Պահնորդական ծառայություններ մատուցող «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Հովհաննես Պետրոսյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում մասնավոր ընկերությունների համար ստեղծված խնդիրների շուրջ։
Ընկերության տնօրենը մեր զրույցում անդրադարձել է այս տարվա հունվարին Ֆինանսների նախարարության նախաձեռնած ընթացակարգին, որի արդյունքում «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն մինչ 2022 թվականը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։
Նախ ներկայացնենք նախարարության հիմնավորումները և ընկերության հակափաստարկները։
Այս ընթացակարգի նախաձեռնողը եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ՓԲ ընկերությունը՝ այն պատճառաբանությամբ, որ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն, հաղթող ճանաչվելով «ԲԷՑ-ԳՀԾՁԲ-19/56» գնման ընթացակարգում, սահմանված ժամկետում չի ներկայացրել իր հաստատած պայմանագիրը, այն ուժի մեջ մտնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիրը, ինչպես նաև պայմանագրի և որակավորման ապահովումները՝ բանկային երաշխիքի տեսքով։
Ընկերության տնօրեն Հովհաննես Պետրոսյանը պնդում է սակայն, որ ԲԷՑ-ի պատճառաբանությունը, թե «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն չի ներկայացրել հաստատված պայմանագիրը, ճիշտ չէ, քանի որ վերջինս ներկայացվել է 2019 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ինչ վերաբերում է պայմանագրի ուժի մեջ մտնելու փաստը ֆիքսելու լրացուցիչ համաձայնագրին և բանկային երաշխիքին, ապա ինչպես նշեց Պետրոսյանը, դրանց չներկայացումը հիմնավոր պատճառ ունի։ Բանն այն է, որ միաժամանակյա բանակցություններն անկացվել են օրենքի խախտմամբ։ Բանակցությունների արդյունքում մրցույթին մասնակից մեկ այլ ընկերություն՝ «Պահապան1» ՍՊԸ-ն, գնային առաջարկն իջեցրել է ինքնարժեքից, որի արդյունքում «Տրանս-Սֆեր» ընկերությունը նույնպես նվազեցրել է։ Գնահատող հանձնաժողովն էլ, ինքնարժեքից ցածր գնային առաջարկի ներկայացումը բացառելու փոխարեն, թույլատրել է այն, որի արդյունքում «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն հայտնվել է անելանելի դրության մեջ։ Այս ամենը հանգեցրել է ոչ բարեխիղճ մրցակցության, որը հակասում է պետական գնումների սկզբունքներին։
Վերոնշյալ գործընթացում առաջին խնդրահարույց կետն այն է, որ 2020 թվականի փետրվարի 24-ին ՀՀ Գնումների բողոքարկման խորհրդի YouTube-յան էջում տեղադրված տեսանյությում վերոնշյալ բողոքը քննող Լևոն Օհանյանը չէր բավարարել Ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՖՆ) նախաձեռնած ընթացակարգը և «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ին չէր ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Սակայն ընկերության ղեկավարը թղթային տարբերակով այլ որոշում է ստացել, որում բողոքներ քննող անձը բավարարում է ՖՆ նշված ընթացակարգը։ Բողոքներ քննող անձը «Տրանս-Սֆեր» ընկերության հինավորումները համարել է անհիմն, քանի որ ընթացակարգի քննության արդյունքում Գնահատող հանձնաժողովի գործողութունների վերաբերյալ որևէ խախտում չի արձանագրել, որը կարող էր հանգեցնել մասնակցի՝ այս դեպքում՝ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի իրավունքների և օրինական շահերի խախտմանը։ Բացի այս՝ որոշման մեջ նշվում է նաև, որ «Պահապան1» ՍՊԸ-ն գնային առաջարկի նվազեցում արել է միայն թիվ 2 չափաբաժնի մասով, որը չէր կարող հանգեցնել «Տրանս-Սֆեր» ընկերության ծայրահեղ անբարեխիղճ պայմաններում հայտնվելուն։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ Բողոքներ քննող անձի հրապարակային և թղթային որոշումները, մեղմ ասած, հակասում են իրար։
