Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Հայաստանում գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը

Հայաստանում գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Հրաշալի նորություն ունենք: Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը: Հայաստանում գրանցված VISA քարտերի միջոցով այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ստանալու և փոխանցելու գումարներ, ինչպես նաև VISA քարտի միջոցով կանխիկացնելու բանկերում կամ բանկոմատներում՝ ընդամենը գրանցվելով Skrill.com կայքում կամ հավելվածում: Այս համակարգի գործարկումը Հայաստանում նոր հնարավորություն կստեղծի առցանց ծառայություններ մատուցող անհատների և ընկերությունների համար, ինչպես նաև կնպաստի առցանց առևտրով զբաղվող ձեռնարկությունների զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին և թիմին՝ ԲՏԱ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աշխատանքները շարունակվում են նաև այլ նմանատիպ գործիքների (PayPal, TransferWise, և այլն․․․) ամբողջական ֆունկցիոնալությամբ Հայաստանում գործարկելու ուղղությամբ։ Առաջիկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ընկերությունը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։
21:52 - 11 սեպտեմբերի, 2020
Վարկային պարտավորությունների հետաձգման արդյունքում բանկային համակարգ չի մտել 100 մլրդ դրամ

 |armenpress.am|

Վարկային պարտավորությունների հետաձգման արդյունքում բանկային համակարգ չի մտել 100 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում բանկերը հետաձգել են ընդհանուր 1.3 տրլն դրամ մնացորդով վարկային պարտավորությունների մարում, արդյունքում բանկային համակարգ չի մտել ընդհանուր 100 մլրդ դրամ: Այս մասին ասուլիսում հայտնեցՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով վարկային արձակուրդների վերաբերյալ հարցին: Նա նախ մանրամասնեց՝ վարկային արձակուրդի դեպքում բանկը, շարունակելով իր ավանդատուների նկատմամբ կատարել իր պարտավորությունները, որը ըստ էության բանկի բալանսի մի կողմն է, մյուս կողմի հետ համաձայնության է գալիս վճարումները հետաձգելու ուղղությամբ: Եթե բանկը ավանդները սպասարկելու տեսանկյունից ունենում է  որոշակի ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, կարող է դիմել ԿԲ-ին ու ստանալ իրացվելիություն: Բայց դա ունի գին: ԿԲ նախագահը նկատեց՝ արդյունքում բանկերի ծախսատարությունը գնում է վերև: Անդրադառնալով կրկին վարկային արձակուրդներ տրամադրելու վերաբերյալ հնչող տեսակետներին՝ նա նշեց. «Հարցն այն է՝ կարո՞ղ են բանկերը շարունակաբար ու անընդհատ անել ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք: Մեր կարծիքով` դա մի քիչ արկածախնդրության է նման, որովհետև չենք կարող վտանգել ընդհանուր համակարգի կայունությունը: Այդ առումով կարծում եմ, որ բանկերն այդ երեք ամիսներին բավականին խելամիտ աշխատել են իրենց հաճախորդների հետ: Մոտավորապես 550 ֆիզիկական անձի վարկեր վերանայվել են, տրվել են արձակուրդներ, նույն բանակցությունները տեղի են ունեցել մոտ 17 հազար իրավաբանական անձի հետ: Ընդհանուր 1.3 տրլն դրամի վարկային պարտավորություններ հետաձգվել են, և բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ, որը պետք է մտներ: Հիմա, եթե այդ պրոցեսը շարունակական ու անընդհատ լինի, ես կարծում եմ, որ մենք այդտեղ խնդիր կունենանք: Եվ բանկային համակարգը միայնակ չի կարողանա դիմագրավել այդ խնդիրներին»,-ասաց ԿԲ նախագահը:
14:41 - 08 սեպտեմբերի, 2020
Ավանդների աճը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը շարունակել են աճել
 |lragir.am|

Ավանդների աճը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը շարունակել են աճել |lragir.am|

lragir.am: Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն և դինամիկ աճող։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Ֆինանսական կազմակերպությունները ևս անմասն չեն մնացել համավարակի բացասական ազդեցությունից, ինչը, սակայն, այս պահին չի խաթարել ֆինանսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը։ Ֆինանսական կազմակերպությունների կապիտալը և իրացվելիության մակարդակն այս պահի դրությամբ բավարար նախադրյալներ է ստեղծում նաև այս ճգնաժամին դիմագրավելու համար»,- ասաց Մարտին Գալստյանը։ Վարկեր-ավանդներ հարաբերակցությանն անդարադառնալով՝ ԿԲ նախագահն ասաց, որ ՀՀ-ում ավանդները մշտապես սինխրոն կերպով բարձրացել են վարկերին զուգընթաց։ «Բայց այս վերջին ճգնաժամով պայմանավորված՝ ավանդների աճը որոշակի դանդաղել է, մինչդեռ վարկերը շարունակել են աճել։ Այստեղ մի մտավախություն ունենք, որ եթե այս առողջապահական իրավիճակը մի քիչ ավելի երկար տևի, քան մենք ակնկալում ենք, և ֆիրմաների ու տնային տնտեսությունների եկամուտները չվերականգնվեն, ապա հնարավոր է՝ վարկերը նույնպես աճի տեմպի դանդաղում արձագրեն»,- հավելեց նա։ Կենտրոնական բանկի նախագահը նաև նշեց, որ խնդրահարույց կամ դասակարգված վարկերի ծավալն այս պահին ընդհանուր վարկային պորտֆելում 6,3 տոկոս է կազմում։ «Այստեղ ուզում եմ նշել, որն մեր գնահատականներով համավարակով պայմանավորված վարկային արձակուրդները, վարկառուների եկամուտների նվազումը կարող են հանգեցնել իրավիճակի, երբ այս ցուցանիշը կբարձրանա։ Չեմ կարող ասել՝ դա այս տարի կլինի, թե ավելի ուշ։ Նույնիսկ կարող է այս ցուցանիշն ավելի բարձր լինել, քան 10 տոկոսը»,- ասաց նա։ Ըստ ԿԲ նախագահի՝ արտակարգ դրության պայմաններում բանկերն ու մյուս ֆինանսական կազմակերպություններն առանց խախտումների իրականացրել են իրենց հաճախորդների սպասարկումը։ «Բանկերն իրենց նախաձեռնությամբ, ինչը շատ կարևոր է, հաճախորդներին տրամադրել են որոշակի վարկային արձակուրդներ։ Ֆինանսավորման աղբյուրների սղության պայմաններում բանկերը շարունակել են տնտեսության վարկավորումը, այդ թվում՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացնումը»,- ասաց նա։
12:39 - 08 սեպտեմբերի, 2020
ԿԲ-ն մանրամասնել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

ԿԲ-ն մանրամասնել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

Հայաստանի Կենտրոնական բանկն անդրադարձել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշմանն ու մանրամասներ ներկայացրել: Ինչպես տեղեկացրեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2020 թ. հուլիսի 28-ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արմենակ Դարբինյանը,  Օլեգ Աղասյանը, Հովհաննես Խաչատրյանը: Խորհրդի նիստը սկսվեց հուլիսի 28-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական և դրամավարկային հատվածների զարգացումները` դեռևս պահպանվող համավարակի հաղթահարման, տնտեսական հետևանքների մեղմման և տնտեսական ակտիվության վերականգնման գործընթացների համատեքստում: Արձանագրվեց, որ 2020 թվականի հունիսին գրանցվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1.7%: Հունիսի գնանկումը բացառապես պայմանավորվել է «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գների 3.5% նվազմամբ, ինչը նպաստել է գնաճին -1.37 տոկոսային կետով: Ամսվա ընթացքում ոչ պարենային ապրանքներից նշանակալի են եղել «Հագուստ» և «Կոշիկ» ապրանքախմբերի գների նվազումը, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է -0.06 տոկոսային կետ, իսկ ծառայությունների սակագների գծով դիտվել է աճ՝ նպաստելով գնաճին 0.07 տոկոսային կետ: Միևնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը ցուցաբերել է հիմնականում կայուն վարքագիծ՝ պահպանվելով 0.8% մակարդակում։ Համաձայն ՀՀ ԿԲ գնահատականների արտաքին հատվածում, կորոնավիրուսային համավարակի պահպանման պարագայում, երկրորդ եռամսյակում արձանագրվել է համաշխարհային տնտեսության խոշոր անկում և արտաքին պահանջարկի էական թուլացում, ինչը հիմնականում համահունչ է եղել թե՛ ՀՀ ԿԲ-ի և թե՛ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների կանխատեսումներին: Ընդ որում, թեև, էներգակիրների գների որոշակի աճի պայմաններում, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտվել է ընդհանուր գնաճի փոքր-ինչ վերականգնում, բնականոն գնաճը շարունակում է մնալ ցածր, ինչը վկայում է պահպանվող թույլ պահանջարկի մասին: Նշվեց, որ ապրանքահումքային միջազգային շուկաներում արձանագրվել է սպասվածից փոքր-ինչ բարձր գնաճային միջավայր՝ պայմանավորված Չինաստանի տնտեսության ավելի արագ տեմպերով վերականգնմամբ և նավթի միջազգային գների ավելի բարձր մակարդակի արձանագրմամբ։ Միաժամանակ, համաշխարհային տնտեսությունում դեռևս առկա են էական անորոշություններ՝ կապված համավարակի հետագա ընթացքի, տնտեսական հետևանքների վերացման և երկրների տնտեսությունների վերականգնման ուղիների ու ժամկետների հետ: Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրները շարունակում են իրականացնել զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն` միաժամանակ պահպանելով դրամավարկային խթանող դիրքը: ՀՀ տնտեսական զարգացումների քննարկման արդյունքում արձանագրվեց, որ ինչպես և սպասվում էր, Հայաստանում ևս համավարակի տնտեսական հետևանքների ազդեցությամբ երկրորդ եռամսյակում գրանցվեց տնտեսական ակտիվության կտրուկ անկում: Ընդ որում, դա պայմանավորված է ինչպես առաջարկի գործոններով՝ աշխատուժի առաջարկի և արտադրողականության կրճատում, մատակարարման շղթաների խաթարում, այնպես էլ պահանջարկի գործոններով՝ սպառման ու ներդրումների նվազում ու հետաձգում և նախազգուշական խնայողությունների հակվածության աճ։ Այսպես, 2020թ-ի հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության սպասվածին մոտ ցուցանիշ՝ 4.7% նվազում, որի կառուցվածքում, այնուամենայնիվ, դիտվել է դրական շեղում արդյունաբերության ճյուղում՝ ի հաշիվ հանքարդյունաբերության ենթաճյուղում սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումների, մինչդեռ ծառայությունների ճյուղում` կացություն, հանրային սննդի կազմակերպում և սպասարկման այլ ծառայություններ ենթաճյուղերի ակտիվության անկումը փոքր-ինչ գերազանցել է կանխատեսումները: Տնտեսական ակտիվության անկումն ուղեկցվել է ներքին պահանջարկի զգալի թուլացմամբ, ինչն արտահայտվել է թե՛ մասնավոր սպառման և թե՛ մասնավոր ներդրումների էական նվազումներով: Չնայած հունիսին  նկատվել է արտերկրից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների՝ սպասվածից զգալի մեծ հոսք և վարկավորման աճի տեմպերի որոշակի վերականգնում, համախառն պահանջարկը շարունակում է մնալ թույլ, իսկ առաջիկա եռամսյակներում սպասվող դանդաղ վերականգնումը հիմնականում կպայմանավորվի համավարակի հետ կապված անորոշությունների պայմաններում սպառման, ներդրումների կրճատմամբ, նախազգուշական խնայողությունների աճով և արտաքին թույլ պահանջարկով։ Նշվեց նաև, որ դիտվել է վճարային հաշվեկշռի պակասուրդի որոշակի բարելավում, ինչը հիմնականում պայմանավորվել է ապրանքների արտահանման և դրամական փոխանցումների՝ սպասվածից ավելի բարձր աճերով: Միաժամանակ արձանագրվեց, որ թե՛ առաջարկի և թե՛ պահանջարկի վրա դրական նպաստում կունենա ՀՀ կառավարության կողմից վարվող խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը և այդ համատեքստում` հատկապես շահութահարկի մասով օրենսդրական վերջին փոփոխությունը։ Ծավալվեց քննարկում մայիս-հունիս ամիսներին արձանագրված վարկավորման աճի վերաբերյալ, որի ընթացքում Խորհրդի որոշ անդամներ կարծիք հայտնեցին, որ իրականում վիճակագրորեն այդ աճն ավելի փոքր կլիներ, եթե ֆինանսական համակարգն աշխատեր մարումների բնականոն գրաֆիկով, այլ ոչ թե ողջ երկրորդ եռամսյակում հայտարարեր և գործեր վարկային արձակուրդների ռեժիմով: Միևնույն ժամանակ, արձանագրելով, որ վարկավորման փաստացի աճի կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել Կառավարության օժանդակության ծրագրերով տրամադրվող վարկերը, որոշակի մտահոգություն հնչեցվեց վարկավորման աճի տեմպերի վերականգնման միտումների հետագա պահպանման մասով, քանի որ հավանականությունը, որ այդ ծրագրերի ավարտից հետո ֆինանսական համակարգը կշարունակի նույն տեմպերով վարկավորումը սեփական միջոցների հաշվին, մեծապես կախված կլինի տնտեսության վերականգնման ընթացքից և առկա անորոշությունների աստիճանից: Վերջինս կարող է ապագայում էական ռիսկեր առաջացնել պահանջարկի վերականգնման տեսանկյունից: ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումների մասով արձանագրվեց, որ երկրորդ եռամսյակի ընթացքում դրանք հիմնականում դրսևորել են կայունացման միտումներ, միաժամանակ, գրեթե համահունչ արձագանքելով ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումներին։ Կարճաժամկետ շուկայական տոկոսադրույքները նվազել են և մշտապես ձևավորվել քաղաքականության (վերաֆինանսավորման) տոկոսադրույքի շուրջ: Պետական պարտատոմսերի շուկայում եկամտաբերության կորի երկայնքով նվազում է դիտվել ապրիլին, իսկ մայիս-հուլիս ամիսներին տոկոսադրույքները ցուցաբերել են բավականին կայուն վարքագիծ։ Բանկային համակարգում վարկերի և ավանդների տոկոսադրույքների արձագանքը քաղաքականության փոփոխություններին հիմնականում եղել է աննշան` պայմանավորված ինչպես փոխանցումային մեխանիզմի գոյություն ունեցող ժամանակային լագերով, այնպես էլ բանկային համակարգում ռիսկի ախորժակի հնարավոր ճշգրտմամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի եվրոպարտատոմսերի եկամտաբերությունը, եռամսյակի առաջին հատվածում արձանագրած մեծ տատանողականությունից հետո, եռամսյակի երկրորդ կեսին դրսևորել է էական նվազման և կայունացման միտումներ: Խորհրդի գնահատմամբ, նման դրական զարգացումը վկայում է երկրի սուվերեն ռիսկի հավելավճարի կրճատման և 4%-ի շրջակայքում կայունացման մասին: Խորհուրդը քննարկեց նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի որոշման և դրա հիմնավորման արտաքին հաղորդակցման բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով, որ մշտադիտարկման ներկա փուլում փաստացի զարգացումները լիովին համահունչ են եղել երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կանխատեսումներին, իսկ գործող դրամավարկային պայմանները գնահատվել են բավարար խթանող՝ Խորհուրդ էր ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու առաջարկ: Դրա հետ մեկտեղ, Խորհրդի որոշ անդամներ կարծիք հայտնեցին, որ թեև պահանջարկի առումով առկա են որոշակի դրական գործոններ, միևնույն է, թե՛ պահանջարկը և թե՛ առաջարկը մնում են բավականին թույլ, պահանջարկի վերականգնումը կարող է դանդաղել համաշխարհային տնտեսության ավելի թույլ աճի  պատճառով, ինչպես նաև մտավախություն կա, որ հարկաբյուջետային քաղաքականության խթանման չափը կարող է սպասվածից ավելի քիչ լինել, ուստի անհրաժեշտ է շարունակել դրամավարկային խթանման չափի ավելացումը: Իսկ Խորհրդի անդամներից մեկը մատնանշեց առաջարկի և պահանաջարկի հարաբերական փոփոխության վերաբերյալ գնահատականների անորոշությունը: Միաժամանակ, հնչեցին տեսակետներ, որ ներկա տնտեսական իրավիճակը խնդրահարույց է հատկապես առաջարկի վերականգնման հեռանկարների առումով, ինչի պարագայում առավել առանցքային է խթանող հարկաբյուջետային քաղաքականության դերը, և այդ համատեքստում տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող ծախսերի իրականացումը։ Արդյունքում, ձայների մեծամասնությամբ ընդունվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշում՝ առաջիկայում ևս  խթանող դիրքը պահպանելու նկատառումով: Տվյալ պարագայում, ըստ հիմնական սցենարի՝ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի համեմատաբար ցածր մակարդակում՝ հետագայում աստիճանաբար մոտենալով նպատակային թիրախին։
18:40 - 11 օգոստոսի, 2020
Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ |armenpress.am|

Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ունի մի քանի ճգնաժամերին դիմակայելու փորձ, բազում քաղաքական ու անգամ ռազմական ցնցումների պայմաններում կայուն մնալու փորձ, և այդ փորձը, ինչպես նաև ողջ գործիքակազմն ու կարողությունները ծառայում են երկրի ֆինանսական  կայունության ու կանխատեսելի ցածր գնաճի ապահովմանը: Այս մասին նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ընդգծելով, որ դրանք հենց այն հենակետերն են, որոնք մեղմում են ներկայի ճգնաժամի հարվածները, և որոնց շնորհիվ երկրի վաղվա վերելքը կլինի վստահ ու հաստատուն:  -Հարգելի պարոն Գալստյան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր ելույթներում նշել եք, որ Կենտրոնական բանկը հետևողական է լինելու իր երկու հիմնական նպատակների՝ գների կայունության ու  ֆինանսական կայունության ապահովման հարցում: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2020թ. հունիսին, 2019թ. հունիսի համեմատ, կազմել է 1,7%՝ նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։ Գների կայունության առումով թվերն ինքնին խոսուն են, իսկ ի՞նչ կասեք ֆինանսական կայունության մասով՝ հատկապես վերջերս շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ վարկերը չեն կարողանում մարել, գործ չկա, կորոնավիրուսով պայմանավորված շատերը չեն աշխատում, շատ է հնչում վարկային արձակուրդ տրամադրելու քաղաքացիների և տարբեր խմբերի պահանջը, այս մասին ի՞նչ կասեք։ -Շնորհակալություն։ Նախ եկեք  հասկանանք թե ինչ է  այս պահի դրությամբ արդեն արվել: Վեջին մի քանի ամիսների ընթացքում  Հայաստանի  ֆինանասական կազմակերպությունների կողմից վերանայվել է գրեթե 1 միլիոն, ավելի ստույգ՝ շուրջ 980 հազար հատ վարկային պայմանագիր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.3 տրիլիոն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական ու 17.5 հազար իրավաբանական անձիք են: Վարկերի նման մեծածավալ ու ընդգկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության  լավագուն դրսևորումներից  է: Ես կխուսափեմ վերամբարձ գնահատականներից և գուցե չկոչեմ սա փրկօղակ, բայց դա միանշանակ հստակ ու շոշափելի օգնություն էր բազմաթիվ ընտանիքների ու գործարարների համար: Մյուս կողմից եկեք չմոռանանք, որ բանկը միջնորդ է ավանդատուների և վարկառուների միջև: Բանկերը ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Սա շատ պարզ մեխանիզմ է՝ վարկերի դիմաց ստացված տոկոսագումարներից  բանկը պետք է կատարի ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները ։ Ընդ որում, բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը:  Այսպիսով, երբ տեսնում ես պատկերն ամբողջությամբ, ոչ թե միայն մեկ կողմի դիտանկյունից, ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները   չեն կարող տևել անվերջ:      -Թույլ տվեք, այնուամենայնիվ, նկատել, որ կան խնդիրներ և բողոքներ:   -Միանշանակ կան: Այդ խնդիրները բազմաբնույթ են և ունեն բազմապիսի ծագումնաբանություն: Եկեք հիմա հասկանանք  այդ խնդիների առաջացման պատճառները և փորձենք գնահատել դրանց լուծման հնարավորությունները: Նախ և առաջ պետք է ընդունենք, որ ցանկացած խնդրից խուսափելու համար առավել անհրաժեշտ նախապայմանը լիարժեք տեղեկացված լինելն է: Այստեղ Կենրոնական բանկն ունի թե ազդեցության լծակներ և թե գործելու անհրաժեշտ վճռականություն:  Լինելով ֆինանսական հատվածի կարգավորող և վերահսկող մարմին, ԿԲ-ը քաղաքացիների շահերի պաշտպանության համար ստեղծում և շարունակաբար կատարելագործում  է  թափանցիկ ու իրազեկ  միջավայր: Մարդիկ ծառայություններից  օգտվելիս պետք է լինեն տեղեկացված, իսկ իրենց որոշումներում պետք է ներառվի ամբողջ առկա տեղեկատվությունը: Այլ կերպ ասած, որոշում կայացնող վարկառուի համար չպետք է լինեն գաղտնիքներ, երկիմաստ դրույթներ և թյուրիմացություններ առաջացնող հղումներ: Այդ իսկ պատճառով ԿԲ կողմից ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սահմանված են թափանցիկության և տեղեկատվության բացահայտման հստակ և չափազանց խիստ պահանջներ: Օրինակ, մինչև վարկային պայմանագիր կնքելը մարդուն, բացի բանավոր ներկայացվող տեղեկատվությունից, տրամադրվում է վարկի էական պայմանների վերաբերյալ շատ հակիրճ անհատական թերթիկ: Վերջինիս մեջ նշված պայմանները գործում են 10 օր, և քաղաքացին հնարավորություն ունի մտածելու, համեմատելու, նշված պայմանների շրջանակներում կրկին իր հնարավորությունները գնահատելու  և ապա նոր այդ վարկը վերցնելու կամ գուցե հակառակը՝այդ վարկից հրաժարվելու: Բուն պայմանագրերի նկատմամբ ԿԲ կողմից  սահմանված են բազմաթիվ պահանջներ՝ սկսած տառատեսակի չափից, վերջացրած կարևորագույն տեղեկությունները նշելու պահանջով: Դրանցից ամենակարևորն են փաստացի տոկոսադրույքը,  անվանական տոկոսադրույքը, միջնորդավճարների չափը:    -Այդուհանդերձ անարդարություններ տեղի են ունենում։ Ի՞նչ անել այդ դեպքում։   -Այստեղ էլ Կենտրոնական բանկը հարթել է ճանապարհը և շարունակական ռեժիմով կատարելոգործում է մշակված մեխանիզմները: Մարդու նկատմամբ տեղի է ունեցել անարդարություն, նրան գցել են մոլորության մեջ, մարդը կրել է ֆինանսական կորուստներ: ԿԲ-ը սահմանել է բոլոր ֆինանսական կազմակերպությունների ներսում բողոքների քննման  մեխանզիմների նկատմամբ մանրամասն և հստակ պահանջներ: Ցանկացած բողոքի պարագայում քաղաքացին առաջին հեթրին պետք է դիմի իրեն սպասարկող ֆինանսական կազմակերպությանը, որը պարտավոր է սահմանված ժամկետներում և ընթացակարգերով ուսումնասիրել դիմումը  և պատասխանել քաղաքացուն: Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետեւ հենց տվյալ  կազմակերպությունն է այն առաջին օղակը, որն առկա բարձր մրցակցության պայմաններում հատկապես հակված է լուծելու հնարավոր վեճը, չէ՞ որ դա բխում է իր իսկ շահերից: Հաջորդ քայլը. այն պարագայում, երբ մարդուն չի բավարարում ֆինանսական կազմակերպության պատասխանը և առաջարկվող լուծումները, նա կարող է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որն անվճար ու խելամիտ ժամկետներում կքննի բողոքը: Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հիմնադրվել է ԿԲ կողմից, ունի անկախ կառավարման մարմին և գործում է արդեն ավելի քան 10 տարի: Եվ հատկանշական է, որ այս ինստիտուտի որոշումների բացարձակ մեծամասնությունը կայացվում է հօգուտ հաճախորդների է:  Անշուշտ  այս մակարդակում ստացված պատասխանն ու լուծումը կրկին կարող են չընդունվել բողոքը ներկայացրած անձի կողմից: Եվ անշուշտ նա կարող է դիմել նաև ԿԲ-ին, որը ֆինանսական կազմակերպության կողմից իրական խախտումների հայտնաբերման դեպքում կարող է համապատասխան պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ: Նշված շղթան անցնելուց ու պատասխան չստանալուց հետո ԿԲ-ին դիմելը մենք անհրաժեշտաբար կդիտարկենք որպես շղթայում առկա անկատարություն: Եվ այսպիսով մեկ անձի կողմից Կենտրոնական բանկում հնչեցրած խնդրի լուծումը կարող է վերափոխվել նաև համակարգային լուծումների:   -Մեխանիզմը լիարժեք հասկանալի է, սակայն անգամ թափանցիկության, տեղեկացվածության, և գիտակից որոշում կայացնելու համար անհրաժեշտ բոլոր մնացած պայմանների խստագույն պահպանպան դեպքում կրկին  կարող են առաջանալ վարկային պարտավորությունների կատարման խնդիրներ:    -Այո, և սա խնդիրների այն խումբն է, որը կապված չէ ֆինանսական կազմակերպության կողմից թույլ տված խախտումների, մարդուն միտումնավոր կամ հընթացս մոլորության մեջ գցելու կամ հասանելի ինֆորմացիայի պակասի հետ: Այստեղ ֆինանսական կազմակերպությունը լիարժեք կատարել է իր վրա դրված պարտավորությունները, սակայն վարկառուն, ինչ-որ պահի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ի վիճակի չի լինում կատարել իր վարկային պարտավորությունը։ Այս դեպքում արդեն Կենտրոնական բանկը ուղղակի չի կարող միջամտել տնտեսվարող սուբյեկտների  ընթացիկ տնտեսական գործունեությանը: Եկեք հասկանանք, որ առևտրային  բանկը դա ինքնուրույն, շահույթ հետապնդող բիզնես միավոր է, որը գործում է բարձր մրցակցության ու նաև բարձր ռիսկի պայմաններում: Նա իր ռիսկով տրամադրում է վարկեր ու անում է դա մեծապես ավանդատուներից հավաքագրված միջոցների հաշվին: Իսկ այդ միջոցների անխափան, կամայական պահին պահանջված վերադարձը քաղաքացուն, ինչպես նաև այդ միջոցների դիմաց հաշվարկված տոկոսների անվերապահ, անպատճառ ու ապահով վճարումը բանկի առաջնային  պարտականությունն է: Շարժե՛ք <վարկ-ավանդ> կշեռքի մի նժարը, և կկործանեք ընդհանուր ֆինանսական ու հետևաբար նաև ընդհանուր տնտեսական հավասարակշռությունը:   -Իսկ որտե՞ղ է այդ դեպքում լուծումը:  -Մենք պետք է ընդունենք, որ առկա խնդիրը շատ ավելի ընդարձակ է, քան ԿԲ-ի կարգավորման դաշտը: Ի՞նչ անենք վատ վիճակում հայտնված մեր հայրենակիցների հետ, որոնք չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները։ Նախ մեկ դիտարկում։ Մենք ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին, մեկ անգամ տույժ-տուգանքները ներեցինք։ Հետո մեր հետազոտությունը ցույց տվեց, որ վարկային համաներում ստացած մարդկանց խմբից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների հիսուն տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն վիճակում։ Այսինքն այդ մարդիկ ունեն կա՛մ եկամտի, կա՛մ պարտաճանաչ վարքագծի խնդիր։ Այսօր այդ խնդիրներին ավելացել է նաև համավարակի հետևանքով տնտեսության բազմաթիվ ճյուղերի հարկադրված պարապուրդը: Եվ լուծումն այստեղ հասարակական կոնսենսուսի դաշտում է։ Պետության կողմից բոլորիս հարկերի հաշվին կարող է ինչ-որ գումար նախատեսվել՝ որպես երաշխիքային ֆոնդ, նման իրավիճակներից դուրս գալու համար։ Միայնակ մայրն ունի երկու երեխա, հայտնվել է անելանելի իրավիճակում, և մենք որպես հասարակություն այդ կնոջը պետք է օգնության ձեռք մեկնենք, բայց դրա մեխանիզմն այն չի, որ նման մարդիկ չվճարեն ֆինանսական կազմակերպություններից վերցրած միջոցների դիմաց։ Իսկ հիմա տեսեք.  այս կարգավորումն իրականացնելուց առաջ մենք պետք է որոշենք նաև՝ իսկ ի՞նչ ենք անում այն մարդկանց հետ, որոնք պարտաճանաչ կերպով կատարում են իրենց վարկային պարտավորությունները։ Այդ մարդիկ չպետք է ավելի վատ վիճակում հայտնվեն վճարելով, քան այն մարդիկ, ովքեր պարբերաբար վերցնում են այդ գումարները և չեն վճարում։ Այս խնդրում մենք, որպես հասարակություն, պետք է կոնսենսուսի գանք: Եվ այստեղ արդեն գնդակը քաղաքացիների՝այսինքն հարկատուների, դաշտում է, և ոչ Կենտրոնական բանկի ու  ֆինանսական ինստիտուտների։  -Շատ ընդդիմախոսներ բարձրաձայնում են այն մասին, որ առևտրային բանկերը նախորդ տարիներին աշխատել են գերշահույթով և հիմա, այս դժվար ժամանակներում, կարող են ավելի պատասխանատու դիրք ընդունել ու ռիսկերը վերցնել իրենց վրա։ -Մենք դեռևս չենք կարող ողջ ծավալով գնահատել ֆինանսական համակարգի վրա կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքները: Սակայն ինչ վերաբերում է նախորդ տարիներին, ապա այստեղ տեղեկատվությունը լրիվ հասանելի է, իրավիճակն ավելի քան պարզ է,  և պատկերը  շատ հեռու է բանկերին մեղսագրվող գերշահույթ ստանալու մեղադրանքից: Բիզնեսի շահութաբերությունը գնահատող լայնորեն տարածված ցուցանիշն ըստ կապիտալի շահութաբերությունն է՝ ROE: 2019թ. բանկային համակարգի շահութաբերությունն  ըստ կապիտալի կազմելէ 7.9%, իսկ վերջին 5 տարում միջին տարեկան ցուցանիշը 4.1% էր: Ակնհայտ է որ այս թվերը չեն կարող վկայել շահույթի ինչ որ գերբնական մակարդակի մասին:  Ասեմ ավելին: Ի տարբերություն բիզնեսների շատ ու շատ տեսակների, բանկերը, իրենց «ցանկությունից» անկախ, զուտ իրենց գործունեության առանձնահատկությունների բերումով, բոլոր երկրներում ու հասարակություններում մշտապես իրենց վրա են կրում տնտեսական անկումների, անորոշության ու տատանողականության հետևանքները: Տնտեսությունը միասնական օրգանիզմ է, և այն, ինչ կատարվում է տնտեսության մեկ ճյուղում, անհրաժեշտաբար վերաբերում է նրա հարակից ճյուղերին, սակայն բանկերի առանձնահատկությունն այն է, որ նրանց վերաբերում է ամեն ինչ: Բանկերն են այն անվտանգության բարձիկը, որը կլանում ու մեղմում է տնտեսության տարբեր ոլորտները խոցող շոկերը: Եվ բանկերն անում են դա իրենց, իրենց սեփականատերերի միջոցների հաշվին: Ընդհանուր առմամբ ես համոզված եմ, որ բանկերի նկատմամբ չկշռադատված իսկ երբեմն անգամ չարացած պահանջները իրավիճակը բոլոր կողմերից չդիտարկելու արդյունք են: Իրավիճակի համապարփակ դիտարկումն ու ինքնուրույն վերլուծությունը միանշանակ տալիս են բոլոր հիմնական հարցերի պատասխանները և պաշտպանում են հասարակությանը իրար մեջ թշնամիներ որոնելու վտանգավոր ճանապահից: -2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժաի ընթացքում, ինչպես նաև հիմա, զարգացած շատ երկրների կառավարություններ մեծածավալ դրամական միջոցներ տրամադրեցին թե բանկերին և թե տնտեսվարողներին: Չքննարկելով նման քայլի արդյունավետությունը, կցանկանայի հարցնել, թե ինչպե՞ս է ստացվում, որ հայրենի կառավարությունը նման քայլ չի ձեռնարկում և «օգնության ձեռք» չի մեկնում ֆինանսական հատվածին:   - Այո, ժամանակին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և կառավարությունը «փրկագնեցին» ֆինանսական հատվածը, քանի որ ցանկացած ֆինանսական անկայանություն, առավել ևս համակարգային, հղի է ընդհանուր տնտեսական համակարգը փլուզելու վտանգով: Սակայն հասարակությունը դժգոհ մնաց: Հասարակությունը համոզված էր, որ պետք էր միջոցներն ուղղել իրական, և ոչ  ֆինանսական հատվածի առողջացմանը: Հարկատուները դժգոհ էին, որ իրենց միջոցների հաշվին կառավարությունն օգնեց ֆինանսական հատվածին: Եվ, այդ համատեքստում՝ անդրադառնալով մեր իրավիճակին, առանց դրական կամ բացասական գնահատական տալու, ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում մեր կառավարության կողմից որևէ ֆինանսական կազմակերպությանը հարկատուների հաշվին օժանդակություն չի տրամադրվել: Ֆինանսական կազմակերպությունները  ճգնաժամերը հաղթահարել են ինքնուրույն՝ իրենց սեփականատետերի միջոցների հաշվին։    -Դուք շատ լավ տեղյակ եք, որ քաղաքացիների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի անհիմն բարձր տոկոսներով: Ինչո՞վ է պայմանավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկերի տոկոսների այսպիսի մեծ տարբերությունը:   - Վարկային կազմակերպությունների տոկոսները բարձր են, որովհետև նրանք վարկավորում են չափազանց ռիսկային խմբերի կամ անհատների: Դա այն վարկառուներն են, որոնք չունեն գրավ, չունեն արժանահավատ վարկային պատմություն, չունեն եկամուտի կայուն ու վստահելի աղբյուր: Սակայն այդ մարդիկ ունեն վարկավորման անհրաժեշտություն: Եվ այդ անհրաժեշտությունը երբեմն իսկապես անհետաձգելի է ու կենսականորեն կարևոր: Նրանցից շատերը այդ վարկերը նախընտրում են ստանալ կանխիկով և վերադարձնել կանխիկով: Այս ամենը նշանակում է, որ վարկային կազմակերպությունները սովորականից շատ ավելի բարձր ռիսկի են գնում նման վարկերի պարագայում, ինչպես նաև ավելի մեծ ծախսեր են անում այդ վարկերի տրամադրման ու սպասարկման ընթացքում: Վարկառուին ինչ-որ պահի ինչ-որ խնդիր լուծելու համար շատ կարճ ժամանակով անհրաժեշտ է օրինակ 40 հազար դրամ: Նա ստանում է այդ գումարը վարկային կազմակերպությունից, երկու շաբաթվա կտրվածքով  հազար դրամ վճարում է որպես տոկոսավճար, և ևս հազար դրամ կազմում են սպասարկման վճարները: Ընդհանուր առմամբ, 2 հազար դրամ։ Այս վճարումը տարեկան տոկոսադրույքի վերածելու պարագայում ստանում ենք  ավելի քան 100 տոկոս։ Պե՞տք է նման բիզնես գոյություն ունենա Հայաստանում, թե՞ ոչ: Այս հարցին պատասխանելու համար եկեք հասկանանք թե որն է դրա այլընտրանքը: Մարդը ունի փողի կարիք՝ շատ շտապ ու շատ կարևոր վճարում, գնում, մուծում կատարելու համար: Եվ չունի բանկից վարկ ստանալու հնարավորություն: Եվ դիցուք գոյություն չունեն վարկային կազմակերպություններ: Որտե՞ղ է գնալու այդ մարդը, ի՞նչ իրավիճակ ենք ստանալու մենք՝ որպես հասարակություն: Պատասխանը ավելի քան պարզ է՝ մենք ստանալու ենք այն, ինչ ժամանակին ունեցել ենք․ կրիմինալն է մտնելու այդ հարցերի մեջ, մարդկանց տոկոսով փող են տալու, հետո մարդկանց ունեզրկելու են, ծեծելու են, ահաբեկելու են, երբեմն անգամ սպանելու են։ Մինչդեռ այսօր վարկառուն՝ իր վրա պարտավորություն վերցնելով, ի սկզբանե  տեղեկացվում  է վարկավորման պայմանների մասին և մի քանի տեղ ստորագրությամբ հավաստում դա։  Անշուշտ մենք այստեղ դեռ շատ անելիք ունենք, և կուզենայի նշել, որ հիմա Կենտրոնական բանկում պատրաստում ենք նորմատիվներ, որոնք մարդու փաստացի եկամուտը կկապեն տրամադրվող վարկի մեծության հետ, որպեսզի ապագայում հնարավոր լինի որոշ չափով խուսափել անելանելի իրավիճակներում հայտնվելու վտանգից: Ժամանակին, եթե հիշում եք, վարկերի հասանելիությունը շատ ցածր էր և հասարակության մեջ կար զգալի դժգոհություն առ այն, որ մարդիկ չեն կարողանում վարկեր վերցնել: Կենտրոնական բանկը վերջին երկու տասնամյակների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել, և այժմ վարկերը շատ ավելի հասանելի են, իսկ վարկ վերցնելը շատ ավելի պարզ ու կանոնակարգված գործողություն է: Եվ ահա այսօր մենք արդեն բախվում հակառակ երևույթին, երբ ակնհայտ է դառնում որ պետք է որոնել ինչ-որ այլ՝ միջին, ավելի ընդունելի մակարդակ: Այս խնդիրների լուծումն էլ փորձում ենք գտնել նորմատիվային դաշտի կարգավորումների օգնությամբ: Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։ 
18:38 - 07 օգոստոսի, 2020
Կոմպրոմիսային լուծում է քննարկվում 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող անձանց սոցիալական վճարների գանձման համար |hetq.am|

Կոմպրոմիսային լուծում է քննարկվում 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող անձանց սոցիալական վճարների գանձման համար |hetq.am|

hetq.am: Հուլիսի մեկից 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց սոցիալական վճարների (կուտակային կենսաթոշակային համակարգ) գանձումների չափն ավելացել է: Մինչև այս տարվա հուլիսի մեկը գործում էր առավելագույն շեմ` 500 հազար դրամ, որը գերազանցելու դեպքում գանձվում էր միանվագ` 12 500 դրամ սոցիալական վճար։ Մինչև 500 հազար դրամ եկամտի դեպքում գանձվում էր մասնակցի աշխատավարձի 2,5%-ի չափով (7,5%-ն ապահովում է պետությունը), այս դեպքում փոփոխություններ չեն եղել: Հուլիսի մեկից հետո` 500 հազար դրամ (հարկերով) և ավելի եկամտի դեպքում կարող է գանձվել ընդհուպ մինչև 64 հազար դրամ սոցիալական վճար: Սոցիալական վճարի առավելագույն հարկը 64 500 դրամ է, այն կարող է գանձվել է 1 միլիոն 20 հազար և ավելի եկամտի դեպքում: Դեռևս ապրիլին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանն ու Վահե Հովհաննիսյանը շրջանառության մեջ էին դրել նախագիծ, որով առաջարկում էին 500 հազար դրամ և ավելի եկամուտ ստացող ֆիզիկական անձանց սոցիալական վճարների չափը չավելացնել: Ըստ պատգամավորների հիմնավորման` 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 հազար դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարներn ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Պատգամավորները նաև ընդգծել էին, որ այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում, և լրացուցիչ վճարների անհրաժեշտություն չկա: Մեզ հետ զրույցում նախագծի համահեղինակ Եղիշե Սողոմոնյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ մի քանի քննարկումներ են եղել Կենտրոնական բանկի, Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների հետ, նաև` ընդլայնված կազմով քննարկում խորհրդարանում բոլոր շահագրգիռ կողմերի հետ: ԿԲ ներկայացուցիչները պնդել են` կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխում իրականացնելիս իրենք հայտարարել են, որ քաղաքացիները կենսաթոշակային տարիքի անցնելիս պետք է ունենան իրենց աշխատավարձի քառասուն տոկոսի չափով կենսաթոշակ: Ուստի այս նախագծի պարագայում կարող է խաթարվել այդ տոկոսային համամասնությունը: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:15 - 05 օգոստոսի, 2020
Տարեվերջին կանխատեսվում է 1.9 տոկոսի կարգի գնաճ. ԿԲ-ն շարունակում է ցածր գնաճի քաղաքականությունը

 |armenpress.am|

Տարեվերջին կանխատեսվում է 1.9 տոկոսի կարգի գնաճ. ԿԲ-ն շարունակում է ցածր գնաճի քաղաքականությունը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջի գնաճը կկազմի մոտ 1.9 տոկոս, միևնույն ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ շարունակում են իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն: Գալստյանն այս մասին ասաց ասուլիսում: «Մենք մինչև հիմա էլ շարունակում ենք իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն: Եվ կարծում ենք, որ այդ քաղաքականությունը արդարացված է, քանի որ բխում է ՀՀ քաղաքացու շահից: Այս ճգնաժամի հետ մեկտեղ եթե լիներ 10 տոկոսանոց գնաճ, կնշանակեր 25-30 տոկոս սպառողակական ապրանքների գների թանկացում: Մենք կարծում ենք, որ այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացրել ենք, թույլ է տվել մեզ կուտակել կապիտալ և վստահություն մեր քաղաքացիների շրջանում: Դա մենք տեսնում ենք մեր՝ գնաճի սպասումների վերաբերյալ հարցումների ընթացքում»,-ասաց Գալստյանը: ԿԲ նախագահի կարծիքով՝ տասը տարի առաջ ոչ ոք ՀՀ-ում չէր կարող ենթադրել, որ քաղաքացիների զգալի մեծամասնությունը կկարծեն, որ գնաճը ցածր է: Գալստյանը դա համարում է ձեռքբերում: «Կանխատեսումների համաձայն տարեվերջին մեր գնաճը կլինի 1.9 տոկոսի կարգի՝ 1.7-2 տոկոսի շրջանակներում, որը մեր թիրախի ներքին շեմին մոտ թիվ է»,-ասաց ԿԲ նախագահը: Հայաստանում վերջին տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել 1.7 տոկոս:
19:06 - 28 հուլիսի, 2020
2020 թ. հունիսին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.9% գնանկման դիմաց

2020 թ. հունիսին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.9% գնանկման դիմաց

