Հայոց ցեղասպանություն

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից: ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, Ֆրանսիայի պատգամավոր Սոֆի Մետը, Կատալոնիայի պատգամավոր Աուրորա Մադաուլան, Կամերունի պատգամավոր Ջոշուա Օսիհը, ՖԽՎ գլխավոր վարչական քարտուղար Էմանուել Մորին ու ՖԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի խորհրդական Ֆատմիր Լեչին մայիսի 11-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանի, պատվիրակության անդամներ Արման Եղոյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:
13:22 - 11 մայիսի, 2021
Բայդենի քայլը հարյուր տոկոսով դրական է, նրա ուղերձը հաղորդագրություն էր, որ Թուրքիան հանցագործ պետություն է․ Վահրամ Այվազյան

Բայդենի քայլը հարյուր տոկոսով դրական է, նրա ուղերձը հաղորդագրություն էր, որ Թուրքիան հանցագործ պետություն է․ Վահրամ Այվազյան

Այս տարի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Սա սպասված հայտարարություն էր, որը, կարելի է ասել, նաեւ միջազգային աղմուկ առաջացրեց։ «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք այն բոլոր կյանքերը, որոն«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքոք կորսվեցին Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ եւ վերստին պարտավորվում ենք կանխել նման վայրագության կրկնությունը: Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության եւ համայնքի ղեկավարների՝ 1915 թ.-ի ապրիլի 24-ի ձերբակալությունից հետո մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան դատապարտվեցին: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որ տեղի ունեցածի սարսափները երբեք չկորսվեն պատմության մեջ: Եվ մենք հիշում ենք, որ միշտ զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցության դեմ»,- ասաց Բայդենն իր ուղերձում։ Այս հայտարարությունից հետո հայաստանյան տարբեր հարթակներում սկսվեցին քննարկումներ Բայդենի քայլի, ինչպես նաեւ դրանից բխող զարգացումների մասին։ Շատերը նշեցին, թե Բայդենն ԱՄՆ միակ նախագահը չէ, որ օգտագործել է ցեղասպանություն տերմինը, սակայն իրականում նա առաջինն է ԱՄՆ նախագահներից, որ այս եզրույթը կիրառել է հենց ապրիլի 24-ին եւ հենց Հայոց ցեղասպանության կոնտեքստում։  Հայերի կոտորածը ցեղասպանություն եզրույթով առաջին անգամ բնութագրել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը՝ 1981 թվականի ապրիլի 22-ին՝ սակայն Կամբոջական ցեղասպանության մասին իր ելույթի ժամանակ․ «Ինչպես դրան նախորդած հայերի Ցեղասպանությունը, այնպես էլ՝ կամբոջական Ցեղասպանությունը, եւ ինչպես շատ այլ նման հալածանքներ շատ այլ ժողովուրդների նկատմամբ, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»,- մասնավորապես նշել է նա: Ռեյգանից հետո Ջորջ Բուշը Ցեղասպանությունն անվանեց ջարդեր, 1994 թվականին Բիլ Քլինթոնը եւս տեղի ունեցածն անվանեց ջարդեր եւ «1915-ի բռնություն», իսկ 1995-2000 թվակաների իր ուղերձներում՝ կոտորած եւ տեղահանում։  Ջորջ Բուշ կրտսերը 2001-ին կիրառեց «հայերի բռնի աքսոր եւ ոչնչացում» ձեւակերպումը, 2002-ին՝ «հայերի կոտորած» արտահայտությունը, 2003-2008 թվականներին Բուշը հիմնականում օգտագործել է ՝«զանգվածային սպանություններ եւ բռնի աքսոր» արտահայտությունը։  2009 թվականի ապրիլի 24-ին Բարակ Օբաման ԱՄՆ նախագահների մեջ առաջին անգամ օգտագործեց «Մեծ Եղեռն» տերմինը։ Դրան հաջորդող բոլոր տարիներին (մինչեւ 2016 թվականը) Օբաման իր ցավակցական ուղերձներում հենց այս կապակցությունը կիրառեց։ 2016-2020 թվականերին նախագահած Դոնալդ Թրամփը նույնպես կիրառեց միայն «Մեծ Եղեռն» տերմինը։ ԱՄՆ այժմյան նախագահ Բայդենի քայլը ամենատարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ նաեւ Հայաստանում։ Ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ հղեց Ջո Բայդենին՝ նշելով, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների եւ արժեքների առաջնայնությունը։  Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բայդենի ուղերձում Ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային համարեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար: Infocom.am-ն այս թեմայով հանրությանը հուզող հարցերի շուրջ զրուցել է «Ցանցային պետություն» նախաձեռնության հիմնադիր, ցեղասպանագետ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռի թիմակից Վահրամ Այվազյանի հետ։ Այվազյանը Բայդենի քայլն իսկապես պատմական է համարում՝ շեշտելով, որ նա ԱՄՆ առաջին նախագահն է, ով հենց ապրիլի 24-ին ասաց «Հայոց Ցեղասպանություն» տերմինը՝ այդպիսով ճանաչելով այն։ Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Բայդենն առաջինը չէ, քանզի Ռեյգանն ավելի վաղ կիրառել էր եզրույթը, մեր զրուցակիցը նկատեց՝ Ռեյգանի հայտրարությունը այլ կոնտեքստում է արվել՝ Հոլոքոստ, Հայոց Ցեղասպանություն եւ այլն։ «Կարեւորն այն է, որ Բայդենն առաջինն է, որը հենց ապրիլի 24-ին հստակ 2 անգամ օգտագործում է ցեղասպանություն բառը եւ աշխարհին ուղղված հաղորդագրություն է ուղարկում։ Սա քաղաքական գնահատական է՝ դեռ 2019 թվականին Կոնգրեսի եւ Սենատի ընդունած բանաձեւերից հետո։ Այո՛, Բայդենն առաջինն է։ Ամենակարեւորը ժամանակաշրջանն է, թե երբ է այն արտասանում, արտասանում է այն ժամանակ, երբ սրված են թուրք-ամերիկյան հարաբերությունները, եւ սա իրենց մահակներից մեկն էր Թուրքիայի դեմ, որը Բայդենը օգտագործեց։ Նշանակում է, որ ստրատեգիական որոշում է կայացվել ԱՄՆ-ում, որ պետք է ոչ միայն քաղաքական գնահատական տալ, այլ դիմել նաեւ այլ գործողությունների»,- ասաց մեր զրուցակիցը։ Ցեղասպանագետի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե այդ գործողությունները որոնք կլինեն, բայց ինչքան Թուրքիան հոխորտա, այնքան օգուտ կլնի Հայաստանին։ Այվազյանն ընդգծեց, որ ինչքան էլ տարբեր շրջանակներում քննարկվի այն հարցը, թե՝ «սա ո՞ւմ էր պետք, անիմաստ էր, այժմ թուրքերը կկատաղեն, կհարձակվեն», միեւնույնն է՝ պետք է հասկանալ, որ թուրքերը, եթե որոշեն Հայաստանը ոտնատակ տալ, իրենք չեն նայելու՝ Բայդենը ասաց «ցեղասպանություն», թե ոչ։  «Ներողություն եմ խնդրում այսպես արտահայտվելու համար, բայց կարծում եմ՝ մենք քաղաքականապես տհաս ենք, նկատի ունեմ նաեւ ինձ։ Մեր քաղաքական տհասությունը բերել է նրան, որ մենք կարծում ենք, թե պետությունները ինչ-որ մի բառի կամ կամ ինչ-որ վարքագծի հետեւանքով սկսում են քաղաքականություն վարել։ Նրանք ունեն իրենց հստակ քաղաքական գիծը եւ նման քայլերը չեն կարող հանգեցնել լուրջ քաղաքան երկրաշարժերի։ Ի դեպ՝ Բայդենի վարչակազմը հստակ ասել էր, որ պատրաստվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նույնիսկ դա էին հաշվարկել, որպեսզի թուրքերի համար շոկային չլինի, եւ հիմար, տխմար քայլերի չգնան։ Իսկ նման տխմար քայլերից մեկն էլ Ալիեւի պուրակի բացումն էր, դա տխմարության գագաթնակետն էր»,- ասաց ցեղասպանագետը։ Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն օգտագործել է իր ձեռքի մահակը եւ այն կարող է երկար պահել ձեռքում՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար։ Եթե Բայդենն արդեն օգատգործել է այդ բառը, նշանակում է, որ Թուրքիան սահմանն անցել է՝ ռուս-թուրքական մերձեցումը չափից ավելին է, քան թույլատրվում էր։ Անդրադառնալով պատմական իրադարձություններին՝ Այվազյանը նկատեց, որ 1923 թվականին՝ Քեմալական Թուրքիայի հաստատումից հետո, այն ակամայից հայտնվեց արեւմուտք-արեւելք շփման բուֆերի դերում, իսկ հիմա Էրդողանը որոշել է այդ դերից դուրս գալ եւ կայսերապաշտական նկրտումներ է ցուց տալիս՝ ցանկանալով բուֆերից վերածվել լուրջ խաղացողի։ Մեր զրուցակցի կարծիքով՝ որեւէ գերտերության, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, դա չի կարող դուր գալ, որովհետեւ գերտերությունը երբեք չի կարող թույլ տալ, որ իր քթի տակ, իր շահերի գոտում ստեղծվի մի անկառավարելի պետություն։ «Մյուս խնդիրը, որն արհամարհվում է Հայաստանում, այն է, որ Թուրքիայում ռուսները ատոմակայան են կառուցում, կա նաեւ Ս-400-ների խնդիրը։ Նրանք հասան այն մակարադակին, որ ԱՄՆ-ն որոշում կայացրեց, որ Թուրքիայի նկատմամբ պետք է վճռական քայլեր սկսվեն, հակառակ դեպքում Թուրքիան անկառավարելի է դառնում։ Ես հիմա հույս ունեմ, որ Միացյալ Նահանգները բավական վճռական շարունակելու է այս հակաթուրքական գիծը»,- ասաց Այվազյանը։ Խոսելով Մեծ Եղեռն տերմինի կարեւորության մասին, Այվազյանն ընդգծեց, որ դա կարող է դառնալ հստակ բնութագրող ցուցիչ, իսկ ցեղասպանությունը քաղաքաիրավական տերմին է։ Նրա խոսքով՝ երբ ասում ենք Հոլոքոստ, միանգամից պատկերացնում ենք հրեաների Ցեղասպանությունը, երբ ասենք Մեծ Եղեռն, աշխարհը միանգամից պետք է պատկերացնի Հայոց ցեղասպանությունը։ Այս առումով, ինչպես նկատեց Այվազյանը, ասելով Ցեղասպանություն՝ Բայդենը քաղաքական գնահատական է տալիս՝ դրանից բխող հետեւանքներով։ «Օրերս Կալիֆորնիայում ընդունեցին օրենք, որով Կալիֆորնիայից չեն կարող ներդրումներ անել Թուրքիայում։ Հույս ունեմ, որ այժմ Միացյալ Նահանգներում դատարանները կսկսեն ակտիվանալ, դա շատ կարեւոր է։ Այս ամենը մեր հասարակության համար շատ ուտոպիստական է թվում, ցավոք սրտի, 700 տարի պետականություն չունենալով՝ մեր ազգը կարծում է, որ ուժն է ծնում իրավունք, եւ իրավունք գոյություն չունի, բայց քաղաքական տխմարությունը մենք փորձել ենք թաքցնել այդ արտահայտության մեջ․ այո՛, ուժը կարեւոր է, բայց եթե մենք չենք օգտագործում մեր ունեցած իրավական առավելությունները, դա նշանակում է, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք քաղաքական հասունության հետ։ Արցախյան պատերազմում մենք դիվանագիտական դաշտում խայտառակ, սարսափելի պարտություն կրեցինք, մենք պարտվեցինք նաեւ իրավական դաշտում, այն դեպքում, երբ անգամ Սովետական սահմանադրությամբ Արցախը միավորված էր Հայաստանին, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ունի դասախաոսություն, թե ինչպես այդ իրավական չիմացությունը բերեց Արցախյան առաջին պատերազմին։ Այ սրանք է, որ մենք պետք է հասկանանք այս ամենը, իսկ ռուսական KKB-ի գործակալների վնգստոցը հասկանալի է, որովհետեւ Ռուսաստանը փափուկ ուժի տեսանկյունից սարսափելի պարտություն է կրել, որովհետեւ հայ ժողովուրդը հասկացավ ռուսական պետության եւ իշխանիկների լկտի պահվածքը Հայաստանի նկատմամբ, դրա համար իրենք փորձելու են վնգստալ, թե ինչ կատարվեց»,- ասաց Այվազյանն ու նկատեց՝ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը նույնիսկ չցավակցեց հայ ժողովրդին, ինչը, ցեղասպանագետի բնորոշմամբ, աղետներից մեկն է։ Մեր զրուցակիցը հիշատակեց, որ Միացյալ Նահանգներում կա նախագահական կնիքով մի փաստաթուղթ՝ Վուդրո Վիլսունի կողմից, որն իրավարար վճիռ է, եւ պատահական չէ, որ այդ վճիռը պահվում է, ցանկացած պահի, եթե ԱՄՆ-ն ուզի մանիպուլացնել Թուրքիային, կարող է օգտագործել․ «Այս ուղղությամբ է, որ մենք կարող ենք աշխատանք տանել, բայց, ցավոք սրտի, հիմա ՀՀ կառավարությունը զբաղված է ոչ այլ ինչով, քան ռուսահպատակ վնգստոցով, ինչը շատ աղետալի եմ համարում, բայց շատ լավ է, որ, այնուամենայնիվ, նույն Միացյալ Նահանգներին չեն հետաքրքրում այստեղի ողորմելիների վնգստոցները»։ Այվազյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ն իր քաղաքականությունը վարում է նաեւ հաշվի առնելով Սփյուռքի մեր հայրենակիցների շահերը։ Այնուամենայնիվ, ցեղասպանագետը Միացյալ Նահանգների քայլը հարյուր տոկոսով դրական է համարում՝ նշելով, որ Բայդենի ուղերձը հաղորդագրություն էր, որ Թուրքիան հանցագործ պետություն է, եւ որ Հայաստանը դեռ պետք է իրենց, բայց մեզնից է կախված շարունակությունը։ «Մենք պետք է տաժանակիր աշխատանք տանենք, որպեսզի ապացուցենք մեր գոյություն ունենալու եւ ուժեղանալու իրավունքը այս տարածքի վրա։ Անհնար է առանց աշխատելու հասնել արդյունքի։ Երրորդն այն է, որ թուրք-ռուսական սիրավեպը պետք է հանգստանա, քանի որ անցնում է չափերը։ Այսինքն՝ Քեմալ-Լենին սիրավեպի երկրորդ տարբերակը՝ Պուտողանը, Միացյալ Նահանգները այս ճանաչմամբ կասկածի տակ դրեց, հիմա պետք է սպասենք հաջորդ քայլերին»։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք Բայդենի հայտարարությունը կարո՞ղ է ավելացնել թուրքական վտանգը եւ սպառնալիք լինել Հայաստանի համար, ցեղասպանագետը պատասխանեց, որ թուրքական վտանգը միշտ կա, եղել է եւ կլինի, եւ Ցեղասպանության ճանաչումով չէ, որ Թուրքիան պետք է հարձակվի Հայաստանի վրա։ Ըստ մեր զրուցակցի՝ մենք պետք է օգտագործենք այդ բարենպաստ իրավիճակը եւ աշխատենք տերությունների հետ հարաբերություններ ստեղծել․ «Ես նկատի ունեմ ոչ միայն ԱՄՆ, այլեւ Ֆրանսիա, Հնդկաստան, պետք է աշխատել այս պետությունների հետ, պետք է խոսել Չինաստանի հետ, հասկանալ, թե իրենք ինչ նպատակներ ունեն, այս շրջանի հետ կապված։ Պուտողանի դիրքորոշումը պարզ է եւ հստակ, ստեղծվում է պուտողանյան պետություն, ռուսները մոռանում են իրենց պատմությունը եւ իրենց այն հերոսներին, ովքեր կռվել են թուրքերի դեմ։ Հուսով եմ, որ դեռ մնացել են իրական ռուս մարդիկ, ովքեր գնահատական կտան իրենց ողորմելի կառավարության քայլերին՝ Պուտինի գլխավորությամբ։ Փաստն այն է, որ իրենք շեղվել են ռուսական շահից եւ սպասարկում են միայն թուրքական շահը, որովհետեւ բոլոր դեպքերում ռուսական շահից չէր բխում այն, որ Արցախում թուրք զինվորներ լինեն, դա բացառվում է»,- ասաց Այվազյանը։ Այս ամենն իմի բերելով, ըստ մեր զրուցակցի, կարող ենք ասել, որ աշխարհաքաղաքական տեղաշարժեր են տեղի ունենում, եւ դրա արդյունքում ու պատճառով Բայդենը փորձեց պատժել Թուրքիային եւ շարունակելու է հակաթուրքական գիծը։ Այվազյանն ընդգծեց, որ աշխարհում ինչ էլ կատարվի մենք մեզ պետք է զինենք, եւ հույսներս չդնենք, նրա խոսքով, պուտողանի ներողամտության վրա, թե՝ ռուսները մեզ կպաշտպանեն։  Ասպրամ Փարսադանյան
14:45 - 10 մայիսի, 2021
Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար |armtimes.com|

Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը այսօր ԱԺ հերթական նիստում շնորհակալություն հայտնեց Լատվիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: «Շնորհակալություն ենք հայտնում Լատվիայի բոլոր քաղաքական ուժերին, պատգամավորներին, որոնք քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցի՝ Լատվիայում հանգուցալուծում ստանալու օգտին»,- ասաց պատգամավորը:  Պատգամավորը նշեց, որ այս գործընթացը տեղի է ունեցել 2018թ. սկսած և արդյունք է շատ քաղաքական գործիչների, հայ ժողովրդի բարեկամների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև Լատվիայում ՀՀ դեսպանության քրտնաջան և հետևողական աշխատանքի: Երեկ՝ մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:
11:47 - 07 մայիսի, 2021
Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության գրավականներից է. ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի հռչակագիրը

Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության գրավականներից է. ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի հռչակագիրը

Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է Լատվիայի խորհրդանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ Լատվիայի խորհրդանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը համարել է ևս մեկ քայլ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման ուղղությամբ:  «Այս հռչակագիրը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ կիսում են Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով։
20:51 - 06 մայիսի, 2021
Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան (առաքելությունն ավարտում է) Տիգրան Մկրտչյանը:  «Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Այնինչ տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը /թերևս ամենատեսանելին է եղել, նաև խիստ կարևոր/, համայնքային և Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը /որը եղել է ամենաերկարատևը և հետևողականը/։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին։ Դեռևս 2020 թ․ ապրիլի 24-ին Լատվիայի խորհրդարանի երկու ուժեր, որոնք նաև իշխող կոալիցիայի անդամներ են՝ «Նոր պահպանողականների» և «Զարգացմանը՝ Այո՛» կուսակցություններն արդեն արել էին Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող հայտարարություններ։ Այս ուժերի, ինչպես նաև «Համաձայնություն» կուսակցության ներկայացուցիչների մեծ մասի նախաձեռնությամբ էլ 2021 թ․փետրվարից սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի արդյունքում բանաձև-հայտարարություն ներկայացվեց ապրիլի 23-ին։ Ապրիլի 29-ին նախնական բանաձևի տարբերակը առարկություններով հետաձգվեց մեկ շաբաթով։ Բանաձևի փոփոխված տարբերակ առաջարկեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի շուրջ նույնպես ծավալվեց ինտենսիվ քննարկում և որը նույնպես վերջին երկու ամիսների ընթացքում զուգահեռ աշխատանքներ է ծավալել այս ուղղությամբ»,- գրել է Մկրտչյանը։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել փոխխոսնակ Դագմարա Բեյտներե Լե Գալլային, «Նոր պահպանողականներ» խորհրդարանական խմբի ղեկավար Յուրիս Յուրաշսին, Սաեյմայի քարտուղար, հայ ժողովրդի հին բարեկամ Անդրեյս Կլեմենտևսին, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար, «Զարգացմանը՝ Այո՛» խորհրդարանական խմբի ղեկավար, Սաեյմայի փոխքարտուղար Մարիա Գոլուբևային, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկա ղեկավար Ռիհարդ Կոլսին, հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ փոխնախագահ Օյարս Կալնինչին։ «Խոնարհվում եմ Լատվիայի խորհդարանի բոլոր քաղաքական ուժերի և պատգամավորների առջև, ովքեր քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցին Լատվիայում հանգուցալուծում տալու օգտին։ Հայտարարություն Օսմանյան կայսրության ժամանաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- եզրափակել է նա: Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է նաև Լատվիայի Սաեյմասի կողմից ընդունված բանաձևի թարգմանությունը.  Լատվիայի Հանրապետության Սաեյմայի կողմից «Լատվիայի Հանրապետության Սաեյման նշելով, որ կարևոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը և պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ․ ապրիլի 24-ին նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով, հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Եվրոպական խորհրդարանի 1987 թ․ հունիսի 18-ի բանաձևը, որը նշում է, որ այս դեպքերը համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի հանդիսանում են ցեղասպանություն,   ընդգծելով, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և որ Լատվիան գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով,   ճանաչելով, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովուրդի մի ստվար քանակություն արտաքսվել է կայսրության այլ հատվածներ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ,   դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ,   հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին,   հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումները անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ,   կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալ այս պատմական իրադարձություններին և նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության և անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»։
12:41 - 06 մայիսի, 2021
Փաշինյանը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող 4 գործոն է տեսնում |armenpress.am|

Փաշինյանը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող 4 գործոն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստել է 4 գործոն: Այս մասին Փաշինյանն ասաց վարչապետի ընտրության համար հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում: «Ես կարծում եմ, որ այստեղ կա մեկ երկարաժամկետ, մեկ միջնաժամկետ գործոն և երկու կարճաժամկետ գործոն: Երկարաժամկետ գործոնը միանշանակ ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի բոլոր կազմակերպությունների հետևողական աշխատանքն է: Միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է և այս համատեքստում դիսոնանսը, որն առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև: Կարճաժամկետ գործոններից առաջինը՝ 44-օրյա պատերազմը և դրանում Թուրքիայի բացահայտ և ակտիվ ներգրավվածությունը, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական երկիր լինելը: Այս չորս գործոններն են, իմ համոզմամբ, որ բերել են Միացյալ Նահանգների նախագահի կողմից այդ աննախադեպ և պատմական որոշման կայացմանը»,- ասաց Փաշինյանը:
13:30 - 03 մայիսի, 2021
Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը և ՀՀ դեսպանը Բրատիսլավայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 |armenpress.am|

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը և ՀՀ դեսպանը Բրատիսլավայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Սլովակիայի հանրային հեռուստատեսությունը (RTVS) անդրադարձել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարի և Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի կողմից հարգանքի տուրքի մատուցմանը Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ։ Հաղորդավարը նշել է, որ Սլովակիայի զգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարը Հայաստանի դեսպանի հետ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Սլովակիան աշխարհի շուրջ 30 երկրների շարքում է, որոնք Օսմանյան կայսրությունում հայերի սպանդը որակել են որպես Ցեղասպանություն։ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը դատապարտեց Ադրբեջանի կողմից հարյուրավոր հայերի բռնի պահելը։ 2020թ․ նոյեմբերի պայմանավորվածության համաձայն կողմերը պետք է փոխանակեին բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանը մինչև հիմա այն չի իրականացրել»,- նշվել է հեռուստաընկերության եթերում։   Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարն ընդգծել է, որ պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որովհետև խաղաղության պայմանավորվածության համաձայն բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեին, բայց ափսոսանքով նշել է, որ Ադրբեջանը մինչև հիմա դա չի իրականացրել։ «Ցավոք սրտի ռազմագերիներին վերադարձնելու համար Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Թերևս խոսքը չի գնում միայն ռազմագերիների, այլ նաև քաղաքացիական անձանց՝ Հայաստանի քաղաքացիների մասին, որոնք չակերտավոր ներկայացվում են որպես ձերբակալվածներ, սակայն Ադրբեջանի կողմից օգտագործում է որպես պատանդ։ Ես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այս հակամարտությունը ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք»,- շեշտել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը։ Դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիային, որն առաջին պետություններից մեկն էր, որ 2004թ․ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ «Մեզ համար շատ կարևոր է այս հարցում Սլովակիայի դիրքորոշումը»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ այդ դիրքորոշումը հստակ ազդանշան է այն մասին, որ նման պատերազմական հանցագործություններն ապագայում չկրկնվեն։
20:54 - 30 ապրիլի, 2021
ԱՄՆ-ին դուր չի գալիս Թուրքիայի անկախ քաղաքականությունը. Հայոց ցեղասպանության ճանաչումը սիրված «մտրակ և բլիթ» խաղի բաղկացուցիչ մասն է. Պեսկով
 |tert.am|

