Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Օտարարեկրյա ներդրումների ծավալն 9 ամսում աճել է 268 մլն դոլարով, ուղղակի ներդրումները նվազել են |armenpress.am|

Օտարարեկրյա ներդրումների ծավալն 9 ամսում աճել է 268 մլն դոլարով, ուղղակի ներդրումները նվազել են |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը 2019-ի 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 268 մլն դոլարով, սակայն նույն ժամանակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 60 մլն դոլարով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասուլիսում հայտնեց, որ 2020-ին ակնկալում են ավելի լավ ցուցանիշ: «9 ամսվա արդյունքներով օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 մլն դոլարով ավելին է եղել, քան 2018-ի ընթացքում: Դա լավ է, այսինքն՝ մենք ունենք 9 ամսվա կտրվածքով Հայաստան եկած ավելի շատ դրամական հոսք, քան Հայաստանից դուրս եկած: Սակայն կա նաև մեկ ուրիշ ցուցանիշ՝ հիմնական միջոցներում համախառն կուտակումների ցուցանիշը: Արդեն երրորդ տարին է, որ մենք կունենանք համախառն ներքին արդյունքում մոտավորապես 16 տոկոս ցուցանիշ, որը ներառում է և՛ պետության, և՛ մասնավոր հատվածի կողմից հիմնական միջոցներում կատարվող ներդրումները»,-ասաց Խաչատրյանը: Կառավարությունը ծրագրային նպատակ է սահմանել ոչ պակաս, քան 25 տոկոսը՝ ՀՆԱ-ի նկատմամբ: Նախարարը նկատեց՝ առաջիկայում պետք է անեն երկու բան՝ նախ պետք է ավելացնեն պետական ներդրումները: Նրա կարծիքով՝ ենթակառուցվածքների որակը բարելավելով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում արդյունավետ բիզնեսով զբաղվելու համար, դա իր հերթին նպաստում է մասնավոր ներդրումների աճի ցուցանիշին: Նախարարը նաև տեղեկացրեց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների թիվը 9 ամսվա կտրվածքով պակաս է եղել 60 մլն դոլարով, այնուհետև պարզաբանեց, թե օտարերկրյա ուղղակի ներդրումն ինչով է տարբերվում օտարերկրյա ներդրումից: «Եթե օտարերկրյա ներդրումները գալիս են այն կազմակերպությունների միջոցով, որոնցում օտարերկրյա բաժնեմասը 10 տոկոս և ավելին է, ապա այդ հոսքը որակվում է որպես օտարերկրյա ուղղակի ներդրում, այլապես դիտարկվում է որպես օտարերկրյա ներդրում»,-ասաց նա: Նախարարը շեշտեց՝ 2019-ի ցուցանիշը դեռևս այն չէ, որն իրենք ունեն իրենց նպատակներում, բայց վստահ են, որ 2020-ն էապես տարբեր է լինելու 2019-ից: «Այսինքն՝ 2019-ը կլինի մոտավորապես նույն կերպ, ինչպես եղել են 2018-ը և 2017-ը, բայց 2020-ը ներդրումային ցուցանիշով ավելի լավ կլինի»,- եզրափակեց նախարարը:
11:34 - 14 հունվարի, 2020
Արտահանման աճի վրա էական ազդեցություն է ունեցել կոնյակի, անմշակ ոսկու, գինու արտահանումը |armenpress.am|

Արտահանման աճի վրա էական ազդեցություն է ունեցել կոնյակի, անմշակ ոսկու, գինու արտահանումը |armenpress.am|

