ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատարին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատարին

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով երկարաժամկետ առաքելության տեղակայումից ի վեր մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին կայունությանը նպաստելու հարցում առաքելության կարևոր ներդրումը։ Ընդգծվել է, որ առաքելությունը ՀՀ-ԵՄ ընդլայնվող փոխգործակցության լավ օրինակներից մեկն է և ցույց է տալիս դրա հետագա խորացման հարցում թե´ ՀՀ, թե´ ԵՄ ու իր անդամ պետությունների փոխադարձ անկեղծ հետաքրքրությունը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ստեֆանո Տոմատը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի հարցերի շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով և մեխանիզմների միջոցով ընձեռնվող հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:
18:42 - 19 փետրվարի, 2024
Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները
 |azatutyun.am|

Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն դատապարտել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելի՝ երեկ «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները»։ Բորելը երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումից ու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո իր հայտարարությունում ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, միևնույն ժամանակ Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ որակել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը Բորելին մեղադրել է «Հայաստանի կողմից ռազմական սադրանքն անտեսելու» մեջ։ «Ցավոք, ԵՄ-ն անտեսում է դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը` առանց որևէ հրահրող գործոնների հինգ ամսվա կայունությունից հետո», - հայտարարել է Բաքուն՝ նշելով․ - «Հայկական սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը բավական համարժեք էին և լոկալ բնույթի: Բաքվի գործողությունը կանխեց նաև ռազմական էսկալացիան ընդլայնելու հայկական փորձերը»։ «Կրկին ափսոսանքով նշում ենք, որ, չնայած Եվրամիության խորհրդի նախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, միակողմանի, հայանպաստ դիրք գրավելով, պատնեշ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և, հետևաբար, իրեն լիովին մեկուսացնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Երեկ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։ Բաքուն հաղորդել է, թե «Հատուցում» գործողություն են իրականացրել՝«ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։ Փետրվարի 12-ին ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Երևանն էլ արձագանքել էր՝ քննում է հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։
10:14 - 14 փետրվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է տեղում վերարտադրվեն Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ ՀՀ արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում և անցյալ տարվա աշնանը Գրանադայում քառակողմ հանդիպումներում ընդունված հայտարարություններում, ինչպես նաև այն համաձայնագրերին, որոնք հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումներից հետո։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և Խորհրդային Միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, եւ դա պետք է հիմք դառնա երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, սակայն պետք է տեղում վերարտադրվեն Ալմա Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները», - ընդգծեց նախարար Արարատ Միրզոյանը։
20:16 - 13 փետրվարի, 2024
Որոշել ենք աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման շուրջ. Բորել
 |1lurer.am|

Որոշել ենք աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման շուրջ. Բորել |1lurer.am|

1lurer.am: Բրյուսելում կայացած հանդիպումից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել ճեպազրույցով: «Ուրախ եմ ողջունել Ձեզ այստեղ, պարոն Միրզոյան: Սա Հայաստան-Եվրամիության գործընկերության խորհրդի հինգերորդ նիստն է: Մենք այսօր հստակ վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղով: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Սակայն այս համաձայնագրի ամբողջ ներուժը դեռևս իրացված չէ»,- ասել է Բորելը: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական Միությանը, Բորելը նշել է, որ որոշում է կայացվել աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ: Նրա խոսքով՝ կա երկկողմ հետաքրքրվածություն, և այժմ այդ տեսլականի կյանքի կոչման համար հստակ ճանապարհային քարտեզ է հարկավոր: «Մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը, ժողովրդավարության սկզբունքներն անցնող տարի շարունակեցին ամրապնդել մեր համագործակցությունը: Ես ողջունում եմ արդարադատության որոլտի բարեփոխման ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարը և կոչ եմ անում Հայաստանին շարունակել քայլերը խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում»,- ասել է Բորելը: Նա շնորհավորել է Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալու համար՝ դա որակելով որպես կարևոր և խիզախ որոշում Բարձր հանձնակատարի խոսքով՝ անդրադարձ է եղել առևտրի, էներգետիկայի, հաղորդակցության, ավիացիայի, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի շահագործման և այլ հարցերին: «Ես վերահաստատում եմ ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մասնակցությանը Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության այլ ծրագրերի»,- ասել է Բորելը:
19:15 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր. Բորել
 |armeniasputnik.am|

Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր. Բորել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։ Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։   «Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի էին, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր։ Նրանք անտեսել են ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ այս միջադեպը պետք է մանրամասն հետաքննել։ Սա կրկին ընդգծում է զորքերը հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը»,– ասել է Բորելը։   Նա ևս մեկ անգամ հաստատել է երկարաժամկետ խաղաղության մասին Եվրամիության հանձնառությունը՝ երկրների ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։
18:35 - 13 փետրվարի, 2024
ԵՄ մարդասիրական օգնությունը Ղարաբաղից տեղահանված հայերի համար ավելացվել է 5․5 մլն եվրոյով

ԵՄ մարդասիրական օգնությունը Ղարաբաղից տեղահանված հայերի համար ավելացվել է 5․5 մլն եվրոյով

ԵՄ-ի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ ԵՄ մարդասիրական օգնությունը Ղարաբաղից տեղահանված հայերի համար ավելացվել է 5․5 մլն եվրոյով: «Այսօր Հանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանված հայերին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։ Մարդկանցից շատերը, ովքեր Հայաստան են փախել նախորդ տարի տեղի ունեցած լայնածավալ արտագաղթի ընթացքում, իրենց հետ վերցրել են որոշ իրեր, իսկ երբեմն ոչինչ՝ այսպիսով ապավինելով արտակարգ օգնության հասանելիությանը։ Տրամադրվող ֆինանսավորման 1.5 մլն եվրոն նպատակաուղղված է բարձրացնելու աղետների հանդեպ պատրաստվածությունը՝ հնարավոր ճգնաժամերին խոցելի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով։ Մարդասիրական ֆինանսավորման մյուս 4 մլն եվրոն հիմնականում ուղղվելու է Ղարաբաղից տեղահանված հայերին վաուչերներ և կանոնավոր դրամական փոխանցումներ հատկացնելուն, որը կօգնի նրանց հոգալ իրենց հիմնական կարիքները: Մարդասիրական գործընկերների միջոցով Եվրոպական միությունը նպատակ ունի աջակցելու կարիքի մեջ մարդկանց համար սննդի, ապաստարանի, առողջապահական խնամքի և հոգեկան առողջության խնամքի ծառայությունների հասանելիությունը և պաշտպանությունը։ Ընդգծելով Եվրոպական միության մարդասիրական աջակցությունը Ղարաբաղի հայերին՝ ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է. «Այս ձմեռն առաջինն է նախորդ տարվա աշնանը դեպի Հայաստան փախուստի դիմած հազարավոր Ղարաբաղի հայերի համար։ Այս դժվար ժամանակներում առավել կարիքավոր մարդկանց պաշտպանություն և օգնություն ցուցաբերելը մեր մարդասիրական պարտքն է: Այս նոր 5․5 մլն եվրո ֆինանսավորման միջոցով մենք նպատակ ունենք էլ ավելի ամրապնդել ԵՄ ընթացիկ մարդասիրական արձագանքը Հայաստանում գտնվող տեղահանվածներին՝ ապահովելով հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություններ»։ Այս ֆինանսավորումը հավելյալ աջակցություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին Ղարաբաղից հայերի լայնածավալ արտագաղթին արձագանքելու նպատակով հայտարարված 12․2 մլն եվրո աջակցությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
17:26 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է․ Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով զարգացնելու նպատակով համատեղ իրականացված քայլերին ու առկա հեռանկարներին։ Քննարկվել են նաև Հարավային Կովկասում անվտանգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը: Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը։
15:34 - 13 փետրվարի, 2024
ԵՄ Խորհուրդը որոշել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը ուղղել Ուկրաինայի վերականգնմանը |1lurer.am|

ԵՄ Խորհուրդը որոշել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը ուղղել Ուկրաինայի վերականգնմանը |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական միության Խորհուրդը հաստատել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթի պահպանման մասին որոշումը՝ Ուկրաինայի շահերից ելնելով դրանց հետագա օգտագործման համար: Այս մասին նշված է Եվրամիության պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս որոշման հիման վրա Խորհուրդը կարող է սահմանել ԵՄ բյուջե ֆինանսական ներդրումների ռեժիմ՝ Ուկրաինային հետագա վերականգնման հարցում աջակցելու համար: Ֆինանսական ներդրումը կարող է ԵՄ բյուջեի միջոցով ուղղվել Ուկրաինայի օգնության հիմնադրամին: ԵՄ Խորհրդի որոշմանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Մոսկվան չափազանց կոշտ պատասխան կտա ակտիվների առգրավմանը: «Դա գողություն է։ Դա յուրացում է նրա, ինչը քեզ չի պատկանում»,- ասել է Զախարովան:
12:52 - 13 փետրվարի, 2024
Իսրայելը ցանկանում է տարհանել Գազայի բնակչությանը, ո՞ւր, դեպի Լուսի՞ն. Բորել
 |tert.am|