Բացի այս՝ Հովհաննես Պետրոսյանը նշեց, որ բողոքարկման խորհրդին հայտնել են, որ երկու չափաբաժիններից կազմված մրցույթի պայմանագրերը իրենց ներկայացվել են մեկ չափաբաժնով՝ ընդհանուր գումարով․
«Վերջինս ստորագրվել ու ներկայացվել էր, հրապարակային որոշման հիմքն էր եղել։ Հետագայում կեղծել են, թե առանձին չափաբաժնով հրաժարվել եմ կնքել պայմանագիրը։ Մեր պահանջով՝ ԲԷՑ-ը գնումների բողոքարկման խորհրդին ներկայացրել էր «Պահապան1»-ի հետ պայմանագրի կնքման որոշումը։ Պարզվել էր, որ ընկերության առաջարկած 26 մլն 500 հազար դրամի փոխարեն պայմանագիրը կնքվել է մոտ 29 մլն 200 հազար դրամով, որն օրենքի բացահայտ խախտում է»։
Ընկերության ղեկավարը համոզված է, որ ԲԷՑ-ի գնումների համակարգողը դիտավորությամբ է մրցույթը տարել բանակցությունների՝ իմանալով, որ «Պահապան1»-ի ներկայացված գինը շատ ավելի բարձր է։
«Այս խնդրով 2020 թվականի հունվարին հանդիպել ենք ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանին։ Վերջինս էլ չի հերքել, որ բանակցություն անցկացնելու իրավունք չկար և խախտել են կարգը։ ԲԷՑ-ը պարտավոր էր պայմանագիրը կնքելու մասին որոշումը հրապարակել սահմանված ժամկետում, բայց Բողոքարկման խորհրդի նիստից հետո նոր միայն հրապարակել են։ Պարզվել է, որ «Պահապան1»-ի հետ 15 տոկոսով ավելի բարձր գնով են կնքել, ինչը ևս խախտում է։ Փոխնախարարը, իմանալով տվյալ մրցույթում կատարված խախտումները, դիտավորությամբ բողոք է ուղարկել գնումների բողոքարկման խորհրդին՝ իմ ընկերությանը «սև ցուցակ» գցելու համար։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ էր Կարեն Բրուտյանը շահագրգռված իմ ընկերությանը «սև ցուցակ» գցելու հարցում։ Ըստ իս՝ փոխնախարարի հովանավորչությունը կա, քանի որ գնումների Բողոքարկման խորհուրդը իր ղեկավարության ներքո է», - մեր զրույցում նշեց Հովհաննես Պետրոսյանը։
Պետրոսյանն ասաց, որ «Պահապան1» ՍՊԸ-ն նախկին «Պահապան» ՍՊԸ-ն է, որը, ըստ ՀՀ Ոստիկանությունից ստացված գրության, 2019 թվականի սեպտեմբերի 6-ին անվանափոխվել է «Պահապան1»-ի։ Հենց նույն գրությունում նշված է, որ ընկերությունը զենք և փամփուշտներ պահելու և օգտագործելու թույլտվություն ստացել է անվանափոխությունից ավելի վաղ՝ 2019 թվականի փետրվարի 1-ին։ Ստացվում է, որ լիցենզիայում անվանափոխություն է եղել, սակայն նշված թույլտվությունը դեռևս հին անվանմամբ է։
Ներկայացված գործընթացի մասով ընկերության ղեկավարը դիմել է վարչապետին։ Նաև ներկայացրել է ևս երկու մրցույթներում իր նկատած խախտումները։ Առաջինը՝ ԵՊԿ-ԳՀԾՁԲ-20/01 մրցույթում «Պահապան1» ՍՊԸ-ի առաջարկած 88․000.000.դրամը բանակցությունների արդյունքով նվազեցվում է՝ 60․000.000 դրամով, ճանաչվում է հաղթող, սակայն պայմանագրիը կնքվում է ավելի բարձր գումարով։ Երկրորդը՝ ԲԻ-ԳՀԾՁԲ-19/05 մրցույթում տեխնիկական բնութագրով պահանջ է եղել՝ զենքը և փամփուշտները պահելու և օգտագործելու համապատասխան թույլտվություն: Տվյալ թույտվությունն ունենալու փաստը, գնումների համակարգողի պնդմամբ, առկա է եղել, սակայն Պետրոսյանը համոզված է, որ «Պահապան1» ՍՊԸ-ն նման թույտվություն չունի:
Այժմ Պետրոսյանի գրությունն ուղարկվել է Պետական վերահսկողական ծառայություն, այն քննության փուլում է։
Ըստ Պետական ռեգիստրի տվյալների՝ «Պահապան1» ՍՊԸ-ն գրանցվել է 2019 թվականի օգոստոսի 21-ին, սակայն ՀՀ Ոստիկանության գրությունում նշված էր, որ ընկերությունն իր պահնորդական գործունեության լիցենզիան ստացել է 2016 թվականի փետրվարի 6-ին։ Պետական ռեսգիստրում նշված է, որ ընկերության հիմնադիրը Աննա Կոտիկին Վանեցյանն է։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ ՀՀ-ում կա միայն մեկ Աննա Կոտիկի Վանեցյան, որը գրանցված է Ավան Առինջ, 2 մկրշ․ 3/3 36 հասցեում։ Պարզվում է, որ Աննա Վանեցյանը այն նույն անձն է, որին հագուստի և պարագաների արտադրությամբ զբաղվող «Պահապան» ՍՊ ընկերության տնօրեն Վիկտորյա Մելիք-Սարգսյանը 2019 թվականի փետրվարի 5-ին լիազորել է ստորագրել «ՀՀ ԱԱԾ-ՏՆՏՎ-ԷԱՃ-1/19-ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ԵՎ ԿՈՇԿԵՂԵՆ» ծածկագրով Էլեկտրոնային աճուրդի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ իր էլեկտրոնային ստորագրությամբ։ Դեռևս 2014 թվականին «Հետք» պարբերականը գրել էր, որ վերոնշյալ «Պահապան» ՍՊԸ-ի տնօրեն Վիկտորյա Մելիք-Սարգսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր (մինչ 2017թ․) Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրն է։ Ստացվում է, որ պահնորդական գործունեությամբ զբաղվող «Պահապան1» ՍՊԸ-ի հիմնադիր Աննա Վանեցյանը փոխկապակցված է հագուստի և պարագաների արտադրությամբ զբաղվող «Պահապան» ՍՊ ընկերության տնօրեն Վիկտորյա Մելիք-Սարգսյանի հետ։ Ընկերությունների մասին անհրաժեշտ տեղեկությունները և նշված լիազորագիրը՝ ստորև։
Հագուստի և պարագաների արտադրությամբ զբաղվող «Պահապան» ՍՊԸ-ն 2020 թվականի ապրիլի 23-ին 2 տարի ժամկետով ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Սակայն, ընկերությունը 2020 թվականի ապրիլի 29-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերոնշյալ որոշումը անվավեր ճանաչելու պահանջով։ 16.05.2020թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.05.2020թ. թիվ ԵԴ/12901/02/20 որոշման հիման վրա հանվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկից՝ մինչև տվյալ գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Նշենք նաև, որ ԲԷՑ-ի հրապարակած պայմանագրին կցված չէ «Պահապան1» ընկերության ներկայացրած բանկային երաշխիքը։ Այն պետք է ներկայացվեր՝ ըստ ՀՀ կառավարության 526-Ն որոշման 7-րդ մասի 32-րդ հոդվածի «գ» ենթակետի, քանի որ պայմանագրի արժեքը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը՝ 10 մլն դրամը։ 2020 թվականի օգոստոսի 10-ին հարցումով դիմել էինք ԲԷՑ, որպեսզի տրամադրեն վերոնշյալ ընկերության ներկայացրած բանկային երաշխիքը։ Սակայն ԲԷՑ ՓԲԸ-ն այն չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ հարցումով պահանջվող փաստաթուղթը բանկային գաղտնիք է։ Սակայն հարկ է նշել, որ և՛ ARMEPS համակարգում, և՛ Tender Monitoring հարթակում կան պայմանագրեր, որոնց կցված են հաղթող ընկերությունների ներկայացրած բանկային երաշխիքները։
Արփի Ավետիսյան
comment.count (0)