Պուտինը Հնդկաստանի վարչապետին վստահեցրել է՝ անում են ամեն հնարավորը, որպեսզի Հնդկաստանի քաղաքացիներն անվտանգ լքեն Ուկրաինայի տարածքը
01:22 - 03 մարտի, 2022

Պուտինը Հնդկաստանի վարչապետին վստահեցրել է՝ անում են ամեն հնարավորը, որպեսզի Հնդկաստանի քաղաքացիներն անվտանգ լքեն Ուկրաինայի տարածքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրու Մոդիին վստահեցրել է, որ ՌԴ-ն անում է ամեն հնարավորը, որպեսզի Հնդկաստանի քաղաքացիներն անվտանգ լքեն Ուկրաինայի տարածքը։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Մոդին չորեքշաբթի զանգահարել է Պուտինին, նրանք քննարկել են «Հնդկաստանի՝ այս պահին Ուկրաինայում գտնվող քաղաքացիների տարհանման վերաբերյալ հարցեր»․

«Պուտինն ընդգծել է, որ տրվել են անհրաժեշտ բոլոր հանձնարարականները, եւ ռուս զինվորականներն անում են ամեն հնարավորը՝ ռազմական գործողությունների գոտուց Հնդկաստանի քաղաքացիներին անվտանգ հեռացնելու եւ նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ռուսական կողմը, մասնավորապես, ջանում է կազմակերպել ամենակարճ ճանապարհով մարդասիրական միջանքի միջոցով հնդիկ ուսանողների խմբերի անհապաղ տարհանումը Խարկովից Ռուսաստան»։

Միաժամանակ, «վերջին տեղեկության համաձայն, ուսանողները փաստացի գերի են վերցվել ուկրաինական զինված ուժերի կողմից, որոնք օգտագործում են նրանց՝ որպես կենդանի վահան  եւ ամեն կերպ խոչընդոտում են նրանց մուտքը ՌԴ։ Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է ուկրաինական կողմը»,- ընդգծված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ «առաջնորդները պայմանավորվել են շարունակել սերտորեն համագործակցել Ուկրաինայում հնդիկ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով»։

 Հնդկաստանի կառավարության մամուլի ծառայությունն էլ իր հերթին հաղորդել է զրույցի մասին՝ նշելով, որ քննարկվել է կոնֆլիկտի գոտուց Հնդկաստանի քաղաքացիների անվտանգ տարհանմանը վերաբերող հարցը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաղորդել էր, որ Ուկրաինայի իշխանությունները բռնի կերպով Խարկովում են պահում հնդիկ ուսանողների մեծ խումբ։  Կոնաշենկովի տեղեկություններով՝ երիտասարդները ցանկանում են լքել Ուկրաինայի տարածքն ու մեկնել Բելգորոդ, բայց նրանց պահում են որպես պատանդ եւ առաջարկում Ուկրաինայի տարածքը լքել ուկրաինա-լեհական սահմանով, «առաջարկում են գնալ տարածքով, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել