1lurer.am: Արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը չի քանդվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ժողովուրդներն իրենց իշխանություններից շուտով հաշիվ կպահանջեն հակառուսական պատժամիջոցների հետևանքների համար:
Մեդվեդևի խոսքով՝ ռուսական ապրանքների համար միշտ էլ իրացման շուկաներ կգտնվեն: «Ռուսաստանը, Չինաստանը, ԱՊՀ երկրները, Հարավարևելյան Ասիան և Աֆրիկան իրացման հսկայական շուկաներ են»,- նշել է նա։
Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանն ունի զարգացման բոլոր հնարավորությունները, իսկ սահմանված պատժամիջոցները շատ առումներով երկրին օգուտ են տվել. «Մոսկվան պետք է սկսի արտադրել այն ապրանքները, որոնք դեռևս չի արտադրում»:
«Իսկ մեր թշնամիները, որոնք այսօր փորձում են սահմանափակել մեր զարգացումը և փչացնել մեր կյանքը, դեռ մեկ անգամ չէ, որ ցավով կզղջան իրենց արածի համար»,- նշել է պաշտոնյան։
Մեդվեդևի խոսքով՝ արևմտյան ընկերությունները, որոնցից շատերը հայտարարել են ռուսական շուկայից դուրս գալու մասին, պարզապես կատարել են իրենց երկրների իշխանությունների պահանջը:
comment.count (0)