Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 215 մլրդ դրամ |armenpress.am|

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 215 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021 թվականի համար բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերի չափը գերազանցում է կապիտալ ծախսեր իրականացնելու համար երկրի՝ պատմական միջին կարողությունը, նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «2021 թվականի բյուջեի նախագծում կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ կամ կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 3.2 տոկոսը: Դա գերազանցում է մեր երկրի պատմական միջին կարողությունը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Այսինքն՝ մի փոքր ավելի բարձր շեմ է վերցված, քան մենք պատմականորեն միջինում կարողացել ենք կապիտալ ծախսեր իրականացնել»,-ասաց նախարարը: Բացի կոնկրետ բյուջեով նախատեսված 215 մլրդ դրամից, 2021 թվականի բյուջեում դրվել է նաև մի միջանկյալ լուծում: Առանձին  հավելվածով առաջարկվել է կապիտալ ծրագրերի առաջնահերթություններ հանդիսացող ծախսերի ցանկ: Դա նշանակում է, որ հնարավոր կլինի տարվա ընթացքում վերանայել, վերաբաշխումներ կատարել: Անդրադառնալով բյուջեի նախագծի ընդհանուր տրամաբանությանը՝  նախարարը նշեց՝ միանշանակ կանգ են առել այն որոշման վրա, որ նույնիսկ ամենաանորոշ իրավիճակում շատ ավելի լավ է ունենալ որևէ ծրագիր, քան ընդհանրապես թույլ տալ, որ գործողություններն ու իրադարձությունները զարգանան ինքնաբերաբար, այլ կերպ ասած՝ գործընթացների վրա ազդող լինել, քան սպասել իրադարձությունների զարգացմանը և փորձել դրանց հակազդել: Հենց այս տրամաբանությունն է ընկած եղել բյուջեի նախագծի մշակման հիմքում: Անորոշության աստիճանը չափազանց բարձր է, բայց նույնիսկ այս պարագայում օգտագործվել է այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել: Օգտագործվել է ժամանակակից և արդիական գնահատվող լավագույն մեթոդաբանությունը՝ կանխատեսելու թե մակրո և թե բյուջետային շրջանակը: Նպատակադրվել է տնտեսական աճի վերականգնումը և պոտենցիալի մեծացումը: «Տնտեսական աճի պոտենցիալին միտված գործողություններն այլընտրանք չունեն, որովհետև երկրի առջև ծառացած խնդիրների տեսակետից՝ լավագույն լուծումների հասնելու միակ ճանապարհն ավելի լավ տնտեսություն ունենալն է: Իսկ ավելի լավ տնտեսություն ունենալ հնարավոր է ոչ թե միանվագ գործողություններով, այլ տնտեսական աճի պոտենցիալի մեծացմամբ»,-ասաց Ջանջուղազյանը:
11:28 - 02 նոյեմբերի, 2020
Ֆինանսական կառույցները պատրաստակամ են ներել զոհվածների, հաշմանդամ դարձածների վարկերը |armenpress.am|

Ֆինանսական կառույցները պատրաստակամ են ներել զոհվածների, հաշմանդամ դարձածների վարկերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները կարող են ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաև նրանց հետ առաջնահերթ փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ փոխկապակցված անձ ասելով` նկատի ունեն ամուսնուն, համատեղ ապրող ծնողներին և համատեղ ապրող զավակներին: «Ի տարբերություն նախկինում եղած նման օրենսդրական նախաձեռնությունների, այս մեկը առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն խոսքը տույժերին ու տուգանքներին է վերաբերում, այլ նաև վարկի մայր գումարին»,- ասաց Արման Պողոսյանը: Օրենսդրական փոփոխություններն ընդունված են, հրապարակված են և ուժի մեջ են մտել, հետևաբար կարողեն արդեն կիրառվել: Արման Պողոսյանը նկատեց, որ սա հնարավորություն է բանկերի ու ֆինանսական կառույցների համար ներելու վարկային պարտավորությունները, այսինքն՝ օրենքով չի կարող դա պարտադրվել, որովհետև երկու անձանց միջև ձևավորված քաղաքացիաիրավական հարաբերությունների առարկա է: «Պետությունը բանկերի և վակային կազմակերպությունների հետ կիսում է վարկի չմարման հետևանքով ձևավորված բեռը: Պետք է նկատել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են օգտվել այս գործիքից և առավելագույն մեծ ծավալով մեծ վարկային պարտավորություններ ներել: Սա մենք արձանագրել ենք ֆինանսական կառույցների հետ մեր ամենօրյա շփումների արդյունքում: Այս առումով օերնսդրական փոփոխությունը սպասված էր, և ես համոզմունք ունեմ, որ այն առավելագույնս ծառայելու է իր նպատակին»,- ասաց նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ վարկային տեսակների հետ կապված օրենքով սահմանափակումներ չկան:  
17:37 - 28 հոկտեմբերի, 2020
Հայաստանի պետական պարտքը պատերազմի օրերին սպասարկվում է առանց խոչընդոտների |hetq.am|

Հայաստանի պետական պարտքը պատերազմի օրերին սպասարկվում է առանց խոչընդոտների |hetq.am|

hetq.am: Հայաստանը շարունակում է ժամանակին և առանց խոչընդոտների կատարել պետական պարտքի սպասարկումը. արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը չի ազդել պարտքի կառավարման վրա։ Միևնույն ժամանակ՝ ներգրավվում է նոր պարտք, թողարկվում են նոր պետական պարտատոմսեր, որոնք ծրագրված են եղել դեռևս ամիսներ առաջ։ Ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, որ միջազգային վարկատուները պատրաստ են Հայաստանին տրամադրել այնքան գումար, որքան անհրաժեշտ կլինի։ Մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 13-ին, Հայաստանում տեղի է ունեցել 30 տարի անց մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ 20 մլրդ դրամ ծավալով: Իսկ ավելի պարզ լեզվով ասած՝ քաղաքացիները պետությանը 20 մլրդ դրամ պարտք են տվել 30 տարով։ Ընդ որում՝ պահանջարկը 50.1 մլրդ դրամ է եղել։ Այսինքն՝ քաղաքացիները 2.5 անգամ ավելի շատ պարտատոմս գնելու պատրաստակամություն են հայտնել։ Ոլորտի պատասխանատուները սա դրական փաստ են համարում հատկապես այս օրերին, երբ սահմանում լարված իրավիճակ է։ «Սա նշանակում է, որ պատերազմի օրերին մեր հասարակությունը խուճապի մեջ չէ, անորոշություններ չի տեսնում։ Ինչպես այս տարվա ապրիլին են 30 տարով պարտատոմսեր գնել, այնպես էլ՝ հոկտեմբերին։ Դա ցուցիչ է, որ ժողովուրդը հավատում է և՛ երկրին, և՛ բանակին»,֊  նշեց Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։ Նա նաև շեշտում է, որ նոր պետական պարտատոմսերի թողարկումը պայմանավորված չէ պատերազմով, այլ պլանավորված էր շատ ավելի վաղ։ Ճիշտ այնպես, ինչպես պլանավորված է նաև պարտքի սպասարկման ժամանակացույցը, որը ևս չի խախտվում։ Մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ին ամբողջությամբ մարվել է 2013 թվականին ստացված 700 մլն դոլար պարտքի մնացորդը։ Հիշեցնենք, որ Հայաստանը կապիտալի միջազգային շուկայում 2013 թվականի սեպտեմբերին իրականացրել էր 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի թողարկում։ Այսինքն՝ ներգրավել է 700 մլն դոլարի արտաքին պարտք։ 2015 և 2019 թվականներին այդ պարտքից մարվել է, ընդհանուր առմամբ, 602.3 մլն դոլարը։ Իսկ մնացած 97.7 մլն  դոլարը մարվել է այս տարվա սեպտեմբերի 30-ին։ Սեպտեմբերի վերջի դրությամբ պետական պարտքը 7.855 մլրդ ԱՄՆ դոլար է Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.855 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 533 մլն դոլարով կամ 7.3%-ով։ Արտաքին պարտքը մոտ 5.977 մլրդ դոլար է, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 192 մլն դոլարով կամ 3.3%-ով։ Նույն ընթացքում ներքին պարտքն աճել է  341 մլն դոլարով կամ 22.2%-ով՝ կազմելով մոտ 1.878 մլրդ դոլար։     «Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։ Մենք գլխապատառ չենք գնում ամեն գնով փող վերցնելու։ Վերցնելիս մենք անպայման դիտարկում ենք պայմանները, եթե ձեռնտու չեն լինում, սպասում ենք ավելի շահավետ պայմանների։ Մենք ունենք «անվտանգության բարձիկներ», որոնք թույլ են տալիս ծախսերը չընդհատելով՝ առաջ գնալ»,- նշում է Պետական պարտքի կառավարման վարչության պետը։ Միջազգային կառույցներն, ըստ Արշալույս Մարգարյանի, միշտ պատրաստ են Հայաստանին փող տալ, «որովհետև մենք միջազգային պարտքի շուկայում սպիտակ մաքուր դեմք ունենք, երբևէ պետական պարտքի որևէ վճար, մարում չենք ուշացրել»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:49 - 20 հոկտեմբերի, 2020
Պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է. Ատոմ Ջանջուղազյանը՝ հանրակրթարաններում որոշակի պաշտպանիչ միջոցների գնման նախագծի մասին |tert.am|

Պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է. Ատոմ Ջանջուղազյանը՝ հանրակրթարաններում որոշակի պաշտպանիչ միջոցների գնման նախագծի մասին |tert.am|

tert.am: 33-րդ հարցով նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացում կատարել, որը, ճիշտն ասած, չի քննարկվել՝ ենթադրում եմ հրատապությամբ պայմանավորված: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին, չզեկուցվող հարցրերին անդրադառնալով, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»,-ասաց նախարարը և նշեց, որ խոսքը ֆինանսական հատկացման մասին է և առաջարկեց մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, ապա նոր նախագիծը հաստատել: Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ խոսքը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնմանը և մինչև ստորագրումը պետք է փորձեն աղբյուրը հստակեցնել: Այսպիսով` նշենք, որ նախագծով նախատեսվում էր բժշկական դիմակներով ապահովել և աշակերտներին (սաներին, ուսանողներին) և մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով): Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը: Նախագծով նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և' աշակերտներին (սաներին, ուսանողներին) և անձնակազմի 100 %-ին,  ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ: Ավելին՝ tert.am-ում
12:48 - 03 սեպտեմբերի, 2020
Գնումների բողոքարկման խորհրդի խնդրահարույց որոշման պատճառով «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն  ներառվել է «սև ցուցակում»

Գնումների բողոքարկման խորհրդի խնդրահարույց որոշման պատճառով «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն ներառվել է «սև ցուցակում»

Պահնորդական ծառայություններ մատուցող «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Հովհաննես Պետրոսյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում մասնավոր ընկերությունների համար ստեղծված խնդիրների շուրջ։ Ընկերության տնօրենը մեր զրույցում անդրադարձել է այս տարվա հունվարին Ֆինանսների նախարարության նախաձեռնած ընթացակարգին, որի արդյունքում «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն մինչ 2022 թվականը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Նախ ներկայացնենք նախարարության հիմնավորումները և ընկերության հակափաստարկները։ Այս ընթացակարգի նախաձեռնողը եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»  (ԲԷՑ) ՓԲ ընկերությունը՝ այն պատճառաբանությամբ, որ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն, հաղթող ճանաչվելով «ԲԷՑ-ԳՀԾՁԲ-19/56» գնման ընթացակարգում, սահմանված ժամկետում չի ներկայացրել իր հաստատած պայմանագիրը, այն ուժի մեջ մտնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիրը, ինչպես նաև պայմանագրի և որակավորման ապահովումները՝ բանկային երաշխիքի տեսքով։ Ընկերության տնօրեն Հովհաննես Պետրոսյանը պնդում է սակայն, որ ԲԷՑ-ի պատճառաբանությունը, թե «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն չի ներկայացրել հաստատված պայմանագիրը, ճիշտ չէ, քանի որ վերջինս ներկայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ինչ վերաբերում է պայմանագրի ուժի մեջ մտնելու փաստը ֆիքսելու լրացուցիչ համաձայնագրին և բանկային երաշխիքին, ապա ինչպես նշեց Պետրոսյանը, դրանց չներկայացումը հիմնավոր պատճառ ունի։ Բանն այն է, որ միաժամանակյա բանակցություններն անկացվել են օրենքի խախտմամբ։ Բանակցությունների արդյունքում մրցույթին մասնակից մեկ այլ ընկերություն՝ «Պահապան1» ՍՊԸ-ն, գնային առաջարկն իջեցրել է ինքնարժեքից, որի արդյունքում «Տրանս-Սֆեր» ընկերությունը նույնպես նվազեցրել է։ Գնահատող հանձնաժողովն էլ, ինքնարժեքից ցածր գնային առաջարկի ներկայացումը բացառելու փոխարեն, թույլատրել է այն, որի արդյունքում «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն հայտնվել է անելանելի դրության մեջ։ Այս ամենը հանգեցրել է ոչ բարեխիղճ մրցակցության, որը հակասում է պետական գնումների սկզբունքներին։ Վերոնշյալ գործընթացում առաջին խնդրահարույց կետն այն է, որ 2020 թվականի փետրվարի 24-ին ՀՀ Գնումների բողոքարկման խորհրդի YouTube-յան էջում տեղադրված տեսանյությում վերոնշյալ բողոքը քննող Լևոն Օհանյանը չէր բավարարել Ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՖՆ) նախաձեռնած ընթացակարգը և «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ին չէր ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Սակայն ընկերության ղեկավարը թղթային տարբերակով այլ որոշում է ստացել, որում բողոքներ քննող անձը բավարարում է ՖՆ նշված ընթացակարգը։ Բողոքներ քննող անձը «Տրանս-Սֆեր» ընկերության հինավորումները համարել է անհիմն, քանի որ ընթացակարգի քննության արդյունքում Գնահատող հանձնաժողովի գործողութունների վերաբերյալ որևէ խախտում չի արձանագրել, որը կարող էր հանգեցնել մասնակցի՝ այս դեպքում՝ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի իրավունքների և օրինական շահերի խախտմանը։ Բացի այս՝ որոշման մեջ նշվում է նաև, որ «Պահապան1» ՍՊԸ-ն գնային առաջարկի նվազեցում արել է միայն թիվ 2 չափաբաժնի մասով, որը չէր կարող հանգեցնել «Տրանս-Սֆեր» ընկերության ծայրահեղ անբարեխիղճ պայմաններում հայտնվելուն։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ Բողոքներ քննող անձի հրապարակային և թղթային որոշումները, մեղմ ասած, հակասում են իրար։ Բացի այս՝ Հովհաննես Պետրոսյանը նշեց, որ բողոքարկման խորհրդին հայտնել են, որ երկու չափաբաժիններից կազմված մրցույթի պայմանագրերը իրենց ներկայացվել են մեկ չափաբաժնով՝ ընդհանուր գումարով․ «Վերջինս ստորագրվել ու ներկայացվել էր, հրապարակային որոշման հիմքն էր եղել։ Հետագայում կեղծել են, թե առանձին չափաբաժնով հրաժարվել եմ կնքել պայմանագիրը։ Մեր պահանջով՝ ԲԷՑ-ը գնումների բողոքարկման խորհրդին ներկայացրել էր «Պահապան1»-ի հետ պայմանագրի կնքման որոշումը։ Պարզվել էր, որ ընկերության առաջարկած 26 մլն 500 հազար դրամի փոխարեն պայմանագիրը կնքվել է մոտ 29 մլն 200 հազար դրամով, որն օրենքի բացահայտ խախտում է»։ Ընկերության ղեկավարը համոզված է, որ ԲԷՑ-ի գնումների համակարգողը դիտավորությամբ է մրցույթը տարել բանակցությունների՝ իմանալով, որ «Պահապան1»-ի ներկայացված գինը շատ ավելի բարձր է։ «Այս խնդրով 2020 թվականի հունվարին հանդիպել ենք ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանին։ Վերջինս էլ չի հերքել, որ բանակցություն անցկացնելու իրավունք չկար և խախտել են կարգը։ ԲԷՑ-ը պարտավոր էր պայմանագիրը կնքելու մասին որոշումը հրապարակել սահմանված ժամկետում, բայց Բողոքարկման խորհրդի նիստից հետո նոր միայն հրապարակել են։ Պարզվել է, որ «Պահապան1»-ի հետ 15 տոկոսով ավելի բարձր գնով են կնքել, ինչը ևս խախտում է։ Փոխնախարարը, իմանալով տվյալ մրցույթում կատարված խախտումները, դիտավորությամբ բողոք է ուղարկել գնումների բողոքարկման խորհրդին՝ իմ ընկերությանը «սև ցուցակ» գցելու համար։ Ինձ համար անհասկանալի է՝  ինչո՞ւ էր Կարեն Բրուտյանը շահագրգռված իմ ընկերությանը «սև ցուցակ» գցելու հարցում։ Ըստ իս՝ փոխնախարարի հովանավորչությունը կա, քանի որ գնումների Բողոքարկման խորհուրդը իր ղեկավարության ներքո է», - մեր զրույցում նշեց Հովհաննես Պետրոսյանը։ Պետրոսյանն ասաց, որ «Պահապան1» ՍՊԸ-ն նախկին «Պահապան» ՍՊԸ-ն է, որը, ըստ ՀՀ Ոստիկանությունից ստացված գրության, 2019 թվականի սեպտեմբերի 6-ին անվանափոխվել է «Պահապան1»-ի։ Հենց նույն գրությունում նշված է, որ ընկերությունը զենք և փամփուշտներ պահելու և օգտագործելու թույլտվություն ստացել է անվանափոխությունից ավելի վաղ՝ 2019 թվականի փետրվարի 1-ին։ Ստացվում է, որ լիցենզիայում անվանափոխություն է եղել, սակայն նշված թույլտվությունը դեռևս հին անվանմամբ է։ Ներկայացված գործընթացի մասով ընկերության ղեկավարը դիմել է վարչապետին։ Նաև ներկայացրել է ևս երկու մրցույթներում իր նկատած խախտումները։ Առաջինը՝ ԵՊԿ-ԳՀԾՁԲ-20/01 մրցույթում «Պահապան1» ՍՊԸ-ի առաջարկած 88․000.000.դրամը բանակցությունների արդյունքով նվազեցվում է՝ 60․000.000 դրամով, ճանաչվում է հաղթող, սակայն պայմանագրիը կնքվում է ավելի բարձր գումարով։ Երկրորդը՝ ԲԻ-ԳՀԾՁԲ-19/05 մրցույթում տեխնիկական բնութագրով պահանջ է եղել՝ զենքը և փամփուշտները պահելու և օգտագործելու համապատասխան թույլտվություն: Տվյալ թույտվությունն ունենալու փաստը, գնումների համակարգողի պնդմամբ, առկա է եղել, սակայն Պետրոսյանը համոզված է, որ «Պահապան1» ՍՊԸ-ն նման թույտվություն չունի:  Այժմ Պետրոսյանի գրությունն ուղարկվել է Պետական վերահսկողական ծառայություն, այն  քննության փուլում է։  Ըստ Պետական ռեգիստրի տվյալների՝ «Պահապան1» ՍՊԸ-ն գրանցվել է 2019 թվականի օգոստոսի 21-ին, սակայն ՀՀ Ոստիկանության գրությունում նշված էր, որ ընկերությունն իր պահնորդական գործունեության լիցենզիան ստացել է 2016 թվականի փետրվարի 6-ին։ Պետական ռեսգիստրում նշված է, որ ընկերության հիմնադիրը Աննա Կոտիկին Վանեցյանն է։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ ՀՀ-ում կա միայն մեկ Աննա Կոտիկի Վանեցյան, որը գրանցված է Ավան Առինջ, 2 մկրշ․ 3/3 36 հասցեում։ Պարզվում է, որ Աննա Վանեցյանը այն նույն անձն է, որին  հագուստի և  պարագաների արտադրությամբ զբաղվող «Պահապան» ՍՊ ընկերության տնօրեն Վիկտորյա Մելիք-Սարգսյանը 2019 թվականի փետրվարի 5-ին լիազորել է ստորագրել «ՀՀ ԱԱԾ-ՏՆՏՎ-ԷԱՃ-1/19-ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ԵՎ ԿՈՇԿԵՂԵՆ» ծածկագրով Էլեկտրոնային աճուրդի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ իր էլեկտրոնային ստորագրությամբ։ Դեռևս 2014 թվականին «Հետք» պարբերականը գրել էր, որ վերոնշյալ «Պահապան» ՍՊԸ-ի տնօրեն Վիկտորյա Մելիք-Սարգսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր (մինչ 2017թ․) Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրն է։ Ստացվում է, որ պահնորդական գործունեությամբ զբաղվող «Պահապան1» ՍՊԸ-ի հիմնադիր Աննա Վանեցյանը փոխկապակցված է հագուստի և  պարագաների արտադրությամբ զբաղվող «Պահապան» ՍՊ ընկերության տնօրեն  Վիկտորյա Մելիք-Սարգսյանի հետ։ Ընկերությունների մասին անհրաժեշտ տեղեկությունները և նշված լիազորագիրը՝ ստորև։ Հագուստի և  պարագաների արտադրությամբ զբաղվող «Պահապան» ՍՊԸ-ն 2020 թվականի ապրիլի 23-ին 2 տարի ժամկետով ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Սակայն, ընկերությունը 2020 թվականի ապրիլի 29-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերոնշյալ որոշումը անվավեր ճանաչելու պահանջով։ 16.05.2020թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.05.2020թ. թիվ ԵԴ/12901/02/20 որոշման հիման վրա հանվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկից՝  մինչև տվյալ գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նշենք նաև, որ ԲԷՑ-ի հրապարակած պայմանագրին կցված չէ «Պահապան1» ընկերության ներկայացրած բանկային երաշխիքը։ Այն պետք է ներկայացվեր՝ ըստ ՀՀ կառավարության 526-Ն որոշման 7-րդ մասի 32-րդ հոդվածի «գ» ենթակետի, քանի որ պայմանագրի արժեքը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը՝ 10 մլն դրամը։ 2020 թվականի օգոստոսի 10-ին հարցումով դիմել էինք ԲԷՑ, որպեսզի տրամադրեն վերոնշյալ ընկերության ներկայացրած բանկային երաշխիքը։ Սակայն ԲԷՑ ՓԲԸ-ն այն չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ հարցումով պահանջվող փաստաթուղթը բանկային գաղտնիք է։ Սակայն հարկ է նշել, որ և՛ ARMEPS համակարգում, և՛ Tender Monitoring հարթակում կան պայմանագրեր, որոնց կցված են հաղթող ընկերությունների ներկայացրած բանկային երաշխիքները։ Արփի Ավետիսյան
20:39 - 20 օգոստոսի, 2020
ԲՀԿ-ի վեց տնտեսական մանիպուլյացիաները․ ինչու չեն իրագործվել Ծառուկյանի ծրագրերը

ԲՀԿ-ի վեց տնտեսական մանիպուլյացիաները․ ինչու չեն իրագործվել Ծառուկյանի ծրագրերը

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 11-ին ֆեսբուքյան իր էջում հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ ներկայացվում են Գագիկ Ծառուկյանի այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվել իշխանությունների «ապաշնորհ կառավարման պատճառով»: Տեսանյութում խոսվում է հետևալ ծրագերի, նախաձեռնությունների մասին․ Կեմպինսկի Լյուքս դասի հյուրանոց, որը կյանքի է կոչվում Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցիչ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահի հետ համատեղ․ ներդրումների նախնական ծավալը ավելի քան 100 մլն դոլար էր: Աբովյանում կառուցվող բազմաբնակարան թաղամաս՝ երիտասարդների համար․ բնակարան էր ձեռք բերելու ավելի քան 2000 ընտանիք՝ վճարելով  ամսական ընդամենը 65․000 դրամ: Արսիլիցիումի գործարան․ ներդրումային ծրագիրն արժենալու էր մոտ 1 մլրդ դոլար, բացվելու էր մոտ 3000 աշխատատեղ: Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ընկերության գործարանի կառուցում: Բամբակի գործարան, որը աշխատատեղով պետք է ապահովեր 300-ից ավելի մարդու: 20 մլրդ վարկային ռեսուրս երկիր ներգրավելու նախաձեռնություն, որի միջոցով փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին վարկերը հասանելի էին դառնալու 1-1,5 տոկոսով։ Անդրադառնանք այս նախաձեռնություններից յուրաքանչյուրին՝ հասկանալու՝ ինչքանով է դրանց չիրագործումը ապաշնորհ կառավարման արդյունք: Կեմպինսկի լյուքս դասի հյուրանոց, որի աշխատանքները, ԲՀԿ-ականների պնդմամբ, «քաղաքապետարանի ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով» կիսատ են մնացել 2011 թվականին, ըստ մամուլի հրապարակումների, Kempinski Hotel Group-ը Երևանում, ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում և չեխական Մարիենբադում 5-աստղանի հյուրանոցներ կառուցելու պայմանագիր էր կնքել: 2017-ին Աբովյան 5 հասցեում սկսվեցին հյուրանոցի շինարարական աշխատանքները: Իրականացվում էին «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող շինության քանդման աշխատանքներ՝ այս և հարակից տարածքներում հյուրանոցային համալիրը կառուցելու նպատակով: Դեռևս 2008-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ Աբովյան 5 հասցեում իրականացվող շինարարության հետ կապված հայց էր ներկայացվել դատարան։ Հայցվորը հարևան շենքի սեփականատեր Աննա Մարտիրոսյանն էր: Ըստ հայցի՝ շինարարական աշխատանքներն ընթացել էին խախտումներով, ինչի արդյունքում վնասվել էր իր շենքի սեյսմակայունությունը: Դատարանը վճռել էր դադարեցնել շինարարությունը՝ մինչև կառուցապատող ընկերությունը վերացնի խախտումները: Հյուրանոցի շինարարական աշխատանքները ընդհատումներով շարունակվել են նաև դրանից հետո:  2018 թվականի փետրվարին Մարտիրոսյանը մեկ այլ հայցով դիմել էր դատարան, որի արդյունքում նորից կասեցվել էր հյուրանոցի շինարարությունը: Հայցով «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ից պահանջվում էր Աբովյան փողոց 5 հասցեին կից տարածքները վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերի ու քաղաքաշինական նորմերի պահանջների համապատասխան` ապահովելով սեյսմիկ կարը։ 2018թ. փետրվարի 16-ին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվել է շինարարության թույլտվություն, սակայն փետրվարի 19-ին դատարանը վարույթ է ընդունել «Մուլտի գրուպ» կոնցեռնի դեմ ներկայացված հայցը, որի արդյունքում կասեցվել են շինարարական աշխատանքները, և անվավեր են ճանաչվել 2017-ի դեկտեմբերին և 2018-ի փետրվարին Երևանի քաղաքապետարանի տված շինարարության թույլտվությունները: Շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենը չի պահպանել օրենսդրության համապատասխան պահանջները, և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 3-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված իրավախախտման փաստով Երևանի քաղաքապետարանի (քաղաքապետ՝ Տարոն Մարգարյան)  նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018թ. մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշանակելով վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Գլխավոր տնօրենը ծանուցվել է շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, սակայն, անտեսելով այն, շարունակել է աշխատանքները: Նույն վարչական իրավախախտումը կրկին հայտնաբերելուց հետո՝ 2018թ. հունիսի 7-ին, կազմվել է ևս մեկ արձանագրություն, որի հիման վրա Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018թ. հունիսի 27-ին կրկին կայացվել է որոշում՝  ՍՊԸ գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին և նշանակվել է վարչական տույժ՝ 2.500.000 ՀՀ դրամի չափով: Քրեական գործով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենին՝ Սեդրակ Առուստամյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2020թ. ապրիլի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ: Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև 2020թ. ապրիլի 14-ին՝ իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու և հիշյալ շինության կառուցումը շարունակելու մեղադրական եզրակացությամբ: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2020թ. հուլիսի 24-ին, տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից: Այսպիսով՝ տեսանյութում հնչած այն պնդումը, թե հյուրանոցի շինարարական աշխատանքները կիսատ են մնացել քաղաքապետարանի ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով, անհիմն են, քանի որ դրա պատճառը հարուցված դատական գործերն են: «Երիտասարդական թաղամաս»՝ Աբովյանում Գագիկ Ծառուկյանը Աբովյան քաղաքի 55-ամյակի տոնակատարության ժամանակ Աբովյանի քաղաքացիներին խոստացել էր կառուցել նոր բնակելի թաղամաս՝ երիտասարդների համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին հայտարարությունից 1 ամիս անց, սակայն 2019թ. փետրվարին Կոտայքի մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբն արձանագրել է Աբովյան քաղաքում ինքնակամ կառուցվող շենքերի հիմքերի իրականացման փաստ: Մեր հարցմանն ի պատասխան՝ Կոտայքի մարզպետարանից տեղեկացրին, որ Աբովյանի քաղաքապետին առաջարկվել է կասեցնել ապօրինի շինարարությունը և սահմանված կարգով օրինականացնել հետագա կառուցապատումը: 2019թ. ապրիլի 9-ին Աբովյանում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազին՝ դրանք քննության առարկա դարձնելու նպատակով: Հետագայում՝ 2019թ. հուլիսի 3-ին, համայնքի ղեկավարի ցուցաբերած անգործության հետևանքով և ՀՀ Կոտայքի մարզպետի ահազանգի հիման վրա ՀՀ քաղաքաշւնության, տեղնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է տեսչական ստուգումներ, և դրանց արդյունքների հիման վրա 2019թ. հուլիսի 4-ին կազմվել է հողերի օգտագործման և պահպանման խախտումների վերաբերյալ թիվ 12 ակտը: Համայնքի ղեկավարը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի դրույթների կիրառմամբ ինքնակամ կառուցապատում իրականացնող Մուլտի Գրուպ Կոնցեռնին Աբովյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թ.թ. 6,7,8,9, 21 և 22 հասցեներում գտնվող սեփական հողամասերի վրա ինքնակամ շինություններ կառուցելու համար նշանակվել է 200․000 դրամ վարչական տուգանք: Նշված հասցեներին հարակից, համայնքային սեփականություն հանդիսացող ավելի քան 3,7 հա հողատարածքում իրականացված թվով 13 շենքերի ինքնակամ կառուցման համար նշանակվել է ևս 400․000 դրամ տուգանք: Տեսչական մարմինը արձանագրված խախտումների վերաբերյալ նյութերը ուղարկել է ՀՀ դատախազություն: Ըստ հարցման պատասխանի՝ ինքնակամ կառուցապատում իրականացնող ընկերությունը՝ Մուլտի Գրուպ Կոնցեռնը, շինարարությունը չի դադարեցրել, Աբովյանի քաղաքապետն էլ գործուն միջոցներ չի ձեռնարկել ինքնակամ շինարարությունը դադարեցնելու համար, այդ թվում՝ ընկերության վրա չի կիրառվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթը՝ համաձայն որի՝ տուգանքները նշանակելուց հետո ինքնակամ շինարարությունը շարունակելը առաջացնում է տուգնաքի նշանակում՝ 2․500․000 դրամի չափով:  2019թ. օգոստոսին Կոտայքի մարզպետարանում կայացել է Երիտասարդական թաղամասի հարցի քննարկում, որին մասնակցել է նաև Աբովյանի քաղաքապետը: Քննարկման ադյունքում առաջարկվել է դադարեցնել շինարարությունը և մեկամսյա ժամկետում քայլեր իրականացնել՝ դրանց օրինականացման ուղղությամբ: 2019-ի սեպտեմբերին Աբովյանի քաղաքապետարանում Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետերի մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում առաջարկվել է, որ Աբովյանի քաղաքապետին լիցենզավորված ընկերությունների ներգրավմամբ իրականացվեն չափագրման աշխատանքներ, որոնց արյունքում կօրինականացվի շինարարությունը: Հոկտեմբերին իրականացված տարածքի տեղազննության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքները լայն թափով շարունակում են ընթանալ: Նոյեմբերի 25-ին Աբովյանի քաղաքապետարանի և Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների համատեղ շրջայցի ընթացքում շինարարությունն արդեն դադարեցված է եղել: Համեմատելով նախորդ ստուգայցի ժամանակ արձանագրված տվյալները՝ պարզվել է, որ թիվ 10 շենքը ավելացել է ևս 2 հարկով, թիվ 11-ը և 13-ը 3-ից դարձել են 5 հարկ, իսկ թիվ 14-ը 6-ից դարձել է 9 հարկ: Այսպիսով՝ Երիտասարդական թաղամասի շինարարական աշխատանքները կիսատ են մնացել ոչ թե իշխանությունների ապաշնորհ կառավարման, այլ շինարարության ապօրինի լինելու պատճառով: Արսիլիցիումի գործարանի ներդրումային ծրագիր, որն, իբրև, կիսատ է մնացել՝ «արհեստական խոչընդոտների, բյուրոկրատական  քաշքշուկների» պատճառով  «Արսիլիցիում» ՍՊԸ-ն 2018 թվականին հիմնել են Գագիկ Ծառուկյանն ու Դավիթ Գևորգյանը:  Սիլիցիումը թթվածնից հետո բնության մեջ ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա: Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում. հանդիպում է գլխավորապես միացությունների մեջ, մասնավորապես՝ գրանիտի, բազալտի, քվարցի, կավի, ավազի: Սիլիցիումը օգտագործվում է ջերմաէլեկտրական, ռադիո-լուսատեխնիկական սարքեր, ուղղիչներ և փոխարկիչներ պատրաստելու համար։ Սիլիցիումի փոշուց ստանում են համաձուլվածքներ, սիլիցիդներ և սիլիցիումի կարբիդ։ Ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի դիմումի և Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի առաջարկության հիման վրա ընդունվել է որոշում՝ Արարատ քաղաքային  համայնքի վարչական տարածքում գտնվող, «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ի սեփականությունը  հանդիսացող  10,0 հա հողամասից 7,0 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  արոտավայր  հողատեսքը՝ փոխել և դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: Այստեղ կառուցվելու էր սիլիցիումի գործարան, սակայն, օրենքով սահմանված կարգով կազմակերպված առաջին հանրային լսումների ժամանակ կազմակերպիչների նախաձեռնությունը մերժվել է, ինչի պատճառով գործարանի կառուցման աշխատանքները կիսատ են մնացել: Արարատի բնակիչները նույնպես դեմ էին արտահայտվել իրենց քաղաքում սիլիցիումի գործարանի կառուցմանը: Մեր գրավոր հարցին՝ գործարանը ի՞նչ վնաս կարող էր հասցնել բնակչության առողջությանը, Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է, որ գործարանի շահագործման և կառուցման նախագծային փաստաթղթերը չեն ներկայացվել նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: «Արմօյլ» գործարան, որն, ըստ տեսանյութի, «պատկան գերատեսչությունների հարուցած արհեստական խոչընդոտների պատճառով» չի հաջողվում գործարկել Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Ըստ ընկերության կայքում տեղ գտած տվյալների՝ այն զբաղվելու էր նավթային հումքի, նավթամթերքի` ավտոյուղերի, դիզելային վառելիքի, բիտումի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:  2018 թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ-ն չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն, որի արդյունքում Տեսչական մարմնի՝ արդեն նախկին  ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել էր նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու որոշում՝ մինչև ՇՄԱԳ-ը և փորձաքննության դրական որոշման ստացումը։ 2018 թվականի հուլիսի 14-ին և 18-ին ընկերությունը տեխնիկական փաստաթղթերը ներկայացրել էր բնապահպանության նախարարություն՝ ՇՄԱԳ-ի և փորձաքննության համար, սակայն ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին չհամապատասխանելու հիմնավորմամբ՝ փաստաթղթերը երկու անգամն էլ վերադարձվել էին լրակազմման: Սակայն ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ ընկերության դիրքորոշումն այս ընթացքում փոփոխվել էր: «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կարծիքով՝ իրենց արտադրությունը ենթակա չէր փորձաքննության, քանի որ բիտում և քսայուղերի արտադրության մասով օրենքը ոչ մի փորձաքննություն չի նախատեսում: Բնապահպանության նախարարությունը «Արմօյլ» ընկերության արտադրությունը դասել էր նավթավերամշակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների շարքին և դրանով պայմանավորված՝ որոշել, որ այն ենթակա է փորձաքննության: Ընկերությունը, սակայն, հրաժարվում էր ՇՄԱԳ փորձաքննությունից:  Բացի սրանից՝ 2019 թվականի փետրվարի 5-ին «Արմօյլ» ընկերության դեմ հայցադիմում էր ներկայացրել ընկերության կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանի հարևանությամբ՝ Եղվարդի Նատի թաղամասում պտղատու այգիներ հիմնած և տարիներ շարունակ չրի արտադրությամբ զբաղվող «Ռիվալ» ընկերությունը և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջով: «Ռիվալ»-ի և Ռաֆիկ Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2019թ. փետրվարի 21-ին վարույթ էր ընդունել: Նույն օրը դիմումատուն հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջով՝ որպես հայցի ապահովման միջոց, կիրառել անշարժ գույքի վրա արգելանքը, ցանկացած գործողություն իրականացնել արգելելը և շինաշխատանքների դադարեցում պարտավորեցնելը: Դատարանը բավարարել էր «Ռիվալ» ընկերության և Ռաֆիկ Վիրաբյանի միջնորդությունը, և դրա հիման վրա էլ ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ էր հարուցել և ընդունել նշված որոշումները: ԴԱՀԿ-ն արգելել էր «Արմօյլ»-ին նշված հասցեներում գտնվող տարածքներում իրականացնել ցանկացած տեսակի գործողություն:  2019թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել 2019թ. հուլիսի 31-ին ներկայացված՝ «Ռիվալ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանի՝ վնաս պատճառող գործունեությունն արգելելու պահանջի մասին հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի: Շրջակա միջավայրի նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Եղվարդ համայնքի ղեկավարը գործում ներգրավված են եղել որպես երրորդ անձինք:  2020թ. հունիսի 18-ին «Ռիվալ» ՍՊԸ և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը նորից հայցադիմում են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Արմօյլ» ՓԲԸ-ի դեմ՝ շինություններն ինքնակամ քանդելուն` ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջով: Գործում որպես երրորդ անձինք ներգրավված են եղել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Քաղաքաշինության կոմիտեն: Հայցադիմումը վարույթ է ընդունվել 2020թ. հունիսի 8-ին: Հայցվորը նաև պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը, սակայն, դատարանը մերժել է: Այսպիսով՝ պնդումը, թե «Արմօյլ» գործարանը պատկան գերատեսչությունների հարուցած արհեստական խոչընդոտների պատճառով չի հաջողվում գործարկել, սխալ է, քանի որ այն կապված է ընկերության՝ ՇՄԱԳ փորձաքննությունից հրաժարվելու, ինչպես նաև «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցադիմումների հիմքով հարուցված դատական գործերի հետ: Բամբակի գործարանի մասին 2017 թվականին «Մուլտի գրուպ» կոնցեռնի և «Սաբբաղ գրուպ» ընկերության միջև կնքվել է ներդրումային պայմանագիր, որով նախատեսվում էր հետագա 5 տարիների ընթացքում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ավելի քան 4 հազար աշխատատեղ ստեղծել: 2019-ի ապրիլին Երևանի Արգիշտի 9 հասցեում հիմնվել է «ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ՍՊԸ-ն, որի հիմնական նպատակը տեքստիլի արտադրության ամբողջ ցիկլը (բամբակի մշակումից՝ մինչև արտադրանքի թողարկում) Հայաստանում իրականացնելն էր: Հիմնադիրներն են Գ. Ծառուկյանը (70 %), Գագիկ Խաչիկյանը (20 %), որը նաև ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, Ամմար Սաբբաղը (5 %)՝ «Սաբբաղ գրուպ» ընկերության վարչական կազմի ղեկավարը, ու Ֆաուզի Ակֆալին (5 %): Ըստ հարկ վճարողների ռեգիստրի՝ Գագիկ Ծառուկյանի, Ամմար Սաբբաղի և Ֆաուզի Ակֆալիի մասնակցությունը դադարեցված է: Ընկերությունն Արաքս գետի ափին՝ Արմավիրի մարզի Արաքս և Հայկաշեն համայնքներում, հիմնել էր բամբակի դաշտեր: Հայկաշեն համայնքի կազմում գտնվող Գայ համայնքի բնակիչների սեփականությունը հանդիսացող հողերում ևս բամբակի սերմ էր ցանվել, որի մասին բնակիչները իմացել էին պատահաբար: Նրանց պնդմամբ՝ Հայկաշեն համայնքի ղեկավարը՝ Վարշամ Հովհաննիսյանը, առանց իրենց իմացության թույլատրել է իրենց սեփականություն հանդիսացող հողերում բամբակ ցանել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու հատկանիշներով, որոնք ակնհայտորեն դուրս են եղել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց։ «ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ՍՊԸ-ի հիմնադիր Գագիկ Խաչիկյանի առնչությամբ էլ պարզվել էր, որ նա անցյալ տարի ստեղծել էր «Ուզբեկ տեքստիլ գրուպը», աշխատանքի էր հրավիրել տաջիկների, որոնց մի մասին հետագայում հրաժարվել էր աշխատավարձ վճարել։ Տաջիկները բողոքի ակցիաներ անցկացրին, բարձրացած աղմուկից հետո վճարվեցին ու հեռացան Հայաստանից։ Պարզվել էր նաև, որ Խաչիկյանը Ծովազարդի տեքստիլի ֆաբրիկայի սեփականատերն է, որը չի կատարել խոշոր չափով վարկային պարտավորություններ։ Խաչիկյանը երկու անգամ մեղավոր է ճանաչվել փաստաթղթեր կեղծելու ու սահմանն ապօրինի հատելու համար։ Երկու անգամ էլ նույն գործողությունը կատարելու համար տուգանք է վճարել։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Պետեկամուտների կոմիտեն հունիսի 24-ին «Ծառուկյան քոթթոն ռոդին» ծանուցել էր ավելի քան 4.8 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորությունների մասին։ Բամբակի գործարանի աշխատանքների ձգձգման վերաբերյալ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրին, որ Արարատի մարզի Հայանիստ համայնքում բամբակի գործարանի կառուցման համար ՀՀ կառավարության աջակցություն նախատեսված չէ, և այն իրականացնում է մասնավոր ներդրողը: Իսկ ըստ նախնական տեղեկության՝ վերջին 5 ամիսների ընթացքում աշխատանքներ չեն տարվել՝ մասնավոր ընկերությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով: 20 մլրդ դոլարի ներդրում, որը, ըստ ԲՀԿ-ականների, «իշխանությունների՝ բավարար կամք չցուցաբերելու պատճառով» կյանքի չկոչվեց Այս նեդրումային ծրագրի մասին խոսել էր նաև Գագիկ Ծառուկյանը՝ հունիսի 16-ին իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննարկման ժամանակ: Ելույթի ժամանակ Ծառուկյանը մեղադրել էր իշխանություններին՝ ներդրումային ծրագրերի նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար: Սակայն, իրականում, ներդրումային այս ծրագիրը չի իրականացվել, քանի որ դրա իրականացումը կհամարվեր հակաօրինական:  Հիշյալ ներդրումային ծրագրի համար ներդրողը պահանջել է պետական երաշխիք, որը համարվում է պետական պարտքի բաղկացուցիչ մաս: Ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի՝ պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է: Ներդրումները և զարգացման ծրագրերը համարվում են կառավարության պարտք:  Նույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կառավարության պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության սահմանային շեմը պետք է լինի 60 տոկոս: Կառավարության պարտքը նախորդ տարվա վերջի դրությամբ կազմել է 6․8 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 49․9 տոկոսը։  Եթե կառավարությունն ընդուներ այս ծրագիրը, ապա տեղի կունենար Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված հարկաբյուջետային կանոնների խախտում, և կառավարության պարտքն էապես կգերազանցեր ինչպես օրենքով ամրագրված սահմանային շեմը, այնպես էլ՝ երկրի ՀՆԱ-ն (մոտ 2 անգամ)։ Այս մասին Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո գրել էր Fip.am-ը: Ըստ այդմ՝ տեսանյութում հնչած այն պնդումը, թե ներդրումային ծրագիրը չի իրականացել իշխանությունների՝ բավարար կամք չցուցաբերելու պատճառով, իրականությանը չի համապատասխանում: Այսպիսով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի չիրագործված ներդրումային ծրագրերի վերաբերյալ 5 րոպե 47 վայրկյան տևողությամբ տեսանյութում առնվազն հինգ ապատեղեկատվություն և մանիպուլյացիոն պնդում կա։ Զարա Խաչատրյան
12:29 - 18 օգոստոսի, 2020
Պետական պարտքը հուլիսին 2.8%-ով աճել է |hetq.am|

Պետական պարտքը հուլիսին 2.8%-ով աճել է |hetq.am|

hetq.am: Ներքին  պարտքի առաջանցիկ աճը մեծացնում է համախառն պետական պարտքը։ Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.939 մլրդ ԱՄՆ դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, մեկ ամսում՝ հուլիսի ընթացքում, պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով կամ 2.8%-ով։ Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 618 մլն դոլարով կամ 8.4%-ով։ Երկու դեպքում էլ պարտքի աճը պայմանավորված է մեծամասամբ ներքին պարտքի աճով։ Հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 6.055 մլրդ դոլար՝ նշված ամսվա ընթացքում աճելով մոտ 74 մլն դոլարով կամ 1.2%-ով։ Տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքն աճել է մոտ 271 մլն դոլարով կամ 4.7%-ով։ Նշենք, որ հուլիսի վերջի դրությամբ արտաքին պարտքից մոտ 479 մլն դոլարը Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) պարտքն է, մնացածը՝ կառավարության պարտքը։ Հայաստանի ներիքն պարտքը հուլիսի վերջի դրությամբ 1.884 մլրդ դոլար է։ Մեկ ամսում այն ավելացել է միանգամից 8.5%-ով կամ 147 մլն դոլարով։ Իսկ տարեկսզբի համեմատ ներքին պարտն աճել է մոտ 348 մլն դոլարով կամ 22.6%-ով։ Ավելին՝ hetq.am-ում
11:33 - 18 օգոստոսի, 2020
Գնումների գործընթացների տոտալ վերահսկողության համար 30 աշխատակից է անհրաժեշտ լինելու․ պետությունը նման ռեսուրս չի կարող իրեն թույլ տալ․ Կարեն Մնացականյան

Գնումների գործընթացների տոտալ վերահսկողության համար 30 աշխատակից է անհրաժեշտ լինելու․ պետությունը նման ռեսուրս չի կարող իրեն թույլ տալ․ Կարեն Մնացականյան

Պետական վերահսկողական ծառայության Գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետ Կարեն Մնացականյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտի խնդիրների, իրականացվող վերահսկողության եւ առաջարկվող փոփոխությունների մասին։ - Պարո՛ն Մնացականյան, Պետական վերահսկողական ծառայությունն այս 2 տարիների ընթացքում գնահատե՞լ է «Գնումների մասին» օրենքի արդյունավետությունը։ - Իհարկե, գնահատել ենք։ Պետական վերահսկողական ծառայությունն անընդհատ այդ գործընթացի մեջ է։ Կոպիտ ասած՝ սա բնականոն ընթացք ունեցող պրոցես է, որն անընդհատ միջամտություն, վերահսկողություն ու փոփոխություններ է պահանջում։ Իսկ ՊՎԾ-ն, որպես վերահսկողություն իրականացնող կառույց, այսպես ասած, դաշտային աշխատանքների մեջ է։  ՊՎԾ-ն իր ամենօրյա աշխատանքի ընթացքում հանդիպում է այն խոչընդոտներին, որոնք իրավական մասով կազուսներ կարող են առաջացնել տնտեսվարողների համար։ Նմանատիպ գործընթացները պարբերաբար գնահատվում են պրակտիկորեն, ու տեղեկանքի տեսքով ամեն անգամ վարչապետին են ներկայացվում մեթոդական փոփոխությունների առաջարկություններ, համակարգի բարելավման մոտեցումներ, որոնք ուղարկվում են Ֆինանսների նախարարություն՝ հետագա ընթացք ստանալու նպատակով։ Չկա խնդիր, որին ՊՎԾ-ն չանդրադառնա ու առաջարկություններ չներկայացնի։ Այս առումով առավել կենտրոնացած ենք, որ ռիսկերի զսպման կամ կանխարգելման պրոցեսը նույնիսկ ավտոմատացված լինի, քանի որ ավտոմատացման համակարգից հետո կարող ենք սուբյեկտիվ, ոչ պատշաճ վերաբերմունքը, ոչ մրցակցային փոխհարաբերությունները ինչ-որ ձեւ զսպել։ Այս մասով ՊՎԾ-ի դերը շատ մեծ է։ Տնտեսվարողների արձագանքն առաջինը մենք ենք ստանում՝ բողոքների, նամակների տեսքով՝ թե օրենդրական կարգավորումների անհամապատասխանությունների մասով, թե՛ ոչ մրցակցային պայմանավորվածությունների, թե՛ այլնի։ Կարծում ենք՝ ճիշտը ՊՎԾ-ի տված տեղեկանքներով այդ արձագանքին հետեւողական ընթացք տալն է։  Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ են եղել առաջարկությունները, ու դրանք հենց այնպես չեն ներկայացվել, փաստացի իրականացված գործարքների, դրանց արդյունքում վեր հանված բազմաթիվ խնդիրների մասով անընդհատ նոր առաջարկություններ են լինում։  - Կա՞ն առաջարկներ, որոնք արդեն իրավական ակտի տեսք են ստացել։ - Շատ առաջարկներ կան, որոնք այս պահին քննարկվում են հենց Ազգային ժողովում։ Պատգամավորների հետ համատեղ խումբ է ստեղծվել, որտեղ քննարկվում են բոլոր առաջարկությունները։ Պարբերաբար քննարկումներ են ընթանում նաեւ Ֆինանսների նախարարության, փոխվարչապետի մակարդակով։ Նախագծեր կան, որոնք ընթացքում իրավական ակտի կարգավիճակ կստանան, բայց, ինչպես նշեցի, անընդհատ փոփոխվող գործընթաց է, որովհետեւ իրավական ակտ մշակելը մի բան է, դրա կիրառությունն ու հասարակական արձագանքը, տնտեսվարողների արձագանքը՝ մի ուրիշ։ - Սովորաբար ի՞նչ ընտրանքով են տեղի ունենում գնումների գործընթացներին վերաբերող ուսումնասիրությունները։  - ՊՎԾ-ն, որպես վերահսկող հիմնարկ, ունի երկու գործիք․ մեկն ուսումնասիրությունների իրականացնում է․ սա տեղի է ունենում ծառայության ղեկավարի հանձնարարությունների հիման վրա՝ համաձայնեցվելով վարչապետի հետ։ Այս աշխատանքը բնույթով շատ ռեսուրսատար է։ Երկրորդ գործիքը մշտադիտարկումն է։ Սա հիմնականում իրականացվում է էլեկտրոնային շտեմարանների ուսումնասիրությամբ՝ մեր աշխատակիցների անմիջական գործողություններով, ապա հանրագրերի ուսումնասիրմամբ։ Սակայն մեր վարչությունը քիչ ռեսուրսներ ունի։ Երկրում կիրառվող գնումների կոդերը գերազանցում են 80 հազարը։ Ամեն կոդը կարող է դառնալ գնման ընթացակարգ, մոտ 4 հազար պետական մարմին ունենք, մոտ 36 հազար գնման ընթացակարգ պիտի տեղի ունենա։ Այս առումով սուղ հաստիքներ ունենք, վարչությունը բաղկացած է հաստիքային 8 միավորից, եւ, ինչքան էլ ցանկանանք, գիշեր-ցերեկ աշխատենք, մեկ է՝ չի ստացվելու ամբողջը վերահսկել։ Ռեսուրսների սահմանափակ լինելու առումով մենք մի ձեւ ենք գտել․ աշխատակիցներից երկուսը հիմնականում մոնիթորինգ են անում հայտարարվող բոլոր ընթացակարգերը՝ բացառելու ուղղորդված գնումները, արտամրցութային պայմանավորվածությունները։ Այսինքն՝ երբ հանրային հատվածի կազմակերպությունները տեխնիկական բնութագրերի միջոցով սկսում են ուղղորդումներ իրականանցել, մենք սկզբնական փուլում վեր ենք հանում։ Հետո արդեն առաջարկություններ ենք անում հիմնարկներին՝ խնդրելով փոխել իրենց տեխնիկական բնութագրերը՝ բացառելով խտրական մոտեցումները։ Մեր առաջարկները մեծամասամբ ընդունվում են։ Հիմնական շեշտը դնում ենք կանխարգելիչ ֆունկցիայի իրականացման վրա։ Գոնե այդպես փորձում ենք հավասար պայմաններ ապահովել՝ մրցույթների նախնական փուլում։  Վերահսկողությունը մեծամասամբ իրականացվում է բողոք-դիմումների, հանրագրերի հիման վրա։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ մեդիադաշտի գործառույթը, որովհետեւ մենք պարբերաբար մամուլի հրապարակումներն ենք մշտադիտարկում, տարբեր հրապարակումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել։ Իսկ եթե կոնկրետ վարչապետից է լինում ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարությունը, այդ դեպքում արդեն Ծառայության ղեկավարարի հանձնարարագրի հիման վրա լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացվում։ - Պարո՛ն Մնացականյան, ինչպես արդեն նշեցիք՝ Գնումների գործընթացների վերահսկողության վարչությունն ունի աշխատանքային ռեսուրսների խնդիր։ Ի՞նչ քայլեր են նախատեսվում այս խնդրի լուծման նպատակով եւ որքա՞ն ռեսուրսներ են անհրաժեշտ գնումների ոլորտի լիարժեք վերահսկողության համար։ - Այս առումով չեմ կարող պատկերացնել, որ պետությունը նման տոտալ վերահսկողություն կարող է իրականացնել՝ նմանատիպ բոլոր գործարքների նկատմամբ։ Մոտավորապես ութ հաստիքային միավոր ունենք, նախատեսում ենք եւս երկուսն ավելացնել, բայց եթե տոտալ վերահսկողության մասին լինի խոսքը՝ մոտ երեսուն աշխատակից է անհրաժեշտ լինելու։ Մեզ մոտ սրա վերաբերյալ պրոցեսներ են տեղի ունենում, որպեսզի առավել խոցելի խմբերին ի հայտ բերենք։ Մշակել ենք ռիսկերի գնահատման մեխանիզմ, որովհետեւ պետությունն այսօր նման ռեսուրս չի կարող իրեն թույլ տալ՝ երեք անգամ ավելացնելով պետական ծախսերը։  - Շինարարությունը եւ դրա տեխնիկական հսկողությունը պետական գնումների համակարգում ամենակարեւոր գործընթացներից են։ Այս մասով ի՞նչ ժամանակային կտրվածքով են իրականացվում ուսումնասիրությունները։ Այժմ ընթացքի մեջ եղող շինարարությունների պայմանագրերի մասով ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են։ - Ընթացիկ վերահսկողությունը մի քիչ բարդ է, որովհետեւ շինարարական պրոցեսը ստուգելու ավելի շատ կողմեր ունի՝ գնման ընթացակարագերը, դրանց կազմակերպումը։ Բայց տեղում փաստացի աշխատանքն ու դրա արդյունավետության գնահատումն արդեն լուրջ ուսումնասիրության կարիք են ունենում, որովհետեւ պահանջվում են փորձագիտական եզրակացություններ, մասնագիտական ներուժի ներգրավում։ Այս առումով մեր գործողությունները պայմանավորված են լինում հանձնարարականներով։ Օրինակ, վարչապետն անցած տարի շինաշխատանքների մասով կոնկրետ հանձնարարություն է տվել, ուսումնասիրություն է իրականացվել, քրեական գործ է հարուցվել, պաշտոնանկություններ են եղել։  Արփի Ավետիսյան
20:32 - 12 օգոստոսի, 2020
Գնումների պլանավորման համակարգն էական բարելավումների կարիք ունի՝ անկախ ՄԺԾԾ-ի հետ համապատասխանությունից․ Արտակ Մանուկյան

Գնումների պլանավորման համակարգն էական բարելավումների կարիք ունի՝ անկախ ՄԺԾԾ-ի հետ համապատասխանությունից․ Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների եւ արդեն իսկ կատարված փոփոխությունների արդյունավետության շուրջ։ - «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ գնումներ կատարելու համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար սահմանված համապատասխան հոդվածներով: Տարվա ընթացքում, սակայն, չնախատեսված գնումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում, որը ենթադրում է միջհոդվածային փոփոխություն։ Արդյոք հավելյալ ժամանակը, որը ծախսվում է միջհոդվածային փոփոխություններ իրականացնելու համար, չի՞ խանգարում գնումները մրցակցային անցկացնելու համար նախատեսվող ժամանակին։ - Երբ իմ եւ մեր հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում պետական գնումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացրինք, այս խնդրի մասին բարձրաձայնեցին հատկապես բուհական համակարգի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ագրարային համալսարանը։ Սա, իրականում, դժվարացնում է գործընթացը եւ, մեծ հաշվով, բերում է նրան, որ պատասխանատու կամ այս դեպքում ձեռքբերում իրականացնող մարմինը ստիպված է լինում մեկ անձից գնում իրականացնել։ Այս մասին մենք տեղեկացրել ենք Ֆինանսների նախարարությանը։ Իհարկե, իրենք հակափաստարկներ ունեն, որ այս առումով խնդրի լուծումը չպետք է միակողմանի դիտարկել, այլ ընդհանուր, ողջ համատեքստում, նաեւ պլանավորման որակի բարձրացումն էլ, ի թիվս այլնի, պետք է քննարկվի։  Որպես ուղենիշ՝ պետք է նշեմ, որ մենք Ֆինանսների նախարարության հետ համատեղ գույքագրում ենք առկա խնդիրները։ Այս խնդիրը եւս գույքագրել ենք եւ պետք է փորձենք հնարավորինս քննարկել։ Բայց հասկանալի է, որ բալանսավորված մոտեցումներ պետք է լինեն։ Այնուհանդերձ, հոդվածով սահմանաչափերի ամրագրումը եւս բյուջետային կանոնների մեկ այլ մաս է։ Օրինակ, եկեք ասենք, որ այսքան գումար ենք ուզում, ծախսելու ենք այսինչ նպատակների համար եւ ընդհանրապես հոդվածների բաշխում էլ չիրականացնենք ու սկսենք վերաբաշխումներ անել։ Հասկանալի է, որ ներկայումս ճկունությունից որոշակիորեն զրկված են, բայց այնպես չէ, թե այդ ճկունությունն անհրաժեշտ չէ, որպեսզի նաեւ բյուջետային կանոնակարգումներին համապատասխան որոշակի հնարավորություններ լինեն։ Այլ բան է, որ այս համատեքստում դիտարկենք, թե շեղումների մասով ինչպես հավելյալ ճկունություն տալ, հատկապես՝ գիտահետազոտական ինստիտուտներին։ - Արդյոք գնահատող հանձնաժողովը պե՞տք է ունենա իրավասություն՝ ինքնուրույն որոշելու այն մասնակցի՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելու հարցը, որի հայտը մերժել է հենց հանձնաժողովը։ - Նման կարգի քննարկումներ կան։ Ես մի քանի մոտեցումներ կուզեի նշել։ Իհարկե, աշխարհը դեռեւս չունի գնումների գնահատման կամ բողոքները քննող հանձնաժողովի ունիվերսալ, լավագույն մոդել։ Ակնհայտ է, որ նշվածները պետք է լինեն անկախ, անաչառ, բայց ի՞նչ ասել է անկախը կամ ինչպե՞ս է այն ձեւավորվում․ ինչպես ՀՀ-ն, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներ, դեռ փնտրտուքի մեջ են։ Նախ ասեմ, որ 2018 թվականի դեկտեմբերին նախաձեռնվեցին փոփոխություններ, որով Ֆինանսների նախարարությունը, հասարակական կազմակերպությունները, Պետական վերահսկողական ծառայությունը կարողացան բողոքարկման հանձնաժողովի աշխատանքներն ավելի հրապարակայնացնել։ Այս առումով ես պետք է նաեւ շնորհակալությունս հայտնեմ, որ իմ՝ «Թրանսփերընսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում գնումների փորձագետ լինելու տարիներին ներկայացված առաջարկը, այն է՝ բողոքները քննող հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակումը, ներկայումս իրականացվում է e-gov.am պորտալում։  Ինչ վերաբերում է գնահատող հանձնաժողովի իրավասությունների ավելացմանը՝ հարցին պետք է շատ խորքային նայել, բայց առաջին հայացքից հարցադրումներ են առաջանում։ Չմոռանանք, որ գնահատող հանձնաժողովը որակական եւ որակավորման չափանիշների համապատասխանությունը գնահատող հանձնաժողով է, այո, գնահատում է, թե ինչքանով է տվյալ մարմինը կոմպետենտ եւ ունակ, բայց, մեծ հաշվով, փոխզսպումների մեխանիզմի համատեքստում, կարծում եմ, որ արտադատական մարմինը, որը չի ձեւավորում պատվիրատուն, ղեկավարը, ինչպես՝ գնահատման հանձնաժողովը, ոչ միայն դատարան դիմելու հնարավորություն է ընձեռում, այլ բիզնեսի համար առանցքային որոշումների ընդունման գործընթացն է հեշտացնում եւ այլընտրանք է լինում դատական համակարգի համար։ Կարծում եմ՝ այս հարցը կարելի է քննարկել, բայց այս պահին նման մոդելի ընտրության ճիշտ ժամանակը չէ։  Եթե նայենք ՏՀԶԿ-ի եւ Եվրամիության աջակցության ներքո գույություն ունեցող ՍԻԳՄԱ ծրագրի գնահատումները ՀՀ-ի համար, այնտեղ էլ բողոքարկման գործընթացի գնահատումները հիմնականում հենված են նրա վրա, որ անկախություն պետք է ապահովվի՝ զերծ մնալով որեւէ կարգի մոդելային առաջարկից, քանի որ աշխարհում դեռեւս լավագույն լուծումը չկա, լավագույն լուծումը հենվում է առկա կարողությունների վրա։ - Անդրադառնանք պետական մարմինների կարիքներին եւ իրենց իսկ գնումների պլաններին։ Ներկայումս գնումների պլանները որքանո՞վ են արտացոլում պետական մարմնի կարիքները։ - Եթե մենք դիտարկենք գնումների պլանավորման համակարգը, ապա մեկ բարեփոխում կա, որն իրականացրել է Ֆինանսների նախարարությունը։ Այն է՝ գնումների պլանավորման փուլում պլանավորումը եւս կարող է բողոքարկման առարկա լինել։ Այսինքն՝ եթե մասնակիցները, որոնք տեսնում են, որ գնումների պլանավորման փուլում առկա են այնպիսի տեխնիկական բնութագրեր, որոնք հարմարեցված են մեկ սուբյեկտի, կամ նման դրույթների պարունակումը սահմանափակում է մրցակցությունը, ապա նրանք կարող են բողոքարկել՝ նույնիսկ դեռ պլանավորման փուլում եղած վիճակում։ Կարծում եմ, որ գնումների պլանավորուման համակարգն էական բարելավումների կարիք ունի՝ անկախ ՄԺԾԾ-ի հետ համապատասխանությունից։ Վերջերս նայում էի գնումների պլանները եւ նկատեցի, որ պետական եւ հատկապես համայնքային մարմիններ կան, որոնք իրենց պլաններում ներառում են ինչպես լեդ, այնպես էլ սովորական լամպեր։ Սա պլանավորման արդյունավետության ցցուն ցուցիչներից է։ Եթե գնումների պլանավորման մասով պետական կամ համայքնային մարմիններն ունենան ռազմավարություն, ապա իրենց համար կուղենշեն՝ կամ անցում են կատարում ամբողջովին ավելի թանկ, լեդ լամպերի՝ համապատասխանաբար ավելի քիչ քանակությամբ, բայց ամեն տարի ավելի մեծ ծածկույթ ապահովելով, կարեւորում են էներգախնայողությունը եւ երկարաժամկետում ֆինանսական միջոցների արդյունավետությունը, կամ կարճաժամկետում ավելի քիչ ծախս են անում՝ առանց հեռանկարային լուծումների։ Սրանք հենց խոսում են խնդիրների մասին։ Պետք է նաեւ նշել, որ մեր բուհական համակարգը եւ, ընդհանրապես, ինստիտուտները, չունեն գնումների մասնագետների ինստիտուտը ձեւավորող կրթօջախներ։ Ես խոսում եմ բուհական համակարգի մասին, այլ ոչ լիցենզավորված գնումների, ինչն  իրականացնում է Ֆինանսների նախարարությունը։ Սա ինչի համար եմ ասում, որ պետական համակարգում աշխատողները գնումների պլանավորման կարողությունների զարգացման կարիք ունեն։  Շատ հաճախ մենք տեսնում են նաեւ, որ, օրինակ, այն գնային առաջարկները, որոնք ներկայացնում են հասարակ գրիչի համար, տատանվում են․ մեկն առաջարկում է 500 դրամ, մյուսը՝ 50 դրամ։ Սա խոսում է այն մասին, որ գնումների պլանավորման փուլում եւ դրանց հիման վրա իրականացվող նախապատրաստական գործընթացում ներկայացվող տեխնիկական բնութագրերն այնքան էլ հստակ չեն «խաղացողների» (ընկերությունների,- հեղ․) համար, որպեսզի նրանք հասկանան, թե կոնկրետ որակավորման ինչ ստանդարտով գրիչի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ սա խնդիր է։ Մեկ այլ բան էլ նշեմ։ Մի շարք երկրներում գնումների պլանների հաստատումից հետո հատկապես որոշակի շեմից բարձր գնումների դեպքում հավաքվում են բոլոր պոտենցիալ հետաքրքրվող կազմակերպությունները, եւ պատվիրատուն ինքը փորձում է ներկայացնել, թե ինչ, ինչպիսի բնույթի կարիք ունի, որպեսզի գնային առաջարկ ներկայացնողներն էլ ավելի մեծ տեղեկացվածությամբ մասնակցեն գնումների գործընթացին։ Այս հարցն ամփոփելով՝ նշեմ, որ եթե մենք դիտարկենք, որ գնումների պլանավորման փուլում բարելավումներ կան, դրանում չպետք է մոռանանք նաեւ հենց ԶԼՄ-ների դերակատարումը։ 4-5 տարի առաջ դաշտում մի քանի «խաղացողներ» էին, որոնք հետազոտություններ էին անում եւ ներկայացնում։ Ներկայումս այս դաշտը եւս բավականին մրցակցային է։ Ես ինքս հետեւում եմ եւ տեսնում, որ նորանոր «խաղացողներ», հատկապես ԶԼՄ-ներ, ուսումնասիրում են գնումների պլանները, բարձրաձայնում են այդտեղ առկա ռիսկերը, եւ սա եւս նպաստում է, որպեսզի կարողությունները զարգանան, եւ գործընթացն ավելի որակյալ լինի։ Ասել, որ մենք ամբողջովին հասել ենք գնումների պլանների որակյալ լինելուն, եւ առավել եւս նշվածը կապել ՄԺԾԾ-ի հետ, դեռ շատ վաղ է։ - Պարո՛ն Մանուկյան, բազմաթիվ քննադատություններ են հնչում, որ բանկային երաշխիքի ներկայացումը բերում է մենաշնորհացման, անհարկի խոչընդոտ է բիզնեսի համար։ Ինչպե՞ս կգնահատեք այս փոփոխության արդյունավետությունը։ Ողջամի՞տ են արդյոք բիզնեսից պահանջվող բանկային երաշխիքների չափերը։ - Չափազանց կարեւոր հարցադրում եք մատնանշում։ Գնումների համակարգում, այսպես ասած, ամենահեղափոխական փոփոխությունը երաշխիքի ինստիտուտի վերաիմաստավորումն էր։ Նախ պետք է նշեմ մի քանի սկզբնական փոփոխություններ, որոնք չեն մատնանշում փորձագետները։ Նախկինում մինչեւ 5 մլն գումարի դեպում ՓՄՁ-ներից չէր պահանջվում նախորդ 3 տարիների պայմանագրային պարտավորությունների պատմություն եւ այլն։ Այսինքն՝ որոշակի գործարքային ծախսեր չէին պահանջվում։ Երբ ես վերլուծությամբ ներկայացրի, որ այդ սահմանաչափերը պետք է վերանայվեն, մենք Ֆինանսների նախարարության գործընկերների հետ քննարկեցինք, եւ այդ շեմը բարձրացվեց մինչեւ 10 մլն։ Երբ խոսում ենք բանկային երաշխիքի մասին, այն վերաբերում է 10 մլն-ից բարձր գնումներին։ Սա շատ կարեւոր դիտարկում է, քանի որ, եթե նշվածը չենք ներկայացնում, ապա աղճատում ենք ողջ գործընթացը։ Եթե մեկ պայմանագրի միջին արժեքը դիտարկենք, այն մոտավոր 10 մլն դրամի շեմն է։ Այսինքն՝ սա ոչ միայն փոքր գնումներին է վերաբերում, այլ ընդհուպ մինչեւ միջին ծավալով գնումներին։  Հասկանալի է, որ 10 մլն դրամից բարձր գնումների դեպքում պետական ֆինանսները որոշակիորեն ավելի զգայուն են։ Փորձեմ բացատրել․ պատկերացրեք՝ մեծ, կապիտալ շինարարության պրոյեկտ, որում կարեւոր է ոչ միայն որակը, այլ նաեւ դրա արագ իրականացումը։ Գաղտնիք չէ, որ խաղի կանոններ են վերանայվել․ նախկինում, եթե հաղթողների համար որակը ստորադասվում էր, եւ գինն էր կարեւորվում, ներկայումս ե՛ւ գինը, ե՛ւ որակը կարեւոր են։ Որպեսզի պետությունը՝ որպես գումար ծախսող եւ գումար ներդնող, երաշխավորված լինի, որ հնարավորություն կունենա ստանալ ընդհուպ մինչեւ իր չստացած եկամուտները, դրվել է այս մեխանիզմը։ Այնպես չէ, որ ես ասում եմ՝ միանշանակ դրական է եւ խնդիրներ չկան։ Պետք է նշեմ, որ մեր հանձնաժողովում պատգամավորները, ես ներկայացրել ենք այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են լինել այս գործընթացում, ներկայացրել ենք նաեւ հանրայնորեն՝ խորհրդարանական լսումների ժամանակ։ Բայց կան ռիսկեր եւ իրականություն։ Իհարկե, տեխնիկական հսկողների ներակայցրած երաշխիքների մասով էլ պետք է լինեն փոփոխություններ։ Բայց չպիտի մոռանանք, որ նախկինում լինում էին դեպքեր, երբ 3 մլն դրամանոց տեխնիկական հսկողությունն ընկերությունը հաղթում էր 100 հզ դրամով, այդ նույն հաղթողը նույն ժամանակաշրջանում 100 հզ դրամով տեխնիկական հսկողություն էր իրականացնում Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։ Հասկանալի է, որ այս դեպքերում պետությունը չի ստանում տեխնիկական հսկողության այն իրական որակը, որը պետք է ստանար։ Ի դեպ՝ տեխնիկական հսկողների մասով իմ գաղափարներից մեկի մասին կուզեի խոսել․ գաղափարն այն է, որ լինի առցանց հսկողություն։ Այսինքն՝ ինչպես, օրինակ, Վրաստանում եւ մեզ մոտ է, ճանապարհային ոստիկանությունն աշխատում է կրծքավանդակին ամրացված տեսախցիկով, այնպես էլ տեխնիկական հսկողները կարողանան այդպիսի փոքր տեսախցիկների միջոցով ամենօրյա ռեժիմով ներկայացնել գործընթացը, որը կպահպանվի նաեւ էլեկտրոնային մատյաններում։ Նշվածը հասարակական կազմակերպություններին հնարավորություն կտա մոնիթորինգ իրականացնել։ Նշեմ նաեւ, որ պատահական չէ, որ վարչապետը գրեթե ամիսը մեկ, պարբերաբար փորձում է տեղեկանալ, թե ինչպես է գործում երաշխիքի ինստիտուտը, որովհետեւ այն իր բնույթով վարքագծային փոփոխություն է ենթադրում։ Այսինքն՝ ենթադրում է, որ բիզնեսը պետք է է՛լ ավելի երկարաժամկետ հաշվարկներ իրականացնի եւ է՛լ ավելի պատասխանատու լինի հանրային միջոցներով կնքվող գործարքներում։  Կարծում եմ՝ դեռ բավարար մասսա պետք է կուտակվի, որպեսզի հասկանանք, թե ինչքան հավելյալ ծախս է այս փոփոխությունն առաջացրել պետական բյուջեի վրա։ Ակնհայտ է, որ այլ հավասար պայմաններում այս փոփոխությունը որոշակիորեն թանկացնելու է ձեռք բերվող ապրանքների գները։ Բայց մյուս կողմից էլ ստանում ենք երաշխավորված որակ։  Ռիսկեր կան, այո՛, բայց այն, որ ռիսկեր կան կամայական փոփոխության մեջ, սա էլ չմոռանանք։ Նորից ուզում եմ շեշտադրել, որ սա առանցքային փոփոխություն է, որը նշանակում է՝ ավելի պատասխանատու հարաբերություններ պետության հետ՝ որպես սուբյեկտ, որպես պատվիրատու։ Արփի Ավետիսյան
18:47 - 06 օգոստոսի, 2020
Սնանկ ճանաչված կառուցապատողների պատճառով բնակարանային խնդիրներ ունեցողների հարցին լուծում է տրվում |armenpress.am|

Սնանկ ճանաչված կառուցապատողների պատճառով բնակարանային խնդիրներ ունեցողների հարցին լուծում է տրվում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ընդունեց «Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին» որոշում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, այնուհետև տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է սնանկ՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել խնդրո առարկա անշարժ գույքերի վաճառքները ձևակերպել այն գումարով, որոնք քաղաքացիները հավելյալ կվճարեն շենքի կառուցապատումն ավարտին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների համաձայն: «Հաշվի է առնվում այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի: Խնդիրն այն է, որ խնդրո առարկա գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշումը ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման շրջանակում չիրականեցնելու պարագայում էականորեն ավելանալու է քաղաքացիների կողմից վճարման ենթակա հավելյալ գումարների չափը, որի վճարումը քաղաքացիների կողմից համարվում է ոչ իրատեսական»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը նշեց, որ կարգավորումը վերաբերելու է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված գործարքներին:
15:33 - 30 հուլիսի, 2020
Կառավարությունը հաստատել և սահմանված կարգով ԱԺ է ներկայացրել է 2021-2023թթ․ Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կառավարությունը հաստատել և սահմանված կարգով ԱԺ է ներկայացրել է 2021-2023թթ․ Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կառավարությունը հաստատել և սահմանված կարգով ԱԺ է ներկայացրել է 2021-2023 թվականների  Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։  Այն ենթադրում է մակրոտնտեսական կայուն միջավայրին համապատասխանող բյուջետային ռե­սուրս­­նե­­րի (մուտ­քե­րի) համապարփակ և իրատեսական գնահատում, քաղաքականությունների իրականացման նպատակով կատարվող ծախսերի՝ վարից վեր մո­տեց­մամբ գնահատում, հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի ներդաշնակության ապա­հովում համապատասխան մեխանիզմների օգնությամբ: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։ 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մակրոտնտեսական կանխատեսումները վերանայվել են։ Մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսություն։ Դեռևս 2019 թվականի վերջին կանխատեսվում էր, որ աշխարհի ավելի քան 170 երկրների տնտեսությունները 2020 թվականին կաճեն։ Մինչդեռ, կորոնավիրուսի համավարակի (COVID 19) ազդեցության գնահատականների ձևավորմանը զուգընթաց վերանայվեցնին նաև հենց այդ նույն թվով երկրների տնտեսական զարգացումների կանխատեսումները՝ անկման ուղղությամբ։ Ներկայում, ամբողջ աշխարհը շարունակում է կրել համավարակի արագ տարածման բացասական հետևանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։ ՀՀ տնտեսություն։ Արտակարգ դրության և կիրառվող սահմանափակումների պայմաններում ՀՀ-ում նվազում է ինչպես պահանջարկը, այնպես էլ առաջարկը: Առավելապես տուժել են ծառայությունների, շինարարության և մշակող արդյունաբերության ճյուղերը։ Այս պայմաններումՀՀ համար 2020թ. սպասվում է 2.6% տնտեսական անկում, իսկ միջնաժամկետում՝ միջինում 6.1% տնտեսական աճ: Ընդ որում, համավարակի տարածման և տևողության մեծ անորոշություններով պայմանավորված, կանխատեսվող հորիզոնում գերակշռում են տնտեսական աճի դեպի ներքև ուղղությամբ ռիսկերը։ Տնտեսական զարգացումներին համարժեք արձագանքելու նպատակով՝ 2020թ. և միջնաժամկետում հարկաբյուջետային քաղաքականության առջև դրվել են հետևյալ առաջնահերթությունները՝ Հակապարբերաշրջանային քաղաքականություն։ Հարկաբյուջետային կանոնների համակարգին համահունչ՝ 2020թ.-ին հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի խթանող` հակազդելու COVID-19 համավարակի բռնկման և կիրառված տնտեսական սահմանափակումների պատճառով առաջացած տնտեսական ցնցմանը։ Իսկ արդեն 2021թ․-ից հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա չեզոք ուղղվածություն։ Երկարաժամկետ տնտեսական աճի խթանում։ Հարկաբյուջետային քաղաքականությունը 2020թ․-ին կշեղվի պետական ֆինանսների «ոսկե կանոնից», որը պահանջում է, որ տվյալ տարում կառավարության վերցրած փոխառությունների ծավալը չգերազանցեն պետական ներդրումների ծավալին, իսկ ընթացիկ ծախսերը ծածկվեն սեփական եկամուտներով։ 2021թ․-ից հարկաբյուջետային քաղաքականությունը կվերադառնա «Ոսկե կանոնին»: «Ոսկե կանոնի» ներքո պետական ենթակառուցվածքներ ուղղվող կապիտալ ծախսերի դերի բարձրացումը թույլ կտա խթանել երկարաժամկետ տնտեսական աճը և ՀՆԱ աճի հաշվին երկարաժամկետ հեռանկարում ապահովել պետական պարտքի կայունությունը։ Հարկաբյուջետային և պարտքի կայունության պահպանում։ COIVID-19 համավարակի պայմաններում պետական բյուջեի հարկային եկամուտների նվազումը և հակաճգնաժամային գործողությունների հետևանքով ընթացիկ ծախսերի և տնտեսության վարկավորման աճերը կհանգեցնեն ՀՀ կառավարության պարտքի բեռի էական շեղմանը ՀՆԱ-ում 50% շեմից։ Միջնաժամկետում հարկաբյուջետային քաղաքականության նպատակն է սահուն կերպով նվազեցնել պարտքի բեռը՝ հասցնելով այն 54.7%-ի, այնուհետև հետագա տարիներին ապահովել կառավարության պարտքի բեռի՝ ՀՆԱ-ի 50%-ից նվազեցման թիրախի ապահովումը: Կառավարությունն առաջիկա տարիների՝ 2021-23թթ․ համար առավել կարևո­րում է պե­տական բյուջեի հիմնական ծախսային հետևյալ գերակայությունները՝ սոցիալական ոլորտ (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների անհրաժեշտ ֆինանսավորում, տնտեսության առանձին ոլորտներում ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում։
18:20 - 28 հուլիսի, 2020
Դեպի Գնդեվանք ճոպանուղի և ճեմուղի. Ջերմուկում խոշոր ծրագրեր են նախատեսված |armenpress.am|

