Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ. Միրզոյան |shantnews.am|

Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ. Միրզոյան |shantnews.am|

shantnews.am: Օրենքի առաջ հավասար են բոլորը, սա մեր քաղաքական հավատամբ է: ԱԺ ամբիոնից այսպես խոսեց ՀՀ ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանը: «Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո այս կապ այն կերպ մասնակցությանը օրենքով արգելված որևէ արարքի: Էստեղ, որպեսզի հասկանանք, թե որը որից հետո է, պետք է պարզ հայացք նետել ժամանակագրությանը: Ճշմարտությունն ավելի քան ակնհայտ է: Բայց ականջահաճո՞ է մեզ համար, որ որևէ մեկը, որևէ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ կամ ղեկավար պահանջում է կառավարության հրաժարականը, ո՛չ: Բայց դրա իրավունքն ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները: Մենք պայքարել ենք նրա համար, որ Հայաստանում լինի ժողովրդավարություն, որպեսզի որևէ մեկը հետապնդվելուց չվախենալով՝ չսահմանափակվի պահանջել կառավարության հրաժարականը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է: Սա մեր հավատամքն է: Շատ լավ է, որ կարողանում են կառավարության հրաժարականը պահանջել մարդիկ, որոնք տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ են, անկախ նրանից՝ հիմնավո՞ր են, թե՞ ոչ: Ներդրումներ են արվել կամ չեն արվել, աշխատատեղեր են պահվում և եթե ինչ-որ բան այնպես չգնա, աշխատատեղերը կհայտնվեն վտանգի տակ: Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն բոլոր այն գործիչներին, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով աշխատատեղեր են ապահովում մյուսների համար, երկրի տնտեսական կյանքի աշխուժացման համար, և իրենք անձնապես հարստանում են: Ի՞նչ կա այստեղ դատապարտելի. ոչ մի բան: Կներեք, սակայն, սա չի նշանակում, որ կարելի է շանտաժ անել այս աշխատատեղերի փակմամբ, հնարավոր կամ անհնար ներդրումներով, հեղափոխությանը ցուցաբերված կամ չցուցաբերված աջակցությամբ և ազատել ձեռքերը որևէ պատասխանատվությունից օրենքի առջև»,- ասաց Միզրոյանը:
15:56 - 16 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

Գագիկ Ծառուկյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Սմբատ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի հայրենակիցներ, որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ, տեղեկացնում եմ, որ այսօր՝ 2020 թվականի հունիսի 16-ին, հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանի բնակարաններում խուզարկության և անվան հետ առնչվող իրադարձությունների կապակցությամբ ՀՀ ԱԱԾ առանձին պաշտոնատար անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործություններ կատարելու հանգամանքները պարզելու և քրեաիրավական գնահատական տալու համար։Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելիս հաշվի եմ առել հետևյալ հանգամանքները․Ինչպես արդեն հայտնվել է՝ 2020 թվականի հունիսի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների հիման վրա Գագիկ Ծառուկյանին պատկանող բնակարաններում ՀՀ ԱԱԾ տասնյակ աշխատակիցների մասնակցությամբ կատարվել են խուզարկություններ։ Բնակության վայրում խուզարկության ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ անհասկանալի կերպով մեկ այլ քրեական գործով, մասնավորապես՝ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և մյուսների վերաբերյալ, Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճռի հիման վրա, այսինքն՝ առաջացած կասկածանքի շուրջ, հարցաքննվել է որպես վկա։Բացի այդ, ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջում հրապարակել և տարածել են Գագիկ Ծառուկյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերված փաստաթղթեր, տեսանյութեր, ինչպես նաև՝ Գագիկ Ծառուկյանի կողմից առերևույթ հանցագործությունների մասնակցության վերաբերյալ թվով 3 հրապարակումներ։Ինչպես իմ, այնպես էլ՝ պաշտպանական խմբի մյուս անդամների համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանի բնակության վայրում խուզարկություն կատարելով /խուզարկության մասին որոշման մեջ հստակ նշված է Գագիկ Ծառուկյանի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու տվյալներ/, Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճռի հիման վրա, այսինքն՝ առաջացած կասկածանքի շուրջ հարցաքննվելով և ՀՀ ԱԱԾ հրապարակումներում Գագիկ Ծառուկյանի կողմից առերևույթ հանցագործությունների մասնակից լինելու վերաբերյալ նշումներով՝ քրեական հետապնդում է իրականացվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, քանի որ Եվրոպական և Վճռաբեկ դատարանների նախադեպային որոշումներում արտահայտած դիրքորոշումների համաձայն՝ դա նույնացված է «մեղադրանք» եզրույթի հետ։Իմ կարծիքով՝ դա անթույլատրելի և անօրինական է, քանի որ չի հաղթահարվել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիության արգելքը»։
15:54 - 16 հունիսի, 2020
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը |azatutyun.am|

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նրան մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու հարցով փակ, գաղտնի քվեարկությանը։ ԲՀԿ-ի վերաբերյալ տեղեկությունը հայտնել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, իսկ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը խորհրդարանի ամբիոնից հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ազգային ժողովն այսօր քննարկում է ԲՀԿ առաջնորդին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը: Քվեարկությունը կմեկնարկի 15։00-ին, արդյունքների մասին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կհայտնի 16։30-ին վերսկսվող նիստի ընթացքում։
15:16 - 16 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում. Վիկտոր Սողոմոնյան |yerevan.today|

Գագիկ Ծառուկյանի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում. Վիկտոր Սողոմոնյան |yerevan.today|

yerevan.today: Զուտ իրավակա՞ն գործընթաց է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվողը, թե՞ քաղաքական է, ինչպես պնդում են ԲՀԿ ներկայացուցիչները։ Եվ ինչի՞ արդյունք է այս ամենը․ մեկնաբանում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։ Օբյեկտիվ քննադատական ելույթից հետո վարչապետի գրեթե անթաքույց հրահանգով նրա դեմ քարոզչական կեղտոտ արշավ սանձազերծվեց, հարուցվեցին կասկածելի քրեական գործեր։ Իրավական գործընթացի մասին իշխանությունների պնդումները քննադատության չեն դիմանում։ Ակնհայտ է նաև, որ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը խայտառակ կերպով տապալած վարչախումբը օգտագործում է արտակարգ դրությունը բացառապես քաղաքական նպատակով՝ ոտնահարելով մեր քաղաքացիների հիմնարար ժողովրդավարական իրավունքները։    Ցավոք, պետք է արձանագրեմ, որ մեր հոռետեսական կանխատեսումներն իրականություն դարձան։ Քաղաքական հետապնդումներ իրականացնելու պատրաստ իշխանությունը չի կարող սահմանափակել ինքն իրեն և բավարարվել մեկ առանձին դեպքով։ Դեռևս երկու տարի առաջ ակնհայտ էր, որ քաղաքական դաշտի կողմից դիմադրության բացակայության պայմաններում իշխանությունը շարունակելու է ուժային հաշվեհարդար տեսնել նաև այլ քաղաքական մրցակիցների նկատմամբ՝ նույն «իրավական գործընթացի» քողի ներքո։ Տեղի ունեցողը քաղաքական ուժերի և հասարակության կողմից պետք է խիստ և հետևողական հրապարակային քննադատության արժանանա։ Եթե քաղաքական հետապնդման դատապարտելի միջոցը արմատախիլ չարվի քաղաքական դիմադրության միջոցով, ապա օրվա իշխանությունը կշարունակի կիրառել այն ըստ ցանկության՝ ավերելով մեր պետականության հիմքերը»։
13:25 - 16 հունիսի, 2020
Շինծու գործն ամոթ ա․ դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք․ Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ Ազգային ժողովում

Շինծու գործն ամոթ ա․ դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք․ Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ Ազգային ժողովում

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը ԱԺ նիստերի դահլիճում չէր իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, իրեն որպես մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը ներկայացնելու ժամանակ, քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։ Նա դարձյալ պնդեց, թե իրեն առնչվող՝ օրերս կատարվող գործընթացները սկսվել են հունիսի 5-ից, երբ իրենց կուսակցությունը քաղխորհրդի նիստ անցկացրեց եւ ինքը հայտարարեց, որ գործող կառավարությունը ձախողում է կառավարումը։ «Մենք լիարժեք իրավիճակը նայելով՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, արտադրական, առողջապահական, ներկայացրինք այն, ինչ-որ կա։ Ոչ թե մեր ժողովրդին ներկայացնում ենք ֆեյսբուքերով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը պետական գումար ա ստանում, ամեն մեկն էլ կա՝ տասնապետ, հարյուրապետ, հազարապետ։ Ես խնդրում եմ, որ խորհրդարանն այսօր լիարժեք քայլ կատարի դեպի իրական կյանք, ոչ թե ֆեյսբուքով, ֆեյքերով։ Խոստումները տված ա երկու տարի։ Այն, ինչ անհրաժեշտ էր ժողովուրդը լսեր, լսում է, բոլորը սուտ, օդ, ոչ մի բան չկա, արածը քանդվել ա, ձախողվել ա, առաջին օրվանից եմ ասել՝ ձեր կողքին եմ եղել, ⅓-ը տվել եմ, ստորագրել եմ հուշագիրը, ցանկացել եմ աջակցել, որ ինչ-որ բան փոխվի, ժողովրդի սպասելիքը իրականություն դառնա։ Բայց ՊՈԱԿ-ը, ասում եմ, 500 հոգի, որ էսօր այլանդակությունները գնում ա վիրավորանք, ամոթ ա, ֆեյքերով երկիր չես կարա կառավարես»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ այսօր ծայրահեղ վիճակ է բոլոր ոլորտներում։ «Այո, այսօր համաճարակը ձախողված ա, դուք եք արել։ Ինչ ասում եմ, արդարացի եմ ասում, որեւէ մեկը չփորձի ասի Ծառւկյանն այսօր ուզում ա դիվիդենտ հավաքի, անձնական շահի, ով ասում ա, թող լինի ամենավերջին մարդը, դավաճան կամ թուրք լինի։ Այսօր այս երկրում ապրում եք, խնդրեմ, սարքում են թղթերը, տալիս են Փաշինյանին 5 հատ տուն, որ զանգահարի։ Մի հատ գնացեք իրական կյանքը նայեք։ Նայեք Ծառուկյանն ինչ ա արել համաճարակի համար, ախտահանել Երեւան քաղաքով, մարդկանց ցանկացածով, որեւէ մեկը չի եղել՝ ասի՝ ծանոթ-բարեկամ-կուսակցական։ Միայն կարող ենք միասնական, 24 ժամ պատրաստ ենք խնդիր կարգավորել, կամ չեք տիրապետում, կամ չեք հասկանում, կամ թույլ չեն տալիս ձեզ։ Անփող տնտեսկան հեղափոխություն չի լինում։ Ասում ա՝ ժողովուրդ, դուք աղքատ եք, հարկավոր ա գլխով հարուստ լինել, դա ղեկավարի ասած ա՞։ Մարդը ո՞նց հարուստ լինի, պայմաններ ստեղծեք, խոսք եք տվել։ Ցանացած հեղափոխություն, որ գալիս են իշխանության, խոստումներ են տալիս՝ տեղին-անտեղին, ինչ ցանկանում ա լսել, բայց ժողովուրդը սպասում ա՝ երկու տարի։ Նույն հենց իրան հեղափոխություն բերողները՝ ժողովուրդը, խժռում ա իր զավակներին, որովհետեւ ուզում ա ինչ-որ բան կատարվի»։  Անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին՝ Ծառուկյանը հարց հնչեցրեց․ «Ծառուկյանը գումար տվել ա՞, կա այդպիսի ապացույց։ Իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու, ես էս երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ անշահադիտական, շահի համար արողը թող թուրք լինի, դավաճան լինի, բայց երկրորդ քաղաքական ուժը, ընդդիմադիր դեմքը, բերել՝ ասում են՝ ընտրակաշա՜ռք․․․մենք հայ ենք, Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախում ե՞ք, հանրությունը Ծառուկյանի կողքին ա, էսօր ամբողջ ներքին զորքերը դրել եք, ուղարկել եք մարզերը՝ փակելով, մարդկանց պառկացնելով, փռելով։ Որ գալիս էիք իշխանության՝ ասում եք՝ անկախություն, ազատություն»։ ԲՀԿ ղեկավարի պնդմամբ՝ երեք ամիս հետո սով է լինելու․ «Դրա տակից չեք կարա դուրս գաք, էսօր ոչ մեկը փող չի տալիս ձեզ, չի վստահում, քաղաքական կայունություն չկա։ Ամբողջ աշխարհում արտաքին քաղաքականությունում հարաբերությունները փչացրել եք։ Ոզում եք ահաբեկեք, չոռ բանը չի կպնի մարդուն, դուք ասում եք՝ կաշառք, կա՞ մեկը, որ ասում ա՝ Ծառուկյանը էդ գումարը տվել ա ինձ՝ տանեմ, կաշառք տամ։ Այսօր ես գործարար եմ։ Չէ, սեփականատեր եմ, կներեք։ Բոլոր կառույցները կառավարվում են, ես ի՞նչ կապ ունեմ կառավարման հետ, խնդիր, հարց կա՞, ասեք՝ կպատասխանեք։ Ավելի եք հիասթափվելու, որ էսօր դուք ուժ եք կիրառում, մարդկանց պառկացնելով, փռելով։ Մենք հլը հանրահավաք չենք արել, երբ արտակարգ իրավիճակը կհանեք, նոր էն ժամանակ կանենք, եւ ամեն մարդ պետք է իմանա իր ասածները, խոսքը պետք է պահվի։ Ոչ մի խոսք չի կատարվել, բոլորը ձախողման մեջ ա»։ Գագիկ Ծառուկյանը դարձյալ կրկնեց, որ ինքը պատրաստ է ցանկացած հարցի պատասխանել, եթե օրենքը բոլորի «վրա է ազդում»․ «Բայց շինծու գործն ամոթ ա։ Դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք, որովհետեւ անկարող եք ինչ-որ հարցադրում դնել, փոխարենը աջակցի, քայլ կատարի միասնական․․․ ինձ ոչ պաշտոն ա պետք, ոչ ճանաչում, ունեմ։ Ժողովուրդը հավատում էր ձեզ, բայց էսօր 5 տոկոսն էլ չի հավատում։ Ես որեւիցե խնդիր չունեմ, օրենքի առաջ մարդու գլխին գործ են սարքում։ Չկա տենց մարդ, որ ես տված լինեմ, այ ձեր ցավը տանեմ։ Էսօր Ծառուկյանը խանգարում ա՞, ավելի շատ խանգարելու եմ՝ իրականությունը ներկայացնելու եմ։ Ինչո՞վ եմ ձեզ խանգարել բացի աջակցել օգնելուց»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց Գագիկ Ծառուկյանը։ Նշենք, որ ելույթից հետո Ծառուկյանին խորհրդարանի բակից ԱԱԾ տարան ԱԱԾ աշխատակիցները։
13:09 - 16 հունիսի, 2020
Ծառուկյանն ասաց գրի, ես էլ գրել տվել եմ, որ եթե դավաճանություն անեմ` ես ամենաանբարոյական մարդն եմ |lragir.am|

Ծառուկյանն ասաց գրի, ես էլ գրել տվել եմ, որ եթե դավաճանություն անեմ` ես ամենաանբարոյական մարդն եմ |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ։ Պարոն Ազիզյան, նախօրեին ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԺ պատգամավորների նամակներն ուղղված Ծառուկյանին: Այնտեղ կա նաև Ձեր նամակը: Ինչպե՞ս եք գնահատում դա: Ի՞նչ նամակ, որ ես դավաճա՞ն եմ: Ես իրեն գրել տվել եմ, որ եթե դավաճանություն անեմ քո հետ եղած ժամանակ, ես ամենաանբարոյական մարդն եմ: Հիմա էլ եմ ասում, ես երբեք չեմ դավաճանել իրեն: Ծառուկյա՞նն էր ստիպել, թե Դուք Ձեր ցանկությամբ եք գրել այդ նամակը: Ինձ ո՞վ կարող է ստիպել։ Պարզապես իրենք իմ մասին ուրիշ կարծիքի էին՝ մտածելով, որ ես ուրիշ թևից եմ: Ես էլ ասել եմ՝ ես էդ մարդը չեմ, որ մեկի կողքը լինեմ ու դավաճանեմ, ես այդպիսի խառնվածք չունեմ: Փաստորեն հավատարմության երդում է Ծառուկյանը պահանջել Ձեզնից: Դե հա, որ վաղը հանկարծ մի բան լինի, ընկերություն է, բան է, ասի՝ տեսեք, ինչ է գրել, հիմա էլ իմ նկատմամբ տենց վատ բաներ է անում: Մտածում էր, որ ես կարող է վատ բաներ անեմ, բայց ես էդ մարդը չեմ: Ես կյանքում իմ ասածը չեմ դրժում: Իսկ դուք բարոյակա՞ն եք համարում, որ նման նամակներ են պարտադրում գրել քաղաքական գործիչներին: Ինձ չեն պարտադրել: Ես այնպիսի մարդ եմ, որ եթե մեկին գովում եմ, հավատարիմ եմ, ես չեմ կարող դավաճանի պիտակ կրել: Հիմա չեմ ուզում ասել, թե ինչ էին ասում, թե ում մարդն եմ: Ասաց՝ բա որ խնդրեմ՝ դա կգրե՞ս: Ասի՝ ինչի՞դ է պետք: Ասաց՝ դե գրի, էլի: Ես էլ գրեցի, որ եթե ես դավաճանական բան անեմ, ուրեմն ես ամենաանբարոյական տղեն եմ: Եթե ձեզ կասկածում են, արժե՞ր այդ գնով կասկածը փարատել: Արդյոք դա ճիշտ էր իր կողմից: Ես 12 հոգու մեջ, որտեղ կային ավելի ջահելներ, ամենից շատ ձայնը ես էի հավաքել, ուզում էին ես չլինեմ խորհրդարանում: Ես էլ ասացի՝ չէ, ես առաջին տեղն եմ գրավել, ես պետք է լինեմ: Ասաց՝ դե որ պետք է լինես, ուրեմն պետք է հավատարիմ լինես: Ես ասացի՝ որ ով ուզում է լինի, ես չեմ կարող սրիկայություն անել: Փաստորեն Ծառուկյանը նվաստացնելով էր փորձում քաղաքական գործիչներին քաղաքականության մեջ պահել: Չէ, չկա էդպիսի բան: Ուղղակի իրենք կասկածում էին, որ ես ուրիշ թևից եմ, եկել եմ մտել եմ, որ խառնեմ: Ես էլ ասացի՝ տենց բան չկա: Շարունակությունը՝ lragir.am-ում
11:59 - 16 հունիսի, 2020
Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

ԲՀԿ խմբակցության պատագամավոր Իվետա Տոնոյանն այսօր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացված միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ այդ միջնորդագիրն ապօրինի է․ դրա մասին, Տոնոյանի խոսքով, ահազանգում են բազմաթիվ իրավապաշտպաններ։ «Ես հասկանում եմ, որ Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում այսօր լուրջ մրցակից ունի, սակայն ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա որեւէ փաստ, որն անմիջականորեն առնչվում է Գագիկ Ծառուկյանին»,- դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց Իվետա Տոնոյանը։ Անդրադառնալով Ծառուկյանի տանը նախօրեին իրականացված խուզարկությունների դրվագներին՝ ԲՀԿ-ական պատգամավորը հիշատակեց Սահմանադրության 96-րդ հոդվածը, որի համաձայն՝ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ-ի համաձայնութամբ։ Բացի այս՝ նա նշեց, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում սահմանել է, որ այն պահից, երբ քրգործն սկսելու գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա նա համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող․ «Ամսի 14-ից Ծառուկյանի տանն իրականացվում են խուզարկություններ, նա հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության, որոնք հիմք են տալիս պնդելու, որ նրա նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում»,- ասաց Տոնոյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հիմնավորում պահանջեց այս գործողությունների տրամաբանության ու հիմքերի մասին։ Դավթյանը պատասխանեց, որ ինքն այսօր ԱԺ-ում է, որպեսզի իր միջնորդության օրինականությունը հիմնավորի, եւ եթե մինչ այս պահը իրեն չի հաջողվել Տոնոյանի մոտ նման համոզմունք առաջացնել, դա վերջինիս պատգամավորական իրավունքն է․ «Բայց ես վստահորեն եմ ասում՝ հրապարակեցի ապացույցների շատ փոքր զանգված, որոնց անմիջական եւ ուղղակի կապն են հիմնավորում Գագիկ Ծառուկյանի հետ, եւ որպիսիք ավելի քան բավարար են նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»։ Ինչ վերաբերում է Իվետա Տոնոյանի այն պնդմանը, թե Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում՝ մինչեւ ԱԺ-ի համաձայնությունն ստանալը, գլխավոր դատախազն ընդգծեց, որ այս փաստով հարուցված քրեական գործով Գագիկ Ծառուկյանի անունը չի նշվել․ «Այո, մենք ունենք ՄԻԵԴ բազում մոտեցումներ, որոնք քրեական հետապնդման ավելի ընդարձակ ծավալներ են սահմանում, քան մեր քրեադատավարական օրենքը։ Բայց մեր երկրի ներքին օրենսդրության ուղղակի պահանջն այն է, որ ես այստեղ գտնվեմ բացառապես անձին որպես մեղադրյալ ներգրավելու թույլտվություն ստանալու համար։ Դուք չեք գտնի մեր օրենսդրությամբ, նաեւ, իմ ընկալմամբ, ՄԻԵԴ այնպիսի որոշումներ, որոնք պահանջ կդնեն, որ բնակարանի խուզարկություն իրականացնելու համար ես գամ եւ ԱԺ թույլտվություն ստանամ, հետեւաբար կարծում եմ՝ նախաքննական մարմինը գործել է օրենքով սահմանված կարգով»,- ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորի հարցի՝ ասաց գլխավոր դատախազը։ Հիշեցնենք, խորհրդարանն այսօր քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Հայարփի Բաղդասարյան
11:29 - 16 հունիսի, 2020
Ընտրակաշառքի վերաբերյալ անստորագիր փաստաթղթի  հավաստիությունը մետատվյալների ստուգման մեթոդով հնարավոր չէ ստուգել

Ընտրակաշառքի վերաբերյալ անստորագիր փաստաթղթի հավաստիությունը մետատվյալների ստուգման մեթոդով հնարավոր չէ ստուգել

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ 3 հաղորդագրություն տարածեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին, որոնցից մեկը վերաբերում էր 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ զանգվածային ընտրակաշառք բաժանելուն։ Բայց մինչ ԱԱԾ-ն կտարածեր համապատասխան հայտարարությունը՝ Անհերքելի փաստեր անունով ֆեյսբուքյան էջը հրապարակեց նույն թվականի ընտրությունների ժամանակ բաժանված ընտրակաշառքի վերաբերյալ անստորագիր փաստաթուղթ, որտեղ արձանագրված էր Գեղարքունիքի մարզում ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքի հաշվետվությունը։ ԱԱԾ հաղորդագրության մեջ, սակայն, այս փաստաթուղթը ներկայացված չէր, քանի որ այն, ամենայն հավանականության, քրեական գործի նախաքննության նյութերից է, եւ, ըստ ամենայնի, հրապարակման ենթակա չէ։ ԱԱԾ-ից փորձել ենք տեղեկանալ՝ արդյոք վերոհիշյալ փաստաթուղթը գործի նյութերից է, եւ եթե այո, ապա ինչպես է այն հայտնվել համացանցում։ Մինչ հարցման պատասխանը ստանալը՝ անդրադառնանք այդ փաստաթղթի՝ ֆոտոշոփով սարքված լինելու պնդումներին։ Մինչ հարուցված քրեական գործերի մասին պաշտոնական տեղեկություն կլիներ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն հետախուզական աշխատանքներ է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ընտրակաշառքի վերաբերյալ հիշյալ փաստաթուղթը ֆեյսբուքում սկսեց շրջանառվել Աբովյանի ուղիղ եթերից քիչ անց: Այն տարածեցին նաեւ ԱԺ իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Փաստաթղթի արագ տարածումը, իհարկե, անարձագանք չմնաց։ Ֆեյսբուքյան օգտատեր Արարատ Պետրոսյանը մի հրապարակում արեց, ըստ որի՝ լուսանկարը կեղծ է և պատրաստված է photoshop ծրագրի միջոցով: Վերջինիս հրապարակումը ևս լայն տարածում գտավ: Հրապարակմամբ կիսվել է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանը: Վերջինս նաև Ազատություն ռադիոկայանի կիրակնօրյա վերլուծականի եթերում նշեց, որ իր ֆեյսբուքյան պատին արդեն իսկ կա ապացույցը, որ փաստաթուղթը կեղծ է և photoshop ծրագրի միջոցով է հավաքված եղել: Նա նշեց, որ դրանում համոզվելու համար կարող են նայել իր ֆեյսբուքյան էջի հրապարակումը: Հասկանալու համար՝ արդյոք հնարավոր է այս եղանակով ստուգել փաստաթղթի photoshop ծրագրի միջոցով հավաքված լինելը, նախ պետք է հասկանանք թե ինչ կայքի միջոցով է կատարվել ստուգումը և ինչ է լուսանկարի մետատվյալը: Յուրաքանչյուր լուսանկար պարունակում է մետատվյալ, որը տեսանելի չէ, սակայն պարունակում է մի շարք տվյալներ նկարի մասին: Օրինակ՝ որտե՞ղ է նկարվել լուսանկարը, ե՞րբ է նկարվել, մշակվե՞լ է ֆոտոշոփով, թե՞ ոչ և այլն: Լուսանկարի մետատվյալները կարդալու համար կան մի քանի հարթակներ, որոնցից մեկից էլ օգտվել է ֆեյսբուքի օգտատերը: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ֆեյսբուք սոցիալական ցանց ներբեռնած լուսանկարի մետատվյալները կա՛մ ջնջվում են ավտոմատ կերպով, կա՛մ էլ փոփոխվում են, հետևաբար ֆեյսբուք սոցիալական ցանցից ներբեռնած լուսանկարի մետատվյալները հնարավոր չէ պարզել նշված կայքի միջոցով: Բացի այդ photoshop ծրագրով մշակված լուսանկարների ստորագրությունը լինում է Adobe Photoshop CS6 (Windows) ձևով և ոչ պարզապես Photoshop 3.0:  Օրինակ առաջին լուսանկարը, որը ներբեռնվել է համակարգչից, նշվում է, որ օգտագործվել է Adobe Photoshop CS6 ծրագիր: Բացի այդ նկարի մասին տալիս է մի շարք  այլ տվյալներ, այդ թվում ամսաթվի և ժամի մասին: Եթե նույն լուսանկարը ներբեռնենք ֆեյսբուք սոցիալական ցանց, ապա տեղադրենք նույն կայքում, կստանանք հետևյալ պատկերը: Երկրորդ լուսանկարում տեսնում ենք, որ մետատվյալները կա՛մ ջնջվել են, կա՛մ փոփոխվել: Այսպիսով՝ Արման Աբովյանի պնդումները, որ սա ապացույց է փաստաթղթի ֆոտոշոփով պատրաստված լինելու մասին, հնարավոր չէ պարզել այս մեթոդով: Հետևաբար՝ հնարավոր չէ նաև այս մեթոդով պարզել՝ արդյոք ֆեյսբուք սոցիալական ցանց ներբեռնված լուսանկարը մշակվել է ֆոտոշոփով, թե ոչ: Այնուամենայնիվ՝ փաստաթուղթը photoshop ծրագրի միջոցով կեղծելու անհրաժեշտություն նույնիսկ չէր էլ կարող լինել, քանի որ անստորագիր փաստաթուղթը կարելի է ուղղակի հավաքել word ծրագրի միջոցով և տպագրել: Այլ հարց է, թե որտեղից է փաստաթուղթը հայտնվել համացանցում և եթե փաստաթուղթը  քրեական գործի նախաքննության նյութերից է, ապա ինչպես է հայտնվել ֆեյսբուքյան էջի օգտատիրոջ ձեռքում: Այս և այլ հարցերի վերաբերյալ հարցումով դիմել ենք ԱԱԾ, որի պատասխանը ստանալուց հետո հանդես կգանք հրապարակմամբ:  Նարեկ Մարտիրոսյան
10:49 - 16 հունիսի, 2020
ԱԺ-ն քննարկում է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը

ԱԺ-ն քննարկում է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը

ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Նիստին ներկա է 121 պատգամավոր․ Գագիկ Ծառուկյանը բացակայում է։ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա ներկայացրեց, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, խոշոր և առանձնապես խոշոր կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի, շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ փաստաթղերի անխոչընդոտ ստացման գործընթացը՝ դրան նպաստելու համար կապ հաստատելով Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձեւակերպումը եւ անարգել տրամադրումը։ Նախաքննությամբ պարզվել է, որ շինաշխատանքեր իրականացնող՝ «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը, նպատակադրվելով ստանալ «ՀՀ վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլն 379 հազար 950 դրամին համարժեք 5 հազար դոլար կաշառք է տվել ՀՀ քաղշինկոմիտեի նախագահին։ Ինչպես նշեց գլխավոր դատախազը՝ այս քրգործի ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռքբերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, հայտանբերելու նպատակով, «Երեւանշին» ՍՊԸ-ում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր՝ Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում 2017-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի, ներառյալ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։  Քրեական գործի մնացյալ մանրամասները հայտնելուց հետո՝ գլխավոր դատախազը միջնորդեց համաձայնություն տալ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն եւ մեղադրանք առաջադրելուն։
10:35 - 16 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ, քանի որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման․ պարզաբանում ՍՊԸ-ից

Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ, քանի որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման․ պարզաբանում ՍՊԸ-ից

«Շանգրի Լա» խաղատան առնչությամբ հրապարակված գործի վերաբերյալ ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության վերաբերյալ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ տնօրինությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Նախ ուզում ենք ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, իսկ ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից և Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերների կողմից: Լիցենզիայի տրամադրման համար օրենքով նախատեսված 40 միլիարդ դրամի ներդրման փոխարեն՝ «Օնիրա Քլաբը» կատարել է ավելի քան 61 միլիարդ դրամի ներդրում: Ինչ վերաբերում է նույն լիցենզիայով երկու տարբեր խաղատների գործունեության մասին տեղեկությանը, ապա նշենք, որ այն ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ խոսքն, այս պարագայում, մեկ խաղատան երկու տարբեր սրահների մասին է, որոնք գտնվում են ռեստորանահյուրանոցային համալիրի տարբեր շինություններում, ունեն մեկ հասցե, մեկ հաշվապահություն, մեկ աշխատակազմ, որն, ի դեպ, հաստատել է կառավարությունը՝ ներկայացված ներդրումային ծրագրի փաթեթով: Ցանկանում ենք առանձնահատուկ ընդգծել, որ գործունեության ամբողջ ընթացքում համալիրը գտնվել է պատկան մարմինների խոշորացույցի ներքո: Այս ընթաքցում բազմաթիվ մեծածավալ ստուգումներ են իրականացվել ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Ֆինանսների նախարարության կողմից, այդ թվում՝ նաև վերջին երկու տարիների ընթացքում: Այդ բոլոր ստուգումների ընթացքում «Օնիրա Քլաբը»-ում որևէ խախտում կամ ապօրինի գործունեություն երբևէ չի հայտնաբերվել, հակառակ դեպքում, ընկերությանը, վստահաբար, գործունեության լիցենզիա չէր տրամադրվի: Այս դեպքում հարց է առաջանում, եթե յուրաքանչյուր տարվա հարկային ստուգումների արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել, ինչպե՞ս կարող էր օդից գոյանալ այդ «30 միլիարդ դրամի պետությանը հասցված վնաս»-ը: Քանի որ այս ամբողջ ժամանակահատվածում «Օնիրա Քլաբ»-ը տարեկան շուրջ 5.5 միլիարդ դրամ հարկ է վճարել և հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատուներից մեկը: Ստեղծված իրավիճակում եզրահանգումը մեկն է. Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո նրա հանդեպ սկսվել են քաղաքական հետապնդումներ և պարզապես որոշվել է գործ սարքել մեր ընկերության գլխին: Տեղեկացնենք նաև, որ «Օնիրա Քլաբ» ռեստորանահյուրանոցային համալիրն ունի 700 աշխատակից, որոնք, ի դեպ, սկսված ապօրինի հետապնդումների պատճառով կարող են դառնալ գործազուրկ»: «Օնիրա Քլաբ» ՍՊԸ տնօրինություն
19:46 - 15 հունիսի, 2020
Հավանաբար իրավապահ համակարգից արտահոսք է եղել, որին հետեւել է Ծառուկյանի հայտարարությունը. Մակունց
 |news.am|

Հավանաբար իրավապահ համակարգից արտահոսք է եղել, որին հետեւել է Ծառուկյանի հայտարարությունը. Մակունց |news.am|

news.am: Չկա որեւէ քաղաքական պատվեր, կան իրավապահների դաշտում գտնվող որոշակի գործեր, որոնք անհրաժեշտություն ունեն բացահայտման: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործերին եւ նրա հայտարարությանը, թե սա քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում է»: «Ես կարծում եմ՝ հիմա հակառակ գործընթացն է տեղի ունենում եւ այնպիսի տպավորություն է, որ փորձ է կատարվում խոչնդոտել իրավապահ մարմինների անկաշկանդ գործողություններին: Որեւէ ուժի կողմից նման որեւէ ճնշումն անթույլատրելի է»,-ասաց Մակունցը՝ հավելելով, որ փորձ է արվում քրեական գործին քաղաքական երանգ տալ: «Սկսվել է որոշակի իրավական պրոցես, որի մասին ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացել է մամուլից եւ ԱԱԾ հաղորդագրությունից, փորձում են այդ պրոցեսներին տալ քաղաքական երանգ: Քանի որ իրվապահները ձեռնարկել են գործողություններ ինչ-որ բաների բացահայտման առումով, իրենք որակում են հենց այդպես»,- ընդգծեց «Իմ քայլի» ղեկավարը: Հարցին, թե համընկնումները շատ չե՞ն, երբ Ծառուկյանը հայտարարեց կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, եղան քրեական գործեր, Մակունցը արձագանքեց. «Իմ խորին համոզմամբ եւ վերջին շրջանի հրապարակումները հենց այդ մասին են վկայում, որ որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից, որին տեղեկացել են ԲՀԿ-ի առանձին անդամներ կամ միգուցե մեկ անդամ, գուցե հենց խմբակցության ղեկավարը, ես չգիտեմ, որից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որը իրենք կկարողանային որակել որպես քաղաքական պրոցես կամ քաղաքական ազդեցություն: Սա է ամբողջը: Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրությունը հրապարակվեց, որը գուցե շատերիս ինչ-որ բան ասաց, բայց առանձնապես մանրամասները չհասկացանք: Հաջորդող իրադարձությունները եկան վկայելու, որ, այո, փաստացի որոշակի տեղեկատվություն հասանելի է դարձել ԲՀԿ-ին եւ փորձ է արվում քաղաքական երանգի ներքո ներկայացնել իրավական պրոցեսները: Ինչ վերաբերում է, թե ինչպես է այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ԲՀԿ-ին, ես հիմա ճիշտ չեմ համարում րեւէ կոնկրետ կառույցի անուն հնչեցնել»,-ասաց նա: Մակունցը դրական եւ ճիշտ համարեց այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը բացարձակ անտեղյակ է եղել նման իրավական զարգացումներից:
19:41 - 15 հունիսի, 2020