաղաքացիների միջև։ 2018 թվականի հուլիսի 5 Նիկոլ Փաշինյանն այցելեց Վայոց Ձորի մարզ՝ Ամուլսարի հանքի վերաբերյալ քննարկում անցկացնելու նպատակով։ Մինչ քննարկման պաշտոնական մասին անցնելը՝ Փաշինյանը Ամուլսարի պահապանների հենակետերում էր, որտեղ հյուրասիրություն էր կազմակերպվել։ Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը․ «․․․մենք սեղանին դրել ենք այն բարիքները, պարոն Փաշինյան, որը կորելու է Ամուլսարը շահագործելու դեպքում։ Բազմաթիվ ծառեր են հատվել այս պատճառով։ Թյուր կարծիք է ձևավորվել, որ մենք «Լիդիան»-ի դեմ ենք պայքարում։ Մենք «Լիդիան»-ի դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք հանքը շահագործելու դեմ։ Մեզ համար կարևոր չէ՝ ով կշահագործի հանքը։ Մենք ուզում ենք, որ հանքը չշահագործվի․․․»։ Այստեղից կարող ենք եզրահանգել, որ մինչ քննարկումը Փաշինյանին արդեն իսկ ներկայացվել էր Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների հստակ պահանջը։ Արդեն պաշտոնական քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը քննարկումը տարավ փորձաքննություն նշանակելու ուղղությամբ։ Փորձաքննության առանցքային ելակետային հարցերի քանակը Փաշինյանը սահմանեց երկուսը․ արդյո՞ք հանքի շահագործումը Ջերմուկի թերմալ ջրերին վնաս է, թե ոչ և արդյո՞ք հանքի շահագործումը կվնասի Սևանա լճին, թե ոչ։ Քննարկման ժամանակ տեղի  ունեցած հարցու ու պատասխանից հատվածը՝ ստորև․ Նիկոլ Փաշինյան - հարց բնակիչներին․ դուք ասացիք՝ Լիդիանի դեմ չեք պայքարում, հանքի շահագործման դեմ եք պայքարում, թույլ տվեք հստակեցնել, դուք պայքարում եք հանքի շահագործման հնարավոր նեգատիվ հետևանքների դեմ։ Բնակիչ - Մենք շահագործման դեմ ենք պայքարում։ Նիկոլ Փաշինյան - Եթե պարզվի, որ շահագործումը այդ նեգատիվ հետևանքները չունի, մենք ի՞նչ հիմքով ենք պայքարում այդ հանքի շահագործման դեմ։ Կորյուն Ստեփանյան, ք․ Ջերմուկ - Ուզում եմ Ձեր երկու հարցի հետ կապված առաջարկել, որ կա ևս մեկ կարևոր հարց, որը բարձրացվեց։ Նախկին կառավարությունը, մենք բոլորս տեղյակ ենք՝ ինչ պայմաններում կարող են ստացած լինել նման թույլտվություններ, քանի որ 12 տարի են ասում աշխատանքները սկսել են, ես գիտեմ, որ Ջերմւոկ համայնքը, Գնդեվազ, Կեչուտ, ազդակիր համայքն հանք օգտագործող կազմակերպության կողմից չի ընդունվել։ Հենց առաջին պայմանը մենք ուզում ենք Ձեր երկու առաջադրած հարցերի պատասխանը, որպեսզի իրավականությունը ստուգի։  Յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ հասկանում է, որ այդ հանքը մահաբեր հանք է միանշանակ։ Կան մարդիկ, ներկաներ, վիդեոներ, թե ինչպես է Լիդիանը կոծկում արդեն թունավորված ջրերը՝ գետնի տակ անցկացնելով։ Եթե մարդիկ թույլտվությունները ստացել են կոռուպցիոն ճաապարհով, ինձ թվում է, պետությունը էլ մտածելու հոգ չի ունենա։ Նիկոլ Փաշինյան - Կառավարությունը ոչ մի պատճառ չունի Ձեր ասածները չքննելու։ Եթե այն, ինչ ասում եք, պարզվի՝ իրականություն է, ես որևէ խոընդոտ չեմ տեսնում, որ եթե այդպիսի բաներ տեղի ունեցել են, այդպիսի բաներ իրականացրած մարդիկ կանգնեն քրեական պատասխանատվության առաջ։ Վերոնշյալից ակնհայտ է, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը կախված չի եղել միայն Նիկոլ Փաշինյանի առաջադրած երկու հարցերից՝ Ջերմուկի և Սևանա լճի ջրերի աղտոտման հետ կապված։ Բնակիչներն ու բնապահպանները քննարկման ժամանակ հարցերի առավել լայն շրջանակ են բարձրացրել և նշել, որ դեմ են հանքի շահագործմանը փորձաքննության ցանկացած ելքի դեպքում։ Այս քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի և «Լիդիան Արմենիա»-ի ղեկավարության միջև ևս համաձայնություն չի ձևավորվել։ «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները նշել են, որ ժամանակ չեն կարող տալ ՀՀ կառավարությանը փորձաքննություն իրականացնելու համար և հավելել․ «․․․մենք այդպիսի սցենարի համաձայն չենք։ Մենք ունենք բոլոր թույլտվություններն այսօր աշխատելու, մենք ունենք ֆինանս, որով կարող ենք իրականացնել մեր գործունեությունը, մենք ունենք միջազգային դիտորդներ, ներդրողներ։ Սա շատ բացաական ազդակ է բոլոր միջազգային ներդնողներին։ Մենք ունենք բոլոր փաստաթղթերն ու ՇՄԱԳ/ԲՍԱԳ․․․»։ Կողմերի իրար չզիջելուն  անդրադարձավ անգամ Հանրային հեռուտաընկերությունը։ Այնուամենայնիվ, 2018 թվականի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ:   2018 թվականի դեկտեմբերի 2 Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելեց  Ամուլսարի պահապաններին, ովքեր նույն թվականի հունիսի 22-ից սկսած շարունակում էին փակ պահել Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ չնայած նրան, որ քրեական գործ էր հարուցվել։  Ամուլսարի պահապաններից Ահարոն Արսենյանը նշեց, որ Ջերմուկ համայնքից շուրջ 3000 ստորագրություն են հավաքել առ այն, որ համայնքը դեմ է հանքարդյունաբերությանն՝ առհասարակ։ Հայկական բնապահպանական ճակատի անդամները նշեցին, որ ցանկանում են առանձին հանդիպում ունենալ վարչապետ Փաշինյանի հետ և բազմակողմանի ներկայացնել խնդիրը, քանի որ հարցը միայն Ջերմուկի և Սևանա լճի ջրերի աղտոտմամբ չի սահմանափակվում, այլ նաև մի շարք բնապահպանական խնդիրներով։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քրեական գործ է հարուցված, միջազգային փորձաքննություն կնշանակվի և հետո միայն փաստերի հիման վրա որոշում կկայացնեն։  Ահարոն Արսենյանի այն հարցին, թե ինչ են անելու, եթե եզրակացությունը դրական լինի, Փաշինյանն ասաց, որ կդնի թևի տակ և կգա համայնքի հետ քննարկման։ Այստեղից կարող ենք արձանագրել, որ ընտրություններին քվե է տրվել ոչ թե միջազգային փորձաքննության արդյունքների հիման վրա որոշում կայացնելու համար, այլ նշված արդյունքները համայնքի պահանջի հետ համադրելու և քննարկումներ անցկացնելու համատեքստում։ 2018 թվականի դեկտեմբերի 18 Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն տվեց համայնքի մոտ 3000 բնակիչների ներկայացրած՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը։ Որոշումը՝ ստորև․ Վերոնշյալը փաստում է, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների պահանջները ինքնանպատակ չեն եղել և դե յուրե ամրագրվել են՝ համապատասխան իրավական գործընթացներով։ Միաժամանակ, պահանջն ավելի ընդհանրական է ձևակերպվել, քան Նիկոլ Փաշինյանի նշած երկու հարցերը՝ Ջերմուկի և Սևանա լճի ջրերի վերաբերյալ։ Հետևաբար, այս դեպքում ևս Նիկոլ Փաշինյանի նշած տրամաբանությունը չի հատվել համայնքի պահանջների հետ։ 2019 թվականի օգոստոսի 14 Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը, որից անմիջապես 2 ժամ հետո հրավիրվեց մամուլի ասուլիս։ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ԷԼԱՐԴ ընկերության փորձաքննական եզրակացությունը ներկայացրեց ոչ ամբողջական և մանիպուլյատիվ ոճով։ 2019 թվական օգոստոսի 19 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բնապահպանների ու Ջերմուկ համայնքի բնակիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 19-ին, Երևանում, Բաղրամյան 26-ում։ Բնապահպան Աննա Շահնազարյանը, հանդիպումից շուտ դուրս գալով, նշեց, որ բոյկոտում է, քանի որ չի կարծում, թե հանդիպումը ընդհանուր հայտարարի գալու նպատակ ունի։ Նա նաև ասաց, որ վարչապետն իրենց հետ չի խոսել փաստերի լեզվով, այլ զեկույցում մատնանշված փաստերը շուռ տված է ներկայացրել՝ որպես եզրակացություն քննչական կոմիտեի կողմից, որն ապացուցում է, թե Սևանա լճի ու Ջերմուկի ջրերի վրա որևէ ազդեցություն չկա, և ռիսկերը կառավարելի են։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով խոսեց Ամուլսարի հանքի մասին, որի մի հատվածին էլ հենց անդրադառնում ենք այս հոդվածում։ 2019 թվականի օգոստոսի 20 Ջերմուկցիներն անդրադարձան Փաշինյանի նախորդ օրվա ուղիղ  եթերի բովանդակությանը և նշեցին, որ Ամուլսարը հանք չի դառնալու, իրենք պայքարելու են և հանք տանող ճանապարհները չեն բացելու։ Այս ժամանակագրական շարքից պարզ է դառնում, որ հոդվածի սկզբում Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերից մեջբերված հատվածը մանիպուլյատիվ է, քանի որ երբեք պայմանավորվածություն և համաձայնություն չի եղել Նիկոլ Փաշինյանի առաջադրած պայմանական երկու հարցերի շուրջ․ Ամուլսարի հանքը վնաս է արդյո՞ք Ջերմուկի և Սևանա լճի ջրերին։ Ամուլսարի հանքի դեմ պայքարի պահանջներն ընդգրկել են հարցերի ավելի լայն շրջանակ, որոնք լուծում չեն ստացել անգամ քրեական գործի շրջանակներում։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ իր դրած պայմաններով հանրայնորեն տրամաբանություն է ձևավորել և ստացել վստահության քվե։ Ինչպես տեսնում ենք ժամանակագրական շարքում առկա մեջբերումներից, հանքի շահագործման դեմ պայքարի և գործադիրի տրամաբանությունը տրամագծորեն տարբերվել է։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ևս Ամուլսարի պահապանները նշել են, որ դեմ են հանքի շահագործմանը՝ ցանկացած դեպքում։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի նշած հանրայնորեն ձևավորված տրամաբանությունը շուրջ երբևէ համաձայնություն չի եղել, հետևաբար՝ դրա համար ևս վստահության քվե չի տրվել։  Անհամաձայնության առավել ակնհայտ ցուցիչ է այն, որ այս ողջ ընթացքում Ամուլսարի պահապանները շարունակել են հանք տանող ճանապարհները փակ պահել։ 2019 թվականի օգոստոսի 21 Նիկոլ Փաշինյանը ԷԼԱՐԴ-ի եզրակացությունն ուղարկեց Շրջակա միջավայրի նախարարություն՝ որոշելու՝ արդյո՞ք «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած ՇՄԱԳ-ը բավարար է, թե՞ անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ։ Այս որոշումը կայացվեց՝ չնայած նրան, որ օգոստոսի 19-ի եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ առկա է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպությունների համատեղ փորձաքննություն և շարունակաբար հղումներ էր կատարում վերջինիս՝ Քննչական կոմիտեի մեկնաբանություններին։ 2019 թվականի օգոստոսի 23 Նիկոլ Փաշինյանն այցելեց Ջերմուկ։ Ջերմուկ քաղաքի շուրջ 1500 բնակիչ ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Ակցիայի մասնակիցները դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս նախընտրեց այցելել տներ և ոչ ակցիայի մասնակից բնակիչներից կարծիքներ լսել։ Արդյունքում՝ ոչ մի բնակարանում Ամուլսարի հանքին կողմ Ջերմուկ քաղաքի բնակիչ չհանդիպեց։ Փաշինյանը նաև ելույթ ունեցավ Ջերմուկ քաղաքի հրապարակում, որտեղ ևս տարաձայնություններ ունեցավ Ամուլսարի պահապանների հետ։ Ամուլսարի պահապանները մեկ անգամ ևս հիշեցրին, որ միանշանակ դեմ են ցանկացած հանքի շահագործմանը։ Տեղի ունեցավ առանձնազրույց՝ Ամուլսարի պահապանների և Նիկոլ Փաշինյանի միջև։ Ջերմուկ քաղաքի բնակիչները մնացին իրենց դիրքորոշմանը։ Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Սարավան և Գորայք համայնքներ, որտեղ բնակիչները կողմ էին հանքի շահագործմանը։ Այստեղ հարկ է հաշվի առնել կողմ և դեմ համայնքների բնակչության թվերը։ Սարավան և Գորայք համայնքներն ունեն համապատասխանաբար 303 և 478 բնակիչ, իսկ Ջերմուկ և Գնդեվազ համայնքները ունեն համապատասխանաբար 4265 և 795 բնակիչ (տվյալները՝ Ampop.am )։ Օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը չայցելեց Գնդեվազ համայնք։ 2019 թվականի օգոստոսի 29 Օգոստոսի 19-ի ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար հղում էր անում Քննչական կոմիտեի մեկնաբանություններին՝ ԷԼԱՐԴ-ի փորձաքննական եզրակացության վերաբերյալ։ Նաև նշում էր, որ ԷԼԱՐԴ-ի առաջարկած 15 կետերը՝ լրացուցիչ միջոցառումներ կիրառելու մասով, որոնք նշված են մեմորանդումում, Քննչական կոմիտեն ներկայացրել է «Լիդիան Արմենիա»-ին։ Վերջինս ընդունել է այդ կետերը և խոստացել է կիրառել։ Սակայն, օգոստոսի 29-ին հրապարակված մեր հետաքննության արդյունքները ցույց տվեցին, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազգակցական կապ ունի Ամուլսարի հանքի շահագործման նախագծի դրական եզրակացությունը հաստատած բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։  Վերոնշյալով