Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները
 |azatutyun.am|
10:14 - 14 փետրվարի, 2024

Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն դատապարտել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելի՝ երեկ «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները»։

Բորելը երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումից ու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո իր հայտարարությունում ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, միևնույն ժամանակ Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ որակել։

Ադրբեջանի արտգործնախարարությունը Բորելին մեղադրել է «Հայաստանի կողմից ռազմական սադրանքն անտեսելու» մեջ։

«Ցավոք, ԵՄ-ն անտեսում է դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը` առանց որևէ հրահրող գործոնների հինգ ամսվա կայունությունից հետո», - հայտարարել է Բաքուն՝ նշելով․ - «Հայկական սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը բավական համարժեք էին և լոկալ բնույթի: Բաքվի գործողությունը կանխեց նաև ռազմական էսկալացիան ընդլայնելու հայկական փորձերը»։

«Կրկին ափսոսանքով նշում ենք, որ, չնայած Եվրամիության խորհրդի նախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, միակողմանի, հայանպաստ դիրք գրավելով, պատնեշ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և, հետևաբար, իրեն լիովին մեկուսացնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Երեկ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Բաքուն հաղորդել է, թե «Հատուցում» գործողություն են իրականացրել՝«ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։

Փետրվարի 12-ին ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Երևանն էլ արձագանքել էր՝ քննում է հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել