Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
19:37 - 25 մայիսի, 2021

Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը՝ բարեկամ երկրների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ, կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակն ու վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները՝ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, զբոսաշրջության զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր: 

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել