ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը |armenpress.am|
14:21 - 08 հունիսի, 2021

ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի դիմումն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը օրենքով սահմանված ժամկետից՝ հունիսի 7-ից, շուտ են սկսել իրենց քարոզարշավը: ԿԸՀ-ի հունիսի 8-ի նիստում նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Լևոն Բաղդասարյանի դիմումի բովանդակությունը:

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դիմումը ներկայացրել է 2021 թվականի հունիսի 5-ին: Նշվում է, որ թեպետ օրենքի ուժով քարոզարշավը սկսվելու է հունիսի 7-ից, սակայն որոշ կուսակցություններ ու դաշինքներ բացահայտ ձևով իրականացնում են քարոզարշավ: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը:

Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը, դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Նա հարկ է համարում արձանագրել, որ թույլ տրված խախտումները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի 19 հոդվածը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը անվանվում է նախընտրական քարոզչություն: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:

«Նշված իրավանորմերի վերլուծությունը վկայում է, որ քարոզչություն իրականացնելու համար ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկօրյա ժամկետային սահմանափակում, այն է, քվեարկության օրը և դրա նախորդ օրը: Նշվածից զատ որևէ այլ ժամկետային սահմանափակում առկա չէ»,-ասաց Տիգրան Մուկուչյանը: Ինչ վերաբերում է դիմումի փաստարկին առ այն, որ տարբեր միջոցներով քարոզչության առկայությամբ խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը, ապա ԿԸՀ որոշմամբ, պնդումն անհիմն է: Որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի արգելված չէ քարոզչություն իրականացնելու հնարավորությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել