Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Ատեստավորման դեպքում որքան հավելավճար կստանան զինծառայողները․ նախարարը ներկայացրեց նոր փոփոխությունը
 |armtimes.com|

Ատեստավորման դեպքում որքան հավելավճար կստանան զինծառայողները․ նախարարը ներկայացրեց նոր փոփոխությունը |armtimes.com|

armtimes.com: Կառավարության այսօրվա նիստի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց փոփոխությունների նոր փաթեթ, որով սահմանվում են ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր։ «Համաձայն նոր փոփոխության՝ ատեստավորման արդյունքներով հավելավճար չի ստանա այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածության գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստվածության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների ու ծառայողական գիտելիքների ստուգումից ստացել է մեկ անբավարար գնահատական»,- ասաց նա։ Ատեստավորման դեպքում ենթակա է հաշվարկվելու հավելավճար, կամ ենթակա է շարունակելու հավելավճարի տրամադրումը, եթե այդ պատրաստություններից զինծառայողը ստացել է բավարար, լավ կամ գերազանց գնահատական։ Ընդ որում՝ զինծառայողը մասնագիտական գիտելիքների և ծառայողական պատրաստություններից առնվազն 21 հարցին սխալ պատասխանելու դեպքում ստանում է անբավարար, 30-34 հարցերի ճիշտ պատասխանելու դեպքում՝ բավարար, 35-44 հարցերի ճիշտ պատասխանելու դեպքում՝ լավ, կամ 45-ից և ավելի ճիշտ պատասխանի դեպքում՝ գերազանց: «Գնահատվում է գերազանց, եթե մասնագիտական գիտելիքների և ծառայողական պատրաստությունների թեստավորումից ստացել է միայն գերազանց գիտելիքներ, գնահատվում է լավ, եթե ֆիզիկական, կամ շարային ու մասնագիտական գիտելիքներից թեկուզ մեկից ստացել է լավ գնահատական, իսկ մնացածից՝ գերազանց։ Բավարար, եթե այդ թեստավորումներից ստացել է բավարար մի հարցի դեպքում, իսկ մնացածից բավարար կամ լավ գնահատական»,- մանրամասնեց նախարարը։  Գերազանցի դեպքում զինծառայողի հավելավճարը կազմում է 470 հազար դրամ, լավի դեպքում՝ 420 հազար դրամ, բավարարի դեպքում՝ 230 հազար դրամ։ Մյուս կազմերի դեպքում՝ գերազանց՝ 395 հազար դրամ, լավ՝ 345 հազար դրամ, բավարար՝ 205 հազար դրամ։ Նախարարը ներկայացրեց նաև, թե ատեստավորման դեպքում աշխատավարձի բարձրացումը առանց հարկերի որքան է կազմելու․ «Շարքային կազմը ատեստավորման բավարար գնահատական ստանալու պարագայում մարտական հերթապահությունը ներառյալ կստանա՝ 321 հազար 910 դրամ, այդքան բացարձակա մաքուր աշխատավարձ է։ Այս պահին դրանից կրկնակի էականորեն պակաս է ստանում, լավի դեպքում՝ 430 հազար 910 դրամ, գերազանցի դեպքում՝ 470 հազար 910 դրամ։ Սա շարքային կազմի ամենաբարձր կոդն է։ Օրինակ՝ գնդապետը բավարար գնահատակնի դեպքում մարտական հերթապահություն իրկանացնող զորամասում կստանա 737 հազար 760 դրամ, գերազանցի դեպքում՝ 923 հազար 260 դրամ»,– ասաց նա։ Վարչապետն էլ իր խոսքում նշեց՝ պետք է արձանագրել, որ այս որոշումները բանակում որոշակի աշխուժությունն է մտցրել, ինչը նշանակում է, որ մարտական պատարսատության ավելի ինտեսիվ գործընթաց է տեղի ունենում։ Սրանով կմեծանա նաև պայամանագրային զինածառայության հանդեպ հետաքրքրությունը։
12:13 - 11 մայիսի, 2023
Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամասում առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայական կազմի հետ-

Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամասում առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայական կազմի հետ-

Մայիսի 5-ին՝ ՊՆ N զորամաս ստուգայցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայական կազմի հետ:   Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ առանձնազրույցների ընթացքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:   Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:   Ստուգայցի ընթացքում պաշտպանության նախարարը ճաշել է պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:   Այնուհետև հերթական արձակուրդ մեկնող, ուսումնական գործընթացում աչքի ընկած զինծառայողներին նախարարը պարգևատրել է արժեքավոր նվերներով:    
17:56 - 05 մայիսի, 2023
Սուրեն Պապիկյանը զորամասերում զրուցել է ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ

Սուրեն Պապիկյանը զորամասերում զրուցել է ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 5-ին անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ: Պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար: Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:        
14:19 - 05 մայիսի, 2023
ՀՀ ՊՆ ղեկավարը հարավարևմտյան սահմանագոտում հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող հավաքի մասնակիցների հետ

ՀՀ ՊՆ ղեկավարը հարավարևմտյան սահմանագոտում հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող հավաքի մասնակիցների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 4-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, սահմանագոտու մարտական դիրքեր այցի ընթացքում նախարարը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող վարժական հավաքի մասնակիցների հետ, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ, լսել է բարձրացրած հարցերը և առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վարժական հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Ըստ աղբյուրի՝ նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանման հրամանատարին հանձնարարել է ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու, մարտական դիրքերն առավել անխոցելի դարձնելու համար:
18:38 - 04 մայիսի, 2023
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասի սպայակազմի հետ առանձնազրույցներում անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքներին

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասի սպայակազմի հետ առանձնազրույցներում անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքներին

Մայիսի 4-ին զորամասեր կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել ՊՆ N զորամասի սպայակազմի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Սպաների հետ նախարար Պապիկյանը զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ սպաների ծառայության արդյունավետության ու որակի բարձրացումը, նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացումը մշտապես գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում։
13:22 - 04 մայիսի, 2023
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ զորամասերում

Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ զորամասերում

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։   Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։    Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։    Անկեղծ և անկաշկանդ զրույցի ընթացքում նախարար Պապիկյանը պատասխանել է ժամկետային զինծառայողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել այն բացառիկ արտոնություններն ու առավելությունները, որոնք կառավարության որոշմամբ սահմանված են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալ ցանկացող, պարտադիր ժամկետայինից պայմանագրային զինծառայության անցնել պատրաստվող զինծառայողներին։ Շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը ֆիզիկական պատրաստության լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել է ձեռքի ժամացույցով:  
19:18 - 02 մայիսի, 2023
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովին

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը: ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության  արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:
13:47 - 28 ապրիլի, 2023
Ծնողներին խոստացան Կառավարության նիստի ավարտից հետո պատասխանել հանդիպման պահանջին․ նրանք մեկ ժամով բացեցին պողոտան
 |news.am|

Ծնողներին խոստացան Կառավարության նիստի ավարտից հետո պատասխանել հանդիպման պահանջին․ նրանք մեկ ժամով բացեցին պողոտան |news.am|

news.am: Ազատ գյուղի զինվորական կացարանից հրդեհից զոհված զինծառայողների ծնողները, որոնք վաղ առավոտից փակ էին պահում Տիգրան Մեծի պողոտան, ժամանակավորապես բացեցին ճանապարհը։ Ոստիկանները նշեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելու պահանջը փոխանցվել է Կառավարությանը։ Նիստի ավարտից հետո ծնողները հանդիպման մասին պատասխան կստանան։ Ծնողները նշեցին, որ մինչեւ 10։30 կբացեն ճանապարհը։ Հիշեցնենք, որ նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։
10:34 - 21 ապրիլի, 2023
Նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ
 |1lurer.am|

Նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ նախատեսվում է ներդնել իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգ: Նախարարը տեղեկացրեց, որ պարտադիր ծառայության դիմած իգական սեռի քաղաքացիներին ընտանեկան պայմաններից ելնելով վաղաժամկետ արձակման հնարավորություն չի տրվելու, սակայն մինչև զորակոչի օրը նրանք հնարավորություն ունեն հրաժարվելու ծառայությունից: Իգական սեռի քաղաքացիների պարտադիր ծառայության ժամկետը վեց ամիս է: Նախագծերի փաթեթի համաձայն` սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց` սա իրականում պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է, ընդգծեց` դա չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ ծառայություն: «Կլինեն մարդիկ, որ կզորացրվեն 6 ամիս անց, կլինեն նաև, որոնք կանցնեն մարտական զինծառայության: Ընկալումն է պետք փոխել, որ բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են: Ո՛չ, կանայք պետք է դառնան լիարժեք զինծառայության մաս»,- ասաց նա: Օրենքի նախագծերը մինչև այս նստաշրջանի ավարտը կներկայացվեն ԱԺ, օրենքի կիրարկումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ: Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար:
10:06 - 21 ապրիլի, 2023
Ազատի կացարանի հրդեհից զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ  |news.am|

Ազատի կացարանի հրդեհից զոհված զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ |news.am|

news.am: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 21-ին, բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Ծնողները նույն պահանջով ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։ Զոհվածների ծնողները նշում են, որ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին եւ Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ «Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներին անհարմարություն պատճառելու համար, բայց պայքարի այլ ձեւ չի մնացել»,- ասաց զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։ «5000-ի գլուխն էլ դուք կերեք, մեր երեխեքին էլ դիտավորյալ սպանեցիք։ 18 տարի երեխա ենք պահել, որ սպանե՞ք»։  
10:01 - 21 ապրիլի, 2023