Կուրորտաբանության ինստիտուտի ճակատագիրն անորոշ է |hetq.am|
19:52 - 11 հուլիսի, 2020

Կուրորտաբանության ինստիտուտի ճակատագիրն անորոշ է |hetq.am|

hetq.am: Պետական գույքի մասնավորեցման ցանկում ներառված Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի ճակատագիրը դեռեւս անորոշ է: 90 տարվա պատմություն ունեցող այս ինստիտուտը ներառված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում: Չնայած 2020-ի ավարտին մի քանի ամիս է մնացել, սակայն պարզ չէ` ինստիտուտը մասնավորեցվելո՞ւ է, և արդյոք մասնավորեցումից հետո պահպանելու է իր պրոֆիլը, թե ոչ:

Մայիսի 20-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին նախագիծ  էր ներկայացրել, որով առաջարկում էր մասնավորեցման ցանկում ներառված առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման որոշումը յուրաքանչյուր առանձին դեպքում վերապահել գործադիրին: Պատգամավորներին` թե’ իշխող խմբակցության, թե’ ընդդիմադիր սա դուր չեկավ, եւ նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով: Քննարկվեց նաև ինստիտուտի շենքը որպես հյուրանոց շահագործելու նպատակով վաճառելը:

Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցում գտնվող Կուրորտաբանության ինստիտուտի շենքը ճարտարապետական տեսանկյունից բավականին հետաքրքիր է: Երկթևանի շենքի մի մասնաշենքում հիվանդանոցն է, մյուսում` լաբորատորիան, որտեղ իրականացվում է Հայաստանի հանքային ջրերի ուսումնասիրություն: Այն իր տեսակով Հայաստանում միակն է: Այստեղ է տեղակայված նաև Երևանի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության և ռեաբիլիտոլոգիայի ամբիոնը: Մասնաշենքներն իրենց բակային տարածքով  1,5 հեկտար են:

Տարածքը գնահատվել է 4 միլիարդ 664 միլիոն դոլար: Արդեն 48 տարի շահագործվող շենքը երբևէ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել, հիվանդասենյակների վիճակից ակնհայտ է, որ հիվանդանոցը խոշոր ներդրումների կարիք ունի: Հիվանդանոցը 150 մահճակալային ֆոնդ ունի, սակայն երբեմն ապահովում է մինչեւ 200 մահճակալ: Աշխատակազմը` շուրջ 160 անձ: Ծառայությունների 70 տոկոսը պետպատվեր է, մնացածը վճարովի ծառայություններ են: Ինստիտուտն այլ ծառայություններ ևս ունի, որոնց շնորհիվ եկամուտ է ստանում, անհատ բժիշկների տարածքներ է վարձակալության տալիս, շենքում վարձակալության հիմունքներով դեղատուն է գործում:

 

Գիտությունը տուժում է անորոշության պատճառով

Կուրորտաբանության ինստիտուտի տնօրեն Տիգրան Վահրամյանն այն կարծիքին է, որ վերականգնողական բժշկության բնագավառն այժմ փոքր-ինչ անտեսված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Նրա խոսքով` իրենց խնդիրն է ինստիտուտի ուրույն տեղը որպես գիտահետազոտական ինստիտուտ ապահովելը: Ըստ Վահրամյանի` ինստիտուտով հետաքրքրված ներդրողներ եղել են, սակայն նրանց կաշկանդում է պրոֆիլի պարտադիր պահպանման պահանջը:

«Բնականաբար, էսօր բժշկական համակարգը, հատկապես շենքը կապիտալ ներդրումների կարիք ունի: Իհարկե, ցանկանում են լինի նման կլինիկա, բայց մի կողմից մտավախություն կա, որովհետև բժշկությունը ամենաեկամտաբեր ոլորտը չէ: Միգուցե լինի կիսապետական, կիսամասնավոր, մասնավոր-պետություն համագործակցության տարբերակում»,-ասում է Վահրամյանը:

Կլինիկայի հիմնական խնդիրը ջեռուցումն է, 2014 թվականին ապամոնտաժվել է ջեռուցման նախկին, դեռևս խորհրդային տարիներից գործող կաթսան, որից հետո  չի հաջողվել ջեռուցման նոր համակարգ կառուցել: Ձմռանը շենքը ջեռուցվում է էլեկտրականությամբ, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, քանի որ շենքում հոսանքի լարանցումներ նախատեսված չեն: Սա էլ իր հերթին ազդում է հիվանդանոցի պացիենտների թվի վրա, քանի որ ջրային բուժիչ պրոցեդուրաներ, մերսումներ իրականացնող կլինիկայում ամռան և գարնան ամիսներին հոսքը շատ է, նույնիսկ հերթեր են գոյանում, իսկ արդեն աշնանն ու ձմռանը թիվը կտրուկ նվազում է:

Ինստիտուտի ճակատագրի անորոշությունը բացասաբար է ազդում նաև գիտական աշխատանքների վրա: Տնօրենի խոսքով` գիտական աշխատանքների պոտենցիալ կա, սակայն կարգավիճակի անորոշությունը չի նպաստում դրան: 

«Թե' մեր բուժական ռեսուրսների լաբորատորիան, թե' մեր գիտականները ժամանակին վերահսկում էին սանատորիաների կուրորտային հատվածը: Այժմ բոլոր սանատորիաները սեփականաշնորհված են, ճիշտ է, իրենց հետ տարիների ընթացքում հաղորդակցությունը պահպանվել է, սակայն որպես գիտական  վերահսկողական ինստիտուտ որևէ լծակ չունենք: Օրինակ, կատարվում է հանքային ջրերի հետազոտություն,  վերջին ժամանակահատվածում տարբեր հատվածներում նոր ջրագծերի անցկացմանն առնչվող հարցեր են առաջանում, թե բացվող հանքը ինչ պարունակություն ունի, պիտանի է արդյոք խմելու համար, ինչ հանքայնացում ունի: Մենք Հայաստանում միակ կազմակերպությունն ենք, որը կարողանում է տալ եզրակացություն ոչ միայն ջրի կառուցվածքին, այլ այսպես կոչված բալնեոլոգիական եզրակացություն, որը որոշում է,  թե այդ ջուրը մարդու օրգանիզմի վրա ինչ բուժական էֆեկտներ, ինչ վտանգավորություն կարող է ունենալ: Եվ այն ոչ թե մեկանգամյա է, այլ տարվա ընթացքում պարբերաբար մոնիթորինգ է իրականացվում»,-ասաց Տիգրան Վահրամյանը:

Վահրամյանն այն կարծիքին է, որ օրենսդրական որոշակի փոփոխություններ են հարկավոր, պետք է հստակեցվի «բնական բուժական ռեսուրս» սահմանումը և դրա նկատմամբ կարգավորող գործառույթ լինի, այլապես հանգստյան տներում կարող է իրականացվել ցանկացած պրոցեդուրա` առանց հաշվարկելու առողջությանը հասցվող հնարավոր վնասը:

Վահրամյանը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին կենտրոնը դասակարգող ֆունկցիա է  ունեցել. առողջական խնդիր ունեցողը եկել է կենտրոն, որոշվել է առողջական վիճակը, և ըստ դրա ուղղորդվել կոնկրետ առողջարան: Ապա ընդգծում է, որ մասնագետների կարծիքով՝ Կուրորտաբանության ինստիտուտը պետք է լինի որպես առաջատար կարգավորող գիտահետազոտական  կենտրոն: Մեր այցելության պահին շենքում մասնակի վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Կլինիկան նախատեսում է մանկական բաժանմունք գործարկել եւ տեղում կազմակերպել սննդի պատրաստումը, որը վստահվել է մասնավոր կազմակերպության: Ըստ տնօրենի` վերահսկման մեխանիզմը բուժառուների գնահատականն է լինելու:

Տնօրենը ուշադրություն է հրավիրում նաեւ ինստիտուտի շենքի կառուցվածքային առանձնահատկությունների վրա, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ցանկացած արհավիրքի դեպքում շատ արագ վերապրոֆիլավորել հիվանդանոցը, մի մասում կազմակերպել բուժական պրոցես, մյուսում` վերականգողական:

 

Կենտրոնը ռազմավարական նշանակություն ունի

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը կարևորում է ինստիտուտի դերը առողջապահության ոլորտում եւ հիշեցնում, որ կենտրոնում է գործում հանքային ջրերի նյութաբանական հետազոտության լաբորատորիան, որը եզակի է մեր երկրում:

«Կարծում եմ՝ կարևոր և ստրատեգիական նշանակություն ունեցող լաբորատորիա է: Նախ պետք է հասկանալ  լաբորատորիայի ճակատագիրն ինչ  է լինելու`  պրոֆիլը պահպանվելու է, թե ոչ մասնավորեցումից հետո, թե լաբորատորիան մեկ այլ տեղ է տեղափոխվելու և որ գերատեչության ներքո է գործելու: Այս հարցերը քննարկման ենթակա հարցեր են, վերջնական տեսակետ կարելի է կազմել քննարկումից հետո»,-ասաց Զեյնալյանը:

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել