ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Բայդենը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցը․ Սալիվան

Բայդենը ԵՄ առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցը․ Սալիվան

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ՆԱՏՕ գագաթնաժողովին, ինչպես նաև ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը Ջո Բայդենը գրծընկերների հետ կխորհրդակցի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունից։ Երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը Սալիվանին հիշեցրել է Չինացի գործընկերոջ հետ հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների զրույցի մասին՝ հարցնելով, թե արդյո՞ք այդ հանդիպումներից հետո ԱՄՆ-ն որևէ նախանշան տեսել է Չինաստանի՝ ՌԴ-ին աջակցել/չաջակցելու մասով։ Սալիվանը պատասխանել է, որ ինքը չի կարող ապագայի կանխատեսումներ անել․ «Ես կարող եմ ձեզ ասել, որ այդ հանդիպումներից կամ Սի Ծինփինի հետ նախագահի զրույցից ի վեր՝ մենք չենք տեսել, որ Չինաստանը Ռուսաստանին ռազմական տեխնիկա տրամադրի։ Բայց, իհարկե, սա մի բան է, որին մենք ուշադիր հետևում ենք և կշարունակենք հետևել։ Եվ Բայդենը նախագահ Սիին պարզաբանել է նման տեխնիկայի տրամադրման հետևանքները, նրանք շատ լավ հասկանում են միմյանց»: Անդրադառնալով նրան, թե արդյո՞ք ՆԱՏՕ գագաթնաժողովի օրակարգում ընգրկվելու է Չինաստանի հարցը, և փորձ արվելո՞ւ է կոնկրետ քայլեր ձեռնարկել, եթե Չինաստանը ՌԴ-ին օգնություն տրամադրի, Սալիվանը նշել է, որ Բայդենը Բրյուսելում գտնվելու ընթացքում այդ թեմայի շուրջ կխորհրդակցի ինչպես ՆԱՏՕ-ի հետ, այնպես էլ ԵՄ առաջնորդների․ «Սա հնարավորություն կտա, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի մեր գործընկերները սերտորեն համակարգեն մեր ուղերձը: Մենք հավատում ենք, որ մեր եվրոպացի գործընկերների հետ նույն կողմում ենք և այս հարցում միաձայն ենք արտահայտվելու»։ Ջեյք Սալիվանը մարտի 14-ին հանդիպել էր Չինաստանի իր գործընկերոջը և քննարկել Ուրաինայում պատերազմի համատեքստում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Իսկ մարտի 18-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտ երկու ժամ տևողությամբ զրույց էր ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ՝ վերջինիս ներկայացնելով «Ռուսաստանին նյութական աջակցություն ցուցաբերելու հետևանքները ոչ միայն Միացյալ Նահանգների հետ Չինաստանի հարաբերությունների, այլև ողջ աշխարհի համար»։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին կայանալու է ՆԱՏՕ արտահերթ գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
09:50 - 23 մարտի, 2022
Պենտագոնը դիտավորություն է համարում Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա
 |factor.am|

Պենտագոնը դիտավորություն է համարում Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա |factor.am|

factor.am: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ժամանակ ռուսական զորքերը դիտավորյալ թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Մենք շարունակում ենք կամայական հարձակումներ տեսնել խաղաղ բնակիչների վրա և կարծում ենք, որ շատ դեպքերում դրանք դիտավորյալ են։ Նման գործողությունները հանգեցնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման, ինչին արդարացում չկա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Բացի այդ, Պենտագոնը մեղադրել է ռուսական կողմին Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների մեջ։ «Մենք միանշանակ տեսնում ենք հստակ ապացույցներ, որ ռուսական ուժերը ռազմական հանցագործություններ են կատարում, և մենք կօգնենք հավաքագրել ապացույցները»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: Նրա խոսքով՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն «իր ներդրումը» կունենա հետաքննության գործընթացում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն նմանատիպ մեղադրանքներ հնչեցրել էին Ռուսաստանի հասցեին՝ ընդգծելով, սակայն, որ դա իրենց անձնական կարծիքն է։
15:16 - 22 մարտի, 2022
Անվտանգության քառակողմ երկխոսության երկրներից միայն Հնդկաստանն է որոշակիորեն անկայուն Ուկրաինա ներխուժման ֆոնին Ռուսաստանի դեմ գործելու հարցում. Բայդեն

Անվտանգության քառակողմ երկխոսության երկրներից միայն Հնդկաստանն է որոշակիորեն անկայուն Ուկրաինա ներխուժման ֆոնին Ռուսաստանի դեմ գործելու հարցում. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Անվտանգության քառակողմ երկխոսության երկրներից (անդամներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Ավստրալիան և Ճապոնիան- խմբ․) միայն Հնդկաստանն է «որոշակիորեն անկայուն Ուկրաինա ներխուժման ֆոնին Ռուսաստանի դեմ գործելու հարցում»։ Բայդենի խոսքով՝ պատճառն այն է, որ Հնդկաստանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ Բայդենը նաև նշել է, որ եթե Անվտանգության քառակողմ երկխոսության մյուս երկրները՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Ավստրալիան, պատժամիջոցներ են կիրառել ռուսական կազմակերպությունների կամ մարդկանց նկատմամբ, Հնդկաստանը պատժամիջոցներ չի կիրառել և անգամ չի դատապարտել Ռուսաստանին՝ ռազմական տեխնիկայի իր ամենամեծ մատակարարին:
14:50 - 22 մարտի, 2022
Ռուսաստանը չի կարող համակերպվել Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների հետ․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը չի կարող համակերպվել Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների հետ․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը չի կարող համակերպվել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ կողմից կենսաբանական լաբորատորիների ստեղծման հետ, որոնք կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հեռանկար ունեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Խնդիրներ են բացահայտվել, որոնց մասին մենք վաղուց էինք խոսում, սակայն այդ խնդիրների մասշտաբն այնպիսին է, որ դրանց հետ պարզապես հնարավոր չէ համակերպվել։ ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերը, որոնք իրականացվել են Ուկրաինայի տարածքում, խոր մտահոգության առիթ են Կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտման և կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծման հեռանկարների տեսանկյունից, եթե չլինեին այն գործողությունները, որոնք դրան վերջ տվեցին»,- ասել է փոխնախարարը։ Ռյաբկովը հայտարարել է, որ ռուսական կողմը տարիներով աշխատում է Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության ու կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ և կենսաբանական անվտանգության հարցում ակնկալում է դաշնակիցների և գործընկերների աջակցությունը։ Նա ընդգծել է նաև, որ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ստեղծման բոլոր փաստերը պարզելուն ուղղված ջանքերը շարունակվելու են, այդ թվում՝ այս հարցերով զբաղվող միջազգային հարթակներում։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը, որ Մոսկվան ուսումնասիրում է Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը, Ռյաբկովն ասել է․ «Մենք չունենք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Այն, ինչ ամերիկացիներն ասում են, չարամիտ զրպարտություններ են, մենք դրանք անընդհատ լսում ենք և երկար ժամանակ է՝ սպառիչ պատասխան ենք տալիս»։   Նորա Վանյան
13:02 - 22 մարտի, 2022
Ռյաբկովը ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են, և դրանց հետագա զարգացման հեռանկարները կախված են նրանից, թե ինչ գիծ կընտրի Վաշինգտոնը

Ռյաբկովը ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են, և դրանց հետագա զարգացման հեռանկարները կախված են նրանից, թե ինչ գիծ կընտրի Վաշինգտոնը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերությունների էսկալացումից և դադարեցնի Ուկրաինային զենքի տրամադրումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Անշուշտ ճիշտ է բարձրացնել հարցը, թե թե ինչ պետք է արվի հարաբերությունները պահպանելու համա: Նրանք (ԱՄՆ-ն- խմբ․) պարզապես պետք է դադարեցնեն էսկալացիան թե՛ խոսքային մարակարդակով, թե՛ Կիևի ռեժիմին զենք տրամադրելու առումով: Պետք է դադարեցնել Ռուսաստանի դեմ սպառնալիքներ հնչեցնել»,- ասել է նա։ Ռյաբկովը նաև ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են, և դրանց հետագա զարգացման հեռանկարները կախված են նրանից, թե ինչ գիծ կընտրի Վաշինգտոնը։ «Երեկ ԱՄՆ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել, որում նշվում է, որ տեղի ունեցողը խզման եզրին է հասցրել [ռուս-ամերիկյան] հարաբերությունները»,- նշել է փոխնախարարը։ Նա հավելել է, որ ԱՄՆ գործողությունները չեն ազդում Ուկրաինայում «ռուսական հատուկ գործողության» նպատակներին հասնելու ուղղությամբ Մոսկվայի վճռականության վրա։ Ռյաբկովի խոսքով՝ Վաշինգտոնի գործողություններն՝ ուղղված Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացմանը, չեն կարող խանգարել Ռուսաստանին հարմարվել իր դեմ սահմանված պատժամիջոցներին։ «Եթե նրանց (ԱՄՆ-ին- խմբ․) հաջողվի ինչ-որ դրական ազդեցություն ունենալ Կիևի վրա (ինչը, ոչ միայն կարծում եմ, այլև վստահ եմ՝ ցավոք, տեղի չի ունենա),  ապա, կարծում եմ, կարգավորման (ռուս-ամերիկյան հարաբերությունների- խմբ․) որոշակի հեռանկարներ կլինեն»,- ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հայտնել էր, որ նախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը, և վերջինիս բողոքի նոտա է հանձնվել Ջո Բայդենի կողմից վերջերս արված հայտարարությունների կապակցությամբ։  Հիշեցնենք, որ մարտի 18-ին ԱՄՆ պետքարտւղար Էնթոնի Բլինքենը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Պուտինի մասին Բայդենի հայտարարություններից հետո ԱՄՆ-ն և ՌԴ-ն երբևէ կարող են նորմալ հարաբերություններ ունենալ, նշել էր․ «Մենք կենտրոնացած ենք պատերազմը կանգնելցնելու վրա: Ես չեմ ուզում գուշակություններ անել ապագայի մասին, բայց այս ագրեսիվ պատերազմի համար, այսպես թե այնպես, պետք է պատասխանատվություն լինի»։
12:12 - 22 մարտի, 2022
Ռուսաստանի մեղադրանքները, թե Կիևը կենսաբանական և քիմիական զենք ունի, ցույց են տալիս, որ Պուտինն ինքն է մտածում դրանք օգտագործելու մասին․ Բայդեն

Ռուսաստանի մեղադրանքները, թե Կիևը կենսաբանական և քիմիական զենք ունի, ցույց են տալիս, որ Պուտինն ինքն է մտածում դրանք օգտագործելու մասին․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի մեղադրանքները, թե Կիևը կենսաբանական և քիմիական զենք ունի, ցույց են տալիս, որ Վլադիմիր Պուտինն ինքն է մտածում դրանք օգտագործելու մասին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ Բայդենի խոսքով՝ Պուտինը հայտնվել է փակուղում և կեղծ պնդումներ է անում, որ Ամերիկայում կենսաբանական զենք կա, իսկ Եվրոպայում՝ քիմիական, սակայն այդ պնդումները ճիշտ չեն։ «Նրանք (ռուսները- խմբ․) նաև ասում են, որ Ուկրաինայում կան կենսաբանական և քիմիական զենքեր: Դա բացահայտ նշան է, որ նա (Պուտինը- խմբ․) մտածում է երկուսն էլ օգտագործելու մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնենք՝ ռուսական կողմը հաղորդել էր, որ Ուկրաինայում «բացահայտվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանցի գործունեություն, և դրանք աշխատել են ԱՄՆ ՊՆ Սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով»։ Ավելի ուշ ՄԱԿ-ից հայտարարել էին, որ կազմակերպությանը ոչինչ հայտնի չէ Ուկրաինայում կենսաբանական զենքի որևէ ծրագրի մասին։
12:07 - 22 մարտի, 2022
Բայդենը Ուկրաինայի իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների հետ

Բայդենը Ուկրաինայի իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Առաջնորդները քննարկել են իրենց լուրջ մտահոգությունները՝ Ուկրաինայում Ռուսաստանի դաժան գործողությունների, այդ թվում՝ խաղաղ բնակչության վրա հարձակումների վերաբերյալ: Նրանք ընդգծել են իրենց շարունակական աջակցությունը Ուկրաինային, այդ թվում՝ անվտանգության աջակցության ցուցաբերելումը խիզախ ուկրաինացիներին, որոնք պաշտպանում են իրենց երկիրը ռուսական ագրեսիայից, և մարդասիրական օգնություն տրամադրումը միլիոնավոր ուկրաինացիներին, որոնք փախել են բռնությունից: Ղեկավարները նաև դիտարկել են դիվանագիտական գործողությունները՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ հրադադարի հասնելու համար:  
10:36 - 22 մարտի, 2022
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուարը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուարը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։ Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են այս հինգշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի և «Մեծ Յոթնյակ»-ի երկրների ու կառավարությունների ղեկավարների հանդիպումների նախապատրաստումը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի մասնակցությունը Եվրոպական խորհրդում, ինչը կընդգծի անդրատլանտյան միասնությունը և ՆԱՏՕ-ի ու Եվրամիության միջև սերտ համակագվածությունը։ Պաշտոնյաներն անդրադարձել են Ուկրաինայում տիրող հումանիտար իրավիճակին, որն ստեղծվել է Ռուսաստանի ռազմական ներխուժման և ուկրաինական քաղաքային կենտրոնների թիրախավորման հետևանքով։ Նրանք ընդգծել են Ուկրաինայի ողջ տարածքում ամբողջական հրադադարի հաստատման հրատապությունն ու առաջնահերթությունը։ Կողմերը համաձայնության են եկել պարենային անվտանգության հարցում շատ սերտ համակարգման կարևորության շուրջ՝ Ուկրաինայում ռուսական հարձակման հետևանքով առաջացած մատակարարումների սահմանափակումների համատեքստում։ Զրուցակիցները, հաշվի առնելով ռուսական հարձակման շարունակականությանը, նշել են պատժամիջոցների խստացումները շարունաեկելու անհրաժեշտությունը։ Նրանք նաև վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԱԳԱՏԷ-ի առաջարկներին՝ ուժեղացնելու Ուկրաինայի քաղաքացիական միջուկային կայանքների ապահովությունն ու անվտանգությունը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև խոսել է առանց հապաղելու Իրանի միջուկային խնդրի շուրջ Վիեննայի համաձայնագրի շուրջ քննարկումներն ավարտելու հրատապության մասին։
10:04 - 22 մարտի, 2022
ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը. Բայդենը` Ալիևին |civilnet.am|

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը. Բայդենը` Ալիևին |civilnet.am|

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական զարգացումը և նպաստելու Հարավային Կովկասում հաշտեցմանը։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, գրում է CivilNet-ը։ «Մենք նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու անվտանգության ընդհանուր խնդիրները, խթանելու տարածաշրջանային հաշտեցումը և բացահայտելու տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները: Նամակում Բայդենը նշել է, որ վերահաստատում է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ ուղղված համագործակցությանն ու խաղաղությանը։ Սպիտակ տան ղեկավարը նաև հավաստիացրել է, որ իր «վարչակազմը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, խաղաղությանը և առաջընթացին»։
12:56 - 21 մարտի, 2022
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ S-400 համակարգերն Ուկրաինա ուղարկելու համար․ Sky News Arabia

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ S-400 համակարգերն Ուկրաինա ուղարկելու համար․ Sky News Arabia

Sky News Arabia-ի փոխանցմամբ Պենտագոնի ներկայացուցիչն իրենց հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ Ռուսաստանից գնված հակահրթիռային պաշտպանության S-400 համակարգերն Ուկրաինա ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է meduza.io-ն։ Պենտագոնի ներկայացուցչի խոսքով Անկարային առաջարկվում է հրաժարվել S-400-ից և դրանք ուղարկել Ուկրաինա՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու և երկիրը F-35 կործանիչների արտադրության ծրագրին վերադարձնելու դիմաց։ Ավելի վաղ «Reuters» գործակալությունն իր երեք աղբյուրներին հղումով գրել էր, որ ԱՄՆ-ն ոչ պաշտոնապես բարձրացրել է Թուրքիայի՝ ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը Ուկրաինա ուղարկելու հնարավորության հարցը։   Լուսանկարը՝ Reuters
12:06 - 21 մարտի, 2022
Արևմտյան պատժամիջոցները չեն քանդի Ռուսաստանի տնտեսությունը. Մեդվեդև |1lurer.am|

Արևմտյան պատժամիջոցները չեն քանդի Ռուսաստանի տնտեսությունը. Մեդվեդև |1lurer.am|

1lurer.am: Արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը չի քանդվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ժողովուրդներն իրենց իշխանություններից շուտով հաշիվ կպահանջեն հակառուսական պատժամիջոցների հետևանքների համար: Մեդվեդևի խոսքով՝ ռուսական ապրանքների համար միշտ էլ իրացման շուկաներ կգտնվեն: «Ռուսաստանը, Չինաստանը, ԱՊՀ երկրները, Հարավարևելյան Ասիան և Աֆրիկան իրացման հսկայական շուկաներ են»,- նշել է նա։ Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանն ունի զարգացման բոլոր հնարավորությունները, իսկ սահմանված պատժամիջոցները շատ առումներով երկրին օգուտ են տվել. «Մոսկվան պետք է սկսի արտադրել այն ապրանքները, որոնք դեռևս չի արտադրում»: «Իսկ մեր թշնամիները, որոնք այսօր փորձում են սահմանափակել մեր զարգացումը և փչացնել մեր կյանքը, դեռ մեկ անգամ չէ, որ ցավով կզղջան իրենց արածի համար»,- նշել է պաշտոնյան։ Մեդվեդևի խոսքով՝ արևմտյան ընկերությունները, որոնցից շատերը հայտարարել են ռուսական շուկայից դուրս գալու մասին, պարզապես կատարել են իրենց երկրների իշխանությունների պահանջը:
18:42 - 19 մարտի, 2022
ԱՄՆ-ն մտահոգված է Ասադի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի կապակցությամբ |1lurer.am|

ԱՄՆ-ն մտահոգված է Ասադի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ 2011 թ. ի վեր՝ առաջին անգամ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի կապակցությամբ։ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի խոսքով՝ սա ակնհայտ փորձ է՝ «լեգիտիմացնելու Ասադին»: Նախօրեին Էմիրություններ այցի շրջանակում Սիրիայի նախագահը հանդիպել է Աբու Դաբիի շեյխ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանի հետ։ Վերջինս հայտարարել է, որ «Սիրիան արաբական անվտանգության հիմնասյուներից է, և Միացյալ Էմիրություններն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը»: Կողմերն ընդգծել են երկկողմ գործակցության կարևորությունը արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդման նպատակով։ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանն ընդգծել է նաև Սիրիայից բոլոր օտար ուժերի դուրսբերման կարևորությունը։
16:52 - 19 մարտի, 2022