2020 թ. հուլիսի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4.5%: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ կայքից։ 2020 թ. հունիսին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1.7%: Միևնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է նախորդ ամսվա` 0.8% մակարդակում։ Երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրվել է համաշխարհային տնտեսության և արտաքին պահանջարկի էական թուլացում, ինչը համահունչ է եղել դրամավարկային քաղաքականության ծրագրով կանխատեսվող զարգացումներին։ Եռամսյակի վերջում, սակայն, հիմնական ապրանքահումքային շուկաներում գները ձևավորվել են սպասվածից փոքր-ինչ բարձր մակարդակում: Միաժամանակ, թե՛ զարգացած և թե՛ զարգացող երկրները շարունակել են իրականացնել խթանող դրամավարկային և զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն: Ինչպես և ակնկալվում էր, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա էական գնաճային ազդեցություն չի լինի: Երկրորդ եռամսյակում համավարակի հետևանքով ՀՀ տնտեսական ակտիվության և ներքին պահանջարկի նվազումը գտնվել է ԿԲ  կանխատեսումների շրջանակներում։ Թողարկման նվազումը հիմնականում արտահայտվել է շինարարության և ծառայությունների ճյուղերում, մինչդեռ արդյունաբերության ճյուղում նվազումը սպասվածից ավելի դանդաղ է եղել: Համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված առկա մեծ անորոշություններով պայմանավորված գնահատվում է, որ առաջիկայում ներքին պահանջարկը դեռևս կմնա թույլ, թեև դրամական փոխանցումների՝ սպասվածից էականորեն քիչ նվազումը կունենա որոշակի դրական նպաստում։ Միաժամանակ, գնահատվում է, որ վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը, մասնավորապես՝ շահութահարկի մասով օրենսդրական վերջին փոփոխությունները, կունենան դրական նպաստում թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի վրա։ Հաշվի առնելով, որ փաստացի զարգացումները մոտ են եղել երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կանխատեսումներին` ԿԲ Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային ներկա պայմանները բավարար խթանող են։ Միաժամանակ խորհուրդը գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում, ինչը հնարավորություն կտա գնաճն աստիճանաբար ավելացնել և կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ կանխատեսվող հորիզոնի վերջում: Խորհուրդը միակարծիք է, որ ներկա իրավիճակում համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է նաև հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը, հատկապես՝ տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող ծախսերի իրականացման միջոցով։ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ ծրագրված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն առավելապես ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ և անորոշության հավանական պահպանմամբ: Նման ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։
17:05 - 28 հուլիսի, 2020
ԱԺ-ն Հովհաննես Խաչատրյանին ընտրեց ԿԲ խորհրդի անդամ |armenpress.am|

ԱԺ-ն Հովհաննես Խաչատրյանին ընտրեց ԿԲ խորհրդի անդամ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Հովհաննես Խաչատրյանին: Քվեարկության մասնակցել էր 99 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր, կողմ էր քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 2: Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:  Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ. աշխատել է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է «Ամերիա» բանկում: 2015-ից ֆինանսական վերլուծաբան է, ներկայում ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ:
13:54 - 16 հուլիսի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը: Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:  Հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը նախ ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը: Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ աշխատել է Կենտրոնական բանկի Վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի հեռար ստուգման ֆունկցիաներ, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է Ամերիաբանկում: 2015-ին ստացել է ֆինանսական վերլուծաբանի կոչում, ներկայում էլ ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ:  Խաչատարյանը մի քանի կետով նշեց այն կարևոր գործառույթները, որ ԿԲ-ն իրականացնում է և իր կարծիքը դրանց վերաբերյալ: «Ես գտնում եմ, որ ԿԲ-ի մանդատի հետ կապված հարց իրականում գոյություն չունի այս պահին: Այն, ինչ այսօր դրված է ԿԲ-ի վրա՝ գների և ֆինանսական կայունության ապահովման առումով, համապատասխանում է ժամանակակից թրենդներին և հաջողված Կենտրոնական բանկերի փորձին: Ես այս առումով ԿԲ-ն գնահատում եմ լավագույն հաջողված ԿԲ-ներից զարգացող երկրներում»,-ասաց թեկնածուն: Նրա կարծիքով՝ ֆինանսական համակարգում մրցակցությունն ապահովված է, ԿԲ-ն հասել է նրան, որ կենտրոնացումներ, համակենտրոնացումներ, մոնոպոլ դիրքեր ձեռք չեն բերվել: Թեկնածուի խոսքով՝ դա իրականում մեծ արժեք է, մրցակությունն է բերում ֆինանսական ծառայությունների մատչելիությանը, ծառայությունների արժեքի նվազմանը: Խաչատրյանը կարծում է, որ ֆինանսական համակարգը շատ լավ կարգավորված է, նաև ֆինանսական համակարգի բոլոր խաղացողների նկատմամբ վստահություն կա:  Կորոնավիրուսի և դրա տնտեսական հետևանքների հետ կապված՝ մենք գրեթե խնդիր չենք ունեցել, որ տնտեսավարող սուբյեկտները վստահության պակասի պատճառով կտրուկ գործողություններ կատարեն»,-ասաց նա: Խաչատրյանի կարծիքով՝ կանխիկ շրջանառությունը բոլոր դրամական ագրեգատներում չափազանց մեծ է: «Մենք կանխիկ տնտեսություն ենք, որը աքսիոմատիկ է, որ չի կարող լինել կապիտալի շուկա, երբ երկրում տնտեսավարող սուբյեկտների միջև հարաբերությունները դեռ կանխիկի աշխարհում են մնացել: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ԿԲ-ն ըստ էության կատարում է մեծ ծախսեր կանխիկի շրջանառության ապահովման համար, որը սուբսիդիա է այդ վճարամիջոցից օգտվելու համար»,-ասաց նա ու նշեց, որ ԿԲ-ն ՊԵԿ-ի հետ միասին պետք է ծրագիր իրականացնի, որպեսզի կարճ ժամանակահատվածում իմպուլս տա անկանխիկ դրամաշրջանառությանը: Պատգամավորները նաև տարաբնույթ հարցեր ուղղեցին, պատասխաններ ստացան թեկնածուից: Թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
10:46 - 08 հուլիսի, 2020
ԿԲ-ի մոտ ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել. ՀՀ ոստիկանություն |armenpress.am|

ԿԲ-ի մոտ ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել. ՀՀ ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am: Երևանում՝ Կենտրոնական բանկի մոտ, անցկացված ակցիայից կան բերման ենթարկվածներ: ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ բերման է ենթարկվել 5 քաղաքացի ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Ակցիան Կենտրանական բանկի մոտ սկսել էր քաղաքացի Մանուել Մանուկյանը, ով սկզբում լրագրողների հետ զրույցում դժգոհություն էր հայտնում բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ: ԿԲ-ից պահանջում է հաշվի առնել երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը եւ վարկային արձակուրդ տրամադրել։  Հարցազրույցն ընդհատվեց ոստիկանների միջամտությամբ, վերջիններս խնդրեցին դադարեցնել հավաքի կոչերը: Մանուել Մանուկյանը տեղափոխվեց այլ հատված հարցազրույցը շարունակելու, այդ ժամանակ Կենտրոնական բանկի մոտ մոտեցավ բեռնատար, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետում Կենտրոնական բանկի շենքի ուղղությամբ: Ոստիկանները միջամտեցին, ակցիան դադարեցվեց, որոշ մարդիկ բերման ենթարկվեցին:
14:06 - 06 հուլիսի, 2020