Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Սևանում ձկան և խեցգետնի բավարար պաշար չկա. Բարդուղ Գաբրիելյան |aysor.am|

Սևանում ձկան և խեցգետնի բավարար պաշար չկա. Բարդուղ Գաբրիելյան |aysor.am|

aysor.am: Կարելի էր ինչ-որ բաներ ձեռնարկել, նախատեսել, որ գոնե մինչև այս սեզոնին ջուրը բարձանար, իսկ մենք ունենք հակառակ պատկերը, խոսելով Սևանա լճի կանաչման մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։ «Նույնիսկ անցած տարվա համեմատ ջրի մակարդակը բացասական հաշվեկշիռ ուներ։ Մենք բազմիցս խոսում ենք նաև ձկնային պաշարների կարևորության մասին՝ ասելով, որ դրանք պետք է դիտարկենք ոչ միայն սննդի աղբյուր, այլ որպես էկոհամակարգի վերին օղակ։ Ձուկը, սնվելով ջրային օրգանիզմներով, կլանում է այդ օրգանական նյութը, և եթե մենք որսում ենք այդ ձուկը, ջրում նվազեցնում ենք օրգանական նյութը՝ դրանով իսկ նվազեցնելով նաև այս ծաղկման պրոցեսը։ Բայց դրա համար մենք պետք է ունենանք ձկան և խեցգետնի բավարար պաշար, որն այսօր չկա», - ասաց Բարդուղ Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով ձկնային սակավ պաշարը, չի կարող առաջարկվել որս իրականացնել։ Ինչ վերաբերում է խեցգետնին, բանախոսն ասաց, որ այն նույնպես լճի համար համարվում է արդյունագործական օբյեկտ, ինչպես նաև սննդի և եկամուտի աղբյուր։«Ձկան պաշարների անկման պայմաններում այն բավական կարևոր դեր էր խաղում։ Բայց, ցավոք, էլի որոշ մարդիկ սխալ տվյալներով տալով՝ բերեցին նրան, որ մեր որոշում ընդունող մարմինները սխալ ճանապարհով գնացին, որսը չկառավարվեց։ Որսում էին այնքան, ինչքան կարողանում էին, և այսօր ունենք նաև խեցգետնի պաշարի խզում», - ասաց Բարդուղ Գաբրիելյանը։ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ հասել ենք այն պայմաններին, որ պաշարները նվազում են, միայն սիգի պաշարն է տարեցտարի ավելանում, սակայն այն էլ ոչ այն չափով, որքան կարող էր իր ներուժն ապահովվել։
08:34 - 10 հուլիսի, 2019
Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն․ ՀԲՃ անդամ

Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն․ ՀԲՃ անդամ

«Հայկական բապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Սևանի ճահճացման խնդրի մասին․ «Այս վիճակի իրական պատճառները հասկանալու համար գիտնականներին անհրաժեշտ են հավաստի և վստահելի ամբողջական տվյալներ Սևանա լճի ջրի որակի, կենսաբազմազանության, լճի աղտոտման աղբյուրների բոլոր պարամետրերի վերաբերյալ առնվազն վերջին 20 տարվա կտրվածքով։ Եթե չկան այդ տվյալները, ապա պատասխանատվություն պետք է կրեն բոլոր այն մարմինները՝ ովքեր դա պարտավոր էին անել։ Եթե կան այդ տվյալները և դրանք թաքցրել են հանրությունից, ապա թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Ափամերձ տարածքները չմաքրողները կամ վատ մաքրողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Լճի մակարդակի բարձրացումը 2012 թվից արհեստական կասեցնողները պետք է պատասխանատվություն կրեն։ Արփա-Սևան թունելի վերանորոգումը ձգձգողները պետք է պատասխանատվություն կրեն։ Իմ համեստ կարծիքով պետք է անհապաղ մաքրել ափամերձ տարածքներն ու ջրի տակ մնացած անտառաշերտերը և արագ տեմպերով բարձրացնել ջրի մակարդակը։Հետո պետք է անցնել մյուս քայլերին. մաքրման կայաններ, արհեստական ձկնաբուծարաններ, ձկնապաշարների վերականգնում և այլն»։
07:58 - 09 հուլիսի, 2019
Շրջակա միջավայրի նախարարը պարզաբանումներ է ներկայացրել Սևանա լճի վիճակի վերաբերյալ |hetq.am|

Շրջակա միջավայրի նախարարը պարզաբանումներ է ներկայացրել Սևանա լճի վիճակի վերաբերյալ |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանում մեկնարկել է կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին պատգամավորները հարցեր ուղղեցին Սևանա լճի որոշ ափերի կանաչելու վերաբերյալ։ «Կարո՞ղ եք պարզաբանում տալ, թե ինչ է տեղի ունենում Սևանի հետ, արդյոք փորձագիտական պետական մակարդակում արված եզրակացություն կա՞, թե պատճառը որն է»,-հարցրեց «Լուավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։Էրիկ Գրիգորյանն արձագանքեց՝ գործոնները մի քանիսն են։ «Կապտականաչ ջրիմուռների աճը, որը վիզուալ տեսանելի է, առկա է ինչպես Սև ծովում, Բայկալ լճում և այլն, սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։ Մեկը՝ Գեղարքունիքի կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորանների, հյուրանոցների աղտոտող նյութերը։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում»,-ասաց նախարարը։ Նախարարի խոսքով, սակայն, հիմնական պատճառն այն է, որ Սևանում առկա սառը շերտը՝ հիպոլինիումը, սահմանված մակարդակից նվազել է։ «Այդ մակարդակի բարձրացումը` վեց մետր, ըստ էության պետք է սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որ այդ օրգանական նյութերի աճը սահմանափակվի, և դրա հետևանքով ջուրը մնա բարձր որակի»,-ասաց Գրիգորյանը։Նախարարն ասաց նաև, որ ընթացիկ մոնիթորինգ են իրականացնում, դիմել են երկու միջազգային կազմակերպությունների։ «Նախադրյալներ ենք ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Սևանի լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալու համար, նաև դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ կատարվեն, հստակ ախտորոշումը կարվի և պարզ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն»,-ասաց Էրիկ Գրիգորյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց` արդյոք ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են, որպեսզի ափամերձ մաքրման աշխատանքները պատշաճ կերպով չիրականացնելու համար պատասխանատվության ենթարկվեն համապատասխան սուբյեկտները, քանի որ տարիներ շարունակ պետական բյուջեից հատկացումներ են արվել այդ մաքրման աշխատանքների համար։ Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ քրեական գործ է հարուցվել ջրառների հանդեպ՝ 2,8 միլիարդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու համար։ Նախարարի խոսքով՝ գործ է հարուցվել նաև Արփա-Սևան թունելի շինարարական աշխատանքների առնչությամբ։Ինչ վերաբերում է լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներին, նախարարն ասաց, որ վերլուծություններ են կատարել և փաթեթն ուղարկել դատախազություն։ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանն էլ հարցրեց, թե արդյոք նախարարության համար Սևանա լճի առկա վիճակն անակնկալ է եղել։ «Էդ որ խոշոր եղջերավոր անասունների անկում է եղել, ձկնատեսակները ոչնչանում են, հանկարծակի տեղեկատվությո՞ւն է ձեզ համար։ Կառավարության նիստերի ժամանակ քանի՞ անգամ եք ներկայացրել այս հարցերը, պատասխանատվություն կրո՞ւմ եք էս վիճակի համար, թե չէ»,-հարցրեց նա։ Էրիկ Գրիգորյանն արձագանքեց՝ միանշանակ կրում է պատասխանատվություն, քանի որ նախարարն ինքն է։ «Ձկնատեսակների մասով հիմնավորված տեղեկատվություն չկա, որ անկում է եղել, կենդանատեսակների հետ կապված լուրերը, որ տարածվեցին, դա առվույտի հետ կապված էր, գյուղացիներին խորհուրդ են տվել, որ կենդանիներին մոտեցնեն լճին, դա ջրից է եղել։ Պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի»,-ասաց նախարարը։
07:38 - 09 հուլիսի, 2019
«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է արգելել փոքր ՀԷԿ–երի կառուցումը Սեւանի կենտրոնական եւ անմիջական գոտիներում |news.am|

«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է արգելել փոքր ՀԷԿ–երի կառուցումը Սեւանի կենտրոնական եւ անմիջական գոտիներում |news.am|

news.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է փոփոխություն եւ լրացում կատարել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում։ «Առաջարկության նպատակն է բացառել լճի ջրային բացասական հաշվեկշիռը եւ այն` որպես խմելու ջրի պաշար պահպանել: Օրենքի նախագծում առաջարկվում է նաեւ արգելել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը կենտրոնական եւ անմիջական գոտիներում»,–ասված է պատգամավորի ներկայացրած օրենքի նախագծի հիմնավորման մեջ: Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է հետեւյալ փոփոխությունները օրենքում. «Հոդված 1. «Սեւանա լճի մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ- 190 օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանը շարադրել նոր խմբագությամբ. «Սույն օրենքը սահմանում է Սեւանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) եւ հոգեւոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ` վերարտադրություն), պահպանման եւ դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Սույն օրենքի առաջնային նպատակը Սեւանա լիճը` որպես խմելու ջրի պաշար պահպանելն է: Այլ նպատակով լճի ջրի օգտագործումը (հողերի ոռոգում, էներգետիկ եւ այլն) ստորադասվում է առաջնային նպատակին»: Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: Կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը:» Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» ենթակետից հանել «(բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)» բառերը: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: Սեւանա լիճը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Այն համարվում է խմելու համար պիտանի բնական ջրամբար: 2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին Սեւանա լճից 170 մլն մ3 առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվել: 2012 թվականին «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվեց` լճի ջրային բացասական հաշվեկշիռ ունենալու հնարավորություն (օրենքով նախատեսված դեպքերում), որը տեղի ունեցավ 2012, 2014 եւ 2018 թվականներին: Սեւանա լճի մակարդակի իջեցման հետեւանքով, ջրի տաքացման, ջրիմուռների բազմացման շնորհիվ մեծացել է քաղցրահամ լճի ճահճացման վտանգը եւ բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի եւ նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը: Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը:
18:00 - 08 հուլիսի, 2019
Սևանի վիճակը գնալով վատթարանում է. Քիմիական գիտությունների թեկնածու |shantnews.am|

Սևանի վիճակը գնալով վատթարանում է. Քիմիական գիտությունների թեկնածու |shantnews.am|

shantnews.am։ Քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնախնդիրների գիտական խմբի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը «Հեռանկար» հաղորդաշարի տեղավարում խոսել է Սևանի խնդրից: Մասնավորապես անդրադարձ է կատարվել լճի՝ նախորդ տարվա համեմատ ավելի վաղ ու ավելի փոքր մասշտաբով ծաղկման պատճառներին:Նա տեսակետ է հայտնել, որ լճի վիճակը գնալով վատթարանում է:«Ընդհանուր առմամբ՝ ծաղկման պրոցեսների առաջին սինդրոմները դիտվել են դեռևս 50-ական թվականներին, և հենց դա է եղել պատճառը, որ Խորհրդային միության կառավարությունն այն ժամանակ որոշում կայացրեց տրամադրել միլիարդավոր դոլարներ, այսօրվա պայմաններով եթե նայում ենք, որպեսզի ջրի մակարդակը բարձրացվի, ստաբիլանա լճի էկոհամակարգը, և նման երևույթներ չդիտվեն»,- ասել է նա:Նրա խոսքով՝ նման երևույթներն այսօր դիտվում են, որովհետև լճի վիճակը «շատ վատ» է կառավարվում:
05:53 - 06 հուլիսի, 2019
Անասնապահերը խուճապի մեջ են․ կենդանիներն անսպասելի սատկում են |shantnews.am|

Անասնապահերը խուճապի մեջ են․ կենդանիներն անսպասելի սատկում են |shantnews.am|

Shantnews.am: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում արդեն 6-րդ կովն են մորթում. 4-ին երեկ են մորթել, 2-ին` այսօր: Եվս 20 կովի էլ հազիվ են փրկել: Անասնապահների համար անհասկանալի վիճակ է ստեղծվել. կենդանիներն անսպասելի սատկում են: Անասնապահներն ասում են, որ կովերը վաղ գարնանը ստացել են բոլոր պատվաստումները: Կարճաղբյուրում կովերի անկման նման դեպքեր նախկինում չեն եղել: Կենդանիներն, ինչպես նախկինում, հիմա էլ արածում են ափամերձ, անտառամերձ հատվածներում և ջրվում Սևանա լճից`չնայած որ «Սևան» ազգային պարկի կանոնադրությամբ արածեցումն այս հատվածներում արգելվում է: Այսօր առավոտյան Սննդամթերքի անվտանգության տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկություն տարածեց, որ այս դեպքերն իրենց վերահսկողության տակ են: Հայտարությունում նշված էր, որ դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի մոտակա անտառներում, որտեղ առվույտ է աճում: Իսկ թաց առվույտը որոճողների մոտ փքվածություն, ևորպես հետևանք՝ նաև անկումներ է առաջացնում: Հենց դա էր նշվում որպես կենդանիների անկման նախնական պատճառ, բայց ավելի ստույգ պատճառները հայտնի կլինեն ախտորոշումից հետո: Սևանա լճի երկայնքով շրջելիս մենք ափամերձ համայնքներում ականատես դարձանք տարբեր իրավիճակների: Եթե Կարճաղբյուրում անասունների անկման նախնական վարկածը կապվում էր առվույտի հետ, ապա Կարմիր գյուղի սարերում առվույտը վաղուց չորացել է, սակայն այստեղ այսօր 2 կով է սատկել, իսկ 15-ն էլ իրենց վատ են զգում: Այստեղ նշեցին, որ անցած տարի, երբ լիճը կրկին կանաչել էր, 5 կով է սատկել: Այսպես. շփոթահար մարդիկ շարունակ վազվզում էին վատառողջ կովերի հետևից և փորձում կանխել հնարավոր անկումները:Արտանիշում էլ անկել է 7 կով, դարձյալ Սևանա լճից ջուր խմելուց հետո, իսկ ահա Ծովինարում անկած կովերը 9-ն են: Արծվանիստում էլ մի տիկին նշեց, թե լսել են անկման դեպքերի մասին, անհանգստացած են: Սակայն առայժմ իրենց անասունները չեն հիվանդացել, առաջվա պես ուտում և ջուր են խմում նույն տարածքներից: Գավառի Հացառատ թաղամասից էլ ահազանգում են, որ կովեր են սատկում, դարձյալ անհասկանալի պատճառով: Այդ տեղանքն էլ բավականին հեռու է Սևանա լճից, և անասունները ջրվում են այլ աղբյուրներից: Գեղարքունիքի մարզ մասնագետներ են եկել: Մսից, տեղանքից համապատասխան նմուշներ են վերցրել և ուղարկել լաբորատոր հետազոտության: Թե ինչն է անասունների անկաման պատճառ դառնում, ցույց կտան հետազոտության արդյունքները:
19:16 - 05 հուլիսի, 2019
Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կկատարվի Սևանա լճի ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն

Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կկատարվի Սևանա լճի ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր և վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադվի։ Այդ մասին Ֆեսբուքի էջում հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: «Առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ», – ասված է գրառման մեջ։
17:49 - 05 հուլիսի, 2019
Սեւանը մաքրվելու է՝ անկախ պահանջվող գումարի չափից․ Հայաստանի Հանրապետություն օրաթերթ

Սեւանը մաքրվելու է՝ անկախ պահանջվող գումարի չափից․ Հայաստանի Հանրապետություն օրաթերթ

Ափամերձ գյուղերից Սեւանա լիճ թափվող կենսաբանական աղբի, կոյուղաջրերի, գյուղատնտեսական ու արտադրական թափոնների հետեւանքով լիճը կրկին ճահճացման վտանգի առջեւ է: ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի դիտարկմամբ, Սեւանի ափամերձ համայնքներում մաքրման կայաններ ընդանրապես չկան, կոյուղիները ենթարկվում են միայն ֆիզիկական մաքրման, դրանցից հեռացվում են ենթադրենք պլաստիկե շշերը, իսկ քիմիական բաղադրությունը ամբողջությամբ լցվում է լիճը: Այս գործոնները նպաստում են կապտականաչ ջրիմուռների զարգացմանը եւ ձկնային պաշարների սակավացմանը: Իրավիճակը շտկելու համար մյուս տարվա բյուջեում պետք է կատարվեն հատկացումներ: Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի աղբահանության խնդրին` պատգամավորն ասել է, որ Սեւանը մաքրվելու է անկախ այն բանից, թե աշխատանքներն ամբողջապես ավարտելու համար որքան գումար է ծախսվելու: «Մաքրման մրցույթը հայտարարված է ոչ թե այս տարվա գումարի շրջանակներում, այլ ամբողջ տարածքի համար: Աննախադեպ բան է: Մաքրումն իրականացվելու է անկախ հատկացված գումարի չափից: Ամենայն հավանականությամբ մոտ մեկ ամսից աշխատանքներն արդեն սկսված կլինեն»,-տեղեկացրել է նա:
07:08 - 02 հուլիսի, 2019
Սևանի ափը մաքրվել է պլաստիկից․ առիթը Չվող թռչունների համաշխարհային օրն է |24news.am|

Սևանի ափը մաքրվել է պլաստիկից․ առիթը Չվող թռչունների համաշխարհային օրն է |24news.am|

24news.am: «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում մայիսի 11-ին բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիր գրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը (Ամենամեծը՝ Արփի լճում է)։ Այդ մասին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Մաքրման աշխատանքների ավարտից հետո կազմակերպվել է էքսկուրսիա Որորների կղզու հարակից ափ, դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է թռչունների դիտարկում և լուսանկարահանում։ Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի աշակերտներ, Պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ, Հայաստանի թռչնադիտորդների ասոցիացիայի, «TSE Դեպի կայուն համակարգեր» և ISSD հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Սևան» ազգային պարկի աշխատակիցներ։ Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի «Չվող թռչունների համաշխարհային օրվա»(մայիսի 12) խորագիրը ՄԱԿ-ը սահմանել է «Թռչունները և պլաստիկը»։ Աղաբաբյանը ներկաներին իրազեկել է ջրլող թռչուններին սպառնացող վտանգների՝ հատկապես ջրավազանները պլաստիկով աղտոտելու վտանգների մասին, ծանոթացրել թռչունների հաշվառման և օղակավորման աշխատանքների հետ։ Մաքրման արդյունքներում տարանջատված պլաստիկը ISSD հասարակական կազմակերպությունը տեղափոխել և հանձնել է վերամշակման։
08:33 - 12 մայիսի, 2019
Վարչապետն ընդգծեց Սևանա լճի քաղցրահամ ջրի պաշարների կարևորությունը տարածաշրջանի համար․ |armenpress.am|

Վարչապետն ընդգծեց Սևանա լճի քաղցրահամ ջրի պաշարների կարևորությունը տարածաշրջանի համար․ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լիճը համարում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ և հիմնական զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից մեկը, սակայն ընդգծում նաև վերջին 30 տարիների ընթացքում Սևանի շուրջ կուտակված խնդիրները։  «Գեղարքունիքի մարզ ասելով առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճը։ Դեռևս 1995-96թթ., երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում։ Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, և Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի համար։ Եվ կարծում եմ՝ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից, բայց նաև այսօր մենք պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների բոլոր շերտերը առանց բացառության, և ուշադիր հետազոտողը Սևանի ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր Հանրապետությունը։ Հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար, և որպես ՀՀ կարևոր սիմվոլներից մեկը»,- ասաց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ իրենց կառավարության համար առանձնահատուկ նշանակություն ունեն աշխարհում ձևավորված բնապահպանական չափանիշները։«Շատ կարևոր է իսկապես արձանագրել, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, Նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետև Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին, մեզ համար իսկապես առաջնահերթություն է, և մեզնից պահանջում է երկարատև քրտնաջան աշխատանք, և այս աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք։
08:37 - 11 մայիսի, 2019