«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուզել ենք պետական գնումների ոլորտի խնդիրների, առաջարկվող փոփոխությունների մասին։
- Պարո՛ն Հոկտանյան, այս տարվա փետրվարին Ֆինանսների նախարարությունը նախագիծ էր շրջանառել, որով առաջարկում էր հրաժարվել գնումների վերաբերյալ բողոքարկումների արտադատական համակարգից։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դեմ էր արտահայտվել այս փոփոխությանը և նշել արտադատական լիովին նոր, անկախ համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ Արդյոք նոր արտադատական մարմնի կազմում պետք է լինեն միայն պետական կառավարման համակարգում կամ տվյալ ոլորտո՞ւմ փորձ ունեցող անձինք, թե՞ պետք է ընդգրկված լինեն նաեւ ոլորտն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բողոքի քննման ընթացքում կապահովեն կարծիքների բազմազանություն։
- Սկսեմ նրանից, որ Ֆինանսների նախարարությունն այս գաղափարն ավելի շուտ ուներ։ Ֆինանսների կառավարման համակարգի՝ 2019-2023թթ․ բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագրում արդեն կար այն։ Երբ օրենքի նախագիծը դրվել էր շրջանառության մեջ, մենք մեր առաջարկներն էինք ներկայացրել։ Մինչև հիմա ամփոփաթերթին (առաջարկներին-հեղ․) պատասխաններ չեն ուղարկել։ Օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովում շրջանառության մեջ չի դրվել։ Մենք ռազմավարության քննարկման ժամանակ առաջարկել էինք, սակայն առանց պատճառի ասել էին՝ ոչ, արտադատական համակարգ չի լինելու։
Մենք առաջարկում ենք, որ արտադատական համակարգը պահպանվի, բայց չենք կոնկրետացնում, թե ինչպիսին լինի։ Խնդիրն այն է, որ արտադատական համակարգի տարբեր մոդելներ կան։ Գնումների մասին նախորդ օրենքով այլ մոդել էր, հետո փոխեցին և ներմուծեցին բողոքը քննող անձանց ինստիտուտը։ Խնդիրներ, իհարկե, շատ կան։ Ես չեմ պնդում, որ նախկինը կամ նորը հոյակապ աշխատող համակարգեր են։
Թե ինչպիսին կլինի արտադատական համակարգի մոդելը, մենք չենք կոնկրետացրել, որովհետև ուզում էինք ծավալել քննարկում, երբ փաթեթը մտներ Ազգային ժողով։ Օրինակ՝ մենք տեսնում ենք արբիտրաժի գաղափարը, այսինքն՝ արտադատական խորհուրդն աշխատի որպես արբիտրաժ։ Ընդ որում՝ այն կարող է նաև ոչ պետական մարմին լինել, քանի որ արտադատական համակարգի մեծագույն խնդիրը դրա անկախ չլինելն է։ Երբ նայում ենք նախկին կամ ներկա կարգավորումները, փաստորեն, արդարադատության խորհուրդը բավականին կախվածության մեջ է Ֆինանսների նախարարությունից։
Այն, ինչ մենք նախնական վիճակում առաջարկում ենք և ցանկանում քննարկել՝ արբիտրաժն է, որում արբիտրի դերը կստանձնի որևէ մասնավոր ընկերություն կամ հասարակական կազմակերպություն։ Այսինքն՝ 2-3 այդպիսի կազմակերպություն ստեղծեն այդ բողոքներ քննող մարմինը։ Ինչու ոչ, սա կարող էր լինել նաև վճարովի հիմունքներով՝ որպես կազմակերպության համար մոտիվացիա։ Սա բավականին հում տարբերակ է, և մենք այս փուլում ավելի շատ հակված ենք ուղղակի արտադատական համակարգը պահպանելուն։
Փոփոխությունների նախագծում, որով առաջարկվում է վերացնել արտադատական համակարգը, ասվում է, որ բողոքները լինեն քաղաքացիական հայցեր։ Սա արդեն որոշ չափով հարցական է։ Միշտ չէ, որ պատվիրատուի կամ մասնակից ընկերության բողոքը կարելի է համարել քաղաքացիական հայց։ Միաժամանակ, արտադատական համակարգի հեռացումը և ամեն ինչ դատական համակարգի վրա թողնելը առաջացնելու է երկու լրջագույն խնդիր։ Առաջինը՝ բավականին ծանրաբեռնված են մեր դատարանները։ Սա կարող է շատ լրջորեն ձգձգել գործերի քննությունը։ Պատկերացրեք՝ պատվիրատուն շտապ գնում է կատարում՝ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության, ու հետո տարիներ տևող դատական վեճ է լինում, նիստերը չեն կայանում, որովհետև դատավորները ծանրաբեռնված են, ինչը շատ հնարավոր է։ Այսինքն՝ առաջին խնդիրն այն է, թե մեր դատական համակարգում որքանով կան բավական թվով քաղաքացիական գործեր քննող դատավորներ, եթե ընդունենք, որ սրանք քաղաքացիական գործեր են (կարող են լինել նաև վարչական կամ քրեական)։ Երկրորդը՝ դատարան դիմելը ենթադրում է բավականին ծախսեր՝ ընկերության կողմից հայցադիմումի, փաստաբան վարձելու հետ կապված։ Առանց այդ էլ մտցվեց որակավորման ապահովման բանկային երաշխիքի ինստիտուտը։ Այսինքն՝ ընկերությունները բավականին ծախսեր են անում գնումների մրցույթներին մասնակցելու համար։ Դատարան հայց ներկայացնելու համար լրացուցիչ ծախսերը կդառնան պատճառ, որ շատ ընկերություններ չեն դիմի, ինչի հետևանքով մրցակցությունն է՛լ ավելի կպակասի։
Երրորդ խնդիրը դատավորների մասնագիտացումն է։ Սրանք գնումների ոլորտի սպեցիֆիկ հարցեր են, և բողոքների քննության դատական տարբերակին անցնելու դեպքում ցանկալի կլինի գործ ունենալ այնպիսի դատավորների հետ, որոնք այդ համակարգից ինչ-որ չափով տեղյակ են։ Բայց, նորից եմ հիշեցնում, դատավորների ծանրաբեռնվածությունն առանց այն էլ մեծ է։ Որքանով այդ դատավորները մասնագիտացված կլինեն այս տիպի բողոքների հացերը քննելուն՝ հարցական է։ Նրանց պրոֆեսիոնալիզմի խնդիրը նույնպես կառաջանա։
Որպես կանոն՝ արտադատական համակարգի առկայության դեպքում այնպես չէր, որ շատ մեծ թվով ընկերություններ կամ պատվիրատուներ դիմում են դատարան։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատական համակարգին դիմելու ձգտում առանձնապես չկա։ Այն, որ դատարան դիմելը այդքան էլ տարածված չէ պետական գնումների գործընթացներին մասնակցելու համար, նույնպես պետք է ինդիկատոր լիներ։
- Ներկայիս դատական համակարգի պայմաններում որքանո՞վ եք արդյունավետ համարում գնումների վերաբերյալ բողոքների քննությունը։
- Սա նույնպես կարող է խնդիր լինել։ Ընդ որում՝ խնդիր կարող է առաջացնել այն իմաստով, որ մենք գործ ունենք դատական համակարգում նախկին կադրերի հետ․ սա ինքնին կարող է կոռուպցիոն լուրջ ռիսկեր առաջացնել։ Բայց դրան ավելանում է մեկ այլ բան․ եթե վեթինգն իսկապես իրականացվի, և այն լինի մեծամասշտաբ, այդ դեպքում ռիսկ կա, որ կոռումպացված դատավորներին կարող են փոխարինել անփորձ դատավորներ, այնպիսի մարդիկ, որոնք այսպիսի հարցեր քննելու ավելի քիչ փորձ կունենան։ Սա խնդիրն է՛լ ավելի կարող է բարդացնել։ Մենք կունենանք իրավիճակ, երբ դատավորներն ուղղակի պատրաստ չեն լինի քննել այսպիսի գործեր։ Հերիք չէ ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, դրան կավելանա նաև պրոֆեսիոնալիզմի պակասը։ Այո՛, մենք կունենանք որոշակի դրական կողմ, եթե վեթինգը պատշաճ իրականացվի, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, բայց, մյուս կողմից, կառաջանա արհետավարժության խնդիրը։
- Պետական գնումների մրցույթներին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մեղմմանն ուղղված արդյունավետ քայլերից է, սակայն մինչ այժմ օրենսդրական մակարդակում կարգավորումները չեն տալիս իրական սեփականատերերի մասին լիարժեքորեն տեղեկանալու հնարավորություն։ Արդյոք սա զրոյի չի՞ հավասարեցնում հնարավորությունը՝ տեսնելու տարբեր պետական կառույցների գնումների և այլ բաժինների աշխատակիցների կապը՝ մրցույթին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի հետ։
- «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝ իրական սեփականատերերին վերաբերող ենթակետը առանձնապես դեր չի խաղում իրական սեփականատերերի բացահայտման գործում։ Ես շատ լավ հիշում եմ՝ երբ այս օրենքը ընդունվում էր, 2016 թվականի դեկտեմբերին էին այդ քննարկումները, թմբկահարվում էր՝ «մենք մտցնում ենք իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ»։ Երբ 2017 թվականի ապրիլին օրենքն ուժի մեջ մտավ, մենք մինչ այդ էինք գնումների մոնիթորինգ իրականացնում։ Մենք 2017 թվականի ապրիլին իրական սեփականատերերի մասով մոնիթորինգ իրականացրինք, և ուղղակի ծիծաղելի էր։ Այդ փաստաթղթերից չի երևում, թե իրական սեփականատերերն ովքեր են, չի երևում նաև պատվիրատուի հետ փոխկապակցվածությունը։
Բաց կառավարության գործընկերության (ԲԿԳ) ներկա գործողությունների ծրագրի երրորդ հանձնառությունն է՝ Հայաստանում ներդնել իրական սեփականատերերի բաց հանրային գրանցամատյան, որը պետք է ավարտին հասցվեր այս տարվա դեկտեմբերին։ Եթե այս հանձնարարականն իրականացվի, մենք ինչ որ առաջընթաց, հուսով եմ, կունենանք, որովհետև ԲԿԳ-ի դեպքում հասարակական կազմակերպությունների վերահսկողությունն ավելի մեծ է։ Այդ հսկողությունը կօգնի այդպիսի լուրջ համակարգ ներդնել։ Բայց, ներկա դրությամբ, սա շատ լուրջ խնդիր է, և այն, ինչ կա «Գնումների մասին» ՀՀ օրենքով, որևէ բան չի բացահայտում։
Օրինակ՝ Բրիտանիայում իրական սեփականատերերի երևույթն այլ նպատակով է արվել։ Այնտեղ նույն պատգամավորը կամ նախարարն իրավունք ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, և շատ ավելի թափանցիկ կստացվի, եթե ինչ-որ բան լինի բացահայտելու։ Այս դեպքում իրական սեփականատերերի խնդիրը բացահայտվեց ընկերությունների հարկեր թաքցնելու, իրական եկամուտները ցույց չտալու դեպքերի հետ կապված։
Իսկ Հայաստանի դեպքում և, ընդհանրապես, հետկոմունիստական կամ երրորդ աշխարհի երկրների դեպքում խնդիրն այլ է։ Իրական սեփականատերերի բացահայտումն անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք՝ արդյոք պետական պաշտոնյան, պատգամավորը զբաղվո՞ւմ են ձեռնարկատիրական գործունեությամբ, թե՞ ոչ, որովհետև դա Սահմանադրությամբ արգելված է։ Բնական է՝ եթե արգելված է, ապա այդ իրական սեփականատերն ամեն ինչ կանի, որպեսզի թաքցնի։ Այստեղ իրական սեփականատեր բացահայտելը նշանակում է քրեորեն պատժելի արարք բացահայտել, այն դեպքում, երբ, ինչպես նշեցինք, Բրիտանիայում այլ է, այնտեղ պաշտոնյային չի արգելվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Մեր դեպքում, եթե ուզում ենք իրական սեփականատիրոջը բացահայտել, և եթե նա նախարար է, ստացվում է՝ բացահայտում ենք ապօրինի ձեռնարկատիրություն, որը քրեորեն պատժելի արարք է։ Սրա մասին պետք է մտածել։
Եթե մենք հանրային ծառայողին արգելում ենք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այն, բնականաբար, կկատարվի շատ ավելի քողարկված ձևով՝ օգտագործելով օֆշորային գոտիներ և Հայաստանից դուրս այլ ընկերությունների գրանցումներ։
- Դեռևս 2015 թվականին խոսել եք ՀԷՑ-ի կատարած գնումներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։ Մինչ այժմ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների իրականացնելիք գնումների հաշվետվողականության և թափանցիկության ապահովման պահանջը չկատարելու նկատմամբ պատասխանատվության ու վերահսկողության միջոցներ սահմանված չեն։ Ի՞նչ օրենսդրական լուծում է անհրաժեշտ նշված ոլորտում գործող ընկերությունների գնումները թափանցիկ դարձնելու համար։
- 2015 թվականին՝ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, մեր գնումների փորձագետը՝ Արտակ Մանուկյանը, որն այժմ պատգամավոր է, հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների գնումների ուսումնասիրություն իրականացրեց։ Հիմնական նպատակն էր հասկանալ, թե այդ սակագինը, որն ուզում էին բարձրացնել, որքանով էր արդարացված։ Եվ, այո, խնդիրներ կային այդ ոլորտի ընկերությունների գնումների հաշվետվողականության ու թափանցիկության հետ կապված։
Ներկայումս gnumner.am կայքում հիմանականում դրվում են հանրային կազմակերպությունների իրականացրած գնումներին առնչվող փաստաթղթերը, բացի՝ գնումների պլանից, որը «Գնումների մասին» ՀՀ օրենքով պարտադիր չէ տեղադրել։ Այն, ինչ մենք տեսնում ենք gnumner.am կայքում, չենք կարող ասել, որ այդ կազմակերպությունների իրականացրած գնումների ողջ ծավալն է։ Սա առաջին խնդիրն է։ Երկրորդ խնդիրն այն է, որ չենք տեսնում պայմանագրերի կատարման, հանձնման-ընդունման փաստաթղթերը։ Սա, բնականաբար, պետք է օրենսդրորեն փոխվի։ Ինչպես նաև այս տարվա դեկտեմբերի վերջին նախատեսվում է ներդնել լիովին նոր համակարգ, որտեղ ավելի դյուրընթեռնելի ձևաչափով կներբեռնվեն նշված փաստաթղթերը։
Եթե փոփոխություններից հետո չդրվեն պայմանագրերը, հանձնման-ընդունման փաստաթղթերը, ապա արդեն կարելի է մտածել, թե ինչ եղանակով պատասխանատվության կանչել։ Նախ պետք է օրենսդրական, ենթաօրենսդրական, տեխնիկական փոփոխություններ արվեն։
Կա նաև մեկ ալ մոտեցում, որ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են։ Երբ հարցադրում է արվում, թե ինչու մասնավոր ընկերությունը պետք է իր գնումներն իրականացնի «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, սա կարող է պարադիգմայի փոփոխություն լինել։ Բնականաբար, այստեղ այն հարցն է, որ այս կազմակերպությունների իրականացրած գնումները կարող են ազդել իրենց մատուցած ծառայությունների սակագնի վրա։
Դրա համար կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը պետք է մշտական մոնիթորինգի ենթարկի այդ կազմակերպություների գործունեությունը՝ հետևելով միայն նրան, թե որքանով են նրանց ծախսերն ազդում սակագնի վրա, որովհետև քաղաքացուն հետաքրքրում է սակագինը, ինչպես եղավ 5 տարի առաջ, երբ պարզվեց, որ ՀԷՑ-ը այնպիսի գնումներ է իրականացնում, որն ազդում է վերջինիս վրա։ Բայց թե ինչպես են իրականացվում գնումները՝ մեկ անձից, թե բաց մրցույթով, մասնավոր կազմակերպությունների դեպքում այդպիսի պարտադրանք դնելն այնքան էլ արադարացված չէ։ Այդ դեպքում տրամաբանական հարց կա կառաջանա, թե ինչու մյուս խոշոր ընկերությունների՝ սուպերմարկետների, ներկրողների դեպքում չկա պարտադրանք, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքով իրականացնեն։ Ի վերջո, չի բացառվում, որ նրանց գնումները նույնպես բարձրացնում են այն ապրանքների գները, որոնք մենք սուպերմարկետներում գնում ենք։ Այդ տրամաբանությամբ՝ նրանցից ևս պետք է պահանջել, որ նշյալ օրենքի համաձայն իրականացնեն իրենց գնումները, բայց գիտենք, որ այդպիսի պահանջ չկա։
Դրա համար ես ավելի շատ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի, բայց ավելի շատ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շատ արդյունավետ գործունեությունը, մոնիթորինգը, որպեսզի այնպիսի գնումներ չլինեն, որոնք կազդեն սակագնի վրա կամ, եթե սակագինը բարձրացվում է, ապա օբյեկտիվ պատճառներով լինի, այլ ոչ թե շռայլ գնումների հետևանք։
Չգիտեմ՝ սա որքանով ընդունելի կլինի հանրության համար, բայց, ընդհանրապես, ճիշտ կլինի, որ «Գնումների մասին» օրենքը չտարածվի այն մասնավոր ընկերությունների վրա, որոնք հանրային կազմակերպություններ են։ Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անի բավականին լուրջ և հանգամանալից մոնիթորինգ, այս հարցերը վեր կհանվեն։
Արփի Ավետիսյան
comment.count (0)