Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել` արդյոք ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը |hetq.am|

ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել` արդյոք ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվում է պատասխանել այն հարցին, թե արդյոք 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը քննարկել են այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը։ Այդ մասին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել է «Հետք»-ի հարցմանն ի պատասխան։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար այն մասին, որ կողմերը քննարկել են այդ հարցը, ուստի մենք ԱԳՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք հայկական կողմն այս հանդիպման ժամանակ Սլովակիայի հետ քննարկել է այն, ինչ ուղերձներ էին փոխանցվել մյուս կողմին ու ինչ արձագանք էր տվել սլովակական կողմը։  Որպես տեղեկատվության տրամադրման մերժման պատճառաբանություն ԱԳՆ-ն նշում է, որ չի կարող հրապարակել կողմերի առանձնազրույցի բովանդակությունը՝ ելնելով «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետից («Տեղեկատվություն միջազգային պայմանագրերի և պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնց գաղտնի լինելու մասին առկա է պայմանավորվող կողմերի համաձայնությունը կամ ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման»)։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին սլովակական Dennik N թերթի լրագրող Վլադիմիր Շնիդլը հոդված էր հրապարակել Ադրբեջանի կողմից Սլովակիայից Dana ինքնագնաց հաուբիցի և RM-70 ՀԿՌՀ-ների ձեռք բերման մասին: Լրագրողը պարզել էր, թե ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։ Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա էր տրամադրել, իսկ դրանք տարանցել էին Իսրայելով և հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացրել էր այդ երկրի էկոնոմիկայի նախարարությունը:  Սլովակիայում այդ ժամանակ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հրապարակայնորեն քննադատության էր ենթարկել Սլովակիայի գործելակերպը։ «Այս զինատեսակներն իսկապես վտանգավոր են: Նրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն, այլև Սլովակիայի հետ մեր բարեկամական հարաբերությունների պատկերը»,- նշել էր Սեյրանյանը: Զենքի արտահանման ետևում կանգնած էր եղել սլովակյան MSM ընկերությանը, որը պատկանում է չեխ ազդեցիկ զինագործ Յարոսլավ Ստրնադի Czechoslovak Group-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը դրան լիցենզիա է տրամադրել արդիականացված RM-70 հրթիռային համազարկային կայանքներ և արդիականացված Dana հաուբիցներ Իսրայել արտահանելու համար: Չեխ լրագրողները մի շարք ապացույցներ էին ձեռք բերել, որ Իսրայելը պարզապես տարանցիկ կայան է եղել, մինչդեռ զենքի իրական գնորդն Ադրբեջանն էր, որը նույնիսկ չէր էլ ժխտում այդ փաստը` ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ: Սլովակիայի կառավարությունը, սակայն, ամեն կերպ հերքում էր այդ երկիր զինտեխնիկայի արտահանման համար իր պատասխանատվությունը: Սլովակիան նշում էր, որ համաձայնություն է տվել դա միայն Իսրայել արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որը 90-ական թվականներից ի վեր սպառազինության էմբարգոյի ենթարկված երկիր է: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:09 - 23 սեպտեմբերի, 2021
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ: Կողմերը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ առումով ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում կա մեծ, սակայն դեռևս չիրացված ներուժ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները՝ ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահության ստանձման համատեքստում: Կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակներում՝ ներառականության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության հետագա ամրապնդումը։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
22:46 - 22 սեպտեմբերի, 2021
Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության օրակարգը

Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության օրակարգը

ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը, այս առումով կարևորելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի աշխուժացումը: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` հավելելով, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը: Ինչպես ասվում է հաղորդագրությունում, զրուցակիցները կարևորել են նաև մշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի՝ լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։ Երկու նախարարները քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իրականացվող ջանքերը։
22:38 - 22 սեպտեմբերի, 2021
ԱԳ նախարարը Լիտվայի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը

ԱԳ նախարարը Լիտվայի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը բարձր մակարդակով երկխոսության միջոցով խորացնելու առկա համագործակցությունը: Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի, Հայաստանին ԵՄ կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները խաթարում են Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի դեէսկալացիային և կայունության հաստատմանը: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը։  
20:32 - 22 սեպտեմբերի, 2021
Ի դեմս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր. Սվետլան Ստոևին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Ի դեմս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր. Սվետլան Ստոևին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Բուլղարայի արտաքին գործերի նախարար Սվետլան Ստոևը ՀՀ ազգային տոնի՝ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ իր գոհունակությունը հայտնելով հայ-բուլղարական գերազանց և բարեկամական հարաբերությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից: «Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հայտնելու իմ գոհունակությունը մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող գերազանց և բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, որոնք կառուցված են հինավուրց պատմական և մշակութային կապերի հիմքի վրա», - նշել է Բուլղարիայի արտգործնախարարը՝ հավաստիացնելով, որ ի դեմս Բուլղարիայի Հանրապետության՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր, որն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Հայաստանում և Եվրամիության հետ հարաբերությունների խորացման քաղաքականությանը: Միևնույն ժամանակ, Բուլղարիան, ըստ Սվետլան Ստոևի, ցանկանում է զարգացնել ակտիվ երկխոսությունը Հայաստանի հետ՝ հանուն բուլղար և հայ ժողովուրդների շահերի ու բարեկեցության: «Համոզված եմ, որ մեր Արտգործնախարարությունների միջև հաստատված լավ կապերը կշարունակեն նշանակալի գործոն լինել մեր միջպետական համագործակցության բարեհաջող, արգասաբեր և կառուցողական զարգացման գործում», - նշել է Բուլղարիայի արտգործնախարարը՝ առողջություն և ամենայն բարիք մաղթելով իր հայ գործընկերոջը:
19:57 - 21 սեպտեմբերի, 2021
Սերգեյ Լավրովը  Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Սերգեյ Լավրովը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ վերահաստատելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակն ու հայ և ռուս ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Իր ուղերձում Սերգեյ Լավրովը նշել է. «Մեծարգո Արարատ Սամվելի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ռուսաստանում անփոփոխ կերպով գնահատում են դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ և մեր ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը: Ուրախ ենք Հայաստանի համալիր զարգացման և իր միջազգային դիրքերի ամրապնդման հարցերում հայ համախոհների հաջողություններով: Հույս ունենք, որ Մոսկվայի և Երևանի բազմակողմանի գործընկերային փոխգործակցությունը հետագայում ևս կնպաստի երկու պետությունների բարեկեցության բարձրացմանը: Մեծ կարևորություն ենք տալիս մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հագեցած երկխոսությանը և հաճույքով արձանագրում ենք երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի արդիական հարցերում հայացքների ընդհանրությունը, արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում և արգասաբեր փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում: Հարգելի՛ Արարատ Սամվելի, Ձեզ և Հայաստանի ԱԳՆ-ի ողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն և ամենայն հաջողություններ»:
19:46 - 21 սեպտեմբերի, 2021
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան. Արարատ Միրզոյան

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության հռչակման 30-ամյակի առթիվ:   «30 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, արձանագրվեց մեր կամարտահայտումը՝ հռչակելու Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն՝ իր հիմքում ունենալով ժողովրդավարությունը, հայ ժողովրդի իրավունքների ու համապարփակ անվտանգության պաշտպանությունը, ազգային-հոգևոր զարգացումը՝ որպես մեր պետականության զարգացման ուղենիշներ։   Արցախյան գոյամարտը, հումանիտար դժվարագույն մարտահրավերները, մեզ պարտադրված տնտեսական շրջափակումը ձևավորեցին այդ դժվար իրավիճակը, որոնց պայմաններում հիմնադրվեցին և կայացան անկախ Հայաստանի պետական ինստիտուտները։   Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիները, սփյուռքի մեր հայրենակիցները բազմիցս ապացուցեցին իրենց նվիրվածությունը անկախ պետականությանը և ժողովրդավարությանը։   Երեսուն տարի անց մենք շարունակում ենք բախվել տարածաշրջանային և արտաքին քաղաքական նմանատիպ մարտահրավերների։ Անկախ բոլոր դժվարություններից՝ մենք պիտի շարունակենք ջանքեր գործադրել ապահովելու համար Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ձգտենք կայուն և տևական խաղաղության, լավագույնս սպասարկենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի շահերը։   Այսօր մենք երախտիքի խոսքերով ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին անկախության կերտման և պահպանման ճանապարհին։   Շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան»,- ասված է Արարատ Միրզոյանի ուղերձում:  
16:22 - 21 սեպտեմբերի, 2021
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանը և Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանը և Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ և վերահաստատել իրենց շահագրգռվածությունը՝ ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանալից քննարկելու տնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում զարգացման նոր ծրագրերի կյանքի կոչման միջոցով։ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ՝ այս համատեքստում առանձնահատուկ կարևորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է իրավիճակի դեէսկալացիային ու կայունությանն ուղղված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում շարունակական աջակցության համար։
17:19 - 17 սեպտեմբերի, 2021
Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը

Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը: Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները: Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը: Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նախարար Միրզոյանը վերահաստատել է  Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում: Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ Արարատ Միրզոյանը գտնվում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով։
09:35 - 17 սեպտեմբերի, 2021
Կորչոկն ու Միրզոյանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը |azatutyun.am|

Կորչոկն ու Միրզոյանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկն այսօր հանդիպել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Միրզոյանը տեղեկացրեց, որ Սլովակիայի արտգործնախարարի հետ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայից՝ իրականացված Արցախի ու Արցախի ժողովրդի դեմ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի օրերին թույլ տրված հանցագործություններից։ «Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման մասին, մասնավորապես սա վերաբերում է առաջին հերթին հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձին։ Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունից, և Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություներից՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու վերաբերյալ», - ասաց Միրզոյանը։ Կողմերը կարևորել են առկա խնդիրները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Կորչոկը երեկ է ժամանել Հայաստան։ Նախատեսված են հանդիպումներ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
12:43 - 14 սեպտեմբերի, 2021
Միրզոյանն ու Կլաարն ընդգծել են ԵԱՀԿ հովանու ներքո հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

Միրզոյանն ու Կլաարն ընդգծել են ԵԱՀԿ հովանու ներքո հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

Տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ՝ կարևորելով նաև Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։ Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրեջանի զինված ուժերի անօրինական ներկայությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զորավարժությունների իրականացումը խաթարում են տարածաշրջանում դե-էսկալացիայի ջանքերը, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ասել է Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր։
17:11 - 13 սեպտեմբերի, 2021
Միրզոյանը Ղազախստանի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Ղազախստանի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ։ Նրանք նաև կարևորել են մի շարք ոլորտներում հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը, այդ թվում` առևտրատնտեսական, գիտամշակութային, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում։ Այս առումով ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարությունից: Նախարար Միրզոյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես` ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ շրջանակներում երկու երկրների փոխշահավետ համագործակցության հեռանկարներին։ Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ շեշտելով նման գործելակերպի անթույլատրելիությունը և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։
16:23 - 11 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը

ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին: ԱԳ նախարար Միրզոյանը Հնդկաստանի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակին: Այդ առնչությամբ նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանն ուղղված շարունակական աջակցությունը: Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը, քաղաքական երկխոսության ու փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացումը: Որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացվել են առևտրատնտեսական, տրանսպորտի և հաղորդակցության, ՏՏ, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտները: Տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործման առումով կարևորվել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նշանակալի դերը: «Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները: Անդրադառնալով բազմակողմ հարթակներում երկրների համագործակցությանը՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության շարունակականությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Հնդկաստանի՝ 2021-2022 թվականների համար ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալու փաստը՝ միջազգային անվտանգության ամրապնդման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հայկական կողմը նաև շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը առողջապահության ոլորտում շարունակաբար ցուցաբերվող օգնության համար:
19:15 - 07 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը Անդրեա Վիկտորինի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրիչ գործողություններն

Արարատ Միրզոյանը Անդրեա Վիկտորինի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրիչ գործողություններն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական զարգացմանը ու օրենքի գերակայության ապահովմանը: Նրանք կարևորել են քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթության, տրանսպորտի, էներգետիկ և բնապահպանության ոլորտներում փոխգործակցության խթանումը: Նախարար Միրզոյանը և դեսպան Վիկտորինը հատկապես շեշտել են Հայաստանի հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը: «Առանձնահատուկ ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման և վերջինիս ընձեռած համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության «Ետ-2020» տեսլականի, ինչպես նաև Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովի աշխատանքների իրականացման շուրջ»,- հայտնում են դիվանագիտական գերատեսչությունից: Նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք լուրջ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանը և կայուն զարգացմանը: Կողմերն անդրադարձ են կատարել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման խնդրի հրատապությունը։ Նախարար Միրզոյանը նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի վերսկսումը։
13:19 - 07 սեպտեմբերի, 2021
Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին․ Ուենդի Մորթոն

Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին․ Ուենդի Մորթոն

Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա համապարփակ լուծման միջոցով, երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Միացյալ Թագավորության (ՄԹ) Խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ինչպես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն է փոխանցում՝ Ուենդի Մորթոնն իր հերթին նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Շեշտելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը՝ Միրզոյանն իր գործընկերոջն է նաև ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակը: Ադրբեջանի նման գործելաոճը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը, շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
10:34 - 07 սեպտեմբերի, 2021