ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև

Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև

ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև մայիսի 26-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, չինական կողմից՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը։  Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Ավետ Ադոնցը նշեց, որ Ադրբեջանը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ և ոչնչացնում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը: Նշվեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը նշել է, որ Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գրավականն է։  ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը գոհունակություն են հայտնել անցած ժամանակահատվածում կորոնովիրուսի դեմ համատեղ պայքարում հաջողված համագործակցության կապակցությամբ: Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել չինական կողմին Հայաստանին որպես օգնություն 100 հազար դեղաչափ CoronaVac պատվաստանյութ տրամադրելու համար:  Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական, գիտակրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։
20:40 - 26 մայիսի, 2021
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ճեպազրույցը լրատվականների հետ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ճեպազրույցը լրատվականների հետ

ԻՌԻԲ հ/ը. Պարոն նախարար, նկատի առնելով Իրանի՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու հարցում ունեցած ջանքերը, կցանկանամ Ձեր կարծիքն իմանալ, թե ինչպես եք գնահատում Իրանի այդ ջանքերը: Արա Այվազյան. Հայաստանը կողմնակից է այս վերջին լարվածությունը լուծել քաղաքական, դիվանագիտական միջոցներով: Մենք չափազանց գնահատում ենք, որ այս տագնապալի օրերին և հանգամանքներում մեր դարավոր բարեկամ և հարևան Իրանի արտաքին գործերի նախարար և իմ շատ լավ գործընկեր Զարիֆը տարածաշրջանային այց է իրականացրել և այսօր ժամանել է Հայաստան, ինչը վկայում է Իրանի անշահախնդիր մտադրությունը` ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում:   Մեկ անգամ ևս ուզում եմ նշել,  որ Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան է, կարևոր գործընկեր է, որը տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար է, և մենք երկկողմ ուղղությամբ մեր բոլոր ջանքերն ենք գործադրելու՝ բազմաոլորտ, և նախևառաջ, քաղաքական երկխոսության միջոցով խորացնել մեր միջպետական համագործակցությունն Իրանի հետ:
19:40 - 26 մայիսի, 2021
Միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են. Զարիֆ

Միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են. Զարիֆ

Իրանում մտահոգված են վերջին երկու շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացումներով և հույս ունեն, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կստանա: Այս մասին ասել է Իրանի Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում: «Շատ մտահոգված ենք վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպեսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում: Ես երեկ շատ հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանում, այսօր շատ կարևոր հարցերի մասին զրույց եմ ունեցել ձեզ հետ, դրանից հետո կհանդիպեմ նաև վարչապետի և նախագահի հետ և հուսով եմ, որ կկարողանանք վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը հանգուցալուծելու տարբերակներ գտնել: Մենք ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա  հույս է հայտնել, որ տարածաշրջանը կայունության, համագործակցության և ընդլայնված կապերի հաստատման ուղղությամբ կընթանա: Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել է շատ լավ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար: «Երկկողմ հարաբերությունների շրջանակում շատ ջանքեր են գործադրվել, և այս վերջին երկու օրվա ընթացքում նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն էր գտնվում Հայաստանում և այդ շրջանակում շատ արդյունավետ համաձայնություններ են ձեռք բերվել: Հարավային Կովկասը մեզ համար կենսական նշանակություն ունի և ազգային անվտանգությունը խաղաղության և կայունության պահպանումն է տարածաշրջանում: Իրանի եղել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը:  Մենք այս քաղաքականությունը շարունակում ենք և հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա: Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում աշխատել են օգտակար լինել հարևաններ Ադրբեջանին և Հայաստանին, որպեսզի ճգնաժամը խաղաղ լուծում ստանա: «Մենք հարգել ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, այդ երկրների ժողովուրդների իրավունքները: Այս նոր ճգնաժամի ընթացքում հատուկ ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեր դերակատարումը ունենանք ճգնաժամի լուծման համար, այդ իսկ պատճառով մեր հատուկ բանագնացին՝ ԱԳ նախարարի տեղակալին, գործուղեցինք տարածաշրջան»,- ասել է Զարիֆը:
15:54 - 26 մայիսի, 2021
Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ մահաբեր այս միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով․ ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ մահաբեր այս միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով․ ՀՀ ԱԳՆ

Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:  Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված  ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է:  Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար:  Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: 
20:47 - 25 մայիսի, 2021
«Լուսավոր Հայաստան»-ը ՀՀ ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ

«Լուսավոր Հայաստան»-ը ՀՀ ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կուսակցության անունից հայտարարություն է տարածել, ըստ որի, ԼՀԿ-ն հորդորում է ՀՀ ԱԳՆ-ին անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12֊ից առ այսօր, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կիրառելով սպառազինություն, դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ադրբեջանի կողմից խախտվել և շարունակվում է խախտված մնալ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար (jus cogens) սկզբունքները, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է բռնազավթված պահել Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը, այլ նաև հրահրում զինված բախում, որի արդյունքում այսօր՝ մայիսի 25֊ին, սպանվել և վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 34-րդ հոդվածի վրա, համաձայն որի` ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդն իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի` Կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի և մասնավորապես՝ 39-րդ հոդվածի վրա, համաձայն որի` Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների` ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար` Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Սույն հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։ Լուսավոր Հայաստան կուսակցություն 25.05.2021թ. ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն»։
20:15 - 25 մայիսի, 2021
ԱԳ նախարարը Մարտինա Շմիդտի հետ հանդիպմանը կարևորել է ռազմագերիների վերաբերյալ ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումների կատարումը

ԱԳ նախարարը Մարտինա Շմիդտի հետ հանդիպմանը կարևորել է ռազմագերիների վերաբերյալ ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումների կատարումը

Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին։  Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԵԽ գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրենը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին հանձնեց Մարտինա Շմիդտին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար նշանակելու մասին ԵԽ գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելության ստանձնման առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների հետ շարունակական համագործակցության միջոցով կարձանագրվեն նոր ձեռքբերումներ։ Խոսելով ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի մասին՝ Արա Այվազյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցության հարուստ օրակարգը՝ ընդգծելով Հայաստան-ԵԽ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի կարևորությունը՝ երկրում բարեփոխումների շարունակական իրականացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում Արա Այվազյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր դեր է վերապահում Եվրոպայի խորհրդին՝ Արցախում հումանիտար խնդիրների հասցեագրման, ներառյալ՝ տեղահանության, մշակութային և կրոնական կոթողների ավերման, Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառության հարցերում, ինչպես նաև Արցախի բնակչության՝ մարդու անքակտելի իրավունքների պաշտպանության և լիարժեք իրացման ապահովման գործում։ ԱԳ նախարարի պաշտոնակատարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կառույցների և պաշտոնական ներկայացուցիչների՝ Արցախ անարգել մուտքի ապահովման անհրաժեշտության վրա՝ այս առումով ընդգծելով Ադրբեջանի կողմից խոչընդոտներ հարուցելու անթույլատրելիությունը։ Նախարարի պաշտոնակատարը հատուկ կարևորեց հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշումների կատարումը:
19:40 - 25 մայիսի, 2021
Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը՝ բարեկամ երկրների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ, կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակն ու վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները՝ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, զբոսաշրջության զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր:  Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրների:
19:37 - 25 մայիսի, 2021
Արա Այվազյանը զրուցել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ. զրույցի առանցքային թեման ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր

Արա Այվազյանը զրուցել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ. զրույցի առանցքային թեման ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր

Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն էր։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման  անհրաժեշտությունը: Այս առնչությամբ կարևորվեց նաև ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը: Մտքեր փոխանակվեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ընդգծվեց փոխադարձ հանձնառությունը՝ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր մակարդակներում շփումների միջոցով:
13:43 - 25 մայիսի, 2021
Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական պատանդ. ՀՀ ԱԳՆ

Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական պատանդ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ:  «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնևի կոնվենցիաների՝ վերջիններս համարվում են ռազմագերի, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեն: Մինչդեռ, Ադրբեջանը նրանց դեմ հարուցել է շինծու քրեական գործեր՝ դրանով իսկ բացահայտորեն խախտելով թե´ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և թե´ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:  Չնայած միջազգային հանրության  բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը: Հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանն առ այսօր պատասխանատվության չի ենթարկել հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք ցուցաբերած, այդ թվում՝ սպանություններ իրականացրած անձանց՝ չնայած նման հանցանք գործած անձինք փաստագրել և հրապարակայնացրել են իրենց ոճրագործությունները ։ Պաշտոնական Բաքուն բացահայտորեն արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումներն Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Արդյունքում, 2021թ. մարտի 9-ին դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ծանուցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին իր կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված միջանկյալ միջոցների մասին: Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի»,- ասված է հայտարարության մեջ:
09:48 - 25 մայիսի, 2021
Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ և ընդգծել է Ադրբեջանի ԶՈՒ՝ ՀՀ տարածքն անհապաղ լքելու հրամայականը

Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ և ընդգծել է Ադրբեջանի ԶՈՒ՝ ՀՀ տարածքն անհապաղ լքելու հրամայականը

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին: Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն անթույլատրելի համարեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծեց ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ:
16:29 - 24 մայիսի, 2021
Արա Այվազյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի

Արա Այվազյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։  Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
10:14 - 24 մայիսի, 2021
Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Պետական գնումները մշտապես լրագրողների եւ գնումներով հետաքրքրված անձանց ուշադրության կենտրոնում են, քանի որ գնումներում հնարավոր է՝ լինեն կոռուպցիոն գործարքներ, փոխկապակցված ընկերություններից գնումներ եւ այլն։ Գնումների մասին օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ գնումների կատարման նախընտրելի ձեւը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ նույն օրենքի մեկ այլ կետով սահմանված ցանկում։ Այս ցանկում հիմնականում ներառված են սննդամթերքներ, վառելիքներ, գրենական առարկաներ, դեղամիջոցներ եւ այլ իրեր։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օրենքով սահմանված է նաեւ, թե գնումների ընթացակարգերից որը ինչ դեպքում կարող է կիրառվել։ Օրինակ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառելի է, եթե գնման համար նախատեսված ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, կամ գնումն իրականացվում է ՀՀ սահմաններից դուրս, կամ էլ գնման գինը չի գերեզանցում գնումների բազային միավորը։ Բազային միավորի արժեքը 1 մլն ՀՀ դրամն է։  Այնուամենայնիվ, թեեւ օրենքով նույնպես նախապատվությունը տրվում է գնման մրցութային ընթացակարգին, սակայն պետական կառույցները սեփական կարիքների համար նախապատվություն են տալիս մեկ անձից իրականացվող գնման ընթացակարգին։ Infocom-ն ուսումնասիրել է 2018-ից 2021 թվականների առաջին եռամսյակներում ՀՀ 12 նախարարությունների՝ սեփական կարիքների համար իրականացրած պետական գնումները եւ պարզել, որ նախարարությունները մեծամասամբ գնումներ են կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսների ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է թվով 27 պետական գնում, որոնցից 16-ը կամ 59,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակա րգով։Սակայն գումարային առումով առավել մեծ է գնանշման հարցումով իրականացված գնումների արժեքը։ Ընդհանուր առմամբ 27 գնման համար հատկացվել է 25,5 մլն ՀՀ դրամ, որից 6,8 մլն ՀՀ դրամը կամ 26,6%-ը  հատկացվել է մեկ անձից կատարված գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նույն նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 36 պետական գնում, որոնցից 12-ը կամ 33%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 114,7 մլն ՀՀ դրամ, որից 5,6 մլն դրամը կամ 4,9%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ 2019-ին իրականացվել է 25 գնում, որոնցից 14-ը կամ 56%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 217,1 մլն ՀՀ դրամ, որից 146,5 մլն ՀՀ դրամը, կամ 72%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ Իսկ 2018 թ․՝ 37 պետական գնում, որոնցից 23-ը կամ 62%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 940,1 մլն ՀՀ դրամ, որից 709,1 մլն ՀՀ դրամը կամ 75,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսպիսով՝ վերջին 4 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, մշտապես մեկ անձից գնումները  կազմել են ընդհանուր գնումների կեսից ավելին, ինչը խնդրահարույց է։ Առողջապահության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Առողջապահության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 41 պետական գնում, որից 27-ը կամ 65,8%-ը իրականացվել է օրենքով ոչ նախընտրելի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 549 մլն ՀՀ դրամ, որից 1 մլրդ 708 մլն ՀՀ դրամը կամ 67%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ 2020 թ․ սեփական կարիքների համար իրականացվել է 991 պետական գնում, որից 960-ը կամ 96,8%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 76 մլրդ 119 մլն դրամ, որից 74 մլրդ 176 մլն դրամը կամ 97,4%-ը հատկացվել է մեկ անձից գնման համար։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում գրեթե բոլոր գնումներն իրականացրել է առանց մրցույթի։ 2019 թ․ իրականացվել է 1084 պետական գնում, որից 1069 կամ 98,6%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գումարային առումով ընդհանուր գնումները կազմել են 72 մլրդ 230 մլն ՀՀ դրամ, որից 71 մլրդ 356 մլն ՀՀ դրամը կամ 98,7% գնումն իրականացվել է մեկ անձից։ 2018 թ․ իրականացվել է 1069 պետական գնում, որից 1046-ը կամ 97,8%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 63 մլրդ 363 մլն ՀՀ դրամ, որից 62 մլրդ 368 մլն ՀՀ դրամը կամ ընդհանուր գումարի 98,4%-ը իրականացվել է մեկ անձից։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը մշտապես գրեթե բոլոր գնումներն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը խնդրահարույց է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արդարադատության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արդարադատության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 34 պետական գնում, որից 29 գնումը կամ 85,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար տրամարդվել է 711 մլն ՀՀ դրամ, որից 484,8 մլն ՀՀ դրամը կամ 68,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ իրականացվել է 56 գնում, որից 33-ը կամ 58,9%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս գնումների համար ծախսվել է շուրջ 653,1 մլն ՀՀ դրամ, որից 405,5 մլն ՀՀ դրամը կամ 62%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունը կատարել է 46 պետական գնում, որից 30-ը կամ 65,2%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 702,8 մլն ՀՀ դրամ, որից 450,5 մլն ՀՀ դրամը կամ 64,1%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ նախարարությունը կատարել է 43 պետական գնում, որից 35-ը կամ 81,3%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 295,5 մլն ՀՀ դրամ, որից 101,8 մլն ՀՀ դրամը կամ 34,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։  Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ընդհանուր առմամբ Արդարադատության նախարարությունը նույնպես վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մեծամասնությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 9-ը կամ 26,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 182,4 մլն ՀՀ դրամ, որից 19,1 մլն ՀՀ դրամը կամ 10,4%-ը՝ մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 59 գնում, որից 13-ը կամ 22%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս պայմանագրերի գումարը կազմել է 371,9 մլն դրամ, որից 51,4 մլն դրամի գնումները կամ 13,8%-ը իրականացվել է մեկ անձից։ 2019 թ․ իրականացվել է 18 գնում, որից 9-ը կամ 50%-ն իրականացվել է մեկ անձից։ գնումների ընդհանուր գումարը կազմել է 135,4 մլն դրամ, որից 13,3 մլն դրամը՝ 9,8%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 45 պետական գնում, որից 23-ը՝ 51,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 452,6 մլն դրամ, որից 379,5 մլն դրամը՝ 83,8%-ը մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ ԱԻՆ պետական գնումներում մեկ անձից իրականացվող գնումները 2018 եւ 2019 թվականների համեմատությամբ նվազել են։ Արտաքին գործերի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է 93 պետական գնում, որից 81-ը՝ 87%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, որի համար տրամադրվել է 52,4 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 70,4%-ն է։ 2020 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 78 պետական գնում, որից 65-ը կամ 83,3%-ը իրականացվել է մեկ անձից։ Մեկ անձից գնումների համար տրամադրվել է շուրջ 49,8 մլն ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 56,7%-ը։ 2019 թ․ իրականացվել է 108 գնում, որից 97-ը՝ 89,8%-ը մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 63,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 24,5 մլն դրամ կամ գնումների գումարի 38,6%-ը։ 2018 թ․ իրականացվել է 92 պետական գնում, որից 85-ը կամ 92,3%-ը՝ մեկ անձից, որի համար տրամադրվել է 37,5 մլն ՀՀ դրամ, որը կազմել է ընդհանուր իրականացված գնումների գումարի 93%-ը։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես տեսնում ենք, մշտապես գնումներ իրականացնելիս նախապատվությունը տվել է մեկ անձից իրականացվող գնումներին։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 62 պետական գնում, որից 46-ը կամ 74,1%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 225,6 մլն դրամ, որից 78,3 մլն դրամի գնումը՝ 34,7%-ը, կատարվել է մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 44 պետական գնում, որից 24-ը՝ 54,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 825,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման նպատակով ծախսվել է 122,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար տրամադրված գումարի 14,8%-ն է։ 2019 թ․ նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 20-ը՝ 58,5%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 85,1 մլն դրամ, որից մեկ անձի համար ծախսվել է 9,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար հատկացված գումարի 11,2%-ն է։ 2018 թ․ իրականացվել է 22 գնում, որից միայն 8-ը կամ 36,3%-ն է իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը եղել է 231,1 մլն դրամ, որից 3,4 մլն դրամը՝ 1,5%-ը՝ մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսինքն՝ այս նախարարության սեփական կարիքների համար իրականացված գնումներում միայն 2018 թվականի առաջին եռամսյակի՝ մինչեւ հեղափոխությունն իրականացված գնումներն են, որ մեկ անձից իրականացվել է պայմանագրերի կեսից քիչը։ 2019, 2020, 2021 թվականներին այդ ցուցանիշն աճել է՝ ընդհուպ հասնելով 74,1%-ի։ Էկոնոմիկայի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ընդհանուր 84 պետական գնում, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 73 գնումը՝ 86,9%-ը, մեկ անձից գնման ընթացակարգով։ Սեփական կարիքների համար իրականացված պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է 579,7 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է 526,3 մլն դրամ կամ ընդհանուր գնումների 90,7%-ը։ 2020 թ․ Նախարարությունն իրականացրել է 63 գնում։ Այս դեպքում նույնպես մեծամասնությունը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր՝ 37 գնում կամ ընդհանուր գնումների 58,7%-ը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 140,9 մլն դրամ, որից մեկ անձից գնումների արժեքը եղել է 58 մլն դրամ` 41.1%։ 2019 թ․ իրականացվել է 41 պետական գնում, որից 25-ը կամ 60,9%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ինչպես տեսնում ենք, այս դեպքում նույնպես մեծամասամբ գնումներն իրականացվել են օրենքով սահմանված ոչ նախընտրելի տարբերակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 93,4 մլն դրամ, որից 8,6 մլն դրամը կամ 9,2%-ը տրամադրվել է մեկ անձից գնումների ընթացակարգով գնման պարագայում։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 40 պետական գնում, 24-ը կամ 60%-ը՝ մեկ անձից։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 81,1 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 26,9 մլն դրամ՝ 33,1%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ինչպես տեսնում ենք Էկոնոմիկայի նախարարության պետական գնումները նույնպես մեծամասամբ իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով, որը 2021 թվականին հասել է 86,9 %-ի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 2021 թ․ նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը 201,4 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է շուրջ 171,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 85%-ն է։ 2020 թ․ երեք ամիսներին իրականացվել է 40 պետական գնում, որոնցից 21-ը կամ 52,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների պայմանագրերի ընդհանուր արժեքը 325,3 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 192,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 59%-ն է։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 21 պետական գնում։ 15-ը կամ ընդհանուր գնումների 71,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 20 մլն դրամ, որից 3,9 մլն դրամը կամ 19,5%-ը տրամադրվել է մեկ անձից գնման նպատակով։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին իրականացվել է 27 գնում, որից միայն մեկն է, որ իրականացվել է գնանշման հարցման ընթացակարգով։ Մնացած 26 գնումն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Դա ընդհանուր գնումների 96,3%-ն է։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 39,5 մլն դրամ, որից 38,5-ը՝ 97,4%-ը՝ մեկ անձից գնման համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այս նախարարության գնումները 2018 թվականի համեմատությամբ նվազել են, սակայն, միեւնույնն է, կազմում են մեծամասնություն։ Շրջակա միջավայրի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 36 գնում։ Մեծամասնությունն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ 24 գնում, որն ընդհանուր գնումների 66,6%-ն է։ Ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11,5 մլն՝ 39,6%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել է 42 գնում, որից 30-ը կամ 71,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 14,2 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 8,5 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 59,8%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 38 գնում, որոնց մեծ մասը՝ շուրջ 68,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 13,8 մլն դրամ է։ Մեկ անձից գնում կատարելու համար տրամադրվել է շուրջ 10,6 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 76,8%-ն։ 2018 թ․ երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 55 գնում։ Մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվել է 40 գնում, որն ընդհանուր գնումների 72,7%-ն է։ Գնումների ընդհանուր գումարը 81,8 մլն դրամ է, որի զգալի մեծամասնությունը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար․ շուրջ 78,2 մլն դրամ՝ 95,6%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Շրջակա միջավայրի նախարարության գնումներից նույնպես պարզ է դառնում, որ այս նախարարությունը նույնպես մեծամասամբ գնումներ է կատարել մեկ անձից, ինչը օրենքով խրախուսելի չէ։ Պաշտպանության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Պաշտպանության նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից միայն 6-ը կամ 19%-ը բաժին է ընկնում մեկ անձից գնումներին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը եղել է 716,7 մլն դրամ։ Մեկ անձից գնմանը տրամադրվել է 104 մլն դրամ կամ ընդհանուր գնումների արժեքի 14,5%-ը։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է համեմատաբար շատ՝ 173 գնում, որից ընդամենը 12-ը կամ 6,9%-ն է իրականացվել մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 9 մլրդ 831 մլն դրամ, որից 2 մլրդ 841 մլն դրամը՝ 28,9%-ը, իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ երեք ամիսներին իրականացվել է 233 պետական գնում։ Այս գնումներից 20-ը կամ 8,5%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 13 մլրդ 687 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 3 մլրդ 894 մլն դրամ՝ 28,4%։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 227 գնում, որից 18-ը՝ 7,9%-ը բաժին է հասնում մեկ անձից գնման ընթացակարգին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 17 մլրդ 674 մլն դրամ է։ Մեկ անձից գնման համար տրամադրվել է 8 մլրդ 300 մլն դրամ, որն գնումների ընդհանուր արժեքի 46,9%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվության ազատության եւ բաց աշխատելաոճի առումով երբեք աչքի չի ընկել, սակայն պետական գնումների առումով, ինչպես տեսնում ենք, վերոնշյալ բոլոր նախարարությունների համեմատ ամենաքիչը մեկ անձից գնում կատարել է հենց այս նախարարությունը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 88 պետական գնում, որից 20-ը կամ 22,7%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 6 մլրդ 425 մլն դրամ է, որից մեկ անձից գնումների համար տրամադրվել է 7,6 մլն դրամ։ Սա գնումների ընդհանուր արժեքի 0,11%-ն է։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 37 պետական գնում, որից 25-ը՝ 67,5% իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 256,2 մլն դրամ է, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 37,4 մլն դրամ, որը գնումների ընդհանուր արժեքի 14,6%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 19 պետական գնում, 7-ը՝ 36,8%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ 25,8 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 2,5 մլն դրամ՝ 9,6%։ 2018 թ․ ընթացքում գնումները եղել են 25-ը, որից 15-ը կամ 60%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 134,9 մլն դրամ, որից 16,3 մլն դրամը կամ 12%-ը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Ֆինանսների նախարարությունը սեփական կարիքների համար կատարել է 24 պետական գնում, որից 18-ը՝ 75%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 333,9 մլն դրամ, որից 49,7 մլն դրամը կամ 14,8%-ը հատկացվել է մեկ անձից կատարվող գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 31 գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 363,5 մլն դրամ, որից 45,1 մլն դրամը՝ 12,4%-ը՝ մեկ անձից կատարվող գնումների համար։ 2019 թ․ ընթացքում իրականացվել է 36 պետական գնում, որից 23-ը կամ 63,8%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 222,9 մլն դրամ, որից 60,1 մլն դրամը՝ 26,9%-ը՝ մեկ անձից գնումներ կատարելու համար։ 2018 թ․ 52 գնում, որից 23-ը՝ 44,2%-ը՝ մեկ անձից։ Գնումների համար հատկացվել է 184,5 մլն դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար՝ 108,6 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 58,8%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարության վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում կատարված գնումներից իմանում ենք, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մինչեւ 75%-ը։ Ընդ որում՝ մինչեւ հեղափոխությունը մեկ անձից գնումներն ավելի քիչ տոկոս են զբաղեցրել, քան դրանից հետո։ Սակայն գնումներին տրամադրված գումարի առումով պատկերն այլ է։ Ինպես տեսնում ենք երկրորդ գծապատկերում, մեկ անձից գնումներ իրականացնելու համար ամենաշատ գումարը տրամադրվել է 2018 թվականին։ Ընդհանուր առմամբ 12 նախարարությունները 2018-2021 թթ․ առաջին եռամսյակում իրականացրել են 5662 պետական գնում, որից 4338-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Սա կազմում է ընդհանուր գնումների 76,6%-ը։  Այս 4 տարիների առաջին եռամսյակում իրականացված գնումների համար ընդհանոուր առմամբ հատկացվել է 272,1 մլրդ ՀՀ դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար հատկացվել է 229,8 մլրդ դրամ։ Սա գնումների ընդհանուր գումարի 84,4%-ն է։ Այսպիսով՝ ամփոփելով բոլոր 12 նախարարությունների վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում իրականացվող պետական գնումները, կարող ենք եզրակացնել, որ նախարարությունների՝ գնումների ոլորտում ունեցած նախապատվությունը չի փոխվել, ավելին՝ նախարարություններից մի քանիսը մեկ անձից իրականացվող գնումները կրկնապատկել են 2018-ի համեմատությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
19:07 - 22 մայիսի, 2021
ՀՀ-ն հետամուտ է լինելու պատերազմական հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելու. ԱԳՆ

ՀՀ-ն հետամուտ է լինելու պատերազմական հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելու. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձևի ընդունումը:   ԱԳՆ մեկնաբանության մեջ ասվում է. «Եվրոպական խորհրդարանը մայիսի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձև, որում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ հակամարտության և տարածաշրջանային անվտանգության առավել լայն համատեքստին: Բանաձևում ամրագրված է հստակ պահանջ՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո: Հասցեական կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանը` տրամադրելու պատանդառության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը, ինչպես նաև տեղեկատվություն՝ նրանց առողջական վիճակի և գերության մեջ մահացածների մասին: Միաժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվում առ այն, որ համաձայն արժանահավատ զեկույցների՝ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում գտնվող անձինք պահվում են նվաստացուցիչ պայմաններում, ենթարկվում անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների, և այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը դատապարտում է խոշտանգումների և բռնի անհետացման բոլոր դեպքերը:  Բանաձևում նաև կոչ է արվում ձեռնպահ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ իրադրության սրմանն ուղղված գործողություններից և դատապարտելի է համարվում Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը՝ պնդելով, որ այն պետք է անհապաղ փակվի: Ընդգծվում է կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու և արցախահայության  անվտանգությունն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու անհետաձգելի անհրաժեշտությունը: Ամրագրվում է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը պետք է ուղղված լինի Արցախի ապագա կարգավիճակի որոշմանը: ԼՂ հակամարտության, այդ թվում՝ հումանիտար հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի վերոնշյալ արձանագրումները խիստ կարևոր են: Եվրոպական խորհրդարանն ամրագրել է, որ Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի խախտումները հավասարազոր են բռնի անհետացմանը: Վերը թվարկված  խախտումները հանդիսանում են պատերազմական հանցագործություններ, և Հայաստանը հետամուտ է լինելու այդ հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելուն: Եվրոպական խորհրդարանը հստակորեն մատնանշում է, որ մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի տարածք՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի մակարդակով կատարված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ: Ադրբեջանի այս գործողությունները Եվրոպական խորհրդարանը որակում է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում: Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից»:
18:05 - 22 մայիսի, 2021