Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը վեր է ածվել ֆարսի․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը վեր է ածվել ֆարսի․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի ձեռքերով մարտիմեկյան դատավարությունը արդեն տարիուկես վեր է ածվել ֆարսի․ նման համոզմունք է հայտնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարության մասին։ Վերջիններս հրաժարվել են մասնակցել Մարտի 1-ի գործով դատական նիստերին՝ դատական համակարգում չլուծվող խնդիրների հիմնավորմամբ։  Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցների փոփոխության շրջապտույտի մարտավարություն է ընտրել, և «կարծես դա սկսել է դատավորին դուր գալ»։  «Կամ դատավորը պիտի մտնի արագ դատաքննական փուլ, կամ Ռոբերտ Քոչարյանը այլևս չպիտի խոսի քաղաքականություն վերադառնալու մասին, որովհետև իր՝ քաղաքականություն վերադառնալու լավագույն ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է»,- ասել է «Իմ քայլ»-ի պատգամավորը լրագրողների հետ զրույցում։ Նա նաև նշել է՝ դատական համակարգը հեղափոխությունից հետո «իր մեջ առողջացման ու ինքնադրսևորման ուժ պիտի գտներ»։
13:55 - 09 սեպտեմբերի, 2020
Պատգամավորները զորակոչից խուսափած անձանց հայրենիք վերադառնալու համար նախագիծ են մշակում |hetq.am|

Պատգամավորները զորակոչից խուսափած անձանց հայրենիք վերադառնալու համար նախագիծ են մշակում |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Կառավարության հետ համատեղ օրենսդրական նախագիծ են մշակում` զինվորական ծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող անձանց վերադարձը հայրենիք ապահովելու նպատակով: 2020-ի հունվարից չի գործում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, հետևաբար քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածի հատկանիշներով հետախուզվող քաղաքացիները Հայաստան վերադառնալ չեն կարող: Եթե նախկինում վերջիններս բացակայած զորակոչերի քանակին համապատասխան պետական տուրք էին վճարում և ազատվում քրեական հետապնդումից, ապա այժմ նման կարգավորում չկա:  Նախագծի համահեղինակ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հետախուզման մեջ գտնվող անձանց 90%-ը զինվորական ծառայությունից խուսափողներն են: Շատ դեպքերում նրանք այդ կարգավիճակում հայտնվել են ոչ իրենց մեղքով. ծնողները նրանց Հայաստանից տարել, դարձրել են այլ երկրի քաղաքացի և այդ կերպ խնդիրներ ստեղծել իրենց իսկ երեխաների համար: Քոչարյանն այն համոզմունքին է, որ մարդկային այդ մեծ ռեսուրսը իր ներդրումը պետք է կատարի հայրենիքում, իսկ դրա համար նրանք պետք է հայրենիք վերադառնալու հնարավորություն ստանան: «Օրենքների մի ամբողջ փաթեթ վերանայում ենք, փոփոխություններ ենք առաջարկելու, որը լուծելու է այդ խնդիրը` տալով ալտերնատիվ տարբերակ հետախուզման մեջ գտնվող անձանց համար: Բնականաբար պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները` սկսած նրանց առողջական վիճակից, նաև ծառայելու համար մեխանիզմներ առաջարկելուց»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը: Պատգամավորի խոսքով` նախագծի շուրջ քննարկումներ կան նաև վարչապետի աշխատակազմի հետ և ամփոփելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկները՝ այն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ: Հիմնական դրույթը, որ քննարկվում է հետևյալն է` եթե քաղաքացին բավարարում է զինվորական ծառայության համար նախատեսված պահանջներին, պետք է ծառայության անցնի, պետությունն էլ իր հերթին է լրացուցիչ հնարավորություն ընձեռում` բարձրացնելով զինծառայության համար նախատեսված տարիքային շեմը (այն այժմ մինչև 27-ն է, պահետազորի դեպքում` 35-ը): Այն դեպքում, եթե քաղաքացին հիմնավորում է իր` զինծառայությանը չմասնակցելը, ապա ունի հնարավորություն վճարել երկու տարվա պայմանագրային զինծառայողների աշխատավարձը (նաև հավելավճարը) և այդ կերպ ազատվել ծառայությունից: Այս առաջարկը, ըստ նախագծի համահեղինակների, հնարավորություն կտա համալրել պայմանագրային հիմունքներով զինծառայություն մատուցող անձնակազմի քանակը` դրանով լուծելով բանակի համար կարևոր խնդիր: Պայմանագրային զինծառայողների երկու տարվա աշխատավարձը (հավելավճարը ներառյալ) կազմում է մոտ 5-5,5 միլիոն դրամ: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:02 - 02 սեպտեմբերի, 2020
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեսահանդիպում են ունեցել ԵԱՀԿ և DCAF փորձագետների հետ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեսահանդիպում են ունեցել ԵԱՀԿ և DCAF փորձագետների հետ

Սույն թվականի օգոստոսի 8-ին Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեսահանդիպում ունեցան ԵԱՀԿ և DCAF փորձագետների հետ։ Առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ-ն DCAF-ի հետ համատեղ կատարել էր աշխարհի առաջատար երկրների քննիչ հանձնաժողովների վերաբերյալ համապարփակ հետազոտություն։ «Ինչպես գիտեք, շուրջ մեկ տարի՝ 2019 թվականի հունիս ամսից, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ Սահմանադրությամբ ստանձնեց 2016 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դերակատարումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ չունենալով ոլորտային նախադեպ, քննիչ հանձնաժողովը կատարեց իր խնդիրը և առանց քաղաքական շահարկումների, անաչառ իրականացրեց իր պարտականությունները։ Շուտով՝ սեպտեմբեր ամսին Հանձնաժողովը կներկայացնի այդքան սպասված եզրակացությունը՝ լիովին փաստարկված և հիմնավորված»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։Հանձնաժողովի նախագահը կարևորեց առաջատար երկրների հաջողված փորձը կապված քննիչ հանձնաժողովների աշխատանքի հետ։ «Համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման երկրում քննիչ հանձնաժողովները պետք է շարունակ հարստացնեն իրենց գործիքակազմը՝ օրենսդրական նոր կարգավորումների տեսով՝ հետագայում ավելի արդյունավետ աշխատանք տանելու նպատակով» - նշեց նա։ Երկու զեկուցյները լսելուց հետո, պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ չնայած քննիչ հանձնաժողովների գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրական շրջանակով, կա որոշակի լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ օրինակ քննիչ հանձնաժողովի հրավերը մերժելու կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու հետ կապված։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կատարված ուսումնասիրությունները կներկայացվեն ԱԺ պետական և իրավական հարցերով հանձնաժողովին ևս, և դրա հիման վրա կկազմակերպվեն քննարկումներ։
14:10 - 26 օգոստոսի, 2020
Արայիկ Հարությունյանն ու Անդրանիկ Քոչարյանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Արայիկ Հարությունյանն ու Անդրանիկ Քոչարյանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։Երկրի ղեկավարը նշել է, որ մեկ միասնական անվտանգային համակարգի սկզբունքներից ելնելով, շատ կարևոր է երկու հայկական հանրապետություններում ներդաշնակ և փոխհամաձայնեցված քաղաքականության վարումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ուժային կառույցներում շարունակական բարեփոխումների իրականացումը կենսական պահանջ է, և այդ իմաստով օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը կարևոր դերակատարում ունի: Անդրանիկ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նախանշված խնդիրների պատշաճ լուծման համար կա անհրաժեշտ կամք և պատրաստակամություն:Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ռազմաքաղաքական համատեքստում տարածաշրջանային զարգացումների, դրանցից բխող մարտահրավերների և անելիքների վերաբերյալ:
12:05 - 20 օգոստոսի, 2020
Շունչներդ պահած՝ սպասեք վերջնական եզրակացությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահրամ Բաղդասարյանին

Շունչներդ պահած՝ սպասեք վերջնական եզրակացությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահրամ Բաղդասարյանին

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հայտարարություններին: Անդրանիկ Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել է. «Նախօրեին «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում Վահրամ Բաղդասարյանը 2016թ․ ապրիլ ամսին տեղի ունեցած մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը համարում է անիմաստ, Հանձնաժողովի աշխատանքները համակարգող մասնագետներին՝ անփորձ, ինչպես նաև վկայակոչում է վառելիք չունենալու վերաբերյալ իրենց իսկ կառավարության ղեկավարի՝ որևէ փաստով չհիմնավորված խոսքերը՝ դրանք վերագրելով Հանձնաժողովին։ Առաջին, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծումը ինքնանպատակ չի եղել, այն ստեղծվել է հանրային լայն շերտերի պահանջով՝ հետապնդելով մեկ նպատակ՝ այն է առանց քաղաքական շահարկումների բացահայտել կատարվածը, վերականգնել նախկին իշխանության անմնացորդ ջանքերով բանակի ընկած հեղինակությունը և վերադարձնել հասարակության վստահությունը զինված ուժերի նկատմամբ։ Երկրորդ, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները համակարգում են ոլորտային բարձրակարգ ռազմական մասնագետներ ու խորհրդականներ, որոնց պրոֆեսիոնալիզմի մեջ հասարակությունը կհամոզվի որակյալ և հիմնովին փաստարկված եզրակացությունը ներկայացնելուց հետո։ Երրորդ, ապրիլյան քառօրյայի ընթացքում Զինված ուժերի ստորաբաժանումների՝ վառելիք չունենալու վերաբերյալ ոչ մի կերպ չփաստարկված հայտարարությունների հեղինակը նախկին կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն է, որի պարզաբանումները Հանձնաժողովի անդամներն առիթ են ունեցել լսելու, այս մասին ևս կխոսվի վերջնական զեկույցի մեջ։ Չորրորդ, Բաղդասարյանն անգամ ամբողջական պատկերացում չունենալով կատարվածի մասին, ծանոթ չլինելով ապրիլյանի վերաբերյալ փաստաթղթերին, իրեն իրավունք է վերապահում «խորհուրդներ» տալ Հանձնաժողովի նախագահին և անդամներին «զգույշ լինել» ձևակերպումների մեջ՝ չգիտակցելով, որ ցանկացած ասված խոսք ամբողջովին փաստարկված է։ Ավելին, եթե նա իրեն թույլ է տալիս նմանօրինակ մեկնաբանություններ անել, ավելի վաղ կարող էր իր քաղաքական հոգեհայր Սերժ Սարգսյանից ճշտել և համոզվել, որ ասված բոլոր նախադասությունները լիովին հիմնավորված են։ Հանրությունն էլ, Հանձնաժողովն էլ վստահ են, որ հայ զինվորն ու բարեխիղճ սպաները հաղթել են քառօրյա պատերազմում, սակայն թե պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը որքան պատշաճ է կատարել իր առջև դրված խնդիրը, կամ առհասարակ կատարել է, թե ոչ, Հանձնաժողովը ամբողջապես կներկայացնի իր զեկույցում, իսկ մինչ այդ, ինչպես կասեր դասականը, հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը»։
22:00 - 12 օգոստոսի, 2020
Թող Ռ. Քոչարյանը քայլի առջևից, Վանեցյանն էլ ապահովի անվտանգությունը՝ առանց գաղտնալսելու. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Թող Ռ. Քոչարյանը քայլի առջևից, Վանեցյանն էլ ապահովի անվտանգությունը՝ առանց գաղտնալսելու. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ազատությունն» այսօր զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից:   Անդրանիկ Քոչարյան. - Ես Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ եմ եղել, և բացի դա նաև Մարտի 1-ի քաղբանտարկյալների մեծամասնությունը, եթե ոչ բոլոր քաղբանտարկյալները, եղել են իմ ընկերները: Նրանցից առնվազն երկուսը հիմա գտնվում են կոմայի մեջ, մեկն էլ մահացավ առողջական խնդիրների պատճառով՝ Սմբատ Այվազյան: Դա նշանակում է, որ նրանք իրենց առողջությունը կորցրել են նաև բազմաթիվ դատաիրավական համակարգում գործունեություն ծավալած դատավորների ապօրինի որոշումների պատճառով ևս: Այդտեղ իմ կարծիքը կարող է տարբերվել այլ քաղաքական գործիչների կարծիքից, որոնք ասում են՝ ծնող, հայր, այդտեղ պետք է ոչ մի բան չգտնել: Բայց այստեղ խնդիրը դա չի, մեր խմբակցությունում դա քննարկել ենք [Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի] թեկնածությունը, թեկնածուի հետ ունեցել ենք հարցուպատասխաններ, և մեր քվեարկությամբ մենք կհաստատենք, թե ինչպես ենք վերաբերում այդ թեկնածուի հետ կապված հարցերին: «Ազատություն». - Պարո՛ն Քոչարյան, այդ հանդիպմանը Դուք ի՞նչ տպավորություն ստացաք, նա այդ ինչ-ինչ մտահոգությունները փարատե՞ց: Անդրանիկ Քոչարյան. - Եկեք ես իմ տպավորությունների մասին հիմա չկիսվեմ, մենք կարող ենք խոսել քվեարկությունից հետո: «Ազատություն». - Պարո՛ն Քոչարյան, շուտով խորհրդարանին ներկայացվելու է նաև ևս մեկ թեկնածու, այս անգամ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի մասին է խոսքը. նորից առնչություն անցյալին, և նորից գնդակը խորհրդարանի դաշտում է: Անդրանիկ Քոչարյան. - Մենք անցյալի հետքերից այդքան շուտ և հեշտ չենք պրծնելու, բայց ամբողջ գործընթացները մեր երկրի առողջացման գնում են այն ուղղությամբ, որ երկիրը պետք է թեթևացվի՝ իր վրա եղած այդ ծանրությունները հաղթահարելով: Այնպես որ եկեք թեկնածությունները, քննարկումները տեսնենք ինչպես կանցնեն թե՛ խմբակցություններում, թե՛ խորհրդարանում, թե՛ արտախորհրդարանական քննարկումը շատ կարևոր են, դրանք էլ առողջացման և վեթինգի տարրեր են պարունակում: Կարևորելով նաև Սահմանադրական դատարանի շուրջ եղած այս մեկ տարվա պրոցեսները, նաև մեր դատաիրավական համակարգի առողջացման խնդիրները, կարծում եմ, որ ամեն մի թեկնածու պետք է վերջիվերջո համապատասխանի այն չափորոշիչներին, որը նաև ամրագրված է հեղափոխության օրակարգում: «Ազատություն». - Ամեն դեպքում չե՞ք բացառում, որ անգամ եթե նա կառավարության, վարչապետ Փաշինյանի թեկնածուն է, կարող է Ազգային ժողովում մերժվել: Անդրանիկ Քոչարյան. - Թեկնածությունները, մանրամասն պարոն Փաշինյանը միշտ ասել է, որ ցանկացած թեկնածու, որ կոմունիկացիոն խողովակի միջոցով կգա քննարկումների փուլ, նա պետք է լրացուցիչ ուսումնասիրվի, և վերջնական համոզմունքի կայացման պարագայում նոր տեղի ունենան լիարժեք քննարկումներ: Այնպես որ որևէ ճնշում որևէ պատգամավորի կամ խմբակցություն ներսում գոյություն չունի: Այս քննարկումներն էլ հենց դրանով են շատ լավը, որ, էլի եմ ասում, իրենց մեջ պարունակում են շատ լուրջ վեթինգի գործընթացներ: «Ազատություն». - Արթուր Վանեցյանը երեկ ասաց, որ չի բացառում հանդիպել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, ճիշտ է նա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի անունը տվեց, բայց առաջին նախագահի օրակարգում իշխանափոխության հարցը չկա, նա չի բարձրաձայնել այդ մասին, ուստի մնում է դաշինքը Սարգսյանի, Քոչարյանի հետ: Հիմա ինչո՞ւ ոչ, Ուկրաինայի օրինակն են բերում, որտեղ մայդանից հետո, տեսեք, քանի անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել: Անդրանիկ Քոչարյան. - Իշխանափոխության բազմաթիվ ծրագրեր կարող է ունեն, ինչի մասին խոսեց Ռոբերտ Քոչարյանը: Իրեն բարի երթ, եթե ինքը պատկերացնում է քայլելով կամ փողոցներ փակելով, առանց ժողովրդի մասնակցության դա անհնար է լուծել, իսկ եթե ինքը կարծում է, որ իրեն չեն մերժել, թող ինքը առաջնորդի այդպիսի մի շարժում՝ պարոն Վանեցյանի մասնակցությամբ և «Վերնատան» այդ ամբողջ քաղաքական համակարգի և քաղաքական գործիչների համախմբվածությամբ, տեսնենք՝ ինչ արդյունք կլինի: Եթե ժողովրդի աջակցություն, ունեցան, բնականաբար, տեղի կունենա իշխանափոխություն: Եթե իրենք վստահ են, ապա ինչո՞ւ այս պահին փողոցում չեն, երբ որ այդ հարցազրույցի ժամանակ ինքն ասում էր՝ «ո՞նց կարելի է՝ երկու տարի է արդեն կառավարում են, երեք տարի էլ սպասենք»: Չէ, մի սպասեք, վեր կացեք, քայլեք, բայց Դուք առջևից պետք է քայլեք, պարոն Վանեցյանն էլ պետք է ապահովի ձեր անվտանգությունը՝ առանց գաղտնալսելու: Թող քայլեն, իսկ պարոն Վանցյանի այդ հայտարարությունից ես հասկացա, որ պարոն Վանեցյանը նախկին իշխանությունների ամենահաջողված պրոյեկտն էր Ազգային անվտանգության ծառայության՝ այն ժամանակվա կողմից իրականացված: «Ազատություն». - Նա նաև պնդում է, որ հիմա իրեն լռեցնելու նպատակ ունի իշխանությունը և քաղաքական հետապնդում է գնում: Անդրանիկ Քոչարյան. - Բայց Արթուր Վանեցյանին պետք չի լռեցնել, նրան պետք է խոսեցնել, պարոն Վանեցյանը պարզապես շատ քիչ է խոսում, ինքը խոստացել էր շատ խոսել, և հիմա անընդհատ խոսում է իրեն լռեցնելու մասին, ինչո՞ւ պետք է լռեցնեն: Ինքը հիմա էլ ազատության մեջ է, թող խոսի ինչքան կարող է, թող սկսի իր գաղտնալսումից՝ ինչպե՞ս տեղի ունեցավ դա, ինքը արդյոք տեղյա՞կ էր, որ իրեն գաղտնալսում են, թե՞ չէ, եթե տեղյակ չէր՝ ուրիշ պատմություն, եթե տեղյակ էր, բնականաբար, իրեն խոսեցնելու ցանկությունը գնալով մեծանալու է իրավապահ մարմինների կողմից: Այնպես որ պարոն Վանեցյանը, եթե կարծում է, որ այսպես թեթև ինչ-որ քրեական գործերի մեջ է իր գործունեությունը ուսումնասիրվելու, սխալվում է, այնտեղ կան և՛ տնտեսական իր հետաքրքրությունների, ընտանիքի հետաքրքրությունների ուսումնասիրման խնդիր, և իր պաշտոնավարման ընթացքում քրեաօլիգարխիկ համակարգի ազատ շարժվելու հնարավորությունը արդեն տեսանելի է դարձել, թե ոնց են նրանք հանգիստ առնչվում, իհարկե, դա ձևակերպելով որպես օպերատիվ աշխատանք: Հիմա կտեսնենք: Իսկ պարոն Վանեցյանին բարի երթ, թող խոսի ինչքան կարող է, ինչքան շատ խոսի, այնքան շատ բան կիմանանք, թե ինչպիսի համագործակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ:
21:49 - 01 օգոստոսի, 2020
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Քրիստինե Պողոսյանը այցելեցին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Քրիստինե Պողոսյանը այցելեցին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

Սույն թվականի հուլիսի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Քրիստինե Պողոսյանը այցելեցին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։ Պատգամավորները հետևեցին համավարակի պայմաններում հատուկ կազմակերպված զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքներին, ծանոթացան զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին և առկա խնդիրներին։ Զինակոչիկները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը հղել պատգամավորներին, վերջիններս էլ նրանց ներկայացրեցին համակարգում սպասվող բարեփոխումները։ Այցի ընթացքում քննարկվեցին նաև զորակոչի գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու և զինակոչիկների մասնագիտական կարողությունները հնարավորինս հաշվի առնելու հնարավորությունները։ Շրջայցի վերջում պատգամավորները բարի և խաղաղ ծառայություն մաղթեցին զինակոչիկներին՝ խոստանալով հետամուտ լինել բոլոր խնդիրների լուծմանը։
16:34 - 22 հուլիսի, 2020
Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի ղեկավարության խաղաղասիրական կոչերը. Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է ՆԱՏՕ ԽՎ նախագահի հայտարարությանը

Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի ղեկավարության խաղաղասիրական կոչերը. Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է ՆԱՏՕ ԽՎ նախագահի հայտարարությանը

ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության անունից թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեր՝ հայ - ադրբեջանական սահմանում օրերս ծավալված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ավելի վաղ տարածած հայտարարության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա, մասնավորապես, գրել է.«ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիի կողմից ավելի վաղ տարածած հայտարարությանն ի պատասխան շնորհակալական գրություն եմ հղել վերջինիս։ Տեքստը ստորեւ՝ Հարգելի պարոն Մեսթերհազի, ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության անունից թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեր՝ հայ - ադրեբջանական սահմանում օրերս ծավալված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ավելի վաղ տարածած հայտարարության համար։ Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության ուշադրությունը եւ հատկապես ՆԱՏՕ-ի ղեկավարության խաղաղասիրական կոչերը։ Աշխարհը պատուհասած համաճարակի պայմաններում, իրապես, ամբողջ աշխարհը պետք է միասնաբար հաղթահարի անտեսանելի թշնամու կողմից պատճառված առողջապահական եւ սոցիալ-տնտեսական խնդիրները։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման մանդատը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը եւ պահանջում է բանակցային լուծում։ Հայաստանը դեմ է կոնֆլիկտի ռազմական ճանապարհով լուծմանը եւ ագրեսիվ հռետորաբանությանը։ Ցավով եմ ուզում նշել սակայն, որ հակառակ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում ռազմական գործողությունները, այլեւ պետական մակարդակով սպառնում է միջուկային ահաբեկչությամբ թիրախավորել խաղաղ բնակչությանը, սա ոչ այլ ինչ է քան համամարդկային ու տարածաշրջանային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք։ Լիահույս եմ, որ միջազգային առաջատար կառույցների՝ խաղաղությանը միտված հայտարարությունները ի վերջո կստիպեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը սթափ գնահատել աշխարհի առողջապահական ծանր իրավիճակը եւ վերադառնալ բանակցային սեղան։ Հարգարժան Պրն․ նախագահ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ճշմարիտ խոսքերի համար, հուսով եմ, որ համավարակից հետո մենք առիթ կունենանք անձամբ ծանոթանալու  եւ համատեղ աշխատելու աշխարհում խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված հետագա քայլերի ուղղությամբ»։
22:02 - 17 հուլիսի, 2020
Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը. Անդրանիկ Քոչարյան |shantnews.am|

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը. Անդրանիկ Քոչարյան |shantnews.am|

shantnews.am: «Արվում է գործողություն, որը մինչև վերջ հաշվարկված չէ, հետո դա ոնց  պիտի օգտագործվի: Էնպես ստացվեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության բարձրացմանը: Ուզենք, թե չուզենք, դա  փաստ է, տեսանելի է բոլորին, ով չի ուզում  դա տեսնել, չի  ուզում հավատալ Հայաստանի ապագային»,- ԱԺ-ում ճեպազրույցի  ժամանակ ասել է Արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ  Քոչարյանը: Խոսելով միջազգային կառույցների արձագանքի մասին՝ նկատել է.«Ես  կարծում եմ՝ միջազգային հանրությունը միշտ նույն կերպ է արձագանքում՝ պահպանել հրադադադարի ռեժիմը, կոչ հանդարտության, կարծում եմ, որ  ռազմական լուծում այս  հարցում գոյություն չունի: Պետք է գտնել հարթակ բանակցային գործընթացի  համար: Լուծումներ պետք է գտնվեն, որոնք կբավարարեն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին»,- ասել է Քոչարյանը:
13:53 - 15 հուլիսի, 2020
Տավուշում խոցվել է Ադրբեջանի մի քանի ԱԹՍ. լուսանկարը վկայում է իսրայելական արտադրության լինելու մասին

 |armenpress.am|

Տավուշում խոցվել է Ադրբեջանի մի քանի ԱԹՍ. լուսանկարը վկայում է իսրայելական արտադրության լինելու մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի ոչ միայն մեկ, այլ մի քանի անօդաչու թռչող սարք: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:  «Այս պահի դրությամբ մենք ունենք խոցած ոչ միայն մեկ ԱԹՍ, այլ մի քանիսը, որոնցից մեկը կամիկաձե: Հակառակորդի բոլոր գործողություններն ըստ էության ճնշվել են իրենց տրամաբանության մեջ»,- ասաց Քոչարյանը: Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում հայկական Զինված ուժերի խոցած ադրբեջանական առաջին անօդաչու թռչող սարքի լուսանկարը թույլ է տալիս ենթադրելու, որ այն իսրայելական արտադրության է, սակայն լուսանկարի որակի պատճառով դեռևս դժվար է հստակ պնդել ԱԹՍ-ի մոդելը: Պատկերվածը կամ հետախուզական Thunder-B է, կամ գլխիվայր շրջված հարվածային (մահապարտ) Skystriker ԱԹՍ: Երկուսն էլ իսրայելական արտադրության են: Thunder-B-ն կիրառվել և խոցվել է նաև ապրիլյանի ժամանակ, իսկ Skystriker-ները համեմատաբար նոր են՝ առաջին անգամ ցուցադրվել են Ադրբեջանի ՊՍԾ սպառազինությունում 2019-ի հունվարին, ապա նաև բանակում: Հուլիսի 13-ի գիշերը ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանի Զինված ուժերը ադրբեջանական ԱԹՍ են խոցել Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողության ընթացքում:
19:18 - 13 հուլիսի, 2020
ԱԺ-ում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը․ ներկա են վարչապետը, կառավարության անդամները |armtimes.com|

ԱԺ-ում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը․ ներկա են վարչապետը, կառավարության անդամները |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում երեկվանից քննարկվում է 2019 թվականի բյուջեի կատարողականը։ Այսօր նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամները։ ԱԺ նիստերը շարունակում են բոյկոտել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Կատարողականի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ-ի քաղաքական բոյոկտին։ Նրա խոսքով՝ կատարողականի քննարկումը կարեւոր է այն առումով, որ վերջին օրերի քննարկումները միտված էին Կառավարության թվացյալ անհաջողություններին, ինչի արդյունքում եզրահանգումների էին գալիս, որ 97%-ը պետք է փոխվի, 100%-ը պետք է փոխվի։ «Բայց էս քննարկումների արդյունքում օրվա մեջ մի քանի անգամ Արտակ Մանուկյանի, ֆինանսների նախարարի եւ այլ իրավասու մարդկանց հետ քննարկում էի՝ վերջը սով լինելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ վերջին ժամանակում սկսեցին հայտնվել բայղուշներ եւ անել բայղուշություններ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ նմանատիպ խոսակցությունների արդյունքում սեփական ժողովրդի հանդեպ պատերազմ են սկսում։ Պատգամավորի համոզմամբ, սակայն, նրանք արդեն պարտվել են այդ պատերազմում, քանի որ երկրի այսօրվա անվտանգությունն ապահովում է լեգիտիմ մեծամասնությունը։
11:51 - 25 հունիսի, 2020
ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: 2016 թ-ի ապրիլյան մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձանաժողովը ավարտել է իր աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ զեկույցը քննիչ հանձնաժողովը կներկայացնի սեպտեմբերին: Նրա դիտարկմամբ՝ հանձնաժողվի աշխատանքները հաջողված են եղել, ամեն ինչ արել են, որ ոչինչ չքաղաքականացնեն, բայց հասկանան իրողություններն ամբողջությամբ՝ մարտական գործողություններից մինչև բանակցությունների շղթային առնչվող հարցեր: Անդրադառնալով հարցին՝ արդյոք հանձնաժողովը եկե՞լ է այն եզրահանգմանը, որ ապրիլյան գորոծողությունների ժամանակ դավադրություն չի եղել, բանակը սպառազինության, վառելիքի խնդիրը չի ունեցել, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետք է սպասել վերջնական եզրահանգումներին, վառելիքի և սպառազինության հետ կապաված հարցերը ուսումնասիրել են: «Նույնիսկ ժամանակից շուտ այդ թեմայով մենք ասել ենք, որ դիրքերում սպառազինության խնդիր պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի: Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայցնենք հասարակությանը»,-ասաց նա: Առավել մանրամասն՝ tert.am-ում
17:39 - 04 հունիսի, 2020
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքն` ամփոփ |hetq.am|

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքն` ամփոփ |hetq.am|

hetq.am: 2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Այն ստեղծվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անուղղակի հանձնարարականով: Մայիսի 20-ին խոսելով դատական համակարգի մասին՝ Փաշինյանն անդրադարձել էր նաև այլ հարցերի, այդ թվում` ապրիլյան պատերազմին: «Կարծում եմ հասունացել է ժամանակը 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր վարչապետը, ինչին հետևել էր խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: Վաղը` հունիսի 4-ին, լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, ուստի ամփոփենք ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը:   Նախորդ տարվա մայիսին 47 պատգամավորների դիմում-պահանջով ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունը ծավալեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովն առաջինը հյուրընկալեց ապրիլյան պատերազմին մասնակցած զոհերի հարազատներին ու ծառայակից ընկերներին: «Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Իրավական տեսանկյունից միգուցե կարող են ասել՝ կանչում եք, չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկը իրավունք չունի շրջանցել այդ հարցի՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը հանձնաժողովին փոխանցելը»,- ասում էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այնուհետև հանձնաժողովը սկսեց հյուրընկալել նախկին ու գործող պաշտոնյաներին: Հանձնաժողովը հյուրերին ընդունում էր հատուկ հատկացված տարածքում, որտեղից, ըստ հանձնաժողովի նախագահի, ինֆորմացիայի արտահոսք չէր կարող լինել:   Առաջինը հյուրընկալվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Նա հեռացավ դռնփակ հանդիպումից` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց` բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման: Ժամանակավոր հանձնաժողովների գործունեության ժամկետը, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, վեց ամիս է: Դեկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը խորհրդարանը վեց ամսով երկարաձգեց: Չնայած հանձնաժողովի անդամների մասնագիտական որակները նախկին պաշտոնյաներն ի սկզբանե կասկածի տակ էին դնում, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սակայն դա չխանգարեց վերջինիս հունվարին հյուրընկալվել հանձնաժողովում: Չորս ժամ տևած հանդիպումից հետո Օհանյանը դուրս եկավ բավական բարձր տրամադրությամբ` քննարկումը որակելով արդյունավետ:   Նախկին նախարարն ընդգծեց` նման հանձնաժողով չէր կազմի, եթե անգամ այն լիներ պաշտպանության նախարարության հետ համատեղ գործող, բայց քանի որ այն ստեղծվել է, իր հնարավորության սահմանում կաջակցի: Օհանյանին հյուրընկալելուց շուրջ երկու շաբաթ անց հանձնաժողով հրավիրվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նախկին  պետ, այժմ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը միակ նախկին պաշտոնյան էր, որ հրաժարվեց գալ հանձնաժողով: Այնուհետև հանձնաժողովը սկսեց հրապարակային նամակագրություն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հետ: Սարգսյանի գրասենյակից մեկ նախապայման էին ներկայացրել` հանձնաժողովի տեսաձայնագրությունը պետք է փոխանցվի իրենց: Հանձնաժողովի նախագահը համաձայնեց, ինչից հետո Սարգսյանը հյուրընկալվեց հանձնաժողովում: Հանձնաժողովի գործունեության ամբողջ ընթացքում ամենաերկար դռնփակ հանդիպումը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանի հետ էր. հանդիպումը տևեց հինգ ժամ: Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց` իր որոշումը գալ հանձնաժողով արդարացված էր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս հանդիպումը արդյունավետ համարեց` ասելով, որ ստացել են հարցերի պատասխաններ, բայց դրանք ամբողջական չեն: «Պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխաններ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: Սերժ Սարգսյանի այցից հետո խորհրդարան հրավիրվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը` ասելով, որ տվել է հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:16 - 04 հունիսի, 2020