ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի |1lurer.am|

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:  «Անցած տարվա նոյեմբեր ամսին վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակներում իրականացրել և իրականացնում ենք սոցիալական աջակցության ծրագրեր մեր տեղահանված և տուժած հայրենակիցների համար: Այդ միջոցառումների քանակը հանրագումարով ընթացքող և այս պահին զուտ սոցիալական բնույթի կազմում է մոտ 25 միջոցառում: Բոլոր միջոցառումները քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ: Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից թվով 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 միլիոն 718 հազար դրամի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը այդ միջոցառումների իրականացմանը խթան որպես և համաֆինանսավորելու ցանկությամբ»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
12:22 - 06 մայիսի, 2021
Կառավարությունը վերանայում է կարանտինով պայմանավորված սահմանափակումների շրջանակը |1lurer.am|

Կառավարությունը վերանայում է կարանտինով պայմանավորված սահմանափակումների շրջանակը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը փոփոխություններ է կատարում Կարանտինի մասին որոշման մեջ: «Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նոր միջոցների ներդրումը հնարավորություն է ընձեռել վերանայել սահմանափակումների շրջանակը: Ճկուն կերպով փորձում ենք ներդնել պատվաստումային գործընթացը՝ դրան զուգընթաց նաև հետևելով այլ երկրներում տեղի ունեցող արագ փոփոխություններին՝ թեթևացնել կարանտինի մասին որոշման կետերը: Նախագծով այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ «կանաչ» անձնագիրը, այսինքն՝ երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետև մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա: ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման կանաչ անձնագիրը հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ»,- ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ պետք է ուշադիր լինել, թե ՀՀ-ից մեկնելու դեպքում տվյալ երկիրը ինչ պահանջ է ներկայացնում:  Փոփոխությունների համաձայն՝ հանվել է մինչև մեկ տարեկան երեխաներին երկրի մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը: «Ուսումնասիրություններ անելուց հետո հանգեցինք եզրակացության, որ մինչև մեկ տարեկան երեխաներին զերծ պահենք, քանի որ եթե ընտանիքի անդամների մոտ բացասական է արդյունքը, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ մինչև 1 տարեկան երեխան այլոց հետ չի շփվում, և բացասական կլինի արդյունքը: Որոշել ենք նաև հստակեցնել ՊՇՌ արդյունք չունեցող և հրաժարվող քաղաքացիների մեկուսացման և հոսպիտալացման կարգերը, քանի որ մեր օրենքը հնարավորություն է տալիս երկու ռեժիմ կիրառել: Եթե անձը ունի որոշակի սիմպտոմներ, ապա նա ենթակա է հոսպիտալացման, բայց եթե չունի որևէ սիմպտոմ, այլ ուղղակի հրաժարվում է ՊՇՌ թեստ հանձնել և չունի պատվաստված լինելու մասին հավաստագիր, ապա նրա նկատմամբ կիրառվում է մեկուսացման ռեժիմը»,- ասաց Ավանեսյանը:
11:51 - 06 մայիսի, 2021
Հայաստանում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Հայաստանում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի հարկային եկամուտները՝ ներառյալ դրաշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ՝ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին տեղեկացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  «Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է ՀՀ-ի համար: Ճիշտ է, այստեղ կա մի փոքր խորամանկություն. նախորդ տարի մենք, կորոնավիորւսի համավարակով պայմանավորված, հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքման վրա: Ըստ էության՝ արդարացվել է նախկինում կայացրած մեր որոշումը: Դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որ այն գումարները, որոնք բիզնեսը պետք է վճարեր, մնա շրջանառության մեջ և օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել»,- նշեց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 22 միլիարդ դրամով: Նա հույս հայտնեց, որ այս տեմպը կկարողանանք պահպանել և ավելացնել: Ավելացված արժեքի հարկի վերադարձի պրոցեսին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ ապրիլի տվյալներով՝ բիզնեսին հարկերի վերադարձման գծով պարտքերի պատմական նվազագույնն է գրանցվել: Ապրիլի արդյունքներով պարտքը կազմել է 67.4 միլիարդ դրամ՝ գերազանցելով ներկայիս Կառավարության ռեկորդը՝ 69.4 միլիարդ դրամ: 2018-ի դրությամբ պարտքը կազմում էր 276 միլիարդ դրամ:
11:22 - 06 մայիսի, 2021
Կառավարությունը հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունել է միայն 3 բուհերի համար |armtimes.com|

Կառավարությունը հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունել է միայն 3 բուհերի համար |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Շիրակի պետական համալսարանն առաջիկայում նոր կազմով ձեւավորված հոգաբարձուների խորհուրդ կունենան: Կառավարությունը հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերից 3-ի համար հրատապ հաստատել է դեռ հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը: Նախագծով փոփոխության են ենթարկվում հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%) ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ Կառավարությունը հրատապ է հաստատել նախագիծը՝ հաշվի առնելով այդ երեք բուհերի Կառավարման մարմիններում առաջացած ճգնաժամը:   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
14:02 - 05 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Շնորհավորելով դիվանագետին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով, բայց, այդուհանդերձ, առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին:  «Պետք է մեծ ուշադրություն դարձնել տնտեսական գործընկերության խորացմանը, քանի որ այն համագործակցության զարգացման կարևորագույն ցուցիչներից է», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանում կենսունակ հայ համայնք կա, և Հայաստանը երախտապարտ է Ղազախստանին՝ համայնքի գործունեության պայմանների ու հնարավորությունների համար: Դեսպանը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և վարչապետ Ասկար Մամինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ պատրաստ է գործադրել առավելագույն ջանքերը՝ զարգացնելու հայ-ղազախստանյան քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար գործընկերությունը: Բոլատ Իմանբաևը համակարծիք է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որ տնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք չի իրացվում, և ինքն ակտիվ աշխատելու է ինչպես տնտեսական, այնպես էլ փոխշահավետ մյուս ուղղություններով: Դեսպանը բարձր է գնահատել հայ համայնքի դերը իր երկրի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Ղազախստանի խորհրդարան հայազգի պատգամավոր է ընտրվել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ղազախստանյան հարաբերությունների օրակարգի և այն հարստացնելու ուղղությամբ անելիքների շուրջ: Առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումների ներգրավման համատեքստում կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա ընթացքում: Նշելով, որ տպավորված է 2021թ. Ալմաթիում կայացած թվային ֆորումով և այս բնագավառում ղազախստանյան փորձով՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրական է համարել երկու երկրների ՏՏ համայնքների միջև գործակցությունը: Դեսպան Իմանբաևը նշել է, որ Ղազախստանում կառուցվածքային և ռազմավարական շարունակական բարեփոխումներ են իրականացվում, և այս համատեքստում կարևորում են Հայաստանի հետ փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով հարկային վարչարարության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում ռեֆորմների հաջողվածությունը: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և նշել, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը և դրանով իսկ խաթարել կայունությունը տարածաշրջանում: Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, Ադրբեջանի կողմից հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման քաղաքականության վրա՝ ընդգծելով, որ միջազգային առաջադեմ հանրությունը պետք է ջանքեր գործադրի վանդալիզմի այդ դրսևորումները կանխարգելելու համար: Վարչապետի պաշտոնակատարը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ղազախստանի նախագահին, առաջին նախագահին, վարչապետին և արդյունավետ աշխատանք մաղթել նորանշանակ դեսպանին:  
18:01 - 04 մայիսի, 2021
Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծերն ԱԺ օրակարգ չընդգրկվելու լուրը մանիպուլյատիվ է ներկայացվում

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մշակած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը։ Ուրիխանյանն առաջարկում էր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով. «Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տրամադրվող գումարները տրամադրվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց»։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում է․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 50000 դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով»: Ուրիխանյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ  պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետևանքով շատ զինծառայողներ ձեռք են բերել 1-ին խմբի հաշմանդամություն․ «ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից զրկվելը, որոնք յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամի չափով տրամադրվում են պատգամավորներին, չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորների գործունեության իրականացման համար՝ հաշվի առնելով, որ այն կազմում է պատգամավորի փաստացի աշխատավարձի մոտ 11%-ը: Հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ այն կազմելու է տարեկան 79200000 դրամ, ինչն էական աջակցություն կլինի մերօրյա հերոսներին սոցիալական խնդիրներ լուծելու համար: Հաշվի եմ առնում, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին» օրենքով արդեն նախատեսված են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և տուժած զինծառայողներին հատուցումներ, սակայն վստահ եմ, որ դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում»: Պատգամավորը նաև առաջարկում էր «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածը լրացնել 8-րդ կետով. «ՀՀ ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերը՝ յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50000 դրամի չափով, ԱԺ աշխատակազմը փոխանցում է ՀՀ պաշտպանության նախարարությանը 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցության հետևանքով 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրելու նպատակով»: «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է պատգամավորի աշխատանքային գործունեությունը։ Այսօր՝ նախագծի քննարկման ընթացքում, Տիգրան Ուրիխանյանը նշեց․ «Կցանկանայի, որ պատգամավորները, առավել ևս՝ արդեն լուծարման շեմին գտնվող այս գումարման ԱԺ-ի պատգամավորները գոնե այդ բարոյական քայլը կատարեն, և այսուհետ մենք ունենանք հնարավորություն մարդկանց գոնե ինչ-որ չափով հենց ԱԺ-ի անունից, հենց պատգամավորների անունից հատուցելու»։ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն բացասական եզարակցություն էր տվել նախագծերի փաթեթին, իսկ այսօրվա նիստի ընթացքում փաթեթը 6-րդ նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց՝ ձայների 3 կողմ, 67 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Տելեգրամյան Mediaport ալիքը փաթեթի քվեարկությունը ներկայացրեց հետևյալ մեկնաբանությամբ․ « «Իմ քայլի» պատգամավորները դեմ քվեարկեցին իրենց աշխատավարձից ամսական ընդամենը 50 հազար դրամ հաշմանդամ դարձած զինծառայողներին փոխանցելու նախագծին։ Դեմ քվեարկողների թվում էին նաև Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը: Ընդ որում՝ առաջին դեմ քվարկածը հենց Միրզոյանն էր, ով ստանում է ամսական 1 միլիոն 190 հազար 520 դրամ աշխատավարձ՝ պարգևավճարները չհաշված: Լենա Նազարյանի ամսական աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ՝ դարձյալ առանց հավելավճարի»: Panorama.am-ն էլ «ԱԺ-ն դեմ քվեարկեց պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց 80 մլն դրամ հատկացնելու Ուրիխանյանի նախագծին» վերտառությամբ լուրում ներկայացրեց միայն Տիգրան Ուրիխանյանի տեսակետը։ Միայն Ուրիխանյանի տեսակետը ներկայացնելը, սակայն, մանիպուլյատիվ է, քանի որ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին բացասական եզրակացություն տալիս նաև հիմնավորում էր ներկայացրել, այդ մասին այսօր իր ելությում նշեց նաև հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը։  Ըստ հանձնաժողովի հիմնավորման՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չեն կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակներ․ «Բացի դրանից՝ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը կարգավորում է պատգամավորների գործունեության իրականացման իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, ինչպես նաև պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ: Նշված առաջարկը չի հանդիսանում պատգամավորի գործունեության իրականացման երաշխիք։ Նշված առաջարկը, ըստ էության, իր բնույթով պատգամավորների սոցիալական երաշխիք հանդիսացող վարձատրության որոշակի ձևի տնօրինման օրենքով սահմանվող առաջարկ է, ինչը դուրս է նշված օրենքի կարգավորման շրջանակից»: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունների մասով ավելի վաղ առաջարկ էր ներկայացրել ՀՀ կառավարությունը։ Ըստ կառավարության՝ նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առաջարկվում է այդ օրենքում լրացնել մի դրույթ, որը դուրս է նշված օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից, այսինքն՝ կարգավորում են ոչ թե պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության հետ կապված իրավահարաբերությունները, այլ օրենքով արդեն իսկ նախատեսված վարձատրության կոնկրետ տեսակի տնօրինմանն առնչվող իրավահարաբերությունները․ «Նշված վերլուծության համատեքստում գտնում ենք, որ ընդհանրապես օրենքով, իսկ մասնավորապես «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չի կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակ: Այլ հարց է, որ նշված օրենքով կարող են քննարկվել պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի վճարման վերացման կամ չափի փոփոխության հարցերը»։ Ըստ կառավարության՝ Ուրիխանյանի առաջարկած մեխանիզմը խնդրահարույց է նաև սահմանադրականության տեսանկյունից, քանի որ, ըստ էության, սահմանափակում է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը: Կառավարությունն առաջարկում էր պատգամավորին հետևյալ մեխանիզմը․ ուժը կորցրած ճանաչել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը (այս հոդվածով են պատգամավորներին հատկացվում Ուրիխանյանի նշած 50 հազար-ական դրամները) և պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով այդ գումարները համապատասխան ընթացակարգով փոխանցել պատերազմի ընթացքում 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին։ Այսպիսով, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն իսկապես բացասական եզրակացություն է տվել Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական առաջարկությանը, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներն էլ դեմ են քվեարկել նախագծերի փաթեթն ԱԺ օրակարգ բերելուն, բայց բացասական եզրակացության հիմնավորում ներկայացնելիս համապատասխան հանձնաժողովը նշել է, որ պատգամավորը ոչ ճիշտ օրենքում է փոփոխություններ առաջարկում, կառավարությունն էլ փաստացի այլ հնարավոր մեխանիզմ է առաջարկել Ուրիխանյանի նշած փոփոխությունն իրագործելու համար։ Աննա Սահակյան
15:52 - 04 մայիսի, 2021
Կառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես հաստատվել են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները: ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները»,- ասված է որոշման մեջ: Նշենք, որ մարտի 15-ին Գոռ Վարդանյանը ընտրվել էր Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր վեց թեկնածու, նրանցից երկուսը ելույթ ունենալուց, խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարել էին, որ հանում են իրենց թեկնածությունը՝ Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը: Ըստ կանոնակարգի, ընտրվելու համար թեկնածուն պետք է նվազագույնը 17 կողմ ձայն ստանա: Առաջին փուլում թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր 1 մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13 կողմ ձայն, իսկ Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն:
16:44 - 03 մայիսի, 2021
ՀՀ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

ՀՀ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Նա տեղեկացրեց, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ «Ըստ ամենայնի՝ ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը. կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել»։ Այստեղ մոտեցումը պետք է լինի բավականին սիմետրիկ, երբ քաղաքական մակարդակով կայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու որոշում, այդ ժամանակ արդեն կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունն ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից», - ընդգծեց Վահան Քերոբյանը։
12:19 - 29 ապրիլի, 2021
Հայաստանում կթույլատրվի արդյունաբերական կանեփի մշակությունը՝ լիցենզիայի առկայությամբ. Ավինյան |1lurer.am|

Հայաստանում կթույլատրվի արդյունաբերական կանեփի մշակությունը՝ լիցենզիայի առկայությամբ. Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը: Փոխվարչապետը հիշեցրեց՝ դեռ տարվա սկզբին Կառավարությունն ընդունել էր տնտեսական արձագանքման ծրագիրը, որով նախատեսվում էր մի շարք տնտեսական ծրագրերի իրագործում, այդ թվում՝ գյուղատնտեսական նոր, ավելացված արժեք ձևավորող՝ ընտրված մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ձևավորում, որի շրջանակում առաջարկվում է ապահովել արդյունաբերական կանեփի մշակության գործընթացը: «Այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և բազմազան ապրանքներում՝ օրինակ՝ տեքստիլը, կահույքի արտադրությունը, ավտոմոբիլային արտադրությունը, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: ԵՄ տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում դեռևս 70-ական թվականներից: Ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրում: Ընդ որում՝ 1 հա տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ միջինը 75-210 լիտր CBD յուղ, 6 տոննա ծղոտ, որը կարող է վերածվել մոտ 1.5 տոննա մանրաթելի»,- նշեց Ավինյանը՝ հիշեցնելով, որ արդյունաբերական կանեփի մշակությունը թույլատրված է նաև ՌԴ-ում, ԱՄՆ մի շարք նահանգներում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում և այլ երկրներում: Առաջարկվող կարգավորումներով Հայաստանում արտադրական կանեփի հետ կապված գործունեությունն է թույլատրվում, մասնավորապես՝ արտադրությունը, վերամշակումն ու մշակությունը, թույլատրվելու է ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում: «Նախատեսվում են լիցենզավորման առանձնահատկություններ: Հստակ սահմանավում է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ: Սահմանվում է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավական կարգավորումներ: Ոլորտը բավականին բարդացված է լինելու՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ լիցենզիաները տրվելու են 10 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ: Փոխվարչապետը նշեց, որ արդյունաբերական կանեփը չի ունենում հոգեմետ ազդեցություն և չի կարող օգտագործվել որպես թմրամիջոց: Գործընթացում ենթադրվում է ոստիկանության հսկողությունը: Բավականին բարձր պետական տուրքի դրույքաչափեր են նախատեսվում գործունեության համար, քանի որ վերահսկողության վրա պետությունն էական գումարներ է ծախսելու: Արդյունաբերական կանեփի մշակությունն էլ թույլատրվելու է միայն փակ տարածքներում՝ ռիսկն էականորեն նվազեցնելու համար:
12:02 - 29 ապրիլի, 2021
Կառավարությունը ևս 2 մլրդ դրամ կուղղի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման ծրագրի իրականացմանը   |armenpress.am|

Կառավարությունը ևս 2 մլրդ դրամ կուղղի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման ծրագրի իրականացմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացմանը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։ Նախատեսվում է լուծել Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը: 2019 թվականին ընդունվեց Կառավարության N 1666-Ն որոշումը, որի նպատակն է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովումը։ 2019 թվականին ընդունված որոշմամբ սահմանված ծրագիրը, հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, իրականացվում է փուլային եղանակով։  Ծրագրի առաջին փուլն ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ է ծրագրի երկրորդ փուլը, որով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։  Ծրագրի երկու փուլերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսը (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում:
11:45 - 29 ապրիլի, 2021
Աշխարհում նոր կարգ է մտցվելու՝ կանաչ անձնագիր չունեցող, այսինքն՝ չպատվաստված անձինք չեն կարող ճամփորդել. Քերոբյան |1lurer.am|

Աշխարհում նոր կարգ է մտցվելու՝ կանաչ անձնագիր չունեցող, այսինքն՝ չպատվաստված անձինք չեն կարող ճամփորդել. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների հետ կապված մենք շատ շոշափելի արդյունք չարձանագրենք, մեր զբոսաշրջային բիզնեսն այս տարի կարող է շատ մեծ պրոբլեմներ ունենալ՝ Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ կարևոր է խլացնել այն ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ: «Պարո՛ն Քերոբյան, պետք է բիզնեսին ևս ներգրավել, որ այս պրոցեսը պատշաճ մակարդակով իրականացվի, պարո՛ն Հարությունյան, կարծում եմ, որ ԶՈՒ-ում էլ պետք է իրականացվի պատվաստման գործընթաց, և ընդհանրապես՝ պետական մարմիններում: Մենք այդ առաջնահերթությունը պետք է ստանձնենք, որ բոլորը տեսնեն՝ մենք պատվաստված ենք և շարունակում ենք կենդանի մնալ»,- նշեց Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ շփումները ցույց են տվել, որ առաջատար երկրները պատրաստվում են նոր կարգեր մտցնել աշխարհում ճամփորդությունների վերաբերյալ: Եվ այն մարդիկ, ովքեր չունեն կանաչ անձնագիր, այսինքն՝ պատվաստված չեն, հնարավորություն չեն ունենալու ազատ ճամփորդելու: «Բոլոր գործատուները, ում վերաբերում են այս սահմանափակումները, պետք է շահագրգիռ լինեն՝ ինչքան հնարավոր է արագ ավելացնել պատվաստված աշխատակիցների քանակը, որ մենք հնարավորություն ունենանք վերացնելու այս սահմանափակումները, ինչպես նաև երկրից մուտք ու ելքի բոլոր սահմանափակումները»,- նշեց Քերոբյանը: Չպատվաստված քաղաքացիների համար ճամփորդելու սահմանափակումներին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է, որ այսօրվանից թվայանացված տեղեկատվությունը պատվաստված քաղաքացիների մասին մենք ունենանք: «Պետք է բոլոր պատվաստված քաղաքացիներին վայրկյանների ընթացքում գտնենք՝ գուցե անձնագրում պետք է ինչ-որ շտամպ խփել, կարող է պարզվի, որ ինչ-որ դրոշմանիշ է պետք թողարկել»,- նշեց Փաշինյանը:
11:19 - 29 ապրիլի, 2021
Գերիների վերադարձի խնդիրը դառնում է միջազգային օրակարգի հարց. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Գերիների վերադարձի խնդիրը դառնում է միջազգային օրակարգի հարց. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Մեզ համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է: Այդ մասին Կառավարության նիստին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված անձանց, ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձնելու առումով, ըստ էության, չի կատարում:  Վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ այս փաստն արդեն դառնում է միջազգային օրակարգի հարց:  «Երեկ Եվրամիությունը ուշ երեկոյան շատ կարևոր հայտարարություն է տարածել: Շատ կոնկրետ, հասցեական արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից: Կարևոր եմ համարում նաև, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանը ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ: Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց հետ, շատ կարևոր է, մեծացնում է լավատեսությունը, որ այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել համախմբված, համբերատար հետևողական, և այս հարցը դրական լուծում կստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
10:59 - 29 ապրիլի, 2021