ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին
18:26 - 11 հունվարի, 2022

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հունվարի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը՝ կարևորելով ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. գործողությունների ծրագրի իրականացումը։

«Զրույցի ընթացքում անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ Արման Խաչատրյանը շեշտեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության և Արցախ միջազգային կազմակերպությունների անխափան մուտք ունենալու, ինչպես նաև ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։ Ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ գլխավոր քարտուղար Պեյչինովիչ Բուրիչը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ ՀՀ-ԵԽ հարաբերությունների առավել ընդլայնման և զարգացման։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել