ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած ազգային շահի դեմ գործելու խնդիրը գոյություն ունի. հարցադրումները պետք է նրան ուղղվեն. Մհեր Գրիգորյան

Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած ազգային շահի դեմ գործելու խնդիրը գոյություն ունի. հարցադրումները պետք է նրան ուղղվեն. Մհեր Գրիգորյան

Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ  Արա Այվազյանի նշած խնդիրը գոյություն ունի, բնականաբար, բոլորի համար առաջնային են ազգային շահերը, բայց որևէ նման առիթ չեմ տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականի և հրաժարականի ժամանակ արած հայտարարությունների մասին: Մհեր Գրիգորյանն Արա Այվազյանի հայտարարության ենթատեքստի մասին առաջարկեց հարցն ուղղել հենց Այվազյանին: «Դիվանագիտական ճակատը պետք է ուժեղ լինի, բայց կարծում եմ, որ հարցադրումները պետք է ուղղվեն պարոն Այվազյանին ու նա ավելի ընդարձակ կտա այդ հարցերի պատասխանը:Եկեք պահի լրջությունը հասկանանք ու ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե ստորագրվելիք փաստաթղթի մեջ կա գաղտնի հավելված։ Չկա՛ նման բան, ինչ որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է և չի կարող գաղտնի փաստաթուղթ լինել: Միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու: Եթե միջանցք ասելով որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա այլ հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք՝ կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է մեր քննարկումների օրակարգում»,-ասաց նա: Խոսելով գերիների խնդրի մասին՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ չկա մի առիթ, հանդիպում, հնարավորություն, որտեղ այդ հարցը չի քննարկվում, նաև հույս հայտնեց, որ այդ հարցը լուծում կստանա, իսկ այս պահին որևէ կոնկրետ բան ասել չի կարող:
11:28 - 01 հունիսի, 2021
Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Աննա Նաղդալյան

Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ, Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ: Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում: ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով»:
16:26 - 31 մայիսի, 2021
Արա Այվազյանը հայտնել է հրաժարական տալու որոշման պատճառը

Արա Այվազյանը հայտնել է հրաժարական տալու որոշման պատճառը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը (հրաժարական է ներկայացրել) մայիսի 31-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ համատեղ աշխատանքի ընթացքում դրսևորած պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական նվիրվածության համար: Իր խոսքում Արա Այվազյանը, մասնավորապես, նշել է. «Երբ ես համաձայնեցի ստանձնել այս պաշտոնը, դա իմ կյանքի ամենադժվար, բայց, միևնույն ժամանակ, ամենահեշտ որոշումն էր: Հեշտ որոշում էր, քանի որ ես՝ անձնապես, և վստահ եմ՝ դուք՝ բոլորդ, գիտակցում էինք, որ պարտք ունենք մեր զոհերի առջև, պարտք ունենք մեր երկրի առջև: Դժվար էր, քանի որ շատ լավ հասկանում և գիտակցում էի, թե ինչ հսկայական պատասխանատվություն է ինձ վրա և մեր բոլորի վրա, քանի որ մենք իրավունք չունեինք սխալվելու: Մենք իրավունք չունեինք անելու այնպիսի քայլ, որի համար հետագայում մեր ժողովուրդը և մեր պատմությունը մեզ չէր ների: Երբ ստանձնեցի այս պաշտոնը, ես հայտարարեցի, որ դիվանագիտությունը պարտված չէ, և մինչև այսօր էլ պնդում եմ, որ մեր դիվանագիտությունը պարտված չէ: Շատերն ինձ հետ համաձայն չեն, բայց այս ընթացքում մենք բոլորս՝ այստեղ և դեսպանություններում գտնվողներս, ապացուցեցինք, որ ոչ միայն պարտված չենք,  այլ նաև կարողանում ենք մեր պետական և ազգային շահերը առաջ մղել և նշել կարմիր գծերը: Այս տարի, երբ լրանում է մեր նախարարության 30-ամյակը, կարևոր շրջան է, հասունության շրջան է. կարծես թե մենք այս ողջ ընթացքում պատրաստվում էինք այս օրերին, այս ժամանակներին: Իսկապես շատ բան է արվել, ես հիմա չեմ ցանկանում թվարկել, և ոչ էլ ուզում եմ գնահատական տալ. դա հետագայի համար է։ Բայց կարծում եմ` մենք բոլորս կարող ենք բաց ճակատով դուրս գալ փողոց և քայլել։ Կարծում եմ` մեր միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ, հայությունը պարտված չէ։ Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ այս տագնապալի օրերին մենք դարձանք այն կառույցը, որն ըմբռնելի դարձավ մեր հասարակության համար, մեր ձայնը գնալով ավելի լսելի դարձավ, և մենք առավել քան երբևէ վստահություն ձեռք բերեցինք մեր ժողովրդի առջև։ Ես ուզում եմ այսօր ձեզ բոլորիդ շատ շնորհակալություն հայտնել, իսկապես ինձ համար մեծ պատիվ էր աշխատել բոլորիդ հետ։ Իմ գործելաոճը մշտապես եղել է կոլեգիալ, և հուսով եմ` զգացել եք, որ բոլորիդ աշխատանքը, բոլորիդ խորհուրդը հասանելի է եղել նախարարության ղեկավարության համար։ Ոչ միայն հասանելի է եղել, այլև մեր որոշումները, որոնք կայացրել ենք այս ընթացքում, իսկապես հիմնված են եղել ձեր բոլորի մասնագիտական աշխատանքի և խորհրդի վրա։  Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով։  Մեր ողջ անձնակազմին՝ դիվանագետներին և ոչ դիվանագետներին, մենք մի ընտանիք ենք եղել, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում։ Ձեզ մաղթում եմ նույն ոգով շարունակել աշխատել։ Եվ իմ խորհուրդը. ընդհանրապես դիվանագետը ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ։ Ես կարծում եմ՝ այս դժվարին պայմաններում մենք դրա իրավունքը չունենք, և մեր մեջ, իսկապես, գնալով, վստահ եմ, կլինեն սկզբունքային դիվանագետներ, ովքեր ուղենիշ կդառնան մեր հասարակության համար։ Մեկ անգամ ևս շատ շնորհակալություն և ձեզ ամենայն բարիք»։ 
13:49 - 31 մայիսի, 2021
Ռումինիայում ՀՀ դեսպանությունում նշել են Հանրապետության օրը

Ռումինիայում ՀՀ դեսպանությունում նշել են Հանրապետության օրը

Հանրապետության օրվա կապակցությամբ մայիսի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հասարակական, քաղաքական և ռազմական գործիչների կյանքին ու գործունեությանը Ռումինիայում 20-րդ դարի միջպատերազմական (Interbellum) ժամանակահատվածում:   Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո մի շարք հայ ականավոր քաղաքական ու ռազմական գործիչներ հաստատվել էին Ռումինիայում: Նրանց թվում էր նաև Պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը, որն իր նշանակալի ավանդն ունեցավ նաև ռումինահայ համայնքի կյանքում:   Դեսպանը նաև անդրադարձավ օրվա խորհրդին՝ նշելով. «Ավելի քան 100 տարի առաջ Սարդարապատի և մայիսյան մյուս հաղթանակների, ինչպես նաև Առաջին Հանրապետության հռչակումով վերականգնվեց մեր պետականությունը և հայ ժողովրդի ազատ ու անկախ ապրելու դարավոր երազանքը: Համոզված եմ, որ այսօր էլ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնաբար հաղթահարելու են ներկա մարտահրավերները»:   Միջոցառման ընթացքում ներկաները հեղինակի, ռումինահայ դերասաններ Արմինե Ոսկանյանի և Ֆլորին Կևորկյանի ընթերցմամբ ունկնդրեցին Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի այն հատվածը, որում ներկայացված են Դրաստամատ Կանայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև նրա հարաբերությունները ռումինահայ համայնքի հետ:   Միջոցառման ավարտին դեսպան Մինասյանը ռումինահայ համայնքի ականավոր ներկայացուցիչ՝ լրագրող, գրող և թարգմանիչ Մադլենա Գարագաշյանին հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը:
17:43 - 28 մայիսի, 2021
Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև

Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև

ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև մայիսի 26-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, չինական կողմից՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը։  Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Ավետ Ադոնցը նշեց, որ Ադրբեջանը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ և ոչնչացնում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը: Նշվեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը նշել է, որ Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գրավականն է։  ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը գոհունակություն են հայտնել անցած ժամանակահատվածում կորոնովիրուսի դեմ համատեղ պայքարում հաջողված համագործակցության կապակցությամբ: Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել չինական կողմին Հայաստանին որպես օգնություն 100 հազար դեղաչափ CoronaVac պատվաստանյութ տրամադրելու համար:  Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական, գիտակրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։
20:40 - 26 մայիսի, 2021
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ճեպազրույցը լրատվականների հետ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ճեպազրույցը լրատվականների հետ

ԻՌԻԲ հ/ը. Պարոն նախարար, նկատի առնելով Իրանի՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու հարցում ունեցած ջանքերը, կցանկանամ Ձեր կարծիքն իմանալ, թե ինչպես եք գնահատում Իրանի այդ ջանքերը: Արա Այվազյան. Հայաստանը կողմնակից է այս վերջին լարվածությունը լուծել քաղաքական, դիվանագիտական միջոցներով: Մենք չափազանց գնահատում ենք, որ այս տագնապալի օրերին և հանգամանքներում մեր դարավոր բարեկամ և հարևան Իրանի արտաքին գործերի նախարար և իմ շատ լավ գործընկեր Զարիֆը տարածաշրջանային այց է իրականացրել և այսօր ժամանել է Հայաստան, ինչը վկայում է Իրանի անշահախնդիր մտադրությունը` ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում:   Մեկ անգամ ևս ուզում եմ նշել,  որ Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան է, կարևոր գործընկեր է, որը տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար է, և մենք երկկողմ ուղղությամբ մեր բոլոր ջանքերն ենք գործադրելու՝ բազմաոլորտ, և նախևառաջ, քաղաքական երկխոսության միջոցով խորացնել մեր միջպետական համագործակցությունն Իրանի հետ:
19:40 - 26 մայիսի, 2021
Միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են. Զարիֆ

Միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են. Զարիֆ

Իրանում մտահոգված են վերջին երկու շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացումներով և հույս ունեն, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կստանա: Այս մասին ասել է Իրանի Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում: «Շատ մտահոգված ենք վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպեսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում: Ես երեկ շատ հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանում, այսօր շատ կարևոր հարցերի մասին զրույց եմ ունեցել ձեզ հետ, դրանից հետո կհանդիպեմ նաև վարչապետի և նախագահի հետ և հուսով եմ, որ կկարողանանք վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը հանգուցալուծելու տարբերակներ գտնել: Մենք ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա  հույս է հայտնել, որ տարածաշրջանը կայունության, համագործակցության և ընդլայնված կապերի հաստատման ուղղությամբ կընթանա: Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել է շատ լավ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար: «Երկկողմ հարաբերությունների շրջանակում շատ ջանքեր են գործադրվել, և այս վերջին երկու օրվա ընթացքում նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն էր գտնվում Հայաստանում և այդ շրջանակում շատ արդյունավետ համաձայնություններ են ձեռք բերվել: Հարավային Կովկասը մեզ համար կենսական նշանակություն ունի և ազգային անվտանգությունը խաղաղության և կայունության պահպանումն է տարածաշրջանում: Իրանի եղել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը:  Մենք այս քաղաքականությունը շարունակում ենք և հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա: Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում աշխատել են օգտակար լինել հարևաններ Ադրբեջանին և Հայաստանին, որպեսզի ճգնաժամը խաղաղ լուծում ստանա: «Մենք հարգել ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, այդ երկրների ժողովուրդների իրավունքները: Այս նոր ճգնաժամի ընթացքում հատուկ ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեր դերակատարումը ունենանք ճգնաժամի լուծման համար, այդ իսկ պատճառով մեր հատուկ բանագնացին՝ ԱԳ նախարարի տեղակալին, գործուղեցինք տարածաշրջան»,- ասել է Զարիֆը:
15:54 - 26 մայիսի, 2021
Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ մահաբեր այս միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով․ ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ մահաբեր այս միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով․ ՀՀ ԱԳՆ

Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:  Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված  ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է:  Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար:  Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: 
20:47 - 25 մայիսի, 2021
«Լուսավոր Հայաստան»-ը ՀՀ ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ

«Լուսավոր Հայաստան»-ը ՀՀ ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կուսակցության անունից հայտարարություն է տարածել, ըստ որի, ԼՀԿ-ն հորդորում է ՀՀ ԱԳՆ-ին անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12֊ից առ այսօր, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կիրառելով սպառազինություն, դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ադրբեջանի կողմից խախտվել և շարունակվում է խախտված մնալ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար (jus cogens) սկզբունքները, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է բռնազավթված պահել Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը, այլ նաև հրահրում զինված բախում, որի արդյունքում այսօր՝ մայիսի 25֊ին, սպանվել և վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 34-րդ հոդվածի վրա, համաձայն որի` ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդն իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի` Կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի և մասնավորապես՝ 39-րդ հոդվածի վրա, համաձայն որի` Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների` ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար` Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Սույն հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։ Լուսավոր Հայաստան կուսակցություն 25.05.2021թ. ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն»։
20:15 - 25 մայիսի, 2021
ԱԳ նախարարը Մարտինա Շմիդտի հետ հանդիպմանը կարևորել է ռազմագերիների վերաբերյալ ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումների կատարումը

ԱԳ նախարարը Մարտինա Շմիդտի հետ հանդիպմանը կարևորել է ռազմագերիների վերաբերյալ ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումների կատարումը

Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին։  Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԵԽ գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրենը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին հանձնեց Մարտինա Շմիդտին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար նշանակելու մասին ԵԽ գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելության ստանձնման առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների հետ շարունակական համագործակցության միջոցով կարձանագրվեն նոր ձեռքբերումներ։ Խոսելով ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի մասին՝ Արա Այվազյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցության հարուստ օրակարգը՝ ընդգծելով Հայաստան-ԵԽ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի կարևորությունը՝ երկրում բարեփոխումների շարունակական իրականացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում Արա Այվազյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր դեր է վերապահում Եվրոպայի խորհրդին՝ Արցախում հումանիտար խնդիրների հասցեագրման, ներառյալ՝ տեղահանության, մշակութային և կրոնական կոթողների ավերման, Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառության հարցերում, ինչպես նաև Արցախի բնակչության՝ մարդու անքակտելի իրավունքների պաշտպանության և լիարժեք իրացման ապահովման գործում։ ԱԳ նախարարի պաշտոնակատարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կառույցների և պաշտոնական ներկայացուցիչների՝ Արցախ անարգել մուտքի ապահովման անհրաժեշտության վրա՝ այս առումով ընդգծելով Ադրբեջանի կողմից խոչընդոտներ հարուցելու անթույլատրելիությունը։ Նախարարի պաշտոնակատարը հատուկ կարևորեց հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշումների կատարումը:
19:40 - 25 մայիսի, 2021
Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը՝ բարեկամ երկրների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ, կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակն ու վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները՝ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, զբոսաշրջության զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր:  Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրների:
19:37 - 25 մայիսի, 2021