Ռուսաստանը չի կարող համակերպվել Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների հետ․ ՌԴ փոխարտգործնախարար
13:02 - 22 մարտի, 2022

Ռուսաստանը չի կարող համակերպվել Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների հետ․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը չի կարող համակերպվել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ կողմից կենսաբանական լաբորատորիների ստեղծման հետ, որոնք կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հեռանկար ունեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Խնդիրներ են բացահայտվել, որոնց մասին մենք վաղուց էինք խոսում, սակայն այդ խնդիրների մասշտաբն այնպիսին է, որ դրանց հետ պարզապես հնարավոր չէ համակերպվել։ ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերը, որոնք իրականացվել են Ուկրաինայի տարածքում, խոր մտահոգության առիթ են Կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտման և կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծման հեռանկարների տեսանկյունից, եթե չլինեին այն գործողությունները, որոնք դրան վերջ տվեցին»,- ասել է փոխնախարարը։

Ռյաբկովը հայտարարել է, որ ռուսական կողմը տարիներով աշխատում է Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության ու կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ և կենսաբանական անվտանգության հարցում ակնկալում է դաշնակիցների և գործընկերների աջակցությունը։

Նա ընդգծել է նաև, որ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ստեղծման բոլոր փաստերը պարզելուն ուղղված ջանքերը շարունակվելու են, այդ թվում՝ այս հարցերով զբաղվող միջազգային հարթակներում։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը, որ Մոսկվան ուսումնասիրում է Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը, Ռյաբկովն ասել է․ «Մենք չունենք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Այն, ինչ ամերիկացիներն ասում են, չարամիտ զրպարտություններ են, մենք դրանք անընդհատ լսում ենք և երկար ժամանակ է՝ սպառիչ պատասխան ենք տալիս»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել