«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Ընդդիմադիր պատգամավորների պահանջը կատարվեց. նրանք մտան ԱԳՆ |news.am|

Ընդդիմադիր պատգամավորների պահանջը կատարվեց. նրանք մտան ԱԳՆ |news.am|

news.am: Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորների պահանջը կատարվեց եւ նրանց թույլ տվեցին մտնել ԱԳՆ շենք: Մինչ այդ ոստիկանությունն արգելում էր նրանց մուտքը շենք: Մինչ ներս մտնելը ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «ԱԳՆ-ում վաղուց է խուճապային իրավիճակ, որովհետեւ Հայաստանի շահերի հետ կապ չունեն: Հիշո՞ւմ եք, որ Արարատին նշանակում էր նախարար, ի՞նչ ասեց: Ասեց՝ ինձ պետք է նախարար, որ կրի քաղաքական պատասխանատվություն: Այսինքն իրեն պետք էր նախարար, որ իր դավաճանությունը հետը հավասար կիսի: Մեր պատգամավորները ցանկանում են բարձրանալ նախարարության շենք, փոխանցել ժողովրդի ուղերձը եւ ժողովրդի անունից՝ ասել, որ դուք երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք եւ մանդատ չունեք»: Մինչ պատգամավորները ԱԳՆ շենքում էին, բակում իրավիճակը լարվեց ոստիկանների և ցուցարարների միջև. նրանք սկսեցին հրել միմյանց: Պատգամավորները ԱԳՆ շենքից դուրս եկան իրավիճակը հանդարտեցնելու համար:
11:27 - 24 մայիսի, 2022
Ցուցարարները փակել են ԱԳՆ շենքի մուտքերը |news.am|

Ցուցարարները փակել են ԱԳՆ շենքի մուտքերը |news.am|

news.am: «Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են ԱԳՆ շենքի մոտ, շարունակում են շրջափակված պահել շենքը: ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք դիմում ենք ԱԳՆ-ի շենքում գտնվող մեր հայրենակիցներին, այնտեղ կան պատրաստված դիվանագետներ, տարանջտվեք Նիկոլից, մի կրեք այդ դավաճանական պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է: Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է դեմ է մեր շահերին»: Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց պայքարին, օգնել միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը. «Այդ թվում Կրթության նախարարության շենքը, որը տարիներ առաջ սկսեց պայքարը մեր եկեղեցու, մշակույթի, մեր ազգային արժեքների դեմ: Մենք մեր վրդովմունք ենք արտահայտում եւ արգելափակում պետական կառույցների գործունեությունը: Կոչ եմ անում ուշադիր լինել եւ թույլ չտալ՝ որեւէ աշխատակից ներս մտնի կամ աշխատանքից դուրս գա: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում, մենք էլ մեր ուժերը պետք է կենտրոնացնենք: Ես առաջարկում եմ առաջանանք, ցեպ կազմենք, մեր նպատակը այս դալանով բոլոր մուտքերը պահելն է: Այս մուտքերը պինդ պետք է պահենք, որովհետեւ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով:
09:49 - 24 մայիսի, 2022
Ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության՝ Ղարաբաղի հայերը դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում․ «Դիմադրություն» շարժումը հայտարարությունը

Ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության՝ Ղարաբաղի հայերը դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում․ «Դիմադրություն» շարժումը հայտարարությունը

«Դիմադրություն» շարժումը հայտարարություն է տարածել Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով:Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի: Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրվում ոչ միայն Արցախի ապագան, այլև Հայաստանի Հանրապետության նվազագույն ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը Այսրկովկասում։ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խոսվում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 19-ին Եվրոպական Միության անունից արված հայտարարությանը։ Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթներից: Փոխարենն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» ձևակերպումը, և խոսվել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որոնք պետք է ապահովի Ադրբեջանը: Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն: Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝վերահաստատում ենք. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը և առոչինչ են։ Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպե՛տք է նվիրվեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո: Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին և ձևավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն»։
20:08 - 23 մայիսի, 2022
Քաղաքական ընդդիմության կազմակերպած հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է. ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Քաղաքական ընդդիմության կազմակերպած հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է. ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են: Քննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 17-ին ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ընթացքում վերջիններս, մի խումբ անձանց հետ, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին, խոչընդոտել և արգելել են  փողոցի երթևեկելի գոտով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ:  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Բռնություն գործադրած երկրորդ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:  Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:51 - 23 մայիսի, 2022
Եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ չի լինի, վաղվա հանրահավաքը կկայանա Սասունցի Դավթի արձանի մոտ․ Իշխան Սաղաթելյան

Եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ չի լինի, վաղվա հանրահավաքը կկայանա Սասունցի Դավթի արձանի մոտ․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ պատգամավոր, ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով վաղվա անելիքների մասին։ Գրառում ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես և հայտարարել էինք` այսօր վաղ առավոտվանից շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը:Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք:Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը:Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը: Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում»։
16:24 - 23 մայիսի, 2022
Գործ ունենք ընդդիմության կողմից զգայուն թեմաների կապիտալիզացիայի փորձի հետ․ Ռուբինյան |azatutyun.am|

Գործ ունենք ընդդիմության կողմից զգայուն թեմաների կապիտալիզացիայի փորձի հետ․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք գործ ունենք մեր ընդդիմության կողմից զգայուն թեմաների կապիտալիզացիայի փորձի հետ», - այսպես բնութագրեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների հարցով հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ «Զարթնի՛ր Լաո», «Առանց թուրքի Հայաստան» կոչերով ընդդիմադիրների բողոքի ակցիաները։ Ընդգծելով, որ չի հասկանում, թե ինչ է պահանջում ընդդիմությունը՝ Ռուբինյանը շեշտեց՝ ընդդիմության մեղադրանքները երեսպաշտության շրջանակներում են։ Հայաստանի բոլոր նախագահները փորձել են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և ճիշտ են արել, ասաց Ռուբինյանը՝ դա նորմալ համարելով։ Սակայն, ըստ նրա, նորմալ չէ, երբ քաղաքական գործիչն իր ընդդիմախոսին կամ իր քաղաքական հակառակորդին մեղադրում է մի բանի մեջ, որն ինքն է արել։ «Ամեն ինչ կարելի է քննադատել, բայց խնդիրն այն է, թե դու ինչ ես առաջարկում։ Օրինակ, եթե հիմա հարցնենք մեր քաղաքացիներին, թե լավ, ի վերջո, մեր ընդդիմությունն ի՞նչ է պահանջում, ի՞նչ են ուզում իրենք, ինչ կպատասխանեն, ես։ Օրինակ, չգիտեմ, չեմ հասկանում, թե իրենք ինչ են ուզում, որն է իրենց ասածը, ինչ է, օրինակ, թուրքացումը, կարող են բացատրել, դա ինչ է նշանակում, կամ երբ որ գոչում են՝ «առանց թուրքի Հայաստան», ինչ է դա նշանակում, կամ ինչու չէին գոչում առանց թուրքի Հայաստան, երբ որ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն էր վարում, կամ երբ որ Ռոբերտ Քոչարյանի օրոք էր սկիզբ առնում ֆուտբոլային դիվանագիտությունը, սա ուղղակի անամոթ շահարկում է զգայուն թեմաների և ոչ մի տեղ չի տանում», - ասաց Ռուբինյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
11:30 - 23 մայիսի, 2022
Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադի՞ր հայացքներով մարդկանց․ Տիգրան Աբրահամյան

Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադի՞ր հայացքներով մարդկանց․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմության հերթական հանրահավաքին խոսեց ընդդիմության բողոքի գործողությունների մասնակիցներին ուղղված՝ սահման գնալու կոչերին։ «Բոլոր այն մարդկանց, որոնք համարում են, թե այստեղ հավաքված մարդիկ պետք է գնան պոստ պահելու, ուզում եմ հարցնել՝ դուք, առհասարակ, տեղյա՞կ եք, որ սա պետություն է։ Ինչի՞ ամեն կարող է առավոտն արթնանալ, ինչպես Փաշինյանն էր ասում, վերցնել իր սաղավարտը, զրահաբաճկոնը ու գնա պոստ պահելու՞։ Բա պետությունը, պետական կառույցներն ինչի՞ համար են, բա ոստիկանության այդ զոքերը, որ 4 տարի առաջ պոպուլիզմով ասում էիք՝ ոստիկանական զորքերը այսուհետ պիտի պոստ պահեն, ինչի՞ պոստ չեն պահում կամ ընդհանուր ուժի 10-15 տոկոսով են պահում», - նշեց նա։ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ գործունեությանը՝ նշելով․ «Քարոզչական տեսանյութեր էին հրապարակում․ մարդիկ էին, որոնք կոչ էին անում մեզ՝ այստեղ հավաքվածներիս, գնալ մարտական դիրքեր, ասում էին՝ դրա կարիքը կա, ու՞ր է նայում ԱԱԾ-ն։ Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում խնդիր կա, զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադիր հայացքներո՞վ մարդկանց», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։  
20:08 - 21 մայիսի, 2022
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովին

Ընդդիմադիր պատգամավորները մտան Marriott Armenia Hotel հյուրանոց, որտեղ, ինչպես հայտնել ենք, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Նշենք, որ համաժողովին զուգահեռ՝ Հանրապետության հրապարակում՝ հյուրանոցի դիմաց, ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ: Նրանք վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ» և այլն: Այդ վանկարկումների ներքո էլ Նիկոլ Փաշինյանը մտավ հյուրանոց: Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել համաժողովի անցկացման դահլիճ: Տեղում էր նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Պատգամավորները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդևանյանը և այլք, միջանցքում էին՝ այդ դահլիճի դռան մոտ: Նրանք անգլերենով վանկարկում էին «Նիկոլ, դավաճան», որ, իրենց խոսքով, համաժողովի ներկաների մի մասի համար էլ հասկանալի լինի իրենց բողոքը: Աննա Գրիգորյանը հայտնեց, որ «Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից. ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել մի քննարկման, որտեղ Freedom house է»: Պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը զրուցել էր ՊՊԾ գնդի պետի հետ, ասաց, որ հրավիրվածների ցուցակում միայն իշխանությունը ներկայացնող պատգամավորներն են: Նրանք դուրս եկան հյուրանոցից և այնտեղ հավաքված քաղաքացիներին ներկայացրին, թե ինչ է կատարվել շենքի ներսում:
13:12 - 20 մայիսի, 2022
Իշխանափոխության հանրային պահանջ չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան |1lurer.am|

Իշխանափոխության հանրային պահանջ չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան |1lurer.am|

1lurer.am: Իշխանափոխության հանրային պահանջ ես չեմ տեսնում: Այդ մասին Կառավարությունում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Ես որպես քաղաքացի իմ կարծիքն արտահայտել եմ և պնդում եմ»,- նշեց նա:  Բադասյանը հիշեցրեց, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով. «Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը մեկ տարի առաջ իր ընտրությունը կատարել է: Հետընտրական իրավիճակներում կամ որևէ քաղաքական իրադարձությանն արձագանքելու դեպքում, բնականաբար, կա Սահմանադրությամբ նախատեսված պրոցես, և այդ պրոցեսները պետք է կիրառվեն»: Ինչ վերաբերում է 2018 թվականին և այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների համեմատությանը, ՊԵԿ նախագահը նկատեց. «Եթե 2018 թվականի իրադարձությունները համեմատում ենք այսօրվա իրադարձությունների հետ, ապա որևէ աղերս չկա թե՛ հանրության ներգրավվածության առումով, թե՛ հանրային պահանջի ձևակերպման, թե՛ այն մթնոլորտի, որով ընթանում էին 18 թվականի հավաքները: Այն ժամանակ պայքարում էինք կոռուպցիայի, ամենաթողության և դրա միջոցով պետական ինստիտուտները, այդ թվում՝ անվտանգությամբ զբաղվող պետական ինստիտուտները քայքայելու դեմ, և այդ պայքարը հաջողությամբ է պսակվել, և հիմա դժվարին պայքար է գնում, որ այդ պետական ինստիտուտները կառուցվեն»:
12:56 - 19 մայիսի, 2022
Մարտակերտում կազմակերպվել է հավաք՝ հաջակցություն Հայաստանում ընթացող «Դիմադրություն» շարժման

Մարտակերտում կազմակերպվել է հավաք՝ հաջակցություն Հայաստանում ընթացող «Դիմադրություն» շարժման

