Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Արցախում այսօր ԱԽ նիստ է կայանալու․ Պետրոսյանը արցախցիներին կոչ արեց ակցիա իրականացնելու

Արցախում այսօր ԱԽ նիստ է կայանալու․ Պետրոսյանը արցախցիներին կոչ արեց ակցիա իրականացնելու

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր տեղի է ունենալու Արցախի անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Նա կոչ է արել արցախցիներին այսօր համապետական ցույց իրականացնելու, որ «ռուսին ցույց տան, որ Արցախում ժողովուրդ է ապրում, ոչ թե նախիր»։ Քաղաքացիներից մեկի խոսքով ՄԱԿ-ը երբևիցե չի արձագանքել, քանի որ Արցախում երբեք չեն ասել, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունը չեն կատարում, այլ ամեն անգամ Արցախի իշխանությունները շնորհակալություն են հայտնել նրանց՝ կատարած աշխատանքի համար, այն դեպքում, երբ Փառուխ, Խծաբերդ ենք կորցրել․ «Երբ մենք ռուսին ստիպենք՝ կա՛մ բացել միջանցքը, կա՛մ հայտարարել, որ ինքը ի վիճակի չի դա անելու, սա հարցի լուծում է։ Արցախի իշխանություններից հենց սա ենք պահանջելու՝ ռուսներին հանել ջրի երես»։ Տիգրան Պետրոսյանը նաև նշել է, որ իշխանությունները զրույց են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ, որն ասել է՝ չորեքշաբթի մեկնելու է Բաքու՝ բանակցություններ վարելու։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
11:34 - 01 մայիսի, 2023
Արցախից նշում են՝  տարածվող ադրբեջանական տեսանյութում Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր

Արցախից նշում են՝ տարածվող ադրբեջանական տեսանյութում Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր

Հաշվի առնելով ադրբեջանական հերթական տեղեկատվական մանիպուլյացիան Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) դրված անցակետով Արցախի քաղաքացիների իբր ազատ տեղաշարժի շուրջ՝ իրազեկում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը և խոչընդոտներ ու վտանգներ է հարուցում Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի նկատմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ անդրադառնալով ադրբեջանական տիրույթում տարածվող տեսանյութին, ըստ որի, իբր, արցախցիները, ադրբեջանական անցակետից օգտվելով, ազատ տեղաշարժվում են։ «Ադրբեջանական անցակետի գոյությունն ու Շուշիի հատվածում փակ ճանապարհն ինքնին ամենամեծ խոչընդոտներն ու վտանգներն են, որոնք խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շահարկվող դեպքին, ապա այդ անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, և իրենց համար էլ անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից: Անընդունելի են ադրբեջանական կողմի բոլոր ջանքերը պահպանելու ապօրինի անցակետը և որևէ կերպ վերահսկելու և խոչընդոտելու Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժը: Ուստի, վերահաստատում ենք, որ Արցախ-Հայաստան երկկողմանի տեղաշարժը կազմակերպվում է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից և ուղեկցությամբ՝ ապահովելու համար Արցախի քաղաքացիների նվազագույն անվտանգությունն այդ ճանապարհին: Տեղաշարժի կարիք ունեցող անձինք պետք է առ այսօր գործող ընթացակարգերով դիմեն համապատասխան պետական մարմիններ՝ նշված մեխանիզմներով խնդրին լուծում տալու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, այնտեղ անցակետ տեղադրել։
00:50 - 01 մայիսի, 2023
Ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ փոխադրող խաղաղապահների մեքենաները

Ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ փոխադրող խաղաղապահների մեքենաները

Երեկ՝ ժամը մոտ 21:00-ից մինչև այսօր՝ մոտ 11:10-ը, Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին՝ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Քիչ առաջ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է, և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ: Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու նպատակով: Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022 թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները: Սա վկայում է այն մասին, որ չնայած 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այլ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն ու միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանը օր օրի խորացնում է Արցախի ժողովրդի շրջափակումը և սրում անվտանգային ու հումանիտար իրավիճակը:
12:33 - 29 ապրիլի, 2023
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովին

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը: ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության  արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:
13:47 - 28 ապրիլի, 2023
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Նախագահ Հարությունյանը, ողջունելով նորանշանակ հրամանատարին, ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Երկուստեք կարևորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Հանրապետության նախագահը փոխանցել է ԱՀ իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան: Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր:
17:05 - 27 ապրիլի, 2023
Բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի․ Նիկոլ Փաշինյան

Բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ այս անգամ էլ հսկիչ-անցագրային կետ տեղադրելով։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ եթե մինչ այս Լաչինի միջանցքը փակվել է կեղծ բնապահպանական պատրվակով, ապա այժմ արդեն փակվել է Ադրբեջանի կողմից պաշտոնապես․ «Միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում»։ Փաշինյանի խոսքով Ադրբեջանի գործողությունների նպատակը էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելն է․ «Եվ հենց սա պետք է լինի մեր բոլորի՝ միջազգային հանրության ուշադրության առարկան»։ Նա ընդգծեց, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը 2020թ․ նոյեմբեևրի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։ «Ուզում եմ ներկայացնել մեր պատկերացումները՝ իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ․ ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը։ Այսինքն՝ բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։ Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճծշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում»,- հայտարարեց Փաշինյանը։
11:17 - 27 ապրիլի, 2023
Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին և ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. ԱԽ քարտուղար |armtimes.com|

Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին և ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. ԱԽ քարտուղար |armtimes.com|

armtimes.com: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այն հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանեց․ «Պատկանում է»։ «Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանատվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: Իրականությունը սա: Սա բանավոր հայտարարություններով չէ, կա հստակ փաստաթուղթ»,- ասաց ԱԽ քարտուղարը։ Ըստ ԱԽ քարտուղարի՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի Արցախում ապրող 120 հայերն էթնիկ զտման չենթարկվեն։ «Որովհետև այս գործողությունների միակ նպատակը միանաշակ ԼՂ-ում էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում։ Որոշակի չափով նաև պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներայացնելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ սա է իրականությունը։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը պետք է գործի: Եթե հնարավոր է հարցը բանակցություններով լուծել, բնականաբար, բոլորս էլ երջանիկ կլինենք, բոլորն էլ ուզում են դիվանագիտության ճանապարհով հարցր լուծեն, եթե չի լինում, պետք է գործողություններ հետևեն»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:    
09:29 - 27 ապրիլի, 2023
Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել
 |tert.am|

Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։  Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։  Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում դեպքի առնչությամբ։ Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը: Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը  Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ
22:21 - 20 ապրիլի, 2023
Ադրբեջանը դեռ չի արձագանքել Արցախի իշխանությունների առաջարկին․ Դավիթ Բաբայան |news.am|

Ադրբեջանը դեռ չի արձագանքել Արցախի իշխանությունների առաջարկին․ Դավիթ Բաբայան |news.am|

news.am: Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել Արցախի Հանրապետության իշխանությունների՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու մեկ շաբաթ առաջ արված առաջարկին։ Այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բաբայանը վստահ է, որ ադրբեջանական կողմը ստացել է առաջարկը։ «Առաջարկն իրենք վայրկյանապես կարող են ստանալ, որովհետեւ դրա մասին  տեղեկացվել են նաեւ ռուս խաղաղապահաների միջոցով եւ լրատվամիջոցներով։ Պետք է սպասենք պատասխանին, բայց, իհարկե, մեծ է հավանականությունը, որ որեւէ բան էլ չեն արձագանքի։ Մենք բացառապես պետք է քննարկենք հումանիտար հարցեր, որոնց լուծումը շատ հրատապ է Արցախում»,- նշեց Բաբայանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
12:32 - 18 ապրիլի, 2023
«Արցախփոստ»-ը ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն. հայտարարություն

«Արցախփոստ»-ը ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն. հայտարարություն

«Արցախփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը և դրա հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները հատկապես ազատ տեղաշարժի հետ կապված՝ տեղեկացնում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն լրջագույն դժվարություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության մասով, ինչի պատճառով շրջափակման մեկնարկից ի վեր մեր գործունեությունը խաթարվել է: Այդուհանդերձ, նկատի ունենալով քաղաքացիների կողմից նամակներ ու փաստաթղթեր առաքելու խիստ անհրաժեշտությունը և այդ հնարավորության բացակայության հետևանքները՝ ընկերությունը Արցախի Հանրապետության կառավարության աջակցությամբ ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն: Ուստի, հայտարարում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն ընդունում է Հայաստան և արտերկիր ուղարկվելիք փաստաթղթեր, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում համապատասխան մեխանիզմներով ուղարկվելու են պատվիրված հասցեներով»: 
10:41 - 15 ապրիլի, 2023
Արմեն Գրիգորյանը ստում է, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն․ Հայկ Մամիջանյան
 |tert.am|

Արմեն Գրիգորյանը ստում է, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն․ Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Երեկ ՀՀ անտվանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնողը ծավալուն հարցազրույց էր տվել, որում հստակ սուտ է ասել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ըստ իմ տեղեկությունների` ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն։ Դրա մասին մենք կարող ենք խոսել բաց աղբյուրներից ելնելով, և երկրորդ՝ ես ունեմ որոշակի տեղեկություններ կապված դրա հետ»,- ասաց պատգամավորը։ Մամիջանյանն անդրադարձավ նաև ռուս խաղաղապահների գործողություններին՝ նշելով․ «ՀՀ քաղաքացիները ունեն ակնկալիքներ մեր ռազմավարական դաշնակցից, մենք ունենք ակնկալիքներ նաև մեր միջազգային գործընկերներից։ Փաստենք, որ թե՛ խաղաղապահ առաքելության և թե՛ միջազգային դատարանի որոշումը փաստացի խնդիրներ է առաջացնում։ Հիմա, եթե երկու գործիք կա, երկուսի արդյունավետությունից էլ մենք այդքան գոհ չենք, գուցե գործիք բանեցնող հայկական կո՞ղմն է մեղավոր։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ այս ամեն ինչի մեղավորը նստած է Հանարապետության հրապարակում ու փորձում է սլաքներն ուղղել այլ ուղղությմաբ»։ Հայկ Մամիջանյանն ասաց, որ ՀՀ ձախողումների միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանի ապիկար քաղաքականությունն։ Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցին, թե 2022թ․ տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ից Հայաստանին տրվող աջակցության փաթեթում զենք-զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ, պատասխանել էր․ «Հայաստանն այսօր բոլոր տեղերում փնտրում է զենք ու զինամթերք։ Եվ չի կարող որևէ տեղում Հայաստանին զենք-զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի, ու Հայաստանը հրաժարվի»։  
14:34 - 14 ապրիլի, 2023
ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին |news.am|

ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին |news.am|

news.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասվում է ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռներով ավտոշարասյուն են ուղեկցել։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
20:41 - 13 ապրիլի, 2023