Արցախում այսօր ԱԽ նիստ է կայանալու․ Պետրոսյանը արցախցիներին կոչ արեց ակցիա իրականացնելու
11:34 - 01 մայիսի, 2023

Արցախում այսօր ԱԽ նիստ է կայանալու․ Պետրոսյանը արցախցիներին կոչ արեց ակցիա իրականացնելու

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր տեղի է ունենալու Արցախի անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Նա կոչ է արել արցախցիներին այսօր համապետական ցույց իրականացնելու, որ «ռուսին ցույց տան, որ Արցախում ժողովուրդ է ապրում, ոչ թե նախիր»։

Քաղաքացիներից մեկի խոսքով ՄԱԿ-ը երբևիցե չի արձագանքել, քանի որ Արցախում երբեք չեն ասել, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունը չեն կատարում, այլ ամեն անգամ Արցախի իշխանությունները շնորհակալություն են հայտնել նրանց՝ կատարած աշխատանքի համար, այն դեպքում, երբ Փառուխ, Խծաբերդ ենք կորցրել․ «Երբ մենք ռուսին ստիպենք՝ կա՛մ բացել միջանցքը, կա՛մ հայտարարել, որ ինքը ի վիճակի չի դա անելու, սա հարցի լուծում է։ Արցախի իշխանություններից հենց սա ենք պահանջելու՝ ռուսներին հանել ջրի երես»։

Տիգրան Պետրոսյանը նաև նշել է, որ իշխանությունները զրույց են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ, որն ասել է՝ չորեքշաբթի մեկնելու է Բաքու՝ բանակցություններ վարելու։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել