civilnet.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 26 կուսակցությունների և ընտրական դաշինքների ցուցակները։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է 10 քաղաքական ուժերի ցուցակներն ու առանձնացրել որոշ փաստեր, օրինակ, ցուցակներում ընդգրկվածներից քանիսն են գործազուրկ, քանիսը՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և պետական այլ ծառայող, քանիսը՝ գործարար ոլորտից։ Ի դեպ, առաջիկա ընտրություններին պատգամավորական աթոռներին հավակնող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջին համարը՝ Խաչիկ Ասրյանը, ինչպես նաև թեկնածուների 86 տոկոսը մշտական աշխատանք չունի։
«Հայաստան» դաշինքում 156 թեկնածուներից պետական ծառայողները 11-ն են, մեծամասնությունը՝ համայնքապետեր, օրինակ՝ Գորիսի, Սիսիանի և այլն։ Գործարարները 22-ն են, իսկ գործազուրկները՝ 24։
Ցուցակի առաջին համարը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ցուցակի, հանդիսանում է «Սիստեմա ԲՖԿ» անկախ տնօրենը։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ցուցակում 50-րդ համարն է, նա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետերն է։ Այս դաշինքին միացած համայնքապետերից առաջին քսանյակում է գտնվում Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, նրան հաջորդում է «Անրիվա տուր» ՍՊԸ-ի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը, իսկ 20-րդ համարում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանն է։
Ցուցակի 22-րդ համարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Թոխմախի Մհեր» մականվամբ հայտնի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն է, ըստ ներկայացրած հայտի՝ նա շինարարության ոլորտում հայտնի «Դռագսման» ՍՊԸ-ի բաժնետերն է։ Ի դեպ, այս դաշինքի ցանկում քիչ չեն շինարարության ոլորտում մասնագիտացված ընկերությունների այլ ներկայացուցիչներ։ Ցուցակի 44-րդ համարն է «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» հիմնադիրներից Դավիթ Սահակյանցը, նրան հաջորդում է «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը։
Ցուցակի 71-րդ համարը «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ի տնօրեն Տարիել Բարսեղյանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանի հայրը։ Տիգրան Բարսեղյանը 2017-ից հետո այս ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է, իսկ ՊԵԿ-ում աշխատանքը թողել է 2016-ին։ Ընկերությունը զբաղվում է ձկնաբուծությամբ։ 79-րդ համարը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանն է։
«Պատիվ ունեմ»-ի 230-հոգանոց ցուցակում գործարար ոլորտից է 25 թեկնածու։ Ցուցակն ունի ամենաշատ թեկնածուներն այս 10-ը ուժերից՝ 230 անձ։ Գործազուրկների ընդհանուր թիվը «Պատիվ ունեն»-ում 83 է։ Ցուցակում կա մեկ պատգամավոր՝ «Իմ քայլից» դուրս եկած Թագուհի Թովմասյանը, որը 6-րդ համարն է, ընդհանուր պետական ծառայողները 14-ն են։
21-րդ համարը 25-ամյա Ստանիսլավ Համբարձումյանն է՝ «Էս էռ հոթել» ընկերության տնօրենը։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, հանրության շրջանում «Դերժավայի Արկադի» մականմամբ հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի որդին է։ Ցուցակի 18-րդ համարը ԴԱՀԿ նախկին պետ Միհրամ Պողոսյանն է, որը, ըստ լրացված տվյալների, չի աշխատում, նույն կարգավիճակում է նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը ցուցակում 17-րդն է։ Ցուցակի 26-րդ համարում է Մասիսի քաղաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ցուցակի վերջում կան ներկայացուցիչներ նաև Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ից, օրինակ ընկերության տնօրենը՝ Ալբերտ Սիմոնյանը 159-րդ համարն է։ 106-րդ համարում է «Ավշարի գինու գործարանի» գործադիր տնօրեն Սարգիս Միրզոյանը։
«Քաղաքացիական պայմանագրի» 161-հոգանոց ցուցակում 7-րդ գումարման Ազգային ժողովի 60 պատգամավոր կա, ինչպես նաև պետական 71 ծառայող։ Այսինքն՝ ցուցակի գերակշիռ մասը հանրային ծառայողներ են։ Ցուցակում 15 թեկնածու գործազուրկ է, 4-ը՝ գործարար դաշտից։
Այստեղ են նաև մարզպետներ ու համայնքապետեր։ Համապետական ցուցակի 1-ին մասի ամենավերջին՝ 157-րդ տեղում պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, իսկ 156-ում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Գործարար Խաչատուր Սուքիասյանը ներկայացվում է որպես «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական, 92-րդ հորիզոնականում է «Անի տուր» ՍՊԸ փոխտնօրեն Դավիթ Առուշանյանը։
«Լուսավոր Հայաստանի» 107-հոգանոց ցուցակում աշխատանք չունի 20 թեկնածու, 13-ը 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր է, իսկ 7-ը՝ պետական այլ ծառայող։ Ընդհանուր առմամբ այս ցուցակում գործարար ոլորտից կա առնվազն 20 անձ։
Ցուցակի 2-րդ համարը՝ Արտյոմ Գեղամյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատուն է։ Ցուցակի 6-րդ համարը «Կառա և Կարեն» ՍՊԸ տնօրեն Կարինե Ղուկասյանն է, իսկ 11-րդը՝ «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն Գուրգեն Բարսեղյանը։ Ցուցակում 107-րդ համարը «Սիլ Ինշուրանս»-ի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է՝ Իգոր Ավակյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 96-հոգանոց ցուցակում գործարար ոլորտի ներկայացուցիչները 18-ն են՝ չհաշված գործարար-պատգամավորներին։ Թեկնածուներից 35-ը որևէ տեղ չի աշխատում։ Պետական ծառայողները 21-ն են։
Այս ցուցակում տեսնում ենք նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ»-ի ներկայացուցիչներին։ Ցուցակի 51 համարը ՀԷՑ-ի տեսուչ է։
«Հայ ազգային կոնգրեսի» 104-հոգանոց ցուցակում 35 անձ գործազուրկ է, 13-ը՝ գործարար ոլորտից, մեկ թեկնածու՝ պետական ծառայող։ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չկան։
ՀԱԿ-ի առաջին կին թեկնածուն Ինեսսա Գաբայանն է՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավարը, նա «Միեզերք» ՍՊԸ-ի տնօրենն է ներկայում։ Ցուցակի 4-րդ համարը «Հայք» լիբերալ կուսակցությունից Հայկ Մաղաքելյանն է, որը հանդիսանում է ՄԳԳ ՍՊԸ հիմնադիրը։
Շարունակությունը՝ civilnet.am-ում
comment.count (0)