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019-ի հանրագումարով ակնկալում է արտահանման ծավալի 9-10 տոկոսի աճ: Արտահանման աճի վրա էական ազդեցություն են ունեցել հիմնականում կոնյակի, անմշակ ոսկու, շոկոլադի, մրգային գինիների և մի քանի այլ ապրանքների արտահանման ավելացումը: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «11 ամիսների արդյունքով ունենք արտահանման 9 տոկոս աճ: Դրանք շարունակում են լինել այն ուղղությունները, որոնք տարեսկզբից առանձնանում էին որպես արտահանման առաջատար ուղղություններ: Կոնյակի արտահանումն աճել է 26.7 տոկոսով, ծխախոտինը` 9 տոկոսով, պղնձի խտանյութինը` 16.8 տոկոսով, անմշակ ոսկունը` 31 տոկոսով, երկաթամիահալվածքինը` 18.1 տոկոսով, շոկոլադի արտահանումը` 14.6 տոկոսով, մրգային գինիներինը` 75 տոկոսով, խաղողի գինիներինը` 25.5 տոկոսով և ոսկերչական իրերի արտահանումը` 19.2 տոկոսով»,-ասաց նախարարն ու նշեց` սրանք այն ապրանքախմբերն են, որոնք ընդգծված առաջատար ազդեցություն են թողել ընդհանուր արտահանման աճի վրա: Խաչատրյանը նշեց` կանխատեսում են, որ արտահանումը տարվա հանրագումարով կլինի 9-10 տոկոսի սահմաններում, 2020-ի համար նույնպես կանխատեսում են արտահանման 10 տոկոս աճ: Անդրադառնալով դիտարկմանը, թե նախորդ տարիներին եղել է նաև 20 տոկոսից բարձր արտահանման աճ` նախարարն ասաց, որ այո, եղել է, ապա շարունակեց. «Բայց ինչպիսին է եղել դրա նախորդ տարին, որի նկատմամբ մենք 20 տոկոսից ավելի արտահանման աճ ենք արձանագրել: Դրա նախորդ տարին է եղել շատ վատը: Եվ հիմա, երբ ամեն տարվա ընթացքում ունենք իրենից առաջ բարձր բազայով աճած արտահանման քանակ, դրա նկատմամբ 10 տոկոս ցուցանիշը, հավատացեք, բավականաչափ լավ ցուցանիշ է»: Նա վստահեցրեց` արտահանումը շարունակելու է լինել մշակող արդյունաբերության քաշող ուժը, որը պետք է նպաստի տնտեսության ընդհանուր աճին:Արտահանման զգալի թվեր են եղել նաև բուսաբուծության ոլորտում: Դրանք հանրագումարով նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 25 տոկոսով: Նախարարը ներկայացրեց նաև կառավարության կողմից արդյունաբերության ոլորտին աջակցության տրամադրման ուղղությամբ արված քայլերը: Աջակցության հիմնական եղանակը եղել է մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից արտոնությունների տրամադրման գործիքը, տարվա ընթացքում այդպիսի արտոնություններ են տրվել թվով 57 ծրագրերի: Այդ ծրագրերի ներդրումային արժեքը, ընդհանուր առմամբ, եղել է 212 մլրդ դրամ, և նախատեսված է եղել, որ այդ ծրագրերի իրականացման շնորհիվ պետք է ստեղծվեին 3320 նոր աշխատատեղեր: Տրամադրվել է 14.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մաքսատուրքից ազատման արտոնություն: Պետությունն աջակցել է նաև մասնակցելու թվով 5 միջազգային ցուցահանդեսների` սննդի վերամշակման, կոշիկի արտադրության, ոսկեգործության բնագավառներում:
08:49 - 14 հունվարի, 2020
Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հանրային ներդրումների կառավարման շրջանակը

Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հանրային ներդրումների կառավարման շրջանակը

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանրային ներդրումների կառավարման առաքելության հետ։ Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է առաքելության ղեկավար Դոմինիկ Գիյոմին և իր թիմին և նշել, որ քննարկման թեման՝ հանրային ներդրումների կառավարումը, նախարարության օրակարգում կարևորագույն հարցերից մեկն է։ Այս ոլորտում որոշումների կայացմանը պետք է նախորդի գնահատում՝ միջազգային փորձով մշակված մեթոդաբանությամբ՝ հաշվի առնելով այն տնտեսական օգուտները, որոնք կարող են ստացվել հանրային միջոցներով իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունքում։ «Մեր թիմը, հենվելով մեր միջազգային գործընկների հետ քննարկումների վրա, պատրաստել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) և հանրային ներդրումների համապատասխան շրջանակ», - նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանն այս ոլորտում առաջիկա աշխատանքներում կարևորել է ԱՄՀ առաքելության դերը և առաջարկել սերտ համագործակցություն։ Դոմինիկ Գիյոմն իր խոսքում նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել ՊՄԳ շրջանակի ձևավորման և հանրային ներդրումների կառավարման ուղղությամբ։ Նա առաջարկել է քննարկել ոլորտային ներդրումային ծրագրերի գնահատման, ընտրության և վերահսկման ընթացակարգերին և մեթոդաբանությանը առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը թեմայի շրջանակում անդրադարձել են նաև պետական ակտիվների գույքագրման կարևորությանը։ Արժույթի միջազգային հիմնադրամի հանրային ներդրումների կառավարման առաքելության ղեկավար Դոմինիկ Գիյոմը շնորհակալություն է հայտնել մանրամասն և համապարփակ քննարկման համար, նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախարարությանն առաջիկա աշխատանքներում։  
10:54 - 05 դեկտեմբերի, 2019
Տիգրան Խաչատրյանը ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի հետ քննարկել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեությունը |tert.am|

Տիգրան Խաչատրյանը ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի հետ քննարկել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեությունը |tert.am|

tert.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության մի շարք հարցեր, գործընկերության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու հեռանկարները։ Քննարկվել են նաև Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունավետության բարձրացմանը և հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Վադիմ Յակովենկոն հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «Սինտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառավարվող «ԵրՄՄԳՀԻ» (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում: Նա կարևորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը և բավականին տպավորիչ համարել վերջիններիս զարգացումը։ Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ այն կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունն արդեն ծավալում են «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում, զարգացման և ակտիվության էլ ավելի մեծ արդյունքներ կգրանցեն։ Նա կարևոր է համարել ազատ տնտեսական գոտու արդյունավետության բարձրացմանն ուղղված ավելի ակտիվ քայլերի իրականացումը՝ կազմակերպությունների կողմից հետաքրքրության մեծացման և ներդրումների ներգրավման տեսանկյունից։  
13:54 - 13 նոյեմբերի, 2019
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։ Նախարարը ողջունել է դեսպանին և հատկանշական համարել Գերմանիայի դեսպանատան հետ երկար տարիների ձևավորված լավ հարաբերությունները, նաև այն դերը, որը վերջինս կատարում է Գերմանիայի հետ ուղիղ համագործակցությանբ և ԵՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի ուղղությամբ։ Դեսպանը կարևորել է տնտեսական հարցերը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևոր առաջնահերթություններից և իր խոսքում նշել․ «Հանքարդյունաբերության, էլեկտրաէներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում գերմանական ընկերությունների գործունեությունն այստեղ վկայում են այն մասին, որ վերջիններս հետաքրքրված են Հայաստանով։ Գիտեմ, որ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է ներդրումների ներգրավվումը երկիր, այդ տեսանկյունից էլ կարևոր եմ համարում երկրների միջև փոխադարձ կապերի զարգացումը»։ Նախարարն իր հերթին նշել է․ «Մենք, իսկապես, երկրի տնտեսական զարգացումը կապում ենք երկրում ներդրումային գրավչության մեծացման հետ, ուստի պետք է գտնենք այն հնարավորությունները, որոնք երկու երկրների հետաքրքրությունների դաշտում են»։ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի հիմնական նպատակները և տնտեսական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի ավելի զարգացնել երկրների միջև համագործակցությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում և հավելել, որ վերջին տարիներին դեպի Հայաստան ուղևորահոսքերի ամենաարագ աճ արձանագրած ուղղություններից մեկը Գերմանիան է եղել։ Դեսպանի խոսքով՝ գերմանական կազմակերպությունները գյուղատնտեսության, գիներգործության և մի շարք այլ ոլորտներում խորհրդատվական ծառայություններ են մատուցում, իսկ տեքստիլի և զբոսաշրջության ուղղությամբ առկա է մեծ հետաքրքրություն։ Նա նշել է, որ իռլանդական «Ռիանեյր» ավիաընկերության գործարկումը ևս մեծ հնարավորություն կստեղծի և կմեծացնի Գերմանիայի հետ ուղևորահոսքերը։ Ըստ Միխայել Բանցհաֆի՝ Հայաստանը միջնաժամկետում կարող է կապող օղակ լինել ԵԱՏՄ և հարակից այլ երկրների հետ։ Նա անդրադարձել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերի հնարավորություններին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և նշել, որ առաջիկա իրականացվող ծրագրերն ունենալու են մեծ նշանակություն երկրների երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման և հատկապես Հայաստատանում ՓՄՁ ոլորտի զարգացման համար։
07:28 - 28 հոկտեմբերի, 2019
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ։  Պաոլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շեշտելով Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության կարևորությունը, անդրադարձել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրերին։ Նա կարևորել է ՀՀ կառավարության դերը պետություն-մասնավոր գործընկերության հատվածում և նշել․ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել այն առաջնային ուղղությունները, որոնց մասով կարող ենք մաքսիմալացնել մեր ներուժային աջակցությունը և ակնկալում ենք կառավարության հետ փոխադարձ համագործակցության միջոցով թիրախավորել առաջնահերթությունները և ֆինանսավորման հիմնական հնարավոր ուղղությունները»։ Նախարարն իր խոսքում նշել է․ «ԱԶԲ-ն՝ որպես խոշոր ֆինանսական հաստատություներից մեկը, աջակցում է կառավարության ծրագրերի իրականացմանը և ներկայում առավելապես ներգրավված է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում։ Այս համատեքստում նաև կարևոր է շարունակել քննարկումները մասնավոր հատածի ֆինանսավորման հնարավորությունների ձևավորման ուղղությամբ»։ Նախարարը նշել է, որ մասնավոր հատվածի հանդեպ բանկի հետաքրքրության մեծացումը թույլ կտա վեր հանել երկրում ինստիտուցիոնալ զարգացման, բաժնետիրական ընկերությունների օրենսդրական կարգավորման հետ կապված խնդիրները՝ ֆինանսական աջակցության երաշխիքների և ներդրումների ներգրավման տեսանկյունից։ Նա կարևորել է նաև երկրում կապիտալի շուկայի, հանրային ներդրումների կառավարման համակարգի և ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գործընկերության ռազմավարության մշակման հիմնական ուղղություններին, ՀՀ կառավարությանը պետություն-մասնավոր գործընկերություն հատվածում աջակցության շարունակականության ապահովմանը, հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը, ԱԶԲ պլանավորված քաղաքային կայուն զարգացման ծրագրի տնտեսական բաղադրիչի պատշաճ ապահովման երաշխիքի կարողությունների զարգացմանը, ՓՄՁ-ներին ԱԶԲ աջակցության ընդլայնման հնարավորություններին, գործարար միջավայրը բարելավելու համար տեխնիկական աջակցությանը և մի շարք այլ հարցերի: Նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները և շեշտել ԱԶԲ-ի հետագա աջակցության և փոխադարձ համագործակցության ամրապնդման կարևորությունը։
07:17 - 25 հոկտեմբերի, 2019
Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ. Էկոնոմիկայի նախարար |aysor.am|

Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ. Էկոնոմիկայի նախարար |aysor.am|

aysor.am: Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Քանի որ տարվա վերջն արդեն սարերի ետևում չէ ու մենք ունենք արդեն 8 ամսվա հայտնի, 9-րդ ամսվա նախնական պատկերացումներ, գտնում ենք, որ դա նվազագույն ցուցանիշն է, որ կարձանագրենք»,-ասաց նա։ «Մենք պետք է ունենանք երկարաժամկետ առումով տնտեսական աճի պոտենցիալն էապես ավելացնելու խնդիր ու այդ ուղղությամբ մենք, իհարկե, ծրագրեր ենք մշակում»,-ասաց նախարարը։ Տիգրան Խաչատրյանը նշեց, թե այն հինգ տոկոսը, որ կանխատեսել էին եկող տարվա համար, կլիներ ամենապահպանողական, նվազագույն ակնկալիքը տարվանից։ «Բայց կարծում ենք, որ տեղի ունեցող փոփոխությունները մեզ հնարավորություն են տալու ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել»,-հավելեց Էկոնոմիկայի նախարարը։
08:41 - 22 հոկտեմբերի, 2019
Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը․Տիգրան Խաչատրյան |armenpress.am|

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը․Տիգրան Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները: Դրանք թեև ծավալներով շատ մեծ չեն, սակայն վկայում են երկարաժամկետ դրական զարգացումների մասին: Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ` Հայաստանից տարեկան ընդհանուր արտահանման աճը կգտնվի 7 տոկոսի միջակայքում: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Ապրանքների արտահանումը հունվար-օգոստոսին աճել է 4.6 տոկոսով: Ուզում եմ երկու հանգամանք առանձնացնել: Առաջինը` այս ցուցանիշն ավելի ցածր է, քան հատկապես նախորդ երկու տարիներին, սակայն ուրախալին այն է, որ առաջին ամիսներին նախորդ տարիների համեմատ ունեինք նվազում, սակայն վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է վերականգնում: Ընդ որում, նախարարությունը նախատեսում է, որ տարին կավարտենք մոտ 7 տոկոս արտահանման աճով»,-ասաց Խաչատրյանը: Եղել են ապրանքախմբեր, որոնք նախորդ տարվա համեմատ էականորեն նվազել են, դրանք 8 ամիսների արդյունքով կրճատված են եղել 145 մլն դոլար ընդհանուր արժեքով: Դրանք են չզտված պղինձը, ադամանդե քարերը, էլեկտրաէներգիան և հագուստը: Բայց միաժամանակ կան ապրանքախմբեր, որոնց արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ էականորեն աճել են: Այդ աճը կազմել է մոտ 218 մլն դոլար: «Այսինքն՝ մենք արտահանման մեջ ունենք կառուցվածքային որոշակի փոփոխություններ, որոնք արտացոլված են թվերով»,-ասաց նախարարը: Արտահանման աճ են արձանագրել կոնյակը, ծխախոտը, անմշակ ոսկին և երկաթամիահալվածքները (ֆերոմոլիբդեն): Նախարարն ուրախալի համարեց, որ արտահանման մեջ առանձնացել են երկու խումբ, որոնք փոքր են արժեքով, սակայն վկայում են երկարաժամկետ դրական զարգացումների մասին: «Դրանք շոկոլադե արտադրանքի և մրգային գինիների արտահանումն են: Առաջինը դուրս է եկել նոր շուկաներ, հուսով ենք, և արտադրողներն էլ լավատես են, որ այդ շուկաներում զգալի ընդլայնման հնարավորություններ ունենք: Ութ ամիսներին շոկոլադի արտահանումը կազմել է 9.8 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2.7 մլն դոլարով: Իսկ մրգային գինիների արտահանումը կազմել է 7.5 մլն դոլար` նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճելով 2.6 մլն դոլարով»,-ասաց Խաչատրյանը: Աճել է նաև ոսկերչական իրերի, կոնյակի, ծխախոտի, երկաթամիահալվածքի արտահանումը: Այս տարվա առաջին 8 ամիսներին նվազել էր չզտված պղնձի արտահանումը: Նախարարը հիշեցրեց, որ տարվա ընթացքում չի գործել Ալավերդու պղնձաձուլարանը` բնապահպանական պահանջների առնչությամբ: Սակայն Խաչատրյանը նշեց, որ դրա փոխարեն այն խտանյութը, որը վերամշակվում էր Ալավերդու պղնձաձուլարանում, արտահանվում է որպես խտանյութ: «Այսինքն՝ 50 մլն դոլարի չափով չի եղել իր բացասական ազդեցությունն արտահանման վրա»,-նշեց նա: Որոշ չափով նվազել է նաև ալյումինե փայլաթիթեղների արտահանումը, սակայն վերջին ամիսներին նկատվում է աճ: Խաչատրյանը խնդրահարույց համարեց ադամանդե քարերի գծով արտահանումը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտադրողները հումքի կանոնավոր մատակարարների հետ խնդիրներ ունեն: «Մենք հիմա միջոցներ ենք փնտրում այլ շուկաներում մեր ադամանդ վերամշակող կազմակերպությունների համար հումքային այլընտրանքային աղբյուրներ հասանելի դարձնելու համար»,-նշեց նա: Բուսական ծագման արտադրատեսակից ամենամեծ արտահանման աճ են ունեցել վարունգն ու ելակը, որոնք համապատասխանաբար աճել են 4.3 և 2.3 մլն դոլարով: Կենդանական ծագման արտադրանքի արտահանումը 2019 թ. հունվար-օգոստոսին կազմել է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարով կամ 3.6%-ով։
12:12 - 14 հոկտեմբերի, 2019
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հանդիպումը լավ առիթ է ամփոփելու այցի արդյունքները և պատասխանելու մասնագետներին հուզող հարցերին։ Աթանասիոս Արվանիտիսը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդպիման համար և առաջարկել քննարկել կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը։ ԱՄՀ պատվիրակության խնդրանքով, Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում գրանցված ցուցանիշները, առաջիկա տնտեսական ցուցանիշների կանխատեսումները։ Նախարարն օպերատիվ տվյալներ է ներկայացրել նաև ԱՄՀ ներկայացուցիչներին հետաքրքրող առանձին ոլորտների վերաբերյալ։ Տեղեկատվություն է ներկայացվել նաև մշակող արդյունաբերության ընթացիկ ցուցանիշների և առաջընթացի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել տնտեսությունում մարդկային կապիտալի, կարողությունների զարգացման, մրցունակության և արտադրողականության վերաբերյալ։ Որպես արտադրողականության բարձրացման խթան երկուստեք կարևորվել է նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կարողությունների զարգացումը։ Նախարարը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող ոլորտային ռազմավարական փաստաթղթերը։ Անդրադարձ է եղել զբոսաշրջության ոլորտին՝ որպես ներառական զարգացում ապահովող, նոր փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը խթանող ծառայությունների արտահանում։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հնարավորությունները։
12:21 - 27 սեպտեմբերի, 2019
Կառավարությունը քննարկում է զբոսաշրջային փաթեթների ապահովագրության հարցը |civilnet.am|

Կառավարությունը քննարկում է զբոսաշրջային փաթեթների ապահովագրության հարցը |civilnet.am|

civilnet.am: Կառավարության այսօրվա նիստին քննարկեց զբոսաշրջային փաթեթների ապահովագրության հարցը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի գործող օրենսդրությունը զբոսաշրջային գործակալություններին չի պարտադրում երաշխավորել իրենց պարտականությունների կատարումը։ Նախորդ շաբաթ հայաստանցի ավելի քան 130 զբոսաշրջիկ եգիպտական Հուրգադա հանգստավայրից չէր կարողանում վերադառնալ, քանի որ զբոսաշրջային «Էյ ընդ Ար Տուր» գործակալությունը ավիափոխադրողին չէր վճարել նրանց տեղափոխման համար։ Զբոսաշրջիկները Երևան վերադարձան կառավարության կազմակերպած և վճարած հատուկ չվերթով։ Անդրադառնալով այս թեմային՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն և էկոնոմիկայի նախարարությունը այժմ ուսումնասիրում են աշխարհում Հայաստանի նման տնտեսությամբ երկրների փորձը՝ հասկանալու, թե ինչիպիսի որոշումներ պետք է կայացվեն։ «Ճիշտը, իմ կարծիքով, տվյալ տուրիստական կազմակերպություններին իրենց ստանձնած քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարման առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է»,- ասաց նախարարը՝ ընգդծելով, որ զբոսաշրջային գործակալության կողմից պետք է լինեն երաշխիքներ սեփական պարտավորությունները կատարելու մասով։ Նախարարի խոսքով՝ այդ ապահովագրությունը չպետք է թանկ լինի ՀՀ քաղաքացիների համար։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առաջարկեց մշակել կոնցեպտ։ «Կարծում եմ՝ խելամիտ սահմաններում այդ գումարը մեր քաղաքացիները պատրաստ կլինեն վճարել և խուսափել հյուրանոցի սպասասրահում սպասելու ռիսկից։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ պետությունը և կառավարությունը իր կողքին է որտեղ էլ նա լինի։Հուրգադայի դեպքը խոսում է ինստիտուցիոնալ բացի մասին, որը պետք է լրացնել»։
08:41 - 01 օգոստոսի, 2019
Կարող եք հույս դնել մեզ վրա՝ որպես գյուղոլորտում մասնագիտացված կառույցի. FAO-ի ներկայացուցիչը՝ Տիգրան Խաչատրյանին

Կարող եք հույս դնել մեզ վրա՝ որպես գյուղոլորտում մասնագիտացված կառույցի. FAO-ի ներկայացուցիչը՝ Տիգրան Խաչատրյանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ։ Ռայմունդ Յելեն շնորհակալություն է հայտնել նախարարին և իր թիմին արդյունավետ համագործակցության համար։ «Հայաստանի զարգացման գործում գյուղատնտեսությունն ունի առանցքային նշանակություն։ Ոլորտի ռազմավարության մշակման համատեղ աշխատանքներն ապացույցն են մեր սերտ փոխգործակցության։ Մենք, որպես Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, հանձնառու ենք աջակցել Հայաստանի կառավարությանը ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև կարողությունների զարգացման գործում։ Ձեզ, պարոն նախարար, հավաստիացնում եմ, որ կարող եք հույս դնել մեզ վրա՝ որպես գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված կառույցի», - նշել է կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը։ Նախարար Խաչատրյանը կարևորել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձը գյուղատնտեսության արտադրողականության և արդյունավետության բարձրացման գործում և ընդգծել, որ արտադրողականության բարձրացմանը միտված քայլերը պետք է լինեն առաջիկա տարիների առանցքային ռազմավարական նպատակներից։ Կողմերը քննարկել են գյուղացիական տնտեսությունների հագեցվածությանը, հողերի քարտեզագրմանը, խոշորացմանը և հողօգտագործման իրավունքներին առնչվող խնդիրները։ Անդրադարձ է եղել գյուղացիական տնտեսությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության, ներդրումների ներգրավման հարցերին։ Նախարարը գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել ոչ պարենային գյուղատնտեսության զարգացման հնարավոր գործողությունների վերաբերյալ։ Քննարկվել է նաև բնական պաշարների կառավարման խնդիրը գյուղատնտեսության ոլորտում և առանձնահատուկ ընդգծվել է բնապահպանական բաղադրիչի կարևորությունը։
09:24 - 25 հուլիսի, 2019
Ախտորոշել տնտեսության խնդիրները. Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԱԶԿ գլխավոր քարտուղարի հետ

Ախտորոշել տնտեսության խնդիրները. Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԱԶԿ գլխավոր քարտուղարի հետ

Հուլիսի 9-ից 10-ը Եկատերինբուրգում կայացած Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի (GMIS 2019) շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) գլխավոր քարտուղար Լի Յոնգի հետ։ «Շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ այստեղ՝ քննարկելու մեր համագործակցության շրջանակը»,- նշել է ՄԱԱԶԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ շահագրգռված է քննարկել ՄԱԱԶԿ ծրագրերի արդյունքները Հայաստանում։ Տիգրան Խաչատրյանը և Լի Յոնգը խոսել են տնտեսության տարբեր ճյուղերում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես անդրադարձ է եղել տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքներին։ Կողմերը զրուցել են արդյունաբերական քաղաքականության մշակման առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով արդյունաբերության ճյուղերի թվայնացման և արտադրական գործըթնացներում նորարական տեխնոլոգիաների ներգրավման կարևորությունը։ Տիգրան Խաչատրյանը նշել է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների ախտորոշման խնդիրը և ընդգծել, որ այդ գործընթացում ՄԱԱԶԿ աջակցությունը կարող է խիստ արդյունավետ լինել։ ՄԱԱԶԿ գլխավոր քարտուղարը և ՀՀ էկոնոմիկայի նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել այս համատեքստում։ Կողմերը մտքեր են փոխանակել արդյունաբերության ոլորտում ՓՄՁ-ների աջակցության, բարձր շահույթի ապահովման, աշխատատեղերի ավելացման և տեխնոլոգիական վերազինման խնդիրների շուրջ։
14:11 - 11 հուլիսի, 2019
Տիգրան Խաչատրյանը և Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին քննարկել են տնտեսական համագործակցության օրակարգը

Տիգրան Խաչատրյանը և Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին քննարկել են տնտեսական համագործակցության օրակարգը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Շարժայի էմիրության պատվիրակությանը՝ կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմիի գլխավորությամբ: Նախարարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն արդյունավետ կլինի երկկողմ առևտրատնտեսկան կապերի խորացման տեսանկյունից։«ԱՄԷ-ն և Շարժան այնպիսի արտահանման ուղղություն է, որտեղ մենք կարող ենք ցուցադրել մեր համեմատական մրցակցային առաջարկը։ Թե՛ գյուղատնտեսական արտադրանքի առաջարկով և թե՛ տարբեր արդյունաբերական արտադրատեսակներով, որոնք կարող են հետաքրքիր լինել ԱՄԷ-ի և Շարժայի սպառողներին։ Մեր տնտեսության մեջ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ նոր ներդրումների և ինովացիոն տեխնոլոգիական զարգացման շնորհիվ կարող են ձևավորվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և ձեռնարկություններ», - ասել է Տիգրան Խաչատրյանը։ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին նշել է, որ հանդիպմանը նախարարության պատվիրակության կազմն արտացոլում է հենց այն հնարավորությունները, որոնք առկա են էմիրաթական կողմի հետ՝ հավելելով, որ այցի նպատակը առևտրային պորտֆելի մեծացման գործնական քայլերը և երկկողմ հետաքրքություն ներկայացնող տնտեսական հնարավորություններն են: «Հայաստանը նոր երկիր չէ մեզ համար, Հայաստանը մեր բարեկամ երկիր է, և մենք ցանկանում ենք խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը»,- ավելացրել է նա։ Կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտին․ նախարարը ներկայացրել է կառավարության ծրագրերը և մոտեցումները, որոնք միտված են առավել արտադրողական, ժամանակակից և որակյալ գյուղատնտեսություն ունենալուն։Կողմերը, որպես համագործակցության կարևոր ուղղություն, առանձնացրել են զբոսաշրջությունը, նշելով, որ այն թույլ է տալիս փոխադարձաբար խորացնել գիտելիքներն ու պատկերացումները թե՛ մշակույթի և թե՛ տնտեսական հնարավարությունների մասին։ Քննարկվել են նաև զբոսաշրջային ենթակառուցվածքներում իրականացվելիք ներդրումների հեռանկարները։ Ընդգծվել է առկա օդային կանոնավոր փոխադրումների, երկու երկրներում փոխադարձ բարձր հետաքրքրության կարևորությունը՝ որպես զբոսաշրջության ոլորտում ցուցանիշների առաջանցիկ աճի հիմք։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ վիճակագրական սեգմենտային տեղեկատվությամբ, որը թույլ կտա համապատասխան վերլուծությունների արդյունքում մեծացնել զբոսաշրջային այցելությունների ծավալը։ Կարևորվել է նաև զբոսաշրջիկների նախընտրությունների մասին տեղեկավության փոխանակումը։
07:49 - 02 հուլիսի, 2019