Դեպի Գնդեվանք ճոպանուղի և ճեմուղի. Ջերմուկում խոշոր ծրագրեր են նախատեսված |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում նկատելի անկումից հետո, կարծես, ներքին տուրիզմի հատվածում, որոշակի դինամիկա է նկատվում: Այդ դինամիկան զգացվում է հատկապես Ջերմուկ խոշորացված համայնքում: Այստեղ ոչ միայն չեն դժգոհում, այլև արձանագրում են այցելուների հոսք: «Այցելուների հոսք հատկապես նկատվում է շաբաթ, կիրակի օրերին: Կան առողջարաններ, որոնք այդ օրերին նույնիսկ տեղ չեն ունեցել: Մարդիկ կարճաժամկետ, բայց գալիս են: Հյուրանոցները կարողանում են օգտվել այդ այցելություններից, սակայն ռեստորաններն ու սրճարանները՝ ոչ այնքան: Ամեն դեպքում մարդկանց շրջանում կա զգուշավորություն, և շատերը չեն շտապում ռեստորաններ, սրճարաններ»,-  նշեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը:  Համավարակի հետ կապված ակնկալվում էր, որ ներքին տուրիզմի հատվածում այս տարի գնային քաղաքականությունն այլ կերպ կլինի, հյուրանոցներում մատչելի փաթեթների պակաս չի զգացվի, սակայն կան դժգոհություններ, որ  դրանք շատերի համար շարունակում են հասանելի չլինել: Վարդան Հովհաննիսյանը համամիտ չէ այն դիտարկումների հետ, թե հյուրանոցային բոլոր փաթեթները թանկ են:  «Մեզ մոտ կան ամենատարբեր գնային առաջարկներ: Եթե մարդիկ ուզում են հինգ աստղանի բարձրակարգ հյուրանոցում հանգստանալ, բնականաբար գինը բարձր է: Ամեն դեպքում դրանց կողքին ունենք երկու աստղանի հյուրանոցներ, հյուրատներ, բնակարաններ, որոնք վարձակալության են տրվում: Տարբերակներ կան, այլընտրանք կա, մարդիկ իրենց գրպանին համապատասխան կարող են գտնել»,-ասաց Վարդան Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ վարձակալությամբ տրվող բնակարանները սկսում են 10 000 դրամից:  Ջերմուկը շարունակում է մնալ զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից մեկը` նշում է Վարդան Հովհաննիսյանն ու շտապում ներկայացնել այն ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են, նախատեսված են առաջիկայի համար: Նախ այս տարի Ջերմուկ խոշորացված համայնքում մինչև տարեվերջ 600 մլն դրամի չափով սուբվենցիոն ծրագրեր են նախատեսված: Մասնավորապես, ասֆալտապատում, բակերի, զբոսայգիների բարեկարգում, մանկական կենտրոնի ստեղծում, արևային էներգիայի ծրագրեր և այլն:  Այս տարի արևային էներգիայի ծրագրերի համար նախատեսվել է 155 մլն դրամի չափով գումար: Ծրագիրը ենթադրում է արևային պանելների տեղադրում համայնքային նշանակության շենքերի վրա, ճոպնուղու մոտ: Արդյունքում՝ ստացված արևային էներգիայի օգտագործման չափաբաժինը համայնքում կմեծացվի:  «Այս ծրագիրն առաջին անգամ է իրականացվում համայնքում: Ջերմուկում շատ է հոսանք ծախսվում և խնայողության համար գիշերը ժամը 1-ից հետո լույսներն անջատվում են, ինչը զբոսշրջային քաղաքի համար անհարմարություն է ստեղծում: Արևային պանելների տեղադրմամբ ոչ միայն կունենանք էներգիայի նոր աղբյուր, որը կբերի և՛ էլեկտրաէներգիայի խնայողության, և քաղաքի լուսավորության ժամերի երկարաձգման, այլև կարող ենք եկամուտ ստանալ: Չէ, որ արևային պանելներով ստացված էներգիան  տրվում է էլեկտրացանցին, հետո հաշվարկ է կատարվում: Եթե ավելի արտադրված էներգիա լինի, ապա կարող ենք նույնիսկ եկամուտ ստանալ»,-ասաց համայնքի ղեկավարը: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսվում է լուսավորության ցանցի բարելավում Ջերմուկ խոշորացված համայնքի մեջ մտնող Գնդեվազում, Կարմրաշենում և այլ գյուղերում: Համայնքի ղեկավարը նկատեց, որ Կարմրաշենում լուսավորության ցանցի աշխատանքները հիմնովին են կատարելու, այնտեղ խորհրդային տարիներից նորմալ լուսավորություն չի եղել: Շատ շուտով գյուղի փողոցներն ամբողջությամբ կլուսավորվեն:  Գնդեվազում ոչ միայն լուսավորության ցանցն է բարելավվելու: Այստեղ փոքրիկներին ուրախացնող հանգամանք կա: Շատ շուտով նրանց առաջ դռներն է բացելու հիմնովին վերանորոգված  մանկապարտեզը: Գնդեվազում զբոսաշրջային խոշոր ծրագրեր կան նախատեսված ինչպես ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, այնպես էլ մասնավոր հատվածի ներդրումներով: Մասնավորապես, ՀՀ կառավարության ծրագրով կառուցվելու է Գնդեվազ գյուղից մինչև Գնդեվանք վանական համալիր տանող, 1,7 կմ երկարությամբ, ժամանակակից ճեմուղի՝ իր բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Տեղանքում միտում կա զարգացնելու նաև նոր քայլարշավային, ձիարշավային տուրեր, տեղացիները նաև կազմակերպում են ձկնորսություն, գաստրոտուրեր և այլն: Համայնքի ղեկավարը զբոսաշրջության տեսանկյունից կարևոր նախաձեռնություն է համարում: Զբոսաշրջային ծրագրերն ամբողջացնելու են Գնդեվազում զիփլայնի ու ճոպանուղու կառուցումը, հանգստյան գոտու հիմնումը: Արդյունքում՝ զբոսաշրջիկների համար կստեղծվի միջնադարյան եկեղեցական համալիր հասնելու այլընտրանք:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:49 - 27 հուլիսի, 2020
Քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հավշետվությունը

Քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հավշետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2019 թվականի գործունեության հավշետվությունը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է հարկաբյուջետային քաղաքականության, ֆինանսների արդյունավետ կառավարման, պետական պարտքի կառավարման, հաշվետվողական համակարգի ներդրման, վերապատրաստման դասընթացների միջոցով պետական կառավարման մարմինների կարողությունների բարելավման, կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հարկային և գնումների համակարգերում, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությանը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերը և ընդգծել ֆինանսների արդյունավետ կառավարմանը միտված շարունակական և հետևողական միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է պետական բյուջեի ծախսային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակին իրականացման նպատակով անհրաժեշտ լրացուցիչ մեխանիզմների ներդրման կարևորությունը, ինչը թույլ կտա տարվա ընթացքում ավելի կանխատեսելի դարձնել միջոցների ծախսման ընթացքն ու կառավարումը:
15:04 - 24 հուլիսի, 2020
Երկրում ֆոնդային շուկայի ձեւավորումը տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է․ վարչապետ |armtimes.com|

Երկրում ֆոնդային շուկայի ձեւավորումը տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը՝ նշելով, որ դրա ընդունումը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների եւ դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքով՝ Հայաստանի կապիտալի շուկան դեռեւս սահմանափակ է. թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով եւ երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ։ «2020 թվականի սկզբին շուկայի հիմնական մասը զբաղեցնում են պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը եւ բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ՀՆԱ-ի մոտ 3.4%-ը և 2.3%-ը: Ցուցանիշները էական բարելավման պոտենցիալ ունեն: Այս իրավիճակում պետական կառույցները պետք է առաջնորդող դեր կատարեն եւ տարբեր գործիքների միջոցով խթանեն շուկայի զարգացումը: Դրա համար կարեւոր պայման է պետական գերատեսչությունների ջանքերի համատեղումը եւ նպատակային ու տրամաբանական հաջորդականության մեջ գտնվող միջոցառումների իրականացումը»,- նշեց նախարարը։ Նա հավելեց, որ կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդակցություններով համատեղ մշակել են էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը: Խաչատրյանի խոսքով՝ ծրագրով առաջարկվող նախագիծը բաղկացած է 2 մասից՝ ՀՀ-ում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից եւ դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից: Նա կարծիք հայտնեց, որ ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման ավելի բարելավված միջավայր, այնպիսի գործիքներ կներդրվեն, որոնք կապահովեն ձեւավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում եւ թույլ կտան բնակչությանը մասնակցել ներդրումային ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով դրանից եկամուտներ ստանալու հնարավորությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի վերաբերյալ նշեց, որ արդեն երկար ժամանակ ՀՀ-ում քաղաքացիները, եթե բիզնես չեն անում, իրենց խնայողությունները ներդնելու մեկ տեղ ունեն՝ բանկային համակարգում: «Բիզնեսը նույնպես ՀՀ-ում ֆինանսավորման մեկ տեղ ունի, որը կրկին բանկային համակարգն է, որը խոսում է այն մասին, որ մեր երկրում բանկային համակարգը կայացած է, բայց վաղուց հասունացել է պահը, երբ պետք է շուկայի զարգացման երկրորդ փուլ մտնել»,- ասաց նա: Վարչապետն ընդգծեց՝ մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլեւ շուկայից, բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, նայել, գնահատել ամենամեծ պոտենցիալ ունեցող ընկերություններին եւ այդ շուկայում անել ներդրումներ, որը նաեւ հնարավորություն է ընկերությունների համար ներդրումներ ստանալ ոչ միայն բանկային համակարգից, այլեւ քաղաքացիներից. «Սա տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է: Եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձեւավորվի, կարող ենք համարել, որ դա տնտեսական հեղափոխության ամենակարեւոր արտահայտությունն է։ Կառավարությունն աշխատում է պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ՝ օգնելով բարձրացնել նրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ օտարերկրյա ներդրումները առանց ծրագրի ամփոփման արդյունքում ձեւավորված հարթակների ուղղակի չեն լինի: «Դա վերաբերում է ե՛ւ անհատ, ե՛ւ ինստիտուցիոնալ ներդրողներին, որովհետեւ այսօրվա տեմպերն ու բիզնես միջավայրն այնպես չեն, որ մարդիկ պետք է գան տեղում մեծ հետազոտություն անեն, ծախսեն և այլն: Բոլորն ուզում են ներդրում անել, ուղղակի ուզում են արդի գործիք տեսնել, այլ ոչ թե հին: Ծրագիրը երկու ֆունկցիա ունի, նաև արտաքին աղբյուրներից իրական ներհոսք է լինելու»,- նշեց Գրիգորյանը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին ասաց, որ զարգացման հերթական քայլն են անում. «Ներդրումների դերը զարգացման մեջ դժվար է գերագնահատել, բայց ուզում ենք, որ փոխվի ներդրման ընկալումը: Մեզ թվացել է, որ խոսքը գաղտնարանից հանված ինչ-որ գումարի ներդրման մասին է, մինչդեռ դա լուծում չէ: Ենթադրվում է, որ զարգացման տեսանկյունից միակ ճամապարհը թափանցիկ եւ հանրային հաշվետվողականության տեսանկյունից ընկալելի կազմակերպությունում ներդրումն է»։
13:59 - 16 հուլիսի, 2020
Պետական գնումների ոլորտում բողոքների քննությունը միայն դատական համակարգի վրա թողնելը լրջագույն խնդիրներ է առաջացնելու․ Վարուժան Հոկտանյան

Պետական գնումների ոլորտում բողոքների քննությունը միայն դատական համակարգի վրա թողնելը լրջագույն խնդիրներ է առաջացնելու․ Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուզել ենք պետական գնումների ոլորտի խնդիրների, առաջարկվող փոփոխությունների մասին։ - Պարո՛ն Հոկտանյան, այս տարվա փետրվարին Ֆինանսների նախարարությունը նախագիծ էր շրջանառել, որով առաջարկում էր հրաժարվել գնումների վերաբերյալ բողոքարկումների արտադատական համակարգից։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դեմ էր արտահայտվել այս փոփոխությանը և նշել  արտադատական լիովին նոր, անկախ համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ Արդյոք նոր արտադատական մարմնի կազմում պետք է լինեն միայն պետական կառավարման համակարգում կամ տվյալ ոլորտո՞ւմ փորձ ունեցող անձինք, թե՞ պետք է ընդգրկված լինեն նաեւ ոլորտն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բողոքի քննման ընթացքում կապահովեն կարծիքների բազմազանություն։  - Սկսեմ նրանից, որ Ֆինանսների նախարարությունն այս գաղափարն ավելի շուտ ուներ։ Ֆինանսների կառավարման համակարգի՝ 2019-2023թթ․ բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագրում արդեն կար այն։ Երբ օրենքի նախագիծը դրվել էր շրջանառության մեջ, մենք մեր առաջարկներն էինք ներկայացրել։ Մինչև հիմա ամփոփաթերթին (առաջարկներին-հեղ․) պատասխաններ չեն ուղարկել։ Օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովում շրջանառության մեջ չի դրվել։ Մենք ռազմավարության քննարկման ժամանակ առաջարկել էինք, սակայն առանց պատճառի ասել էին՝ ոչ, արտադատական համակարգ չի լինելու։ Մենք առաջարկում ենք, որ արտադատական համակարգը պահպանվի, բայց չենք կոնկրետացնում, թե ինչպիսին լինի։ Խնդիրն այն է, որ արտադատական համակարգի տարբեր մոդելներ կան։ Գնումների մասին նախորդ օրենքով այլ մոդել էր, հետո փոխեցին և ներմուծեցին բողոքը քննող անձանց ինստիտուտը։ Խնդիրներ, իհարկե, շատ կան։ Ես չեմ պնդում, որ նախկինը կամ նորը հոյակապ աշխատող համակարգեր են։ Թե ինչպիսին կլինի արտադատական համակարգի մոդելը, մենք չենք կոնկրետացրել, որովհետև ուզում էինք ծավալել քննարկում, երբ փաթեթը մտներ Ազգային ժողով։ Օրինակ՝ մենք տեսնում ենք արբիտրաժի գաղափարը, այսինքն՝  արտադատական խորհուրդն աշխատի որպես արբիտրաժ։ Ընդ որում՝ այն կարող է նաև ոչ պետական մարմին լինել, քանի որ արտադատական համակարգի մեծագույն խնդիրը դրա անկախ չլինելն է։ Երբ նայում ենք նախկին կամ ներկա կարգավորումները, փաստորեն, արդարադատության խորհուրդը բավականին կախվածության մեջ է Ֆինանսների նախարարությունից։ Այն, ինչ մենք նախնական վիճակում առաջարկում ենք և ցանկանում քննարկել՝ արբիտրաժն է, որում արբիտրի դերը կստանձնի որևէ մասնավոր ընկերություն կամ հասարակական կազմակերպություն։ Այսինքն՝ 2-3 այդպիսի կազմակերպություն ստեղծեն այդ բողոքներ քննող մարմինը։ Ինչու ոչ, սա կարող էր լինել նաև վճարովի հիմունքներով՝ որպես կազմակերպության համար մոտիվացիա։ Սա բավականին հում տարբերակ է, և մենք այս փուլում ավելի շատ հակված ենք ուղղակի արտադատական համակարգը պահպանելուն։ Փոփոխությունների նախագծում, որով առաջարկվում է վերացնել արտադատական համակարգը, ասվում է, որ բողոքները լինեն քաղաքացիական հայցեր։ Սա արդեն որոշ չափով հարցական է։ Միշտ չէ, որ պատվիրատուի կամ մասնակից ընկերության բողոքը կարելի է համարել քաղաքացիական հայց։ Միաժամանակ, արտադատական համակարգի հեռացումը և ամեն ինչ դատական համակարգի վրա թողնելը առաջացնելու է երկու լրջագույն խնդիր։ Առաջինը՝ բավականին ծանրաբեռնված են մեր դատարանները։ Սա կարող է շատ լրջորեն ձգձգել գործերի քննությունը։ Պատկերացրեք՝ պատվիրատուն շտապ գնում է կատարում՝ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության, ու հետո տարիներ տևող դատական վեճ է լինում, նիստերը չեն կայանում, որովհետև դատավորները ծանրաբեռնված են, ինչը շատ հնարավոր է։ Այսինքն՝ առաջին խնդիրն այն է, թե մեր դատական համակարգում որքանով կան բավական թվով քաղաքացիական գործեր քննող դատավորներ, եթե ընդունենք, որ սրանք քաղաքացիական գործեր են (կարող են լինել նաև վարչական կամ քրեական)։ Երկրորդը՝ դատարան դիմելը ենթադրում է բավականին ծախսեր՝ ընկերության կողմից հայցադիմումի, փաստաբան վարձելու հետ կապված։ Առանց այդ էլ մտցվեց որակավորման ապահովման բանկային երաշխիքի ինստիտուտը։ Այսինքն՝ ընկերությունները բավականին ծախսեր են անում գնումների մրցույթներին մասնակցելու համար։ Դատարան հայց ներկայացնելու համար լրացուցիչ ծախսերը կդառնան պատճառ, որ շատ ընկերություններ չեն դիմի, ինչի հետևանքով մրցակցությունն է՛լ ավելի կպակասի։ Երրորդ խնդիրը դատավորների մասնագիտացումն է։ Սրանք գնումների ոլորտի սպեցիֆիկ հարցեր են, և բողոքների քննության դատական տարբերակին անցնելու դեպքում ցանկալի կլինի գործ ունենալ այնպիսի դատավորների հետ, որոնք այդ համակարգից ինչ-որ չափով տեղյակ են։ Բայց, նորից եմ հիշեցնում, դատավորների ծանրաբեռնվածությունն առանց այն էլ մեծ է։ Որքանով այդ դատավորները մասնագիտացված կլինեն այս տիպի բողոքների հացերը քննելուն՝ հարցական է։ Նրանց պրոֆեսիոնալիզմի խնդիրը նույնպես կառաջանա։ Որպես կանոն՝ արտադատական համակարգի առկայության դեպքում այնպես չէր, որ շատ մեծ թվով ընկերություններ կամ պատվիրատուներ դիմում են դատարան։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատական համակարգին դիմելու ձգտում առանձնապես չկա։ Այն, որ դատարան դիմելը այդքան էլ տարածված չէ պետական գնումների գործընթացներին մասնակցելու համար, նույնպես պետք է ինդիկատոր լիներ։ - Ներկայիս դատական համակարգի պայմաններում որքանո՞վ եք արդյունավետ համարում գնումների վերաբերյալ բողոքների քննությունը։ - Սա նույնպես կարող է խնդիր լինել։ Ընդ որում՝ խնդիր կարող է առաջացնել այն իմաստով, որ մենք գործ ունենք դատական համակարգում նախկին կադրերի հետ․ սա ինքնին կարող է կոռուպցիոն լուրջ ռիսկեր առաջացնել։ Բայց դրան ավելանում է մեկ այլ բան․ եթե վեթինգն իսկապես իրականացվի, և այն լինի մեծամասշտաբ, այդ դեպքում ռիսկ կա, որ կոռումպացված դատավորներին կարող են փոխարինել անփորձ դատավորներ, այնպիսի մարդիկ, որոնք այսպիսի հարցեր քննելու ավելի քիչ փորձ կունենան։ Սա խնդիրն է՛լ ավելի կարող է բարդացնել։ Մենք կունենանք իրավիճակ, երբ դատավորներն ուղղակի պատրաստ չեն լինի քննել այսպիսի գործեր։ Հերիք չէ ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, դրան կավելանա նաև պրոֆեսիոնալիզմի պակասը։ Այո՛, մենք կունենանք որոշակի դրական կողմ, եթե վեթինգը պատշաճ իրականացվի, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, բայց, մյուս կողմից, կառաջանա արհետավարժության խնդիրը։ - Պետական գնումների մրցույթներին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մեղմմանն ուղղված արդյունավետ քայլերից է, սակայն մինչ այժմ օրենսդրական մակարդակում կարգավորումները չեն տալիս իրական սեփականատերերի մասին լիարժեքորեն տեղեկանալու հնարավորություն։ Արդյոք սա զրոյի չի՞ հավասարեցնում հնարավորությունը՝ տեսնելու տարբեր պետական կառույցների գնումների և այլ բաժինների աշխատակիցների կապը՝ մրցույթին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի հետ։  - «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝ իրական սեփականատերերին վերաբերող ենթակետը առանձնապես դեր չի խաղում իրական սեփականատերերի բացահայտման գործում։ Ես շատ լավ հիշում եմ՝ երբ այս օրենքը ընդունվում էր, 2016 թվականի դեկտեմբերին էին այդ քննարկումները, թմբկահարվում էր՝ «մենք մտցնում ենք իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ»։ Երբ 2017 թվականի ապրիլին օրենքն ուժի մեջ մտավ, մենք մինչ այդ էինք գնումների մոնիթորինգ իրականացնում։ Մենք 2017 թվականի ապրիլին իրական սեփականատերերի մասով մոնիթորինգ իրականացրինք, և ուղղակի ծիծաղելի էր։ Այդ փաստաթղթերից չի երևում, թե իրական սեփականատերերն ովքեր են, չի երևում նաև պատվիրատուի հետ փոխկապակցվածությունը։ Բաց կառավարության գործընկերության (ԲԿԳ) ներկա գործողությունների ծրագրի երրորդ հանձնառությունն է՝ Հայաստանում ներդնել իրական սեփականատերերի բաց հանրային գրանցամատյան, որը պետք է ավարտին հասցվեր այս տարվա դեկտեմբերին։ Եթե այս հանձնարարականն իրականացվի, մենք ինչ որ առաջընթաց, հուսով եմ, կունենանք, որովհետև ԲԿԳ-ի դեպքում հասարակական կազմակերպությունների վերահսկողությունն ավելի մեծ է։ Այդ հսկողությունը կօգնի այդպիսի լուրջ համակարգ ներդնել։ Բայց, ներկա դրությամբ, սա շատ լուրջ խնդիր է, և այն, ինչ կա «Գնումների մասին» ՀՀ օրենքով, որևէ բան չի բացահայտում։ Օրինակ՝ Բրիտանիայում իրական սեփականատերերի երևույթն այլ նպատակով է արվել։ Այնտեղ նույն պատգամավորը կամ նախարարն իրավունք ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, և շատ ավելի թափանցիկ կստացվի, եթե ինչ-որ բան լինի բացահայտելու։ Այս դեպքում իրական սեփականատերերի խնդիրը բացահայտվեց ընկերությունների հարկեր թաքցնելու, իրական եկամուտները ցույց չտալու դեպքերի հետ կապված։ Իսկ Հայաստանի դեպքում և, ընդհանրապես, հետկոմունիստական կամ երրորդ աշխարհի երկրների դեպքում խնդիրն այլ է։ Իրական սեփականատերերի բացահայտումն անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք՝ արդյոք պետական պաշտոնյան, պատգամավորը զբաղվո՞ւմ են ձեռնարկատիրական գործունեությամբ, թե՞ ոչ, որովհետև դա Սահմանադրությամբ արգելված է։ Բնական է՝ եթե արգելված է, ապա այդ իրական սեփականատերն ամեն ինչ կանի, որպեսզի թաքցնի։ Այստեղ իրական սեփականատեր բացահայտելը նշանակում է քրեորեն պատժելի արարք բացահայտել, այն դեպքում, երբ, ինչպես նշեցինք, Բրիտանիայում այլ է, այնտեղ պաշտոնյային չի արգելվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Մեր դեպքում, եթե ուզում ենք իրական սեփականատիրոջը բացահայտել, և եթե նա նախարար է, ստացվում է՝ բացահայտում ենք ապօրինի ձեռնարկատիրություն, որը քրեորեն պատժելի արարք է։ Սրա մասին պետք է մտածել։ Եթե մենք հանրային ծառայողին արգելում ենք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այն, բնականաբար, կկատարվի շատ ավելի քողարկված ձևով՝ օգտագործելով օֆշորային գոտիներ և Հայաստանից դուրս այլ ընկերությունների գրանցումներ։ - Դեռևս 2015 թվականին խոսել եք ՀԷՑ-ի կատարած գնումներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։ Մինչ այժմ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների իրականացնելիք գնումների հաշվետվողականության և թափանցիկության ապահովման պահանջը չկատարելու նկատմամբ պատասխանատվության ու վերահսկողության միջոցներ սահմանված չեն։ Ի՞նչ օրենսդրական լուծում է անհրաժեշտ նշված ոլորտում գործող ընկերությունների գնումները թափանցիկ դարձնելու համար։  - 2015 թվականին՝ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, մեր գնումների փորձագետը՝ Արտակ Մանուկյանը, որն այժմ պատգամավոր է, հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների գնումների ուսումնասիրություն իրականացրեց։ Հիմնական նպատակն էր հասկանալ, թե այդ սակագինը, որն ուզում էին բարձրացնել, որքանով էր արդարացված։ Եվ, այո, խնդիրներ կային այդ ոլորտի ընկերությունների գնումների հաշվետվողականության ու թափանցիկության հետ կապված։ Ներկայումս gnumner.am կայքում հիմանականում դրվում են հանրային կազմակերպությունների իրականացրած գնումներին առնչվող փաստաթղթերը, բացի՝ գնումների պլանից, որը «Գնումների մասին» ՀՀ օրենքով պարտադիր չէ տեղադրել։ Այն, ինչ մենք տեսնում ենք gnumner.am կայքում, չենք կարող ասել, որ այդ կազմակերպությունների իրականացրած գնումների ողջ ծավալն է։ Սա առաջին խնդիրն է։ Երկրորդ խնդիրն այն է, որ չենք տեսնում պայմանագրերի կատարման, հանձնման-ընդունման փաստաթղթերը։ Սա, բնականաբար, պետք է օրենսդրորեն փոխվի։ Ինչպես նաև այս տարվա դեկտեմբերի վերջին նախատեսվում է ներդնել լիովին նոր համակարգ, որտեղ ավելի դյուրընթեռնելի ձևաչափով կներբեռնվեն նշված փաստաթղթերը։ Եթե փոփոխություններից հետո չդրվեն պայմանագրերը, հանձնման-ընդունման փաստաթղթերը, ապա արդեն կարելի է մտածել, թե ինչ եղանակով պատասխանատվության կանչել։ Նախ պետք է օրենսդրական, ենթաօրենսդրական, տեխնիկական փոփոխություններ արվեն։ Կա նաև մեկ ալ մոտեցում, որ հանրային ծառայություններ մատուցող  կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են։ Երբ հարցադրում է արվում, թե ինչու մասնավոր ընկերությունը պետք է իր գնումներն իրականացնի «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, սա կարող է պարադիգմայի փոփոխություն լինել։ Բնականաբար, այստեղ այն հարցն է, որ այս կազմակերպությունների իրականացրած գնումները կարող են ազդել իրենց մատուցած ծառայությունների սակագնի վրա։ Դրա համար կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը պետք է մշտական մոնիթորինգի ենթարկի այդ կազմակերպություների գործունեությունը՝ հետևելով միայն նրան, թե որքանով են նրանց ծախսերն ազդում սակագնի վրա, որովհետև քաղաքացուն հետաքրքրում է սակագինը, ինչպես եղավ 5 տարի առաջ, երբ պարզվեց, որ ՀԷՑ-ը այնպիսի գնումներ է իրականացնում, որն ազդում է վերջինիս վրա։ Բայց թե ինչպես են իրականացվում գնումները՝ մեկ անձից, թե բաց մրցույթով, մասնավոր կազմակերպությունների դեպքում այդպիսի պարտադրանք դնելն այնքան էլ արադարացված չէ։ Այդ դեպքում տրամաբանական հարց կա կառաջանա, թե ինչու մյուս խոշոր ընկերությունների՝ սուպերմարկետների, ներկրողների դեպքում չկա պարտադրանք, որ  «Գնումների մասին» ՀՀ օրենքով իրականացնեն։ Ի վերջո, չի բացառվում, որ նրանց գնումները նույնպես բարձրացնում են այն ապրանքների գները, որոնք մենք սուպերմարկետներում գնում ենք։ Այդ տրամաբանությամբ՝ նրանցից ևս պետք է պահանջել, որ նշյալ օրենքի համաձայն իրականացնեն իրենց գնումները, բայց գիտենք, որ այդպիսի պահանջ չկա։ Դրա համար ես ավելի շատ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի, բայց ավելի շատ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շատ արդյունավետ գործունեությունը, մոնիթորինգը, որպեսզի այնպիսի գնումներ չլինեն, որոնք կազդեն սակագնի վրա կամ, եթե սակագինը բարձրացվում է, ապա օբյեկտիվ պատճառներով լինի, այլ ոչ թե շռայլ գնումների հետևանք։ Չգիտեմ՝ սա որքանով ընդունելի կլինի հանրության համար, բայց, ընդհանրապես, ճիշտ կլինի, որ «Գնումների մասին» օրենքը չտարածվի այն մասնավոր ընկերությունների վրա, որոնք հանրային կազմակերպություններ են։ Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անի բավականին լուրջ և հանգամանալից մոնիթորինգ, այս հարցերը վեր կհանվեն։ Արփի Ավետիսյան
20:49 - 15 հուլիսի, 2020