առնվազն կասկածի տակ դրվեցին քննչական կոմիտեի մեկնաբանությունները փորձաքննության արդյունքների վերբերյալ, որոնք նաև մեջբերում էր Նիկոլ Փաշինյանը։ Նույն օրը տեղի ունեցավ նաև ԷԼԱՐԴ ընկերության հետ տեսակոնֆերանսը, որի ընթացքում պարզ դարձով, որ փորձաքննական եզրակացությունում լրացուցիչ միջոցառումներ ներառելու առաջարկով հանդես է եկել Քննչական կոմիտեն։ Տեսակոնֆերանսի ընթացքում փորձագետները նշեցին, որ 2016 թվականի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն հանքը ապահով շահագործելու համար, և դա հստակ փաստաթղթավորված է նրանց գնահատման եզրակացության մեջ։ «Տվյալ պահին մենք համաձայն չենք նրան, որ այս միջոցները կարելի է հինգ տարի հետո մեկնարկել, գուցե 6 ամիս, 1 տարի, 2 տարի, բայց, եթե ես ամեն ինչ ճիշտ եմ հասկանում, խոսքը վերբերում է մաքրման կայանի համակարգի օգտագործմանը, ապա դա հետաձգել չի կարելի, մենք համարում ենք, որ ազդեցության գնահատումը պետք է թարմացվի, արդիականացվի, և մի շարք ուսումնասիրություններ պետք է կա՛մ ընդլայնվեն, կա՛մ վերանայնվեն, և միայն այդ դեպքում ժամկետի մասին կարելի է խոսել։ Այսօրվա տվյալները թերի են, որպեսզի վստահ հնարավոր լինի ասել ժամկետ»,- հավելեց փորձագետներից դոկտոր Նիդալը։ Այսպիսով, պարզ դարձավ, որ «Լիդիան Արմենիա»-ի բանավոր երաշխիքները չեն ապահովում լրացուցիչ միջոցառումների կիրառման արդյունքները և այժմյան ՇՄԱԳ-ում դրանք ոչ միայն ներկայացված չեն գրավոր տեսքով, այլև չկան թվային տվյալներ լիարժեք գնահատելու համար միջոցառումների արդյունքները։ Հետևաբար, Փաշինյանի հղումները «Լիդիան Արմենիա»-ի կողմից տրված բանավոր խոստմանը Քննչական կոմիտեին ևս մանիպուլյատիվ են և ոչ հիմնավոր։ 2019 թվականի սեպտեմբերի 3 Արդարադատության նախարարությունը շուրջ 17 օր հետո պատասխանեց մեր հարցմանը՝ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությունների և ելքի գնահատման վերաբերյալ։ Հարցման պատասխանը ներկայացնում ենք ստորև․   Այս պատասխանը հիմք է ստեղծում եզրակացնելու, որ կառավարող ուժի այն թեզը, որ «Լիդիան Արմենիա»-ն կդիմի միջազգային արբիտրաժային դատարան և Հայաստանը մեծ գումարներ կկորցնի, հիմնավորված չի եղել որևէ կերպ։ Ավելին՝ արդարադատության նախարարությունը վերոնշյալ պատասխանում նշում է, որ կառավարությունը պատրաստ է նման սցենարի դեպքում Հայաստանի լավագույն շահը սպասարկելու։ 2019 թվականի սեպտեմբերի 4 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում  տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ մեզ հետ զրույցում չմեկնաբանեց, թե արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 21-ին առաջադրած հարցին․ նոր ՇՄԱԳ անհրաժեշտ է, թե՞ ոչ։ 2019 թվականի սեպտեմբերի 6 Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից էական մանրամասներ չհայտնեցին, սակայն Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչները հայտարարություն տարածեցին, որ իրենց որոշումն անբեկանելի է։ 2019 թվականի սեպտեմբերի 6-7՝ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ հանդիպումներ ունեցավ «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ։ 2019 թվականի սեպտեմբերի 9 Նիկոլ Փաշինյանը կրկին ուղիղ եթերում խոսեց Ամուլսարի հանքի շահագործման մասին։ «․․․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ընդհանրապես չկա ոչ մի մեխանիզմ, որի իմաստը լինի վարչական որոշմամբ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն արձանագրելը։ Նկատի ունեմ՝ մեխանիզմ չկա, որ նախարարը որոշի, որ ուղղակի վերցնի վարչական որոշմամբ ասի, որ նոր ՇՄԱԳ պետք է իրականացվի։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատման անհրաժեշտություն է արձանագրվում, իրականացվում է ստուգումների որոշակի փուլ, պարզելու համար այն փաստերը, որոնք կարող են հանգեցնել շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման։ Որոշ դեպքերում եռամսյա ժամկետի մասին է, որոշ դեպքերում՝ ուղղակի Բնապահպանական տեսչության ստուգմամբ է սահմանափակված, որը եռեսուն օր է և որը կարող է երկարաձգվել մինչև 70 օր։ Այսինքն, եթե նույնիսկ դե յուրե արձանագրվի նման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը, կարող է արձանագրվել հավելյալ ստուգումների արդյունքում և սա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Մենք արձանագրում ենք, որ կառավարությունը, պետական պաշտոնյաները կարող են իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ․․․»,-մասնավորապես նշում է Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ հարկ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանի նշած ճանապարհով կրկին հետ ենք վերադառնում 2018 թվականի հուլիսի 3-ի իրավիճակին, երբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ մեկնարկում են տեսչական ստուգումներ Ամուլսարի հանքավայրում։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվեցին մի շարք խախտումներ և տեսչական մարմինը շեշտեց նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունը ստվերեց տեսչական մարմնի ստուգումների արդյունքները ՝ նշելով, որ Կարմիր գրքում գրանցված «Ապոլոն» տեսակի թեթեռի գոյությունը չի հերքվել, սակայն ըստ եզրակացության՝ այն տարածքը, որտեղ տեսել են առանձնյակը, նրա բնակավայրը չէ: Ինչ վերաբերում է ենթադրյալ կարմիրգրքային «Ոզնաթուփ մեխակին»՝ ապա հայտնաբերվել է տվյալ բույսի ընտանիքին պատկանող մեկ այլ տեսակ, որն կարմիրգրքային չէ։ Այսինքն, շինարարական աշխատանքների փուլում ստուգումների փորձը ցույց է տվել, որ հակասաություններ են առաջանում, դրանից հետո եղել է միջազգային փորձաքննություն նշանակելու գաղափարը։ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղիղ եթերում անդրադարձավ  նաև Հայաստանի տնտեսական իմիջին և հիշեցրեց, որ «Մուդիս» ընկերությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը, ինչը նշանակում է, որ կարող ենք ավելի էժան տոկոսադրույքով վարկեր ներգրավել։ Ամուլսարի հանքի խնդրի համատեքստում Փաշինյանը շոշափեց հանրության համար զգայուն թեմա՝ վարկերի տեկոսադրույքները՝ հստակ գիտակցելով, որ Հայաստանում բավականին լուրջ կախվածություն կա վարկային միջոցներից։ Շահարկելով վարկերի տոկոսադրույքները և այն կապելով Ամուլսարի հանքի շահագործման հետ՝ Փաշինյանը փորձեց ներկայացնել, որ հանքի շահագործումը ֆինանսապես վնասելու է յուրաքանչյուր վարկառու քաղաքացու գրպանին։ Սա, իհարկե, հանրության համար զգայուն թեմայի օգտագործմամբ մանիպուլյացիա էր։ Փաշինյանն անդրադարձավ նաև տնտեսության անվտանգության և ընդհանրապես երկրի արտաքին անվտանգության, ուղղակի անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրներին, որոնք, իր հավաստմամբ, նույնպես որոշակի կարևորություն ունեն այս հարցը քննարկելիս։ «․․․ես հիմա չեմ կարող այս թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն խոսել, թող ամեն մեկն ինքն իր վերլուծությունը անի, պարզ կլինի, թե ինչու եմ ասում անվտանգության հարցը․․․»,-մասնավորապես նշեց Փաշինյանը։ Եթե խոսում ենք տնտեսական անվտանգության մասին, ապա պետք է նշենք, որ միջազգայնորեն տնտեսական անվտանգությունը դիտարկվում է մարդու, անհատի տեսանկյունից և ոչ միջազգային ներդրողի, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության սահմանման՝ տնտեսական անվտանգությունը մեկ շնչի ֆինանսական կայուն աղբյուր ունենալու իրավիճակն  է, որը թույլ է տալիս ներկայումս և մոտ ապագայում պահպանել մեկ շնչի աճող կենսամակարդակ։ Կենսամակարդակը ենթադրում ոչ միայն ֆինանսական կայուն վիճակ, այլև առողջական։ Ինչ վերաբեչում է արտաքին անվտանգությանը, ապա հարկ է հիշել, որ արտաքին անվտանգության թեզը շահարկում էին նախկին իշխանությունները՝ յուրաքանյուր ոչ ցանկալի քաղաքական որոշման կայացումից առաջ։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը վերոնշյալ թեզերի շահարկմամբ փորձում է քողարկել Ամուլսարի հանքի շահագործման դադարեցման համար անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայությունը։ Արփի Ավետիսյան
14:58 - 09 սեպտեմբերի, 2019
Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն

Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն

2016 թվականին «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ն (2016 թվականից՝  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրեց Ամուլսարի շահագործման փոփոխված նախագիծը և նույն թվականի ապրիլի 29-ին Բնապահպանության նախարարության կողմից ստացավ դրական եզրակացություն: «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի նախագծին դրական եզրակացություն տվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչն էլ հաստատվել է 2016 թվականին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից: Նկարները՝ ստորև.   Ինչպես գիտենք 2018 թվականի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները: 2018 թվականի օոստոսի 28-ին Յուրա Սերյոժայի Իվանյանը  նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն,սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ: Յուրա Իվանյանը նաև Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն է: Infocom-ը փորձեց հասկանալ թե արդյո՞ք ազգակցական որևէ կապ կա նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի և Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի միջև: Հետաքննության համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ և՛ Յուրա Իվանյանը, և՛ Արամայիս Գրիգորյանը ծնվել են Արարատի շրջանի Ավշար գյուղում։ Արդյունքները ներկայացնում ենք ստորև: Ինչպես նկատեցինք բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի կենսագրությունից՝  վերջինիս ծննդավայրը Արարատի շրջանի Ավշար գյուղն է:   Ընտրողների ռեգիստրից պարզեցինք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի գրանցումը նույնպես Արարատի շրջանի Ավշար գյուղում է: Ինչպես տեսնում ենք Յուրա Իվանյանի հետ նույն հասցեում գրանցված են Գրիգորյան ազգանունով երկու անձ՝ Գրիգորյան Անուշ Սերյոժայի և Գրիգորյան Սերյոժա Իվանի: Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով գտանք Արարատի շրջանում բնակվող Անուշ Գրիգորյանին (ով գրանցված է Յուրա Իվանյանի հետ նույն հասցեում)։ Վերջինիս էջում որպես ընտանիքի անդամ (քույր) նշված է ֆեյսբուքյան օգտատեր Ոսկի (Ոսկեհատ) Գրգորյանը:    Ուսումնասիրելով Ոսկի Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը պարզեցինք, որ Յուրա Իվանյանը Ոսկի Գրիգորյանի եղբայրն է: Նկարները՝ ստորև.   Ոսկի Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից պարզելով ծննդյան տարեթիվը՝ ընտրողների ռեգիստրում գտանք նրա հայրանունը՝ Սերյոժա։   Այսպիսով, պարզ է դառնում, որ Անուշ Սերյոժայի Գրիգորյանը  Ոսկեհատ Սերյոժայի Գրիգորյանի քույրն է, ով էլ իր հերթին հանդիսանում է Յուրա Սերյոժայի Իվանյանի քույրը: Բոլորի հայրանունները համընկնում են, Յուրա Սերյոժայի Իվանյանի հետ նույն հասցեում են բնակվում և՛ Անուշ Սերյոժայի Գրիգորյանը, և՛ Սերյոժա Իվանի Գրիգորյանը: Հետևաբար, Սերյոժա Գրիգորյանը հանդիսանում է Անուշ Գրիգորյանի, Ոսկեհատ Գրիգորյանի և Յուրա Իվանյանի հայրը։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Յուրա Իվանյանը փոխել է իր ազգանունը: Հավանաբար նոր ազգանվան հիմք է վերցրել պապի՝ Իվան Գրիգորյանի անունը: Այսպիսով, Յուրա Իվանյանի իրական ազգանունը Գրիգորյան է: Յուրա Իվանյանի(Գրիգորյանի) իրական ազգանունը պարզելուց հետո անդրադառնանք բնապահպանության նախկին նախարար, Ամուլսարի նախագծի դրական եզրակացությունը հաստատած Արամայիս Գրիգորյանի հետ կապին: Արամայիս Գրիգորյանի եղբայրը նախկին ԱԺ ՀՅԴ-ական, այնուհետև ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանն (Ավշարի Արայիկ) է: Նկարները՝ ստորև.  Քանի որ Թեմուր Գրիգորյանը մահացած է, ընտրողների ռեգիստրով չէինք կարող պարզել վերջինիս հայրանունը: Սակայն Ավշարի գինու գործարանի մասին պատմող տեսանյութերից (03:11 րոպեից) մեկում երևում է գործարանի դիմաց կանգնեցված Թեմուր Գրիգորյանի արձանը, որի վրա գրված է նաև նրա անունը, ազգանունը և հայրանունը՝ Թեմուր Իվանի Գրիգորյան: Ինչպես տեսնում ենք, և՛  Սերյոժա Իվանի Գրիգորյանի (Յուրա Իվանյանի հայրը),  և՛ Թեմուր Իվանի Գրիգորյանի (Արամայիս Գրիգորյանի հայրը) հայրը նույն անձն է՝ Իվան Գրիգորյանը: Հետևաբար, Արամայիս Թեմուրի Գրիգորյանը և Յուրա Սերյոժայի Իվանյանը (Գրիգորյանը) հորեղբոր տղաներ են: Միաժամանակ, Յուրա Իվանյանի (Գրիգորյան) քույրը՝  Ոսկեհատ Գրիգորյանը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում՝ որպես կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ:   Ընդ որում, Ոսկեհատ Գրիգորյանի նախկինում Բնապահպանության նախարարությունում աշխատելու վկայություններ կան դեռևս 2014 թվականից, երբ Բնապահպանության նախարարը Արամայիս Գրիգորյանն էր: Քանի որ արդեն նշել էինք Արամայիս Գրիգորյանի և Յուրա Իվանյանի (Գրիգորյանի) հորեղբոր տղաներ լինելու փաստը, ստացվում է, որ Արամայիս Գրիգորյանը նաև Ոսկեհատ Գրիգորյանի հորեղբոր տղան է: Infocom-ն այս հետաքննության միջոցով փորձեց ցույց տալ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի (Գրիգորյան) և 2016 թ.-ին Ամուլսարի նախագծի  դրական եզրակացությունը հաստատած նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապը: Այս փաստերի՝ Ամուլսարի գործի քննության օբյեկտիվության վրա ազդեցության եզրակացությունները թողնում ենք ձեզ:Արփի Ավետիսյան, Սևակ Մամյան 
09:16 - 29 օգոստոսի, 2019
«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ

«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը իր՝ հուլիս 24-ին «Հայկական ժամանակ»-ին տրված հարցազրույցում մանրամասնում է Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը և կատարում մի քանի վիճահարույց պնդումներ, որոնց կանդրադառնանք ստորև: Նախ նշենք, որ դեռևս մեկ տարի առաջ՝ Սևանա լճի կանաչակալման գործընթացի ժամանակ, Վահե Գուլանյանն այն տեսակետին էր, որ բնական պրոցեսին միջամտելը կատեգորիկ արգելվում է, իրենք էլ դա չեն թողնի, քանի որ էկոհամակարգի համար նորմալ երևույթ է: Այս տարի ևս չի փոխվել «Սևան» ազգային պարկի տնօրենի տեսակետը: Նա նշում է. «Սա նորմալ պրոցես է Սեւանա լճի համար: Կուտակվում է օրգանական նյութ, լիճը օրգանական նյութից այս տարբերակով ազատվում է: Լճերը, ջրամբարները, գետերը ունեն ինքնամաքրման այսպիսի գործընթացներ: Այս տիպի բռնկումները 15 օր են տևում»: ՊՈԱԿ-ի տնօրենը հարցազրույցի սկզբում նշում է, որ ամենավատ վիճակը եղել է 2006 թվականին: Սակայն ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հրապարակումն այլ պատկեր է ցույց տալիս: Ինչպես տեսնում ենք գրաֆիկից` այս տարվա հուլիս ամսին Սևանա լճում քլորոֆիլի քանակը գերազանցել է 2006 թվականի ամենաբարձր՝ օգոստոս ամսվա ցուցանիշը։ Գուլանյանը լճի հետ տեղի ունեցողը կապում է բարձր ջերմաստիճանի հետ, իսկ կոյուղաջրերի մասին պնդում է հետևյալը. «...այսօր շեղում են մարդկանց ուշադրությունը դեպի ռեստորանների եւ օբյեկտների վրա, բայց բոլորս գիտենք, որ Սևանա լճում, եթե ուզենք, այսօր 5 հատ նորմալ հյուրանոց կամ ռեստորան չենք գտնի: Հիմնական մասը տնակներ են, որոնք նույնիսկ զուգարաններ չունեն: Այսինքն՝ այստեղից սպասել լուրջ արտանետման, որը կարող է այսպիսի էֆեկտ ունենալ լճի համար՝ այդքան էլ լուրջ չի...»: Ուշագրավ է այն, որ մեկ այլ հարցազրույցում ՊՈԱԿ-ի տնօրենը խոսում է մոտ 10-ը ռեստորանների մասին. «...դրանք մոտ 10 են և բոլորն էլ ունեն մաքրման կայաններ՝ ասում է։ Այստեղ խնդիրը 92 համայնքներն են, որոնցից 87-ը չունեն կոյուղագիծ...»: Սևանա լճի ափին գտնվող ռեստորանների և հյուրանոցների քանակը ներկայացնենք ստորև՝ տեսանյութի միջոցով. Ինչպես տեսնում ենք Սևանա լճի տարածքում առկա են մոտ 40 հյուրանոցներ և ռեստորաններ, որոնք հիմնականում կենտրոնացված են թերակղզու տարածքում: Այսպիսով, Գուլանյանի ներկայացրած թիվը տնտեսվարող սուբյեկտների մասին ոչ ճշգրրիտ է: Ինչ վերաբերում է քաղաքային և գյուղական բնակավայրերից հոսող կոյուղաջրերին, ՊՈԱԿ-ի տնօրենը ներկայացրեց այս կերպ. «...92 համայնք կա Գեղարքունիքի մարզում, որից 5-ը՝ քաղաքային: Քաղաքային համայնքներից 2-ը՝ Սևանն ու Ճամբարակը, Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս են գործում: Սեւանը իր կոյուղին փչում է դեպի Հրազդան, իսկ Ճամբարակի ջրերը չեն գալիս Սեւան: Իսկ Մարտունի, Գավառ եւ Վարդենիս համայնքների կոյուղագծերի մի մասն է կառուցված, որոնց վրա կառուցված է 3 հատ մաքրման կայան եւ միայն մեխանիկական մաքրում են իրականացնում: Իսկ մնացած գյուղական համայնքներից ոչ մեկը չունի կոյուղագիծ: Խողովակ բացարձակապես չի էլ կառուցվել...Սևանա լիճ ուղիղ արտանետում չկա...» Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին «Խիմմաստեր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կենցաղային, արտադրական կեղտաջրերի մաքրման կայանների արտադրությամբ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հանձնարարությամբ ուսումնասիրել է Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղացման վիճակը և մաքրման կայանների աշխատանքը: Ընկերությունը պարզել է, որ այս քաղաքներից Սևանա լիճ ամենից շատ կեղտաջրեր է ուղարկում Վարդենիս քաղաքը, թեպետ բնակչության թվաքանակով այն զիջում է մյուս երկու քաղաքներին: Ընդորում, Գավառի կոյուղացման աստիճանը կազմում է 36%, Մարտունիինը` 47%, Վարդենիսինը 41%: «Բնակչության քանակի և առկա կեղտաջրերի ծավալների համադրմամբ ստացվում է հետևյալ պատկերը. նորմերից շեղումը Վարդենիսում կազմում է 600%, Մարտունիում 270%, Գավառում 173%»,- այս մասին Էկոլուրին հայտնել էր «Խիմմաստեր» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Գաբրիելյանը: Գեղարքունիքի մարզի շուրջ 280.000 բնակիչների կողմից արտանետվող կոյուղաջրերի մասին խոսեց նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա մասնավորապես նշեց. «...նույնիսկ այդ երեք մաքրման կայանները, որ քաղաքային գործում են, դրանք, ըստ էության, որակական փոփոխություններ չեն բերում, քանի որ խոսքը մեխանիկական մաքրման մասին է...»: Վերոնշյալը ևս վկայում է, որ այս մասով ևս Գուլանյանը ներկայացնում է ոչ համակողմանի պատկեր: ՊՈԱԿ-ի տնօրենն իր հարցազրույցում խնդրահարույց պնդում է արել նաև ջրում առկա վնասակար նյութերի ազդեցության մասին: Վահագն Գուլանյանը մասնավորապես նշել է. «… 2 տարի շարունակ ձմեռը տաք եղավ: Ամբողջ պայմանները կար ծաղկելու: Այդ ջրիմուռները հիմնականում ազոտ կամ երկաթ են ֆիքսում: Այն, որ հիմա ասում են, թե ֆոսֆորի քանակն է նպաստում, կոնկրետ այս դեպքում սխալ է...»: Այստեղ ուշագրավ են 2018 թվականի նույն գործընթացի ժամանակ տեղի ունեցած հետազոտության արդյունքները: Նույն ծաղկման խնդրի շուրջ կատարվող հետազոտությունն անցյալ տարի եզրահանգել էր, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների աճի հնարավոր պատճառ հանդիասանում է լճի ջրի վաղ տաքացումը և լճում բավարար քանակությամբ կենսածին տարրերի` հատկապես ֆոսֆորի առկայությունը: Լճի հատակամերձ շերտում թթվածնի քանակությունը ցածր է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հատակային շերտից ֆոսֆորի անջատման համար: Որքան մեծ է կենսածին տարրերի պարունակությունը՝ հատկապես «սահմանափակող» ֆոսֆորի, այնքան ինտենսիվ է աճը: Ի հավելումն նշենք, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ասուլիսի ժամանակ նշել է, որ Սևանա լճի հետ կատարվողը տարիների վատ կառավարման արդյունք է, ինչպես նաև ներկայացրել է լճի մակարդակի բարձրացումից հետո տեղանքի մաքրման աշխատանքների փաստացի թերություններ: Տեղանքի մաքրումը, շինությունների քանդումը ազգային պարկի տնօրենի անմիջական ղեկավարությամբ է կատարվել և կատարվում: Այս մասին է վկայում նաև դեռ հուլիսի 19-ին ոստիկանության բացահայտումը՝ Սևանա լճում անտառամաքրման աշխատանքների թերի կատարման մասով, որի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արփի Ավետիսյան
18:30 - 25 հուլիսի, 2019