ԱՄՆ-ին դուր չի գալիս Թուրքիայի անկախ քաղաքականությունը. Հայոց ցեղասպանության ճանաչումը սիրված «մտրակ և բլիթ» խաղի բաղկացուցիչ մասն է. Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Թուրքիայի կայուն հավատարմությունն իր անկախ քաղաքականությանը մտահոգություններ է առաջացնում ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:«Այն ճանապարհը, որով Միացյալ Նահանգները փորձում է իր ձայնը բարձրացնել Անկարայի վրա` կապված հակաօդային պաշտպանության S-400 կայանների և Անկարայի այլ գործողությունների հետ, վկայում է այն մասին, որ Վաշինգտոնին դուր չի գալիս, թե ինչպես է Էրդողանը վստահորեն առաջնորդում Թուրքիային և այն, որ նրանք նախընտրում են ավելի չեզոք Թուրքիա», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:Նա նշել է, որ Թուրքիայի անկախ քաղաքականությունը տագնապի ազդանշաններ է առաջացրել ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում, ուստի նրանք հանդես են եկել Անկարայի դեմ կոշտ հայտարարություններով։Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթն արտասանելուն` Պեսկովն ասել է. «Կարծում եմ՝ լայն առումով Վաշինգտոնի կողմից ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, սիրված «մտրակ և բլիթ» խաղի բաղկացուցիչ մասն է: Սա հայ ժողովրդի հանդեպ համակրանք ցուցաբերելու և Օսմանյան կայսրության ու Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն չէ»:
20:10 - 30 ապրիլի, 2021
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

 |armenpress.am|

Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին |armenpress.am|

armenpress.am:  Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան: «Պատմության դասերը շատ բարդ են, հատկապես նրանց համար, ովքեր դրա մասը չեն կազմել: Մենք սովորում ենք հասկանալ մյուս կողմի դիրքորոշումները, պատմությանը նայել նրանց աչքերով, մեզ դնել նրանց տեղը: Այս գործընթացը ժամանակատար է: Որոշ գործընթացներ շատ ավելի հեշտ են, քան մյուսները: Մենք տեսանք, որ ԱՄՆ նախագահն իր երկրի անունից ճանաչեց հստակ պատմական ճշմարտությունը, ինչպես արել է Լիտվան»,- նշել է Լանդսբերգը՝ համոզմունք հայտնելով, որ փաստերը պետք է ներկայացվեն և գնահատականի արժանանան:
19:38 - 30 ապրիլի, 2021
Ցեղասպանության ճանաչումը ճիշտ ուղերձ է Թուրքիային. Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Ջո Բայդենին

Ցեղասպանության ճանաչումը ճիշտ ուղերձ է Թուրքիային. Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Ջո Բայդենին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Նամակում մասնավորապես ասվում է. «Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան մեկ դար, և որը կարևոր է ամբողջ աշխարհի հայերի, այդ թվում՝ ամերիկահայերի համար, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում ջանք և եռանդ չեն խնայել հանուն ճանաչման, և բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրել: Հայաստանը նաև մեծապես գնահատում է 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որին հաջորդել էր ԱՄՆ Սենատի միասնական որոշումը: Նախագահի ուղերձը Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացում վճռորոշ է: Միացյալ Նահանգներն այդ հայտարարությամբ ոչ միայն իր հարգանքի տուրքն է մատուցում՝ ի հիշատակ մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործության զոհերի, այլև դրանով պաշտպանում է մարդու իրավունքները, համընդհանուր արժեքները, ազատությունը և ժողովրդավարությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կնպաստեն ողջ աշխարհում ցեղասպանությունների կանխարգելմանը և անպատժելիության վերացմանը: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական սխալի շտկում է, այլև՝ հստակ ուղերձ Թուրքիային՝ զերծ մնալ իր նկրտումներից պայթյունավտանգ այս տարածաշրջանում»: Նախագահ Սարգսյանը նամակում անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները մշտապես կարևորել են ամուր գործընկերային հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության և այն խորացնելու պատրաստակամության վրա. «Կա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները ուժեղացնելու և երկկողմ ու բազմակողմ օրակարգը համալրելու մեծ ներուժ: Տնտեսության, նոր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում համագործակցությունը խոստումնալից կարող է լինել երկկողմ հարաբերությունների համատեքստում: Իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում տքնաջան աշխատելու  Ձեզ հետ՝ հասնելու այս կարևոր նպատակներին»:
15:07 - 29 ապրիլի, 2021
Վաշինգտոնի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը ողջունում է նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը |amerikayidzayn.com|

Վաշինգտոնի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը ողջունում է նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիրը ողջունում է նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այն հաջորդել է 2019 թվականի Կոնգրեսի բանաձևերին, որով այս ողբերգական իրադարձությունը ճանաչվել է որպես ցեղասպանություն: «Հոլոքոստի պատմությունը սովորեցնում է, որ անցյալի հետ համերաշխությունը նախապայման է ներկան հասկանալու և ավելի լավ ապագա կերտելու համար», - ասում է հուշահամալիրի տնօրեն Սառա Բլումֆիլդը: «Հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործությունների ողջ ծավալի ճանաչումը, նույնիսկ իրադարձություններից մեկ դար անց, կարևոր է ոչ միայն զոհերի և նրանց սերունդների համար: Մենք գիտենք, թե ինչպես է Եվրոպան վերաբերվում Հոլոքոստին և նրա ժառանգությանը 1945 թվականից ի վեր, թե որքան կարևոր է բոլոր հասարակությունների համար ազգային դժվար պատմության բացահայտ ճանաչումը»: 1915 թ-ի գարնանից մինչև 1916 թ-ի աշնան վերջը Օսմանյան կայսրության կառավարությունը, հրահանգվելով մայրաքաղաք Ստամբուլից, ձերբակալեց, արտաքսեց մարդկանց, մասսայական սպանություններ իրականացրեց և ստեղծեց պայմաններ՝ երկրի հայ քրիստոնյա քաղաքացիների շրջանում զանգվածային մահերի համար: Նրանց մեծ մասը ապրում էր ժամանակակից Թուրքիայի տարածքում: Առնվազն 664,000 և, հնարավոր է, 1,2 մլն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ զոհվել են կոտորածների, անհատական սպանությունների, համակարգված վատ վերաբերմունքի, հարկադիր տեղահանման, սովի և հիվանդությունների հետևանքով: Հայոց ցեղասպանության հուշերը զգացվել են Հոլոքոստի ժամանակ: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օր» -ը, որը պատկերում է հայերի ցեղասպանությունը, լույս է տեսել 1933 թ.-ին Գերմանիայում՝ նացիստների իշխանության գալու տարին: Այն լայնորեն շրջանառվում էր ինչպես հրեական, այնպես էլ ոչ հրեական շրջանակներում: Բազմաթիվ գերմանացի հրեաներ, ովքեր թիրախ էին դարձել որպես թշնամիներ, վտարվեցին իրենց տներից, զրկվեցին իրենց երեխաների ապրուստը ապահովելու հնարավորությունից և գետտոյացվեցին, նույն կերպ, ինչպես հայերը: Եվ նրանցից ոմանք, ովքեր օգնեցին փրկել հրեաներին, Յադ Վաշեմի (Yad Vashem) կողմից ճանաչվել են որպես Ազգերի մեջ Արդար (Righteous Among the Nations), հայեր էին, ովքեր մոտիվացված էին իրենց ցեղասպանության մասին հիշողություններով: «Ցեղասպանություն» տերմինի ծագումը մասամբ կապված է 1915-16թթ. իրադարձությունների հետ: Լեհ-հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինի ՝ հայերի դեմ օսմանյան հարձակումների պատմությանը, հակասեմական ջարդերին և զանգվածային ուղղվածությամբ բռնության այլ դեպքերին առնչվելով՝ հիմնովին ձևավորեց նրա աշխատանքը, որն ուղղված էր տարբեր խմբերի համար միջազգային իրավական պաշտպանության ապահովմանը: Հոլոքոստի ընթացքում իր ընտանիքը կորցրած Լեմկինը անխոնջ կերպով պաշտպանում էր այս իրավական հայեցակարգը, մինչև դրա ձևակերպումը ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին 1948 թ. կոնվենցիայի ներքո: «Չնայած հայերի հետ կատարվածի ընդհանուր ուրվագծերը պարզ են, այս պատմության ամբողջական փաստավավերագրումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր պետական և մասնավոր արխիվները բացվեն անկախ հետազոտողների առջև», - շարունակում է Բլումֆիլդը: «Հուշահամալիրը շարունակում է կոչ անել բոլոր համապատասխան արխիվային հաստատություններին՝ բաց անել արխիվները բոլոր հետազոտողների համար»:
09:23 - 29 ապրիլի, 2021
Ջո Բայդենը պատմական կարևորության որոշում ընդունեց. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը CNN-ին

Ջո Բայդենը պատմական կարևորության որոշում ընդունեց. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը CNN-ին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել CNN-ին` նշելով, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմական կարևորության որոշում ընդունեց՝ ճանաչելով հայերի՝ Օսմանյան կայրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը։ Ներկայացնում ենք հարցազրույցի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Բեքի Անդերսոն․ Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է: Նա միացել է մեր ուղիղ եթերին Բոստոնից: Նախագահ Ջո Բայդենը Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելով, իհարկե, խախտում է իր նախորդների ու ԱՄՆ տասնամյակների քաղաքականությունը: Կցանկանայի, որ Դուք բացատրեիք սրա կարևորությունը և այն ազդեցությունը, որ այն կունենա Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության վրա: Վարուժան Ներսեսյան․ Շնորհակալ եմ, Բեքի: Իհարկե, ապրիլի 24-ին նախագահ Ջո Բայդենը պատմական կարևորության որոշում ընդունեց՝ ճանաչելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը. սա եղավ ի հավելումն 2019թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որով այժմ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է 1,5 մլն հայերի ցեղասպանությունը իրենց պատմական հայրենիքում և սա, որպես այդպիսին, պատմական կարևորություն ունի: Իհարկե, սա վերաբերում է ոչ միայն անցյալի դաժանություններին ու ցեղասպանություններին: Սա նաև շատ հստակ ուղերձ է արդի ժամանակներին և ապագային: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և, որպես այդպիսին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այն չճանաչվեց ու չդատապարտվեց որպես ցեղասպանություն, շատ ողբերգական նախադեպ ստեղծեց մարդկության պատմության այլ ցեղասպանությունների համար: Հետո մենք ականատեսը եղանք մարդկության դեմ այլ հանցագործությունների, ինչպիսիք են Հոլոքոստը, Ռուանդայում, Դարֆուրում ու այլուր տեղի ունեցած ցեղասպանությունները և այլն: Ահա թե ինչու, ճանաչումը շատ կարևոր է և նաև Հայոց ցեղասպանության նախադեպի հիման վրա էր, որ Ռաֆայել Լեմկինը սահմանեց ցեղասպանություն տերմինը: Այսպիսով, իհարկե սա շատ մեծ կապ ունի նաև մեր ժամանակների հետ: Բեքի Անդերսոն․ Այսպիսով, այս հայտարարությունն արդյունավետ կերպով հավասարեցնում է իր ծավալներով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած   հակահայկական բռնությունները այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել նացիստական Գերմանիայում և Ռուանդայում, ինչպես որ Դուք ճշմարտացիորեն նկատեցիք: Օսմանյան Կայսրությանն էր, որ Ջո Բայդենը մեղադրեց այս զանգվածային սպանությունների համար և բնորոշեց դա որպես ցեղասպանություն, այլ ոչ թե՝ Թուրքիային: Սակայն Թուրքիան ասում է, որ ցեղասպանության վերաբերյալ պնդումները վիրավորական են և նրանք ասել են Միացյալ Նահանգներին, որ այս հայտարարությունը, թույլ տվեք մեջբերել  Անկարային՝ երկու երկրների հարաբերություններում վերք բացեց և դա Ձեզ անակնկալի չի բերի ընդհանրապես: Ինձ հետաքրքիր է՝ Ձեր կարծիքով որոնք կլինեն Ամերիկայի կողմից այս հայտարարության հնչեցումից հետո ավելի լայն աշխարհաքաղաքական ազդեցությունները այն բանից հետո, ինչ Դուք և վստահաբար Ձեր նախորդները տարիներ շարունակ լոբինգ են արել Վաշինգտոնում՝ վստահ լինելու համար, որ ամերիկացիներն ի վերջո կանեն այդ հայտարարությունը: Վարուժան Ներսեսյան․ Շնորհակալ եմ, Բեքի: Իհարկե, այս հայտարարությունը հնարավորություն է հենց Թուրքիայի համար՝ հաշտվելու իր անցյալի հետ ու ճանաչելու: Եթե Թուրքիան ցանկանում է բուժել վերքերը, այլ ոչ թե բացել դրանք: Սակայն այս հայտարարությունը հնարավորություն է ընձեռում բուժել վերքերն ու հնարավորություն տալիս հենց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դրանից հետո բարելավել հարաբերությունները հարևան Հայաստանի հետ: Սակայն, Թուրքիան ոչ միայն չի ճանաչել Ցեղասպանությունը, այլև ամբողջովին հերքել է դա և այդ մերժողականությունը հենց այն է, ինչը պատճառ է հանդիսանում ճանաչման այս ալիքների համար: Եվ մենք խորապես շնորհակալ ենք նախագահ Բայդենին այս պատմական ճանաչման համար: Այսպիսով, այս ճանաչումն ավելի է ամրապնդելու մեր տարածաշրջանը և միտված է ապագային: Բեքի Անդերսոն․ Ես գիտեմ, թե ինչի էիք Դուք ուզում հասնել, բայց ինձ հետաքրքիր է, արդյոք դրան կհասնե՞ք, քանի որ Անկարան, նախագահ Էրդողանի գլխավորությամբ, վրդովված է այս կապակցությամբ:  Տեսեք, Հայաստանի վարչապետը երեկ հրաժարական ներկայացրեց, որպեսզի խթանի հունիսին նախանշվող արտահերթ ընտրությունները, և նա անընդհատ է քննադատության՝ ենթարկվել կապված անցյալ տարի հրադադար հաստատելու իր որոշման հետ: Հայաստանը հակամարտության մեջ էր հարևան Ադրբեջանի հետ, որին նշանակալի կերպով աջակցում էր Թուրքիան: Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի շուրջ տարածաշրջանում նաև շատ քաղաքական անհանգստություն  կա: Սարսափելի շատ բողոք կա: Ինձ պարզապես հետաքրքիր է, արդյոք Դուք կարծում եք, որ ընտրությունները կարգավորելու են այդ լարվածությունը Ձեր երկրում և արդյոք անկեղծորեն հավատում եք, որ ԱՄՆ կողմից այս հայտարարությունը, որը հրաշալի է ամբողջ աշխարհի հայության համար, կվերականգնի տարածաշրջանային ճեղքերը, թե իրականում ավելի կվատթարացնի դրանք: Վարուժան Ներսեսյան․ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս հայտարարությունը նպաստելու է տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Սակայն, ցանկանում էի ասել, որ Թուրքիան ոչ միայն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և մերժողականություն է դրսևորել, այլև մեր օրերում շարունակում է սպառնալ Հայաստանին, ինչպես՝ անցյալ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Թուրքիայի ամբողջական մասնակցությամբ ու աջակցությամբ ընդդեմ Արցախի ժողովրդի: Թուրքիան մասնակցում էր դրան՝ տեղակայելով օտարերկրյա ահաբեկիչ զինյալների, ջիհադիստ-ահաբեկիչների և մահացու անօդաչու սարքեր, ինչպես նաև աջակցելով իր հրամանատարությամբ: Այսպիսով, Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը: Ահա թե ինչու, Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց կարևոր է, քանի որ Թուրքիան մինչ օրս շարունակում է նույն ցեղասպանական մտադրությունները ու քաղաքականությունն ընդդեմ արդի Հայաստանի Հանրապետության: Ահա թե ինչու հայտարարությունը ոչ միայն 106 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին է, այլ նաև արդի ժամանակների, որը փորձում է կարգի հրավիրել բոլոր նրանց, ովքեր հակված են իրականացնել ագրեսիայի քաղաքականություն և հարձակողական քաղաքականություն: Սա համաշխարհային անկարգության ժամանակ չէ, կարգուկանոնի ու միջազգային անվտանգության ժամանակաշրջան է: Ինչ վերաբերում է հայաստանյան ընտրություններին, կարող եմ ասել, որ, իհարկե, աժմ Հայաստանում կան ներքին քննարկումներ, սակայն Հայաստանը հաստատակամ է իր ընտրած ժողովրդավարական ճանապարհի հարցում, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեր տարածաշրջանի երկու ավտորիտար պետությունների: Հայաստանը կհաղթահարի այդ դժվարությունները և Ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը հաստատակամություն ու քաղաքական կամք կունենա կառուցելու համար ժամանակակից ժողովրդավարական, ամուր ժողովրդավարական հասարակություն: Եվ քանի որ Հայաստանը շարժվում է դեպի հունիսի 20-ի ընտրություններ, մարդիկ հնարավորություն կունենան որոշելու և այնուհետև շարունակելու իրենց ճանապարհը: Բեքի Անդերսոն․ Եկեք ավարտենք զրույցը՝ խոսելով այն մասին թե ինչ է սա նշանակում հայերի, աշխարհասփյուռ հայերի համար, որոնցից շատերը իհարկե կոնկրետ սերնդից են, որոնք ապրում են այս ցեղասպանության ստվերների հետ և սա եղել է Ձեր ազգի ինքնության մեծ մասը: Գիտեմ, որ Դուք նաև կընդունեք, որ կլինեն ավելի երիտասարդ սերունդներ, որ պարզապես ցանկանում են առաջ շարժվել նրանից, ինչ տեղի է ունեցել անցյալում: Ինձ պարզապես հետաքրքիր է, ինչպիսի եզրահանգման է բերում Սպիտակ տան այս հայտարարությունը հայերին: Վարուժան Ներսեսյան․ Բեքի, այս հայտարարությունն ամերիկահայ համայնքին և աշխարհասփյուռ հայերին մեծ հույս է ներշնչում ապագայի հանդեպ, որ սա կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը մեր տարածաշրջանում, քանի որ իրերն իրենց անունով կոչելը, ճանաչելով իրականությունը, մենք հող ենք նախապատրաստում, ամուր հիմք ենք ստեղծում մեր տարածաշրջանի ապահով ապագայի համար: Ես հուսով եմ, ինչպես սկզբում ասացի, որ  Թուրքիան կճանաչի և կհաշտվի իր պատմության հետ՝ հիմք դնելով մեր տարածաշրջանում ավելի լավ ապագայի համար: Ա ամենը ինչ ուզում է հայ ժողովուրդը  խաղաղ ու ներդաշնակ ապրելն է իրենց հարևանների հետ, սակայն ճշմարտությունը, իրականությունը հնչեցնելը և ավելի լավ հիմքեր սահմանելն է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար: Բեքի Անդերսոն․ Սրանով, պարոն դեսպան, մենք կավարտենք: Իսկապես շատ շնորհակալ ենք մեզ միանալու համար: Հանգստյան օրերին ԱՄՆ վարչակազմը իրապես պատմական հայտարարություն արեց:        
19:07 - 28 ապրիլի, 2021
Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին քննադատել է Բայդենի հայտարարությանը ոչ պատշաճ արձագանքելու համար |hetq.am|

Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին քննադատել է Բայդենի հայտարարությանը ոչ պատշաճ արձագանքելու համար |hetq.am|

hetq.am: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։ «Սա այն կետն է, որին Թուրքիային հասցրել է ոչ կոմպետենտ վարչակազմը։ Բայդենի հայտարարությունից հետո Էրդողանը լռում էր երեք օր։ Ոմանք սպասում էին, որ Էրդողանն ի պատասխան առյուծի պես կմռնչա, և բոլորը նրան կլսեն։ Բայց նա խոսեց կատվի նման»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն։ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը, Էրդողանին մեղադրելով հստակ արտաքին քաղաքականության բացակայության մեջ, նշել է, որ արտաքին քաղաքականության մեջ Էրդողանը անում է այն, ինչ ցանկանում է։ «Իմաստ չկա բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է նայեք ձեզ»,- նշել է Քըլըչդարօղլուն։ Թուրք քաղաքական գործիչը 1915 թվականի իրադարձություններն անվանել է «ցավոտ և, եթե պետք է, դրանք պետք է ուսումնասիրվեն»։ Նա շարունակել է պնդել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արտաքին քաղաքականության այն թեզը, որ դրանով պետք է զբաղվեն պատմաբանները՝ դարձյալ կոչ անելով Հայաստանին բացել արխիվները։
21:43 - 27 ապրիլի, 2021
Հայերի, ասորիների, սիրիացիների, եզդիների, քաղդեացիների կազմակերպությունները հայտարարություն են տարածել Ապրիլի 24-ի կապակցությամբ

Հայերի, ասորիների, սիրիացիների, եզդիների, քաղդեացիների կազմակերպությունները հայտարարություն են տարածել Ապրիլի 24-ի կապակցությամբ

Հայերի, ասորիների, սիրիացիների, եզդիների, քաղդեացիների՝ աշխարհի տարբեր երկրներում գործող կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ yazda.org կայքում հրապարակված նյութում նշված է. «ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության առաջին պաշտոնական ճանաչման նախօրեին մենք՝ որպես հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են հայերին, ասորիներին, սիրիացիներին, քաղդեացիներին, եզդիներին, հույներին և որպես զոհերի շահերը պաշտպանող կազմակերպություններ, նույնպես ցանկանում ենք ցեղասպանության ճանաչման մեր խոսքն արտահայտել։ 1915 թվականի ապրիլի 24-ը հայ մտավորականության և հայ համայնքի ղեկավարների սպանության օրն էր, հայ ժողովրդի դեմ նախաձեռնված ծրագրի օրը:  Այս օրը մեզ հիշեցնում են, որ ցեղասպանությունը ստեղծում է անպատժելիության մշակույթ և օրինականացնում այն դեպքերը, երբ արդարությունն արագ և ամբողջությամբ չի կիրարկվում: Այսօր Սինջարում անվտանգությունն ու ապահովությունը գերակա խնդիրներ են, քանի որ թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել ասորիներով և եզդիներով բնակեցված գյուղերը: Անապահովությունն այժմ քրոնիկ հիվանդություն է, որը կանխում է Սինջարը վերակառուցելու և ԴԱԻՇ-ի կողմից իրականացված ցեղասպանության օրվանից ի վեր տեղահանված ավելի քան 300,000 մարդ վերադարձնելու քաղաքականությունը:  Ցեղասպանության հաջողված ծրագրերն այն ծրագրերն են, որոնք պատասխանատվության չեն ենթարկվում: Սրանք ծրագրեր են, որոնք տնկում են համայնքների բազմասերնդային բնաջնջման սերմեր: Մեր համայնքները վկան են, թե ինչպես է մարդկությունը սարսափելի հետևանքներ կրելով վճարում, երբ արդարություն չի պահանջվում:  Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ԱՄՆ Կոնգրեսի ճանաչումից հետո, կարևոր իրադարձություն է, որի առթիվ մենք կոչ ենք անում լիարժեք, համապարփակ կերպով ճանաչել ցեղասպանության բոլոր ակտերը, որոնք նույնպես արժանի են ճանաչման»: Հայտարարությունը ստորագրել են Yazda - Yazidi Global Organization (ԱՄՆ), The Zovighian Partnership (Լիբանան), Shams Humanitarian NGO (Հայաստան), Coalition for Genocide Response (Մեծ Բրիտանիա) և Emma Organization for Human Development Assyrian Policy Institute (ԱՄՆ) կազմակերպությունները։
20:50 - 27 ապրիլի, 2021