ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Հայաստանը չի կարող ընդունել 20 մլրդ դոլարի ներդրում․ Ծառուկյանի հայտարարության հետքերով |fip.am|

Հայաստանը չի կարող ընդունել 20 մլրդ դոլարի ներդրում․ Ծառուկյանի հայտարարության հետքերով |fip.am|

fip.am: Ազգային ժողովում հունիսի 16-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննարկման  ժամանակ ելույթ էր  ունեցել  նաև Ծառուկյանը։ Ի թիվս այլ հայտարարությունների, Ծառուկյանը իշխանություններին մեղադրել էր ներդրումային ծրագրերի հանդեպ անտարբերության և դրանք անպատասխան թողնելու մեջ։ «Բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար, Փաշինյանին հարցրեք, Ջավադյանին հարցրեք, որ 1 տոկոսով, 10 տարով, առաջին երկու տարին մայր գումար չվճարելու պայմանով, որ տնտեսական հեղափոխություն զարգանա, որ տնտեսական հեղափոխություն լինի»,- հայտարարել էր Ծառուկյանը։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչ ներդրումային ծրագրի մասին էր խոսքը և ի՞նչն էր խոչընդոտել դրա իրականացմանը։ Խոշոր ներդրումն ու օրենքը՝ հակասության մեջ Կառավարությունից հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանի ելույթում հիշատակված ներդրումների համար ներդրողը պահանջել է պետական երաշխիք։ Իսկ պետական երաշխիքը համարվում է պետական (այս դեպքում՝ կառավարության․ — խմբ․) պարտքի բաղկացուցիչ։ «Պետական պարտքի» մասին օրենքի համաձայն՝ պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է։ Ներդրումային ծրագրերը համարվում են կառավարության պարտք։ Նույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կառավարության պարտքի սահմանային շեմ է սահմանված ՀՆԱ-ի 60 տոկոսը։ Կառավարության պարտքը նախորդ տարվա վերջի դրությամբ կազմել է 6․8 մլրդ դոլար կամ՝ ՀՆԱ-ի 49․9 տոկոսը։  Սակայն տեսնենք, թե ինչ կլիներ, եթե կառավարությունը հավանություն տար այս ծրագրին։ Այդ դեպքում․ 20 մլրդ դոլարի պետական երաշխիքի տրամադրման դեպքում կառավարության պարտքը կդառնար 20+6․8=26․8 մլրդ դոլար։ Տեղի կունենար Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված հարկաբյուջետային կանոնների խախտում, և կառավարության պարտքն էապես կգերազանցեր ինչպես օրենքով ամրագրված սահմանային շեմը, այնպես էլ երկրի ՀՆԱ-ն (մոտ 2 անգամ)։ Այս ներդրումների (փոխառությունների) սպասարկման և մարման գծով որևէ խնդիր ի հայտ գալու դեպքում դրանց սպասարկման և մարման բեռն ուղղակիորեն ընկնելու էր պետական բյուջեի վրա: Կսահմանափակվեին պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորման հնարավորությունները, և վտանգի տակ կհայտնվեին ընթացիկ ներդրումային վարկային ծրագրերը:  Ցանկացած անցանկալի զարգացման պարագայում պարտքի հետագա սպասարկումն իրականացվելու էր հարկատուների հաշվին։ Շարունակությունը՝ fip.am-ում։
18:38 - 12 հուլիսի, 2020
Ոչ մրցակցային գնման ձևը կիրառելու հիմնավորվածությունը շատ դեպքերում կասկածների տեղիք է տալիս․ Արմենուհի Բուռնազյան

Ոչ մրցակցային գնման ձևը կիրառելու հիմնավորվածությունը շատ դեպքերում կասկածների տեղիք է տալիս․ Արմենուհի Բուռնազյան

Պետական գնումների ոլորտում առկա օրենսդրական խնդիրների վերհանման նպատակով Infocom-ը մեկնարկում է հարցազրույցների շարք։ Ստորև ներկայացնում ենք շարքի առաջին հարցազրույցը՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի հետ։ - Գնումների ոլորտում, թերևս, ամենաակնառու խնդիրներից է մեկ անձից կատարվող գնումը։ Դուք բազմիցս անդրադարձել եք այս խնդրին։ 2020 թվականի փետրվարի 21-ին գնումների վերաբերյալ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկել եք, որպեսզի 10 միլիոնը գերազանցող գնումները ոչ մրցակցային սկզբունքով կազմակերպելու դեպքում ստեղծվի հարթակ, որտեղ տվյալ գնման ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկում կծավալվի։ Որքանո՞վ այս առաջարկը կմեղմի մեկ անձից կատարվող գնումների կոռուպցիոն ռիսկը։ - Մեր վերջին հետազոտությունների արդյունքները վկայում են, որ պետական գնումների ոլորտում ավելացել է ոչ մրցակցային ընթացակարգի կիրառության պրակտիկան։ Այստեղ հատկապես ուշագրավ է այն, որ հրատապության հիմքով իրականացվող ոչ մրցակցային գնումները սկսել են շատ ավելի հաճախ կիրառվել։  Ոչ մրցակցային գնումների  դիտարկման ժամանակ պետք է հաշվի առնել երկու հանգամանք՝ այլընտրանքի առկայություն և այլընտրանքի բացակայություն։ Այլընտրանքի բացակայությունը ենթադրում է, որ պատվիրատուն չի կարող խուսափել ոչ մրցակցային ընթացակարգի կիրառությունից, իսկ այլընտրանքի առկայության դեպքում դրա ոչ մրցակցային եղանակով գնում իրականացնելն իրենից ենթադրում է որոշակի չափանիշներ։ Այսինքն՝ այդ չափանիշները սահմանվում են գնումների օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 526-Ն որոշմամբ։ Կա որոշակի ցանկ, եթե պատվիրատուն այդ ցանկի շրջանակներում ուզում է գնում իրականացնել, ապա կարող է, իրավունք ունի, այսպես ասած, ոչ մրցակցային ընթացակարգը կիրառել։ Այլապես՝ այլընտրանքի առկայության դեպքում, ինչպես մեր օրենսդրությունն է սահմանում, գնման նախընտրելի ձևը պետք է լինի մրցույթը։ Ինչո՞ւ ենք մենք հարթակ առաջարկում։ Քանի որ շատ դեպքերում  ոչ մրցակցային գնման ձևը կիրառելու հիմնավորվածությունը կասկածների տեղիք է տալիս։ Վերջին շրջանում միջոցառումների կազմակերպման համար հաճախ կիրառվում էր «հրատապ, մեկ անձ» գնման ընթացակարգը։ Որպես հիմնավորում՝ մեջբերվում էր այն, որ այդ միջոցառման կազմակերպման համար բավական ժամանակ չկա, կամ շուկայում բավական մրցակիցներ չկան՝ կոնկրետ այդ տեխնիկական բնութագրերով։ Այս առումով կարծում ենք, որ մեր առաջարկած հարթակը կարող է հանդիսանալ վայր, որտեղ ոչ միայն պատվիրատուն կներկայացնի իր հիմնավորումները, այլ նաև այն բաց, թափանցիկ և հրապարակային կլինի հանրության համար։ Վերոնշյալ հարթակը կիրառություն է ունեցել Վրաստանում։ Իրենց մոտ գոյություն ունի գնումների գործակալություն։ Ամեն անգամ, երբ պատվիրատուն ոչ մրցակցային ընթացակարգ է ցանկանում կիրառել, պետք է այդ որոշումը համաձայնեցնի գնումների գործակալության հետ։ Պատվիրատուն պետք է դիմում ներկայացնի իրենց հարթակում և այդտեղ ներբեռնի նաև հիմնավորումը, թե ինչու է նա կիրառում ոչ մրցակցային ընթացակարգ։ Սա այն դեպքում, երբ կա այլընտրանք։ Այսինքն՝ չի վերաբերում այնպիսի դեպքերին, երբ կա բնական մենաշնորհ (օրինակ՝ գազ, լույս, ջուր)։  Իրենք ունեն նաև հարցաթերթիկ, որով ստուգվում է նաև հիմնավորվածությունը, չափանիշներին համապատասխանությունը և թե պատվիրատուն ինչքանով է ճիշտ հիմնավորումներ բերում, որպեսզի այդ ընթացակարգը լինի ոչ մրցակցային եղանակով։ Այնուհետև հանրությանը նույնպես կարծիքներ, դիրքորոշումներ կամ առարկություններ ներկայացնելու հնարավորություն է ընձեռվում։ Ի վերջո, գնումների գործակալությունը կայացնում է որոշում և, ինչու չէ, այդ որոշման հիմքում կարող են լինել հանրության ներկայացրած կարծիքները։ Նշյալ հարթակի օրինակ կարող է ծառայել նաև Հայաստանում գործող e-draft.am համակարգը, որտեղ նույնպես ներբեռնվում են պատկան մարմինների մշակած նախագծերը, և յուրաքանչյուր ոք, որը գրանցված է համակարգում, կարող է ներկայացնել իր կարծիքը։ Մեր փորձը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում այդ առաջարկությունները հաշվի են առնվում, ընդունվում են, որոշ դեպքերում՝ ոչ, բայց ի գիտություն են ընդունում։  Այս հարթակը կարող է այնքանով օգտակար լինել, որ ոչ մրցակցային ընթացակարգով գնում կատարելու որոշումների հիմնավորվածությունը հանրության համար թափանցիկ լինի, հրապարակային, և հանրությանը կարծիք արտահայտելու հնարավորություն տրվի։ Օրինակ՝ ամանորյա միջոցառումների կազմակերպման ժամանակ ոչ մրցակցային ձևի կիրառման վերաբերյալ բավականին բուռն քննարկումներ սկսեցին, դժգոհություններ եղան։ Փաստացի ստացվում էր, որ հանրությունն այդքան էլ լծակներ չուներ՝ ազդելու այդ որոշման վրա։ Այս հարթակի շնորհիվ, կարծում ենք, որ առնվազն պատվիրատուն ինչ որ չափով պատասխանատվության ֆակտորի բարձրացում կունենա, քանի որ կհասկանա, որ իր որոշումները, հիմնավորումները դիտարկում է ոչ միայն կառավարությունը, այլ նաև պատկան մարմինը՝ Ֆինանսների նախարարությունը, կարող է մոնիթորինգի ենթարկել դրանք, ինչպես նաև հանրությունը։ Առնվազն թափանցիկության և հրապարակայնության սկզբունքի պահպանումը այս հարթակի դրական կողմերից կարող է լինել։ Հարցի մյուս կողմն է այն, թե ինչքանով հաշվի կառնեն հանրության կարծիքը։  Հրատապության հիմքով իրականացվող գնումները հիմնականում պետք է կառավարության որոշմամբ և համաձայնությամբ իրականացվեն։ Սակայն, վերջին փոփոխությունները բերեցին նրան, որ կոնկրետ կառավարող մարմնի հոգաբարձուների խորհրդի նախագահը նույնպես կարող է այդպիսի որոշումներ ընդունել։ Կառավարության որոշումները հրապարակային են, սակայն մենք մտավախություն ունենք, որ այս որոշումները, որոնք կայացվելու են կոնկրետ ինչ-որ կազմակերպության ներսում, կարող են հրապարակային և թափանցիկ չլինել հանրության համար։  Կարծում եմ՝ այս հարթակը կարող է երկխոսության եղանակ լինել։ - Ձեր առաջարկած հարթակում քննարկում ծավալելու համար որքա՞ն ժամանակ պետք է տրամադրվի պատվիրատուին։ - Վրաստանում, օրինակ, ինչպես հայտնեցին մեր կոլեգաները, 3-4 օր է տրամադրվում։ Իհարկե, չեն կարող շատ երկար ժամկետներ տրամադրել, հատկապես այն դեպքում, երբ գնումն իրականացվում է հրատապության հիմքով, որոշումները պետք է ավելի արագ կայացվեն։ Այստեղ մենք չենք ենթադրում, որ, օրինակ արտակարգ իրավիճակների կամ խիստ հրատապ դեպքերում պետք է այս հարթակն օգտագործել։ Բնական է՝ եթե կա արտակարգ իրավիճակ, հարթակի օգտագործումն արդյունավետ չէ։  - Այդ հարթակի ստեղծման դեպքում  ի՞նչ մեխանիզմով եք պատկերացնում գործընթացին հանրության ներգրավվածության, մասնակցայնության ընդլայնումը։ - Առաջին հերթին պետք է հանրությունն իրազեկվի, որ կա այդպիսի մեթոդ, որով կարող է իր ներգրավվածությունը կամ մասնակցությունն ունենալ այս  գործընթացներին։ Իհարկե, ներգրավվածության աստիճանի ապահովումը հարաբերական է․ կախված է նրանից, թե ինչքան է հանրությունը հետաքրքրված կոնկրետ խնդրով։ Սակայն, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, սոցցանցերում բազմաթիվ քննարկումներ են ծավալվում՝ դեբատների կամ այլ ձևերով։ Ինչու ոչ՝ պետք է ստեղծվի կոնկրետ հարթակ, որտեղ մարդկանց կարծիքը հասանելի կլինի նաև պատկան մարմիններին ու կառավարությանը։ Պատկան մարմինները կամ կառավարությունը չեն կարող տեղյակ լինել սոցցանցերում մեր արտահայտած կարծիքի կամ դիրքորոշման մասին, մինչև դրանք լայն տարածում չգտնեն։ Այստեղ, միգուցե, պատվիրատուները կամ պատվիրատուների գնումների մասնագետներն առարկություն ունեն, որ իրենց գործընթացը չերկարացվի կամ բարդացվի, բայց պետք է հաշվի առնենք այն, որ այս բոլոր միջոցները հանրային միջոցներ են, ծախսերի հիմնական մասը պետական բյուջեից է իրականացվում։ Այս բոլոր ծախսերը պետք է հանրության համար թափանցիկ և հաշվետվողական լինեն։ Հանրությունը պետք է տեղեկացված լինի, որ իր միջոցները ճիշտ են ծախսում։ Մի բան էլ նշեմ, որ Ֆինանսների նախարարությունը գնումների որոշակի շեմի սահմաններում իրականացնում է գնումների ընթացակարգերի ընտրանքային մոնիթորինգ։ Մեր առաջարկած հարթակը կարող է ծառայել նաև այդ գործընթացին, քանի որ պատկան մարմինը կարող է տեսնել, թե ինչ խնդիր կա որևէ ընթացակարգի հետ, և մինչև կառավարության՝ տվյալ ընթացակարգի հաստատումը, կարող է նաև իր դիրքորոշումը, դրական կամ բացասական կարծիքը արտահայտել։  - Պետական գնումների համակարգում  հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովող գործիքները պատվիրատուները  լիարժեքորեն չեն կիրառում։ Օրինակ՝  Armeps համակարգում ամբողջությամբ չեն ներբեռնվում պատվիրատուների հայտարարած գնման ընթացակարգերին առնչվող ողջ տեղեկությունները։ Արդյոք հաշվետվողականությունը չապահովելու համար պատվիրատուների նկատմամբ պատասխանատվության միջոցներ պե՞տք է սահմանվեն։ Ովքե՞ր պետք է վերահսկողություն իրականացնեն նշված պահանջների կատարման նկատմամբ։ - Ինչպես Դուք նշեցիք՝ շատ դեպքերում ինֆորմացիան թերի է ներկայացվում։ Հատկապես պայմանագրերի կատարման փուլում, օրինակ, հանձնման-ընդունման արձանագրությունները կամ վճարման փաստաթղթերը չեն ներբեռնվում համակարգ։  Կարծում եմ՝ կարևոր է, որ ոչ միայն մատակարարները պատշաճ իրականացնեն իրենց պարտավորությունները, այլ նաև այն, որ պատվիրատուն այս առումով լինի թափանցիկ ու հրապարակային։ Սա որոշակիորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։  Ենթադրենք՝ պատվիրատուն ասում է, որ այս աշխատանքը, այս ծառայությունը մատուցվել է։ Ինչպե՞ս կարող է հանրությունը համոզված լինել դրանում․ նրանով, որ կան հանձնման-ընդունման փաստաթղթեր, որոնցում փաստացի գրված է, թե ինչ քանակությամբ, ինչ գնով է ծառայությունը մատուցվել կամ ապրանքը մատակարարվել։ Իհարկե, այս փաստաթղթերը կեղծելու մեխանիզմները կան, սակայն առնվազն հանրության մոտ ինչ որ չափով վստահություն կարող է լինել, որ այս ընթացակարգերը, այսինքն՝ պայմանագրի կատարումը, իսկապես պատշաճ է իրականացվել։ Վերջերս քննարկումներ եղան, որպեսզի պայմանագրի կատարման առումով լինի նաև հանրային վերահսկողություն։ Տարիներ առաջ այս մեխանիզմը մասնակի կիրառվեց։ Օրինակ, երբ մանկապարտեզներում ապրանքների մատակարարում էր իրականացվում, ծնողների փոքրիկ խորհուրդ կար, որը գնում էր և հետևում, որպեսզի ամեն ինչ պատշաճ մակարդակով լինի։ Իհարկե, հանրությունը չի կարող համոզված լինել, թե ինչքանով է որակը համապատասխանում տեխնիկական բնութագրի չափանիշներին, սակայն քանակի առումով այդ վերահսկողությունը կարող է լինել։ Մեր առաջարկն այն է, որ ոչ բոլոր, սակայն տարբեր գնումների դեպքում ձևավորվեն խորհուրդներ, և այդ խորհրդի մեջ մտնեն ինչպես շահառուներ, ոլորտի հետ առնչվող հանրային սեկտորի ներկայացուցիչներ, այլ նաև մրցույթին մասնակցած, սակայն չհաղթած մասնակիցները նույնպես ներգրավվեն այդ գործընթացում՝ ինչպես առաջարկել էր պատգամավորներից մեկը։ Բնական է, որ այդ չհաղթած մասնակիցը որոշակիերոն ավելի խիստ մոտեցումներ կդրսևորի իր, այսպես ասած, հակառակորդ մասնակցի նկատմամբ։ Ռիսկ կա, որ դրանք կարող են լինել անհիմն, սակայն այն, որ այս գործընթացի վրա կարող է լինել այսպիսի վերահսկողություն, պատվիրատուի պատասխանատվությունն ավելի մեծ կլինի՝ ամեն ինչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու առումով, մյուս կողմից էլ՝ մատակարարը պատվիրատուների հետ կոռուպցիոն գործարքների մեջ մտնելու շատ քիչ հնարավորություններ կունենա։ Ալբանիայում, Չեխիայում, Հունգարիայում հաշվետվողականությունը չապահովելու, փաստաթղթերը չհրապարակելու համար կիրառվում են պատասխանատվության միջոցներ՝ հիմնականում վարչական։ Կարծում եմ՝ մեր երկրում էլ պետք է արձանագրվեն նմանատիպ խախտումները, և որոշակի պատասխանատվության ենթարկեն։ - 2019 թվականի նոյեմբերի 2-ին պետական գնումների համակարգում ներդրվեց բանկային երաշխիքի մեխանիզմը, որը կիրառելի է 10 մլն դրամ և ավելի գնումների դեպքում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս փոփոխության քննարկման ժամանակ նշեց, որ այլևս կարիք չի լինի սահմանել որակավորման չափանիշներ։ Բիզնես ծավալողներն իրենց հերթին այն տեսակետին էին, որ բանկային երաշխիք ներկայացնելը տանում է դեպի մենաշնորհի, քանի որ ոչ բոլոր ընկերություններն ունեն բանկային երաշխիք ներկայացնելու հնարավորություն։ Ի՞նչ կարծիքի եք այս փոփոխության վերաբերյալ։ Արդյոք ճի՞շտ են մենաշնորհացման և հակամրցակցայնության մասին մտահոգությունները։ - Այս չափազանց խիստ պայմանները, պահանջները, որոնք կիրառվում են, կարող են բերել նրան, որ անհարկի խոչընդոտներ առաջանան, հատկապես՝ ՓՄՁ սեկտորի ներկայացուցիչների համար։ Սա կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ գնագոյացման վրա։ Եթե անգամ ՓՄՁ սեկտորն ուզենա մասնակցել մրցույթներին, ապա պետք է անպայման այդ որակավորման ապահովման տրամադրման գինը ներառի կոնկրետ ապրանքի, ծառայության կամ աշխատանքի գնի մեջ, քանի որ ինքն այդ բանկային երաշխիքը ստանալու համար, պարզ է, որոշակի գումար է տալիս բանկերին։ Բնական է, որ այդ գինը կներառվի նաև իրենց առաջարկի մեջ։ Ստացվում է՝ այլ հավասար պայմաններում ունենում ենք գների բարձրացում։ Մյուս կողմից էլ՝ այն դեպքում, երբ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները չունենան բանկերից երաշխիք ստանալու հնարավորություն, նրանք ստիպված կարող են մտնել գործարքի մեջ՝ ավելի մեծ, ավելի կայուն ընկերությունների հետ, որոնք կարող են այդ երաշխիքը ստանալ։ Այստեղ կարող են առաջանալ անհարկի միջորդավորված գնումներ, երբ մեծ ընկերությունը փոքրի համար երաշխիք է ստանում։ Ստացվում է՝ գնի բարձրացում և միջնորդավորված գնումներ են լինում։ Ի վերջո, սա կարող է բերել մենաշնորհացման։ Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք իրենց կարող են թույլ տալ այդ բանկային երաշխիքը հեշտությամբ և առանց որևէ ջանքերի ձեռք բերել, կարող են օգտվել այս ամենից։  Մեր գնումների հիմնական նպատակն այն է, որ գնի դիմաց ձեռք բերվի արժեք։ Երբ մենք նույն արժեքը ձեռք ենք բերում ավելի բարձր գնով, ստացվում է՝ գնումն այդքան էլ արդյունավետ չէ։ Որպես հիմնավորում, իհարկե, բերվում է այն, որ պայմանագրի կատարման փուլում մատակարարներն ավելի քիչ հնարավորություն ունեն այն խախտելու։ Այստեղ ճշմարտության բաժին կա, քանի որ նախկինում այն տույժերն ու տուգանքները, որոնք կիրառվում էին (մենք ունեինք պայմանագրի ապահովում, հայտի ապահովում), լիովին չէին ծածկում այն վնասը, որը պատվիրատուն կրում էր, երբ մատակարարը պատշաճ չէր կատարում իր պարտականությունները։ Սակայն 100 տոկոսով որակավորման ապահովումը անտեղի էր։ Ըստ այդմ՝ 100 տոկոս որակավորման ապահովումից ունենք նաև 15 տոկոս՝ որոշ դեպքերում, 10 տոկոս՝ պայմանագրի ապահովում, 5 տոկոս՝ հայտի ապահովում։  Վերջին գնումները հետազոտելիս՝ մենք դիտարկում էինք տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերումը։ Պետք է նշեմ դրական միտում․ վերջերս բավականին հաճախ մրցակցային եղանակներով են այս ծառայությունները ձեռքբերվում։ Նախկինում երբեմն ոչ մրցակցային եղանակներ էին կիրառվում։ Եթե նայում ենք 2018-2019թթ․ ընթացակարգերը, այն ժամանակ մասնակցում էին մի քանի ընկերություններ, իսկ վերջին ընթացակարգերում՝ բավական խոշոր, մասնակցում է ընդամենը մեկ մասնակից և, բնական է, որ հաղթող է ճանաչվում։ Ի՞նչ է ստացվում․ ինքը, իմանալով, որ ինչ-որ չափով այդ շուկայում մենաշնորհային դիրք ունի, բնական է, որ գնի բարձրացում է ենթադրում։ Այն, որ այդ նույն ընթացակարգերին ավելի քիչ ընկերություններ են մասնակցում, փաստում է, որ փոքր և միջին ընկերությունները մտավախություն՝ ունեն ապահովման հասնելու առումով, մտավախություն ունեն, որ ինչ-ինչ պատճառներով իրենց ծառայությունը կամ աշխատանքը չի ընդունվի, այսպիսով՝ նրանք մեծ վնասներ կկրեն։ Կարծում եմ, որ բանկային երաշխիքը անհարկի խոչընդոտ է այս ոլորտի ներկայացուցիչների համար։ Մենք առաջարկ ունենք, որ տարբերակված մոտեցում լինի։ Այսինքն՝  այն ընկերությունների համար, որոնք 3 տարի և ավելի իրենց ծառայությունը, պարատականությունն իրականացրել են պատշաճ, նրանց համար սահմանվեն որակավորման ապահովման տրամադրման այլ չափանիշներ։ Արփի Ավետիսյան
21:55 - 11 հուլիսի, 2020
Կուրորտաբանության ինստիտուտի ճակատագիրն անորոշ է |hetq.am|

Կուրորտաբանության ինստիտուտի ճակատագիրն անորոշ է |hetq.am|

hetq.am: Պետական գույքի մասնավորեցման ցանկում ներառված Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի ճակատագիրը դեռեւս անորոշ է: 90 տարվա պատմություն ունեցող այս ինստիտուտը ներառված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում: Չնայած 2020-ի ավարտին մի քանի ամիս է մնացել, սակայն պարզ չէ` ինստիտուտը մասնավորեցվելո՞ւ է, և արդյոք մասնավորեցումից հետո պահպանելու է իր պրոֆիլը, թե ոչ: Մայիսի 20-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին նախագիծ  էր ներկայացրել, որով առաջարկում էր մասնավորեցման ցանկում ներառված առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման որոշումը յուրաքանչյուր առանձին դեպքում վերապահել գործադիրին: Պատգամավորներին` թե’ իշխող խմբակցության, թե’ ընդդիմադիր սա դուր չեկավ, եւ նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով: Քննարկվեց նաև ինստիտուտի շենքը որպես հյուրանոց շահագործելու նպատակով վաճառելը: Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցում գտնվող Կուրորտաբանության ինստիտուտի շենքը ճարտարապետական տեսանկյունից բավականին հետաքրքիր է: Երկթևանի շենքի մի մասնաշենքում հիվանդանոցն է, մյուսում` լաբորատորիան, որտեղ իրականացվում է Հայաստանի հանքային ջրերի ուսումնասիրություն: Այն իր տեսակով Հայաստանում միակն է: Այստեղ է տեղակայված նաև Երևանի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության և ռեաբիլիտոլոգիայի ամբիոնը: Մասնաշենքներն իրենց բակային տարածքով  1,5 հեկտար են: Տարածքը գնահատվել է 4 միլիարդ 664 միլիոն դոլար: Արդեն 48 տարի շահագործվող շենքը երբևէ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել, հիվանդասենյակների վիճակից ակնհայտ է, որ հիվանդանոցը խոշոր ներդրումների կարիք ունի: Հիվանդանոցը 150 մահճակալային ֆոնդ ունի, սակայն երբեմն ապահովում է մինչեւ 200 մահճակալ: Աշխատակազմը` շուրջ 160 անձ: Ծառայությունների 70 տոկոսը պետպատվեր է, մնացածը վճարովի ծառայություններ են: Ինստիտուտն այլ ծառայություններ ևս ունի, որոնց շնորհիվ եկամուտ է ստանում, անհատ բժիշկների տարածքներ է վարձակալության տալիս, շենքում վարձակալության հիմունքներով դեղատուն է գործում:   Գիտությունը տուժում է անորոշության պատճառով Կուրորտաբանության ինստիտուտի տնօրեն Տիգրան Վահրամյանն այն կարծիքին է, որ վերականգնողական բժշկության բնագավառն այժմ փոքր-ինչ անտեսված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Նրա խոսքով` իրենց խնդիրն է ինստիտուտի ուրույն տեղը որպես գիտահետազոտական ինստիտուտ ապահովելը: Ըստ Վահրամյանի` ինստիտուտով հետաքրքրված ներդրողներ եղել են, սակայն նրանց կաշկանդում է պրոֆիլի պարտադիր պահպանման պահանջը: «Բնականաբար, էսօր բժշկական համակարգը, հատկապես շենքը կապիտալ ներդրումների կարիք ունի: Իհարկե, ցանկանում են լինի նման կլինիկա, բայց մի կողմից մտավախություն կա, որովհետև բժշկությունը ամենաեկամտաբեր ոլորտը չէ: Միգուցե լինի կիսապետական, կիսամասնավոր, մասնավոր-պետություն համագործակցության տարբերակում»,-ասում է Վահրամյանը: Կլինիկայի հիմնական խնդիրը ջեռուցումն է, 2014 թվականին ապամոնտաժվել է ջեռուցման նախկին, դեռևս խորհրդային տարիներից գործող կաթսան, որից հետո  չի հաջողվել ջեռուցման նոր համակարգ կառուցել: Ձմռանը շենքը ջեռուցվում է էլեկտրականությամբ, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, քանի որ շենքում հոսանքի լարանցումներ նախատեսված չեն: Սա էլ իր հերթին ազդում է հիվանդանոցի պացիենտների թվի վրա, քանի որ ջրային բուժիչ պրոցեդուրաներ, մերսումներ իրականացնող կլինիկայում ամռան և գարնան ամիսներին հոսքը շատ է, նույնիսկ հերթեր են գոյանում, իսկ արդեն աշնանն ու ձմռանը թիվը կտրուկ նվազում է: Ինստիտուտի ճակատագրի անորոշությունը բացասաբար է ազդում նաև գիտական աշխատանքների վրա: Տնօրենի խոսքով` գիտական աշխատանքների պոտենցիալ կա, սակայն կարգավիճակի անորոշությունը չի նպաստում դրան:  «Թե' մեր բուժական ռեսուրսների լաբորատորիան, թե' մեր գիտականները ժամանակին վերահսկում էին սանատորիաների կուրորտային հատվածը: Այժմ բոլոր սանատորիաները սեփականաշնորհված են, ճիշտ է, իրենց հետ տարիների ընթացքում հաղորդակցությունը պահպանվել է, սակայն որպես գիտական  վերահսկողական ինստիտուտ որևէ լծակ չունենք: Օրինակ, կատարվում է հանքային ջրերի հետազոտություն,  վերջին ժամանակահատվածում տարբեր հատվածներում նոր ջրագծերի անցկացմանն առնչվող հարցեր են առաջանում, թե բացվող հանքը ինչ պարունակություն ունի, պիտանի է արդյոք խմելու համար, ինչ հանքայնացում ունի: Մենք Հայաստանում միակ կազմակերպությունն ենք, որը կարողանում է տալ եզրակացություն ոչ միայն ջրի կառուցվածքին, այլ այսպես կոչված բալնեոլոգիական եզրակացություն, որը որոշում է,  թե այդ ջուրը մարդու օրգանիզմի վրա ինչ բուժական էֆեկտներ, ինչ վտանգավորություն կարող է ունենալ: Եվ այն ոչ թե մեկանգամյա է, այլ տարվա ընթացքում պարբերաբար մոնիթորինգ է իրականացվում»,-ասաց Տիգրան Վահրամյանը: Վահրամյանն այն կարծիքին է, որ օրենսդրական որոշակի փոփոխություններ են հարկավոր, պետք է հստակեցվի «բնական բուժական ռեսուրս» սահմանումը և դրա նկատմամբ կարգավորող գործառույթ լինի, այլապես հանգստյան տներում կարող է իրականացվել ցանկացած պրոցեդուրա` առանց հաշվարկելու առողջությանը հասցվող հնարավոր վնասը: Վահրամյանը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին կենտրոնը դասակարգող ֆունկցիա է  ունեցել. առողջական խնդիր ունեցողը եկել է կենտրոն, որոշվել է առողջական վիճակը, և ըստ դրա ուղղորդվել կոնկրետ առողջարան: Ապա ընդգծում է, որ մասնագետների կարծիքով՝ Կուրորտաբանության ինստիտուտը պետք է լինի որպես առաջատար կարգավորող գիտահետազոտական  կենտրոն: Մեր այցելության պահին շենքում մասնակի վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Կլինիկան նախատեսում է մանկական բաժանմունք գործարկել եւ տեղում կազմակերպել սննդի պատրաստումը, որը վստահվել է մասնավոր կազմակերպության: Ըստ տնօրենի` վերահսկման մեխանիզմը բուժառուների գնահատականն է լինելու: Տնօրենը ուշադրություն է հրավիրում նաեւ ինստիտուտի շենքի կառուցվածքային առանձնահատկությունների վրա, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ցանկացած արհավիրքի դեպքում շատ արագ վերապրոֆիլավորել հիվանդանոցը, մի մասում կազմակերպել բուժական պրոցես, մյուսում` վերականգողական:   Կենտրոնը ռազմավարական նշանակություն ունի Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը կարևորում է ինստիտուտի դերը առողջապահության ոլորտում եւ հիշեցնում, որ կենտրոնում է գործում հանքային ջրերի նյութաբանական հետազոտության լաբորատորիան, որը եզակի է մեր երկրում:   «Կարծում եմ՝ կարևոր և ստրատեգիական նշանակություն ունեցող լաբորատորիա է: Նախ պետք է հասկանալ  լաբորատորիայի ճակատագիրն ինչ  է լինելու`  պրոֆիլը պահպանվելու է, թե ոչ մասնավորեցումից հետո, թե լաբորատորիան մեկ այլ տեղ է տեղափոխվելու և որ գերատեչության ներքո է գործելու: Այս հարցերը քննարկման ենթակա հարցեր են, վերջնական տեսակետ կարելի է կազմել քննարկումից հետո»,-ասաց Զեյնալյանը:   Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:52 - 11 հուլիսի, 2020
Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը |armtimes.com|

Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը |armtimes.com|

armtimes.com: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսահոլովակ է ներկայացրել, որը պատմում է կորոնավիրուսային հիվանդության պատճառով ինքնամեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների համար գործող StayHome հավելվածի մասին: Հավելվածն ունի 2 օգտատեր՝ ինքնամեկուսացված քաղաքացի և վերահսկող մարմին: Ովքեր ցանկություն ունեն օգտվել հավելվածից, պետք է այն ներբեռնեն և անձնական համարին ստացած քառանիշ թիվն ուղարկեն պարետատուն: Այնուհետ ինքնալուսանկարվեն: Այդ պահին ֆիքսվում է օգտատիրոջ կոորդինատները և ինքնամեկուսացման հստակ վայրը: Տեղեկատվությունն այնուհետ կցվում է հավելվածից օգտվող քաղաքացու բժշկական գործին: Ըստ տեսանյութի, գրանցվելուց հետո օրը մի քանի անգամ, առանց ֆիքսված ժամի, օգտատերն ինքնալուսանկարվելու պահանջով հաղորդագրություններ է ստանում: Հաղորդագրությունն ուղարկելիս կրկին ֆիքսվում են կոորդինատները: Եթե դրանք տարբերվում են սկզբնական կոորդինատներից, ապա դա դիտվում է որպես փախուստ և տեղեկատվությունն ուղարկվում է ոստիկանություն: Եթե կոորդինատները նույնն են, կրկին ինքնալուսանկարվելու հրանագ է տրվում: Լուսանկարը համեմատվում է նախկինում արվածի հետ՝ անձի ինքնությունը հստակեցնելու համար: Բացի հսկելուց, հավելվածը նաև ապահովում է քաղաքացի-հսկող բժիշկ կապը: Ըստ աղբյուրի, քաղաքացու վերաբերյալ տվյալները մշակվում են ինքնաշխատ, առանց մարդու միջամտության: Այլ նպատակներով չեն օգտագործվում և հետագայում օրենքով սահմանված կարգով ենթակա են վերացման:
16:20 - 11 հուլիսի, 2020
ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք»-ի գնահատականը կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության քայլերին

ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք»-ի գնահատականը կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության քայլերին

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ․ «2019թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին մի շարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն ՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավոր անփութություն։ Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազմամարդ քարոզարշավը և անտեսում այդ վտանգավոր ձեռնարկը դադարեցնելու` սթափության կոչերը նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեզանում վարակի առաջին դեպքի մասին: Մարտի 12-ին Հայաստանում գրանցվեց վարակի առաջին օջախը։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ այդ օրը կայացած հանրահավաքի մասնակիցներից մեկը նույնպես վարակակիր է։ Ըստ էության, համավարակի իրական տարածումն ավելի շուտ էր սկսվել, քան այն հայտնաբերվեց։ Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլում սահմանային անցակետերում առավել  մեծ խմբաքանակներով թեստավորումներ պետք է կազմակերպվեին` որպես կանխարգելիչ կարևորագույն միջոցառում: Անբացատրելի կերպով համավարակի դեմ պայքարի գործընթացը կենտրոնացվեց Երևանում՝ անտարբերության մատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունները: Իշխանության այս, ինչպես նաև այլ գործողություններում ուշացած ու հանցավոր բացթողումները անդառնալիորեն կանխորոշեցին համավարակի դեմ պայքարի ձախողումը: Մարտի 16-ին կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դիրքավորվեց գործադիրին սպասարկողի դերում։ Բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր, կարևորելով ուժերի համատեղմամբ, արտակարգ դրության միջոցով համավարակի տարածումը կանխելու հրամայականը, հանդես եկան հակաճգնաժամային կառավարման, համահայկական ներուժի համախմբման հորդորներով և ծրագրային առաջարկություններով։ Իշխանության արձագանքը եղավ անտեսումն ու մերժողականությունը, ակնհայտ սխալները քննադատողները պիտակավորվեցին որպես խուճապ տարածողներ՝ այսպիսով խորացնելով երկրում ահագնացած անհանդուրժողականության մթնոլորտն ու ներազգային պառակտումը։ Կոպիտ սխալ էր համավարակի մասին լրատվության նկատմամբ կոշտ գրաքննության սահմանումը։ Դրանով իշխանությունը մարդկանց զրկեց ոչ միայն գիտակցված վարքագիծ դրսևորելու անհատական պատասխանատվությունից, այլև տարբեր կարծիքներ լսելու, աշխարհում համավարակի տարածման ծավալների ու զանգվածային մահացությունների մասին լուրեր ստանալու իրավունքից։ Աղետը ընդհանուր ուժերով դիմագրավելու և հասարակական համերաշխություն հաստատելու ճանապարհով մարդկանց ներգրավելու փոխարեն` պետական հստակ ռազմավարություն չունեցող կառավարությունը, ինչպես նաև պարետատունը և դրա գործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարված հասցրին վտանգի հասարակական համարժեք ընկալումներին։  Փոխարենը որդեգրվեց էժանագին պոպուլիզմը: Շահարկելով արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավորությունները՝ նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց սահմանադրական դատարանը, յուրացրեց իշխանությունը: Շարունակաբար առաջ են մղվում օտարածին և ապազգային օրակարգեր, սոցիալ-տնտեսական աղետի շեմին բարձրացվում է գույքահարկը։ Իշխանության հակասահմանադրական վարքագիծը լիովին իմաստազրկել է արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Այն գործողությունները, որոնք պարունակում են հանրային առողջության պահպանման տարրեր, դիցուք՝ սանիտարահամաճարակային կանոնները, դրանցով պայմանավորված` քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ողջամիտ սահմանափակումները կարող են իրականացվել առանց արտակարգ դրության:Արտակարգ դրության իրավական ռեժիմի գործարկումը ենթադրում է այնպիսի կոշտ միջոցառումներ, որոնց գործադրումը թելադրված է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն արագորեն չեզոքացնելու հրամայականով: Մինչդեռ արդեն 120 օր ձգվող արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումները անլրջացնում են այդ ինստիտուտը, անհամաչափորեն սահմանափակում մարդկային իրավունքները՝ առանց էականորեն նպաստելու համավարակի հաղթահարմանը։ Դրա վկայությունն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը տարածաշրջանում համավարակի դիմագրավման արդյունքներով վատթարագույն վիճակում է: Աշխարհի միջին ցուցանիշները, այսօրվա դրությամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիվանդացության ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահվան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ: Կառավարությունը և նրան ենթարկվող Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը անկարող գտնվեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցության հավասարակշիռ քաղաքականություն: Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ: Չնայած ականջահաճո թվերին՝ սոցիալական աջակցության ծրագրերը չեն ներառում իրական կարիքավորների ողջ շրջանակը, հրապարակ են բերվում տնտեսական ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրեր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին բանկային աջակցության անպիտան գործիքներ, անորոշ է պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրումը, գործարարությանը աջակցելու փոխարեն ֆինանսավորվում են բանկերը, որով կառավարությունը խուսափում է տնտեսական ծրագրի իրականացման ռիսկերից՝ բիզնեսի աջակցության ծրագրերը սահմանափակելով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։Հակաճգնաժամային փաթեթների կիսատության ու ցածր հասցեականության հետևանքով փոշիացվել են շուրջ 120 մլն դոլար բյուջետային միջոցներ, առնվազն  300 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրված միջազգային սուբսիդիաները, 150 մլն դոլար միջազգային օգնությունը,  կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբավարար թափանցիկությունն ու ծախսերի հաշվետվողականության բացակայությունը լիակատար անորոշություն և կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում: Կառավարության չմտածված և անհավասարակշիռ քայլերի հետևանքները խիստ ծանր են անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, իսկ այդ տագնապները ցրելու` վարչապետի պոպուլիստական հայտարարությունները, որոնք ավելի ու ավելի շատ մարդիկ համարում են պարզ սուտ, նպատակ ունեն քողարկելու իր վարկանիշի անկումը: Պատահական չէ, որ ստեղծված վիճակից ելքը քաղաքացիները համարում են արտակարգ դրությունով թելադրված սահմանափակումների զանգվածային խախտումները: Համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն՝ իշխանությունը խոստովանում է ճգնաժամային կառավարման իր անզորությունը, որը դրսևորվեց նաև դժվար պահերին Սփյուռքի բարեսիրական նախաձեռնություններին արձագանքելու, դրանք կյանքի կոչող աշխատանքները համակարգելու անկարողությամբ: Ամփոփելով վերը ասվածը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբը եզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները, հաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորվել իբրև քաղաքականապես անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդվել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի արդյունքները համահունչ չեն այն հայտարարելու նպատակադրումներին։ Այդ ձախողման պատասխանատվությունը համապարտությամբ կրում են գործադիր իշխանությունը և խորհրդարանի իշխանական մեծամասնությունը։ ԱԺ ընդդիմադիր ուժերի կողմից պահանջող ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը, ինչպես և իրավապահներին ներկայացված առերևույթ քրեական հանցագործությունների մասին հաղորդման անաչառ քննությունը անուն առ անուն կպարզեն համավարակի տարածման և հարյուրավոր մահերի պատասխանատուներին։ Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելով ձախողված՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը, քանի որ այն պահպանվում է մարդկանց իրավունքները և քաղաքացիական ու քաղաքական ազատությունները սահմանափակելու, ժողովրդական դժգոհության ձայնը խլացնելու նպատակներով։ Համավարակին արդյունավետորեն հակազդելու միջոցառումներն անհրաժեշտ է մշակել և գործադրել օրինականության, ողջամտության և նպատակայնության սկզբունքներով՝ բացառելով մարդկանց և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ինքնանպատակ, անհամաչափ և անարդյունավետ սահմանափակումները: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ. Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը: Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին: Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները»։
14:19 - 11 հուլիսի, 2020
Արդյո՞ք կիրառվող սահմանափակումները կարող են լինել առանց արտակարգ դրության ռեժիմի |fip.am|

Արդյո՞ք կիրառվող սահմանափակումները կարող են լինել առանց արտակարգ դրության ռեժիմի |fip.am|

fip.am: Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հուլիսի 7-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն Հայաստանում չկա: «Այսօր արտակարգ դրության մեջ չկա էլեմենտ, որը հնարավոր չէ անել առանց արտակարգ դրության ռեժիմի: Պարետ անունը ձևական է: Տեսնում եք, որ վերջին մի ամսում պարետն անգամ հրամաններ չի արձակում, պարետ չկա: Արտակարգ դրության մեջ միակ բանը, որ աղ ունի, հասկանում ես, որ էական է նրանց համար, իհարկե, քաղաքական հավաքների սահմանափակումն է»,- ասել է Բագրատյանը: Նախ նշենք, որ վերջին մեկ ամսում, ի հեճուկս Բագրատյանի պնդումների, պարետը կայացրել է շուրջ 65 որոշում (օրական միջինում 2 որոշումից ավել): Սակայն քանի որ վերջին շրջանում շատ է քննարկվում կառավարության կողմից արտակարգ դրության ռեժիմի չարաշահման հարցը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք գործող սահմանափակումները հնարավոր է կիրառել նաև արտակարգ դրության ռեժիմից դուրս։   Ի՞նչ միջոցառումներ է նախատեսում օրենքն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվել է մարտի 16-ին՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի բռնկմամբ: Հուլիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ անգամ: Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ընդունվում են իրավունքների և ազատությունների սահմանափակումներ, որոնք կրում են ժամանակավոր բնույթ:  Մասնավորապես, սահմանափակվում են անձանց ազատ տեղաշարժի, հավաքների, անձնական անձեռնմխելիության ու սեփականության իրավունքները, ինչպես նաև հատուկ պայմաններ են կիրառվում մի շարք հաստատություններում:   Հատկանշական է, որ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո պարետի պաշտոնն այլևս չի գործելու, և նրա ընդունած որոշումներն իրավական ուժ չեն ունենալու: Ներկայացնում ենք գործող մի քանի սահմանափակումներ, որոնք հնարավոր չէ իրականացնել սովորական պայմաններում՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու: Ազատ տեղաշարժի իրավունք. Թեև մայիսի 4-ից ազատ տեղաշարժման խիստ սահմանափակումները հանվեցին, դեռևս կան որոշակի վերապահումներ: Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստան արգելվել է, և այդ արգելքը դեռ ուժի մեջ է: Բացի այդ, պարետի 81-րդ որոշմամբ արտերկրից ժամանած բոլոր քաղաքացիները, ինչպես նաև վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների նկատմամբ ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում: Նրանք առնվազն 14 օր չպետք է լքեն ինքնամեկուսացման վայրը (ըստ այդմ՝ սահմանափակված է նրանց ազատ տեղաշարժման իրավունքը): Դիմակների կրում. Պաշտպանիչ դիմակների կրումը պարտադիր դարձավ հունիսից 3-ից պարետի 63-րդ որոշմամբ: Ըստ դրա՝ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Նույն որոշման 6.1 կետի համաձայն՝ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի առկայությունը:  Սահմանափակումներ որոշ հաստատություններում. Արտակարգ դրության պայմաններում Քրեակատարողական հիմնարկներում և Զինված ուժերում արգելվել են տեսակցությունները: Կոնտակտավորներին հայտնաբերում են էլեկտրոնային եղանակով. Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման համաձայն՝ կիրառվում են նաև անձանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներ: Ըստ այդմ՝ ներկայում ինքնամեկուսացում կիրառելու նպատակով անձանց հայտնաբերում են նաև էլեկտրոնային եղանակով: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պարետատանն են տրամադրում հաճախորդների գտնվելու մասին և նրա հեռախոսահամարի հետ որոշակի ժամանակահատվածում կապ ունեցած հեռախոսահամարներ, հաճախորդների տվյալներ և այլն: Վերոնշյալ սահմանափակումները, այսպիսով, չեն կարող լինել արտակարգ դրության բացակայության պայմաններում: Թեև դրանց մի մասը կարող է ընդունվել օրենքով, սակայն Ազգային ժողովը չի կարող գործել այն օպերատիվությամբ, ինչ պարետը: Երբ ամեն անգամ անհրաժեշտություն է առաջանում փոփոխել որոշ սահմանափակումներ կամ արգելել հակահամաճարակային կանոնները խախտողների գործունեությունը, արգելել կամ թույլատրել տնտեսական գործունեության որոշ տեսակներ կամ արգելել էպիդեմիայի բռնկում ունեցած համայնքների ելումուտը, գործնականում անհնար է դա անել խորհրդարանի կողմից օրենքի ընդունմամբ: Արտակարգ ու ռազմական դրությունները Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված միակ ժամանակաշրջաններն են, երբ որոշ իրավունքներ կարող են սահմանափակվել ոչ թե օրենքով (ինչը ավելի դանդաղ ու երկարատև է), այլ օպերատիվորեն՝ կառավարության և պարետի որոշումներով: Այսպիսով, Հրանտ Բագրատյանի և այլ անձանց պնդումները, թե արտակարգ դրության պայմաններում իրականացվող միջոցառումները հնարավոր է իրականացնել այդ ռեժիմից դուրս, սխալ են, քանի որ դիմակների պարտադիր կրումը, ազատ տեղաշարժման սահմանափակումը և այլ միջոցառումներ գործնականում հնարավոր չի լինի իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմի: Լուսինե Ոսկանյան
11:32 - 11 հուլիսի, 2020
Դալմայի այգիների կառուցապատումը. 15 հարկանի շենքերով թաղամասի շինարարությունը սկսվել է |hetq.am|

Դալմայի այգիների կառուցապատումը. 15 հարկանի շենքերով թաղամասի շինարարությունը սկսվել է |hetq.am|

hetq.am: Մաս 1 Դալմայի այգիների տարածքում մեծ թափով շինարարություն է սկսվել։ Այստեղ բազմահարկ շենքեր և բնակելի թաղամասեր են կառուցվում։ «Հետք»-ն ուսումնասիրել և մաս-մաս ներկայացնելու է Դալմայի այգիների տարածքում հողերի օտարման պատմություններն ու կառուցապատման ծրագրերը։ Շարքի առաջին մասում կանդրադառնանք «Սահակյանշին» ընկերության կողմից բազմաբնակարան համալիրի կառուցման գործընթացին։  Դալմայի այգիների տարածքը մինչև 2003 թ.-ն մոտ 700 հեկտար էր։ 2003 թվականին Կառավարությունն ընդունեց Դալմայի այգիները մի քանի անգամ փոքրացնող՝ h.1941-Ա որոշումը։ Կառավարության որոշմամբ այգու նոր սահմանները հստակեցվեցին, ինչպես նաև անտառային հողերի կատեգորիան փոխվեց։ Այդ որոշմամբ Դալմայի այգիների պահպանության տարածքը 700-ից դարձավ 256 հա։ Պահպանության գոտին գտնվում է Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի թաղամասը ձգվող տարածքում։ Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռանակաբերդի խճուղու մեջտեղում գտնվող հողատարածքները դարձել են խառը կառուցապատման գոտի։ Ըստ Երևանի 2005 թ.-ին ընդունված գլխավոր հատակագծի` Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու մեջտեղում ընկած՝ Լենինգրադյան փողոցին հարող հատվածը հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտի է։ Ինչ է կառուցվում 6.4 հա տարածքում Շինարարական ոլորտում հայտնի «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությունը Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում բնակելի համալիր է կառուցում։ 2019 թ.-ի օգոստոսի 27-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընկերությանը նախագծման թույլտվություն է տվել (ճարտարապետահատակագծային առաջադրանք): 8 առանձին կտորից բաղկացած ընդհանուր 6.4 հա հողակտորը կառուցապատումից ազատ է եղել։ Թույլտվության համաձայն՝ պետք է մշակվեր բնակելի և հասարակական շենքերի և ներթաղային ճանապարհների նախագիծ։ Շենքերի թույլատրելի հարկայնությունը մինչև 15 հարկ պետք է լինի, յուրաքանչյուր հարկի բարձրությունը՝ 3.3 մետր։ «Հնարավոր է մասնակի, ավելի բարձր ծավալների շեշտադրում՝ տանիքը սպասարկող աստիճանավանդակների և վերելակների հորանների համար։ Հողամասի ռելիեֆային առանձնահատկությունից ելնելով՝ հնարավոր է նկուղային և կիսանկուղային հարկեր»,-նշված է նախագծման թույլտվության մեջ։     Ամբողջական համալիրի շինթույլտվությունը կառուցապատողը դեռ չունի։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սահակյանշին» ՓԲԸ–ին 2019 թ․-ի դեկտեմբերի 9-ին տվել է բնակելի և հասարակական շենքերով թաղամասի 4-րդ մասնաշենքի հիմքերի կառուցապատման շինթույլտվություն։ Շինհրապարակ մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ մեծ թափով հողային աշխատանքներ են կատարվում, փորվում են շենքերի հիմքերը։ Այսինքն, միայն մեկ մասնաշենքի հիմքի փորման աշխատանք չէր, այլ համալիր ձևով շենքերի հիմքերն էին փորվում։ Քաղաքապետարանից խնդրել էինք նաև կառուցվելիք շենքերի գծագրերի առկայության դեպքում տրամադրել մեզ։ Թեև ամբողջ համալիրի շինթույլտվությունը չկա, բայց մեզ են փոխանցել կառուցվելիք շենքերի աշխատանքային նախագիծը։ Դրանում երևում է, որ 8 շենք է կառուցվելու, շենքերի բակային հատվածներում՝ պուրակներ, խաղահրապարակներ։ «Սահակյանշին» ընկերության պատրաստած տեսանյութում, բացի բնակելի և հասարակական շենքերից, համալիրի աջ և ձախ մասերում պատկերված է երկուական 30 հարկանի ապակեպատ շինություն, որոնցից մեկը՝ հյուրանոցային, իսկ մյուսը բիզնես համալիր պիտի լինի։     Փորձաքննության պահանջը «Սահակյանշին» ՓԲԸ-ն Դալմայի այգիների այս հատվածի ամենամեծ կառուցապատողներից է: Մայիսի 12-ին ընկերության հայտը Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանի հաստատմամբ ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն: Դրական եզրակացության պարտադիր պահանջներից մեկն այն է, որ կատարվող շինաշխատանքների ընթացքում պատմամշակութային և հնագիտական շերտերի ի հայտ գալու դեպքում հետագա աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան մասնագետի` հնագետի եզրակացությունը ստանալուց հետո: Այդպիսով, նախագծի համաձայն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընդգրկված Ծիծեռնակաբերդի խճուղու 8 առանձին հասցեներում` 12/5, 13, 39, 39/1, 39/2, 39/3, 39/4, 39/5 բազմաբնակարան բնակելի և հասարակական համալիրի կառուցապատում է իրականացվելու: Ընկերությունն այստեղ սեփականության իրավունք ունի 6,4 հա-ի նկատմամբ: Այն անմիջական` Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ է` մարզահամերգային համալիրից ընդամենը 350 մ հեռավորության վրա: Բնակելի համալիրը նախատեսվում է կառուցել մոտ 9000 բնակչի համար, 2704 բնակարան: Շենքերի առավելագույն բարձրությունը 15 հարկն է: Կառուցապատման մակերեսը ողջ տարածքի ⅓-րդն է կազմելու: Ողջ տարածքի կեսից ավելին, ըստ նախագծի, կանաչապատ է լինելու: Կառուցվելու են ավտոմեքենաների ճանապարհներ և ստորգետնյա կայանատեղիներ: Եվս մեկ անգամ նշենք, որ ՇՄԱԳ-ում ևս 30 հարկանի բարձրահարկերի մասին որևէ նշում չկա:  Ինչպես «Սահակյանշինը» հայտնվեց Դալմայի տարածքում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ` 2012թ․-ին, առանց մրցույթ հայտարարելու, Կառավարությունը որոշել է հող՝ ճանապարհի դիմաց, փոխանակման ծրագիր իրականացնել։ «Սահակյանշին» ՓԲԸ-ն պետք է կառուցեր Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող բոլորովին նոր՝ Մոնթե Մելքոնյան փողոցը, որի դիմաց ցածր գնով ձեռք կբերեր ճանապարհի եզրի հողատարածքը։ Հողի գնման արժեքը սկզբում սահմանվել էր 1 քառակուսի մետրն ընդամենը 70 հազար դրամ։ 2012 թ․-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է Երևանում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագիրը, բայց արդեն առանց ձեռքբերման արժեքի։ Ճանապարհը 5.3 հա հողի դիմաց է տրվել։ Կառավարության նույն որոշման մեջ նաև նշված է, որ շինարարական աշխատանքների ծավալի և արժեքի փոփոխության դեպքում տրամադրվող հողամասի չափը կարող է տատանվել մինչև 10 տոկոսի սահմաններում։ Կառավարության «e-gov.am» պաշտոնական կայքում Կառավարության «7 մարտի 2012, 271 - Ա» որոշման մեջ օտարվող հողի մակերեսը նշված է 5.3 հա, մինչդեռ իրավական ակտերի պաշտոնական տեղեկագրում՝ «arlis.am»-ում նույն որոշման մեջ նշված է 9.16 հա: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:15 - 11 հուլիսի, 2020
Մղարթի և Արդվիի ջրամատակարարման համակարգի նախագծման աշխատանքերը փակուղում են. նախագծողները չեն մասնակցում մրցույթին |hetq.am|

Մղարթի և Արդվիի ջրամատակարարման համակարգի նախագծման աշխատանքերը փակուղում են. նախագծողները չեն մասնակցում մրցույթին |hetq.am|

hetq.am: Կառավարությունը 2019թ.-ի սեպտեմբերի 19-ի որոշումով` Օձուն համայնքի մեջ մտնող Մղարթ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին ու ներքին ցանցի կառուցման և օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) նորոգման համար Տարածքային զարգացման հիմնադրամին հանձնարարել է անցկացնել նախագծողների մրցույթ: Երեք ամիս անց՝ 2019թ.-ի դեկտեմբերի 24-ին, Կառավարությունը  փոփոխություն է կատարել իր նախկին որոշման 48-րդ տողում՝ Տարածքային զարգացման հիմնադրամին հանձնարարել է իրականացնել ոչ միայն Մղարթի խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին ու ներքին ցանցի կառուցման, այլ նաև օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման նախագծերի պատրաստման մրցույթ: Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը ասել է, որ նախատեսված  ծրագրով Ագարակի ջուրը Մղարթ հասցնելու համար Կարմիր Աղեկ գյուղի մոտ գտնվող Մղարթի նախկին պոմպակայանի տեղում կառուցվելու է նոր պոմպակայան, որտեղից խմելու ջուրը պոմպերով 3 կմ մղվելու է նոր կառուցված Մղարթի օրվա կարգավորիչ ջրամբար, ապա բաշխվելու է գյուղացիներին: Մղարթի խմելու ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի ու օրվա կարգավորիչ նոր ջրամբարի նախագծման համար կառավարությունը հատկացրել է 3,6 մլն դրամ: Արսեն Տիտանյանի խոսքով՝ Մղարթում կառուցված նոր ջրամբարից ինքնահոս ճանապարհով խմելու ջուր է տրվելու նաև Օձուն համայնքի մեջ մտնող Արդվի գյուղին:    Մղարթ գյուղը «Վերջինիս ջրագծի նախագծման աշխատանքերի համար Կառավարությունը հատկացրել 2,6 մլն դրամ»,- հայտնեց Ա. Տիտանյանը: Կառավարության որոշումից անցել է գրեթե 10 ամիս: Տարածքային զարգացման  հիմնադրամը 5 անգամ նախագծողների մրցույթ է հայտարարել, սակայն մրցույթներին որևէ հայտ չի ներկայացվել՝ Մղարթի և Արդվի բնակավայրերի խմելու ջրամատակարարման նոր համակարգի նախագծման  համար: Նախկինում հարևան Կարմիր Աղեկ գյուղի մոտ գտնվող պոմպակայանից Ագարակի ջուրը մոտ 3կմ հեռվից մղվել է Մղարթի օրվա կարգավորիչ ջրամբար, այնտեղից էլ տրվել է գյուղացիներին:  «Ինձ համար հանելուկ է սա: Մտածում եմ՝ կամ էստեղ սաբոտաժ են անում, կամ կառավարության կողմից  հատկացված նախագծման գումարը  քիչ է, չգիտեմ, չեմ կարող ասել, թե նախագծողները մրցույթին ինչու չեն մասնակցում: Մրցույթին մասնակից չի լինում, որ գան նախագիծն անեն, տեսնենք հլա Մղարթի ջրագծերի և ջրամբարի կառուցման գումարը ինչքան է կազմում, որ Կառավարությունը 2-րդ քայլն անի»,-ասում է Մղարթի վարչական ղեկավար Ավագ Մոսինյանը:    Ավագ Մոսինյան Նա որոշել է, զանգել Երևանի նախագծային ինստիտուտներից մեկին ու խնդրել, որ գնան  մրցույթին մասնակցեն. «Մենք  էդ նախագծնողներին գյուղում կպատվենք և լավ կհյուրասիրենք՝ մեր ջրագծերի ու ջրամբարի կառուցման նախագծման աշխատանքները կատարելիս»,- ասում է Ավագ Մոսինյանը:  Տարածքային զարգացման հիմնադրամի գնումների բաժնի պետ Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ Մղարթի ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցերի և օրվա կարգավորիչ նոր ջրամբարի կառուցման նախագծողների մրցույթը օրենքով սահմանված ընթացակարգով է գնում: Քանի դեռ հայտատու չկա, մրցույթը  վերահրապարկվելու է:  Շարունակությունը՝ hetq.am-ում
15:32 - 10 հուլիսի, 2020
Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է բոլոր միջազգային գործընկերների հետ. ԱՆ խոսնակ |aysor.am|

Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է բոլոր միջազգային գործընկերների հետ. ԱՆ խոսնակ |aysor.am|

aysor.am: Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է բոլոր միջազգային գործընկերների հետ, և այս նորության մեջ որևէ արտառոց բան չկա, այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Russia Today-ի այն հրապարակմանը, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ վարձել, որը կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը պայքարել կոռուպցիայի դեմ: Վերջինս կհամագործակցի ՀՀ արդարադատության նախարարության հետ և կնպաստի բարեփոխումների խթանմանը: «ԱՄՆ Պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համակարգի գրասենյակի ( INL), ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (USAID), Եվրոպական Միության (Թայեքս փորձագետների աջակցության գործիքի ներքո) Եվրոպայի Խորհրդի և մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ի, ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Համաշխարհային Բանկի (World Bank) և մեր բարեփոխումներին միտված նախագծերի վերաբերյալ տարբեր ծրագրերի շրջանակներում նշված կառույցների կողմից փորձագիտական խորհրդատվություն ենք ստանում։Այնպես որ, լրատվամիջոցում առկա տեղեկությունը մեր ամերիկյան գործընկերների հետ ընդամենը մեկ փորձագետի ներգրավմանն է վերաբերում», - նշեց Լուսինե Մարտիրոսյանը։
13:47 - 10 հուլիսի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նրան իր պաշտոնավարման տարիներին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Ընդգծելով, որ հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ՝ փոխվարչապետը կարևորել է ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացումն, այլև համագործակցության ընդլայնումը բազմակողմ՝ ԵԱՏՄ հարթակում: Դեսպան Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից՝ պահելով այն իր սրտում: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել, չնայած առկա խոչընդոտներին, առևտրաշրջանառության աճի արձանագրումը: Դեսպանը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր է համարել, մասնավորապես համավարակի ընթացքում, Երևանի և Մինսկի միջև կանոնավոր ավիաթռիչքների իրականացումը: Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկու երկրներում ստեղծված իրավիճակն ու դրա դեմ պայքարելու միջոցառումների արդյունավետությունը:
19:18 - 09 հուլիսի, 2020
Գործադիրը թույլատրել է պայմանագիր կնքել «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքների համար

Գործադիրը թույլատրել է պայմանագիր կնքել «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակին: Կառավարությունն ընդունել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ «Լիճք» ենթակայանը շահագործվում է 1961թ.-ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթակայանը շահագործվում է ավելի քան 50 տարի, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ենթակայանի ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Միաժամանակ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում վերջին տարիներին արտադրող կայանների ավելացումը պահանջում է վերանայել բարձրավոլտ ենթակայանների և օդային գծերի հզորությունները՝ արտադրված էլեկտրական էներգիան վերջնական սպառողին հասցնելու նպատակով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նման որոշում ընդունելու հրատապությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներում ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմամբ: «Այն ենթադրում է ՀՀ կառավարության որոշակի պարտավորություններ, մասնավորապես՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է մեր կողմից ընդունվի «Լիճք» կայանի միջոցով: Այս փուլում «Լիճք»-ն ի վիճակի չէ դա իրականացնել: Հաշվի առնելով, որ «Մասրիկ 1»-ի ֆինանսավորումը մեր կողմից արդեն հաստատվել է, շուտով կսկսի շինարարությունը՝ հրատապ քայլեր պետք է իրականացվեն»,-ասել է նախարարը: Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ «Լիճք»-ի շինարարությունը իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփական ֆինանսական միջոցների հաշվին: «Սա ևս աննախադեպ է, նախկինում բոլոր մեր ենթակայանները վերակառուցվել ու կառուցվել են վարկային միջոցների հաշվին։ Գնային առաջարկների ներկայացման հարցումներ են ուղարկվել նախկինում ընկերության այլ ենթակայանների վերակառուցման աշխատանքներում ներգրավված կապալառուներ ABB, General Electric, Siemens AG, Kaskad-Energo LLC ընկերություններին: Ի պատասխան գնային առաջարկ է ներկայացրել միայն Kaskad-Energo LLC ընկերությունը: Ընկերության ներկայացրած գնային առաջարկը կազմել է 9 998 232 ԱՄՆ դոլար: Ներկայացված գնային առաջարկի նվազեցման համար իրականացված բանակցությունների արդյունքում՝ գնային առաջարկը կազմում է 8 857 600 ԱՄՆ դոլար»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ սա նաև Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարևոր դերակատարում ունեցող ենթակայան է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պայմանագրի համաձայն, այն պահին, երբ «Մասրիկ-1» կայանը սկսի էլեկտրաէներգիա արտադրել, ՀՀ-ն պարտավոր է այդ էլէներգիան ձեռք բերել: «Բայց եթե նույնիսկ ձեռք չբերի, պարտավոր է այդ էլեկտրաէներգիայի դիմաց վճարել: Հետևաբար հրատապությունը նրանում է, որ մենք պետք է սինխրոնացնենք «Մասրիկ» կայանի և «Լիճք» ենթակայանի շահագործման ժամկետները, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վնասներ չկրի»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: Վարչապետն անդրադարձել է նաև «Մասդար» ընկերության ներդրումային ծրագրին: «Երբ կառավարության նիստում քննարկում էինք «Մասդար» ընկերության առաջարկած նախագծի շուրջ միջազգային մրցույթ հայտարարելու հարցը, ասում էինք, թե արդյոք այս մեխանիզմով մրցույթները հետաքրքրություն կառաջացնեն: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մրցույթին ևս 2 խոշոր ընկերություններ են հայտ ներկայացրել, և ակնհայտ է, որ մրցույթը կկայանա»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ դա արվում է հրապարակային, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա ամենաշահավետ առաջարկը: Այլ որոշումներ. կբարելավվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի հասցեկանությունն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Ըստ այդմ առաջարկվում է սահմանել, որ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։ Այս դեպքում աջակցության չափը սահմանվում է փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս։ Պահպանվում են պետական աջակցության գումարի առավելագույն չափերը՝ 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 500000 դրամ, միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը (ներառյալ՝ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը)՝ 2 մլն դրամ, իսկ մինչև 30 տարեկան շահառուի դեպքում՝ 2.6 մլն դրամ։ Գործադիրը հաստատել է նաև ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը: Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ՍանԷներջի» ՍՊԸ-ը օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության՝ Արմավիրի մարզում արևային կայան կառուցելու համար։ Նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 77 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայում առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 126 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 8 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Արմենիա վայն» գործարանը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են օղու և գինու արտադրության համար (Արագածոտնի մարզ)։ Ընկերությունը 2016 թ-ին կառավարության համապատասխան որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 3.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծվել է 255 նոր աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ևս 1․6 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Արդյունքում կստեղծվի 40 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 4․2 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 800 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.6 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 106 մլն դրամ: Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս դիմել է քաղաքացիներին և հորդորել պահպանել համավարակի տարածումը կանխարգելող կանոնները. «Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կրկին բոլորիս հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակ է և այդ համավարակի դեմ պայքարելու ամենաէֆեկտիվ միջոցը դիմակներ կրելն է, սոցիալական հեռավորություն պահպանելը և ձեռքերը պարբերաբար ախտահանելը: Ես ուզում եմ արձանագրել, որ դիմակների կրումը պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում, բոլոր բաց և փակ տարածքներում: Մենք շարունակելու ենք հետևողականորեն իրականացնել այս քաղաքականությունը ինչպես հանրային հաղորդակցության, այնպես էլ վարչական միջոցներով: Ուզում եմ հիշեցնել, որ դիմակի կրման պահանջը չկատարելը բերում է վարչական պատասխանատվության, բայց մեր խնդիրը այն է, որ քաղաքացիները դիմակ կրեն և չտուգանվեն, ոչ թե դիմակ չկրեն և տուգանվեն: Բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ պահպանել դիմակ կրելու սահմանված կանոնները, որովհետև դա է արդյունավետ գործիքը ճգնաժամային այս իրավիճակը հաղթահարելու»:
15:34 - 09 հուլիսի, 2020
Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին. Անի Սամսոնյան |tert.am|

Այն, որ արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Այն, որ մենք արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարի հարցում առաջընթաց, խոսում է իշխանության և Կառավարության ձախողման մասին:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Ես հուսով եմ, բայց նաև չեմ կարծում, որ սա վերջինը կլինի, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է չընդունել իր սխալները, շարունակում է քաղաքացիներին համավարակի վերաբերյալ հակասական հաղորդագրություններ տալ, և մենք ունենք մի ճգնաժամային իրավիճակ, որ արտակարգ դրությունը՝ որպես գործիք, մեզ այլևս չի օգնում»:Դիտարկմանը, թե, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քաղաքական ուժերին մեղադրում է կորոնավիրուսը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, Սամսոնյանն արձագանքեց. «Իսկ ինչու՞ է Ալեն Սիմոնյանի առողջապահության նախարարը համավարակի ընթացքում քաղաքական գրառումներ կատարում»: Ավելին՝ tert.am-ում
14:42 - 09 հուլիսի, 2020