Եվրոպական խորհրդարանը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. նիստի հիմնական իրադարձությունները |hetq.am|
14:47 - 07 հոկտեմբերի, 2020

Եվրոպական խորհրդարանը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. նիստի հիմնական իրադարձությունները |hetq.am|

hetq.am: Րոպեներ առաջ ավարտվեց Եվրոպական խորհրդարանի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունները։ 

Քննարկումից առաջ ելույթով հանդես եկավ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բոռելը։ Նա նշեց, որ ԵՄ-ն չի ընդունում հակամարտության լուծումը ռազմական միջոցներով։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է. ռազմական գործողությունները պետք է դադարեն, կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ առանց որևէ նախապայմանների»,-նշեց պրն Բոռելը։ 

ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ։

«Իմ վերջին խոսակցությունը Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի հետ շատ մտահոգիչ էր, քանի որ ադրբեջանական կողմը պնդում է, որ չի դադարեցնելու մարտական գործողությունները, քանի դեռ հայկական կողմը չի կատարել Ադրբեջանի պահանջները»,-նշեց պրն Բոռելը։

Փոխնախագահը խոսեց խաղաղ բնակչության ռմբակոծության մասին՝ հիշեցնելով երկու կողմերին խաղաղ բնակչությանը պաշտպանելու իրենց պարտականությունները։ Պրն Բոռելը  նաև դատապարտեց կասետային ռումբերի օգտագործումը և իր ցավակցությունը հայտնեց զոհվածների ընտանիքներին։ Ըստ նրա՝ ԵՄ-ն փոքր գումար է հատկացնելու Արցախում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։

Պրն Բոռելն ասաց, որ ԵՄ-ն չունի հստակ տեղեկատվություն մարտական գործողությունների մասին, հաճախ կողմերի տրամադրած տեղեկատվությունն իրարամերժ է, իսկ վերջին շրջանում նկատվում է կեղծ լուրերի տարածման ալիք։ 

Քննարկման ընթացքում ելույթ ունեցան նաև 30-ից ավելի պատգամավորներ։ Ելույթ ունեցողների մեծ մասը խիստ կերպով քննադատեց Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը տարածաշրջանում, շատերն անդրադարձան Թուրքիայի ռազմատենչ և ագրեսիվ հռետորաբանությանը։ 

Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան առավել ակտիվ քննադատում էին ձախակողմյան կուսակցությունների և կոալիցիաների ներկայացուցիչները, ազգությամբ ֆրանսիացի և հույն պատգամավորները։

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել