ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

9 անձի, այդ թվում՝ ՊԵԿ աշխատակիցների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար

9 անձի, այդ թվում՝ ՊԵԿ աշխատակիցների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարողներից տարբեր չափերով, ընդհանուր` ավելի քան 1.700.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր Գագիկ Հակոբյանը Երևան քաղաքի տարբեր վայրերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ իրականացրած ստուգումների ընթացքում հարկային օրենսդրության ոլորտում հնարավոր խախտումները չարձանագրելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնելու, ինչպես նաև թույլ տրված խախտումներին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու դիմաց հիշյալ տնտեսվարողներից ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդի միջոցով 2021 թվականի մարտից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 100.000-300.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Գագիկ Հակոբյանը մեկ այլ ընկերությունում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ, նախնական համաձայնության գալով իր անմիջական ղեկավարի` ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Գագիկ Կարապետյանի և գլխավոր օպերլիազոր Արամ Աղաջանյանի հետ, հնարավոր խախտումները և բացթողումները չարձանագրելու համար հիշյալ ընկերության հիմնադրից պահանջել և 2021 թ. հոկտեմբերին նրանից ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Տնտեսվարողներից տարբեր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Գագիկ Կարապետյանին և Արամ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Կաշառքի միջնորդության համար մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՊԵԿ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար 5 անձի մեղադրանք է առաջադրվել 312-րդ հոդվածի տարբեր մասերով: Կաշառք ստացած ՊԵԿ աշխատակիցների, ինչպես նաև նրանց կաշառք տված ու կաշառքի միջնորդություն կատարած 6 անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
17:19 - 04 հունվարի, 2022
Կալանավորված անձի կողմից ՔԿՀ պաշտոնատար անձանց կաշառք տալու գործով նախաքննությունն ավարտվել է

Կալանավորված անձի կողմից ՔԿՀ պաշտոնատար անձանց կաշառք տալու գործով նախաքննությունն ավարտվել է

Կալանավորված անձի կողմից «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կալանավորված անձի կողմից ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց 2020-2021 թվականների ընթացքում պարբերաբար տարբեր չափերի կաշառք տալու դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հմայակ Թադևոսյանը մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի մասնագետներ Սաֆար Սաֆարյանի և Սարո Մաթևոսյանի հետ: Այնուհետև, իր նկատմամբ վերջիններիս հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու, ինչպես նաև իր մոտ պահվող, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը հայտնաբերելուն և վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար Հմայակ Թադևոսյանն «Իդրամ» վճարահաշվարկային կազմակերպության միջոցով Սաֆար Սաֆարյանի հաշվին 2020 թվականի նոյեմբերից 2021 թվականի հունվար, իսկ Սարո Մաթևոսյանի հաշվին` 2020 թվականի հոկտեմբերից 2021 թվականի մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տարբեր չափերի գումարներ է փոխանցել որպես կաշառք: Կալանավորից զգալի չափերով կաշառք ստանալու համար Սաֆար Սաֆարյանին և Սարո Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար Հմայակ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1 ին մասով /2 դրվագ/: Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին, որի կողմից այն հաստատվել և ուղարկվել է դատարան:
13:15 - 03 հունվարի, 2022
Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել. քրգործի  նախաքննությունն ավարտվել է

Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել. քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՊԵԿ ավագ հարկային տեսուչի կողմից տնտեսվարողից կաշառք ստանալու դեպք:Մասնավորապես, գործով ձեռք  բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀ տարածքային բաժնի ավագ հարկային տեսուչ Տիգրան Կարապետյանը համապատասխան ՍՊ ընկերությունում ստուգայցի ժամանակ, ի թիվս գրանցված աշխատակիցների, այնտեղ նկատել է փաստացի աշխատանք կատարող անձի:Հարկային տեսուչը, սակայն, սահմանված կարգով նրա տվյալները չի ներառել ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող անձանց ցուցակում և միջոցներ չի ձեռնարկել` պարզելու նշված ընկերությունում հիշյալ աշխատակցի գրանցված լինելու հանգամանքը: Արդյունքում Տ. Կարապետյանը ընկերության սեփականատիրոջից վերջինիս որդու օժանդակությամբ ստացել է 160.000 ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև տեսուչը նրան հայտնել է, որ առաջիկա օրերի ընթացքում ևս մեկ այցելություն պետք է կատարի նշված ընկերություն` նման կերպ բացահայտելով կրկնակի այցելություն կատարելու հարկային մարմնի մտադրությունը և հնարավորություն տալով տնտեսվարողին չգրանցված աշխատակիցներ ունենալու պարագայում խախտումը թաքցնել հարկային մարմնից: Կաշառք ստանալու համար ավագ հարկային տեսուչ Տիգրան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 
17:13 - 30 դեկտեմբերի, 2021
Սասուն Խաչատրյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատուի հետ

Սասուն Խաչատրյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատուի հետ

 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին: Ինչպես տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, Հիզեր Բերգին շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ հակակոռուպցիոն ոլորտում ակտիվ համագործակցությունը շարունակում է մնալ ԱՄՆ կառավարության առաջնահերթություններից մեկը, ուստի կարևոր է նորաստեղծ կառույցի հետ համատեղ աշխատանքների ներկա փուլում գործնական քայլերի մեկնարկն ու առաջիկա անելիքների պլանավորումը:   Առաջնահերթ աշխատանքների շրջանակում կողմերը դիտարկել են Հակակոռուպցիոն կոմիտեի արդյունավետ գործունեության համար պահանջվող տեխնիկական հագեցվածության հարցերը, այդ թվում` ԱՄՆ գործընկերների աջակցությամբ հնարավորինս սեղմ ժամկետներում օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների համար ժամանակակից տեխնիկայի ձեռք բերման և դրանց գործարկման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման հնարավորությունը: Նշվում է, որ հաշվի առնելով հակակոռուպցիոն բնագավառում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` կարևորվել է նաև այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ քննիչների և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ծառայողների կարողությունների ու հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Անդրադարձ է կատարվել նաև մի շարք կոռուպցիոն բնույթի գործերի շրջանակում ապօրինի ակտիվների վերադարձին առնչվող միջազգային իրավական փոխօգնության հարցումների ընթացքին: Կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցային կապերն ընդլայնելուն ուղղված աշխատանքներն ու դրա շրջանակում նախանշված ծրագրերը կիրագործվեն մեծ արդյունավետությամբ:
13:50 - 15 դեկտեմբերի, 2021
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ

Գեղարքունիքի մարզի բնակչուհի Գ. Մ.-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում դեկտեմբերի 12-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։  Գ. Մ.-ն հաղորդում է տվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների նախորդ օրը «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար իրեն առաջարկել են 60.000 ՀՀ դրամ կաշառք, որը մերժել է: «Վերը նշված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է ևս մեկ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Կատարվում է նախաքննություն: Ընտրակաշառք տալու փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Արա Իսրայելյանը, հանդիսանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Իջևանի երիտասարդական կառույցի ղեկավարը և որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված լինելով հիշյալ կուսակցության ցուցակում, հունիսի 20-ին անցկացված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին վերոնշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար Արման Էլլարյանին տվել է 51.300 ՀՀ դրամ գումարին համարժեք 100 ԱՄՆ դոլար կաշառք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընտրողին կաշառք տալու համար Արա Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, Արման Էլլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` ընտրակաշառք ստանալու համար:  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Ա.Իսրայելյանի և Ա. Էլլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:44 - 13 դեկտեմբերի, 2021
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք: Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ.Գասպարյանի կինը, 2010-2011 թվականներին պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել, սակայն Վ.Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է կնոջը ավելի քան 17 մլն ՀՀ դրամ աշխատավարձի վճարումը: Բացի այդ, 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Վ.Գասպարյանի կինն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները, ավելին` առանց վերադասին ուղղված` իրեն արձակուրդ տրամադրելու մասին զեկուցագրերի տարբեր տևողություններով բացակայել է ՀՀ-ից և չի ներկայացել աշխատանքի: Այս դեպքում ևս Վ.Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար: Պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանի` ՀՀ ոստիկանության զորքերում պաշտոնի նշանակված դուստրը 2015-2018 թվականներին երբևէ ծառայության վայր չի ներկայացել, ծառայությունից բխող որևէ պարտականություն չի կատարել, ինչի մասին տեղյակ լինելով` Վ. Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, և արդյունքում դստերը հաշվարկվել և վճարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ գումար: Վերոգրյալից բացի, 2012-2019 թվականներին, որպես ՀՀ ոստիկանության պետ ի պաշտոնե հանդիսանալով նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, այլ անձանց հետ խմբով կազմել և օգտագործել է կազմակերպության գույքն օտարելու իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` կազմակերպության ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն, որի հիման վրա Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 1,103556 հեկտար հողամասը և կազմակերպության սեփականությունը հանդիսացող 5902,5 քմ շենք-շինությունները փորձել է օտարել Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը: Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի վատնումը, սակայն, նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ պետական լիազոր մարմինը` Կադաստրի կոմիտեն, մերժել է իրավունքի պետական գրանցումը: Հիշյալ արարքն ավարտին հասցնելու դեպքում կազմակերպությանը կարող էր պատճառվել առանձնապես խոշոր չափերով՝ 857.891.044 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Գասպարյանը, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով բացառապես պետական պաշտոններ, տիրապետել, օգտագործել և տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցագործությունների՝ առանձնապես խոշոր չափերով վատնման, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ստացված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով դրա իրական բնույթն ու հանցավոր ծագումը: Մասնավորապես, Վ. Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353.249.428 ՀՀ դրամ, սակայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, ինչպես նաև բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2.477.884.177 ՀՀ դրամ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտներն օրինականացրել է գույք ձեռք բերելու, դրանց շինարարության, կոմունալ վճարների նպատակով ծախսելու, փաստացի իրեն պատկանող գույքն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու և դրանց իրական արժեքները թաքցնելու միջոցով: Այդկերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի գույք: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:37 - 09 դեկտեմբերի, 2021
Վարորդական իրավունքի տեսական քննության համար ՃՈ տեսուչը 350.000 դրամ կաշառք է վերցրել․ տեսուչը և նրան օժանդակած անձը կալանավորվել են

Վարորդական իրավունքի տեսական քննության համար ՃՈ տեսուչը 350.000 դրամ կաշառք է վերցրել․ տեսուչը և նրան օժանդակած անձը կալանավորվել են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Է. Ս.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և իր համագյուղացի Գ. Գ.-ի օժանդակությամբ ստացել 350.000 ՀՀ դրամ կաշառք` Երևանի բնակչուհի Լ. Բ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ տեսական քննությունը կազմակերպելու և դրական գնահատելու համար, տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:Ըստ առաջադրված մեղադրանքի` Գ. Գ.-ն Լ. Բ.-ի հետ հանդիպման ընթացքում վերջինիս վստահեցրել է, որ իր օժանդակությամբ ՃՈ տեսուչ Է. Ս.-ին 350.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անցկացվող տեսական քննությունը ձևական բնույթ կկրի, և հնարավոր խնդիրները կհարթեն ոստիկանության ծառայողները:Դրանից հետո` նոյեմբերի 27-ին, Լ. Բ.-ն Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությանը, որի ընթացքում չի կարողացել ճիշտ պատասխանել առաջադրված հարցերին: Տեսական քննությունն ընդունող տեսուչ Է. Ս.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ուղղորդել է Լ. Բ-ին` նշելու ճիշտ պատասխանները, որի արդյունքում վերջինիս քննությունը դրական է գնահատվել:Տեսական քննությունից հետո Գ. Գ.-ն ՃՈ տեսուչ Է. Ս.-ին փոխանցելու համար Լ. Բ.-ից ստացել է 350.000 ՀՀ դրամ կաշառքի գումարը և տեղում բռնվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Է. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ  նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:52 - 01 դեկտեմբերի, 2021
ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության մասնագիտացված ստորաբաժանում

ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության մասնագիտացված ստորաբաժանում

ՀՀ գլխավոր դատախազի 2021թ. նոյեմբերի 16-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն և դադարեցվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության գործունեությունը: Այս մասին հայտնում է Դատախազությունը:  Մասնագիտացված ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված է ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցմամբ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ, որին, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերապահվել է կոռուպցիոն հանցագործություններով ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Համաձայն 2021թ. ապրիլի 14-ին ընդունված և ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի՝  ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պաշտոններում կարող են նշանակվել բացառապես օրենքով սահմանված կարգով բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ հրամանի համաձայն՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում, այսինքն նշված նոր ստորաբաժանումն սկսում է գործել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության առնվազն 5 դատախազների նշանակման օրը: ՀՀ գլխավոր դատախազի նոյեմբերի 22-ի հրամաններով նշանակվել են վարչության 8 դատախազներ: Վարչության պետ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանը, որը մինչ այդ ղեկավարում էր ՀՀ գլխավոր դատախաության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը: Մինչ այդ վարչության դատախազների պաշտոնների բոլոր թեկնածուները օրենքով սահմանված կարգով անցել են բարեվարքության ուսումնասիրություն: Դրանց արդյունքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները հաշվի են առնվել ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումները կատարելիս:
17:22 - 23 նոյեմբերի, 2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են կոմիտեից։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Երևանում ԱՄՆ դեսպանատան հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի և Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության գործառնությունների համակարգող Սերգո Կավտարաձեի հետ: Հանդիպման նպատակը Միացյալ Նահանգների կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման, մասնավորապես` տեխնիկական աջակցության ցուցաբերման, վերապատրաստումների և փորձագետների ներգրավման նպատակով նախատեսվող ծրագրերի քննարկումն էր: Կողմերը, մասնավորապես, դիտարկել են կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով միջազգային փորձագետների ներգրավմամբ քննիչներին մասնագիտական աջակցության, այդ թվում` քննության ժամանակակից մեթոդների մշակման հնարավորությունները: Բացի այդ, անդրադարձ է կատարվել քննության իրականացման ընթացքում քննչական, օպերատիվ և փորձագիտական աշխատանքների մեկտեղման, ինչպես նաև դրանց արդյունավետության ապահովման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը: Քննիչների մասնագիտական հմտությունների կատարելագործման և փորձի փոխանակման նպատակով կարևորվել է նաև անհրաժեշտ վերապատրաստման ծրագրերի իրականացումը հատկապես ֆինանսական հանցագործությունների և պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման հանցատեսակների քննության թեմաներով: Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ համագործակցությունը շարունակական կլինի, և դրա շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը կիրագործվեն մեծ արդյունավետությամբ»,-նշված է հայտարարության մեջ։
13:43 - 20 նոյեմբերի, 2021
Գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ քրեական գործի նյութերի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում առերևույթ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը: «Բացի այդ, ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում առերևույթ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` համապատասխանաբար Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի  և  Samand Soren 1.8 մակնիշի երկու ավտոմեքենաները : Պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձի կինը ևս իր ներկայացրած  հայտարարագրում առերևույթ թաքցրել է տարածքի վարձակալությունից ստացված առանձնապես խոշոր չափերի`  շուրջ 10 մլն ՀՀ դրամ եկամուտի վերաբերյալ տվյալները»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ : Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:56 - 19 նոյեմբերի, 2021
«Ֆիզգորոդոկում» ոստիկանների ու բնակիչների միջեւ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը ՀՔԾ-ի լուծարումից հետո շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

«Ֆիզգորոդոկում» ոստիկանների ու բնակիչների միջեւ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը ՀՔԾ-ի լուծարումից հետո շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հատուկ քննչական ծառայության լուծարվելուց հետո «Ֆիզգորոդոկում» տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», այս տարվա օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու և այլ ապօրինի գործողություններ կատարելու ենթադրյալ դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնցով 2021 թվականի սեպտեմբերի 6-ին հարուցվել են 3 քրեական գործեր։  Քրգործերից մեկը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ բռնության գործադրմամբ եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Մյուս երկու քրգործերը եւս հարուցվել են ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հակտանիշներով։ Երեք քրգործերը, ինչպես Infocom-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հետագայում գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ միացվել են մեկ վարույթում: Օրեր առաջ «Ֆիզգորոդոկի» գործով տուժողի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը հրավիրված ասուլիսի ժամանակ նշել էր, քրեական գործը հարուցվել է Հատուկ քննչական ծառայությունում, որը, սակայն, այժմ լուծարված է։ ՀՔԾ-ի լուծարումից հետո (ՀՔԾ-ի փոխարեն գործելու է Հակակոռուպցիոն կոմիտեն,-հեղ․), Ղարագյոզյանի խոսքով, տուժողներին որևէ կերպ չեն տեղեկացրել, թե որ քննչական վարույթում է գործը․ «Այս ամիսների ընթացքում մենք նորություն չենք ունեցել, ես նամակներ եմ ուղարկել ՀՔԾ քննիչին, երկու շաբաթ անց իմ նամակը հետ է եկել՝ նամակի վրա նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարված է։ Այսինքն՝ ՀՔԾ-ն լուծարված է, և պետությունը որևէ ձևով չի տեղեկացնում տուժողներին, թե որ քննչական վարույթում է հիմա գործը, և ով է այս գործով քննություն իրականացնում։ Մենք կարող է սպասեինք, նստեինք, և ստանայինք որոշում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հիմա մենք փաստացի որևէ ձևով տեղեկացված չենք, թե կոնկրետ որ քննչական բաժնում է գործը և որ քննիչն է զբաղվում»,- ասուլիսի ժամանակ ասել էր Ղարագյոզյանը՝ նշելով, որ գործը հարուցվել է լիազորությունների անցման հիմքով։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ արդյունավետ քննության մասին անգամ խոսք չի կարող լինել․ «Դեպքից տևական ժամանակ անց տուժողներին հրավիրել են հարցաքննության և ընդամենը տուժող ճանաչելու որոշմանն ենք ծանոթ, և որպես տուժող՝ տուժողները հարցաքննվել են։ Այդ ժամանակ ՀՔԾ-ն դեռ չէր լուծարվել, և, ընդհանուր առմամբ, շատ թերի, միակողմանի քննություն է իրականացվել»,- կարծիք էր հայտնել նա։ Ինչ վերաբերում է քրեական գործի ընթացքին՝ Infocom-ի հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից նշել են, որ գործով դեռևս որևէ անձ որպես մեղադրյալ ներգրավված չէ․ «Պատշաճ դատախազական հսկողությամբ ձեռնարկվում են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար»,- վստահեցրել են հարցման պատասծանում: Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 19-ին Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», սկսվել էին մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ։ Բնակիչների պնդմամբ՝ բարձրահարկ շենքի կառուցումն ապօրինի է։ Օգոստոսի 20-ին շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, եղել էին բերման ենթարկված անձինք։ Հայարփի Բաղդասարյան
15:56 - 13 նոյեմբերի, 2021