ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Կոմիտասի և Թումանյանի 150 ամյակներին նվիրված միջոցառումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Կոմիտասի և Թումանյանի 150 ամյակներին նվիրված միջոցառումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Ցուցահանդեսին կներկայացվեն Հովհաննես Թումանյանի և համաշխարհային մեծերի տարածաժամանակային առնչությունները, նրանց վիրտուալ զրույցն ու գնահատականը միմյանց: Ցուցադրության մեջ ներառվել են նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների՝ երեք տասնյակից ավելի լեզուներով թարգմանությունների տարբեր հրատարակությունները (105 գիրք), տպագրական այլ նյութեր: Ցուցահանդեսի կազմակերպիչն ու իրականացնողը «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ն է: Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրում հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Երգչախումբը կներկայացնի հանճարեղ կոմպոզիտորի հարուստ խմբերգային ժառանգությունը. կհնչեն Կոմիտասի ստեղծագործական ժառանգության արժեքավոր նմուշներ՝ «Պատարագից» հատվածներ, հարսանեկան, լիրիկական, պանդխտության, աշխատանքային (հորովելներ) և այլ ժողովրդական երգեր: Համերգին, որպես մենակատարներ հանդես կգան Նվարդ Ալոյանը (դաշնամուր), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն), Աշխեն Թադևոսյանը (մեցցո սոպրանո): Հոկտեմբերի 20-ին, Վարդապետի հոբելյանի կապակցությամբ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանցկացվի հոգևոր երաժշտության համերգ: Տեղեկացնենք, որ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին ընդառաջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում նշված հոբելյաններն ընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել էր հավանության: Այդպիսով, Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված՝ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ընդգրկվել են «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:
06:52 - 18 հոկտեմբերի, 2019
Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել այդ գործընկերության կամուրջներն ամրապնդելու նաև իրենց համակարգած ոլորտներում։ Արայիկ Հարությունյանը և Միխեիլ Բատիաշվիլիին կարևորել են երկու երկրների միջև ձևավորված աշխատանքային խմբերը, որոնք այժմ քննարկում են ճանապարհային քարտեզի համատեղ մշակման ձևաչափերը: Այս աշխատանքային խմբերի օրակարգում են՝ Վրաստանի պետական դպրոցներում դասավանդող հայոց լեզվի ուսուցիչների շարունակական մասնագիտական վերապատրաստման, երկու պետություններում համատեղ օլիմպիադաների կազմակերպման, հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովման, ինչպես նաև դասագրքերի թարգմանության ընթացքում մասնագիտական աջակցության տրամադրման հարցերը: Հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության մյուս ուղղությունը մշակութային ժառանգության պահպանությունն էր։ Այս համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել մշակութային ժառանգության համար պատասխանատու կառույցների միջև համագործակցությանը՝ գործող աշխատանքային խմբի և այն միջազգային պարտավորությունների շրջանակում, որոնք ուժի մեջ են երկու երկրների համար: Հայաստանի և Վրաստանի ԿԳՄՍ նախարարները նաև կարևորել են բարեփոխումների իրականացման գործընթացում փորձի փոխանակման հարթակների ստեղծումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օգոստոսի 22-27-ը ՀՀ ԿԳՄՍ հրավերով «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած ամառային ճամբարին Վրաստանի քաղաքացիների մասնակցությանը՝ ընդգծելով, որ նման ձևաչափերը երիտասարդների միջև շփումներն ակտիվացնելու հնարավորություն են տալիս։
04:52 - 18 հոկտեմբերի, 2019
Հանրակրթական դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

Հանրակրթական դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am։ Հանրակրթական դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի ընթացքում նախարարության տաղավարը: «Այս միջոցառումը որոշակի միջոց է` ամփոփելու այն, ինչ ունենք, նոր կապեր հաստատելու և այդ կապերի միջոցով էլ ավելի զարգացնելու մեր կրթական ծրագրերը»,-ասաց նախարարը: Անդրադառնալով հարցին` հայաստանյան բուհերն ապահովու՞մ են ՏՏ ոլորտում որակյալ կրթություն, որն ապագա մասնագետներին հնարավորություն կտա աշխատել միջազգային ընկերություններում, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ասել, թե բոլորը, ովքեր ավարտում են տեխնոլոգիական բուհեր կամ տեխնոլոգիական ֆակուլտետներ, պատրաստ են այդ ընկերություններում աշխատել, ճիշտ չի լինի, բայց մենք ունենք շատ լավ կենտրոններ, ֆակուլտետներ, որտեղ ավարտածները, միանշանակ, ամենազարգացած և ամենաառաջադեմ կազմակերպություններում և ընկերություններում իրենց տեղն ունեն: Իհարկե, բարելավելու շատ տեղ ունենք, բայց մեր խորին համոզումն է, որ բուհերի համար լավագույն մասնագետներ պատրաստելու համար մենք առաջին հերթին պետք է շատ լուրջ հիմքեր ստեղծենք հանրակրթության ոլորտում»:
07:26 - 07 հոկտեմբերի, 2019
Հայաստանի և Սինգապուրի միջև կրթության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել

Հայաստանի և Սինգապուրի միջև կրթության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության ամբողջ ներուժն օգտագործելու համար հայկական կողմը պատրաստ է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը և նշել է, որ հետաքրքրված է կրթության ոլորտում Սինգապուրի ունեցած հաջողակ փորձով։Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը պատրաստակամություն է հայտնել գոյություն ունեցող հուշագրերի ու ծրագրերի շրջանակում խթանել արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափեր մշակել։ Թարման Շանմուգարատնամը պատմել է կրթության ոլորտում Սինգապուրի հաղթահարած խնդիրների և հաջողության գրավականների մասին՝ ընդգծելով ուսուցիչների և կրթության ոլորտի կազմակերպիչների վերապատրաստման, համակարգի շարժունակության, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, միջին մասնագիտական կրթության կարևորությունը։ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի կրթական համակարգի խնդիրները շատ առումներով կրկնում են այն խնդիրները, որ ունեցել է Սինգապուրը, և այժմ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած բարեփոխումները հենց Սինգապուրի ավագ նախարարի նախանշած ուղղություններով են, և հատուկ ուշադրության է արժանանում հանրակրթության ոլորտը։Կրթության ոլորտում կողմերը պայմանավորվածություններ են ձեռքբերել երեք հիմնական ուղղությունների վերաբերյալ. դրանցից առաջինը Սինգապուրի փորձագետների ներգրավումն է Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխման գործընթացում։ Մյուս պայմանավորվածությունը վերաբերում է հանրակրթության ոլորտում սինգապուրյան փորձի ուսումնասիրմանը՝ հայաստանցի ուսուցիչների և տնօրենների այցերի միջոցով։ Հաջորդը բարձրագույն կրթության ոլորտում ունեցած փորձի փոխանակումն է. սինգապուրյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել Հայաստանի առաջատար համալսարանների ներկայացուցիչներին։Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը, մասնավորապես, Սինգապուրում Հայաստանի և Հայաստանում Սինգապուրի մշակույթի օրերի անցկացման հնարավորություններին։
11:52 - 01 հոկտեմբերի, 2019
ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ ռոբոտիկայի  «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի դպրոցներում գործել է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ: Կառավարության որոշմամբ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ, որի շրջանակում մինչև տարեվերջ լաբորատորիաների թիվը կկրկնապատկվի: Նորաբաց 284 լաբորատորիաներից 5-ը կբացվի Երևանում, մնացած 279-ը՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի դպրոցներում: Արդեն տարեվերջին, պետական և մասնավոր ներդրումներով ՀՀ դպրոցներում կունենանք մոտ 580 լաբորատորիա, այդ թվում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն նոր լաբորատորիաներով: Արդյունքում 2019 թվականի վերջին ՀՀ դպրոցների մոտ 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով: Նշենք, որ ծրագրի պահպանման և զարգացման համար 2018 թվականին տրամադրվել է շուրջ 180 մլն ՀՀ դրամ, իսկ 2019 թվականին ավելի քան 1 մլրդ 186 մլն դրամ, այդ թվում` 352.2 մլն դրամը որպես խմբակավարների աշխատավարձ, մնացածը` լաբորատրիաների ձեռքբերման և ներդրման համար:
06:57 - 30 սեպտեմբերի, 2019
Կրթական քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանին

Կրթական քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանին

«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաց նամակ-հայտարարություն ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Հարգելի պարոն Հարությունյան, Այս բաց նամակը արտահայտում է մեր` հանրային հատվածի, մասնագիտական և ծնողական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավաքական կարծիքը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՀՄԿ) տնօրեն Արմինե Դավթյանի` երեխայի հետ աշխատանքի վերաբերյալ հանրային տիրույթում կատարված ոչ մասնագիտական և անթույլատրելի պնդումների շուրջ։Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի աշխատասենյակում կազմակերպվել է մասնագիտական, կրթական և քաղաքացիական հասարակության համայնքների, ինչպես նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հանդիպումը տիկին Դավթյանի հետ։ Հանդիպման ընթացքում տիկին Դավթյանը վերահաստատեց իր համոզմունքը համացանցում տարածված տեսանյութում և տարբեր գրառումների ներքո արված մեկնաբանություններում արտահայտած մեթոդների հավաստիության ու արժանահավատության մեջ` ըստ էության ևս մեկ անգամ տեսակետ հայտնելով, որ երեխաների նկատմամբ բռնությունը մասնագիտական և ոչ մասնագիտական գործունեության մեջ թույլատրելի է:Հայտարարում ենք, որ ՀՄԿ տնօրեն տիկին Արմինե Դավթյանի մասնագիտական դիրքորոշումները, գիտելիքները, իր մասնագիտական գործունեության անբաժանելի մաս կազմող արժեհամակարգային կողմնորոշումները համատեղելի չեն իր զբաղեցրած պաշտոնի և իր կողմից ղեկավարվող կառույցի առաքելության և ռազմավարական նպատակների հետ։Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք` 1. Ազատել տիկին Արմինե Դավթյանին զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև 2. Վերանայել ՀՄԿ տնօրենի, ինչպես նաև մանկավարժական աշխատանքի հետ առնչություն ունեցող այլ պաշտոնյաների որակավորումներին ներկայացվող պահանջներն այնպես, որ հետագայում բացառվեն նման դեպքերը:3. Տվյալ պաշտոնների համար անցկացվող մրցույթներում նախատեսել բավարար գործիքակազմ` պաշտոնի հավակնորդների մասնագիտական կոմպետենցիաները և մանկավարժական մոտեցումները բացահայտելու համար:4. Ստեղծել մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան հետևողականորեն ապահովել մանկավարժական աշխատողների մասնագիտական և էթիկայի կանոնների կիրառումը պրակտիկայում և դրանց խախտման դեպքերի վերհանումը:5. Ժամանակին, համարժեք և կտրուկ պատժամիջոցներով արձագանքել ընթացակարգային և բովանդակային խախտումներին: Հայտարարության ամբողջական տեքստը այստեղ։
07:23 - 26 սեպտեմբերի, 2019
ՀՀ-ն ու Հնդկաստանն կփորձեն օգտագործել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա մեծ ներուժը

ՀՀ-ն ու Հնդկաստանն կփորձեն օգտագործել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա մեծ ներուժը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին: Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն մեր երկրում պաշտոնավարելու ընթացքում: Նա արձանագրել է, որ թեև հայ և հնդիկ ժողովուրդները դարավոր բարեկամության պատմություն ունեն, իսկ գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հարաբերությունները՝ զարգացման մեծ ներուժ, այսօր համագործակցության հնարավորությունները բավարար չափով չեն օգտագործվում:Իր հերթին դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարության անդամների հետ հանդիպումների շարքն սկսում է ԿԳՄՍ նախարարից : Նրա խոսքերով, այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ու նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Խոսելով մշակութային համագործակցության և փոխանակման ծրագրերի մասին՝ պարոն Դեվալը բարձրացրել է Հայաստանի տարածքում հնդկական ֆիլմերի նկարահանումների հնարավորության հարցը: Դեսպանը նաև հանդես է եկել առաջարկություններով՝ հայ արվեստագետներին հրավիրելով Հնդկաստանում մասնակցելու ազգային երգուպարի, ինչպես նաև ձեռագործ աշխատանքների ներկայացման փառատոններին:Նախարար Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարել համատեղ ֆիլմարտադրության ծրագրերը՝ առաջարկելով գալիք տարիներին երկու երկրներում մշակույթի օրեր կազմակերպել: Տեղեկացնելով, որ անցած տարի հայկական բուհերում սովորող հնդիկ ուսանողների թիվն անցել է 1200-ից, իսկ այս տարի ստացվել է շուրջ 600 դիմում, և հաշվի առնելով առողջապահության ոլորտի մասնագիտությունների նկատմամբ հնդիկ ուսանողների մեծ հետաքրքրությունը, նախարարը կարևորել է Հնդկաստանի բուհերից որևէ մեկի հետ համագործակցելու հարցը: Կողմերն անդրադարձել են նաև գիտության, պատմամշակութային ժառանգության պահպանման և հնագիտության բնագավառներում համագործակցության հնարավորությանը:
12:45 - 24 սեպտեմբերի, 2019
Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարություն

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է այսօր ի պաշտպանություն Ամուլսարի կազմակերպված դասադուլներին: «Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս փաստը՝ կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց և արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա։ Մեր նպատակն անկախ և կրթված քաղաքացու ձևավորումն է, և ցանկալի է, որ բոլորիս գործողություներն ուղղված լինեն ծառայելու այդ գաղափարին՝ առանց այն արժեզրկելու։Միաժամանակ նշում ենք, որ արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն մեր կողմից, և կտրվեն համապատասխան գնահատականներ, անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկվեն միջոցներ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
09:24 - 20 սեպտեմբերի, 2019
2020թ. Հայաստան կժամանեն շուրջ 150 երկրների համալսարանական սպորտի ազգային և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ. ՀՀ ԿԳՄՍՆ

