ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ամփոփվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:   Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ այս տարի մրցույթն անցկացվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն է առաջացրել թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար: -Հայաստանի պաշտպանության նախարարությունն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մենք ըմբռնումով մոտեցանք այն փաստին, որ նախօրոք հայտագրված մի քանի պետություններ հրաժարվեցին թիմեր ուղարկել համավարակի սահմանափակումների հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին ցուցաբերած խիզախության և վճռականության համար: Չեմ կարող առանձին չնշել ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանի ելույթը, ով անհատական հաշվարկում հաղթող է: Շնորհակալություն ծառայության համար: Դե իսկ ռուսական հավաքականը վստահ և վաստակած հաղթանակ տարավ՝ գրանցելով պատրաստության ամենաբարձր մակարդակը: Բոլորիդ նոր ձեռքբերումներ եմ մաղթում, -նշեց Դավիթ Տոնոյանը: Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովն իր խոսքում ասաց. -Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչքան դժվար է եղել մրցույթի կազմակերպումը անվտանգության ապահովման լրացուցիչ ծանրաբեռնվածության պայմաններում: ՌԴ պաշտպանության նախարարի անունից շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին անկախ զբաղեցրած հորիզոնականից, չէ՞ որ մասնակցությունն այս մրցույթին արդեն հաղթանակ է: Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ երրորդ տարին անընդմեջ լավագույնը ՀՀ զինված ուժերի թիմից լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երկրորդ տեղում ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է, երրորդը Հունաստանից սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսն է: Տղամարդկանց անհատական պայքարում մրցանակային բոլոր տեղերը Ռուսաստանի մասնակիցներինն են՝ առաջին տեղ՝ ենթասպա Սերգեյ Սմիրնով, երկրորդ տեղ՝ լեյտենանտ Գերման Դավիդով, երրորդ տեղ՝ ավագ լեյտենանտ Միխաիլ Իվանով: Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիմն է: «Խաղաղության մարտիկ-2020» մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հավաքական թիմը: Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով: Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Երրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:
17:14 - 02 սեպտեմբերի, 2020
Պատգամավորները զորակոչից խուսափած անձանց հայրենիք վերադառնալու համար նախագիծ են մշակում |hetq.am|

Պատգամավորները զորակոչից խուսափած անձանց հայրենիք վերադառնալու համար նախագիծ են մշակում |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Կառավարության հետ համատեղ օրենսդրական նախագիծ են մշակում` զինվորական ծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող անձանց վերադարձը հայրենիք ապահովելու նպատակով: 2020-ի հունվարից չի գործում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, հետևաբար քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածի հատկանիշներով հետախուզվող քաղաքացիները Հայաստան վերադառնալ չեն կարող: Եթե նախկինում վերջիններս բացակայած զորակոչերի քանակին համապատասխան պետական տուրք էին վճարում և ազատվում քրեական հետապնդումից, ապա այժմ նման կարգավորում չկա:  Նախագծի համահեղինակ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հետախուզման մեջ գտնվող անձանց 90%-ը զինվորական ծառայությունից խուսափողներն են: Շատ դեպքերում նրանք այդ կարգավիճակում հայտնվել են ոչ իրենց մեղքով. ծնողները նրանց Հայաստանից տարել, դարձրել են այլ երկրի քաղաքացի և այդ կերպ խնդիրներ ստեղծել իրենց իսկ երեխաների համար: Քոչարյանն այն համոզմունքին է, որ մարդկային այդ մեծ ռեսուրսը իր ներդրումը պետք է կատարի հայրենիքում, իսկ դրա համար նրանք պետք է հայրենիք վերադառնալու հնարավորություն ստանան: «Օրենքների մի ամբողջ փաթեթ վերանայում ենք, փոփոխություններ ենք առաջարկելու, որը լուծելու է այդ խնդիրը` տալով ալտերնատիվ տարբերակ հետախուզման մեջ գտնվող անձանց համար: Բնականաբար պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները` սկսած նրանց առողջական վիճակից, նաև ծառայելու համար մեխանիզմներ առաջարկելուց»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը: Պատգամավորի խոսքով` նախագծի շուրջ քննարկումներ կան նաև վարչապետի աշխատակազմի հետ և ամփոփելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկները՝ այն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ: Հիմնական դրույթը, որ քննարկվում է հետևյալն է` եթե քաղաքացին բավարարում է զինվորական ծառայության համար նախատեսված պահանջներին, պետք է ծառայության անցնի, պետությունն էլ իր հերթին է լրացուցիչ հնարավորություն ընձեռում` բարձրացնելով զինծառայության համար նախատեսված տարիքային շեմը (այն այժմ մինչև 27-ն է, պահետազորի դեպքում` 35-ը): Այն դեպքում, եթե քաղաքացին հիմնավորում է իր` զինծառայությանը չմասնակցելը, ապա ունի հնարավորություն վճարել երկու տարվա պայմանագրային զինծառայողների աշխատավարձը (նաև հավելավճարը) և այդ կերպ ազատվել ծառայությունից: Այս առաջարկը, ըստ նախագծի համահեղինակների, հնարավորություն կտա համալրել պայմանագրային հիմունքներով զինծառայություն մատուցող անձնակազմի քանակը` դրանով լուծելով բանակի համար կարևոր խնդիր: Պայմանագրային զինծառայողների երկու տարվա աշխատավարձը (հավելավճարը ներառյալ) կազմում է մոտ 5-5,5 միլիոն դրամ: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:02 - 02 սեպտեմբերի, 2020
Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին |armenpress.am|

