azatutyun.am: «Մենք գործ ունենք մեր ընդդիմության կողմից զգայուն թեմաների կապիտալիզացիայի փորձի հետ», - այսպես բնութագրեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների հարցով հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ «Զարթնի՛ր Լաո», «Առանց թուրքի Հայաստան» կոչերով ընդդիմադիրների բողոքի ակցիաները։
Ընդգծելով, որ չի հասկանում, թե ինչ է պահանջում ընդդիմությունը՝ Ռուբինյանը շեշտեց՝ ընդդիմության մեղադրանքները երեսպաշտության շրջանակներում են։
Հայաստանի բոլոր նախագահները փորձել են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և ճիշտ են արել, ասաց Ռուբինյանը՝ դա նորմալ համարելով։ Սակայն, ըստ նրա, նորմալ չէ, երբ քաղաքական գործիչն իր ընդդիմախոսին կամ իր քաղաքական հակառակորդին մեղադրում է մի բանի մեջ, որն ինքն է արել։
«Ամեն ինչ կարելի է քննադատել, բայց խնդիրն այն է, թե դու ինչ ես առաջարկում։ Օրինակ, եթե հիմա հարցնենք մեր քաղաքացիներին, թե լավ, ի վերջո, մեր ընդդիմությունն ի՞նչ է պահանջում, ի՞նչ են ուզում իրենք, ինչ կպատասխանեն, ես։ Օրինակ, չգիտեմ, չեմ հասկանում, թե իրենք ինչ են ուզում, որն է իրենց ասածը, ինչ է, օրինակ, թուրքացումը, կարող են բացատրել, դա ինչ է նշանակում, կամ երբ որ գոչում են՝ «առանց թուրքի Հայաստան», ինչ է դա նշանակում, կամ ինչու չէին գոչում առանց թուրքի Հայաստան, երբ որ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն էր վարում, կամ երբ որ Ռոբերտ Քոչարյանի օրոք էր սկիզբ առնում ֆուտբոլային դիվանագիտությունը, սա ուղղակի անամոթ շահարկում է զգայուն թեմաների և ոչ մի տեղ չի տանում», - ասաց Ռուբինյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
comment.count (0)