Ինֆոքոմ

Մարիուպոլում սկսվել է տարհանման երկրորդ ալիքը

Մարիուպոլում սկսվել է տարհանման երկրորդ ալիքը

Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն հաղորդել է, որ քաղաքից մարդկանց տարհանման երկրորդ փուլը շարունակվում է։ Այս մասին նա ասել է համաուկրաինական տեղեկատվական հեռուստամարաթոնի ժամանակ, գրում է ՈւՆԻԱՆ-ը։ «Նախնական պայմանավորվածություն կա Մանգուշից և Բերդյանսկից մարդկանց ներգրավման, սեփական տրանսպորտային միջոցներով շարասյուների ներգրավման շուրջ․․․ սա միակ մեկնաբանությունն է, որ այս պահին կարող ենք անել», - ասել է Անդրյուշչենկոն։ Նա նշել է, որ տարհանումն իրականացվում է հարաբերական անդորրի պայմաններում, քանի որ ցանկացած պահի կարող է նոր գնդակոծություն սկսվել։ «Իհարկե անդորրը բավականին պայմանական է՝ հաշվի առնելով, որ երեկ հենց տարհանվածներով ավտոբուսները շարժվել են «Ազովստալի» տարածքից, միանգամից նոր հրաձգություն է սկսվել․․․ եթե չկան քարոզչական ալիքներ, ապա ամեն ինչ մի փոքր այլ կերպ է ընթանում, քան ցույց են տալիս հեռուստցույցով», - ասել է Անդրյուշչենկոն։   Նորա Վանյան
14:38 - 02 մայիսի, 2022
ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայից նրա զորքերը դուրս բերելուց հետո․ Գերմանիայի ԱԳ նախարար

ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայից նրա զորքերը դուրս բերելուց հետո․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն ասել է, որ հակառուսական պատժամիջոցները կարող են չեղարկվել Ուկրաինայում պատերազմի ավարտից և ռուսական զորքերի դուրսբերումից հետո։ Սակայն Ռուսաստանի թելադրած պայմաններով խաղաղությունն անվտանգություն չի բերի ոչ Ուկրաինային, ոչ Եվրոպային, կարծում է նախարարը։ «Հրադադարը միայն առաջին քայլն է լինելու։ Մեզ համար պարզ է, որ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը»,— «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ ասել է Բերբոկը գերմանական Bild-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ խաղաղ կարգերը, որ գոյություն ունեին եվրոպայում, «անդառնալիորեն խախտվել են» Վլադիմիր Պուտինի քաղաքականության պատճառով։ Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել այնպես, ինչպես նախկինում։ «Մենք այլևս երբեք չենք կարող հույս դնել միայն Պուտինի խոստումների վրա», - ասել է նա։   Նորա Վանյան
17:17 - 01 մայիսի, 2022
Նենսի Փելոսին և Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Կիևում

Նենսի Փելոսին և Վլադիմիր Զելենսկին հանդիպել են Կիևում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Կիև է այցելել և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, գրում է ՈւՆԻԱՆ-ը։ Ինչպես հաղորդվում է Ուկրաինայի նախագահի Տելեգրամ-ալիքում, սա ԱՄՆ պաշտոնական պատվիրակության առաջին այցն է Ուկրաինա՝ լայնամասշտաբ ռուսական ներխուժումից ի վեր։ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու համար․ «Շնորհակալ եմ ԱՄՆ, ժողովրդի, Կոնգրեսի [․․․] կողմից այս հզոր աջակցության ազդակի համար։ Այս ազդակը բարձր եմ գնահատում ես՝ որպես նախագահ, մեր թիմը և Ուկրաինայի ժողովուրդը։ Դա վկայում է այն մասին որ ԱՄՆ-ն այսօր Ուկրաինային ցուցաբերվող հզոր աջակցության առաջատարն է՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պատերազմը ժամանակ»։ Իր հերթին, Նենսի Փելոսին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային պայքարի համար և ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի «կողքին է լինելու», քանի դեռ այդ պայքարը չի ավարտվել։   Նորա Վանյան
14:22 - 01 մայիսի, 2022
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ուկրաինական եգիպտացորենով բեռնված նավը դուրս է գալիս Ռումինիայի նավահանգիստից

Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ուկրաինական եգիպտացորենով բեռնված նավը դուրս է գալիս Ռումինիայի նավահանգիստից

Ռումինիայի Կոնստանցա սևծովյան նավահանգստում երեկ ավարտվել է 71  հազար տոննա ուկրաինական եգիպտացորեն տեղափոխող նավի բեռնումն Ուկրաինայում փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմից ի վեր առաջին անգամ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Comvex նավահանգստային օպերատորի ղեկավար Վիորել Փանայթը։ Քանի որ Ուկրաինայի նավահանգիստներն արգելափակվել են պատերազմի մեկնարկից հետո, աշխարհում հացահատիկային կուլտուրա արտահանող մեծությամբ չորրորդ երկիրը ստիպված էր բեռները գնացքով տեղափոխել Ռումինիա իր արևմտյան սահմանով կամ Դանուբի փոքր նավահանգիստներով։ «Սա ուկրաինական եգիպտացորենով բեռնված «պանամաքս» տիպի առաջին նավն է, որը դուրս է գալու նավահանգստից», - ասել է Փանայթը։ «Ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելը նշանակում է կանխարգելել համաշխարհային սովի հսկայական ալիքը, որը հրահրել է ուկրաինական նավահանգիստների արգելափակումը», - հավելել է Փանայթը։ Ներկա պահին Կոնստանցա է ուղարկվել շուրջ 80 հազար տոննա ուկրաինական հացահատիկ, ևս 80 հազար տոննան ճանապարհին է։   Նորա Վանյան
18:33 - 29 ապրիլի, 2022
Մարիուպոլից դուրս են բերվել Այվազովսկու և Կուինջիի նկարները

Մարիուպոլից դուրս են բերվել Այվազովսկու և Կուինջիի նկարները

Հովհաննես Այվազովսկու և Արխիպ Կուինջիի մի քանի նկարներ ժամանակավորապես դուրս են բերվել Մարիուպոլի գեղարվեստի  պատկերասրահից՝ ապահովելու համար դրանց պահպանությունը։ Դրանք տեղափոխվել են Դոնեցկի գավառագիտական թանգարան։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է Դոնեցկի գավառագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Մարինա Մաքսիմչուկը՝ նշելով, որ Մարիուպոլի գավառագիտական թանգարանից դուրս է բերվել նաև 820 նախահեղափոխական գիրք։ «Նկարները դուրս ենք բերել [Մարիուպոլի] գեղարվեստի թանգարանից։ Այնտեղ Կուինջիի և Այվազովսկու մի քանի նկարներ կան՝ Կուինջիի «Աշուն։ Ղրիմ», «Կարմիր մայրամուտ» նկարները, վերջինիս արժեքը կարող է հասնել մինչև մեկ ու կես միլիոն դոլարի, նաև նրա «Էլբրուս կամ Կովկասյան լեռներ»։ Բացի դրանից՝ Այվազովսկու մեկ նկար, որի անվանումը նշված չէ», - ասել է Մաքսիմչուկը։   Նորա Վանյան
17:24 - 29 ապրիլի, 2022
Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստվելու է G20-ի գագաթնաժողովին, սակայն մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և G20-ում նախագահող Ինդոնեզիայի առաջնորդ Ջոկո Վիդոդոյի միջև։ «Պուտինը հաջողություններ է մաղթել [Մեծ] քսանյակի խմբում ինդոնեզական նախագահությանն ու հավաստիացրել, որ Ռուսաստանը կանի հնարավոր և անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նպաստի այդ հաջող նախագահությանը։ Ռուսաստանը նաև պատրաստվելու է այդ գագաթնաժողովին։ Դեռևս վաղ է խոսել մեր մասնակցության մյուս մանրամասների մասին։ Ժամանակին ձեզ կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը։ Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք Պուտինն Ինդոնեզիա կմեկնի G20-ի՝ գագաթնաժողովին մասնակցելու, թե տեսակապով կմիանա։ Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցով դեռ որոշում չի կայացվել։   Նորա Վանյան
16:54 - 29 ապրիլի, 2022
Քիշնևն ուկրաինական պատերազմում Մերձդնեստրի ներգրավման վտանգ չի տեսնում

Քիշնևն ուկրաինական պատերազմում Մերձդնեստրի ներգրավման վտանգ չի տեսնում

Մոլդովայի իշխանությունն ուկրաինական պատերազմում Մերձդնեստրի ներգրավման վտանգ չի տեսնում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Մոլդովայի վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլեգ Սերեբրիանը։ Նշենք, որ օրերս չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունում պայթյուններ էին հնչել։ Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին դրանք «ահաբեկչություն» էր անվանել, իսկ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ շրջանում լարվածությունն առաջացնում են «դրա ներսում գործող որոշակի ուժեր»։ «Մենք կարծում ենք, որ այդ շրջանում ռազմական մասնակցության վտանգ չկա։ Դրանք պայթյուններ են, որոնք չեն կարող չազդել բարոյական, հոգեբանական վիճակի վրա, սակայն այստեղից մինչև ռազմական հակամարտությանը Մոլդովայի Հանրապետության ներգրավման ռիսկերի մասին խոսելը հեռու է։ Վտանգ չկա, որ այս լարվածությունը, որը չի կարելի անտեսել, ռազմական կոնֆլիկտի կվերաճի», - ասել է Սերեբրիանը։   Նորա Վանյան
15:36 - 29 ապրիլի, 2022
Պատժամիջոցների պատճառով կասեցվել է «Բորժոմի» հանքային ջրի արտադրությունը Վրաստանում

Պատժամիջոցների պատճառով կասեցվել է «Բորժոմի» հանքային ջրի արտադրությունը Վրաստանում

«IDS Borjomi Georgia» ընկերությունն այսօրվանից կասեցնում է իր աշխատանքը Վրաստանի Բորժոմի քաղաքի իր երկու գործարաններում, հայտնում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով ընկերության տարածած հայտարարությունը։ Որպես ստեղծված իրավիճակի հիմնական պատճառ նշվում են ֆինանսական դժվարությունները, որոնք սկսվել են Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։ «Բարդ իրավիճակը, որը ստեղծվել է ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկաներում, վատթարացել է բանկային հաշիվների սահմանափակ հասանելիության պատճառով, ինչն ընկերության համար փակում էր արտարժութային եկամտի ստացման ու վարկատուներին վճարելու հնարավորությունը», -ասված է հայտարարությունում։ Ընկերությունը հույս ունի, որ մոտ ապագայում իրավիճակը կբարելավվի, և հնարավոր կլինի աշխատանքի վերադառնալ։ Մինչև վերջերս «Բորժոմի» հանքային ջրի միակ արտադրողը «IDS Borjomi Georgia» ընկերությունն էր, որը մտնում է «IDS Borjomi International»-ի կազմի մեջ, իսկ այն պատկանում է ռուսական «Ալֆա գրուպ» կառույցին։ «Բորժոմի» արտադրանքը պատկանում է ռուսաստանցի ձեռնարկատեր, «Ալֆա բանկի» հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանին, որի նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել Ուկրաինայում սկսված պատերազմի պատճառով։   Նորա Վանյան  
14:18 - 29 ապրիլի, 2022
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևում «Արտյոմ» ձեռնարկության արտադրամասերի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևում «Արտյոմ» ձեռնարկության արտադրամասերի ոչնչացման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել են Կիևի հրթիռատիեզերական ոլորտի «Արտյոմ» ձեռնարկության արտադրամասերի ոչնչացման մասին, գրում է «Ինտերֆաքսը»։ «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել են Կիևում հրթիռատիեզերական ոլորտի «Արտյոմ» ձեռնարկության արտադրամասերը», - հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է նաև, որ հարվածներ են հասցվել «Ուկրաինայի տասը ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակման ինը շրջանների, ինչպես նաև Իլյիչովկա բնակավայրի հատվածում ռազմամթերքի պահեստի»։ Նշենք, որ երեկ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կիևում գտնվելու ժամանակ, Ուկրաինայի մայրաքաղաքը մի քանի հրթիռային հարվածների է ենթարկվել։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հրթիռները խոցել են ինչպես ռազմական օբյեկտ, այնպես էլ բնակելի շենք։ Փրկարար ծառայությունը հայտնել է 10 վիրավորի մասին։   Նորա Վանյան
14:04 - 29 ապրիլի, 2022
Որքա՞ն թանկ է աշխարհի վրա նստելու ընդլայնվող ուկրաինական պատերազմը․ CNN

Որքա՞ն թանկ է աշխարհի վրա նստելու ընդլայնվող ուկրաինական պատերազմը․ CNN

Պատերազմն Ուկրաինայում, որը սկսվել է այս տարվա փետրվարի 24-ին, շարունակվում է, և քաղաքական գործիչներն ու փորձագետները դժվարանում են դրա ավարտի ժամկետների մասին կանխատեսումներ անել։ Այսօր ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ այն կարող է տևել «ամիսներ և անգամ տարիներ», իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը նշել է, որ «հինգից տասը տարի» տևելու հավանականության կա։ CNN-ը գրում է աշխարհի մյուս երկրների վրա այս պատերազմի հնարավոր ազդեցության մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Շատ պատերազմներ՝ առաջին աշխարհամարտից մինչև իրաքյան հակամարտություն, սկզբից թվում է, թե արագ են ավարտվելու՝ կարճ բայց մեծ շոկ բերելով։ Սակայն հաճախ դրանք, ի հեճուկս կանխատեսումների, վերածվում են տևական հակամարտության, որը, դոմինոյի էֆեկտի պես առաջացնում է հեռահար քաղաքական, տնտեսական և հումանիտար հետևանքներ։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմն այս ուղով է գնում։ Սկզբից բլիցկրիգ էր կանխատեսվում՝ Կիևի գրավմամբ, սակայն պատերազմը տևելու է շաբաթներ և ամիսներ, եթե ոչ ավելին։ Պատերազմի հետևանքներն արդեն ծանր են։ Միշտ հավանականություն կա, որ այն կտարածվի և էլ ավելի թեժ դիմակայության կվերածվի, ինչպես ռազմական, այնպես էլ Ռուսաստանից էներգակիրների արտահանման առումով, որոնց կարիքն այնքան զգում է Եվրոպան։ Ամեն անգամ, երբ այնպիսի խոշոր միջուկային տերություններ, ինչպիսիք են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ներքաշվում են անգամ անուղղակի կոնֆլիկտի մեջ, ուղիղ առճակատման հավանականություն է ստեղծվում։ Ավելի տևական պատերազմն արևմտյան առաջնորդների համար ավելի մեծ անորոշություն է նշանակում։ Գլոբալ պարենային անապահովությունն, ըստ ամենայնի, կխորանա ոչնչացված ուկրաինական բերքի պատճառով, ինչը կարող է ավելացնել անկայունությունն ու հուզումներն աշխարհում։   Ինչո՞ւ է պատերազմը ձգձգվելու Կա մի հիմնական պատճառ, թե ինչու է պատերազմը ձգձգվելու։ Ռազմավարական պատկերն Ուկրաինայում, երբ երկրներից մեկը հեռու է պարտվելուց, իսկ զավթիչը տապալված չէ, նշանակում է, որ կողմերից ոչ մեկը ուժեղ դրդապատճառ չունի՝ պատերազմին վերջ տալու համար ակտիվ դիվանագիտություն վարելու։ Ուկրաինական քաղաքացիական բանակի հերոսությունն ու արևմտյան զենքի աճող մատակարարումները հույս են ներշնչում, որ Կիևը կհաղթի։ Պուտինն, իր հերթին, դեռ չի հասել իր նպատկներից ոչ մեկին Կիևի մատույցներից նվաստացուցիչ նահանջից հետո։ Չնայած կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստների մասին հաղորդագրություններին՝ նրա գեներալները ռազմական նոր խնդիրներ են դրել զորքերի առջև՝ գրավել Ուկրաինայի ողջ հարավային ափն ու շնչահեղձ անել երկիրը՝ փակելով ելքը դեպի Սև ծով։ Ուկրաինան մտավախություն ունի, որ մարտի դաշտն ընդլայնվելու է։ Պաշտոնատար անձինք երեկ զգուշացրել են հարավ-արևմուտքում՝ Մոլդովայի սահմանի երկյանքով, հնարավոր նոր ճակատի մասին՝ ռուսամետ Մերձդնեստր անկլավի մասնակցությամբ։ Իսկ լայնամասշտաբ էներգետիկ պատերազմի սպառնալիքը, որը կարող է ռեցեսիայի և լուրջ բարդությունների հանգեցնել Եվրոպայում և կողմնակի ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում, ավելի իրական է դարձել երեկ, երբ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումները Լեհաստանին և Բուլղարիային՝ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներին, որոնք ժամանակին Խորհրդային Միության ուղեծրում էին։   Երկարատև պատերազմից տուժում են բոլորը Տևական պատերազմի հիմնական արդյունքը […] դժբախտաբար լինելու է այն, որ ավելի շատ ուկրաինացիներ են սպանվելու կամ ստիպված լինելու լքել իրենց տները։ Նշանները, որ պատերազմն ամիսներ է տևելու, խորացնելու են արդեն սարսափելի տնտեսական ցնցումները։ Համաշխարհային բանկն, օրինակ, երեկ զգուշացրել է, որ հակամարտության հետևանքով գրանցվել է լայն սպառման ապրանքների ամենամեծ աճը վերջին 50 տարում։ Ցորենի գների աճն աղքատությունից տառապող երկրներում կենաց և մահու հարց է միլիոնավոր մարդկանց համար։ Երեկ Պուտինը միջուկային սպառնալիքներ է հնչեցրել՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի թշնամիները, որոնք միջամտում են Ուկրաինայի գործերին, թանկ են վճարելու։ «Մենք ունենք գործիքներ, որոնցով ոչ ոք չի կարող պարծենալ։ Իսկ մենք դրանցով չենք պարծենալու, մենք դրանք օգտագործելու ենք, եթե անհրաժեշտ լինի»։ Նրա խոսքերը տագնապալի հիշեցում են հակամարտության սրացման մշտական վտանգի մասին, հատկապես, որ ԱՄՆ-ն փորձության է ենթարկում Ռուսաստանի «կարմիր գծերը»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Վաշինգտոնում և Մոսկվայում երկուստեք ընդունում են, որ այս պատերազմը շատ ավելի ուրիշ բանի մասին է, քան միայն Ուկրաինայի և կարող է դառնալ երկարատև և ավելի ընդլայնված աշխարհաքաղաքական պայքարի մեկնակետ»։   Նորա Վանյան   Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի
19:47 - 28 ապրիլի, 2022
ՆԱՏՕ-ն պատրաստ է տարիներով աջակցել Կիևին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պատրաստ է տարիներով աջակցել Կիևին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պատրաստ է տարիներով աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, այդ թվում՝ օգնություն ցուցաբերել խորհրդային ժամանակների զենքից ժամանակակից արևմտյան զենքի և համակարգերի անցում կատարելու հարցում, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այսօր ավելի վաղ Կրեմլը զգուշացրել էր, որ արևմտյան զենքի, այդ թվում՝ ծանր սպառազինության մատակարարումներն Ուկրաինային, սպառնալիք են եվրոպական աշխարհամասի անվտանգությանը և «անկայունություն են հրահրում»։ «Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ զարգացումների։ Բացարձակ հավանականություն կա, որ այս պատերազմը կտևի ամիսներ և տարիներ», - հայտարարել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած երիտասարդական գագաթնաժողովին։ ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ Արևմուտքը շարունակելու է պատժամիջոցների և Կիևին ցուցաբերվող տնտեսական և ռազմական օգնության տեսքով առավելագույնս ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի նա դադարեցնի ներխուժումն Ուկրաինա։   Նորա Վանյան
17:43 - 28 ապրիլի, 2022