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին |armenpress.am|

armenpress.am:  Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այցելություն տեղի չի ունեցել: Աշխատանքներ են իրականացվում Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի հետ՝ գրասենյակի ներկայացուցիչների այցելությունը կազմակերպելու ուղղությամբ»,- նշեց Նաղդալյանը: Հայ սպա Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 24-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով նա մոլորվել է: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Զրույցի ընթացքում Տոնոյանը դեսպան Կասպշիկի ուշադրությունը հրավիրել է ինչպես օգոստոսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսանյութին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:
13:41 - 02 սեպտեմբերի, 2020
Պաշտպանության նախարարն ընդունել է Իտալիայի դեսպանին

Պաշտպանության նախարարն ընդունել է Իտալիայի դեսպանին

Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առչնվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Վերահաստատվել են համավարակով պայմանավորված հետաձգված միջոցառումների իրականացման նոր ժամկետները, համագործակցության առկա ուղղությունները, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՖԻԼ-ի և «Քեյֆորի» կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների ծառայությանը և հերթափոխի կազմակերպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը և պահպանվող լարվածության պատճառները։
19:35 - 01 սեպտեմբերի, 2020
Քննարկվել են հայ-հունական համագործակցության հարցեր

Քննարկվել են հայ-հունական համագործակցության հարցեր

Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսին: Դավիթ Տոնոյանը ողջունել է դեսպանին պաշտպանության նախարարություն առաջին այցելության կապակցությամբ և շնորհավորել ռազմական կցորդին Հայաստանում առաքելությունն ստանձնելու առթիվ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո համագործակցության միջոցառումների անհապաղ վերսկումը, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների և քննարկումների իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները: Դեսպան Տուրնակիսն իր հերթին անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող իրավիճակին։  
17:05 - 01 սեպտեմբերի, 2020
Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում   |armenpress.am|

Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում ամփոփվել են «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում կայացած «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները: Ինչպես  տեղեկացրին ՌԴ հարավային օկրուգի մամուլի ծառայությունից, «Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր չորս զինծառայող, այդ թվում` մեկ կին զինծառայող: Մրցույթն անցկացվում էր օգոստոսի 24­-31-ը: Մասնակիցներն ուժերը չափել են գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական, ռազմամասնագիտական,  կրակային պատրաստության «Դիպուկահար»  մրցաձևերում և այլն:  Մրցույթի բոլոր փուլերի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի, երկրորդը` Հայաստանի , երրորդը՝ Բելառուսի, իսկ չորրորդը` Հունաստանի հավաքականը:
15:16 - 01 սեպտեմբերի, 2020
Աշխարհազորային գումարտակը ղեկավարելու համար համայնքներում և մարզպետարաններում տեղակալի հաստիք կստեղծվի, որոնք կհամալրեն պաշտոնաթող սպաները. Գաբրիել Բալայան |tert.am|

Աշխարհազորային գումարտակը ղեկավարելու համար համայնքներում և մարզպետարաններում տեղակալի հաստիք կստեղծվի, որոնք կհամալրեն պաշտոնաթող սպաները. Գաբրիել Բալայան |tert.am|

tert.am: Մենք նախատեսում ենք, որ մեր պաշտոնաթող փորձառու սպաները կհամալրեն աշխարհազորային գումարտակը ղեկավարելու գործընթացը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ աշխարհազորային բրիգադը, ըստ օրենքի նախագծի, ղեկավարելու է համայնքի ղեկավարի կամ մարզպետի տեղակալը, իսկ գումարտակ ղեկավարելու համար ռազմական գիտելիքներ են պետք: «Մենք ունենք գեներալական կազմ, մենք ունենք գնդապետներ, փոխգնդապետներ, որոնք զորամասի և ավելի բարձր օղակների հրամանատարներ են եղել: Կարծում ենք, որ օրենքի ընդունումից հետո այդ հաստիքների համալրումը տեղի կունենա հենց այդ անձնակազմից, որոնք նաև տեղացի են, ինչը կարևոր է: Հրամանատարների մեծ մասը հեղինակություն է վայելում այդ համայնքներում, այդ լիդերության հատկանիշները մենք փորձելու ենք  օգտագործել և մեր պաշտոնաթող փորձառու և հասարակության վստահությունը վայելող սպաներին առաջարկելու ենք նշանակվել այդ պաշտոններում»,- ասաց փոխնախարարը: Ճշտող հարցին՝ նոր տեղակալի պաշտո՞ն է  բացվելու, Գաբրիել բալայանը պատասխանեց. «Կան համայնքներ, որոնք թափուր հաստիք ունեն և համալրված չեն և կնշանակվեն: Մարզպետարանները, եթե չեմ սխալվում, հիմա մեկ տեղակալի հաստիք ունեն: Եթե օրենքն այս ձևակերպմամբ ընդունվեց, նոր հաստիքների անհրաժեշտություն կառաջանա: Համայնքներում էլ, որտեղ անհրաժեշտություն կա, նոր հաստիք կբացվի, որտեղ թափուր հաստիք կա, կլրացվի»,- պարզաբանեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
14:51 - 01 սեպտեմբերի, 2020
Ազատ շրջանառության զենք չի տրվելու քաղաքացիներին. փոխնախարարը մանրամասնեց աշխարհազորի նպատակները |armenpress.am|

Ազատ շրջանառության զենք չի տրվելու քաղաքացիներին. փոխնախարարը մանրամասնեց աշխարհազորի նպատակները |armenpress.am|

armenpress.am: Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու: Այս մասին սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Ազատ շրջանառության զենք չի տրվելու քաղաքացիներին: Մենք ենթադրում ենք, որ համապատասխան ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական սպառնալիքի առկայության դեպքում: Զենքը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիներին միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ վայրում կամ դրա սպառնալիք է առաջանում: Դա չի նշանակում, որ քաղաքում շրջելու են զինված մարդիկ»,- ասաց Բալայանը: Փոխնախարարը նշեց, որ աշխարհազորում նախատեսում են կցագրել մինչև 70 տարեկան անձանց, որոնց հետ պարբերաբար որոշակի վարժանքներ են իրականացվելու, իսկ զորակոչվելուց և զինծառայողի կարգավիճակ ստանալուց հետո քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամներն օգտվելու են համապատասխան սոցիալական երաշխիքներից: Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
11:45 - 01 սեպտեմբերի, 2020
Արցախի ՊԲ-ում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն` ՀՀ-ի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ

Արցախի ՊԲ-ում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն` ՀՀ-ի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ

Օգոստոսի 30-ին ՊԲ-ի շտաբում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային թեմաներ, անդրադարձ է կատարվել այն համալիր գործընթացներին, որոնք իրականացվում են հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման, անվտանգային միջավայրի հետագա ամրապնդման, զինծառայողների ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղություններով: Հայկական երկու պետությունների ղեկավարները ընդգծել են համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը և համապատասխան պաշտոնատար անձանց ու զինվորականներին տվել ցուցումներ ու հանաձնարարականներ: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ներկա են գտնվել նաև ՊԲ-ի զորամասերից մեկի նորակառույց և անձնակազմի սննդի կազմակերպման նոր՝ արտապատվիրման տարբերակով գործող ճաշարանի բացման արարողությանը, ապա այցելել առաջնագիծ: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ծանոթացել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը զինվորականներին վստահեցրել են, որ ինժեներաամրաշինական աշխատանքները առաջնագծում, զինծառայողների համար նոր որակի սննդակարգի ապահովումը, սպառազինության արդի միջոցների ձեռքբերումը և ընդհանուր առմամբ, բանակաշինության բոլոր ուղղությունները ընդգրկող համալիր գործընթացները, այսուհետ ևս կմնան Հայաստանի և Արցախի հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունները:
10:39 - 31 օգոստոսի, 2020
Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից դեռ չեն այցելել հայ սպային․ սա մեծ կասկածներ է առաջացնում․ Դավիթ Տոնոյան
 |tert.am|

Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից դեռ չեն այցելել հայ սպային․ սա մեծ կասկածներ է առաջացնում․ Դավիթ Տոնոյան |tert.am|

tert.am: Պաշտպանության  նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները: Այս մասին այսօր`օգոստոսի 30-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առեւանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որեւիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա: Ես կարծում եմ, որ հիմա ամենակարեւորը, որ մեր զինծառայողը լինի առողջ եւ անվտանգ եւ շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը որ մինչեւ այժմ չի կատարվել, արդեն 72 ժամից ավելի է՝ այդ այցելությունը չի թույլատրվել, որը մեծ կասկածներ է առաջացնում: Փորձ է կատարվում շահարկումներ կատարել նրա գերեվարման աշխարհագրության հետ: Այդ բոլոր հանգամանքները պարզվում են եւ իհարկե, Պաշտպանության նախարարությունը այդ մասին կտեղեկացնի հանրությանը: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կարվի Պաշտպանության նախարարության կողմից, Արտաքին գործերի նախարարության կողմից, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որ առաջինը նա իրեն զգա անվտանգ եւ առողջ եւ երկրորդ` տեսնենք, թե ինչ պայմաններով կարող ենք նրան վերադարձնել»,-ասաց նախարարը:
21:36 - 30 օգոստոսի, 2020
«Մայր Հայաստան» թանգարանում անցկացվել է «Էրուդիտ» մրցաձևը

«Մայր Հայաստան» թանգարանում անցկացվել է «Էրուդիտ» մրցաձևը

Հայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 28-ին կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով։ Հարցերն առավելապես եղել են Հայրենական մեծ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ: Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հունաստանն է: Հայկական թիմն այս մրցաձևում երրորդն է: Մրցաձևի ավարտին թիմերի անդամները շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:
18:54 - 29 օգոստոսի, 2020
Պաշտպանության նախարարը ներկայացրեց աշխարհազորի ստեղծման նպատակները |armenpress.am|

Պաշտպանության նախարարը ներկայացրեց աշխարհազորի ստեղծման նպատակները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխարհազորի ստեղծման նպատակը համարում է հասարակությանը ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելուն պատրաստելը: Այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Հայաստանի շուրջ առկա և ձևավորվող սպառնալիքների ու ռիսկերի, նաև հարևանության նոր ռազմատենչ հայտարարությունների պարագայում, միայն գործող զինված ուժերի ռեսուրսներն, իհարկե, կարող են բավարար չլինել»,- ասաց Տոնոյանը: Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
17:30 - 28 օգոստոսի, 2020
Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում հայ սպային հայրենիք վերադարձնելու համար |armenpress.am|

Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում հայ սպային հայրենիք վերադարձնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահ է, որ միջազգային կառույցները ջանք չեն խնայում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին հայրենիք վերադարձնելու համար: Այս մասին Տոնոյանն ասաց օգոստոսի 28-ին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում: «Վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ն, և՛ Միջազգային Կարմիր խաչը, ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք չեն խնայում, որպեսզի զինծառայողը վերադարձվի»,- ասաց Տոնոյանը: Նախարարը նշեց, որ այժմ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կպարզվի, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: «Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնել է հակառակորդի կողմում: Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է կամ այլ պայմաններում է հայտնվել այնտեղ, պետք է պարզենք: Դրանից կախված մենք տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք, չնայած, որ հիմա մեր պահանջն այն է, որ առնվազն Ադրբեջանում Միջազգային կարմիր խաչի ներկայացուցչությունն այցելի մեր զինծառայողին: Այս պահին այդ պահանջը չի կատարվել»,- նշեց Պաշտպանության նախարարը:
17:14 - 28 օգոստոսի, 2020