Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած խնդիրը գոյություն ունի, բնականաբար, բոլորի համար առաջնային են ազգային շահերը, բայց որևէ նման առիթ չեմ տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականի և հրաժարականի ժամանակ արած հայտարարությունների մասին:
Մհեր Գրիգորյանն Արա Այվազյանի հայտարարության ենթատեքստի մասին առաջարկեց հարցն ուղղել հենց Այվազյանին: «Դիվանագիտական ճակատը պետք է ուժեղ լինի, բայց կարծում եմ, որ հարցադրումները պետք է ուղղվեն պարոն Այվազյանին ու նա ավելի ընդարձակ կտա այդ հարցերի պատասխանը:
Եկեք պահի լրջությունը հասկանանք ու ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե ստորագրվելիք փաստաթղթի մեջ կա գաղտնի հավելված։ Չկա՛ նման բան, ինչ որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է և չի կարող գաղտնի փաստաթուղթ լինել: Միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու: Եթե միջանցք ասելով որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա այլ հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք՝ կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է մեր քննարկումների օրակարգում»,-ասաց նա:
Խոսելով գերիների խնդրի մասին՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ չկա մի առիթ, հանդիպում, հնարավորություն, որտեղ այդ հարցը չի քննարկվում, նաև հույս հայտնեց, որ այդ հարցը լուծում կստանա, իսկ այս պահին որևէ կոնկրետ բան ասել չի կարող:
comment.count (0)