Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում |armenpress.am|

Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը: Դրանցից առաջինում առանձին կետով անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի խնդրին: Բանաձևով Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և այդ կապակցությամբ կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան: Եվրախորհրդարանը բանձևով նաև ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովվի հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը, ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր անվտանգ վերադարձը: Բացի այդ, բանաձևով կոչ է արվել պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Բանաձևի առանձին՝ 38-րդ կետով Եվրոպական խորհրդարանը խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խաթարում Հարավային Կովկասում փխրուն կայունությունը: Կոչ է արվել Թուրքիային զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, ներառյալ՝ Ադրբեջանին ռազմական օգնություն առաջարկելու տեսքով, և հետ կանգնել իր ապակայունացնող գործողություններից ու ակտիվորեն խթանել խաղաղությունը: Քննադատվել է Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից դեպի ԼՂ: «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն – 2020թ. իրականացման վերաբերյալ տարեկան զեկույց» (CSDP) բանաձևում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առանձին պարբերության մեջ նշվում է.  «Եվրոպական խորհրդարանը ողջունում է ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը»։Այնուհետև մտահոգությամբ ընդգծվել է հակամարտությանը երրորդ երկրների ռազմական ներգրավվածությունը, հատկապես Թուրքիայի միջամտությունն ու ապակայունացնող դերակատարումը, կոչ է արվել իրականացնել միջազգային ուսումնասիրություն օտարերկրյա զինյալների ներկայության, կասետային զինատեսակների և ֆոսֆորային ռումբերի օգտագործման հարցերի առնչությամբ։ Եվրամիությանը և միջազգային կառույցներին կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը, պնդվել է այն մոտեցումը, որ անհրաժեշտ է թույլ տալ մարդասիրական աջակցության մատակարարումը տուժածներին, առանց ձգձգումների իրականացնել գերիների և տուժածների փոխանակումը և պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը: «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն – 2020թ. իրականացման վերաբերյալ տարեկան զեկույց» (CFSP) բանաձևում կոչ է արվում ԵՄ հարևանության նկատմամբ ստանձնել ռազմավարական պատասխանատվություն և կատարել ժամանակային առումով ավելի պատեհ, ավելի ակտիվ ու արդյունավետ դերակատարում՝ շարունակվող լարված իրավիճակներում ու հակամարտություններում միջնորդության ու դրանց խաղաղ կարգավորման, հետագա համակարտությունների կանխման նպատակով: Ի թիվս այլ ձևաչափերի, վերահաստատվել է ամուր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ընդգծվել է, որ ԱլԳ և ԵՄ հարևան այլ երկրների հետ համագործակցությունը պետք է առաջնահերթ լինի ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության համար՝ պայմանավորված այդ երկրների զարգացման և ժողովրդավարացման գործում ԵՄ կենսական շահով: Եվրոպական հանձնաժողովին և Արտաքին գործողության եվրոպական գործակալությանը կոչ է արվել, ի թիվս այլ ուղղություննների, ամրապնդել մարդկանց միջև շփումները, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով, երբ բոլոր պահանջները կատարված են:  
21:35 - 21 հունվարի, 2021
ՀՀ թեկնածուն ընտրվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ թեկնածուն ընտրվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ. ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբերի 4-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունների 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը 4 տարի ժամկետով ընտրվեց ԵԽ՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ։ Հայաստանի ներկայացուցչի ընտրությունն այս կարևոր փորձագիտական խմբում, վկայում է մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի հետևողական ջանքերի մասին։Խմբի անդամների ընտրություններին ներկայացված էին 18 երկրի 27 թեկնածու և Հայաստանի թեկնածուի հետ մեկտեղ ընտրվեցին նաև Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Բելգիայի և Լիտվայի ներկայացուցիչները։Տեղեկանք․ Եվրոպայի Խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբը բաղկացած է 15 անդամից և հանդիսանում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի վերահսկման պատասխանատու մարմին և հրապարակում է զեկույցներ՝ գնահատելով անդամ պետությունների կողմից մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները։
22:19 - 04 դեկտեմբերի, 2020
Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ հայ ռազմագերիների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ նամակն իմ կողմից ուղարկվել է՝- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին,- ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին,- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին,- ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։ «Ձեզ եմ դիմում՝ ակնկալելով անհապաղ գործողություններ՝ պաշտպանելու համար Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կոնվենցիոնալ իրավունքները։ Մասնավորապես՝ մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Այս տեղեկությունները սարսուռ են առաջացնում։ Եթե այս ենթադրությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի գործողություններն անցնում են քաղաքակիրթ պետությանը վերագրելի ցանկացած թույլատրելի սահման։ Նման քայլն արգելված է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայով, որի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝ - Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրությունից: - Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: Ընդ որում, նույն կոնվենցիայի ընդհանուր դրույթների ուժով՝ Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն կոնվենցիան (եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները): Հայցում ենք Ձեր անհապաղ միջամտությունը՝ ապահովելու համար հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և թույլ չտալու Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը»։  
16:37 - 26 նոյեմբերի, 2020
Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի. ԵԽ պատգամավոր |armenpress.am|

Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի. ԵԽ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը պատրաստվում է ԵԽ-ում բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման և այլ հարցեր: Լարս Պատրիկ Բերգը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսով քննարկում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ:  ԵԽ պատգամավորը հայտնել է, որ խոսել են պատերազմին առնչվող մի շարք հարցերի մասին:  «Դրանց ես կանդրադառնամ Եվրախորհրդարանում, հատկապես Ադրբեջանի կողմից պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավմանը: Մենք խոսել ենք միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործման մասին, որի համար բազում ապացույցներ կան, և միջազգային հանրության կողմից դրա հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին: Մենք նաև պայմանավորվեցինք, որ բոլոր պատերազմական հանցագործությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, հատկապես հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը»,-նշել է պատգամավորը:
12:02 - 25 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեցին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: COVID-19 համավարակով պայմանավորված՝ հունական նախագահությունը հրապարակեց «Արդյունավետ դիմագրավել հանրային առողջապահական ճգնաժամին՝ լիարժեք կերպով հարգելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը» (Effectively responding to a public health crisis in full respect for human rights, democracy and the rule of law) խորագրով հայտարարությունը: Նախարարական հանդիպման շրջանակներում նշվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքները՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքների և ԵԽ իրավապայմանագրային կարգի խախտումներով: Նախարար Մնացականյանը հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու կազմակերպության անարգել մուտքը հակամարտության գոտիներ։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին․ «Պարոն նախագահող, Ես միանում եմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյակի հիշատակմանը, որը հարյուր միլիոնավոր եվրոպացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում անկյունաքարային փաստաթուղթ է։ Մենք կիսում ենք Եվրոպայի խորհրդի տեսլականը, որ Կոնվենցիան պետք է պաշտպանի բոլոր եվրոպացիներին՝ անկախ նրանց բնակության տարածքի կարգավիճակից: Սակայն, ցավոք, դա այդպես չէ։ Սեպտեմբերի վերջին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ` Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, որն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումներով` ուղղված Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը: Թուրքիայի կողմից Ադրբեջանում զինյալ ահաբեկիչների տեղակայումն այդ երկու երկրների կողմից ստորագրված ԵԽ առնվազն երեք կոնվենցիաների խախտում է: Տասնյակ հազարավոր մարդիկ` երեխաներ, կանայք, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, այժմ տեղահանված են, նրանց տները, ենթակառուցվածքները, կրոնական հաստատություններն՝ ավերված: Ադրբեջանի զինված ուժերի և իր ահաբեկիչ դաշնակիցների կողմից ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և սպանությունը պատերազմական լուրջ հանցագործություններ են։ Այդ փաստն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, ով խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական մահապատժի առնչությամբ։ Ավելին, Ադրբեջանի զինված ուժերը սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ հրդեհում են անտառները, ինչը հակասում է շրջակա միջավայրի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին շրջանում մեր գործադրած ջանքերին։ Արցախում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես ահազանգել է Գլխավոր քարտուղարը։ Մենք կիսում ենք նրա գնահատականները: Կիսում ենք նաև Մարդու իրավունքների հանձնակատարի և ԵԽԽՎ դիրքորոշումները: Մենք համակարծիք ենք, որ պետք է հաստատվի հրադադար։ Մենք մի քանի անգամ փորձ կատարեցինք, բայց Ադրբեջանը տապալեց բոլոր փորձերը: Մենք համակարծիք ենք, որ պետք է հրաժարվել ատելության խոսքից, սակայն մենք տասնամյակներ շարունակ ապրում ենք մեր հարևաններից երկուսի կողմից հնչող ատելության հռետորաբանության պայմաններում: Դա հստակ կերպով արձանագրված է Եվրոպայի խորհրդի դիտորդական զեկույցներում: Մենք համակարծիք ենք, որ լրագրողներին պետք է հասանելիություն տրվի պատերազմը տեղում լուսաբանելու համար։ Մենք հավատարմագրել ենք հարյուրավոր միջազգային լրագրողների, ովքեր տեղում ականատես են եղել ավերածություններին և հումանիտար աղետին: Նրանցից ոմանք միտումնավոր թիրախավորվել են Ադրբեջանի կողմից։   Իրապես մենք կիսում ենք ձեր գնահատականները, ձեր հայտարարությունները: Սակայն հայտարարություններն այլևս բավարար չեն: Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը, ինչպես դա պահանջել է Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա։ Միջոցներ պետք է կիրառվեն՝ պարտադրելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք հանգեցնում են Արցախի քաղաքացիական բնակչության` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտմանը, ինչը նույնպես մատնանշել է Եվրոպական դատարանը: Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, իսկ այժմ էլ՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ապակայունացնող դերը պետք է հասցեագրվի։ Հորդորում եմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` հակամարտության գոտիներ անարգել մուտք ապահովելու համար: Նախարարների կոմիտեին հորդորում եմ վճռորոշ քայլեր ձեռնարկել և արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը: Խաղաղության ու բարգավաճման, Եվրոպայում առավել լայն միասնության ժառանգությանը: Սակայն այս շարունակվող պատերազմի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կամ նույնիսկ հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց սանիտարական կարիքներն ընկալելու անկարողությունը վկայում է առկա խորը ճգնաժամի մասին: Կոմիտեն պետք է գործողություններ ձեռնարկի, այլապես կարող է առերեսվել ժամանակավրեպ դիտարկվելու վտանգին: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, պարտավորություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանն այժմ խախտում է այդ հանձնառությունը և բացահայտ կերպով ընդունում, որ մտադիր է հակամարտությունը լուծել ուժի միջոցով: Կազմակերպությունը պետք է հասցեագրի այս խախտումը: Սա համաշխարհային կարգի համար վճռորոշ պահ է: Բազմակողմանիությունը կոչված է եղել ապահովել գլոբալ խաղաղությունը։ Այսօր բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է: Դրա ապագան կախված է յուրաքանչյուր պետության ավելի լայն միասնությունից, և դա է Եվրոպայի խորհրդի նպատակը: Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը և պետք է արագ գործենք: Հակառակը՝  ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական ճգնաժամը և արժեքահամակարգի ճգնաժամը: Շնորհակալություն:» 
18:43 - 04 նոյեմբերի, 2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից. Սարգսյանը՝ ԵԽ նախագահին

Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից. Սարգսյանը՝ ԵԽ նախագահին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հայաստանի նախագահը մանրամասնորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը: «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում»,-նշել է նախագահ Սարգսյանը: «Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա հետաքրքրվել է հակամարտության համատեքստում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներով։ Հայաստանի նախագահը հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում ապակայունացնող է և լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։ Զրուցակիցներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ, ինչը կարող է հանգեցնել մեծ հումանիտար աղետի։ Շառլ Միշելն ասել է, որ պետք է հարգել հրադադարը և առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղան: Նախագահ Սարգսյանը շատ կարևոր է համարել, որ միջազգային գործընկերներն ամբողջությամբ հասկանան հակամարտության էությունը և պատերազմը դադարեցնելու հստակ կոչ հնչեցնեն։ «Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:
19:08 - 21 հոկտեմբերի, 2020
ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|

ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը նամակով դիմել է Եվրոպական խորհրդին՝ առաջարկելով կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ: Ինչպես վկայում է Ֆրանկոսի «Թվիթեր»-ի միկրոբլոգը, ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հասցեագրված նամակում նշել է, որ Թուրքիան ավտորիտար, ֆաշիստական ռեժիմի պետություն է, որտեղ իշխանությունը կենտրոնացված է բացառապես նախագահ Էրդողանի ձեռքում: Թվարկելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում՝ Կիպրոսում, Հունաստանում, Լիբիայում, Սիրիայում, ինչպես նաև հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Ադրբեջանին աջակցությունը և ջիհադիստ զինյալների տեղափոխումը հակամարտության գոտի՝ նշել է, որ այս գործողություներից որևէ մեկը համաձայնեցված չի եղել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ: «Փաստը, որ Թուրքիան բավական երկար ժամանակ այլևս ժողովրդավար պետություն չէ, մեծապես հայտնի է և դրա ագրեսիան բազմիցս դատապարտվել է Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Թուրքիայի գործողությունները ոտնահարում են ՄԱԿ-ի նկատմամբ դրա հիմնարար պարտավորությունները, հակասում են ՆԱՏՕ-ի գաղափարախոսությանը: Դաշինքի ոգուն ու սկզբունքներին դեմ է նաև Թուրքիայի վերջին ակտիվությունը՝ կապված S-400 հրթիռային համակարգերի գնման հետ:   «Անհրաժեշտ է ընդգծել, որ ՆԱՏՕ դաշինքի անդամ Կանադան կիրառել է ռազմական սարքավորումների մատակարարման էմբարգո Թուրքիայի նկատմամբ, բացի դրանից ԱՄՆ-ը ևս հետաձգել է ռազմական համակարգերի մատակարարումը Թուրքիա: Հաշվի առնելով, որ անդամ երկրները կարող են կանխել ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը, եթե դրանք պետք է օգտագործվեն ներքին ճնշումների և միջազգային ագրեսիայի նպատակով կամ նպաստեն տարածաշրջանային անկայունությանը՝ ե՞րբ պետք է խորհուրդը կիրառի զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ»,-նշել է ԵԽ պատգամավորն իր նամակում, իսկ սոցիալական ցանցում  նամակը տարածելիս կիրառել է «բոյկոտել Թուրքիային», «սանկցիա կիրառել Թուրքիայի նկատմամբ» հեշթեգեր:
18:03 - 18 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի հռետորաբանությունը հետզհետե ավելի ռազմաշունչ է դառնում. Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին
 |azatutyun.am|

Թուրքիայի հռետորաբանությունը հետզհետե ավելի ռազմաշունչ է դառնում. Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններիընդարձակմանը նպաստելու և Եվրոպական միության նկատմամբ սադրիչ քայկլերի դիմելու համար: «Թուրքական հռետորաբանությունը գնալով ավելի ռազմաշունչ է դառնում, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բնավ չի մեղմում այդ կեցվածքը»,- այսօր Բրյուսելում հայտարարել է Սասսոլին: «Ինչո՞ւ Եվրոպական միությունը չի կարողանում վճռական գործողություններով արձագանքել Թուրքիայի այդ կեցվածքին»: Պատասխանելով այդ հարցին, Եվրախորհրդարանի խոսնակն ասել է, թե ինքն անձամբ խնդիրը մի քանի անգամ արծարծել է Եվրամիության լիդերների հետ հանդիպումներում: Հունաստանը և Կիպրոսն ամիսներ շարունակ Եվրոպայի միության գերագույն գործադիր մարմնից՝ Եվրոպական խորհրդից պահաջել են Թուրքիայի նկատմամբ սահմանել պատժամիջոցներ Միջերկրականում սադրիչ գործողություններ կատարելու համար:  
19:58 - 15 հոկտեմբերի, 2020
Եվրոպական խորհրդարանը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. նիստի հիմնական իրադարձությունները |hetq.am|

Եվրոպական խորհրդարանը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. նիստի հիմնական իրադարձությունները |hetq.am|

hetq.am: Րոպեներ առաջ ավարտվեց Եվրոպական խորհրդարանի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունները։  Քննարկումից առաջ ելույթով հանդես եկավ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բոռելը։ Նա նշեց, որ ԵՄ-ն չի ընդունում հակամարտության լուծումը ռազմական միջոցներով։ «Մեր դիրքորոշումը շատ հստակ է. ռազմական գործողությունները պետք է դադարեն, կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ առանց որևէ նախապայմանների»,-նշեց պրն Բոռելը։  ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ։ «Իմ վերջին խոսակցությունը Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի հետ շատ մտահոգիչ էր, քանի որ ադրբեջանական կողմը պնդում է, որ չի դադարեցնելու մարտական գործողությունները, քանի դեռ հայկական կողմը չի կատարել Ադրբեջանի պահանջները»,-նշեց պրն Բոռելը։ Փոխնախագահը խոսեց խաղաղ բնակչության ռմբակոծության մասին՝ հիշեցնելով երկու կողմերին խաղաղ բնակչությանը պաշտպանելու իրենց պարտականությունները։ Պրն Բոռելը  նաև դատապարտեց կասետային ռումբերի օգտագործումը և իր ցավակցությունը հայտնեց զոհվածների ընտանիքներին։ Ըստ նրա՝ ԵՄ-ն փոքր գումար է հատկացնելու Արցախում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։ Պրն Բոռելն ասաց, որ ԵՄ-ն չունի հստակ տեղեկատվություն մարտական գործողությունների մասին, հաճախ կողմերի տրամադրած տեղեկատվությունն իրարամերժ է, իսկ վերջին շրջանում նկատվում է կեղծ լուրերի տարածման ալիք։  Քննարկման ընթացքում ելույթ ունեցան նաև 30-ից ավելի պատգամավորներ։ Ելույթ ունեցողների մեծ մասը խիստ կերպով քննադատեց Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը տարածաշրջանում, շատերն անդրադարձան Թուրքիայի ռազմատենչ և ագրեսիվ հռետորաբանությանը։  Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան առավել ակտիվ քննադատում էին ձախակողմյան կուսակցությունների և կոալիցիաների ներկայացուցիչները, ազգությամբ ֆրանսիացի և հույն պատգամավորները։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
14:47 - 07 հոկտեմբերի, 2020