ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցումը |armenpress.am|

ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցումը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ին կայացած նիստին որոշում ընդունեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել: Մեկ թեկնածուի դեպքում ինքնաբացարկի դիմումը մերժվեց:  Ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աղունիկ Հակոբյան: ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումը ճանաչել ուժը կորցրած: Նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արտյոմ Պողոսյանը, Գագիկ Տոնականյանը ևս ներկայացրել էին ինքնաբացարկի դիմում: Նրանց պարագայում ևս ԿԸՀ-ն ընդունեց դիմումը և գրանցումը ճանաչեց ուժը կորցրած: Ինքնաբացարկ ներկայացրած հաջորդ թեկնածուն Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միքայել Միքայելյանն էր: Քննարկելով դիմումը՝ ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչել: Ինքնաբացարկի հաջորդ երկու դիմումը «Միասնական Հայրենիք» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից էին: Պատգամավորի թեկնածուներ Շուշան Ավետիսյանի և Արմինե Օհանյանի գրանցումներն ուժը կորցրած ճանաչվեցին: Ինքնաբացարկի դիմում է ստացվել էր նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհար Ազատյանից: Դիմումը նոտարական վավերացում չուներ, իսկ նման դեպքում դիմումատուն պետք է ներկա գտնվի նիստին: Քանի որ նա ներկա չէր, ԿԸՀ-ն որոշմամբ նրա դիմումը մերժվեց:
13:07 - 08 հունիսի, 2021
«Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները չեն հանվի․ դատարանը բավարարեց Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման

«Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները չեն հանվի․ դատարանը բավարարեց Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման

Վարչական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի՝ «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։ «Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են... Հետևապես, ըստ դատարանի որոշման, Քոչարյանի դեմքով էապես ավելի շատ 5 քմ-ից մեծ պաստառներ կլինեն, քան մյուս կուսակցությունների (առաջին համարների):Նշեմ, որ ԿԸՀ-ն իրոք մարդավարի չէր հիմնավորել, որ այդ պաստառները ասոցացվում են Ռոբերտ Քոչարյանի հետ: ԿԸՀ-ում, որոշման մեջ, նույնիսկ չէին գրել, որ դրա վրա Ռոբերտ Քոչարյանի դեմքն է պատկերված (!)... ԿԸՀ-ն դա չի նշել նաև իր առարկություններում ու նույնիսկ չի ներկայացելբդատական նիստին, որ դա բանավոր ասի: Ու թեև ԿԸՀ-ն իր մասով, մտածված կամ չմտածված, ամեն ինչ արել է, որ իր իսկ որոշումը անվավեր ճանաչվի, դատարանը չէր կարող այդ աստիճանի անհավասար մրցապայքար ստեղծող որոշում կայացներ: Հավելեմ, որ օրենքի բացը, որի մասին նշել է դատարանը, չէր վրիպել նաև քաղհասարակության աչքից և մենք առաջարկել էինք օրենքում փոխել ձևակերպումները: Ու թեև այդ առաջարկը  օրհնվեց Վենետիկի հանձնաժողովում, այն հանվեց «Իմ քայլի» կողմից՝ «չենք կարծում, որ կարիքը կա» հիմնավորմամբ:Ապրե՜ն տակից ոմանց լավություն անող ԿԸՀ-ն, անհավասար մրցակցություն ապահովող վարչական դատարանը և, իհարկե, բոլոր բարեփոխումները տապալած «Իմ քայլի» որոշ ներկայացուցիչներ: «Անկախ դիտորդը» շարունակում է Վարչական դատարանում ընտրական գործերի քննության մշտադիտարկումը»,- գրել է Իոաննիսյանը։
10:00 - 07 հունիսի, 2021
Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ |armenpress.am|

Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար միայն քվեաթերթիկների տպագրությանը կուղղվի 460 մլն դրամ: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ընտրություններին մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությանը՝ Մուկուչյանը նշեց, որ 26 քաղաքական ուժերի մասնակցության պարագայում մոտավորապես 70 մլն-ի կարգի քվեաթերթիկ է տպագրվելու, իսկ դա նշանակում է տպագրում, տեղափոխում՝ տարածքային ընտրական հանձնաժողովներ, այնուհետև՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ: «Ինքնին նշված ծավալները ենթադրում են առանձին ծանրաբեռնվածության աճ, որը պետք է իրականացվի: 460 միլիոնի շրջանակներում գումար է ծախսվելու միայն քվեաթերթիկների տպագրություն իրականացնելու համար»,-ասաց ԿԸՀ նախագահը:
16:46 - 04 հունիսի, 2021
ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներից ստացել է ինքնաբացարկի դիմումներ  |armenpress.am|

ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներից ստացել է ինքնաբացարկի դիմումներ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրապայքարին մասնակցող եզակի թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ է ստացել: Ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ինքնաբացարկի դիմումները կարող են ներկայացվել քվեարկությունից 10 օր առաջ: Ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, այնպես էլ առանձին թեկնածուներն իրավունք ունենք մինչև հունիսի 10-ը ներկայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ: Առանձին թեկնածուների հետ կապված կան ստացված ինքնաբացարկի եզակի դիմումներ՝ տարբեր ուժերից»,-ասաց Մուկուչյանն ու հավելեց, եթե չի սխալվում, այդպիսի դիմումների թիվը  2-3 է: Առաջիկա օրերին ԿԸՀ-ն նիստ կունենա և այդ դիմումներով որոշումներ կկայացնի:  ԿԸՀ-ն քարոզարշավի մեկնարկին հանդես կգա համապատասխան կոչով՝ ուղղված բոլոր թեկնածուներին: «Մենք խիստ կարևորում ենք, որ քարոզարշավի ժամանակ պահպանվեն Ընտրական օրենսգրքի բոլոր կանոնակարգումները՝ բոլոր սուբյեկտների կողմից: Իհարկե, հետևելու ենք ամբողջ քարոզարշավի ընթացքում և ցանկացած օրենքի խախտում հայտնաբերելու պարագայում արձագանքումը լինելու է շատ արագ, օպերատիվ և ԸՕ-ի պահանջներին լիարժեք համապատասխան»,-ասաց Մուկուչյանը:
16:33 - 04 հունիսի, 2021
Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 26 կուսակցությունների և ընտրական դաշինքների ցուցակները։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է 10 քաղաքական ուժերի ցուցակներն ու առանձնացրել որոշ փաստեր, օրինակ, ցուցակներում ընդգրկվածներից քանիսն են գործազուրկ, քանիսը՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և պետական այլ ծառայող, քանիսը՝ գործարար ոլորտից։ Ի դեպ, առաջիկա ընտրություններին պատգամավորական աթոռներին հավակնող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջին համարը՝ Խաչիկ Ասրյանը, ինչպես նաև թեկնածուների 86 տոկոսը մշտական աշխատանք չունի։  «Հայաստան» դաշինքում 156 թեկնածուներից պետական ծառայողները 11-ն են, մեծամասնությունը՝ համայնքապետեր, օրինակ՝ Գորիսի, Սիսիանի և այլն։ Գործարարները 22-ն են, իսկ գործազուրկները՝ 24։ Ցուցակի առաջին համարը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ցուցակի, հանդիսանում է «Սիստեմա ԲՖԿ» անկախ տնօրենը։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ցուցակում 50-րդ համարն է, նա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետերն է։ Այս դաշինքին միացած համայնքապետերից առաջին քսանյակում է գտնվում Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, նրան հաջորդում է «Անրիվա տուր» ՍՊԸ-ի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը, իսկ 20-րդ համարում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանն է։ Ցուցակի 22-րդ համարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Թոխմախի Մհեր» մականվամբ հայտնի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն է, ըստ ներկայացրած հայտի՝ նա շինարարության ոլորտում հայտնի «Դռագսման» ՍՊԸ-ի բաժնետերն է։ Ի դեպ, այս դաշինքի ցանկում քիչ չեն շինարարության ոլորտում մասնագիտացված  ընկերությունների այլ ներկայացուցիչներ։ Ցուցակի 44-րդ համարն է «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» հիմնադիրներից Դավիթ Սահակյանցը, նրան հաջորդում է «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը։ Ցուցակի 71-րդ համարը «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ի տնօրեն Տարիել Բարսեղյանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանի հայրը։ Տիգրան Բարսեղյանը 2017-ից հետո այս ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է, իսկ ՊԵԿ-ում աշխատանքը թողել է 2016-ին։ Ընկերությունը զբաղվում է ձկնաբուծությամբ։ 79-րդ համարը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանն է։  «Պատիվ ունեմ»-ի 230-հոգանոց ցուցակում գործարար ոլորտից է 25 թեկնածու։ Ցուցակն ունի ամենաշատ թեկնածուներն այս 10-ը ուժերից՝ 230 անձ։ Գործազուրկների ընդհանուր թիվը «Պատիվ ունեն»-ում 83 է։ Ցուցակում կա մեկ պատգամավոր՝ «Իմ քայլից» դուրս եկած Թագուհի Թովմասյանը, որը 6-րդ համարն է, ընդհանուր պետական ծառայողները 14-ն են։  21-րդ համարը 25-ամյա Ստանիսլավ Համբարձումյանն է՝ «Էս էռ հոթել» ընկերության տնօրենը։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, հանրության շրջանում «Դերժավայի Արկադի» մականմամբ հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի որդին է։ Ցուցակի 18-րդ համարը ԴԱՀԿ նախկին պետ Միհրամ Պողոսյանն է, որը, ըստ լրացված տվյալների, չի աշխատում, նույն կարգավիճակում է նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը ցուցակում 17-րդն է։ Ցուցակի 26-րդ համարում է Մասիսի քաղաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ցուցակի վերջում կան ներկայացուցիչներ նաև Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ից, օրինակ ընկերության տնօրենը՝ Ալբերտ Սիմոնյանը 159-րդ համարն է։ 106-րդ համարում է «Ավշարի գինու գործարանի» գործադիր տնօրեն Սարգիս Միրզոյանը։  «Քաղաքացիական պայմանագրի» 161-հոգանոց ցուցակում 7-րդ գումարման Ազգային ժողովի 60 պատգամավոր կա, ինչպես նաև պետական 71 ծառայող։ Այսինքն՝ ցուցակի գերակշիռ մասը հանրային ծառայողներ են։ Ցուցակում 15 թեկնածու գործազուրկ է, 4-ը՝ գործարար դաշտից։ Այստեղ են նաև մարզպետներ ու համայնքապետեր։ Համապետական ցուցակի 1-ին մասի ամենավերջին՝ 157-րդ տեղում պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, իսկ 156-ում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Գործարար Խաչատուր Սուքիասյանը ներկայացվում է որպես «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական, 92-րդ հորիզոնականում է «Անի տուր» ՍՊԸ փոխտնօրեն Դավիթ Առուշանյանը։  «Լուսավոր Հայաստանի» 107-հոգանոց ցուցակում աշխատանք չունի 20 թեկնածու, 13-ը 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր է, իսկ 7-ը՝ պետական այլ ծառայող։ Ընդհանուր առմամբ այս ցուցակում գործարար ոլորտից կա առնվազն 20 անձ։ Ցուցակի 2-րդ համարը՝ Արտյոմ Գեղամյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատուն է։ Ցուցակի 6-րդ համարը «Կառա և Կարեն» ՍՊԸ տնօրեն Կարինե Ղուկասյանն է, իսկ 11-րդը՝ «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն Գուրգեն Բարսեղյանը։ Ցուցակում 107-րդ համարը «Սիլ Ինշուրանս»-ի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է՝ Իգոր Ավակյանը։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 96-հոգանոց ցուցակում գործարար ոլորտի ներկայացուցիչները 18-ն են՝ չհաշված գործարար-պատգամավորներին։ Թեկնածուներից 35-ը որևէ տեղ չի աշխատում։ Պետական ծառայողները 21-ն են։ Այս ցուցակում տեսնում ենք նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ»-ի ներկայացուցիչներին։ Ցուցակի 51 համարը ՀԷՑ-ի տեսուչ է։ «Հայ ազգային կոնգրեսի» 104-հոգանոց ցուցակում 35 անձ գործազուրկ է, 13-ը՝ գործարար ոլորտից, մեկ թեկնածու՝ պետական ծառայող։ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չկան։  ՀԱԿ-ի առաջին կին թեկնածուն Ինեսսա Գաբայանն է՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավարը, նա «Միեզերք» ՍՊԸ-ի տնօրենն է ներկայում։ Ցուցակի 4-րդ համարը «Հայք» լիբերալ կուսակցությունից Հայկ Մաղաքելյանն է, որը հանդիսանում է ՄԳԳ ՍՊԸ հիմնադիրը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:31 - 04 հունիսի, 2021
Եթե անձը ունի միայն մեկ՝ վավերականության ժամկետը լրացած անձնագիր, դրանով կարող է մասնակցել քվեարկությանը

Եթե անձը ունի միայն մեկ՝ վավերականության ժամկետը լրացած անձնագիր, դրանով կարող է մասնակցել քվեարկությանը

Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորումում առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած, անձը հաստատող փաստաթուղթ: Այսինքն, եթե անձը ունի միայն մեկ անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացել է, այդ փաստաթղթով կարող է մասնակցել քվեարկությանը: Եթե անձը ունի վավերականության ժամկետը լրացած անձնագիր, ինչպես նաև նույնականացման քարտ և (կամ) բիոմետրիկ անձնագիր, ժամկետը լրացած անձնագրով չի կարողանալու մասնակցել քվեարկությանը: Եթե անձը ունի երեք վավերական փաստաթուղթ՝ հին նմուշի և բիոմետրիկ անձնագրեր, ինչպես նաև նույնականացման քարտ, դրանցից ցանկացածով կարող է մասնակցել քվեարկությանը:
11:33 - 03 հունիսի, 2021
Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

2021 թվականի մայիսի 31-ից հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: Այս մասին հայտնեցին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ցուցակները փակցված են ընտրական  տեղամասերում:  Դրանք տեղադրվել են նաև ԿԸՀ www.elections.am պաշտոնական կայքում՝ որոնման հնարավորությամբ: Ցուցակները հրապարակված են  ՀՀ ոստիկանության www.police.am  կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: «Կոչ ենք անում բոլոր ընտրողներին ծանոթանալ ընտրողների ցուցակներին, ստուգել իրենց տվյալներն ընտրողների ցուցակներում, նախապես տեղեկանալ իրենց ընտրական տեղամասի համարին և տեղամասի գտնվելու վայրին: Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թ. հունիսի 10-ը դրանք վերացնելու համար դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:09 - 02 հունիսի, 2021
Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|

Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան |hetq.am|

hetq.am: ՀՀ երկրորդ նախագահ, հունիսի 20-ի ԱԺ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ երեկ՝ հունիսի 1-ին, դատական հայց է ներկայացրել վարչական դատարան: Քոչարյանը պահանջում է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի 2021թ. մայիսի 21-ի՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին որոշումը։ Նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու, ԿԸՀ-ն գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ:  Հիմք ընդունելով այդ հանգամանքը, ԿԸՀ-ն որոշել էր քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պատկերող պաստառները ճանաչել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։  
11:47 - 02 հունիսի, 2021
Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Հունիսի 7-ին կմեկնարկի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ։ Այս ժամանակահատվածում ընտրությունների մասնակից ուժերի համար կստեղծվեն հնարավորինս հավասար պայմաններ քարոզչություն իրականացնելու համար։ Սակայն այս օրերին իրենց համակիրների հետ հանդիպում են անցկացրել և քարոզչություն են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային-Ժողովրդավարակ Բևեռ» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքը։ Այս հանդիպումները երբեմն մեկնաբանվում են օրենքի խախտման կոնտեքստում՝ նկատի ունենալով, որ մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն իրականացնելը օրենքի խախտում է։  Հայաստանում ընտրություններն անցկացվում են համաձայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի։ Օրենսգիրքի 19-րդ հոդվածը սահմանում է նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, համաձայն որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները: Այսինքն՝ քարոզարշավի համար ֆիքսված ժամանակահատվածը նախատեսված է քարոզչությունը հավասար պայմաններում և հավասար ռեսուրսներով իրականացնելու համար, որպեսզի այն կուսակցությունները, որոնք այլ կուսակցությունների համեմատ ավելի քիչ ռեսուրսներ ունեն, կարողանան իրենց ծրագրերը ներկայացնել ընտրողներին։ ՀՀ ընտրական օրենսգրքի նույն՝ 19-րդ հոդվածը սահմանում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Հետևաբար մինչև օրենսգրքով սահմանված քարոզարշավի մեկնարկը իրականացված քարոզչությունը չի համարվում օրենքի խախտում, քանի որ այդ մասով որևէ բան նախատեսված չէ։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կուսակցությունների ընտրական գործընթացում գրանցվելու վերջին օրվանից սկսած 7-րդ օրն է, ավարտվում է քվեարկության օրվանից մեկ օր առաջ։ Պաշտոն զբաղեցնող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները Այնուամենայնիվ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները քարոզչություն իրականացնելիս սահմանափակված են օրենքով։ Համաձայն օրենսգրքի 23-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձանց արգելվում է պաշտոնեական լիազորությունները ծառայեցնել քարոզարշավ իրականացնելիս։  Այսինքն՝ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են քարոզարշավն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին և օրերին, ինչպես նաև չեն կարող օգտվել նրանց հատկացված ծառայողական տրանսպորտային միջոցներից։ Վերջինի դեպքում բացառություն են հատուկ պետական պաշտպանության տակ գտնվող անձինք՝ այդ թվում նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը, որոնք կարող են քարոզչություն իրականացնելիս օգտվել ծառայողական մեքենայից։ Ամփոփելով՝ ևս մեկ անգամ նշենք, որ նախընտրական քարոզարշավի համար հատկացվող ժամանակահատվածը նախատեսված է բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Այն չի սահմանափակում մինչև քարոզարշավն իրականացվող քարոզչությունը, հետևաբար մինչև քարոզարշավի մեկնարկը կուսակցություններն ու թեկնածուներն ազատ են անհավասար պայմաններում իրականացնել քարոզչություն։ Նարեկ Մարտիրոսյան
17:56 - 31 մայիսի, 2021
Ինչ պետք է անի ՀՀ-ում հաշվառում չունեցող անձը ընտրություններին մասնակցելու համար. պարզաբանում է ԿԸՀ-ն

Ինչ պետք է անի ՀՀ-ում հաշվառում չունեցող անձը ընտրություններին մասնակցելու համար. պարզաբանում է ԿԸՀ-ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, թե ինչ քայլ պետք է անի ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: «Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով. մինչև 10.06.2021թ. կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում լիոզորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:57 - 29 մայիսի, 2021
ԿԸՀ-ն շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերի տվեց 48 ժամ փաստաթղթերը լրացնելու համար |armenpress.am|

ԿԸՀ-ն շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերի տվեց 48 ժամ փաստաթղթերը լրացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 29-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով 20 հարց: Oրակարգի հարցերի զգալի մեծամասնությունը վերաբերում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացված փաստաթղերում առկա բացթողումներին: ԿԸՀ-ն նիստում որոշում կայացվեց «Ազատ Հայրենիք կուսակցությունների դաշինք», «Պատիվ ունեմ դաշինք»,  «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Արդար Հայաստան» կուսակցություն,  Հանրապետություն կուսակցություն, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան կուսակցություն, « Հայոց Հայրենիք» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն,  «Միասնական Հայրենիք» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն, «Հայ ազգային կոնկրես» կուսակցություն,  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, Զարթոնք ազգային քրիստոենական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն քաղաքական ուժերին տրամադրել 48 ժամ ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Փաստաթղթերում բացթողումները առնչվում էին որոշ թեկնածուների վերջին 4 տարին ՀՀ քաղաքացի լինելու, ՀՀ-ում վերջին 4 տարին մշտապես բնակվելու տեղականքին, հայերենին տիրապետելու մասին հանգամանքը փաստող փաստաթղթերին: «Ազատություն» կուսակցության դեպքում, բացի նշված բացթողումներից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու մասին դիմումին կից ներկայացված նախընտրական ցուցակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 83 հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջն առ այն, որ ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը, պահպանված չէ: «Հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է կուսակցությանը տրամադրել 48 ժամ ժամանակ նշված թերությունները վերացնելու համար, եթե վերը նշված թերությունները տեխնիկական վրիպման արդյունք են: Ինչի վերաբերյալ պետք է ներկայացվեն պատշաճ հիմնավորումներ այն մասին, որ դրանք բացառապես տեխնիկական են: Դրանք կդիտարվեն հանձնաժողովի կողմից կուսակցության վերաբերյալ հարցը քննարկելիս»,-ասաց Տիգրան Մուկուչյանը: Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր թվից 92 հոգի է ընդգրված ցուցակում, որից 48-ի դեպքում նշված է անկուսակցական, իսկ 14-ի դեպքում որևէ բան նշված չէ: ԿԸՀ-ն, տրամարդրելով 48 ժամ, կուսակցությանն առաջարկում է կատարել համապատասխան ուղղում, եթե դա վրիպակ է և ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր: 
12:52 - 29 մայիսի, 2021
Ինչ պետք է անի քաղաքացին, եթե ցանկանում է քվեարկել ոչ այն համայնքում, որտեղ գրանցված է

Ինչ պետք է անի քաղաքացին, եթե ցանկանում է քվեարկել ոչ այն համայնքում, որտեղ գրանցված է

Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, մինչև 10․06․2021թ. կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի տեղամասի ընտրողների ցուցակում: Դիմողին այդ մասին տրամադրվում է համապատասխան տեղեկանք: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:
13:24 - 28 մայիսի, 2021