2020թ. Հայաստան կժամանեն շուրջ 150 երկրների համալսարանական սպորտի ազգային և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ. ՀՀ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն ընդունել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկին և գլխավոր քարտուղար Մաթիաս Պեչովնիկին: «Նրանք Հայաստան են ժամանել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը: Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը կարևորել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությունը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի և համանման եվրոպական կառույցների հետ. «Մենք կարևորում ենք այն մեծ աշխատանքը, որ ասոցիացիան կատարում է համալսարանական սպորտի զարգացման ասպարեզում և ուրախ ենք, որ Հայաստանի մարզական ֆեդերացիան մաս է կազմում այս գործընթացին»,- նշել է նախարարի տեղակալը` հավելելով, որ Հայաստանում այժմ ընթացքի մեջ է ուսանողական մարզական լիգաների կազմավորումը: Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, նշելով, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ արդյունավետ համագործակցության դրական ավանդույթներ են ձևավորվել, շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը, մասնավորապես այս տարվա հունիսին Նեապոլ քաղաքում տեղի ունեցած ունիվերսիադայում Հայաստանի ուսանող մարզիկների մասնակցությունն ապահովելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև 2020 թվականին Երևանում Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ընդհանուր ժողովի անցկացման հարցը: Ադամ Ռոշեկի խոսքով` ընդհանուր ժողովը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի գալիք տարվա ամենակարևոր միջոցառումն է, և ակնկալվում է, որ դրան մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն շուրջ 150 երկրների համալսարանական սպորտի ազգային և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գ.Թամրազյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի նման պատասխանատու միջոցառումն անցկացվի բարձր կազմակերպվածությամբ: Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 2012 թվականից Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է և ակտիվորեն մասնակցում է մարզական մրցաշարերին»,- ասված է հաղորդագրությունում:
10:01 - 13 սեպտեմբերի, 2019
Նպատակ ենք դրել ունենալ սերունդներ, որոնք կկարողանան դեռևս անհայտ մարտահրավերներին պատասխանել․ Արևիկ Անափիոսյան

Նպատակ ենք դրել ունենալ սերունդներ, որոնք կկարողանան դեռևս անհայտ մարտահրավերներին պատասխանել․ Արևիկ Անափիոսյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ զրուցել ենք հանրակրության չափորոշիչների, դրանց մշակման գործընթացի, խնդիրների և առաջարկվող լուծումների մասին։ -Ի՞նչ է հանրակրթության չափորոշիչը, ինչպե՞ս է այն սահմանվում և ու՞մ կողմից։ - Հանրակրթության չափորոշիչներով է պայմանավորված և որոշվում այն հիմնական բովանդակությությունը, որ տրվում է դպրոցներում։ Այսինքն՝ թե շրջանավարտը դպրոցն ավարտելիս ինչ կիմանա, կկարողանա անել, որոշվում է հանրակրության չափորոշիչներով։ Մենք ունենք հանրակրթության պետական չափորոշիչ անվանումով փաստաթուղթ, որը ենթադրում է տարրական, միջին և ավագ դպրոցի՝ այս երեք մակարդակների համար ընդհանուր ուսումնառության վերջնարդյունքներ, գնահատման սկզբունքներ և նաև հենքային ուսումնական պլան։ Իսկ հենքային ուսումնական պլանը առարկայական ցանկի հետ համադրված այն փաստաթուղթն է, որը դպրոցներն օգտագործում են՝ իմանալու համար, թե դասացուցակներն ինչպես կազմեն, ուսումնական պլաններն ինչպես դասավորեն։ Բացի դրանից, կան առարկայական չափորոշիչներ և առարկայական ծրագրեր։ Յուրաքանչյուր առարկայի համար ըստ դասարանների ունենք չափորոշիչ, և այդ չափորոշչի հենքի վրա ձևավորվում է առարկայական ծրագիր։ Ցանկացած պետություն ինքն է որոշում տարբեր՝ հիմնականում չորս մակարդակում ինչ է ուզում, որ իր շրջանավարտն ունենա։ -Ո՞ր փուլում է այժմ կրթության չափորոշիչների մշակման գործընթացը։ - Նախատեսվում են չափորոշիչների վերամշակման, լրամշակման աշխատանքներ, որ արդեն սկսել ենք։ Այս պահի դրությամբ փոքր թիմ է հավաքվել, որը սկսել է մշակել, թե դպրոցի շրջանավարտն ինչ կոմպետեցիաներ պետք է ունենա։ Դրանից հետո սահմանել ենք, թե տարրական, հիմնական և ավագ դպրոցից հետո ուսումնառության ինչ վերջնարդյունքներ պետք է ունենա աշակերտը՝ ընդհանուր և ոչ թե ըստ առարկաների։ Այս պահին այդ փուլն էլ ենք ավարտել։ Բոլորը նախագծային տեսքով են մշակված և, բնականաբար, պետք է անցնեն մասնագիտական քննարկումների փուլ։ Շատ կարևոր է հասկանալ, որ հանրակրթության իրականացումը պետության մանդատն է և պետությունն ունի պատասխանատվություն՝ որոշելու, թե մենք ինչ ենք ուզում ունենալ հանրակրթության ավարտին։ Հաճախ խոսում ենք լայն հանրային քննարկումների մասին, բայց ինչու՞ է աշխարհում հանրակրթության բովանդակության մշակումը դրված լիազոր մարմնի պարտականությունների ցանկում․ որովհետև հանրությունը բազմատեսակ է և, վստահաբար, կոնսենսուսի գալ չենք կարող, ինչը նշանակում է, որ մասնագիտական կառույցները պետք է մասնագիտական որոշում կայացնեն, թե մեզ այսօր ինչ է պետք բովանդակությունում ունենալ, գան համաձայնության, փորձագիտական կարծիքը տան որոշում կայացնողներին և նրանք, պատասխանատվությունը կրելով, այդ որոշումը կայացնեն։ Այդ իսկ պատճառով մեր բոլոր մշակումները, իհարկե, անցնելու են մասնագիտական քննարկումների փուլ։ Ես որպես ծնող կարող է բավարար կոմպետենտ չլինեմ, որ գնահատեմ, թե քիմիայի առարկայում ինչ պետք է սովորեցնել, և եթե գան, ինձ հարցնեն, ես միանշանակ սխալ պատասխան կտամ։ Պետք է մեր շահառուներին նորմալ կարողանանք ներկայացնել, որ նուրբ սահման ունենք, թե ընդհանրապես ինչ պետք է լինի մասնագիտական քննարկման փուլում և ինչ պետք է լինի հանրային քննարկման փուլում։ -Արդյոք փորձագետները, ուսուցիչնեը և մյուս շահառուները ներգրավվա՞ծ են այդ աշխատանքներում։ -Այն խումբը, որը բաց մրցույթներով է հավաքվել, փորձագիտական խմբի մի փոքր մասն է։ Մենք դեռևս պետք է հավաքենք առարկայական փորձագիտական խմբեր, և այդ գործընթացներն այժմ ընթացքի մեջ են։ Այն մարդիկ, որոնք այս պահին ներգրավված են և աշխատում են, 60-70 տոկոսով դպրոցում դասավանդող կամ դասավանդած ուսուցիչներ են։ Դիմող մասնագետներին մեր կողմից ներկայացվող պահանջներից էր 10 տարվա մանկավարժական փորձը։ Կարող է մարդ լինել փայլուն գիտնական, բայց մանկավարժությունը շատ նուրբ արվեստ է, որին պետք է տիրապետել, որ կարողանանք ճիշտ ձևով ձևակերպել և՛ այն կարողունակությունները, որ ակնկալում ենք, որ պետք է շրջանավարտն ունենա, և՛ այն ուսումնառության վերջնարդյունքները, որ մենք պետք է դնենք մեր առարկայական ծրագրերի հիմքում, որին ուսուցիչը պետք է ձգտի հասնել։ -Իսկ ի՞նչ բացթողումներ կնշեք նախորդ չափորոշիչների հետ կապված, որոնք հրատապ փոխվելու կարիք ունեն և ի՞նչ ընթացքում են հիմա դրանք։ -Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ չափորոշիչները 10 տարին մեկ կարող են փոխվել և ցանկալի է, որ 10 կամ 15 տարին մեկ դրանք վերանայվեն։ Աշխարհն անընդհատ փոփոխվում է, հետևաբար կրթության առջև դրվող խնդիրներն էլ փոփոխվում, մեծանում, փոքրանում են, և չափորոշիչները պետք է ենթարկվեն փոփոխության։ Կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը, որ ունեցել ենք, այն է, որ մեր չափորոշիչները գրված չեն ուսումնառության վերջնարդյունքների տեսքով, այսինքն՝ աշակերտակենտրոն մոտեցում չի դրսևորվում։ Հիմնականում գրված է, թե ուսուցիչն ինչ պետք է անի, բայց թե դրա արդյունքում աշակերտն ինչ կիմանա, կկարողանա անել, սահմանված չէ։ Դա ենթադրում է մտածողության որոշակի փուլեր անցնել և հետո սահմանել, թե այս ամենի արդյունքում աշակերտն ինչ կիմանա։ Մեզ համար կարևոր է, որ վերջից սկսենք՝ ինչ ենք ուզում, որ աշակերտն ավարտելուց իմանա, կարողանա անել։ Եթե սա սահմանեցինք, հետընթացքը կազմակերպում ենք, իսկ այդ դեպքում ինչ պետք է մենք անենք։ Այս դեպքում ամբողջությամբ այլ փիլիսոփայություն է դրվում չափորոշիչների հիմքում։ Մյուս խնդիրը՝ եթե բացում ենք ուսումնական պլանը, տեսնում ենք, թե ինչքան շատ առարկաներ կան։ Կարող ենք թյուր ընկալում ունենալ, որ ինչքան շատ առարկա է, այնքան շատ բանի մասին ենք իմանում, բայց հետո բացում ենք առարկայական ծրագրերը, տեսնում ենք ինչքան խտեցված են ու նայում ենք տվյալ առարկային հատկացվող ժամերի քանակը, հասկանում ենք, որ անհնար է ուղղակի ժամանակի մեջ տեղավորվել, այս ամենը ներկայացնել ու քննարկում իրականացնել դասարաններում։ Մենք այժմ փորձում ենք ոչ թե ամեն թեմայի շուրջ առարկա ունենալու տրամաբանությամբ առաջ գնալ, այլ թեմաներն ինտեգրել տարբեր առարկաների մեջ։ Օրինակ՝ առողջ ապրելակերպի մասին: Տարբերակ առաջին, որը հեշտ է․ առողջ ապրելակերպ դասաժամ ունենալ, տարբերակ երկրորդ, որը ճիշտ է, բայց ավելի բարդ․ առողջ ապրելակերպն ինտեգրել տարբեր առարկաների մեջ։ Օրինակ՝ գիտենք, որ ծխելը վնասակար է։ Եթե մենք մաթեմատիկայի դասագրքում ունենանք որևէ խնդիր, որը կհաշվարկի, թե որքան ծխախոտ ծխելիս նիկոտինի արտադրությունն ինչ քանակությամբ որքան են վնասվում թոքերը, կլուծենք մաթեմատիկայի խնդիրը, բայց նաև կտեղեկանանք ծխելու հետևանքների մասին։ Սա ինտեգրված մոտեցումն է, որը բարդ է։ Շատ պետություններ այդպես չեն անում, որովհետև միառժամանակ բոլոր չփորոշիչները չեն փոխում, ինչպես մենք (իսկ մենք հիմա բոլորն ենք փոխում) և որովհետև մեծ ռեսուրսներ է պահանջում՝ և՛ ուսուցչական անձնակազմի վերապատրաստման, և՛ այդ ամենը ներդնելու տեսանկյունից։ Քանի որ այսօր պետությունը հանձն է առել այդ ամենը իրականացնել, մենք ունենք հնարավորություն ոչ թե երեխաներին ծանրաբեռնել բազմաթիվ առարկաներով, այլ տալ ավելի շատ թեմաներ, որոնք ինտեգրված կլինեն մի քանի հիմնական առարկաներում։ -Իսկ դրանք իրականանալի՞ արդյունքներ են։  -Ես վստահ եմ, որ դրանք ստացվելու են։ Չափորոշիչների մշակման մեր նախնական թիմը, որ հավաքվել է, շատ տարբեր մասնագիտական հենք, աշխատանքային փորձ ունի։ Եվ նույնիսկ եղել է, որ ստացել եմ հետևյալ մեկնաբանությունը՝ ինչպե՞ս ես պատկերացնում, որ բոլորը միասին մի տոնով կարողանան աշխատել։ Արդյունքը ցույց է տալիս, որ դա հնարավոր է և մեծ ջանքեր է պահանջում մեզնից՝ ճիշտ պլանավորումը իրականացնելու առումով, որովհետև հիմնական գործը պլանավորումն է։ Հնարավոր է իրականացնել, որովհետև մենք ունենք լավ մասնագետներ, որոնք այդ գործը կարող են անել, բացի դրանից ունենք միջազգային փորձագետներ։ Համաշխարհային բանկը կրթության ոլորտում աշխարհի մակարդակով ունի 6 առաջատար փորձագետ։ Այդ վեց փորձագետներից երկուսին մեզ հաջողվել է բերել, և Հայաստանում նրանք աշխատում են մեր պրոյեկտի վրա։ Նրանք կրթության ոլորտի փորձագետներ են, ոչ թե բյուրոկրատիայի ներկայացուցիչներ, ինչն անմիջականորեն ազդում է պրոյեկտի որակի վրա։ Բացի դրանից, չափորոշիչների մշակման ծրագրի շրջանակում համագործակցում ենք Եվրոպայի խորհրդի հետ, որ իրենց կողմից վճարվող փորձագետի է տրամադրում մեզ, որը ժողովրդավարական արժեքների բլոկի համար է պատասխանատու։ Եվրոպայի Խորհուրդը, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մի քանի այլ թեմաներով էլ մեզ հետ աշխատելու հետաքրքրվածություն ունեն։ Լիահույս եմ, որ մենք դա ունենալու ենք, այլ տարբերակ չունենք։ Ամբողջական մշակումը՝ դասագրքերով, դասապլաններով, մշակման նախապատրաստական գործընթացներով, մեզնից տանելու է մեկ-մեկուկես տարի, ուսուցիչների վերապատրաստման պիլոտը ևս մեկ տարի կտևի։ Ողջ հանրապետությունում տարածումը, իհարկե, ավելի երկարաժամկետ ծրագիր է։ Արդյունքը՝ որպես այդպիսին, որ աշակերտը մտնի դպրոց և առաջինից մինչև 12-րդ դասարան սովորի և ավարտի այդ ծրագրով, այն մարզում, որտեղ պիլոտն ենք իրականացնելու, կունենանք 13 տարի հետո, որովհետև պիլոտը գալիք տարի ենք սկսում՝ 2020 թվականի սեպտեմբերին։ Իսկ արդեն հանրապետությունում այդ ամբողջ խողովակով անցնելը, կարծում եմ, 15 տարի կտևի։ Բայց, իհարկե, բոլոր չափորոշիչները, որ փոխվում են, հերթականությամբ կմտնեն բոլոր մարզեր և եթե, պայմանական ասեմ, չորրորդ դասարանը ավարտել են հին չափորոշիչով և 5-րդ դասարանը նորով պետք է գնան, մշակում ենք նաև կամրջող կուրս՝ հնի և նորի միջև։ Յուրաքանչյուր երեխա պետք է այդ կամրջող կուրսն անցնի՝ կախված, թե որ դասարանում է լինելու, և հետո շարունակի նորով։ -Խոսենք դասագրքերի համար հայտարարված մրցույթներից․ ինչպե՞ս է հայտարարվում մրցույթը և ինչպե՞ս է դասագիրքը մտնում դպրոց։ -Դասագրքաստեղծման գործունեությունը բավականին բարդ է։ Դա էլ է այժմ վերանայման փուլում։ Ինչպես գիտեք, փոփոխության են ենթարկվելու նաև դասագրքերը։ Նախատեսում ենք հիմնական փոփոխություններն իրականացնել առարկայական չափորոշիչների լրամշակման ավարտից հետո։ Գալիք տարվա մասին կարող ենք խոսել, եթե ուզում ենք, որ դասագրքերը փոխվեն արդեն նոր չափորոշիչների հենքով։ Այժմ ինչ-որ փորձեր արդեն իրականացվում են Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից, որը նոր մրցույթները հայտարարել է այն չափանիշներով, որոնք շատ մոտ են դասագրքերի ստեղծման միջազգային չափանիշներին։ Բայց դասագրքերը, ընդհանուր առմամբ, բավականին մեծ խնդիր են Հայաստանում՝ երկու պատճառով․ ժամանակին՝ մինչև վերջին փոփոխությունները, ուսուցիչները և դասախոսները միասին էին աշխատում դասագրքի ստեղծման ուղղությամբ, հետո դասագրքաստեղծման գործընթացը փոխվեց և առանձնացան՝ ուղարկվում էր ուսուցիչներին՝ կարծիքների։ Բայց մեծ բաց կա նրանում, որ ուսուցիչները, ովքեր դասավանդողներն են, անմիջական ներգրավվածություն չեն ունենում դասագրքերի մշակման փուլում։ Այդտեղ տեսնում ենք ճեղքվածությունը դասագրքերի և չափորոշիչների միջև։ Երկրորդը՝ խնդիր ունենք մեր դասագրքերը, դասագրքի էջը ճիշտ գոտիների բաժանելու։ Եթե բացենք, օրինակ, Կանադայի Բնագիտություն առարկայի դասագիրքը (այնտեղ բարձր դասարաններում էլ են բնագիտություն անցնում՝ մինչև հիմնական դպրոցի ավարտ), որտեղ կարծում ենք, որ ֆիզիկայի մասին ինչ-որ բարդ բան է բացատրվելու կամ, ըստ մեր պրակտիկայի, ծանր տեքստ է գրված լինելու, կտեսնենք, որ էջը գոտիների է բաժանված․ մի տեղ հարցերն են, մի տեղ տեքստն է, մի տեղ նկարն է, մի տեղ առաջադրանքն է։ Այդ գիտությունը, թե ինչպես պետք է դասագրքերը ճիշտ կազմվեն, մենք այսօր դեռ այդքան շատ չունենք։ Իհարկե, Հայաստանում կան հրատարակչական տներ, որոնք բավականին առաջադեմ են նորորարական մոտեցումների հարցում, բայց, կարծում եմ, դեռ անելիք ունենք։ Գերմանիայից ունենք գործընկերներ և նախատեսում ենք, որ նրանց հետ կկարողանանք գործընկերության միջոցով փորձի փոխանակում իրականացնել։ -Վերջին ժամանակներս մեզ մոտ այս թեմայով հարցազրույցի էր պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։ Պատմության դասագրքերի առումով նշում էր, որ երկու հրատարակչություն են՝ «Զանգակը» և «Մանմարը» և երկուսում միասին 522 դիտողություն, նկատառում է եղել։ Արդյոք կա՞ այդ փաստաթուղթը և պատրաստվու՞մ է նախարարությունն այն հրապարակել։ -Տեսե՛ք, պետք է ունենանք շատ հստակ, մասնագետների կողմից մշակված մեթոդաբանություն, թե մենք մինչև որ թվականը պետք է համարենք պատմություն և ընդգրկենք դասագրքերի մեջ։ Նախարարությունում քննարկում ունեցել ենք, թե ինչպես դա պետք է սահմանենք։ Շատ պետություններ ասում են՝ վերջին 30 տարին չենք կարող ընդգրկել պատմության մեջ, որովհետև դրա համար պետք է պատմական գնահատականներ տրվեն և այդ գնահատականները մենք երեկվա մասին չենք կարող տալ։ Այլ պետություններ ասում են՝ վերջին 10 տարին չենք կարող ընդգրկել պատմության մեջ։ Շատ տարբեր են մոտեցումները։ Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե ինչն է պատմություն։ Ոչ թե կամայական, այլ մասնագետների, փորձագիտական կարծիքի հենքի վրա որոշում է կայացվում, թե ի վերջո մինչև որ թվականն ենք համարում պատմություն և ինչքան ենք թողնում, որպեսզի մնա պատմության մեջ։ Սա մի խնդիր է։ Երկրորդը՝ մենք այս պահին վերահրատարակում ենք քիչ քանակությամբ դասագրքեր՝ պայմանավորված մի քանի խնդիրներով։ Բայց ընդհանուր վերահրատարակման գործընթաց կիրականացվի չափորոշիչների մշակումից հետո։ Այդ խնդիրները, հարցերը, որոնք վեր են հանվել, մենք ներկայացրել ենք հրատարակչական տներին և, որքանով ես եմ տեղեկացված, դրանից հետո եղել են քննարկումներ, թե ինչպես իրենք պետք է փոփոխություններն իրականացնեն, որովհետև, իհարկե, անընդունելի է, որ պատմության դասագրքում պատմական փաստերին վերաբերող այդչափ սխալներ լինեն։ Դրա պատճառներից մեկը մեր դասագրքաստեղծման գործունեությունում առկա բացթողումներն են։ -Խոսքը միայն բովանդակային սխալների մասին չէ, այլ նաև տեխնիկական․ ճի՞շտ եմ հասկանում։ --Այո։ -Իսկ պատրաստվու՞մ է նախարարությունը քննություն սկսել, թե ինչպես է այդքան սխալներով դասագիրքը մտել դպրոց։ -Տեսե՛ք ինչպես է արվում։ Գործընթացը հետևյալն էր․ հրատարակչական տները մասնակցում էին դասագրքերի մրցույթներին՝ լոտերով։ Ասենք, երեք լոտ էր հայտարարվում։ Առաջինի համար դասագիրքը պետք է 100 տոկոսով պատրաստ լիներ, երկրորդի համար, եթե չեմ սխալվում՝ 60 կամ 70 և երրորդի համար՝ ավելի քիչ։ Մեծ հրատարակչական տներն էին կարողանում մասնակցել այդ մեծ մրցույթներին։ Երբ իրենք շահում էին լոտը և, փաստորեն, իրենց էր տրվում այդ դասագիրքը մշակելու հնարավորությունը, հետո ֆորմալ առումով էր ուղարկվում Կրթության ազգային ինստիտուտ։ Ժամանակին, երբ տիկին Անահիտ Բախշյանը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն էր, առիթ եմ ունեցել իր հետ զրուցելու այս թեմայով։ Գալիս են դպրոցներ, հետո Կրթության ազգային ինստիտուտ, Կրթության ազգային ինստիտուտն ուղարկում է դպրոցներ, որպեսզի մեթոդական խորհուրդները ուսումնասիրեն և գնահատական տան։ Հիմնականում նշվում էր, որ «դիտողություն, առաջարկություն չունենք»։ Հետո մեկ տարի պետք է փորձարկվեր դասագիրքը։ Եթե փորձարկվում էր ու խնդիրներ էին լինում, պետք է ասեին, բայց գրքերն արդեն տպված էին լինում։ Այսինքն՝ անհամապատասխանություն, կարծում եմ, կա գործընթացում։ -Փոխվելու՞ է այդ գործընթացը, թե՞ հիմա դեռ նույն կարգն է գործում։ -Հիմա դեռ գործում է այն, ինչ ունենք, բայց անպայմանորեն ուզում ենք դա վերանայել նաև հեղինակային իրավունքի տեսանկյունից։ Որովհետև դասագրքերը մենք պատվիրում ենք, բովանդակությունը մշակվում է, հետո վերահրատարակման ժամանակ գինը մնում է նույնը։ Իսկ եթե մենք կարողանանք բովանդակությունը ձեռք բերել, այդ դեպքում կկարողանանք մրցույթ հայտարարել հրատարակչական տների համար։ Բայց դրանք դեռ քննարկումներ են։ Գերմանացիները մի փորձ ունեն, մենք այլ փորձ ունենք, վրացիներն այլ փորձ ունեն։ Պետք է հասկանանք, թե մեզ համար որն է հնարավոր իրականացնել՝ շատ խնդիրներ ու գործոններ հաշվի առնելով, այդ թվում՝ հրատարակչական տները կարևորելով։ -Ամփոփելով՝ չափորոշիչների փոփոխությունն արդյունքում մեզ ի՞նչ կտա․ ի՞նչ կունենանք, որ նախկինում չենք ունեցել։ -Մեր այսօրվա չափորոշիչները (իհարկե փոփոխությունների ենթարկելով)՝ դասավանդման մեթոդաբանության տեսանկյունից, գնահատման տեսանկյունից, ժառանգություն ենք ստացել խորհրդային միությունից։ Խորհրդային միությունը տալիս էր հրաշալի կրթություն այդ ժամանակահատվածի համար։ Այդ պատմական ժամանակահատվածում երևի թե ավելի լավ կրթական համակարգ հորինել դժվար կլիներ, չնայած որ այն գիտական հենքի վրա էր մշակված։ Այսօր աշխարհի պահանջներն այլ են։ Այսօր մենք ուզում ենք արագ կողմնորոշվողներ, քննական մտածողներ, ստեղծագործներ, ուզում ենք վերլուծաբաններ, ստատիստիկայի հետ որպես գործիք աշխատողներ, ուզում ենք լավ, ֆունդամենտալ գիտելիք ունեցողներ և այդ ամենը մեկ մարդու մեջ։ Ինֆորմացիան անսահման արագությամբ աճում է, վայրկյանների ընթացքում մեծանում, և յուրաքանչյուր մարդ պետք է ունակ լինի կողմնորոշվելու այդ անսահման ինֆորմացիոն հոսքերի մեջ, թե որն է իր կյանքի, գործունեության, պետության, բարեկեցության, անհատի, ընտանիքի համար կարևորը, և սա այլ մտածողություն է մեզնից պահանջում։ Մենք նպատակ ենք դրել չափորոշիչների փոփոխության արդյունքում ունենալ սերունդներ, որոնք կկարողանան դեռևս անհայտ մարտահրավերներին պատասխանել։ Եթե որևէ մեկն ասի, որ պատկերացնում է՝ ինչպիսին է լինելու աշխարհը 10 տարի հետո, ես բավականին կզարմանամ, որովհետև ինչ մեթոդաբանություն էլ կիրառենք, չենք կարողանա նույնիսկ 85 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել, թե 10 տարի հետո աշխարհն ինչպիսինն է լինելու։ Բայց այդ փափուկ կոչվող հմտությունները միանշանակ պետք է իմանալ, կարողանալ անել, որի համար հիմք, իհարկե, պետք է լինի գիտելիքը։ Նոր չափորոշիչները միտված են այդ սերունդը ստեղծելուն։
15:50 - 12 սեպտեմբերի, 2019
Կրթությա՞ն, թե՞ սոցապ նախարարության տիրույթում են թիվ 16 հատուկ դպրոցում սովորող երեխաների  սոցիալական խնդիրները