Իսրայելը ցանկանում է տարհանել Գազայի բնակչությանը, ո՞ւր, դեպի Լուսի՞ն. Բորել |tert.am|

tert.am: Իսրայելին աջակցող երկրների իշխանությունները պետք է դադարեն աղաչել նրան, որ դադարեցնի Գազայի հատվածում պաղեստինցիների սպանությունը և սկսեն քայլեր ձեռնարկել, օրինակ՝ սահմանափակել զենքի մատակարարումն Իսրայելին:Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Բոլորը գնում են Թել Ավիվ և աղաչում են այդքան մարդ չսպանել։ Չափազանց շատ սպանվածներն ինչքա՞ն են, ի՞նչ չափանիշներ են։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչ մեկին չի լսում։ Նրանք ցանկանում են տարհանել Գազայի բնակչությանը։ Ո՞ւր, դեպի Լուսի՞ն»,- ասել է Բորելը: «Դադարեք խոսել, խնդրում եմ և ինչ-որ բան արեք», - հավելել է նա: ԵՄ դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է սահմանափակել Իսրայելին զենքի մատակարարումները։ «Քանի՞ անգամ եք նախարարներից լսել, որ շատ մարդիկ են սպանվել, եթե այդպես եք կարծում, եթե կարծում եք, որ շատ մարդ է սպանվել, ապա միգուցե ավելի քիչ զենք պետք է տրվի, որ ավելի շատ զոհեր չլինի», - հռետորական հարց է հնչեցրել Բորելը: Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ներթափանցեցին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալները, ինչն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240-ի գերեվարմամբ։ Արմատականներն այս հարձակումն անվանել են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։ Իսրայելը հայտարարել է Գազայի ամբողջական շրջափակման մասին, որից հետո ցամաքային գործողություն սկսեց անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։
11:07 - 13 փետրվարի, 2024
Միրզոյանն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր

Միրզոյանն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր

Փետրվարի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարներին։   Վերջինիս համատեքստում գոհունակությամբ նշվել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան նախորդ տարվա դեկտեմբերին, մտքեր են փոխանակվել Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ։   ՀՀ ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ծրագրերին ՀՀ մասնակցության հարցեր, ինչպես նաև դիտարկել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետագա առաջմղման հնարավորությունները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի և հարատև կայունության ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներին։  Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ:    
10:00 - 13 փետրվարի, 2024
Բաքուն բողոքի նոտա է հղել ԵՄ-ին
 |azatutyun.am|

Բաքուն բողոքի նոտա է հղել ԵՄ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետր Միխալկոն հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանի արտգործնախարարությունը վերահաստատել է «իր լուրջ մտահոգությունը» Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեության վերաբերյալ՝ նշելով, թե «այն հակասում է առաքելության և գործունեության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններին»։ Ըստ Բաքվի՝ տարածաշրջանում կայունություն, Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատելու իր հայտարարություններին հակառակ, առաքելությունը որպես «հակաադրբեջանական քարոզչական գործիք է օգտագործվում»։ Բաքուն մեղադրել է ԵՄ-ին «հեռադիտակներով դիվանագիտություն» վարելու համար՝ նշելով, թե «առաքելությունը նպաստում է եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ»։ «Բոլոր նման այցերը, առանց բացառության, օգտագործվում են Ադրբեջանի դեմ ատելություն տարածելու համար», - նշել է Բաքուն՝ շեշտելով, թե «հատկապես մտահոգիչ է, որ «հեռադիտակային դիվանագիտության» նման ակտիվացումը տեղի է ունենում «սահմանի երկայնքով աննախադեպ հանգիստ իրավիճակի պայմաններում, երբ Ադրբեջանը և Հայաստանը վստահության ամրապնդման լուրջ միջոցառումներ են իրականացնում»։ Օրերս Բաքուն հաղորդեց, որ Ադրբեջանում ձերբակալվել է Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացի։ Բաքուն փորձեց կապ գտնել նրա և ԵՄ դիտորդական առաքելության միջև՝ Չեխիայի քաղաքացուն մեղադրելով լրտեսության համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր նաև հայտարարել է, թե «ԵՄ առաքելության պատասխատավության հատվածում սահմանի ապօրինի հատման փորձի վերջին դեպքը լուրջ ստվեր է գցում առաքելության հայտարարած նպատակների վրա»։ «Նման գործողությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում, որպես չեզոք դերակատար, վստահության ամրապնդման շուրջ առաքելության հայտարարված նպատակներին», - նշել է արտգործնախարարությունը։ Բաքուն կոչ է արել ԵՄ-ին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ որպեսզի Հայաստանի տարածքում տեղակայված ԵՄ առաքելությունը «գործի խստորեն որպես չեզոք, քաղաքացիական և անզեն առաքելություն՝ համաձայն իր հայտարարած մանդատի, ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է թիրախավորել Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ որևէ այլ կերպ ազդել նրա օրինական անվտանգության շահերի վրա»: Օրերս Պետր Միխալկոն ափսոսանք էր հայտնել առաքելության դեմ Բաքվի արշավի կապակցությամբ՝ շեշտելով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունն անզեն է, մանդատը դիտորդական առաքելություն իրականացնելն է։ Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023-ի փետրվարից, մանդատը երկու տարի է։ Պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, առաքելությունը «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:
15:54 - 12 փետրվարի, 2024
ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև այլ գործընկերների հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։ Հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով։ Կդիտարկվեն նաև տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու են նաև անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որը ԵՄ խորհրդի կողմից ուղիղ կհեռարձակվի Երևանի ժամանակով 17:00-ին։
15:26 - 12 փետրվարի, 2024