Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին

Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը։ «Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած այն ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը և ներկայացրել է իր դիրքորոշումն անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:20 - 15 փետրվարի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում և հավելել, որ ՀՀ իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:     Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:  Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
14:07 - 14 փետրվարի, 2022
ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցություններում. Ամատունին՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |1lurer.am|

ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցություններում. Ամատունին՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |1lurer.am|

1lurer.am: Այսօր Հայաստան վերադառնալուց ժամեր առաջ Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցել են Կարմիր խաչի ներկայացուցիչները: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է՝ իրենք տեղյակ են այսօրվա գործընթացի հետ կապված, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցությունների մեջ: «Սակայն հարկ է նշել, որ մեր կազմակերպության ներկայացուցիչներն այս անձանց տեսակցել են նախքան իրենց վերադարձը, ինչպես նաև այս ողջ ընթացքում տեսակցել են իրենց և մյուսներին, որոնք դեռևս պահվում են մյուս կողմում: Թե՛ մեր պարբերական այցերը, թե՛ այս վերջին այցը նպատակ են ունեցել անձանց պայմանները գնահատել, նաև առողջական վիճակը: Ամբողջ ընթացքում անձանց հնարավորություն է տրվել պահել կապը իրենց հարազատների հետ»,- ասել է Զառա Ամատունին: 
14:56 - 07 փետրվարի, 2022
ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

Երեկ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։ Ռուբինյանն իր գրառման մեջ անդրադարձավ միայն ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի մասին հնչեցրած դրական գնահատականներին։ Երեկ ընդունված բանաձևում, սակայն, ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև որոշ խնդրահարույց հարցերի և խորհուրդներ ուղղել Հայաստանի իշխանություններին։ Անդրադառնանք այդ հարցերին առանձին-առանձին։   Ընտրություններ «Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը։ ԵԽԽվ-ն, սակայն, ի թիվս այս ամենի, խոսել է նաև քաղաքական մթնոլորտի մասին, որում տեղի ունեցան 2021-ի հունիսի ընտրությունները։  Բանաձևում նշվում է, որ այդ ընտրությունները բնութագրվում էին ինտենսիվ բևեռացմամբ և խաթարվեցին հիմնական մրցակիցների շրջանում գնալով ավելի բորբոքվող հռետորաբանությամբ: Բանաձևում նաև ասվում է․ «Վեհաժողովն ափսոսում է, որ կանայք նախընրտական քարոզարշավի ընթացքում երկրորդ պլան էին մղված, չնայած վերջում ընտրական օրենսդրությունը բերեց խորհրդարանում նրանց ներկայացվածության աճի։ Վեհաժողովը կոչ է անում քաղաքական կուսակցություններին փոխել այս մշակույթը, քանի որ սեռերի հավասար ներկայացվածությունն ընտրված պաշտոններում պետք է ամրապնդվի կանանց՝ քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու իրական հնարավորությամբ»։ «Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները»,- գրել է Ռուբինյանը՝ չկոնկրետացնելով, թե ինչ է առաջարկել ԵԽԽՎ-ն։ Իսկ բանաձևում նշվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետևյալ առաջարկությունները՝ վերացնել երկքաղաքացիություն ունեցողների՝ ընտրություններին մասնակցելու արգելքը և ընտրողներին իրենց ընտրատարածքում քվեարկության արդյունքները վիճարկելու հնարավորություն տալ։ «Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ»,- գրել է Ռուբինյանը: Վերջինս, սակայն, բաց է թողել բանաձևի այն հատվածը, որտեղ Վեհաժողովը դատապարտում է 2021 թվականի օգոստոսին Ազգային ժողովի մեծամասնության և ընդդիմության միջև տեղի ունեցած բռնի միջադեպերը։  Բանաձևի նույն կետում Վեհաժողովը նշում է, որ ընդդիմության իրավունքները պաշտպանելու համար գործառնական մեխանիզմներ կան, որոնք վերջինիս թույլ են տալիս կատարել իր դերն ու այլընտրանքներ առաջարկել, սակայն նաև խորհրդարանական մեծամասնությանը կոչ է անում ամբողջությամբ կատարել իր դերը՝ կառավարության գործողությունները վերահսկելու և վերանայելու համատեքստում, քանի որ նրան է պատկանում մանդատների ճնշող մեծամասնությունը։    Դատական և այլ բարեփոխումներ, ՍԴ ճգնաժամ «Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը զսպումների և հակակշիռների մեխանիզմներից խոսելիս անդրադարձել է ՀՀ նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտներին։ Բանաձևում նշված է, որ ՄԻՊ-ի անկախությունն ամուր հաստատված է, սական ԵԽԽՎ-ն կոչ է անում իշխանություններին հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին՝ աշխատակազմ հավաքագրելու և կառավարման քաղաքականության հարցերում ՄԻՊ-ի անկախությունն ամրապնդելու մասով։ «Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը: Բանաձևում և՛ դատական բարեփոխումներին, և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մանրամասն անդրադարձ կա։ «Վեհաժողովը իշխանություններին կոչ է անում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ապահովել համապատասխան ռեսուրսներով՝ ընդհանուր առմամբ՝ հանրային պաշտոնյաների ու մասամբ՝ դատավորների շահերի և ունեցվածքի բացահայտման նպատակով ստուգումներ իրականացնելու, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկողության համար։ Վեհաժողովը նաև առաջարկում է օգտվել Սահմանադրության հաջորդ վերանայումից՝ ուսումնասիրելու այս հանձնաժողովի անկախության ամրապնդման հնարավորությունը՝ սահմանադրականացնելով նրա կարգավիճակը»,- ասվում է բանաձևում: Իսկ դատական բարեփոխումները շարունակելու համատեքստում ԵԽԽՎ-ն նշում է հետևյալ կետերի իրականացումը․ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործերով որոշումները բողոքարկելու պատշաճ մեխանիզմ ներդնել, արդարադատության իրականացմանն անհարկի միջամտության դեմ պատժամիջոցների առումով շոշափելի արդյունքներ ապահովել, ստեղծել չեզոք և իրավասու մարմին՝ դատական համակարգում ոչ պատշաճ ազդեցությունների, շահերի բախման և կոռուպցիայի վերաբերյալ դատավորներին կոնֆիդենցիալ խորհրդատվություն տրամադրելու համար։ Վեհաժողովն առանձին կետերով անդրադարձել է նաև իրավապահ մարմիններին և Սահմանադրական դատարանի շուրջ 2019-ի ճգնաժամին։ «Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում իրականացնել Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու ծրագիրը և այդ նախարարությանը վստահել մի քանի իրավապահ մարմիններ, որոնք այս պահին վարչապետի անմիջական վերահսկողության ներքո են։ Այս հանձնարարականը կմեծացնի կառավարության հաշվետվողականությունը խորհրդարանի առջև իրավապահ մարմինների վերաբերյալ ցանկացած հարցով։ Վեհաժողովը նաև առաջարկում է իշխանություններին ուսումնասիրել վարչապետի իրավասության ներքո գտնվող մի քանի քննչական մարմիններն անկախացնելու հնարավորությունը»,- նշված է բանաձևում։ Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորմանը․ «Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին այն մասով, որ ՍԴ անդամների՝ վաղաժամ թոշակի անցնելու սխեման պետք է լինի կամավոր և ոչ կտրուկ ու անհապաղ՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքը խաթարելուց խուսափելու համար։ Վեհաժողովը նշում է, որ անփոփոխելիության սկզբունքը քաղաքական իշխանություններից դատական համակարգի անկախության երաշխիքն է, որը պետք է հարգվի»։   Խոսքի ազատություն «Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը անդրադրաձել է կորոնավիրուսային իրավիճակով և ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումներին՝ նշելով․ «Թե՛ կորոնավիրուսային համավարակի համատեքստում խուճապ առաջացնող կեղծ տեղեկությունների և հրապարակումների տարածման, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասով իշխանությունները միտված էին կտրուկ քայլեր ձեռնարկելու, որոնք ակնհայտորեն չափազանցված էին՝ հաշվի առնելով խոսքի ազատության սահմանափակումները, որքան էլ նպատակն օրինական էր»։  Բանաձևում նշվում է՝ ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ռազմական դրության ընթացքում սահմանափակումների դատական վերանայումն արդյունավետ էր։ Անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի քրեականացմանը՝ ԵԽԽՎ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը, որ զրպարտությունը չպետք է քրեականացվի, ինչպես նաև կոչ է արել իշխանություններին, բացի կանխարգելիչ պատիժներից, զարգացնել ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքներ։ Այպիսով, Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ի ընդունած բանաձը ներկայացնելիս գրել է հիմնականում այն կետերի մասին, որոնցում Վեհաժողովը դրական կարծիք է հայտնել Հայաստանում կատարված/կատարվող բարեփոխումների վերաբերյալ, իսկ ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները Ռուբինյանը բաց է թողել։ Բանաձևի քվեարկությանը մասնակցել է ԵԽԽՎ 324 պատգամավորներից 80-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 50 կողմ, 14 դեմ, 16 ձեռնպահ։ Դեմ քվեարկողների թվում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որն ասյօր խոսել է դեմ քվեարկելու պատճառների մասին։ Գլխավոր լուսանկարը՝ ԵԽԽՎ կայքից Աննա Սահակյան
16:35 - 28 հունվարի, 2022
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հունվարի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։  Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը՝ կարևորելով ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. գործողությունների ծրագրի իրականացումը։ «Զրույցի ընթացքում անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ Արման Խաչատրյանը շեշտեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության և Արցախ միջազգային կազմակերպությունների անխափան մուտք ունենալու, ինչպես նաև ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։ Ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ գլխավոր քարտուղար Պեյչինովիչ Բուրիչը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ ՀՀ-ԵԽ հարաբերությունների առավել ընդլայնման և զարգացման։  
18:26 - 11 հունվարի, 2022
ԵՄ-ն 6 ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |azatutyun.am|

ԵՄ-ն 6 ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ 27 երկրների ղեկավարները, Բրյուսելում կայացած գագաթնաժողովում, միաձայն որոշել են վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական սեկտորային պատժամիջոցները։ Այդ մասին ուրբաթ գիշերը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել գործարքի իր մասը և Մինսկի պայմանավորվածությունները», - ասել է Միշելը: Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կբախվի «լայնածավալ հետևանքների և այդ ագրեսիայի համար բարձր գնի»: 2014 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ կապված Ղրիմի հետ: Դրանից հետո քանի անգամ դրանք ընդլայնվել և երկարացվել են։ Առանց վիզայի ռեժիմի և համագործակցության նոր հիմնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կասեցվել են, արգելվել է Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Ներդրվել են նաև առևտրային, ֆինանսական և ռազմական բնույթի սահմանափակող միջոցներ։ Ի պատասխան՝ Ռուսաստանը արգելք է դրել ԵՄ երկրներից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա։
10:47 - 17 դեկտեմբերի, 2021
Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

Այսօր Ստրասբուրգում հանդիպում եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Հանդիպման ընթացքում օրինակներով ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքները կոպիտ խախտող արարքներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին. կրակոցներ, հրհդեհում են արոտավայրեր և այլն: Հատուկ անդրադարձել եմ Սյունիքում ճանապարհների արգելափակմանը, նշել, որ ալընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողների նշանառության ներքո են ճանապարհը, քաղաքացիական բնակիչները, նրանց տները: Շեշտել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից:   Պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի, որի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: Բացատրել եմ, որ դա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:   Հանդիպման ընթացքում առանձին նշել եմ, որ խնդիր է, որ միջազգային կառույցները չեն այցելում Արցախ (Լեռնային Ղարաբաղ). ստացվում է՝ Եվրոպայի խորհրդի տարածքում կա վայր, որ հասանելի չէ ընդհանրապես, ինչը հակասում է հենց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բանաձևերին: Մանրամասն անդրադարձել եմ հայ գերիների ազատ արձակմանը, Հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում: ԵԽ գլխավոր քարտուղարին շնորհակալություն եմ հայտնել պատերազմի սկզբում ու դրանից հետո զինված հարձակումները դադարեցնելու հայտարարությունների և կոչերի, իր անձնական ջանքերի համար: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը բարդ ու ճգնաժամային իրավիճակում: Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Կարևորել է Պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դիրքորոշումներ ուղարկելու պրակտիկան: Ինքս կարևորել եմ այս պրակտիկան ու նաև նշել, որ դա անում ենք նաև ՀԿ-ների հետ համատեղ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Զինված ուժերում մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների կանխարգելմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարին եմ փոխանցել նշված թեմաներին վերաբերող արտահերթ զեկույցներս»,- գրել է Թաթոյանը:
21:10 - 09 դեկտեմբերի, 2021
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչներին

Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներին: ԱՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և  գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։ Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման,  Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։ ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը անդրադարձել է նաև նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններին, առանձնակի կարևորելով գործընթացի թափանցիկությունը։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին համագործակցության համար։ Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022թ․-ին, և կարևորել է 2023-2026թթ․-ի ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք կաջակցեն նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը։ Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետասդոտտիրը ներկայացրել է արդարադատության ոլորտում ԵԽ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, ընդգծելով համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը։ Ծրագրերի բաժնի ղեկավարը շեշտել է համագործակցությունը խորացնելու ԵԽ պատրաստակամության մասին, որի մասին  վկայում է նաև այն փաստը, որ COVID 19-ի սահմանափակումների պարագայում ԵԽ քարտուղարությունը նախաձեռնել է այս կարևոր առաքելությունը Հայաստան։ Հանդիպման ընթացքում ԵԽ Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ղեկավար Պավլո Պուշկարը առանձնացրել է  ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է՝  «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» , «Գուրգեն Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի»  գործերով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը, և  դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմամբ։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ ընտանիքում  բռնության դեմ պայքարի ոլորտում։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են  հայտնել նախարարին համագործակցության համար, և այն առավել խորացնելու պատրաստակամություն ցուցաբերել։  
17:18 - 07 դեկտեմբերի, 2021