Նպատակ ենք դրել ունենալ սերունդներ, որոնք կկարողանան դեռևս անհայտ մարտահրավերներին պատասխանել․ Արևիկ Անափիոսյան
15:50 - 12 սեպտեմբերի, 2019

Նպատակ ենք դրել ունենալ սերունդներ, որոնք կկարողանան դեռևս անհայտ մարտահրավերներին պատասխանել․ Արևիկ Անափիոսյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ զրուցել ենք հանրակրության չափորոշիչների, դրանց մշակման գործընթացի, խնդիրների և առաջարկվող լուծումների մասին։

-Ի՞նչ է հանրակրթության չափորոշիչը, ինչպե՞ս է այն սահմանվում և ու՞մ կողմից։

- Հանրակրթության չափորոշիչներով է պայմանավորված և որոշվում այն հիմնական բովանդակությությունը, որ տրվում է դպրոցներում։ Այսինքն՝ թե շրջանավարտը դպրոցն ավարտելիս ինչ կիմանա, կկարողանա անել, որոշվում է հանրակրության չափորոշիչներով։

Մենք ունենք հանրակրթության պետական չափորոշիչ անվանումով փաստաթուղթ, որը ենթադրում է տարրական, միջին և ավագ դպրոցի՝ այս երեք մակարդակների համար ընդհանուր ուսումնառության վերջնարդյունքներ, գնահատման սկզբունքներ և նաև հենքային ուսումնական պլան։ Իսկ հենքային ուսումնական պլանը առարկայական ցանկի հետ համադրված այն փաստաթուղթն է, որը դպրոցներն օգտագործում են՝ իմանալու համար, թե դասացուցակներն ինչպես կազմեն, ուսումնական պլաններն ինչպես դասավորեն։ Բացի դրանից, կան առարկայական չափորոշիչներ և առարկայական ծրագրեր։ Յուրաքանչյուր առարկայի համար ըստ դասարանների ունենք չափորոշիչ, և այդ չափորոշչի հենքի վրա ձևավորվում է առարկայական ծրագիր։ Ցանկացած պետություն ինքն է որոշում տարբեր՝ հիմնականում չորս մակարդակում ինչ է ուզում, որ իր շրջանավարտն ունենա։

-Ո՞ր փուլում է այժմ կրթության չափորոշիչների մշակման գործընթացը։

- Նախատեսվում են չափորոշիչների վերամշակման, լրամշակման աշխատանքներ, որ արդեն սկսել ենք։ Այս պահի դրությամբ փոքր թիմ է հավաքվել, որը սկսել է մշակել, թե դպրոցի շրջանավարտն ինչ կոմպետեցիաներ պետք է ունենա։ Դրանից հետո սահմանել ենք, թե տարրական, հիմնական և ավագ դպրոցից հետո ուսումնառության ինչ վերջնարդյունքներ պետք է ունենա աշակերտը՝ ընդհանուր և ոչ թե ըստ առարկաների։ Այս պահին այդ փուլն էլ ենք ավարտել։ Բոլորը նախագծային տեսքով են մշակված և, բնականաբար, պետք է անցնեն մասնագիտական քննարկումների փուլ։

Շատ կարևոր է հասկանալ, որ հանրակրթության իրականացումը պետության մանդատն է և պետությունն ունի պատասխանատվություն՝ որոշելու, թե մենք ինչ ենք ուզում ունենալ հանրակրթության ավարտին։ Հաճախ խոսում ենք լայն հանրային քննարկումների մասին, բայց ինչու՞ է աշխարհում հանրակրթության բովանդակության մշակումը դրված լիազոր մարմնի պարտականությունների ցանկում․ որովհետև հանրությունը բազմատեսակ է և, վստահաբար, կոնսենսուսի գալ չենք կարող, ինչը նշանակում է, որ մասնագիտական կառույցները պետք է մասնագիտական որոշում կայացնեն, թե մեզ այսօր ինչ է պետք բովանդակությունում ունենալ, գան համաձայնության, փորձագիտական կարծիքը տան որոշում կայացնողներին և նրանք, պատասխանատվությունը կրելով, այդ որոշումը կայացնեն։ Այդ իսկ պատճառով մեր բոլոր մշակումները, իհարկե, անցնելու են մասնագիտական քննարկումների փուլ։

Ես որպես ծնող կարող է բավարար կոմպետենտ չլինեմ, որ գնահատեմ, թե քիմիայի առարկայում ինչ պետք է սովորեցնել, և եթե գան, ինձ հարցնեն, ես միանշանակ սխալ պատասխան կտամ։ Պետք է մեր շահառուներին նորմալ կարողանանք ներկայացնել, որ նուրբ սահման ունենք, թե ընդհանրապես ինչ պետք է լինի մասնագիտական քննարկման փուլում և ինչ պետք է լինի հանրային քննարկման փուլում։

-Արդյոք փորձագետները, ուսուցիչնեը և մյուս շահառուները ներգրավվա՞ծ են այդ աշխատանքներում։

-Այն խումբը, որը բաց մրցույթներով է հավաքվել, փորձագիտական խմբի մի փոքր մասն է։ Մենք դեռևս պետք է հավաքենք առարկայական փորձագիտական խմբեր, և այդ գործընթացներն այժմ ընթացքի մեջ են։ Այն մարդիկ, որոնք այս պահին ներգրավված են և աշխատում են, 60-70 տոկոսով դպրոցում դասավանդող կամ դասավանդած ուսուցիչներ են։ Դիմող մասնագետներին մեր կողմից ներկայացվող պահանջներից էր 10 տարվա մանկավարժական փորձը։ Կարող է մարդ լինել փայլուն գիտնական, բայց մանկավարժությունը շատ նուրբ արվեստ է, որին պետք է տիրապետել, որ կարողանանք ճիշտ ձևով ձևակերպել և՛ այն կարողունակությունները, որ ակնկալում ենք, որ պետք է շրջանավարտն ունենա, և՛ այն ուսումնառության վերջնարդյունքները, որ մենք պետք է դնենք մեր առարկայական ծրագրերի հիմքում, որին ուսուցիչը պետք է ձգտի հասնել։

-Իսկ ի՞նչ բացթողումներ կնշեք նախորդ չափորոշիչների հետ կապված, որոնք հրատապ փոխվելու կարիք ունեն և ի՞նչ ընթացքում են հիմա դրանք։

-Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ չափորոշիչները 10 տարին մեկ կարող են փոխվել և ցանկալի է, որ 10 կամ 15 տարին մեկ դրանք վերանայվեն։ Աշխարհն անընդհատ փոփոխվում է, հետևաբար կրթության առջև դրվող խնդիրներն էլ փոփոխվում, մեծանում, փոքրանում են, և չափորոշիչները պետք է ենթարկվեն փոփոխության։

Կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը, որ ունեցել ենք, այն է, որ մեր չափորոշիչները գրված չեն ուսումնառության վերջնարդյունքների տեսքով, այսինքն՝ աշակերտակենտրոն մոտեցում չի դրսևորվում։ Հիմնականում գրված է, թե ուսուցիչն ինչ պետք է անի, բայց թե դրա արդյունքում աշակերտն ինչ կիմանա, կկարողանա անել, սահմանված չէ։ Դա ենթադրում է մտածողության որոշակի փուլեր անցնել և հետո սահմանել, թե այս ամենի արդյունքում աշակերտն ինչ կիմանա։

Մեզ համար կարևոր է, որ վերջից սկսենք՝ ինչ ենք ուզում, որ աշակերտն ավարտելուց իմանա, կարողանա անել։ Եթե սա սահմանեցինք, հետընթացքը կազմակերպում ենք, իսկ այդ դեպքում ինչ պետք է մենք անենք։ Այս դեպքում ամբողջությամբ այլ փիլիսոփայություն է դրվում չափորոշիչների հիմքում։

Մյուս խնդիրը՝ եթե բացում ենք ուսումնական պլանը, տեսնում ենք, թե ինչքան շատ առարկաներ կան։ Կարող ենք թյուր ընկալում ունենալ, որ ինչքան շատ առարկա է, այնքան շատ բանի մասին ենք իմանում, բայց հետո բացում ենք առարկայական ծրագրերը, տեսնում ենք ինչքան խտեցված են ու նայում ենք տվյալ առարկային հատկացվող ժամերի քանակը, հասկանում ենք, որ անհնար է ուղղակի ժամանակի մեջ տեղավորվել, այս ամենը ներկայացնել ու քննարկում իրականացնել դասարաններում։ Մենք այժմ փորձում ենք ոչ թե ամեն թեմայի շուրջ առարկա ունենալու տրամաբանությամբ առաջ գնալ, այլ թեմաներն ինտեգրել տարբեր առարկաների մեջ։

Օրինակ՝ առողջ ապրելակերպի մասին: Տարբերակ առաջին, որը հեշտ է․ առողջ ապրելակերպ դասաժամ ունենալ, տարբերակ երկրորդ, որը ճիշտ է, բայց ավելի բարդ․ առողջ ապրելակերպն ինտեգրել տարբեր առարկաների մեջ։

Օրինակ՝ գիտենք, որ ծխելը վնասակար է։ Եթե մենք մաթեմատիկայի դասագրքում ունենանք որևէ խնդիր, որը կհաշվարկի, թե որքան ծխախոտ ծխելիս նիկոտինի արտադրությունն ինչ քանակությամբ որքան են վնասվում թոքերը, կլուծենք մաթեմատիկայի խնդիրը, բայց նաև կտեղեկանանք ծխելու հետևանքների մասին։ Սա ինտեգրված մոտեցումն է, որը բարդ է։

Շատ պետություններ այդպես չեն անում, որովհետև միառժամանակ բոլոր չփորոշիչները չեն փոխում, ինչպես մենք (իսկ մենք հիմա բոլորն ենք փոխում) և որովհետև մեծ ռեսուրսներ է պահանջում՝ և՛ ուսուցչական անձնակազմի վերապատրաստման, և՛ այդ ամենը ներդնելու տեսանկյունից։ Քանի որ այսօր պետությունը հանձն է առել այդ ամենը իրականացնել, մենք ունենք հնարավորություն ոչ թե երեխաներին ծանրաբեռնել բազմաթիվ առարկաներով, այլ տալ ավելի շատ թեմաներ, որոնք ինտեգրված կլինեն մի քանի հիմնական առարկաներում։

-Իսկ դրանք իրականանալի՞ արդյունքներ են։

 -Ես վստահ եմ, որ դրանք ստացվելու են։ Չափորոշիչների մշակման մեր նախնական թիմը, որ հավաքվել է, շատ տարբեր մասնագիտական հենք, աշխատանքային փորձ ունի։ Եվ նույնիսկ եղել է, որ ստացել եմ հետևյալ մեկնաբանությունը՝ ինչպե՞ս ես պատկերացնում, որ բոլորը միասին մի տոնով կարողանան աշխատել։ Արդյունքը ցույց է տալիս, որ դա հնարավոր է և մեծ ջանքեր է պահանջում մեզնից՝ ճիշտ պլանավորումը իրականացնելու առումով, որովհետև հիմնական գործը պլանավորումն է։ Հնարավոր է իրականացնել, որովհետև մենք ունենք լավ մասնագետներ, որոնք այդ գործը կարող են անել, բացի դրանից ունենք միջազգային փորձագետներ։

Համաշխարհային բանկը կրթության ոլորտում աշխարհի մակարդակով ունի 6 առաջատար փորձագետ։ Այդ վեց փորձագետներից երկուսին մեզ հաջողվել է բերել, և Հայաստանում նրանք աշխատում են մեր պրոյեկտի վրա։ Նրանք կրթության ոլորտի փորձագետներ են, ոչ թե բյուրոկրատիայի ներկայացուցիչներ, ինչն անմիջականորեն ազդում է պրոյեկտի որակի վրա։

Բացի դրանից, չափորոշիչների մշակման ծրագրի շրջանակում համագործակցում ենք Եվրոպայի խորհրդի հետ, որ իրենց կողմից վճարվող փորձագետի է տրամադրում մեզ, որը ժողովրդավարական արժեքների բլոկի համար է պատասխանատու։ Եվրոպայի Խորհուրդը, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մի քանի այլ թեմաներով էլ մեզ հետ աշխատելու հետաքրքրվածություն ունեն։

Լիահույս եմ, որ մենք դա ունենալու ենք, այլ տարբերակ չունենք։ Ամբողջական մշակումը՝ դասագրքերով, դասապլաններով, մշակման նախապատրաստական գործընթացներով, մեզնից տանելու է մեկ-մեկուկես տարի, ուսուցիչների վերապատրաստման պիլոտը ևս մեկ տարի կտևի։ Ողջ հանրապետությունում տարածումը, իհարկե, ավելի երկարաժամկետ ծրագիր է։ Արդյունքը՝ որպես այդպիսին, որ աշակերտը մտնի դպրոց և առաջինից մինչև 12-րդ դասարան սովորի և ավարտի այդ ծրագրով, այն մարզում, որտեղ պիլոտն ենք իրականացնելու, կունենանք 13 տարի հետո, որովհետև պիլոտը գալիք տարի ենք սկսում՝ 2020 թվականի սեպտեմբերին։ Իսկ արդեն հանրապետությունում այդ ամբողջ խողովակով անցնելը, կարծում եմ, 15 տարի կտևի։ Բայց, իհարկե, բոլոր չափորոշիչները, որ փոխվում են, հերթականությամբ կմտնեն բոլոր մարզեր և եթե, պայմանական ասեմ, չորրորդ դասարանը ավարտել են հին չափորոշիչով և 5-րդ դասարանը նորով պետք է գնան, մշակում ենք նաև կամրջող կուրս՝ հնի և նորի միջև։ Յուրաքանչյուր երեխա պետք է այդ կամրջող կուրսն անցնի՝ կախված, թե որ դասարանում է լինելու, և հետո շարունակի նորով։

-Խոսենք դասագրքերի համար հայտարարված մրցույթներից․ ինչպե՞ս է հայտարարվում մրցույթը և ինչպե՞ս է դասագիրքը մտնում դպրոց։

-Դասագրքաստեղծման գործունեությունը բավականին բարդ է։ Դա էլ է այժմ վերանայման փուլում։ Ինչպես գիտեք, փոփոխության են ենթարկվելու նաև դասագրքերը։ Նախատեսում ենք հիմնական փոփոխություններն իրականացնել առարկայական չափորոշիչների լրամշակման ավարտից հետո։ Գալիք տարվա մասին կարող ենք խոսել, եթե ուզում ենք, որ դասագրքերը փոխվեն արդեն նոր չափորոշիչների հենքով։ Այժմ ինչ-որ փորձեր արդեն իրականացվում են Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից, որը նոր մրցույթները հայտարարել է այն չափանիշներով, որոնք շատ մոտ են դասագրքերի ստեղծման միջազգային չափանիշներին։ Բայց դասագրքերը, ընդհանուր առմամբ, բավականին մեծ խնդիր են Հայաստանում՝ երկու պատճառով․ ժամանակին՝ մինչև վերջին փոփոխությունները, ուսուցիչները և դասախոսները միասին էին աշխատում դասագրքի ստեղծման ուղղությամբ, հետո դասագրքաստեղծման գործընթացը փոխվեց և առանձնացան՝ ուղարկվում էր ուսուցիչներին՝ կարծիքների։

Բայց մեծ բաց կա նրանում, որ ուսուցիչները, ովքեր դասավանդողներն են, անմիջական ներգրավվածություն չեն ունենում դասագրքերի մշակման փուլում։ Այդտեղ տեսնում ենք ճեղքվածությունը դասագրքերի և չափորոշիչների միջև։ Երկրորդը՝ խնդիր ունենք մեր դասագրքերը, դասագրքի էջը ճիշտ գոտիների բաժանելու։ Եթե բացենք, օրինակ, Կանադայի Բնագիտություն առարկայի դասագիրքը (այնտեղ բարձր դասարաններում էլ են բնագիտություն անցնում՝ մինչև հիմնական դպրոցի ավարտ), որտեղ կարծում ենք, որ ֆիզիկայի մասին ինչ-որ բարդ բան է բացատրվելու կամ, ըստ մեր պրակտիկայի, ծանր տեքստ է գրված լինելու, կտեսնենք, որ էջը գոտիների է բաժանված․ մի տեղ հարցերն են, մի տեղ տեքստն է, մի տեղ նկարն է, մի տեղ առաջադրանքն է։ Այդ գիտությունը, թե ինչպես պետք է դասագրքերը ճիշտ կազմվեն, մենք այսօր դեռ այդքան շատ չունենք։ Իհարկե, Հայաստանում կան հրատարակչական տներ, որոնք բավականին առաջադեմ են նորորարական մոտեցումների հարցում, բայց, կարծում եմ, դեռ անելիք ունենք։

Գերմանիայից ունենք գործընկերներ և նախատեսում ենք, որ նրանց հետ կկարողանանք գործընկերության միջոցով փորձի փոխանակում իրականացնել։

-Վերջին ժամանակներս մեզ մոտ այս թեմայով հարցազրույցի էր պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։ Պատմության դասագրքերի առումով նշում էր, որ երկու հրատարակչություն են՝ «Զանգակը» և «Մանմարը» և երկուսում միասին 522 դիտողություն, նկատառում է եղել։ Արդյոք կա՞ այդ փաստաթուղթը և պատրաստվու՞մ է նախարարությունն այն հրապարակել։

-Տեսե՛ք, պետք է ունենանք շատ հստակ, մասնագետների կողմից մշակված մեթոդաբանություն, թե մենք մինչև որ թվականը պետք է համարենք պատմություն և ընդգրկենք դասագրքերի մեջ։ Նախարարությունում քննարկում ունեցել ենք, թե ինչպես դա պետք է սահմանենք։ Շատ պետություններ ասում են՝ վերջին 30 տարին չենք կարող ընդգրկել պատմության մեջ, որովհետև դրա համար պետք է պատմական գնահատականներ տրվեն և այդ գնահատականները մենք երեկվա մասին չենք կարող տալ։ Այլ պետություններ ասում են՝ վերջին 10 տարին չենք կարող ընդգրկել պատմության մեջ։ Շատ տարբեր են մոտեցումները։

Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե ինչն է պատմություն։ Ոչ թե կամայական, այլ մասնագետների, փորձագիտական կարծիքի հենքի վրա որոշում է կայացվում, թե ի վերջո մինչև որ թվականն ենք համարում պատմություն և ինչքան ենք թողնում, որպեսզի մնա պատմության մեջ։ Սա մի խնդիր է։ Երկրորդը՝ մենք այս պահին վերահրատարակում ենք քիչ քանակությամբ դասագրքեր՝ պայմանավորված մի քանի խնդիրներով։ Բայց ընդհանուր վերահրատարակման գործընթաց կիրականացվի չափորոշիչների մշակումից հետո։

Այդ խնդիրները, հարցերը, որոնք վեր են հանվել, մենք ներկայացրել ենք հրատարակչական տներին և, որքանով ես եմ տեղեկացված, դրանից հետո եղել են քննարկումներ, թե ինչպես իրենք պետք է փոփոխություններն իրականացնեն, որովհետև, իհարկե, անընդունելի է, որ պատմության դասագրքում պատմական փաստերին վերաբերող այդչափ սխալներ լինեն։ Դրա պատճառներից մեկը մեր դասագրքաստեղծման գործունեությունում առկա բացթողումներն են։

-Խոսքը միայն բովանդակային սխալների մասին չէ, այլ նաև տեխնիկական․ ճի՞շտ եմ հասկանում։

--Այո։

-Իսկ պատրաստվու՞մ է նախարարությունը քննություն սկսել, թե ինչպես է այդքան սխալներով դասագիրքը մտել դպրոց։

-Տեսե՛ք ինչպես է արվում։ Գործընթացը հետևյալն էր․ հրատարակչական տները մասնակցում էին դասագրքերի մրցույթներին՝ լոտերով։ Ասենք, երեք լոտ էր հայտարարվում։ Առաջինի համար դասագիրքը պետք է 100 տոկոսով պատրաստ լիներ, երկրորդի համար, եթե չեմ սխալվում՝ 60 կամ 70 և երրորդի համար՝ ավելի քիչ։ Մեծ հրատարակչական տներն էին կարողանում մասնակցել այդ մեծ մրցույթներին։ Երբ իրենք շահում էին լոտը և, փաստորեն, իրենց էր տրվում այդ դասագիրքը մշակելու հնարավորությունը, հետո ֆորմալ առումով էր ուղարկվում Կրթության ազգային ինստիտուտ։

Ժամանակին, երբ տիկին Անահիտ Բախշյանը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն էր, առիթ եմ ունեցել իր հետ զրուցելու այս թեմայով։ Գալիս են դպրոցներ, հետո Կրթության ազգային ինստիտուտ, Կրթության ազգային ինստիտուտն ուղարկում է դպրոցներ, որպեսզի մեթոդական խորհուրդները ուսումնասիրեն և գնահատական տան։ Հիմնականում նշվում էր, որ «դիտողություն, առաջարկություն չունենք»։ Հետո մեկ տարի պետք է փորձարկվեր դասագիրքը։ Եթե փորձարկվում էր ու խնդիրներ էին լինում, պետք է ասեին, բայց գրքերն արդեն տպված էին լինում։ Այսինքն՝ անհամապատասխանություն, կարծում եմ, կա գործընթացում։

-Փոխվելու՞ է այդ գործընթացը, թե՞ հիմա դեռ նույն կարգն է գործում։

-Հիմա դեռ գործում է այն, ինչ ունենք, բայց անպայմանորեն ուզում ենք դա վերանայել նաև հեղինակային իրավունքի տեսանկյունից։ Որովհետև դասագրքերը մենք պատվիրում ենք, բովանդակությունը մշակվում է, հետո վերահրատարակման ժամանակ գինը մնում է նույնը։ Իսկ եթե մենք կարողանանք բովանդակությունը ձեռք բերել, այդ դեպքում կկարողանանք մրցույթ հայտարարել հրատարակչական տների համար։ Բայց դրանք դեռ քննարկումներ են։ Գերմանացիները մի փորձ ունեն, մենք այլ փորձ ունենք, վրացիներն այլ փորձ ունեն։ Պետք է հասկանանք, թե մեզ համար որն է հնարավոր իրականացնել՝ շատ խնդիրներ ու գործոններ հաշվի առնելով, այդ թվում՝ հրատարակչական տները կարևորելով։

-Ամփոփելով՝ չափորոշիչների փոփոխությունն արդյունքում մեզ ի՞նչ կտա․ ի՞նչ կունենանք, որ նախկինում չենք ունեցել։

-Մեր այսօրվա չափորոշիչները (իհարկե փոփոխությունների ենթարկելով)՝ դասավանդման մեթոդաբանության տեսանկյունից, գնահատման տեսանկյունից, ժառանգություն ենք ստացել խորհրդային միությունից։ Խորհրդային միությունը տալիս էր հրաշալի կրթություն այդ ժամանակահատվածի համար։ Այդ պատմական ժամանակահատվածում երևի թե ավելի լավ կրթական համակարգ հորինել դժվար կլիներ, չնայած որ այն գիտական հենքի վրա էր մշակված։ Այսօր աշխարհի պահանջներն այլ են։ Այսօր մենք ուզում ենք արագ կողմնորոշվողներ, քննական մտածողներ, ստեղծագործներ, ուզում ենք վերլուծաբաններ, ստատիստիկայի հետ որպես գործիք աշխատողներ, ուզում ենք լավ, ֆունդամենտալ գիտելիք ունեցողներ և այդ ամենը մեկ մարդու մեջ։

Ինֆորմացիան անսահման արագությամբ աճում է, վայրկյանների ընթացքում մեծանում, և յուրաքանչյուր մարդ պետք է ունակ լինի կողմնորոշվելու այդ անսահման ինֆորմացիոն հոսքերի մեջ, թե որն է իր կյանքի, գործունեության, պետության, բարեկեցության, անհատի, ընտանիքի համար կարևորը, և սա այլ մտածողություն է մեզնից պահանջում։

Մենք նպատակ ենք դրել չափորոշիչների փոփոխության արդյունքում ունենալ սերունդներ, որոնք կկարողանան դեռևս անհայտ մարտահրավերներին պատասխանել։ Եթե որևէ մեկն ասի, որ պատկերացնում է՝ ինչպիսին է լինելու աշխարհը 10 տարի հետո, ես բավականին կզարմանամ, որովհետև ինչ մեթոդաբանություն էլ կիրառենք, չենք կարողանա նույնիսկ 85 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել, թե 10 տարի հետո աշխարհն ինչպիսինն է լինելու։ Բայց այդ փափուկ կոչվող հմտությունները միանշանակ պետք է իմանալ, կարողանալ անել, որի համար հիմք, իհարկե, պետք է լինի գիտելիքը։ Նոր չափորոշիչները միտված են այդ սերունդը ստեղծելուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել