Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Փոխնախարարն անդրադարձավ առաջին դասարանցիներին գրանցելու համար կեղծ փաստաթղթերի օգտագործման հարցին |armenpress.am|

Փոխնախարարն անդրադարձավ առաջին դասարանցիներին գրանցելու համար կեղծ փաստաթղթերի օգտագործման հարցին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում առաջին դասարանցիների առցանց հայտագրման համակարգը արձանագրել է ծնողների կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործման դեպքեր։ Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Մենք փորձել ենք շատ մանրակրկիտ ստուգել բոլոր այն տվյալները, որ առաջնահերթություն ունեցողների գրանցման ընթացքում արձանագրվել են։ Ունեցել ենք 6 տասնյակից ավելի դեպք, որոնք հավելյալ ստուգել ենք, օրինակ՝ ազգանունների տարբերության առումով»,- նշեց Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում իրենք սերտ համագործակցել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հետ, և բոլոր այն դեպքերը, որոնց պարագայում ունեցել են ճշգրտելու ավելի լուրջ հիմքեր՝ մանրակրկիտ նայել են։ ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծեց՝ որոշ դեպքերում պարզվել է, որ գործ են ունեցել 2-րդ ամուսնության կամ հայրության ճանաչման գործընթացի հետ։ Եղել են նաև հատուկենտ դեպքեր, երբ փորձ էր արվել խեղաթյուրել փաստաթղթերը, և այդ հայտերն ուղղակի չեղարկվել են։ Անդրեասյանը կոչ արեց առաջին դասարանցիների ծնողներին, որպեսզի այլևս նման փորձեր չանեն, քանի որ համակարգն աշխատում է շատ հստակ, և հնարավոր է պարզել ցանկացած նման քայլ։
13:39 - 17 հունիսի, 2020
Առցանց համակարգով հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի |armenpress.am|

Առցանց համակարգով հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի |armenpress.am|

armenpress.am: Հանրապետության բոլոր այն համայնքներում, որտեղ կա 1 և ավելի դպրոց՝ առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով. արդեն հայտագրվել է 22 հազար 150 երեխա։ Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Այս տարի մենք կանխատեսում ենք ունենալ շուրջ 40 հազար առաջին դասարանցի։ Հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է իրականացվում շուրջ 25-27 հազար երեխայի համար։ Սրանք այն երեխաներն են, որոնք բնակվում են այն համայնքներում, որտեղ կա 1-ից ավելի դպրոց։ Այս պահին արդեն հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի»,- նշեց Անդրեասյանը։ Տվյալ համակարգն առաջին անգամ փորձարկվել է 2019 թվականին Երևանում և փորձարկման արդյունքներով, հետագայում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում եղավ փոփոխություն, որով 2 խմբի ընձեռվեց առաջնահերթության իրավունք։ Առաջին խմբում այն երեխաներն էին, ում քույրը կամ եղբայրը սովորում են տվյալ դպրոցում, իսկ երկրորդ խմբում էլ նրանք էին, ում ծնողները կամ օրինական ներկայացուցիչներն աշխատում են դպրոցում։ «Հաշվի առնելով առաջնահերթությունը՝ համակարգը գործել է հատուկ ձևով. հունիսի 1-10-ն առցանց հայտագրվելու հնարավորություն են ունեցել այդ խմբերի երեխաները։ Այդ առաջնահերթության իրավունքից օգտվել է 9247 երեխա»,- ասաց ԿԳՄՍ փոխախարարը։ Նա ընդգծեց, որ համակարգն այս ընթացքում աշխատել է անխափան, և ծնողները բավական արագ և հեշտ կարողացել են գրանցել իրենց երեխաներին։ Հունիսի 11-ից հայտագրվելու իրավունք ունեն բոլորը։ «Հանրապետությունում մենք ունեցել ենք 49 դեպք, երբ ծնողները միաժամանակ գրանցել են իրենց երեխաներին միևնույն դպրոցում։ Սա տեխնիկական հարց է, և կփորձենք այն լուծել։ Ունեցել ենք իրավիճակներ, երբ ընտանիքում եղել են 1 և ավելի երեխա՝ զույգեր կամ նույնիսկ եռյակներ, և ծնողները հասցրել են նրանցից 1-ին գրանցել, իսկ մյուսին՝ ոչ։ Այս հարցը նույնպես կփորձենք կարգավորել։ Մենք ունենք նաև ազգային փոքրամասնությունների խումբ, որոնց համար իրենց մայրենի լեզվով ուսուցման հնարավորությունները սահմանափակ են կոնկրետ դպրոցներում և դասարաններում»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։  
12:22 - 17 հունիսի, 2020
Դպրոցներում գնահատման համակարգը չի աշխատում, միգուցե ազնիվ լինենք և խոսենք այդ խնդիրների մասին․ ԿԳՄՍ փոխնախարար
 |armenpress.am|

Դպրոցներում գնահատման համակարգը չի աշխատում, միգուցե ազնիվ լինենք և խոսենք այդ խնդիրների մասին․ ԿԳՄՍ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Երեխաներին հետաքրքիր չէ, թե ինչ գնահատական են իրենք ստանում. գնահատման համակարգը չի աշխատում։ Առցանց ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Գնահատականները հետաքրքրում են մեզ՝ ծնողներիս, հետաքրքրում են կրթական գործընթացի այլ մասնակիցներին։ Մենք փորձում ենք դա դրսևորել իբրև պատժի մեխանիզմ՝ երեխային երկուս նշանակել կամ որևէ այլ ցածր գնահատական, բայց չի ազդում նրանց վրա։ Դա կարող է նրանց վրա ազդել իբրև ծնողից վախ, դա կարող է նրանց վրա ազդել իբրև վախ որևէ այլ պատժից, որը բուն գնահատականը չէ։ Եթե մենք այսօր խոսում ենք այդ խնդիրների մասին, միգուցե, ազնիվ լինենք և խոսենք մեր գնահատման համակարգի խնդիրների մասին»,- նշեց Անդրեասյանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի առնվազն 1-4 դասարաններում աշակերտները չեն գնահատվի։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր. «Մենք այս որոշումը կայացրել ենք դեռ մինչ հեռավար կրթության անցնելը։ Լինելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք մեր ուսուցիչներին, վերապատրաստումներ կիրականացվեն։ Այս համակարգով մենք երեխային չենք կապում գնահատականին, այլ կապում ենք գիտելիքի և կրթության հետ»: Դրանով հանրակրթության ոլորտում որոշակի հեղափոխություն է իրականացվում։ Նրա խոսքով՝ նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։  
18:24 - 01 մայիսի, 2020
ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին՝ Լիճք գյուղի մանկավարժի հետ կապված միջադեպի առնչությամբ |armtimes.com|

ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին՝ Լիճք գյուղի մանկավարժի հետ կապված միջադեպի առնչությամբ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ ունեցել է բազմաթիվ քննարկումներ՝ Լիճք գյուղի մանկավարժի հետ կապված միջադեպի առնչությամբ։ Տեղեկատվությունը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Հիշեցնենք, որ գյուղի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի հայոցի լեզվի եւ գրականության ուսուցիչն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ կարելի է մորթել ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջողներին ու նրանց ընտանիքներին։ Անդրեասյանը, անդրառնալով այդ դեպքին, նշել է, որ բռնության կոչերը համարում է անթույլատրելի։ Հարցի հետ կապված մարզպետարանը փորձել է որոշակի քայլեր ձեռնարկել: Նախարարությունն էլ իր հերթին դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի համապատասխան իրավական գնահատական տրվի։
15:44 - 28 ապրիլի, 2020
Կրթության մեջ չբավարարող իրավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ չենք որոշել փոխել այն. ԿԳՄՍ փոխնախարար |civilnet.am|

Կրթության մեջ չբավարարող իրավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ չենք որոշել փոխել այն. ԿԳՄՍ փոխնախարար |civilnet.am|

civilnet.am: Ես փորձում եմ տեսնել հեռավար ուսուցման դրական կողմերը, որոնք թույլ են տալիս զարգացնել կրթական համակարգը. ապրիլի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Դրական կողմերն, ըստ Անդրեասյանի, ուսուցիչների շրջանում համագործակցությունն ու համերաշխությունն են, սովորողների, ծնողների և ուսուցիչների միջև համագործակցային նոր մոդելներն են: Անդրեասյանի համոզմամբ՝ մենք ենք ընտրում, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել․ «Չեմ ասում դնենք վարդագույն ակնոցներ, ես ասում եմ յուրաքանչյուր գործընթաց դիտարկենք իբրև հնարավորություն դրական փոփոխությունների, որոնց ուզում ենք տանել մեր կրթական համակարգը»։ Փոխնախարարը նկատեց, որ ոչ ոք գոհ չէ դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում տիրող ընդհանուր իրավիճակից, որը կար նաև մինչև արտակարգ դրությունը, և այնպես չէ, որ բոլորը կարծում են՝ դպրոցներից, համալսարաններից դուրս են գալիս իդեալական շրջանավարտներ: Նրա խոսքով՝ կրթության մեջ չբավարարող իրավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ չկա որոշում փոխել այն: Հարցին, թե ինչով է պայմանավորված աշակերտների կիսամյակային գնահատականների համար մինչև մարտի 13-ը ստացած գնահատականների հաշվի առնումը՝ փոխնախարարը պատասխանեց, որ պետք է ունենալ հավասար իրավիճակ բոլոր աշակերտների համար: Առկա ուսուցումը հենց այդ իրավիճակն է: Սա նշանակում է, որ բոլոր երեխաները այս կամ այն կերպ ունեցել են հնարավորություն դպրոց հաճախելու՝ չհաշված անհատական իրավիճակները բացակայելու համար: Հետևաբար տարեկան ամփոփումը անելիս պետք է հիմնվել այս իրավիճակի վերջնաժամկետի վրա: Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ սա շատ լավ տարբերակ է բոլորի համար՝ հասկանալու, թե որն է կրթության իմաստն ու նպատակը կյանքում, արդյոք երեխաները սովորում են միայն գնահատականի՞ համար, թե՞ պատկերացնում են՝ այսօր ստացած գիտելիքն ու հմտությունը ինչպես կարող են օգտագործել հետագայում: Նրա խոսքով՝ պետք է վերանայել պատկերացումները կրթության մասին: Խոսելով համակարգչային սարքավորումների տրամադրման մասին՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կար համակարգչային սարքավորումների հավաքագրման և ըստ մարզերի բաշխման նախաձեռնություն:  «Այստեղ մենք ունեցանք որոշակի քանակությամբ սարքավորումներ, որոնք տրամադրել ենք մարզերին, նաև փորձել ենք համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ: Կան կազմակերպություններ և՛ տեղական, և՛ միջազգային, որոնք  ավելի մեծ մասնակցություն են ունեցել այս գործընթացին: Օրինակ, «Վիվասել» ընկերությունը 500 սմարթֆոն նվիրաբերեց այս գործընթացին: Եղել են նաև կազմակերպություններ, որոնք 100-ից ավելի սարքավորումների տրամադրումով մասնակցել են գործընթացին: Անդրեասյանի խոսքով՝ նախքան գործընթացի սկիզբը խոսվում էր 24 000 սարքավորման պահանջի մասին: Հետագայում նախարարություն եկած դիմումները ցույց տվեցին, որ սարքավորումների պահանջը ավելի շատ է: Սա է նաև հանդիսացել պատճառներից մեկը, որ ուսումնական տարվա վերջնական գնահատականները ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ստացված գնահատականներով», - նշեց Անդրեասյանը։ Ինտերնետ հասանելիության համար նախարարությունը բանակցել է կապի բոլոր օպերատորների հետ, ստացել համաձայնություն՝ մատչելի սակագների համար: Հասանելիության համար են ստեղծվել նաև նախարարության կողմից Հանրային հեռուստաընկերությամբ անցկացվող օնլայն դասընթացները։
14:38 - 28 ապրիլի, 2020
Ունենք հեռավար կրթության գործընթացում ավելի քան 80 տոկոսի մասնակցություն․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան

Ունենք հեռավար կրթության գործընթացում ավելի քան 80 տոկոսի մասնակցություն․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախարարությունը մի շարք ուղղություններով քայլեր է ձեռնարկել կրթության շարունակականությության ապահովման համար։ Քայլերը հիմնականում ուղղված են եղել հեռավար ուսուցման հասանելիության բարձրացմանը, անհրաժեշտ բովանդակության պատրաստմանը և ուսուցիչներին աջակցությանը, ինչպես նաև մեթոդական կարգավորմանը։ «Շարունակել ենք մեր համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ, որի շրջանակներում ամեն օր՝ առավոտյան 08։30-ից, եթերում են հանրային դասերը։ Այստեղ աշխատում ենք ներառել նաև մասնագիտական կողմնորոշման, ֆինանսական գործիքների օգտագործման և այլ թեմաներ, որոնք ոչ միայն ուսումնական նյութ են, այլ նաև պոտենցիալ կրթական բովանդակություն են ավելի լայն խմբերի համար։ Արձագանքները ցույց են տալիս, որ մենք ունենք շատ ավելի լայն լսարան, և այդ լսարանը այդ կրթական բովանդակությունը բավականին համարժեք է գնահատում։ Հանրային դասերը շարունակվում են նաև 11։30-ից 12։40։ Այս անգամ առանցքում բնագիտական առարկաներն ու մաթեմատիկան են՝ ավագ դասարանների համար»,- նշեց նա։ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախարարությունը պատրաստում է թեմատիկ պլաններին համապատասխան տեսադասեր։ «Արդեն իսկ ունենք ավելի քան 95 տեսադաս, որոնք հասանելի են ինչպես մեր յութուբյան էջում, այնպես էլ մենք դա տեղադրում ենք նախարարության ֆեյսբուքյան էջում և տարածում ենք հեռահաղորդակցության ընկերությունների հետ մեր համագործակցության շրջանակներում նրանց տրամադրծ տարածքներում․ խոսքը և՛ Ucom-ի, և՛ Rostelecom-ի, և Beeline-ի մասին է, որոնց հետ ձեռք բերած համաձայնությունների արդյունքում բոլոր դասերը անվճար հասանելի են դառնում այդ ընկերությունների բջջային հավելվածներում և թվային հեռուստատեսություններում։ YouTube-ում դրանց դիտելն ու բեռնելն անվճար է»,- նշեց նա։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կա համագործակցություն մարզային հեռուստաընկերությունների հետ, և տեսադասերը նաև հասանելի են մարզային հեռուստաընկերությունների եթերում։ Նա նշեց, որ  սա հատկապես կարևոր է, քանի որ կան տեղեկություններ, թե աշակերտների և ուսուցիչների որոշ խմբեր չունեն հասանելիություն սարքերին և չեն կարողանում  միանալ հեռավար ուսուցմանը։   «Այս տարվա մարտի 29-ից Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ընդունում ենք համակարգչային սարքավորումներ, արդեն իսկ հավաքագրել ենք շուրջ 600 սարքավորում, որոնց զգալի մասն ամբողջությամբ նոր է։ Սրանք տրամադրել ենք մարզերին, տրամադրել ենք նաև քարտեր։ Ունեցել ենք նվիրաբերություններ ինչպես կազմակերպությունների, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից»,- ասաց նա։ Ժաննա Անդեասյանը նշեց, որ նախարարությունն այս ընթացքում մի շարք ուղեցույցներ է մշակել ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար։ Գործարկվել է էլեկտրոնային մատյան, որը հնարավորություն է տալիս արձանագրել, թե ինչպես են իրականացվում հեռավար դասերն առանձին դպրոցներում, ինչպիսի աշխատանք են կատարում ուսուցիչները։ Մատյանը գործարկվել է մարտի 26-ին, և այս պահին ուսուցիչների 80 տոկոսն այնտեղ գրանցված է։ «Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ մենք ունենք հեռավար կրթության գործընթացում ավելի քան 80 տոկոսի մասնակցություն․ խոսքն աշակերտական համակազմի մասին է։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի միջոցով վերապատրաստման արագացված դասընթանցեր ենք կազմակերպել ուսուցիչների համար։ Դասընթացներն իրականացրել ենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետության ուսուցիչների համար»,- ասաց նա։
12:59 - 07 ապրիլի, 2020
Սոցիալական շտապօգնություն. Հայաստանում ներդնում են նոր համակարգ |armenpress.com|

Սոցիալական շտապօգնություն. Հայաստանում ներդնում են նոր համակարգ |armenpress.com|

armenpress.am։ Հայաստանում ներդրվող սոցիալական շտապօգնության ինստիտուտը կամավորներին հնարավորություն կտա օգնել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ է սոցիալական շտապօգնության ինստիտուտը, խոսեց դրա կարևորության և անհրաժեշտության մասին: «Սոցիալական շտապօգնության համակարգի ստեղծման գաղափարը ծնվել է դեռ մի քանի տարի առաջ: Այժմ մենք փորձում ենք իրականություն դարձնել այն: Համակարգն ուղղված է նրան, որ մենք կարողանանք ավելի համակարգված ձևով հավաքագրել և արձագանքել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց: Այս ծրագրին պետք է ներգրավենք տարբեր ՀԿ-ների, ակտիվ քաղաքացիների, պետական կառույցների, ինչպես նաև համայնքներին և մարզպետարաններին»,- նշեց Անդրեասյանը և հավելեց, որ այդ բոլոր կառույցների միջև ենթադրվում է սերտ համագործակցություն, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիների կարիքներն ամբողջությամբ, համակարգված բավարարել: Նրա խոսքով՝ սոցիալական շտապօգնության հարթակ ստեղծելով՝ կմեկտեղվեն աջակցության կարիք ունեցողների տվյալներն ու նրանց աջակցելու հնարավորությունները: «ՀՀ տարբեր մարզերում նախատեսվում է ստեղծել տարածքային կետեր, և այժմ մենք իրականացնում ենք դրանց քարտեզագրումը: Նպատակ ենք դրել առնվազն բոլոր խոշոր բնակավայրերում ունենալ այդ տարածքային կետերից, որոնք գործելու են իբրև ընդունիչ և բաշխիչ տարածքներ, որտեղ մարդիկ և կառույցները կարող են փոխանցել այն ամենը, ինչը որպես աջակցություն կտրամադրվի մյուսներին: Այդ ամենի կարիքն ունեցողներն էլ կարող են գալ և վերցնել տվյալ կետերից»,- ասաց Անդրեասյանը: Այս պահին քննարկումներ են ընթանում տարածքային կետերի վերաբերյալ, քանի որ այնտեղ պետք է դրվի նաև որոշակի պայմանների բավարարման խնդիր, հատկապես, եթե խոսքը սննդամթերքի մասին է: Նախարարությունն իր կայքում հասանելի կդարձնի տարածքային քարտեզը, որպեսզի մարդիկ իմանան, որ օրինակ, կարող են ցանկության դեպքում մոտենալ այդ կետին և հանձնել այն իրը, ինչ կցանկանան, կարիք ունեցողն էլ դա վերցնի: Փոխնախարարը տեղեկացրեց, որ մարդիկ կարող են բնաիրային աջակցություն տրամադրել՝ մանկական սայլակից, տեխնիկայից սկսած մինչև, ասենք, հագուստ:«Այստեղ մենք ցանկանում ենք երկու գաղափար ներդնել՝ աջակցություն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը և փոխօգնության տարրը: Ցանկանում ենք տարածել այս մշակույթը, որպեսզի մարդիկ իմանան, որ ցանկացած մեկի կարիքի մեջ լինելու դեպքում կարող ենք աջակցություն տրամադրել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Սոցիալական շտապօգնության համակարգում գերատեսչությունը նախատեսում է նաև իրականացնել կամավորական աշխատանք, որտեղ ներգրավված կլինեն իրավաբաններ, հոգեբաններ:«Այդ անձինք կամավորության սկզբունքով օրվա որոշակի ժամերին կարող են որոշակի ծավալով աջակցություն ցուցաբերել դրա կարիքն ունեցող մարդկանց: Այս ծառայությունները նույնպես սոցիալական շտապօգնության համակարգի մաս են կազմելու»,- ընդգծեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը և հավելեց, որ առաջիկայում տարածելու են կամավորների բանկի ստեղծման հայտարարություն, այսինքն՝ կհավաքվեն այն մարդկանց տվյալները, ովքեր ցանկություն կունենան միանալ համակարգին: Ծրագիրը կազմված է լինելու երկու փուլից և առաջինում, որպեսզի աշխատանքը համակարգված լինի, այդ գործընթացը կիրականացնեն սոցիալական աջակցության տարածքային մարմինները: Երկրորդ փուլում նախատեսվում է գործարկել էլեկտրոնային համակարգ, որը շատ հեշտ օգտագործման գործիք կլինի ցանկացած մարդու համար:Անդրեասյանը վստահ է, որ ծրագիրը հաջողված կլինի այն պարագայում, երբ համակարգը լինի ապակենտրոն:   Ավելին՝ armenpress.am-ում
06:00 - 19 հուլիսի, 2019
Զինծառայող Յուրի Բրոյանի հարցը փորձում են լուծել. վաղը նրան կներկայացնեն Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին |aysor.am|

Զինծառայող Յուրի Բրոյանի հարցը փորձում են լուծել. վաղը նրան կներկայացնեն Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին |aysor.am|

aysor.am: Զինծառայող Յուրի Բրոյանի հարցը, կարծես, փորձում են լուծել, ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ «Մարդու իրավունքների պաշտպանն է փորձում աջակցել, Նաիրա Զոհրաբյանի հետ եմ խոսել, ասում էր, որ պետք է այցելեր», - նշեց նա։ Ժաննա Ալեքսանյանը պատմեց, որ Յուրի Բրոյանը, որն ազգությամբ եզդի է, բանակ է զորակոչվել թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ՝ անցած տարվա օգոստոսին։ «Ծառայություն անցնելուց տասն օր հետո նրան ծեծի է ենթարկել գումարտակի հրամանատարը, երեք օր Բրոյանին փակել են «կապտյորկայում», նա փորձել էր ինքնավնասում կատարել, հետո տեղափոխել էին Կանազի հոսպիտալ, ինչ-որ ներարկումներ էին արել և նա կորցրել էր խոսելու ունակությունը, ցնցումների մեջ էր հայտնվել», - ասաց Ժաննա Ալեքսանյանը։ Իրավապաշտպանն ընդգծեց՝ չի կարող պնդել, բայց Յուրի Բրոյանն ասում է, որ ներարկումներն իր վրա ազդել են։ «Ակնհայտ էր, որ նա ծառայել չէր կարող, հինգ ամիս խոսել չէր կարողանում, հիմնականում նրան պահել էին Ռազմական ոստիկանությունում», - նշեց նա։Ժաննա Ալեքսանյանը ընդգծեց՝ ակնհայտ էր, որ զինծառայողը հիվանդ էր, բայց Պաշտպանության նախարարությունը գտել է, որ նա սիմուլյանտ է։«Քրեական գործի շրջանակներում նշանակվեցին փորձաքննություններ, որոնք ժխտեցին սիմուլյանտությունը, երկու փորձաքննություն հաստատեց, որ նա սիմուլյանտ չէ», - ասաց նա։ Իրավապաշտպանը նշեց, որ զինծառայողին հետագայում տեղափոխել են Նուբարաշենի հիվանդանոց, սակայն, վերջինիս խոսքով, նորմալ բուժում չի էլ ստացել։«Դուրս գրվելուց հետո նրան նորից տարել էին Ռազմական ոստկանություն, որն անօրինական է, իրավունք չունեին նրան այնտեղ պահելու, ուզում էին զորամաս տեղափոխել, բայց ինքը չի կարող զորամասում ծառայել, անընդհատ ցնցումների մեջ է», - ասաց նա։ Յուրի Բրոյանը երկու ամիս է, ինչ սկսել է խոսել, սակայն ցնցումները չեն անցել։Զինծառայողի փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ  ասաց, թե որևէ հիմք չկա, որ զինծառայողը գտնվի Ռազմական ոստիկանությունում։ «Մենք չենք ասում, որ այնտեղ իրեն վատ վերաբերմունք են ցուցաբերում, բայց այն, որ ինքը բուժման կարիք ունի, ակնհայտ է ու, որ հիմա չի բուժվում, դա ինքնին վատ վերաբերմունք է պետության կողմից», - ասաց նա։ Փաստաբանի խոսքով՝ այսօր Պաշտպանության նախարարությունից պատրաստակամություն են հայտնել, որ վաղը Բրոյանին ներկայացնեն Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին։ Հայարփի Սարգսյանը ընդգծեց՝ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե իր պաշտպանյալը չի ուզում վերադառնալ ծառայության։ «Նախ, ինքն ի վիճակի չէ վերադառնալ, իսկ ամիսներ առաջ նշում էր՝ բուժեք, տարեք, բայց քանի որ չեն կարողանում բուժել ու նշում են, որ ինքը չի բուժվում, ինչպե՞ս տանել։ Բժիշկների եզրակացությունն արդեն պատրաստ է, որ ինքը խնդիր ունի, մնում է հանձնաժողովի եզրակացությունը», - ասաց նա։
13:41 - 17 հուլիսի, 2019
Մարզերի բուժհաստատությունները հաճախ չեն ունենում սարքավորումներ կանանց լիարժեք հետազոտության համար |armenpress.am|

Մարզերի բուժհաստատությունները հաճախ չեն ունենում սարքավորումներ կանանց լիարժեք հետազոտության համար |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ մարզերում առողջապահական ենթակառուցվածքները հիմնականում անհասանելի են, քանի որ բուժհաստատությունները հագեցած չեն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մարզային բուժհաստատություններում տրամադրվող ծառայությունների որակը բավարար չէ: «Մարզերում առողջապահական ոլորտում առկա է ֆինանսական անմատչելիություն: Սոցիալապես անապահով, բազմազավակ կամ միայնակ մայրերն ավելի խոցելի են և հետազոտություններ անցնելու հնարավորություն չունեն: Գեղարքունիքի մարզում ապրող կանայք հայտնեցին, որ առողջությանը հետևում են միայն այն ժամանակ, երբ կարգավորված են լինում իրենց համար մնացած ավելի կարևոր հարցերը»,- նշեց Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ մարզերում բացակայում է առողջության պահպանման մշակույթը, ինչպես նաև մարզաբնակ կանանց կողմից սեփական առողջությանը հետևելու վարքագիծը:Փոխնախարարը նկատեց, որ մարզերում բուժաշխատողների վերապատրաստման կարիք կա:
10:12 - 16 հուլիսի, 2019
Կանանց հիմնական խնդիրը ՀՀ մարզերում աշխատանքի բացակայությունն է. փոխնախարար |news.am|

Կանանց հիմնական խնդիրը ՀՀ մարզերում աշխատանքի բացակայությունն է. փոխնախարար |news.am|

news.am: Մայիս-հունիսին Հայաստանի 10 մարզերում 56 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներին մասնակցել է 175 քաղաքացի։ Այս մասին Երեւանում, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած քննարկումների ընթացքում, հուլիսի 16-ին ասաց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը նշեց, որ նրանք դրա համար անցել են 1765 կիլոմետր։ «Հայաստանը փոքր է, բայց ոչ այնքան, եւ եթե մենք որոշել ենք ճանապարհ ընկնել, ապա մենք շատ բան կտեսնենք... Մարզերում մարդկանց հիմնական խնդիրներն աշխատանքի տեղավորվելու եւ զբաղվածության հարցերն են, սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաեւ առողջապահության, կրթության, գենդերային խտրականության, որոշումների կայացմանը կանանց ներգրավվածության ցածր մակարդակի եւ բռնության հարցերը»,- ասել է Անդրեասյանը։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ամենից հաճախ իրենց այցելությունների ընթացքում շոշափվել եւ քննարկվել է աշխատանք ունենալու խնդիրը։ Մասնավորապես, փոխնախարարի խոսքով՝ մարդիկ դժգոհել են աշխատանքի բացակայությունից եւ ըստ մասնագիտության աշխատելու հնարավորության սահմանափակությունից։
09:18 - 16 հուլիսի, 2019
Կարևորում ենք կանանց դերի բարձրացումը նաև կառավարման ոլորտում․ Ժաննա Անդրեասյան

Կարևորում ենք կանանց դերի բարձրացումը նաև կառավարման ոլորտում․ Ժաննա Անդրեասյան

«Մարզային այցելությունները ճանաչողական-կիրառական նշանակություն ունեն մեզ համար, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս է պետք փոխել մեր ծրագրերն ու քաղաքականությունը, որպեսզի դրանք համարժեք լինեն մարզերում արձանագրված խնդիրներին և ծառայեն մարդկանց տարբեր խմբերին։ Մեր նպատակն է նաև նախարարության հիմնական օրակարգի և քաղաքականության վերաբերյալ իրազեկումը»- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Մարտունիում՝ մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է գենդերային ռազմավարության մի շարք գերակայություններ, որոնք ուղղված են խտրականության բացառմանը, կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործման քաղաքականությանը, ընտանեկան և աշխատանքային պարտականությունների համատեղմանը, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտում կանանց ներգրավվածության և առաջխաղացման ավելի մեծ հնարավորությունների ընձեռնմանը։ «Գերակայություններից հաջորդը՝ առողջապահական համակարգի բարելավումն է, որը պետք է հնարավոր դարձնի կանանց առողջության պահպանման ավելի արդյունավետ քաղաքականությունը՝ ոչ միայն վերարտադրողական առողջության, այլև՝ ընդհանրապես, բժշկական ծառայությունների հասանելիության և սեփական առողջությանը հետևելու մշակույթի տարածման տեսանկյունից։ Մենք կարևորում ենք նաև կանանց դերի բարձրացումը կառավարման ոլորտում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անհրաժեշտ են համարել սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի՝ հատկապես կանանց մասնագիտական վերապատրաստումների և զբաղվածության հարցի կարգավորումը, ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծումը, համայնքային զարգացման կենտրոնների հիմնումը, բարձրակարգ բուժսպասարկում իրականացնող հիվանդանոցների առկայությունը։ Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը նաև էական է համարել ընտանեկան բռնության երևույթի կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց համալիր աջակցության տրամադրման ապահովումը։ Նա տեղեկացրել է, որ այս նպատակով հանրապետության բոլոր մարզերում նախատեսվում է ունենալ առանձնացված աջակցության կենտրոններ․ «Առաջին փուլում նախատեսում ենք զարգացնել կարողությունները մարզերում, ապա իրականացնել մրցույթներ, և այս աջակցության տրամադրումը պատվիրակել հասարակական կազմակերպություններին: 2020թ. հունվար ամսից կգործի նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցության ծառայությունը՝ (ամսական մինչև 150.000 դրամ), որը նախատեսված է օգնելու անձին տվյալ իրավիճակը հաղթահարելու, նոր հմտություններ ու կարողություններ ձեռքբերելու՝ հետագայում սեփական կարիքները հոգալու համար»։ Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալը նշել է, որ մարզում առկա խնդիրները կներկայացվեն նաև շահագրգիռ մյուս գերատեսչություններին և համատեղ քաղաքականության մշակմամբ հնարավոր կլինի արդյունավետ ծրագրեր իրագործել:
10:27 - 19 հունիսի, 2019
Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը նախարարության առաջնահերթ նպատակներից է․ Ժաննա Անդրեասյան

Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը նախարարության առաջնահերթ նպատակներից է․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նախարարությունում սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտի փորձագետների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը նախարարության առաջնահերթ նպատակներից է, որն արդեն իսկ ներառել են առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում և այդ առաջնահերթությունն ամրագրել են քաղաքական մակարդակով: Փոխնախարարը, դրական գնահատելով սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլերը, նշել է, որ դրանք, այնուամենայնիվ, դեռևս հեռու են բավարար լինելուց: «Պետք է հասկանանք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ներդրումների, ի՞նչ ռեսուրսների ներգրավմամբ և ինչպիսի՞ գործառութային ու կառուցվածքային բաժանման պայմաններում է այն իրականանալու։ Որպես ածանցյալ, պետք է դիտարկել նաև «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարող ենք համարել գործառնական նպատակ և քննարկել, թե ի՞նչ խնդրի է ծառայելու»,- ասել է նա: «Սոցիալական աշխատողների ասոցիացիայի» նախագահ Միրա Անտոնյանն առաջարկել է սոցիալական ծառայությունների ստանդատների առանձնացում կատարել՝ (կոմպետենտության մակարդակների սահմանում), նաև սոցիալական աշխատողի աշխատանքի որակի վերահսկողության սահմանում։ Անտոնյանը խիստ կարևորել է մասնագիտական կրթության առկայությունը, նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպումը։ Հանդիպման ընթացքում, փոխնախարարը շեշտել է սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում տիրող իրավիճակի ճիշտ «ախտորոշման» կարևորությունը, ինչը ենթադրում է աշխատուժի քարտեզագրում (ներառյալ մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներ), ինչպես նաև ֆունկցիոնալ վերլուծություն։ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է մշակել անելիքների ժամանակացույց, նաև քննարկման ասպեկտների աստիճանավորում ու թիրախավորում կատարել։
05:40 - 09 մայիսի, 2019
Մարզային հանդիպումները պետք է աշխատելաոճ լինեն. Ժաննա Անդրեասյան

Մարզային հանդիպումները պետք է աշխատելաոճ լինեն. Ժաննա Անդրեասյան

Քաղաքացու օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։Այցի շրջանակներում փոխնախարարը հանդիպել է գավառցիների հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները, որոնք, հիմնականում, առնչվել են գործող իրավական կարգավորումներին. «Քաղաքացիների հետ շփումը իրապես կարևոր է, որովհետև այդ հանդիպումներն են հնարավորություն տալիս հասկանալ, թե թղթին գրվածը ինչպե՞ս է աշխատում, որտե՞ղ, ի՞նչ խնդիրներ կան և ինչպե՞ս է պետք դրանք կարգավորել։ Այս առումով հատկապես մարզային հանդիպումները շատ կարևոր են և դրանք պետք է պարբերական բնույթ կրեն, աշխատելաոճ լինեն»,- նշել է փոխնախարարը։ Նա հավաստիացրել է, որ քաղաքացիների մտահոգությունները նախարարության ուշադրության կենտրոնում կլինեն և օրենքի շրջանակում կարվի ամեն ինչ՝ դրանք կարգավորելու համար։ Տիկին Անդրեասյանը նաև կարևորել է մարզային սոցիալական ծառայությունների աշխատանքը և տարածքային մարմինների գործունեության արդյունավետությանն ու որակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։Փոխնախարարն այցելել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, հանդիպել մանկատան աշխատակիցներին ու երեխաներին, ծանոթացել մանկատան աշխատակիցներին հուզող խնդիրներին։ Տիկին Անդրեասյանը գոհունակություն է հայտնել հաստատությունում տիրող դրական մթնոլորտի վերաբերյալ, այնուհանդերձ, առաջնահերթ համարել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը. «Շատ կարևոր է, որ մանկատներում խրախուսվի աշխատանքը կենսաբանական ընտանիքների հետ, և փնտրվեն ուղիներ, որպեսզի երեխաներն իրենց ընտանիքներում ապրեն։ Մեր քաղաքականությունն ուղղված է դրան, նաև նրանց մուտքը մանկատներ կանխարգելելուն»,- նշել է Ժ. Անդրեասյանը։
10:33 - 29 ապրիլի, 2019
Վերափոխվում է ընտանեկան նպաստների գործող համակարգը

Վերափոխվում է ընտանեկան նպաստների գործող համակարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: Հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր: Ինչպես հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, ներկայացնելով արդեն իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է աղքատության հաղթահարումը, որի առաջնային պայմաններից է ընտանեկան նպաստի գործող համակարգի ամբողջական վերափոխումը: «Ընտանեկան նպաստի գործող համակարգը բազմագործոն է և բազմաբաղադրիչ: Այն վերափոխելու համար հարկավոր է օգտագործել արդեն իսկ փորձարկված ու կիրառված գործիքներ ու մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ունենալու ամբողջական վերլուծություն և համապարփակ պատկեր», – ասել է նախարարի տեղակալը: Անդրադառնալով մեկնարկող աշխատանքներին՝ Անդրեասյանը նշել է, որ առաջին հերթին պետք է հստակեցնել համակարգի թիրախներն ու նպատակները, հասկանալ ինչպիսի ծրագրեր կան և քարտեզագրել դրանք: Մշակվող քաղաքականությունը միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մենաշնորհը չէ. սա ենթադրում է տարբեր գերատեսչությունների ջանքերի համատեղում և տարբեր քաղաքականությունների համաձայնեցում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
07:08 - 15 մարտի, 2019