ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել Փաշինյանի գրանցման ու ՔՊ ցուցակի անվավեր ճանաչման դիմումների վերաբերյալ

ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել Փաշինյանի գրանցման ու ՔՊ ցուցակի անվավեր ճանաչման դիմումների վերաբերյալ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 13-ին գումարած նիստում քննության է առել Էդգար Ղարզարյանի և Նաիրա Զոհրաբյանի դիմումները։ Դրանցից առաջինով պահանջվել էր անվավեր համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել։ Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ էր դիմել՝ պահանջելով, որ հանձնաժողովը դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Նրա դիմումի հիմքում նաև այն պատճառաբանությունն է եղել, որ քարոզարշավին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնչեցնում է վիրավորանքներ: Նիստը վարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ հանձնաժողովը մերժեց Էդգար Ղազարյանի դիմումը, որն, ըստ հանձնաժողովի, ներկայացվել է ոչ իրավասու կառույցի կողմից. դա պետք է լիներ կուսակցությունը կամ դաշինքը, որը մասնակցում է տվյալ ընտրություններին։ Այս որոշումը ԿԸՀ-ն կայացրեց 5 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նաիրա Զոհրաբյանի դիմումը ևս մերժվեց նույն հիմնավորումով և ձայների նույն հարաբերակցությամբ։ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ մերժումների որոշումները կարող են եռօրյա ժամկետում բողոքարկվել Վարչական դատարանում:
19:36 - 13 հունիսի, 2021
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի թեկնածուին ազատությունից զրկելու միջնորդությունը

ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի թեկնածուին ազատությունից զրկելու միջնորդությունը

ՀՀ ԿԸՀ-ն բավարարել է Արմավիրի մարզում հայտնաբերված ընտրակաշառքի միջնորդության գործով պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնոդրությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Տեղեկացրել էինք, որ դաշինքի օգտին քվեարկելու նպատակով ընտողներին առերևույթ ընտրակաշառք բաժանելու համար 9մլն դրամ գումարի փոխանցման պահին բռնվել էին Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը և Ջանֆիդա գյուղի մի բնակիչ, որոնք բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին և ձերբակալվել։ Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ-ում: Հաշվի առնելով, որ Արմավիրի նախկին քաղաքապետը նաև ընդգրկված էր ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններով: Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն տվել է համաձայնությունը: ԿԸՀ որոշումներն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և հանձնարարվել է անձին առաջադրել մեղադրանք և կատարել մյուս անհրաժեշտ դատավարական գործողությունները։ Քրեական գործով մյուս ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու համար։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Ավելորդ չեմ համարում կրկնել դատախազության կոչն առ այն, որ ամեն ինչ արվելու է նմանատիպ հանցավոր ցանկացած արարքի կանխարգելման, իսկ կատարվելու դեպքում՝ բացահայտման ուղղությամբ: Հետևաբար անհրաժեշտ է զերծ մնալ ապօրինի գործողություններ կատարելուց, քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ապօրինի ճնշում գործադրելու որևէ փորձից»,- գրել է նա։
10:48 - 13 հունիսի, 2021
«Անկախ դիտորդը» դիմել է վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին

«Անկախ դիտորդը» դիմել է վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին

«Անկախ դիտորդը» դիմել է վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Դանիել Իոաննիսյանը։ «Ինչպես գիտեք` ԿԸՀ-ն թերի հիմնավորված մի որոշում էր կայացրել, որով Ռոբերտ Քոչարյանի «գրքի» պաստառները պետք է հեռացվեին ու շատ քիչ բան էր արել` դատարանում այդ որոշումը պաշտպանելու համար (և դատարանը որոշումը ուժը կորցրած ճանաչեց)։ Նախորդ շաբաթ դիմել էինք ԿԸՀ նախագահին` պահանջելով տալ վարույթի նյութերի, Քոչարյանի հայցադիմումի ու ԿԸՀ առարկությունների պատճենները։ Սակայն Տիգրան Մուկուչյանը, կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները` մերժել էր տեղեկատվության տրամադրումը։   Արդյունքում, Տիգրան Մուկուչյանը, հակաիրավական այդ քայլով, ոչ միայն խախտել է դիտորդություն իրականացնող կազմակերպության իրավունքը, այլև հանրությունից գաղտնի է պահել այն, թե ինչ է ԿԸՀ-ն արել Ռոբերտ Քոչարյանի պաստառները հանելու ու հավասար մրցակցությունը ապահովելու համար։ Կարող ենք ենթադրել, որ ԿԸՀ նախագահը գնում է այդ քայլին, որպեսզի հանրությունից գաղտնի պահվի այն, որ ԿԸՀ-ն էապես թերացել է իր այդ գործում։ Հիմք ընդունելով վերոգրյալը և նպատակ ունենալով պաշտպանել ընտրությունների թափանցիկությունը, մենք դիմել ենք Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ԿԸՀ նապագահին տրամադրել այդ տեղեկատվությունը և վարչական պատասխանատվության ենթարկել Տիգրան Մուկուչյանին (ՎԻՎՕ 189.7 հոդվածով)։ Միաժամանակ, մեր դիտոդը վարչական դատարանում` օրենքով սահմանված կարգով ծանոթացել է գործի նյութերին (և դրանց բովանդակության հիման արվող քայլերի մասին կտեղեկացնենք առանձին)։ «Անկախ դիտորդը» շարունակում է դիտարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու Վարչական դատարանին (ընտրական գործերի սահմաններում)»։
22:10 - 11 հունիսի, 2021
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը կսատարի «Հայաստան» դաշինքին. հայտարարություն

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը կսատարի «Հայաստան» դաշինքին. հայտարարություն

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ելնելով Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման հրամայականից, Առաջնորդվելով ճգնաժամային իրավիճակում հմուտ առաջնորդի ընտրության կարևորությամբ, Կարևորելով երկրում իշխանափոխության անխուսափելիությունը, Ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստան» դաշինքի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում երկրի զարգացման հեռանկարների հարցում «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթների վերաբերյալ արձանագրված փոխըմբռնումը, մասնավորապես՝ Փոքր և միջին ձեռնարկատիրության ռազմավարական կարևորություն. հարկային հնարավոր արտոնութունների սահմանում ու ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցների ներգրավում, Պետական բյուջեից գիտությանը հատկացվող գումարների շեշտակի աճ՝ օրենքով համապատասխան տոկոսի ամրագրումով, «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը որոշեց 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին սատարել «Հայաստան» դաշինքին՝ կուսակցության անդամներին ու համակիրներին կոչ անելով քվեարկել հանուն ուժեղ ու հզոր Հայաստանի, ակտիվ մասնակցել ընտրական գործընթացներին»:
15:24 - 11 հունիսի, 2021
ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է առերևույթ ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնոդրությունները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  Ինչպես մեր կողմից տեղեկացվել էր ավելի վաղ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին արտահերթ խորհդրարանական ընտրություններին մասնացկող կուսակցություններից մեկի Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը և նույն գրասենյակի քարտուղարը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ-ում: Հաշվի առնելով, որ ձերբակալվածներից կուսակցության տարածքային գրասենյակի ղեկավարը նաև ընդգրկված էր տվյալ կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով երեկ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար: Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն իր ընդունած որոշումներով տվել է համաձայնությունը: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ԿԸՀ որոշումներն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և տրվել է անձին մեղադրանք առաջադրելու և անհրաժեշտ դատավարական գործողությունները կատարելու հանձնարարություն: Նշված գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 7 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ ընտրակաշառք տալու, 6-ին՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով: «Դատախազությունը հավաստիացնում է, որ իրավապահ մյուս մարմինների հետ հետևողական է լինելու նմանատիպ հանցավոր ցանկացած արարքի բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, ինչպես նաև մեղավորներին համաչափ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում: Ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին կոչ ենք անում զերծ մնալ ընտություններին առնչվող ապօրինի գործողություններ կատարելուց, հանցավոր հարաբերությունների մեջ մտնելուց, որևէ եղանակով քաղաքացիների ազատ ընտրության վրա ներազդելուն ուղղված քայլերից: Ցանկացած նման արարք արժանանալու է հնարավոր ամենախիստ իրավական հակազդեցության»,- գրել է Աբրահամյանը:
15:17 - 11 հունիսի, 2021
ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության գրանցումը |hetq.am|

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության գրանցումը |hetq.am|

hetq.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ուժը կորցրած ճանաչեց 2021թ. հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նիստի ժամանակ զեկուցեց, որ այսօր՝ հունիսի 10-ին, ԿԸՀ-ն դիմում է ստացել կուսակցության ղեկավարից, որով հայտնել են ինքնաբացարկի մասին: ԿԸՀ 7 անդամից նիստին մասնակցում էր 6-ը: 6 կողմ ձայնով ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել կուսակցության գրանցումը: Կուսակցությունը հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով չեղարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի զինված ուժերի օկուպացիայից, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո միայն կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: «Մենք՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին իբրև մասնակցող կուսակցություններս, հունիսի 7-ից սկսած, ի՞նչ սրտով պետք է Հայաստանում, հատկապես Սյունիքում և Գեղարքունիքում նախընտրական քարոզչություն իրականացնենք, երբ, դեռևս այս պահի դրությամբ, օկուպացված է Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ»,- ասված էր կուսակցության հայտարարությունում:
16:01 - 10 հունիսի, 2021
ԱԺԲ-ն բողոք է հղել ԿԸՀ-ին՝ կապված քարոզարշավի ընթացքում հնչող ատելության խոսքի և բռնության կոչերի հետ

ԱԺԲ-ն բողոք է հղել ԿԸՀ-ին՝ կապված քարոզարշավի ընթացքում հնչող ատելության խոսքի և բռնության կոչերի հետ

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը բողոք է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ Գլխավոր դատախազին։ «Հարգելի՛ պարոն Մուկուչյան 2021 թ. հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Քարոզարշավի երկրորդ օրը, հունիսի 8-ին, ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված որոշ քաղաքական ուժեր աչքի են ընկել բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով, միմյանց սպառնալի վերջնագրեր ներկայացրել, քարոզել ոչ թե քաղաքական միտք, այլ՝ ատելության խոսք։ Այսօր՝ հունիսի 9-ին քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը հրապարակել է նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ։   Այս ամենը կատարում են քաղաքական ուժերի առաջնորդները, այն է՝ վարչապետի հավանական թեկնածուները։   Ընտրական գործընթացի շահառուն ու իրավատերը ՀՀ քաղաքացին է։ Վերոնշյալ քաղաքական անթույլատրելի վարքագիծը հասցեագրված է ՀՀ քաղաքացուն։ Հրապարակայնորեն միմյանց հայհոյող ու սպառնացող քաղաքական «գործիչները» չեն թաքցնում իրենց առհամարանքն ու անհարգալից վերաբերմունքը ՀՀ քաղաքացու ու պետության նկատմամբ։   ՀՀ Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»։   Օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը դա միայն քվեաթերթիկ տպելը կամ հանձնաժողովների կազմեր ձևավորելը չէ։ Դա միայն եթերաժամերը վիճակահանությամբ որոշելը կամ թեկնածուների ներկայացրած թղթերի ստուգելը չէ։   ԿԸՀ-ի իրական առաքելությունը շատ ավելի մեծ է, քան ընթացակարգային գործառույթներ իրականացնելը։   ԿԸՀ-ն պարտավոր է ՀՀ քաղաքացու համար ապահովել ոչ թե ձևական (ֆորմալ), այլ՝ բովանդակային ընտրություն բացառապես օրինականության չափանիշներով գործընթացին մասնակցող քաղաքական միավորների ու թեկնածուների մասնակցությամբ։   Սույն բողոքով պահանջում եմ հրավիրել ԿԸՀ-ի արտահերթ կամ հրատապ նիստ և քննարկել հունիսի 8-9-ին բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով հանդես եկած, ինչպես նաև սպառնալիքի ու ատելության խոսք տարածող և ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված բոլոր քաղաքական ուժերի (թեկնածուների) գրանցումը անվավեր ճանաչելու հարցը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։  
10:00 - 10 հունիսի, 2021
14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

hetq.am: 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից բացի Կենտրոնական ընտրական հանձնաժողով գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում նաև կուսակցությունները և դաշինքները: Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հայտարարագրերն ըստ գրանցման հերթականության: Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Ընտրությանը մասնակցում են 26 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Առանձին մասնակցող կուսակցություններից և դաշինքներում ընդգրկված կուսակցություններից 14-ի հայտարարագրերը դատարկ են. ոչ եկամուտ են հայտարարագրել, ոչ դրամական միջոց ու գույք: 1. «Արդար Հայաստան» կուսակցություն Կուսակցությունը վերջերս՝ 2021թ. մայիսի 21-ին է ստացել պետական գրանցում: Այդ իսկ պատճառով կուսակցության հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն Վերը նշված ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 11 մլն 478 հազար 500 դրամ, որը գոյացել է անդամավճարներից և նվիրատվություններից: Հաշվին առկա դրամական միջոցները համեմատաբար քիչ են՝ 506 հազ. 482 դրամ: Հայ ազգային կոնգրեսն ունի մեկ անշարժ գույք, որը Սարյան փողոցի վրա գտնվող կուսակցության շենքն է: Տարածքը կազմում է 297 քմ: 3․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Կուսակցությունը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Եկամուտները կազմում են մոտ 69 մլն դրամ, որից 39 միլիոնը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացած մասը՝ անդամավճարները և նվիրատվությունները: ՔՊ կուսակցությունը հայտարարագրել է նաև ֆինանսական միջոցներ, որը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 22 մլն 240 հազար դրամ:  4․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է: Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 19-ին: Այդ պատճառով հայտարարագիրը դատարկ է: Չի հայտարարագրվել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ: 5․ «Ազատություն» կուսակցություն Կուսակցությունը որևէ գույք չի հայտարարագրել՝ ոչ շարժական, ոչ անշարժ: Եկամուտները կազմել են 10 մլն 565 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար, որը գոյացել է կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և ընտանիքի անդամի վճարումներից: 6․ «Պատիվ ունեմ» դաշինք Դաշինքի մեջ մտնում է երկու՝  «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները: «Հանրապետական» կուսակցությունը հայտարարագրել է 78 միավոր անշարժ գույք՝ հողատարածքներ և շենք-շինություններ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Կուսակցությունն ունի մեկ ավտոմեքենա՝ 1993թ. արտադրության «Վազ 2121»: Հանրապետական կուսակցության եկամուտները կազմել են մոտ 211 մլն 200 հազար դրամ, որից 5 մլն 208 հազար դրամը՝ պետական բյուջեից ստացած օրենքով նախատեսված ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից, նվիրատվություններից, վարձակալությամբ տրված տարածքների դիմաց ստացած վճարումներից ստացած գումարներն են: Կուսակցությունը նշված ժամանակահատվածում հայտարարագրել է դրամական միջոց՝ 2 մլն 784 հազար դրամ: «Հայրենիք» կուսակցությունը ոչ եկամուտ է հայտարարագրել, ոչ դրամական միջոց: Ըստ հայտարարագրի՝ կուսակցությունն ունի 3 անշարժ գույք, որից երկուսն օգտագործում է վարձակալության հիմունքներով, մեկը՝ անհատույց: 7․ «Միասնական Հայրենիք» ուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է պետական գրանցում ստացել՝ 2021թ. մայիսի 25-ին: Այդ իսկ պատճառով ոչինչ հայտարարագրված չէ: 8․ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 21-ին: Հայտարարագրված որևէ գույք չկա: 9․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 61 մլն 914 հազար դրամ, որից 7 մլն 57 հազարը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից և նվիրատվություններից ստացածը: Կուսակցության հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 32 մլն 500 հազար դրամ: «Լուսավոր Հայաստան»-ը վարձակալական հիմունքներով օգտագործում է 5 միավոր շենք-շինություն՝ Երևան, Գյումրի, Մարտունի, Հրազդան, Եղեգնաձոր համայնքներում: 10․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն Կուսակցությունը թեև պետական գրանցում ստացել է 2018թ. սեպտեմբերի 28-ին, սակայն որևէ գույք, դրամական միջոց, եկամուտ չի հայտարարագրել: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 11․ «Հանրապետություն» կուսակցություն Կուսակցության եկամուտը կազմել է 10 մլն դրամ, որը գոյացել է անդամավճարներից: Իսկ դրամական միջոցները կազմել են մոտ 1 մլն 30 հազար դրամ: Կուսակցությունը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել: 12․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն Կուսակցությունը գրանցվել է 2018թ․, սակայն որևէ գույք, դրամական միջոց և եկամուտ չի հայտարարագրել: 13․ «Ազատ Հայրենիք» Դաշինք Դաշինքի մեջ մտնում են 5 կուսակցություն՝ Պահպանողական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարների Դաշինք կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը, Հայ կառուցողական կուսակցությունը և Հայաստանի կանաչների կուսակցությունը: Պահպանողական կուսակցությունը թեև գրանցվել է 1991թ․, սակայն, ըստ հայտարարագրի, ոչ գույք ունի, ոչ եկամուտ ու դրամական միջոցներ: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: Նույնը նաև 2003թ․ պետական գրանցում ստացած Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության դեպքում: Հայտարարագրի բոլոր սյունակները դատարկ են: Հայ կառուցողական և Հայաստանի կանաչների կուսակցությունները դարձյալ ոչինչ չեն հայտարարագրել: Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը միայն եկամուտ է հայտարարագրել՝ 120 հազար դրամ: Կուսակցության եկամուտը գոյացել է երկու նվիրատվություններից: 14․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է միայն կառավարության կողմից պետբյուջեի միջոցներից հատկացրած աջակցությունը՝ 9 մլն 151 հազար դրամ: Իսկ կուսակցության հաշվին եղել է 573 հազար դրամ:  «Բարգավաճ Հայաստանը» ոչ գույք, ոչ էլ այլ եկամուտ չի հայտարարագրել: Ստացվում է, որ կուսակցությունը նույնիսկ անդամավճար չի հավաքել: 15․ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտը գոյացել է միայն անդամավճարից՝ 3 մլն 685 հազար դրամ: Կուսակցության հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 1 մլն 565 հազար դրամ: «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության հայտարարագրի մնացած տողերն ազատ են: 16․ «5165 Ազգային Պահպանողական Շարժում» կուսակցություն Կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2005թ․: Կուսակցությունը չի հայտարարագրել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ ու եկամուտ:  Շարունակությունը՝ hetq.am-ում
11:11 - 09 հունիսի, 2021
Միհրան Պողոսյանի՝ կեղծ տեղեկանքներ ներկայացնելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

Միհրան Պողոսյանի՝ կեղծ տեղեկանքներ ներկայացնելու փաստով քրեական գործ է հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը ԿԸՀ-ն այսօր անվավեր ճանաչեց՝ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես չբնակվելու պատճառով: Որոշանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի 7 անդամից 5-ը, դեմ՝ 2: ԿԸՀ նախագահն նիստին ասաց, որ 2021թ. մայիսի 18-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձը՝ վերջինիս վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացվել էր Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի հրամանը։ Դրա հիման վրա, սակայն, նրան տեղեկանք չէր տրամադրվել։ 2021թ. մայիսի 20-ին ԱՎ վարչությունում ստացվել է Միհրան Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը՝ տեղեկանք տրամադրելու հարցը կրկին քննարկելու խնդրանքով և ի հավելումն նախորդ փաստաթղթի՝ ներկայացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 15.01.2020թ. հրամանը՝ 2020թ. հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանին նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին։ Ներկայացված հրամանների և տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով մայիսի 22-ին հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան: Մայիսի 26-ին. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից: ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին,որ վերոնշյալ դեպքով քրեական գործ է հարցուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածով (Ապացույցները կեղծելը) և գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Այդ ընթացքում Պողոսյանը նաև մեկ այլ դիմում է ներկայացրել վիզաների վարչություն` այս անգամ Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից։ Այստեղ էլ, ըստ փաստաթղթի, Պողոսյանը նախապատրաստական ինչ–որ դասընթացի է մասնակցել։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
10:19 - 09 հունիսի, 2021
ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը |armenpress.am|

ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի դիմումն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը օրենքով սահմանված ժամկետից՝ հունիսի 7-ից, շուտ են սկսել իրենց քարոզարշավը: ԿԸՀ-ի հունիսի 8-ի նիստում նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Լևոն Բաղդասարյանի դիմումի բովանդակությունը: «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դիմումը ներկայացրել է 2021 թվականի հունիսի 5-ին: Նշվում է, որ թեպետ օրենքի ուժով քարոզարշավը սկսվելու է հունիսի 7-ից, սակայն որոշ կուսակցություններ ու դաշինքներ բացահայտ ձևով իրականացնում են քարոզարշավ: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը: Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը, դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Նա հարկ է համարում արձանագրել, որ թույլ տրված խախտումները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի 19 հոդվածը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը անվանվում է նախընտրական քարոզչություն: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է: «Նշված իրավանորմերի վերլուծությունը վկայում է, որ քարոզչություն իրականացնելու համար ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկօրյա ժամկետային սահմանափակում, այն է, քվեարկության օրը և դրա նախորդ օրը: Նշվածից զատ որևէ այլ ժամկետային սահմանափակում առկա չէ»,-ասաց Տիգրան Մուկուչյանը: Ինչ վերաբերում է դիմումի փաստարկին առ այն, որ տարբեր միջոցներով քարոզչության առկայությամբ խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը, ապա ԿԸՀ որոշմամբ, պնդումն անհիմն է: Որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի արգելված չէ քարոզչություն իրականացնելու հնարավորությունը: 
14:21 - 08 հունիսի, 2021