Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքն` ամփոփ |hetq.am|
10:16 - 04 հունիսի, 2020

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքն` ամփոփ |hetq.am|

hetq.am: 2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Այն ստեղծվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անուղղակի հանձնարարականով: Մայիսի 20-ին խոսելով դատական համակարգի մասին՝ Փաշինյանն անդրադարձել էր նաև այլ հարցերի, այդ թվում` ապրիլյան պատերազմին:

«Կարծում եմ հասունացել է ժամանակը 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր վարչապետը, ինչին հետևել էր խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:

Վաղը` հունիսի 4-ին, լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, ուստի ամփոփենք ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը:

Նախորդ տարվա մայիսին 47 պատգամավորների դիմում-պահանջով ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունը ծավալեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովն առաջինը հյուրընկալեց ապրիլյան պատերազմին մասնակցած զոհերի հարազատներին ու ծառայակից ընկերներին:

«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Իրավական տեսանկյունից միգուցե կարող են ասել՝ կանչում եք, չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկը իրավունք չունի շրջանցել այդ հարցի՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը հանձնաժողովին փոխանցելը»,- ասում էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Այնուհետև հանձնաժողովը սկսեց հյուրընկալել նախկին ու գործող պաշտոնյաներին: Հանձնաժողովը հյուրերին ընդունում էր հատուկ հատկացված տարածքում, որտեղից, ըստ հանձնաժողովի նախագահի, ինֆորմացիայի արտահոսք չէր կարող լինել:

Առաջինը հյուրընկալվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Նա հեռացավ դռնփակ հանդիպումից` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց` բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման:

Ժամանակավոր հանձնաժողովների գործունեության ժամկետը, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, վեց ամիս է: Դեկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը խորհրդարանը վեց ամսով երկարաձգեց:

Չնայած հանձնաժողովի անդամների մասնագիտական որակները նախկին պաշտոնյաներն ի սկզբանե կասկածի տակ էին դնում, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սակայն դա չխանգարեց վերջինիս հունվարին հյուրընկալվել հանձնաժողովում: Չորս ժամ տևած հանդիպումից հետո Օհանյանը դուրս եկավ բավական բարձր տրամադրությամբ` քննարկումը որակելով արդյունավետ:

Նախկին նախարարն ընդգծեց` նման հանձնաժողով չէր կազմի, եթե անգամ այն լիներ պաշտպանության նախարարության հետ համատեղ գործող, բայց քանի որ այն ստեղծվել է, իր հնարավորության սահմանում կաջակցի:

Օհանյանին հյուրընկալելուց շուրջ երկու շաբաթ անց հանձնաժողով հրավիրվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նախկին  պետ, այժմ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը միակ նախկին պաշտոնյան էր, որ հրաժարվեց գալ հանձնաժողով:

Այնուհետև հանձնաժողովը սկսեց հրապարակային նամակագրություն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հետ: Սարգսյանի գրասենյակից մեկ նախապայման էին ներկայացրել` հանձնաժողովի տեսաձայնագրությունը պետք է փոխանցվի իրենց: Հանձնաժողովի նախագահը համաձայնեց, ինչից հետո Սարգսյանը հյուրընկալվեց հանձնաժողովում:

Հանձնաժողովի գործունեության ամբողջ ընթացքում ամենաերկար դռնփակ հանդիպումը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանի հետ էր. հանդիպումը տևեց հինգ ժամ: Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց` իր որոշումը գալ հանձնաժողով արդարացված էր:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս հանդիպումը արդյունավետ համարեց` ասելով, որ ստացել են հարցերի պատասխաններ, բայց դրանք ամբողջական չեն:

«Պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխաններ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Սերժ Սարգսյանի այցից հետո խորհրդարան հրավիրվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը` ասելով, որ տվել է հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել