Վերափոխվում է ընտանեկան նպաստների գործող համակարգը
07:08 - 15 մարտի, 2019

Վերափոխվում է ընտանեկան նպաստների գործող համակարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: Հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր:

Ինչպես հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, ներկայացնելով արդեն իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է աղքատության հաղթահարումը, որի առաջնային պայմաններից է ընտանեկան նպաստի գործող համակարգի ամբողջական վերափոխումը:

«Ընտանեկան նպաստի գործող համակարգը բազմագործոն է և բազմաբաղադրիչ: Այն վերափոխելու համար հարկավոր է օգտագործել արդեն իսկ փորձարկված ու կիրառված գործիքներ ու մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ունենալու ամբողջական վերլուծություն և համապարփակ պատկեր», – ասել է նախարարի տեղակալը:

Անդրադառնալով մեկնարկող աշխատանքներին՝ Անդրեասյանը նշել է, որ առաջին հերթին պետք է հստակեցնել համակարգի թիրախներն ու նպատակները, հասկանալ ինչպիսի ծրագրեր կան և քարտեզագրել դրանք: Մշակվող քաղաքականությունը միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մենաշնորհը չէ. սա ենթադրում է տարբեր գերատեսչությունների ջանքերի համատեղում և տարբեր քաղաքականությունների համաձայնեցում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել