Հնդկաստան

Հնդկաստանում համազգային երկօրյա գործադուլ է սկսվել․ ակցիային կմասնակցի շուրջ 200 միլիոն մարդ |tert.am|

Հնդկաստանում համազգային երկօրյա գործադուլ է սկսվել․ ակցիային կմասնակցի շուրջ 200 միլիոն մարդ |tert.am|

tert.am: Երկուշաբթի՝ մարտի 28-ին Հնդկաստանում մի շարք խոշոր արհմիությունների կոչով համազգային երկօրյա գործադուլ է սկսվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Արհմիությունների համահնդկական կոնգրեսի գլխավոր քարտուղար Ամարջիտ Կաուրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ակցիային կարող է մասնակցել շուրջ 200 միլիոն մարդ։ Արհմիությունները պահանջում են հրաժարվել մի շարք պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից, բարձրացնել աշխատավարձերը, արդար բաշխել եկամուտը, հավասար իրավունքներ ապահովել պայմանագրային աշխատողների համար և այլն։ Քաղաքացիներին կոչ է արվել ըմբռնումով մոտենալ գործադուլի հետևանքով առաջացած սահմանափակումներին, ինչպես նաև նախազգուշացվել է երկուշաբթի և երեքշաբթի բանկոմատների ու հասարակական տրանսպորտի աշխատանքներում հավանական խափանումների մասին։
10:31 - 28 մարտի, 2022
Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել ռուսական կոքսային ածխի ներկրումը |news.am|

Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել ռուսական կոքսային ածխի ներկրումը |news.am|

news.am: Հնդկաստանը հակված է շարունակելու կոքսային ածուխի ներկրումը Ռուսաստանից, կիրակի հայտարարել է երկրի պողպատի հարցերով նախարար Ռամչանդրա Պրասադ Սինգհը: Դա, թվում է, թե հակասում է Մոսկվան շրջանցելու միջազգային միտումներին, գրում է Reuters-ը: «Մենք շարժվում ենք Ռուսաստանից կոքսային ածուխի ներկրման ուղղությամբ»,- ասել է Ռամչանդրա Պրասադ Սինգհը Նյու Դելիում տեղի ունեցած ասուլիսում:   Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել ռուսական կոքսային ածխի ներկրումը, որը  պողպատի արտադրության համար անհրաժեշտ առանցքային բաղադրիչն է, ասել է նախարարը: Նա հայտարարել է, որ երկիրը 4,5 մլն տոննայի ներկրում է արել, սակայն չի նշել ժամանակահատվածը, որի մասին խոսվում է: Հնդիկ նախարարի խոսքով՝ Ռուսաստանից կոքսային ածխի «անխափան մատակարարումները» տուժել են: Նավերը, որոնք առնվազն 1,06 մլն տոննա կոքսային ածուխ և էներգետիկ ածուխ են տեղափոխում, որոնք օգտագործվում են համապատասխաաբար պողպատի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում, պետք է վառելիքը հնդկական նավահանգիստներ հասցնեն այս ամիս: Ըստ Kpler խորհրդատվական ընկերության տվյալների՝ դա ամենամեծ ցուցանիշն է 2020 թ. հունվարից ի վեր: Ռուսաստանը կոքսային և էներգետիկ ածխի վեցերորդ խոշորագույն մատակարարն է Հնդկաստանի համար: Լուսանկարը՝ Reuters-ի
10:03 - 28 մարտի, 2022
Անվտանգության քառակողմ երկխոսության երկրներից միայն Հնդկաստանն է որոշակիորեն անկայուն Ուկրաինա ներխուժման ֆոնին Ռուսաստանի դեմ գործելու հարցում. Բայդեն

Անվտանգության քառակողմ երկխոսության երկրներից միայն Հնդկաստանն է որոշակիորեն անկայուն Ուկրաինա ներխուժման ֆոնին Ռուսաստանի դեմ գործելու հարցում. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Անվտանգության քառակողմ երկխոսության երկրներից (անդամներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Ավստրալիան և Ճապոնիան- խմբ․) միայն Հնդկաստանն է «որոշակիորեն անկայուն Ուկրաինա ներխուժման ֆոնին Ռուսաստանի դեմ գործելու հարցում»։ Բայդենի խոսքով՝ պատճառն այն է, որ Հնդկաստանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ Բայդենը նաև նշել է, որ եթե Անվտանգության քառակողմ երկխոսության մյուս երկրները՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Ավստրալիան, պատժամիջոցներ են կիրառել ռուսական կազմակերպությունների կամ մարդկանց նկատմամբ, Հնդկաստանը պատժամիջոցներ չի կիրառել և անգամ չի դատապարտել Ռուսաստանին՝ ռազմական տեխնիկայի իր ամենամեծ մատակարարին:
14:50 - 22 մարտի, 2022
Հնդկաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ շարունակում են մնալ Խարկովում․Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ

Հնդկաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ շարունակում են մնալ Խարկովում․Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ

Հնդկաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ շարունակում են մնալ Խարկովում։ Այս մասին բրիֆինգի ժամանակ հաղորդել է Հնդկաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Արինդամ Բագչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մեր գնահատմամբ, մեր մի քանի հարյուր քաղաքացիներ դեռեւս մնում են Խարկովում։ Մեր գլխավոր խնդիրը՝ անվտանգ դուրս բերել ուսանողներին ցանկացած հասանելի տրանսպորտով»,- ասել է Բագչին։ Նրա խոսքով՝ հնդկական կողմը կապի մեջ է ինչպես ռուսական կողմի հետ, այնպես էլ ուկրաինական՝ Խարկովից եւ Սումից իր քաղաքացիներին հնարավոր տարբերակներով տարհանելու հարցով։ «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին Խարկովում, Սումում, ուկրաինական արեւելյան այլ քաղաքներում։ Մեր դեսպանության երեկվա հաղորդագրությունից հետո ուսանողների մեծ մասը լքել է Խարկովը եւ այս պահին գտնվում է Պեսոչին գյուղում։ Այնտեղ նրանք մոտ հազարն են»,- հայտնել է նա։ Չորեքշաբթի Ուկրաինայում Հնդկաստանի դեսպանատունը Խարկովում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել անհապաղ լքել քաղաքն ու ուղեւորվել Պեսոչին, Բաբաի եւ Բեզլյուդովկա գյուղեր՝ «որքան հնարավոր է՝ շուտ»։Բագչիի խոսքերով՝ ճգնաժամից առաջ Ուկրաինայում 20 հազար հնդիկ քաղաքացիներ են եղել։ Նա նշել է, որ նրանցից 18 հազարը հասցրել են գնալ ուկրաինական տարածքից իրենց հայրենիք կամ Ուկրաինայի հարեւան երկրներ։ Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրու Մոդիին հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել էր, որ ՌԴ-ն անում է ամեն հնարավորը, որպեսզի Հնդկաստանի քաղաքացիներն անվտանգ լքեն Ուկրաինայի տարածքը։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Պուտինն ընդգծել է, որ տրվել են անհրաժեշտ բոլոր հանձնարարականները, եւ ռուս զինվորականներն անում են ամեն հնարավորը՝ ռազմական գործողությունների գոտուց Հնդկաստանի քաղաքացիներին անվտանգ հեռացնելու եւ նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»։
18:38 - 03 մարտի, 2022
Պուտինը Հնդկաստանի վարչապետին վստահեցրել է՝ անում են ամեն հնարավորը, որպեսզի Հնդկաստանի քաղաքացիներն անվտանգ լքեն Ուկրաինայի տարածքը

Պուտինը Հնդկաստանի վարչապետին վստահեցրել է՝ անում են ամեն հնարավորը, որպեսզի Հնդկաստանի քաղաքացիներն անվտանգ լքեն Ուկրաինայի տարածքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրու Մոդիին վստահեցրել է, որ ՌԴ-ն անում է ամեն հնարավորը, որպեսզի Հնդկաստանի քաղաքացիներն անվտանգ լքեն Ուկրաինայի տարածքը։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Մոդին չորեքշաբթի զանգահարել է Պուտինին, նրանք քննարկել են «Հնդկաստանի՝ այս պահին Ուկրաինայում գտնվող քաղաքացիների տարհանման վերաբերյալ հարցեր»․ «Պուտինն ընդգծել է, որ տրվել են անհրաժեշտ բոլոր հանձնարարականները, եւ ռուս զինվորականներն անում են ամեն հնարավորը՝ ռազմական գործողությունների գոտուց Հնդկաստանի քաղաքացիներին անվտանգ հեռացնելու եւ նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ «Ռուսական կողմը, մասնավորապես, ջանում է կազմակերպել ամենակարճ ճանապարհով մարդասիրական միջանքի միջոցով հնդիկ ուսանողների խմբերի անհապաղ տարհանումը Խարկովից Ռուսաստան»։ Միաժամանակ, «վերջին տեղեկության համաձայն, ուսանողները փաստացի գերի են վերցվել ուկրաինական զինված ուժերի կողմից, որոնք օգտագործում են նրանց՝ որպես կենդանի վահան  եւ ամեն կերպ խոչընդոտում են նրանց մուտքը ՌԴ։ Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է ուկրաինական կողմը»,- ընդգծված է Կրեմլի հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ «առաջնորդները պայմանավորվել են շարունակել սերտորեն համագործակցել Ուկրաինայում հնդիկ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով»։  Հնդկաստանի կառավարության մամուլի ծառայությունն էլ իր հերթին հաղորդել է զրույցի մասին՝ նշելով, որ քննարկվել է կոնֆլիկտի գոտուց Հնդկաստանի քաղաքացիների անվտանգ տարհանմանը վերաբերող հարցը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաղորդել էր, որ Ուկրաինայի իշխանությունները բռնի կերպով Խարկովում են պահում հնդիկ ուսանողների մեծ խումբ։  Կոնաշենկովի տեղեկություններով՝ երիտասարդները ցանկանում են լքել Ուկրաինայի տարածքն ու մեկնել Բելգորոդ, բայց նրանց պահում են որպես պատանդ եւ առաջարկում Ուկրաինայի տարածքը լքել ուկրաինա-լեհական սահմանով, «առաջարկում են գնալ տարածքով, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում»։
01:22 - 03 մարտի, 2022
Հնդկաստանը կոչ է արել անհապաղ թուլացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը |factor.am|

Հնդկաստանը կոչ է արել անհապաղ թուլացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը |factor.am|

factor.am: Հնդկաստանի իշխանությունները գլխավոր առաջնահերթություն են համարում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ճգնաժամի դեէսկալացիան ։ Այս մասին համապատասխան թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Տիրումուրտին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության սահմանին լարվածության աճը խոր մտահոգության տեղիք է տալիս։ Այս զարգացումները տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը խաթարելու ներուժ ունեն»,- ասել է Տիրումուրտին։ «Մենք պետք է տեղ տանք կողմերի վերջին նախաձեռնություններին, որոնք ձգտում են թուլացնել լարվածությունը: Այս համատեքստում մենք ողջունում ենք ինտենսիվ ջանքերը, որոնք ձեռնարկվում են, այդ թվում՝ Եռակողմ շփման խմբի միջոցով և Նորմանդական ձևաչափի շրջանակներում: Մեզ պետք է, որ կողմերը ավելին անեն՝ իրենց շահերից ելնելով տարաձայնությունները հաղթահարելու համար: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ռազմական էսկալացիա»,- հավելել է Հնդկաստանի դեսպանը։ Նա նաեւ ընդգծել է, որ հնդկական կողմը մտահոգված է Ուկրաինայում Հնդկաստանի քաղաքացիների անվտանգությամբ։ «Քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանությունը կարևոր է: Ավելի քան 20,000 հնդիկ ուսանողներ և քաղաքացիներ ապրում և սովորում են Ուկրաինայի տարբեր շրջաններում, ներառյալ սահմանամերձ շրջաններում: Հնդկացիների բարեկեցությունը մեզ համար առաջնահերթություն է», – ասել է Տիրումուրտին:
11:10 - 22 փետրվարի, 2022
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև

Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 9-րդ նիստը։ Հայկական կողմից նիստը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, հնդկական կողմից՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Ռինաթ Սանդհուն։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բարձրաստիճան շփումների ընթացքն ու օրակարգը, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերը, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարների միջև 2021 թ․ հոկտեմբերին կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերը քաղաքական, առևտրատնտեսական, կրթության և մշակույթի, պաշտպանական, հաղորդակցությունների և զարգացման գործընկերության ոլորտներում: Երկուստեք անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցությանը և դրա հետագա խորացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև մի շարք միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։
18:33 - 18 փետրվարի, 2022
Առնվազն ինը մարդ է զոհվել Հնդկաստանում գնացքի վթարի հետեւանքով |armenpress.am|

Առնվազն ինը մարդ է զոհվել Հնդկաստանում գնացքի վթարի հետեւանքով |armenpress.am|

armenpress.am: Առնվազն ինը մարդ զոհվել եւ ավելի քան 70-ը տուժել են Հնդկաստանում ռելսերից մարդատար գնացքի 12 վագոնների դուրս ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Հյուսիսարեւելյան սահմանային երկաթուղու գլխավոր տնօրեն Անշուլ Գուպտան: Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածի մասին: Գնացքի վթարը տեղի է ունեցել նախօրյակին Արեւմտյան Բենգալիայի նահանգում: «Կտրուկ շարժման» հետեւանքով գնացքի 12 վագոնները դուրս են եկել ռելսերից կամ բախվել միմյանց, դրանցից երկուսը շրջվել են: «Զոհվել է ինը մարդ, շուրջ 70-ը տուժել են»,-Գուպտան ասել է News18 հեռուստաալիքին: Նա նշել է, որ ներկա դրությամբ փրկարարական գործողություններն ավարտվել են, անցկացվում է հետաքննություն: Նրա խոսքով՝ միջադեպի ժամանակ գնացքը տեղափոխում էր 1053 ուղեւորների: Ավելի վաղ Հնդկաստանի հաղորդակցության ճանապարհների նախարարը հայտարարել է, որ երկրի իշխանությունները 500 հազարական ռուփի կհատկացնեն զոհվածների ընտանիքներին, 100 հազարական ռուփի՝ ծանր վերքեր ստացած մարդկանց եւ 25 հազարական ռուփի այն մարդկանց, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել: Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին ստեղծված իրադրությունը քննարկել է Արեւմտյան Բենգալիայի վարչապետ Մամատա Բաներջի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
11:19 - 14 հունվարի, 2022
Պուտինը ժամանել է Հնդկաստան |armenpress.am|

Պուտինը ժամանել է Հնդկաստան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել Է Հնդկաստան: Այստեղ նա մտադիր Է բանակցություններ վարել հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:Սպասվում Է, որ բանակցությունների ժամանակ կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջը, ներառյալ համատեղ աշխատանքը Քսանի խմբի, BRICS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, ինչպես նաեւ կքննարկեն ռազմավարական կայունության հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը, Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությունը եւ Աֆղանստանի իրավիճակը:Համաճարկային իրադրության պատճառով երկու երկրների պատվիրակությունները լրջորեն սահմանափակված են: Ռուսաստանյան կողմը ներկայացնում են ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ինչպես նաեւ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը:Զրույցի սկզբում Պուտինը եւ Մոդին հայտարարություններ կանեն զանգվածային լրատվամիջոցների համար: Արդյունքների ամփոփմամբ կհրապարակվի ստորագրված համաձայնագրերի ցանկը:Ներկայիս բանակցությունների արդյունքներով կստորագրվի ամենատարբեր բնագավառներում շուրջ տասը համաձայնագրերից բաղկացած փաթեթ:Ինչպես Նյու Դելիում ուսաստանցի լրագրողներին հայտնել Է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կուդաշեւը, պլանավորվում Է երկկողմ համաձայնագերի ստորագրում պաշտպանության, տիեզերքի, տրանսպորտի, գիտության եւ տեխնիկայի, կրթության բնագավառներում եւ այլ ոլորտներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:23 - 06 դեկտեմբերի, 2021
Տեղատարափ անձրեւներից ավելի քան 40 մարդ է զոհվել Հնդկաստանի արեւելքում |armenpress.am|

Տեղատարափ անձրեւներից ավելի քան 40 մարդ է զոհվել Հնդկաստանի արեւելքում |armenpress.am|

armenpress.am: Առնվազն 41 մարդ է զոհվել, ավելի քան 100 բնակիչ անհայտ կորել Անդհրա Փրադեշի հարավ – արեւելյան նահանգում սաստիկ մուսունային տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով: Նոյեմբերի22-ին այդ մասին հաղորդել է The Times of India թերթը: Տեղատարփները, որռոնք սկսվել են նոյեմբերի 18-ի երեկոյան, խախտել են բնականոն կյանքը Ռայալասիմայի եւ Նելորեի օկրուգներում, որտեղ ջրի տակ է անցել 1 316 գյուղ: Հեղեղումներն արտաքին աշխարհից կտրել են Թիրուփաթի քաղաքը, որի հետ ընդհատվել է երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կամուրջերը քանդվելու պատճառով: Իշխանությունները փրկարարական գործողություններ են իրականացնում տուժած շրջաններում: Դրանց մասնակցում են ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ եւ տարերային աղետների դեմ պայքարի ծառայությունները: Անդհրա Փրադեշի նահանգի կառավարությունը հայտարարել է զոհվածների ընտանիքներին 500 հազարական ռուփի (շուրջ 6,7 հազար դոլար) վճարելու մասին: Օդերեւութաբանների տվյալներով՝ հոկտեմբերի 1-ից ի վեր եւ մինչեւ այժմ նահանգում տեղացել են ավելի քան 518 միլիմետր անձեւներ, ինչը 68 տոկոսով ավելի է այդ ժամանակմիջոցի միջին մակարդակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:24 - 22 նոյեմբերի, 2021
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի դեսպանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել

ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի դեսպանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել

Նոյեմբերի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա): Այս  մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում առաքելության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակման նպատակով զինվորական պատվիրակությունների փոխայցելությունները, ռազմակրթական, մասնագիտական և համատեղ զորավարժությունների անցկացումը:
17:41 - 12 նոյեմբերի, 2021
«Ունենք կոնկրետ պատկերացումներ, թե ինչի շուրջ պիտի համագործակցենք». վարչապետն ընդունել է Հնդկաստանի արտգործնախարարին

«Ունենք կոնկրետ պատկերացումներ, թե ինչի շուրջ պիտի համագործակցենք». վարչապետն ընդունել է Հնդկաստանի արտգործնախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և նրա գլխավորած պատվիրակությանը:Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, պատվիրակության հարգելի անդամներ, Ողջունում եմ բոլորիդ: Մենք մշտապես կարևորել ենք Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները և մշտապես ջերմ հարաբերություններ ենք ունեցել: Անկեղծ ասած, զարմացած եմ, որ Դուք Հնդկաստանի առաջին արտաքին գործերի նախարարն եք, որ այցելում է Հայաստան: Դա իսկապես շատ զարմանալի է, որովհետև տպավորություններն այնպիսին են, թե Հնդկաստանը Հայաստանում և Հայաստանը Հնդկաստանում շատ տեսանելի են ներկայացված: Բայց երևի թե այդ փաստն իր մեջ ունի որոշակի խորհրդանիշ, և բաց թողած ահագին աշխատանք ունենք, որ պետք է լրացնենք:Շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Ձեր հանձնառության համար՝ ակտիվացնելու մեր աշխատանքները: Ես հիշում եմ՝ Դուշանբեում մեր ԱԳ նախարարի հետ ձեր հանդիպումից հետո մենք զրույց ենք ունեցել, և իր գնահատականը նույնպես այն է եղել, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք, որոնք գուցե պատշաճ չենք օգտագործել, և հիմա պետք է ամեն ինչ անենք՝ բաց թողնվածը լրացնելու համար: Բայց նաև ուզում եմ իմանաք, որ մենք ոչ միայն պատրաստակամություն ենք ուզում արտահայտել, այլ ունենք կոնկրետ պատկերացումներ և առաջարկություններ, թե ինչի շուրջ և ինչի վերաբերյալ պիտի համագործակցենք: Պետք է ընդգծեմ, որ այդ մտադրությունը, մթնոլորտը և օրակարգն  արձանագրել ենք նաև վարչապետ Մոդիի հետ 2019 թվականին՝ Նյու Յորքում մեր ունեցած հանդիպման ժամանակ և այն ժամանակ պայմանավորվեցինք, որ արդեն կոնկրետացնենք մեր գործողությունները: Բայց գիտեք, ցավոք, կորոնավիրուսը հաջորդ պահին վրա հասավ: Մենք սովորել ենք կորոնավիրուսի պայմաններում աշխատել, և հույս ունեմ՝ առաջ կգնանք:Պարոն նախարար, կրկին ողջունում եմ Ձեր այցը Հայաստան և հույս ունեմ, որ այն պատմական կլինի ոչ միայն վիճակագրական, այլև բովանդակային առումով»: Իր հերթին Հնդկաստանի արտգործնախարարը նշել է.«Շնորհակալ եմ, Ձերդ Գերազանցություն: Պարոն վարչապետ, նախևառաջ թույլ տվեք Ձեզ փոխանցել վարչապետ Նարենդրա Մոդիի ողջույնները: Նա հիշում է 2019 թվականին Ձեզ հետ ունեցած իր հանդիպումը և շատ է կարևորում իմ այս այցը:Ձերդ Գերազանցություն, անկեղծ ասած, ես նույնպես շատ զարմացած էի՝ տեղեկանալով, որ Հնդկաստանի արտաքին գործերի ոչ մի  նախարար չի այցելել Հայաստան։ Ես բացահայտեցի այդ փաստը, երբ առաջին անգամ հանդիպեցի իմ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին Դուշանբեում: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ եթե անգամ տեղի չի ունեցել այն, ինչ ժամանակին պետք է լիներ, այսօր առկա է  մեծ ուշադրություն մեր կարևոր հարաբերությունների վրա: Համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր միջև կա շատ լավ տրամադրվածություն, պատմություն, բայց պետք է անցնենք գործնական և շոշափելի քայլերի՝ մեր հարաբերություններն առաջ մղելու համար»:ՀՀ վարչապետը ողջունել է Հնդկաստանի գործնական տրամադրվածությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ փոխշահավետ նոր նախաձեռնություններով հարստացնելու հայ-հնդկական գործակցությունը:Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան-Հնդկաստան քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, և պետք է ավելի շատ կենտրոնանալ տնտեսական ծրագրերի վրա՝ հաշվի առնելով տնտեսական չիրացված մեծ ներուժի առկայությունը: Հնդկաստանի ԱԳ նախարարն առաջարկել է գործարար համաժողով կազմակերպել կամ բիզնես առաքելություն ուղարկել Հայաստան: Վարչապետ Փաշինյանը ողջունել է այդ գաղափարը՝ այն համարելով տեղում ՀՀ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հայ-հնդկական գործարար կապերն ակտիվացնելու փոխշահավետ հնարավորություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել:Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը հայ-հնդկական գործընկերության հաջող օրինակ են համարել կրթական համագործակցությունը և համակարծիք եղել, որ այդ օրինակով պետք է զարգացնել կապերը ենթակառուցվածքների, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության և այլ ոլորտներում:Հանդիպման ավարտին Հնդկաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ իր այցով սկիզբ կդրվի հայ-հնդկական նոր ինտենսիվ գործընկերությանը:
17:33 - 13 հոկտեմբերի, 2021