Մայիսի 18-ին Մարտակերտ քաղաքում մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվել է բազմամարդ հավաք, որի նպատակը Հայաստանում ընթացող «Դիմադրություն» շարժմանը իրենց աջակցությունն հայտնելն էր, ինչպես նաև իրենց մտահոգությունները համաքաղաքացիներին, պատգամավորներին և շրջանի պատասխանատու անձանց փոխանցելը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից: Հավաքի մասնակից քաղաքացիների մտահոգությունը մայր Հայաստանում և Արցախի շուրջ տեղի ունեցեղ զարգացումներն էին։ Մտահոգ քաղաքացիների հուզող հարցերին պատասխանելու համար, նախաձեռնող խմբի հրավերով Մարտակերտ էին ժամանել ԱՀ ԱԺ բոլոր 5 խմբակցությունները ներկայացնող պատգամավորները։ Նախքան հավաքի մեկնարկը, պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Մարտակերտի հուշահամալիրում։ Հանրահավաքին ներկա էր նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, ՀՅԴ Արցախի Մարտակերտի կոմիտեի ներկայացուցիչ Ալիկ Սարգսյանը։ Կազմակերպիչներից ելույթով հանդես եկավ Սոնա Ադամյանը, ով ողջունեց ԱՀ ԱԺ պատգամավորների ներկայությունը կազմակերպված հավաքին և աջակցություն հայտնեց «Դիմադրություն» շարժմանը։ «Մեր աջակցությունը հայտնենք մեր այն հայրենակիցներին, ովքեր օրեր շարունակ թողնելով իրենց ընտանեկան նիստն ու կացը, ամեն ինչ թողնելով ժամերով քայլում են, որպեսզի կարողանան օր առաջ ինչ-որ մի բան փոփոխել մեր հայրենիքում՝ դեպի լավը»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ այստեղ ներկա գտնվողները եկել են ասելու, ու ուզում են հայ մնալ, իսկ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Այնուհետև ելույթներով հանդես եկան բոլոր 5 խմբակցությունների ներկայացուցիչները, վերահաստատելով իրենց հավատարմությունը ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությանը, պարզաբանելով, որ այդ հայտարարությամբ Արցախը ևս միացել է«Դիմադրություն» շարժմանը։ Ներկաների մոտ մեծ ոգևորություն առաջացրեց ԱՀ ԱԺ խմբակցությունների միասնակնությունը Արցախի և հայ ժողովրդի համար վճռորոշ հարցերում։ Նրանք պարզել էին պաստառներ՝ «Կեցցե միանսականությունը», «Զարթնի՛ր, լաո», «Արցախ ոտքի», «Հայ պիտի մնանք» գրություններով, ինչպես նաև հնչեցրել «Միացում, պայքար, հաղթանակ», «Առանց թուրքի Հայաստան», «Հայաստան, Արցախ, Սփյուռք» կարգախոսներ։ Հավաքն ավարտվել է մասնակիցների միասնական «Զարթնի՛ր, լաո» երգեցողությամբ։
11:31 - 19 մայիսի, 2022
10 պատգամավոր հատել է հարգելի բացակայությունների շեմը
 |hetq.am|

10 պատգամավոր հատել է հարգելի բացակայությունների շեմը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի 10 պատգամավոր արդեն իսկ հատել է հարգելի բացակայությունների թույլատրված շեմը: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանին ուղարկված մեր գրավոր հարցման պատասխանից: Մայիսի 16-ի դրությամբ՝ 193 քվեարկություն և գրանցում է եղել, սա նշանակում է, որ 97 անհարգելի բացակայությունները գերազանցողները նստաշրջանի ավարտին կարող են հայտնվել մանդատից զրկվելու վտանգի առջև: ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս նստաշրջանի ավարտին հարցն ԱԺ խորհրդում քննարկելուց հետո այդ պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով դիմել Սահմանադրական դատարան: Ներկայացնենք պատգամավորների ցանկը, որոնք ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի ամենաշատ անհարգելի բացակայածներն են՝ Իշխան Սաղաթելյան՝ 100 բացակայություն, Վահե Հակոբյան՝ 97, Լիլիթ Գալստյան՝ 98, Արմեն Ռուստամյան՝ 101, Արթուր Ղազինյան՝ 98, Գեղամ Մանուկյան՝ 128, Անդրանիկ Թևանյան՝ 104, Արմեն Չարչյան՝ 119, Ասպրամ Կրպեյան՝ 102, Արթուր Վանեցյան՝ 115: Մենք գրավոր հարցմամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել էինք, թե արդյոք նստաշրջանի ավարտին պատրաստվո՞ւմ է բացակայած պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմել և չի՞ կաշկանդվի արդյոք, եթե շատ բացակայածների թվում նաև իր թիմակիցները լինեն: ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի ստորագրությամբ ուղարկված հարցման պատասխանում հիշատակվում է միայն այն մասին, որ պատգամավորի բացակայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ԱԺ կանոնակարգ օրենքով և ԱԺ աշխատակարգով: Նշենք, որ Factor.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ խիստ է տրամադրված պատգամավորների անհարգելի բացակայությունների հարցում: Նշենք, որ հարցման տեքստում հիշեցրել էինք ԱԺ նախագահին ապրիլի 12-ի նիստում հնչեցրած իր խոսքերը, երբ վերջինս անդրադարձել էր ընդդիմության բոյկոտին: «Ձեզ թվում է ինչի՞ էին բոլորն էստեղ հավաքված, որ սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշիվներին: Խմբակցությունը կարող էր հայտարարություն տարածել ու չգալ, բայց պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին, ասել` սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ մեր բացակաները համարել հարգելի»,- ասել էր ԱԺ խոսնակը: Մենք Ալեն Սիմոնյանին խնդրել էինք դիրքորոշում հայտնել ընդդիմության բոյկոտի վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե այս ընթացքում արձանագրված բացակայությունները համարելու՞ է հարգելի, թե՞ ոչ, սակայն այս հարցին որևէ պատասխան չի տրվել: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:40 - 18 մայիսի, 2022
«ՀԱԿ-ը չի կարող օգնել մարդկանց, որոնք այս արկածախնդրության հիմքը դրեցին»․ Զուրաբյան
 |azatutyun.am|

«ՀԱԿ-ը չի կարող օգնել մարդկանց, որոնք այս արկածախնդրության հիմքը դրեցին»․ Զուրաբյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի կարող լինել փողոցում և օգնել այն մարդկանց, որոնք այս արկածախնդրության հիմքը դրեցին, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը։ Ընդգծելով, որ լավ կլիներ՝ Նիկոլ Փաշինյանի նման «ապաշնորհ, դիվանագիտությունից և աշխարհաքաղաքականությունից ոչինչ չհասկացող աղետաբեր ղեկավարը» իշխանությունից գնար՝ Լևոն Զուրաբյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, թե ինչ պրոցեսով պետք է էդ մարդուն հեռացվի։ Էս գործընթացով հեռացնելը, ըստ ՀԱԿ փոխնախագահի, ոչ մի լավ ապագա չի խոստանում։ Զուրաբյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ -Պարոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսն անխնա քննադատում է իշխանություններին, բայց այս օրերին փողոցում չէ, ինչո՞ւ։ -Եթե փողոցում լինելը նշանակում է օգնել այն մարդկանց, որոնց սխալների պատճառով է էս ամեն ինչը կատարվել, իհարկե մենք փողոցում չենք լինի։ Ո՞նց կարող է մենք լինենք փողոցում և աջակցենք մարդկանց, որոնք էս հիմքը դրեցին՝ էս արկածախնդրության։ 98 թվականից սկսած էդ մարդիկ են էդ հիմքը դրել՝ էդ արկածախնդրության։ Սա մեկ, երկրորդը՝ մենք շատ լավ հասկանում ենք և Տեր-Պետրոսյանը դրա մասին գրեց, որ ցնցումներն իրականում շատ վտանգավոր են այսօր Հայաստանի համար և կարող են բերել ավելի ծանր վիճակների Հայաստանի համար և ցնցումներն, իսկապես, կարող են թուլացնել Հայաստանի դիրքերը բանակցություններում, հետևաբար մենք զերծ ենք մնում նման գործընթացներից։ Իսկապես լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանի նման ապաշնորհ, դիվանագիտությունից և աշխարհաքաղաքականությունից ոչինչ չհասկացող աղետաբեր ղեկավարը իշխանությունից գնար, բայց պետք է հասկանալ էդ ինչ պրոցեսով պետք է էդ մարդուն հեռացվի։ Էս գործընթացով հեռացնելը ոչ մի լավ ապագա չի խոստանում։  Ձեզ այդ հրապարակը չի՞ համոզել, որ աթոռի կռիվ չէ, գալիս ենք՝ ժամանակավոր կառավարություն, Արցախը փրկել։ -Ես Ձեզ անկեղծ ասեմ, եթե հրապարակում գոնե հնչեր մի քիչ քաղաքական միտք, էնպես չի, որ մենք ֆիքսված ենք անցյալի վրա, էդ անցյալի թշնամության, հակասությունների վրա, եթե հրապարակում հնչեր հստակ քաղաքական միտք, եթե առաջարկվեին լուրջ ալտերնատիվներ, մենք ճկուն ենք հանուն Հայաստանի, եթե մենք տեսնեինք, որ կա գործընթաց, որը խոստանում է ապագայում Հայաստանը ճիշտ ուղղությամբ տանել, և հիմա էլ այս գործընթացն այնպես կտանի, որ իսկապես կապահովի մեծ կոնսոլիդացիա, հանրության լայն շրջանակների ներգրավում, որը շատ կարևոր է, եթե ուզում ես, որ գործընթացը կայուն գնա՝ առանց արյունահեղության, առանց ցնցումների, շատ առանցքային է հանրության լայն շրջանակների ներգրավումը, դա ինքնին դառնում է երաշխիք, որ գործընթացները նորմալ են գնում։ Եթե մենք տեսնեինք, որ նման գործընթաց է գնում և հաշվարկված, ռացիոնալ քաղաքական մտքի շուրջ հնարավոր է լայն կոնսոլիդացիա, իհարկե մենք կմիանայինք այդ գործընթացին, կամ ինքներս կնախաձեռնեինք։ Զուրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․  
14:34 - 18 մայիսի, 2022