Կրթությա՞ն, թե՞ սոցապ նախարարության տիրույթում են թիվ 16 հատուկ դպրոցում սովորող երեխաների սոցիալական խնդիրները

Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը նախատեսված է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար։ Մինչ այս ուսումնական տարվա սկիզբը դպրոցը գործում էր նաև որպես գիշերօթիկ հաստատություն․ անապահով ընտանիքների երեխաներն այստեղ սնունդ էին ստանում և գիշերում։  Մայիսին դպրոցի տնօրենությունը կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից ծանուցում է ստացել, որտեղ նշված է եղել, որ համընդհանուր ներառական կրթության անցման շրջանակներում նախարարությունը կառավարությանը ներայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ թիվ 16 հատուկ դպրոցը անվանափոխվելու է Երևանի համար 201 հիմնական դպրոց։  Երկու օր առաջ էլ դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանին նախարարությունից մեկ այլ ծանուցում են ուղարկել։ Ծանուցման մեջ նշված է եղել, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի իրականացրած՝ երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման տվյալների համաձայն՝ դպորոցում սովորողներից միայն 19-ն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք՝ տեսողական ֆունկցիայի խանգարումներ։ Տնօրենին առաջարկվել է մինչև նոր ուստարվա սկիզբը տեսողության խնդիրներ չունեցող երեխաներին տեղափոխել այլ հանրակրթական դպրոցներ։ Այսօր դպրոցի ուսուցիչներն ու ծնողները հավաքվել էին դպրոցում՝ բողոքելու նախարարության պահանջի դեմ։ Այնտեղ էր նաև նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ «Հանրակրթության մասին օրենքով Հայաստանի Հանրապետությունն անցնում է համընդհանուր ներառման, և Երևան քաղաքը այս տարի ամբողջովին պետք է անցնի համընդհանուր ներառման, այսնինքն՝ լինելու են բժշկա-մանկավարժա-հոգեբանական կենտրոններ, որոնք սովորական դպրոցներում աջակցություն են ցույց տալու։ Այդ դպրոցներից մեկն է նաև թիվ 16 հատուկ դպրոցը։ Ուզում եմ նշել, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, դեռ կառավարության որոշում չկա, և դպրոցը շարունակելու է գործել, մինչև կլինի համապատասխան որոշում»,- ասաց պարոն Արշակյանը։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե դպրոցը նաև գիշերօթիկ է, պարոն Աշոտ Արշակյանը պատասխանեց․ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունով սահմանված գիշերօթիկ դպրոց հասկացություն չկա, այստեղ խոսքը վերաբերում է երեխաների սոցիալական խնդիրներին, որովհետև կրթության նախարարությունը պատասխանատու է երեխաների կրթության կազմակերպման համար, իսկ ինչ վերաբերում է սոցիալական մասին, դա սոցապնախարարության տիրույթում է, և մենք ունենք բոլոր այդ երեխաների ցուցակները, և համապատասխան քննարկումներ կլինեն նաև սոցապնախարարության հետ»։ Չնայած պարոն Արշակյանը նշեց, որ դեռ կառավարության համապատասխան որոշում չկա, և դպրոցը շարունակում է աշխատել, դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանն ասում է, որ իրենք հիմա ֆինանսավորվում չեն ստանում աշակետներին սննդով ապահովելու համար։ Նա նաև չի կարող աշակերտներին դասերից հետո տուն ուղարկել, քանի որ շատ ծնողներ հնարավորություն չունեն երեխաներին տուն տանելու։ Ծնողներից մեկը նաև բողոքում էր, որ ինքը տուն չունի։ Աշակերտներից մի քանիսի ծնողները որոշել են իրենց երեխաներին հանել այդ դպրոցից, շատ ծնողներ էլ նշում են, որ եթե դպրոցը դառնա հիմնական և իրենց երեխաները դասերից հետո տուն գնան, իրենք չեն կարողանա աշխատել։ Փորձեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզել, թե արդյո՞ք նրանք ծանոթ են խնդրին։ Սոցիալական աջակցության վարչության մամուլի ծառայությունից մեզ պատասխանեցին, որ հատուկ դպրոցներն այդ նախարարության հետ որևէ առնչություն չունեն, դրանք բացառապես կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության ենթկայության տակ են։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք թիվ 16 հատուկ դպրոցի աշակերտների վերաբերյալ որևէ քննարկում եղել է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հետ, սոցիալական աջակցության վարչության մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ դպրոցների թեմայով քննարկումներ լինում են, և դրանք վերաբերում են ընդհանուր ներառականության անցմանը, բայց կոնկրետ այս թեմայով քննարկման մասին տեղեկություններ չկան։
12:18 - 03 սեպտեմբերի, 2019
Սեպտեմբերի 1-ից սկսած կրթական ոլորտում մի շարք փոփոխություններ են սպասվում

Սեպտեմբերի 1-ից սկսած կրթական ոլորտում մի շարք փոփոխություններ են սպասվում

2019 թվականի նոր ուսումնական տարում մի շարք փոփոխություններ են սպասվում՝ սկսած դպրոցական պայուսակների թեթև լինելուց, մինչև կայուն դպրոցական սնունդ ու ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում:Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:«Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն: Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար և այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն դասագիրք կկիսվի առաջին և երկրորդ մասերի։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին»,- նշել է Կժդրյանը և հավելել, որ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի, իսկ տարրական դասարաններին դրանք կտրվեն անվճար:Սեպտեմբերի 1-ից 10 %-ով բարձրանալու է շուրջ 38 հազար ուսուցչի աշխատավարձը, ինչի համար մեկ տարվա կտրվածքով բյուջեից հատկացվելու է շուրջ 6 մլրդ դրամ։«Կառավարությունը, տնտեսական աճին զուգընթաց, ծրագրեր կմշակի աշխատավարձերի հետագա բարձրացման ուղղությամբ: Նախատեսվում է իրականացնել «Ուսուցիչ» ծրագիրը, որի արդյունքում կամավոր վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 50%-ով: Այստեղ շատ ուղիղ կապ է դրված որակ-վարձատրություն հասկացությունների միջև»,- գրել է նախարարի մամուլի խոսնակը:Նրա խոսքով՝ տեղի է ունենալու նաև ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության ընդլայնում, և այս ուսումնական տարում ֆինանսական կրթությունը կներդրվի ևս 350 դպրոցում:«Ծրագրի ընդգրկման ծավալը հասցվելու է 750 դպրոցի, իսկ ձեռնարկատիրական կրթություն կդասավանդվի հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարաններում: Ծրագրի արդյունքում հիմք կդրվի առավել գրագետ, ֆինանսական գիտելիքներով օժտված քաղաքացու ձևավորմանը, որը հետագայում կազդի նաև տվյալ անձի կյանքի որակի և երկրի տնտեսության զարգացման վրա»,- գրել է Անժելա Կժդրյանը:Կայուն դպրոցական սնունդն այս տարի ևս կշարունակվի մատակարարվել մարզերի դպրոցներին և սեպտեմբեր ամսից Արագածոտնի մարզի դպրոցները Պարենի համաշխարհային կազմակերպությունից կփոխանցվեն ՀՀ կառավարության հանձնառությանը:«Պարենի համաշխարհային կազմակերպությունը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների շուրջ 60 000 դպրոցականի: Մյուս հինգ մարզում` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում և Արարատում, ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով նախակրթարանների և տարրական դասարանների 40 000 աշակերտի սնունդ»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակը: Անդրադառնալով նաև դպրոցական միասնական համազգեստի հարցին՝ նա գրել է, որ այն պարտադրված չի լինելու: «Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին, և այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի ու երեխայի կողմից: Նախարարությունը դեմ չէ սև ու սպիտակին, դեմ է սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն»,- եզրափակել է Կժդրյանը։
11:55 - 27 օգոստոսի, 2019
ՀՀ-ն աջակցում է Կայուն զարգացման նպատակադրումների հետ որակյալ կրթության փոխկապակցվածության ամրացմանը

ՀՀ-ն աջակցում է Կայուն զարգացման նպատակադրումների հետ որակյալ կրթության փոխկապակցվածության ամրացմանը

Երևանում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի (UIS) Ուսուցման մոնիթորինգի համաշխարհային դաշինքի (GAML) և «Կայուն զարգացման նպատակ 4-Կրթություն 2030»-ի ցուցանիշների մշակման Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) վեցերորդ հանդիպումը, որին մասնակցել է աշխատանքային խմբերի անդամ պետությունների և կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչ:Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառումը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյանի գրասենյակի հետ համագործակցությամբ:Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանը հպարտորեն մաս է կազմում և աջակցում այնպիսիմասշտաբային և հեռանկարային նախաձեռնության,ինչպիսին «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ն է:«Կարևորելով ինչպես կրթության ոլորտի ներառականության, հավասար մատչելիության, որակի բարելավման և շարունակական կրթության հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը, այնպես էլ Կայուն զարգացման մյուս 16 նպատակադրումների հետ որակյալ կրթության փոխկապակցվածության ամրացումն ու ընդլայնումը, մենք հավատում ենք, որ, այո, միասին կարող ենք հասնել ավելիին: Հայաստանում կրթությունն ավանդաբար մեծ արժեք ունի. դարեր շարունակ կրթությունն է եղել ազգային ինքնության պահպանման հիմնական գործոններից մեկը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այժմ Հայաստանը թևակոխել է զարգացման նոր փուլ։Նախարարի խոսքով, Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին զուգահեռ նախարարության օրակարգային խնդիր է մոնիթորինգի համակարգի զարգացումը՝ փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման և միջազգային զարգացումներին համաքայլ ընթանալու համար: Այս տեսանկյունից «Կրթության մոնիթորինգի միջազգային ալյանսի» և «Կայում զարգացման 4-րդ նպատակի տեխնիկական համագործակցության խմբի» հերթական 6-րդ հանդիպումների անցկացումը Երևանում կնպաստի համակարգի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը:Նշենք, որ աշխատանքային խմբերը ձևավորվել են 2016 թվականին` ուղղորդելու երկրներին Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման (որակյալ կրթություն) թիրախների առաջընթացի մշտադիտարկման գործընթացում, ինչպես նաև ապահովելու բաց հարթակ՝ «Կրթություն 2030 օրակարգ»-ի մոնիթորինգի համար անհրաժեշտ կրթական ցուցանիշների քննարկման և մշակման համար:TCG-ի 6-րդ հանդիպմանը նախատեսվում է անդրադառնալ հետևյալ հարցերին՝ կրթության լրացուցիչ ցուցանիշների ներառման վերաբերյալ քննարկումներ, միջազգայնորեն համադրելի ցուցանիշների մշակման, հաշվետվողականության և բենչմարքինքի վերաբերյալ քննարկումներ, խոչընդոտների վերհանում, որոնց տարբեր երկրներ բախվում են ԿԶՆ-4 ցուցանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և հաշվետվողականության գործընթացներում, ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության վերանայում և հաստատում, 2020 թվականին հրապարակվելիք ցուցանիշների վերանայում և վերջնական ցանկի հաստատում, տվյալների հավաքագրման, ստուգման և փոխանակման հետ կապված խնդիրների հստակեցում: Հանդիպումները կշարունակվեն մինչև օգոստոսի 30-ը:
08:10 - 27 օգոստոսի, 2019
Քննվում են ուսման վճարի ժամկետների խախտումների վերաբերյալ դիմումները |Armenpress.am|

Քննվում են ուսման վճարի ժամկետների խախտումների վերաբերյալ դիմումները |Armenpress.am|

Armenpress.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «թեժ գծին» զանգեր են ստացվել ուսման վարձերի վճարման ժամկետների վերաբերյալ խախտումների մասին:«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դեպքի մասին ահազանգել էր նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա, մասնավորապես, նշել էր, որ բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ, կամ առնվազն կեսը՝ սպառնալով թույլ չտալ ուսանողների մասնակցությունը ուսումնական պրոցեսին։ «Ուսման վարձի վճարման կարգի փոփոխությունն օրենքով անձամբ եմ իրականացրել, որը վաղուց ուժի մեջ է և ոչ թե ձևի համար, այլ մարդկանց կյանքը թեթևացնելու նպատակով»,- գրել էր Ուրիխանյանը։ «Արմենպրես»-ը դեպքի վերաբերյալ հետաքրքրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանից, ով ասաց, որ իրենք էլ են ստացել զանգեր ուսման վարձերի վճարման ժամկետների վերաբերյալ և ռեկտորներին հորդորել են գործել միայն օրենքի տառին համապատասխան: «Նախարարությունը բոլոր դիմումները քննում է և գնում դրանց հետևից: Նման խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել մեր գերատեսչություն»,- շեշտեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակը և հավելեց, որ այս պահին վիճակագրական տվյալներ չկան, թե որ բուհերում են խախտում օրենքի պահանջները։
07:51 - 16 օգոստոսի, 2019
Հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման խորհրդատուների ընտրության ժամկետները երկարաձգվել են

Հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման խորհրդատուների ընտրության ժամկետները երկարաձգվել են

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 24-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հայտարարել էր ընտրության մրցույթ` 28 տեղական խորհրդատուների համար: Ընտրված խորհրդատուները պետք է ընդգրկվեին «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզուներ», «Արվեստ», «Տեխնոլոգիա», «Ֆիզիկական կուլտուրա և անվտանգ կենսագործունեություն» աշխատանքային խմբերում: Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հունիսի 27-ին հայտարարվել էր նաև ընտրության մրցույթ տեղական խորհրդատուի համար, որը պետք է ղեկավարեր «Օտար լեզուներ» աշխատանքային խումբը: Հուլիսի 18-ին տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթների գնահատման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշվել է մրցույթների ժամկետները երկարաձգել` գործընթացին ավելի մեծ թվով մասնագետների մասնակցություն ապահովելու ակնկալիքով:Հայտերի ներկայացման ժամկետները երկարաձգվել են մինչև 2019 թ. հուլիսի 29-ը, ժամը 12:00-ն: Ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը` կից նյութերում: ԿԳՆ  
13:14 - 18 հուլիսի, 2019
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները կլինեն հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները կլինեն հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում» (հասցե` ք. Երեւան, Տիգրան Մեծի 17): Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետեւյալ օրերը` հուլիսի 22, 26, 27, 31, օգոստոսի 2, 3, 6, 8, 9, 13, 15, 17, 20, 22: Քննության սկիզբը ժամը 09։00-ին:Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 356 հավակնորդ:
08:09 - 15 հուլիսի, 2019